armenpress.am: Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Փարիզում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են Իրանին հակազդելու միջոցները։
Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից: «Վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր երեկոյան Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հետ։ Երկու ղեկավարները հանգամանորեն քննարկել են Իրանի միջուկային սպառնալիքին հակազդման ուղիները։ Վարչապետ Նեթանյահուն ընդգծել է, որ Իրանի և նրա արբանյակների զսպումը Մերձավոր Արևելքում պետք է ուժեղացվի։
Նա նաև կոչ է արել զգալի պատժամիջոցներ սահմանել Իրանի վարչակարգի դեմ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ԵՄ ահաբեկչական ցուցակում»,- ասված է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Գրասենյակից նաև նշել են, որ զրուցակիցները «քննարկել են տարածաշրջանային ասպարեզում տիրող իրավիճակը և տարածաշրջանում, հատկապես Լիբանանում կայունության պահպանման անհրաժեշտությունը»։
Բացի դրանից, նրանք արծարծել են «հաշտության շրջանակն ընդլայնելու» թեման, որն ընդգրկում է հրեական պետությունը և հարևան արաբական երկրները, հավելել են Իսրայելի վարչապետի գրասենյակում: Նեթանյահուն այցով Փարիզ է ժամանել փետրվարի 2-ի երեկոյան. սա նրա առաջին արտասահմանյան այցն է անցյալ տարվա վերջին վարչապետի պաշտոնին վերադառնալուց հետո:
Թռիչքից առաջ Նեթանյահուն ասել էր, որ Մակրոնի հետ իր բանակցությունների գլխավոր թեման պետք է դառնան Իրանին հակազդելու համատեղ ջանքերը։ Բացի դրանից, Ֆրանսիայում գտնվելու ընթացքում նա մտադիր է հանդիպել տեղի գործարար շրջանակների և հրեական համայնքի ներկայացուցիչների հետ:
comment.count (0)