Բայրամովը Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչի հետ քննարկել է «Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը»
17:09 - 25 փետրվարի, 2023

Բայրամովը Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչի հետ քննարկել է «Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը»

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում «քննարկվել են Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը»։

Նշվում է, որ Ջեյհուն Բայրամովը «գոհունակություն է հայտնել Լաչինի ճանապարհով մեքենաների, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի, ապրանքների և քաղաքացիների ազատ տեղաշարժի կապակցությամբ»։ 

Ադրբեջանի ԱԳ նախարարը պնդել է, թե, «հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ամիսներին Լաչինի ճանապարհով տրասնպորտային միջոցներ են անցել, հայկական կողմը հիմքեր չունի պնդելու, որ Լաչինի ճանապարհը փակվել է Ադրբեջանի կողմից, և որ դրա հետևանքով ստեղծվել է հումանիտար ճգնաժամ»։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 5 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 6 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 122 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Ադրբեջանը արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը։ Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 6 անգամ՝ 1 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։  


 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել