azatutyun.am: Խորհրդարանում երեկ Արարատ Միրզոյանին հարցեր տալու հնարավորություն էր ընձեռվել արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որտեղ արտգործնախարարը ներկայացնում էր արտաքին քաղաքական գերատեսչության անցած տարվա գործունեությունը։
4 ադրբեջանական և առայժմ 3 հայկական փաստաթուղթ. Հայաստանի արտգործնախարարի փոխանցմամբ խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի և Բաքվի միջև առ այսօր փոխանակված փաստաղթղթերի քանակն այսքան է։ Հայաստանն ադրբեջանական վերջին առաջարկներին իր պատասխանը դեռ չի ձևակերպել։
Պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ խաղաղության պայմանագրի առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնել դեռևս չի հաջողվել․ «Բազմաթիվ հարցերի շուրջ ոչ իդեալական ես կասեի, բայց փոխընդունելի ձևակերպումներ հաջողվել է գտնել։ Ընդ որում, ես նույնիսկ չէի չափի քանիսը ադրբեջանական առաջարկով, քանիսը՝ հայկական։ Քննարկումներ են եղել, փոխանակումներ են եղել մտքերի, ինչ-որ փոխզիջումային տեքստեր ձևակերպվել են։ Ցավոք սրտի, սա վերաբերում է ոչ հիմնական, ոչ առանցքային, կամ առաջին կարևորության հարցերին։ Բոլոր այն առաջին կարևորության հարցերը դեռևս քննարկումների փուլում են, և դրանց, չէի վարանի ասել, հիմնական մասում կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են իրարից»։
Հարցին, թե ում միջնորդությամբ են տեղի ունենում բանակցությունները, Միրզոյանը պատասխանեց, թե միջնորդություն, ըստ էության, չկա, բանակցությունները երկկողմ են։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ, այսպես կոչված, արևմտյան կամ ռուսական առաջարկներին, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահեցրեց ՝ Արևմուտքի տարբերակ գոյություն չունի․ «Ընթացքում եղել է ռուսական տարբերակ, որին մենք համաձայնություն տվել ենք, ադրբեջանական կողմը՝ ոչ։ Մնացածը ոչ մեկի տարբերակն ա, այսինքը՝ հայ-ադրբեջանական տարբերակ ա ըստ էության։ Արևմուտքը մեզ որևէ փաստաթուղթ չի առաջարկել»։
«Կա այսպիսի տեսակետ, որ Ռուսաստանը առաջարկում է Արցախի հարցը թողնել ապագային։ Պայմանական Արևմուտքը ասում է՝ Արցախի հարցը էս պահին լուծենք Արցախը Ադրբեջանի կազմում»․ Ագնեսա Խամոյանի այս դիտարկմանը Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Ես էլի եմ լսել էդպիսի սահմանումներ էն մասին, որ Ռուսաստանն առաջարկում է Ղարաբաղի հարցը թողնել ապագային, Արևմուտքը առաջարկում է Ղարաբաղի հարցը լուծել հենց հիմա։ Էս սահմանումը ճշգրիտ չի առնվազն Արևմուտքի մասով։ Մի քիչ ձևակերպումները ես փորձեմ հիմա ներկայացնել ոնց են։ Ռուսական տարբերակը ենթադրում է, այսինքն՝ ռուսական տարբերակը, որը ինչ-որ պահ քննարկվել է և մերժվել է ադրբեջանական կողմից, ենթադրում է կարգավիճակի պարզաբանում հետագայում, այս փաստաթղթով և այս գործընթացում, որում մենք ներգրավված ենք բանակցային, ենթադրում է, համենայն դեպս բանակցությունները սկսվել են դրանից և հիմա շարունակվում են այդպես, ենթադրում է Լեռնային Ղարաբաղին իրավունքների և անվտանգության հասցեագրման համար միջազգային մեխանիզմի ստեղծում»։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանը, ապա, Արարատ Միրզոյանի փոխանցմամբ, անցած տարի Պրահայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես Ալմա Աթայի հռչակագրի հիմա վրա։
Ընդդիմադիր պատգամավոր Ասպրամ Կրպեյանը հարց տալիս հայտարարեց, որ Արարատ Միրզոյանը օկուպացրել է արտգործնախարարի պաշտոնը, ինչը զայրացրեց արտգործնախարարին, և վերջինս ասաց․
«Ես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում եմ, ոչ թե օկուպացնում։ Թեև ես շատ լավ հիշում եմ, և դա միայն անձամբ ձեր սովորությունը չի, ձեր մոտ երևի քաղաքական ուժի ընկալման հարց կա։ Ես հիշում եմ էն տարիներին, երբ որ դուք իշխանության մաս էիք, ձեր արտաքին գործերի նախարարը փորձում էր ասել, որ օկուպացնել կարելի ա անգամ զուգարանը, օկուպացված-զբաղեցված... Էդպես էլ Արցախի շուրջ տարածքներն էին օկուպացված-զբաղեցված»։
Շարունակությունը և տեսանյութը՝ azatutyun.am-ում
comment.count (0)