Այդ մարդիկ պարտավոր են հարգանք ունենալ ՀՀ-ի, այդ թվում՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանության նկատմամբ․ Փաշինյանը՝  ՀՀ որոշ անձանց մուտքի արգելքի մասին
16:09 - 14 մարտի, 2023

Այդ մարդիկ պարտավոր են հարգանք ունենալ ՀՀ-ի, այդ թվում՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանության նկատմամբ․ Փաշինյանը՝ ՀՀ որոշ անձանց մուտքի արգելքի մասին

Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ այն դեպքերին, երբ որոշ անձանց մուտքը ՀՀ արգելվել է։

Լրագրողն իր հարցում մասնավորապես անդրադարձավ Արամ Գաբրելյանովի, Մարգարիտա Սիմոնյանի և Կոնստանտին Զատուլինի նկատմամբ մուտք արգելքներին։

«ՀՀ-ն ինքնիշխան պետություն է եւ իրավունք ունի հարգանք ակնկալել իր նկատմամբ։ Իրավունք ունի նաեւ ինքնիշխան գործիքկազմ կիրառել իր դեմ ոտնձգությունները կանխելու համար»,- ասաց Փաշինյանը։  

Վարչապետի խոսքով՝ այդ մարդիկ պարտավոր են հարգանք ունենալ Հայաստանի Հանրապետության, այդ թվում ժողովրդի կողմից ընտրված իշխանության նկատմամբ։

Նա նշեց, որ տարբեր երկրների քաղաքացիներ կան, որոնք չեն կարողանում մուտք գործել ՀՀ․

«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի հարցի վրա․ եթե նրանք, Հայաստանի նկատմամբ իրենց արածի 1 տոկոսը անեին այն երկրների նկատմամբ, որտեղ ապրում են, իրենց տունը չէին կարող մտնել առանց վիզայի, եւ սրանով ամեն ինչ ասված է»։

Հիշեցնենք, որ ռուսաստանցի մեդիամենեջեր, «Նյուզ մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը մարտի 9-ին հայտնել էր, որ արգելվել է իր մուտքը Հայաստան։ 

Ավելի վաղ՝ 2022թ․ հոկտեմբերի 25-ին, հայտնի էր դարձել, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է։ 

Ռուսական RT հեռուստաալիքի ղեկավար, մեդիա մենեջեր Մարգարիտա Սիմոնյանը արձագանքել էր դրան և հայտնել, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն նույնպես արգելվել է։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել