Ոչ թե արտաքին, այլ պետական պարտքն է տասը միլիարդն անցել․ Էդգար Ղազարյանը սխալվում է
14:55 - 03 փետրվարի, 2023

Ոչ թե արտաքին, այլ պետական պարտքն է տասը միլիարդն անցել․ Էդգար Ղազարյանը սխալվում է

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հունվարի 30-ին 168.am-ի «Ռիվյու» հաղորդման ժամանակ իրականությանը չհամապատասխանող պնդումներ է արել։ 

Մասնավորապես, խոսելով միջազգային կառույցներից ստացվող վարկերի միջոցով տարբեր խնդիրներ լուծելու մասին, Ղազարյանը սխալ թվեր է ներկայացրել արտաքին պարտքի վերաբերյալ․

«Էսքան, որ սրանք հպարտանում են (նկատի ունի կառավարող ուժի ներկայացուցիչներին,-հեղ․), որ ասֆալտապատում են անում, ճանապարհներ են կառուցում, էդ իրանք իրանց հոր փողերով չեն անում, դա մեր պետության արտաքին պարտքի հաշվին են անում։ Իրենք արտաքին պարտքը ստացել են մոտավորապես վեց միլիարդով, չորս տարվա ընթացքում դա հասցրել են տասը միլիարդից ավելի, գրեթե կրկնապատկել են»։

Այսպես, ՀՀ արտաքին պարտքը 2022թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 899,5 մլն դոլար (2 321,9 մլրդ դրամ)։ Իսկ, օրինակ, 2018թ․-ի ապրիլի 30-ի դրությամբ արտաքին պարտքը կազմել է 4 949,6 մլն դոլար (2 392,3 մլրդ դրամ)։ Այսինքն՝ արտաքին պարտքը 2018թ․ ապրիլին՝ իշխանափոխության ժամանակ, չի եղել վեց միլիարդի, նոր կառավարության ձեւավորումից հետո էլ՝ տասը միլիարդի հասնող։

Մենք դիտարկեցինք նաեւ պետական պարտքի չափը, ինչից հասկանալի դարձավ, որ Էդգար Ղազարյանը պետական պարտքի չափն է ներկայացրել որպես արտաքին պարտքի չափ։ Նշենք, որ արտաքին պարտքը պետական պարտքի մի մասն է, իսկ պետական պարտքն, այո, վերջին պաշտոնական տվյալներով անցել է տասը միլիարդից։

Մասնավորապես, օրինակ՝ 2018թ. ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 867,5 մլն դոլար (3 319,2 մլրդ դրամ): Իսկ ահա 2022-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 10 637,7 մլն դոլար (4 186,7 մլրդ դրամ)։

Ինչպես վերը նշեցինք՝ արտաքին պարտքը պետական պարտքի միայն մի մասն է, պետական պարտքը ներառում է նաեւ ներքին պարտքը, որը ենթադրում է Հայաստանի անունից ՀՀ ռեզիդենտների հանդեպ ստանձնած պարտքային պարտավորությունները, իսկ արտաքին պարտքը՝ ՀՀ ոչ ռեզիդենտների եւ օտարերկրյա պետությունների հանդեպ ստանձնած պարտքային պարտավորությունները։

Հաջորդիվ, խոսելով «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մասին, Ղազարյանն ասում է․ 

««Իմ քայլը» հիմնադրամի գործունեության վերաբերյալ՝ տեղով ոտից գլուխ կոռուպցիոն օջախ։ Էդ հիմնադրամը ստեղծվել ա Նիկոլ Փաշինյանի կնոջ կողմից, ինքն էլ դրա նախագահն ա, եւ էդ հիմնադրամը ստեղծվել ա նրա վարչապետ դառնալուց հետո։ [․․․] Էդ ո՞նց եղավ, որ նրա վարչապետ դառնալուց հետո կինը բացում ա հիմանդրամ, մեկ էլ էդ հիմնադրամի հաշվին կարճ ժամանակահատվածում կուտակվում են միլիոնավոր դոլարներ ու դոնորների գերակշիռ մասն էլ, հատկապես մեծ նվիրատուները՝ անանուն»։

Երբ հաղորդավարը դիտարկում է անում՝ «Ձեզ կասեն՝ բացեք հաշվետվությունը նայեք», Ղազարյանն արձագանքում է, թե հաշվետվություններ չկան․

«Ասենք «Իմ քայլը» էն հիմնադրամներից է, որի կայքում որեւէ հաշվետվություն որեւէ տարվա գործունեության գոյություն չունի»։

Ղազարյանն այստեղ եւս իրականությանը չհամապատասխանող պնդում է անում․ «Իմ քայլը» հիմնադրամի կայքում կա հաշվետվություններ վերտառությամբ բաժին, որտեղ տեղադրված են 2019, 2020 եւ 2021թթ․ տարեկան հաշվետվությունները։

Կայքում տեղադրված է նաեւ նվիրատուների վերաբերյալ պատուհան, որտեղ երեւում են 2021-22թթ․ ընթացքում արված փոխանցումները եւ դոնորների անունները։ Էդգար Ղազարյանը չի սխալվում այն մասով, որ ամենախոշոր նվիրատվություններն իսկապես արված են անանուն։

Այսպիսով, Էդգար Ղազարյանը սխալ է ներկայացրել ՀՀ արտաքին պարտքի ցուցանիշը՝ ուռճացնելով այն, եւ իրականությանը չհամապատասխանող մեկ այլ պնդում էլ արել է «Իմ քայլը» հիմնադրամի հաշվետվությունների մասին։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել