Այսօր՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում, Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ նախկինում Հայաստանի ժողովուրդը ընտրությունների ժամանակ ի վիճակի չի եղել իր կամարտահայտությունն ազատորեն դրսևորելու։

«Դա փաստված է թե՛ ընտրական խիստ տարօրինակ վիճակագրությամբ, թե՛ նախորդ երկու տասնամյակի ընթացքում գործող այն ընտրական կանոնակարգումներով, որոնք փաստացի անհնար էին դարձնում ընտրակեղծինքերի դեմ արդյունավետ պայքարը, ավելին՝ պետական մի ողջ համակարգ մասնակից էին դարձնում ամենավտանգավոր ընտրակեղծարարության սխեմաներին, որոնցից առաջինը ընտրողների ստորագրված ցուցակների գաղտնիության պայմաններում ընտրողների քանակի հավելագրումն էր՝ հօգուտ այդ պահի դրությամբ գործող իշխանությունը վերահսկող քաղաքական խմբավորման, երկրորդը ընտրական վեճերով բողոքարկման բացարձակ անարդյունավետությունը և Սահմանադրական դատարանի՝ այս հարցում իր առաքելության իսպառ ձախողումն էր»,- նշեց նա։

Ըստ Վահե Գրիգորյանի՝ երաշխիքներ չկան, որ այս պրակտիկան չի կարող կրկնվել, եթե արատավոր անցյալն իր գնահատականին չի արժանացել, և այդ գնահատականից բխող գործուն քայլեր չեն կատարվել։

«Երբ մենք խոսում ենք Սահմանադրական դատարանի մասին, մենք խոսում ենք պետական իշխանության բարձրագույն մարմիններից մեկի մասին։ Մի պետությունում, որտեղ ավտոկրատիկ պրակտիկաների կիրառման արդյունքում որևէ գյուղապետ նույնիսկ չէր կարող ընտրվել կամ պաշտոնավարել՝ առանց քաղաքական իշխանության համաձայնության, բոլորի համար հաստատ է, որ որևէ մեկը չէր կարող հայտնվել Սահմանադրական դատարանում՝ բացարձակ լոյալություն չդրսևորելով այդ իշխանության նկատմամբ»,- ասաց նա։

Վահե Գրիգորյանի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները, որոնց մենք ականատես ենք լինում վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում, հանգեցրել են իրավիճակի, երբ ՍԴ-ում այլևս որևէ քաղաքական իշխանություն չունի և չի կարող ունենալ գերիշխանություն։

«Ես ուզում եմ հիշեցնել, որ բոլոր այն քննադատությունները, որոնք ուղղված են եղել վերջին սահմանադրական փոփոխությունների դեմ, իրենց առանցքում ունեցել են հետևյալ, իմ գնահատմամբ, մտացածին կետը, որ նոր իշխանությունը ձևավորելու է իր քիմքին հաճո ՍԴ։ Մենք այստեղ գործ ունենք ոչ թե քաղաքագիտական կանխատեսումների կամ իրավագիտական վերլուծությունների, այլ պարզ մաթեմատիկայի հետ»,- նշեց նա։

Վահե Գրիգորյանն ասաց, որ այս պահի դրությամբ ՍԴ-ում պաշտոնավարում են 4 դատավորներ, որոնք նշանակվել են 2010-ից 2018 թվականների ընթացքում՝ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք։ Դատավոր Դիլանյանին ընտրել է Ազգային ժողովը նախորդ իշխանության՝ խորհրդարանում ունեցած գերակշռության պայմաններում, և միայն իրեն է ՍԴ դատավոր ընտրել 7-րդ գումարման Ազգային ժողովը։

«Եթե ևս 3 դատավորներ ընտրվեն ՍԴ-ում, նրանցից առնվազն մեկը լինելու է դատավորական կորպուսից, որտեղ նա անխուսափելիորեն նշանակված է լինելու կրկին երրորդ նախագահի ադմինիստրացիայի օրոք և անձամբ նրա կողմից, և միայն մեկին է ի վիճակի լինելու առաջադրել ՀՀ կառավարությունը, որը նույն քաղաքական թիմն է, ինչ ԱԺ-ն, և մյուսին ներկայացնելու է ՀՀ նախագահը։ Նույնսիկ համաձայնելով ընդդիմախոսների բոլոր փաստարկներին, որ նախագահի կողմից առաջադրվողներն էլ են համարվում ՍԴ-ում քաղաքական նշանակումներ՝ նոր ձևավորվող ՍԴ-ի 9 դատավորներից 6-ը լինելու են այս կամ այն փուլում նախագահ Սարգսյանի կողմից նշանակված դատավորներ»,- նշեց Վահե Գրիգորյանը՝ հավելելով, որ այս սահմանադրական փոփոխություններն ընդամենը ՍԴ-ն 2015 թվականի մոդելին համահունչ ՍԴ դարձնելու ուղղությամբ արված քայլ են։   

Հիշեցնենք, հունիսի 26-ին ուժի մեջ մտան ԱԺ-ի ընդունած՝ Հայաստանի Հանրապետության Սահմանդրության փոփոխությունները: Այս փոփոխություններով մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և նրան պաշտոնավարումը դադարում է։