Մարտի 18-ը պետք է նշանավորեր հայ բնակչության՝ Թալիշ վերադառնալով և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով․ Նիկոլ Փաշինյան
11:47 - 23 մարտի, 2023

Մարտի 18-ը պետք է նշանավորեր հայ բնակչության՝ Թալիշ վերադառնալով և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում խոսեց լաչինի միջանցքի արգելափակումից, և որ Ադրբեջանը արդեն 13-րդ անգամ՝ սկսած 2022թ․ դեկտեմբերի 12-ից, արգելափակել է Արցախի գազամատակարարումը։ 

«Լեռնային Ղարաբաղի՝ էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ելույթը այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել։ Թալիշ գյուղում տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար, հիմնավոր ապացույց է։ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այդ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում է Ադրբեջանը և նրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ։

Այն, ինչի մասին ահազանգում էինք երկար ժամանակ, ահա այլևս իրականություն է։ Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը․ սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել, դրանց փոխարեն կառուցել ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջել հայերեն արձանագրությունները, և հարցը համարել լուծված»,- ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի այս գործողությունները ապօրինի են և բացահայտ կերպով հակասում են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որտեղ ասվում է․ «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»։ 

Փաշինյանի խոսքով վերոնշյալը նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորեր հայ բնակչության՝ Թալիշ վերադառնալով և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով․ «Ադրբեջանի ղեկավարության այս գործողություններին հետևեց ԼՂ-ից ու հարակից շրջաններից բռնագաղթած մեր հայրենակիցների հայտարարությունը, ովքեր 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների ղեկավարներից, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարից պահանջում են ապահովել ԼՂ-ից և հարակից շրջաններից բռնագաղթած հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձան 2020թ․ նոյեմբերի 9-ի ստանձնած պարտավորությունների, մարդու և մարդասիրական իրավունքի։ Որպես նշված հայտարարության հասցեատերերից մեկը ուզում եմ հստակ ընդգծել, որ նշված պահանջն արդարացի եմ համարում, և ՀՀ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները հայտարարության հեղինակների և շահառուների իրավունքները պաշտպանելու համար»։

Հիշեցնենք, որ մարտի 20-ին ԼՂՀ փախստականների միության ներկայացուցիչ Սարո Սարյանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչների անունից հայտարարություն է տարածել՝ նշելով․ «Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևից պահանջում ենք ճանաչել հայ փախստականների խախտված իրավունքների վերականգման անհետաձգելի հրամայականը, ապահովել նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձայն ստանձնած պարտավորությունների, մարդու և մարդասիրական իրավունքի»։

Արդեն մարտի 22-ին մի շարք ՀԿ-ներ արձագանքեցին այս հայատարարությանը՝ ընդգծելով․ «Բռնի տեղահանված անձանց կողմից ստեղծված, նրանց շահերը ներկայացնող, իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և նրանց անունից հանդես եկող կազմակերպությունները, որոնք 2․5 տարի զբաղվում են նմանատիպ խնդիրներով, չեն լիազորել հայտարարությունը ստորագրած ՀԿ-ներին հանդես գալ Հադրութի շրջանի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի տեղահանված բնակիչների անունից, առավել ևս, նրանց անունից դիմել  թշնամի Ադրբեջանի ղեկավարին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել