Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

ՀՀ դեսպանն ու Շիրազի քաղաքապետը քննարկել են Շիրազ քաղաքը և ՀՀ գործընկեր քաղաքներից որևէ մեկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը

ՀՀ դեսպանն ու Շիրազի քաղաքապետը քննարկել են Շիրազ քաղաքը և ՀՀ գործընկեր քաղաքներից որևէ մեկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը

Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանն ԻԻՀ Շիրազի քաղաքապետ Մոհամմադ Հասան Ասադիի հրավերով գտնվել է Շիրազում՝ մասնակցելու «Շիրազի օրեր» միջոցառմանը, որի շրջանակում կայացել է ՀՀ դեսպանի ու Շիրազի քաղաքապետի երկկողմ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։ Դեսպան Հակոբյանը շնորհավորել է քաղաքապետին Շիրազի օրվա կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել նպաստել Շիրազի և Հայաստանի Հանրապետության քաղաքների միջև համագործակցությանը տարաբնույթ, այդ թվում՝ զբոսաշրջային, մշակութային, բժշկական և այլ բնագավառներում:  Կողմերը քննարկել են ԻԻՀ Շիրազ քաղաքը և ՀՀ գործընկեր քաղաքներից որևէ մեկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը:   ՀՀ դեսպանը և Շիրազի քաղաքապետն անդրադարձել են նաև առաջիկայում մշակութային համատեղ միջոցառումներ կազմակերպելու ընթացքին:   
16:39 - 09 մայիսի, 2025
ՊԵԿ նախագահը Թեհրանում քննարկել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը

ՊԵԿ նախագահը Թեհրանում քննարկել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ էդուարդ Հակոբյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, Թեհրանում հանդիպում է ունեցել ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման նպատակով երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս համատեքստում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայ-իրանական սահմանային անցակետերում մաքսային ստորաբաժանումների միջև համակարգված և կայուն փոխգործակցության ամրապնդմանը՝ ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի դյուրացման, մաքսային հսկողության և ձևակերպումների պարզեցման և օպտիմալացման շրջանակում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ներդնելու համատեղ ջանքերը՝ բեռների տեղափոխման գործընթացներն առավել արագ և դյուրին իրականացնելու ուղղությամբ, այդ թվում՝ բեռնատարների սպասարկման թողունակությունը բարձրացնելու առումով, հաշվի առնելով՝ Ագարակ սահմանային անցման կետի ընթացիկ վերակառուցումը։ Երկու երկրների մաքսային ծառայությունների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի լիարժեք ներդրման մասով ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ։ Քննարկվել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը՝ որպես մաքսային ձևակերպումների և բացթողնման գործընթացների արագացմանը միտված նորարարական մոտեցում, ինչի գործառնական շրջանակը առաջիկայում առավել կհստակեցվի։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձ են կատարել նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխադարձ ճանաչման հարցին և հաստատել իրենց պատրաստակամությունը՝ այս ուղղությամբ բանակցություններ սկսելու և փոխըմբռնման հուշագիր ստորագրելու մասով։ Կողմերը գոհունակություն են հայտնել արձանագրված արդյունքներից և փոխադարձ պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ փոխգործակցությունն ինչպես ղեկավար, այնպես էլ փորձագիտական մակարդակներում։ Երկկողմ հանդիպման ավարտին ստորագրվել է հանդիպման արդյունքների մասին արձանագրություն», - հայտնում են նախարարությունից։
21:47 - 08 մայիսի, 2025
ՀՀ-ն կմիանա Աշգաբաթի համաձայնագրին. այն համահունչ է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներին
 |1lurer.am|

ՀՀ-ն կմիանա Աշգաբաթի համաձայնագրին. այն համահունչ է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներին |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հավանություն տվեց «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրա­պետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարան­ցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրին և դրա անբաժանելի մասը կազմող «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարու­թյունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրի՝ Աշգաբաթի համաձայնագրի իրագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին օրենսդրական նախաձեռնությանը: Որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի՝ մայիսի 8-ի նիստի՝ չզեկուցվող հարցերի ցանկում: Որոշման նախագծի հիմնավորման մեջ գրված է. «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրին (այսուհետ՝ Աշգաբաթի համաձայնագիր) ՀՀ-ի միանալը կստեղծի նոր հնարավորություններ Կենտրոնական Ասիայի երկրների և Պարսից ծոցի ու Օման ծովի նավահանգիստների միջև տրանսպորտային միջանցքում իտեգրման և անդամ պետությունների տրանսպորտային և տարանցիկ պոտենցյալից օգտվելու համար։ Աշգաբաթի համաձայնագրին միանալը կնպաստի անդամ պետությունների տարածքով բեռների և ուղևորների փոխադրման ու տարանցման հուսալի պայմանների ստեղծմանը, մուլտիմոդալ փոխադրումների դյուրացմանը, տրանսպորտային ծախսերի օպտիմալացմանը, հանրապետության տարանցիկ դերի բարձրացմանը, տրանսպորտային փոխադրումների անվտանգության բարձրացմանը, անդամ պետությունների փոխադրող կազմակերպությունների համար հավասար պայմանների ստեղծմանը։ Աշգաբաթի համաձայնագրին միանալը կապահովի տրանսպորտային միջանցքի միջոցով մուտքը միջազգային շուկաներ, միջազգային փոխադրումների համար անհրաժեշտ տարանցման փաստաթղթերի ներդաշնակեցմանը, մաքսային ընթացակարգերի դյուրացմանը, անդամ պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքներից ոչ խտրական սկզբունքով օգտվելուն։ Համաձայնագիրը հնարավորություն կտա կարգավորելու համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների միջև տրանսպորտի տարբեր տեսակներով լոգիստիկ փոխադրումների իրականացման գործընթացը, ինչպես նաև կնպաստի երկրների միջև փոխշահավետ տնտեսական և գործարար կապերի խթանմանը, համագործակցության ընդլայնմանը, Հայաստանի Հանրապետության տարանցիկ դերի բարձրացմանը»: Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ համաձայնագիրը համահունչ է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներին և կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ու տնտեսական համագործակցության խորացմանը։
11:43 - 08 մայիսի, 2025
Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացքը |armenpress.am|

Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացքը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջուկային համաձայնագրի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների ընթացքը։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ։ Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել՝ նպաստելու այս երկխոսության առաջխաղացմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված արդար համաձայնագրի հասնելու նպատակով», - նշվել է հաղորդագրության մեջ։  Բացի այդ, Վլադիմիր Պուտինը կրկին իր անկեղծ ցավակցությունն է հայտնել 2025 թվականի ապրիլի 26-ին Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։ Մասուդ Փեզեշքիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին աղետի հետևանքների վերացման գործում ցուցաբերված օգնության համար՝ ընդգծելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը։ Իրանի նախագահը նաև ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին և ՌԴ բոլոր քաղաքացիներին Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ «Հանգամանորեն քննարկվել են ռուս-իրանական համագործակցության հետագա զարգացման հարցերը՝ հիմնված երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վրա, որը ստորագրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի՝ հունվարի 17-ին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում։ Հատուկ ուշադրություն է հատկացվել փոխշահավետ առևտրաներդրումային կապերի ընդլայնմանը, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացման միջոցով», - հավելել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նախագահները պայմանավորվել են ակտիվացնել համատեղ աշխատանքը՝ ռուս-իրանական գործնական համապարփակ համագործակցության և արտաքին քաղաքականության համակարգման ուղղությամբ։
16:13 - 06 մայիսի, 2025
Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Թեհրանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը

Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Թեհրանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը

Իրանահայ մի շարք կազմակերպություններ կոչով դիմել են իրանահայ համայնքի կառույցներին և տեղի հայ պատգամավորներին՝ դատապարտելու ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանում կազմակերպված միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը, որի ժամանակ ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմի նվիրաբերած ծաղկեկողովը, որը զարդարված էր ՀՀ անվամբ, դրոշով և զինանշանով, նախքան ծրագրի սկսվելը անհետացել է Եղեռնի զոհերի հուշարձանի մոտից, և հայտնաբերվել բզկտված վիճակում, վրայի խորհրդանիշները պոկոտված ու ոտքի տակ թափթփված։ Կոչում մասնավորապես նշված է․ «Իրանահայ համայնքի կրոնական և ազգային կառույցներին, նրանց ենթակա մարմիններին, հանձնախմբերին, եկեղեցական խորհուրդներին, հասարակական, տնտեսական, մշակութային և մարզական միություններին և Իրանահայ համայնքի բոլոր անդամներին. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ծրագրերի շարքում, Թեհրանում տեղի ունեցած ամենամյա ծաղկեմատույցի արարողության ժամանակ, ծրագրին մասնակցող ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմի նվիրաբերած ծաղկեկողովը, որը զարդարված էր Հայաստանի Հանրապետության անվամբ, դրոշով և զինանշանով, նախքան ծրագրի սկսվելը անհետացել է Եղեռնի զոհերի հուշարձանի մոտից, և հայտնաբերվել բզկտված վիճակում, վրայի խորհրդանիշները պոկոտված ու ոտքի տակ թափթփված։ Ծաղիկների խոնարհման ընթացքում, երբ ՀՀ դեսպանության պատվիրակությունը շարժվում է դեպի հուշարձան, հանկարծ կարգապահներից անցնելով պատվիրակության կողմն են հարձակվում երկու-երեք կանայք, որոնք մոտենալով ՀՀ Դեսպանին ու նրա տիկնոջը և ընկերակցողներին, ջանում են նրանց ձեռքերին հարվածելով խլել մատուցման համար նախատեսված ծաղիկները: Ավելի ուշ, խայտառակությանն ավելացավ ևս մի նոր դրվագ, երբ նույն դավադրության հերթական հատվածն իրականացրին Լկտիությունը բեմադրած խմբի մի քանի այլ անդամներ ՀՀ իշխանություններին ուղղված լուտանքների վանկարկումով։ Անկախ այն բանից, թե ՀՀ դեսպանությունն ինչպիսի վերաբերմունք է ունենալու չարամտորեն նախապատրաստված բեմադրության հեղինակների նկատմամբ, այդ արարքներն իրենց մեջ պարունակած մաղձի, անշնորհք պահվածքի և անպատասխանատու վերաբերմունքի առումով դատապարտելի են։ Այն ժողովուրդը, որ քանիհարյուրամյա ստրկություն է ճաշակել, այսօր իրավունք չունի Հայ Պետականության գոյության ու նրա խորհրդանիշների բարձր բարոյական արժեքն ու նվիրական գոյության արժեվորման ու պահպանման պարտականությունը չհասկանալ։ Եղեռնի հիշատակի միջոցառումները, որոնք մեր ազգային միասնականության խորհրդանիշներից են, այսօր չեն կարող տգետ անձանց անբարո արարքներով իրենց հակոտնյային վերածվել։ Հանցանք կատարող անձինք կարող են չհասկանալ իրենց արածի գեշության աստիճանը, հաճախ այդպիսիները ունակ էլ չեն այդ կարգի բաների գիտակցելուն, բայց գիտակից հայորդիները, այդ տգեղ և տգետ արարքները կանխելու առումով լուրջ պարտականություններ ունեն։ Մենք, ներքո ստորագրող կառույցներս, խստորեն դատապարտելով այդ ստոր ու դավադիր արարքը, դիմում ենք Իրանի խորհրդարանի զույգ պատգամավորներին, հատկապես պարոն Արա Շահվերդյանին, ով նաև ԻԻԽ-ում Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահն է, Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովին, Թեմական խորհրդին, նրա կողմից կյանքի կոչված` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ծրագրերի կազմակերպիչ հանձնախմբին և ազգային արժեքների խաթարման հանդեպ խղճմտանք ունեցող բոլոր հայորդիներին, խստիվ դատապարտել տեղի ունեցածը և համապատասխան միջոցներ ձեռնարկել կատարվածն ըստ արժանվույն գնահատելու՝ այդ մոլորյալ ընթացքի շարունակությունը կանխելու համար։ - Հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիր - Իրանահայ ազգային և մշակութային միություն - Զեյթուն թաղամասի Հայ «Աշխարհատեսների» կենտրոն - Սասուն թաղամասի Հայ «Աշխարհատեսների» կենտրոն - «Արաքս» շաբաթաթերթ»:
18:59 - 02 մայիսի, 2025
Թեհրանը ձգտում է ԱՄՆ հետ տարաձայնությունները կարգավորել բանակցելով․ Իրանի ԱԳՆ |1lurer.am|

Թեհրանը ձգտում է ԱՄՆ հետ տարաձայնությունները կարգավորել բանակցելով․ Իրանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Իրանը նախկինի պես ձգտում է իրանական միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-Իրան բանակցության հերթական փուլի հետաձգումը։ «Օմանի և ԱՄՆ գործընկերների հետ համատեղ մենք որոշում ենք կայացրել լոգիստիկ և տեխնիկական պատճառներով հետաձգել բանակցությունների չորրորդ փուլը։ Իրանի կողմից կարող եմ ասել՝ որևէ փոփոխություն չկա բանակցության ճանապարհով կարգավորման հասնելու մեր վճռականության հարցում»,- X-ի իր էջում գրել է նախարարը։ Արաղչին հավելել է, որ Իսլամական Հանրապետությունը «ավելի քան երբևէ վճռական է հասնել արդար ու հավասարակշռված համաձայնության, որը կապահովի պատժամիջոցների դադարեցում ու վստահություն կստեղծի, որ Իրանի միջուկային ծրագիրն ընդմիշտ խաղաղ կլինի՝ Իրանի իրավունքների լիարժեք հարգմամբ»։
10:27 - 02 մայիսի, 2025
Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի պատժամիջոցներին. Իրանի ԱԳՆ |armenpress.am|

Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի պատժամիջոցներին. Իրանի ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները նպատակ ունեն խաթարել զարգացող երկրների միջև հարաբերությունները։ Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին։ «Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանի և մի շարք այլ պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ Իրանի հետ տարբեր տնտեսական ոլորտներում նրանց համագործակցության պատրվակով»,-դիվանագետի խոսքերն է մեջբերվում հանրապետության արտաքին գործերի նախարարության «Տելեգրամ» ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Բաղաեին ընդգծել է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը վկայում է ամերիկյան իշխանությունների հակասական մոտեցման, դիվանագիտական ​​​​գործունեության մեջ բարի կամքի և լրջության բացակայության մասին։ Նա նշել է, որ իրանական ժողովուրդը կդիմադրի սպառնալիքի և ճնշման քաղաքականությանը՝ օգտագործելով բոլոր հասանելի միջոցները՝ երկրի անկախ և արժանապատիվ զարգացումը շարունակելու համար։ Ապրիլի 30-ին ԱՄՆ վարչակազմը սահմանափակումներ է կիրառել Իրանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Թուրքիայում գտնվող յոթ կազմակերպությունների նկատմամբ, որոնք ենթադրաբար զբաղվում են իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի առևտրով։ Սահմանափակումների են ենթարկվել նաև երկու նավ։ Ինչպես նշվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է դադարեցնել իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի անօրինական արտահանումը, այդ թվում՝ Չինաստան մատակարարումները։
17:18 - 01 մայիսի, 2025
Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթունի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի

Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթունի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի

Իրանի Հորմոզգան նահանգի՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում շաբաթ օրը տեղի ունեցած հզոր պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի թիվը շարունակել է աճել։ Նահանգապետ Մոհամմադ Աշուրին հայտնել է, որ երկուշաբթի կեսօրի դրությամբ զոհերի թիվը հասել է 65-ի, իսկ մի փոքր ուշ Հորմոզգան նահանգի ճգնաժամային կենտրոնի տնօրենը հաստատել է, որ զոհերի ընդհանուր թիվը կազմել է արդեն 70։ Իրանի Աղետների կառավարման ազգային կազմակերպության (NDMO) խոսնակ Հոսեյն Զաֆարին նշել է, որ վիրավորված 1,072 քաղաքացիներից մեծ մասը՝ դուրս են գրվել հիվանդանոցից, մինչդեռ 138 վիրավորների բուժումը դեռ շարունակվում է։ Նրա խոսքով, տարածքի մաքրման և փլատակների հեռացման աշխատանքները շարունակվելու են առաջիկա օրերին։ Նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը դեռ պարզված չէ, սակայն նախնական տեղեկություններով՝ այն տեղի է ունեցել վառելիք տեղափոխող բաքի պայթյունի հետևանքով։Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Իրանի Հորմոզգան նահանգի՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի էր  ունեցել հզոր պայթյուն։
20:50 - 29 ապրիլի, 2025
Նոր պայթում Իրանի Իսֆահան քաղաքում․ կան վիրավորներ և զոհ

Նոր պայթում Իրանի Իսֆահան քաղաքում․ կան վիրավորներ և զոհ

Այսօր առավոտյան՝ ժամը 10:30-ին, Իրանի Իսֆահան քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 2-ն էլ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Mehr իրանական լրատվամիջոցը։ Դեպքի վայր են ժամանել փրկարարական խմբեր, հրշեջ մեքենաներ և համապատասխան անձնակազմ։ Պատահարի պատճառների մասին այս պահին որևէ տեղեկություն չի հրապարակվել։ Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Իրանի Հորմոզգան նահանգի՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի էր  ունեցել հզոր պայթյուն։Հորմոզգան նահանգի ճգնաժամային կենտրոնի տնօրենը նշել է, որ զոհերի ընդհանուր թիվը կազմել է արդեն 70։ Իրանի Աղետների կառավարման ազգային կազմակերպության (NDMO) խոսնակ Հոսեյն Զաֆարին նշել է, որ վիրավորված 1,072 քաղաքացիներից մեծ մասը՝ դուրս են գրվել հիվանդանոցից, մինչդեռ 138 վիրավորների բուժումը դեռ շարունակվում է։    
19:42 - 29 ապրիլի, 2025
Վան Ին և Լավրովը քննարկել են Իրանի և Կորեական թերակղզու միջուկային խնդիրները |armenpress.am|

Վան Ին և Լավրովը քննարկել են Իրանի և Կորեական թերակղզու միջուկային խնդիրները |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և նրա ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովը Ռիո դե Ժանեյրոյում կայացած հանդիպմանը քննարկել են Կորեական թերակղզու և Իրանի միջուկային խնդիրները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը կարծիքներ են փոխանակել Իրանի և Կորեական թերակղզու միջուկային խնդիրների շուրջ», - հայտնել են Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ Հաղորդվում է, որ Վան Ին և Լավրովը նաև «ռազմավարական շփում են ունեցել այնպիսի բազմակողմ ձևաչափերով համագործակցության ամրապնդման հարցերի շուրջ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը և Մեծ քսանյակը»:Ռիո դե Ժանեյրոյում ապրիլի 28-ին կայացել է ԲՐԻԿՍ-ի երկրների արտաքին գործերի նախարարների նիստը։ 
12:38 - 29 ապրիլի, 2025
Մենք պետք է հարգենք միմյանց տարածքային ամբողջականությունը. Իրանի նախագահ |azatutyun.am|

Մենք պետք է հարգենք միմյանց տարածքային ամբողջականությունը. Իրանի նախագահ |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք պետք է հարգենք միմյանց տարածքային ամբողջականությունը և չունենանք որևէ հավակնություն տարածքի նկատմամբ», - իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ադրբեջանական AzTV-ի հետ հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ հարցին: Նա նաև ընդգծել է. - «Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները և, բնականաբար, պաշտպանում ենք նաև Հայաստանի իրավունքները»։ Անդրադառնալով Իրանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան ցամաքային կապ ստեղծելու վերաբերյալ հարցին՝ Փեզեշքիանն ասել է. - «Նախագիծն արագ զարգանում է։ Այն արդեն համաձայնեցված է, և Իրանի տարածքի և Ադրբեջանի մայրցամաքային մասի միջև Նախիջևանի հետ ցամաքային կապի ստեղծման հարցում որևէ խնդիր չի լինի», - ասել է նա։ Իրանի նախագահը նշել է, որ երկու երկրների միջև երկաթուղային ճանապարհի իրագործումը բանակցությունների օրակարգում է՝ ավելացնելով, որ նման նախագծերը նպաստում են առևտրային և տնտեսական կապերի ամրապնդմանը։ Բաքուն Հայաստանից ճանապարհ է պահանջել, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանին ու այն կլինի առանց մաքսային հսկողության ու անխոչընդոտ: Երևանն էլ պնդում է, որ այդ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո: Հունվարի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն գործնական քայլեր է ձեռնարկում այդ միջանցքի բացման ուղղությամբ։ «Ճիշտ է նաև, որ Հայաստանն այս հարցում ոչ կառուցողական մոտեցում է դրսևորում և չի կատարում այն պարտավորությունները, որ ստանձնել է նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն ակտով», - ասել էր Ալիևը՝ նշելով՝ քանի դեռ «Զանգեզուրի միջանցքը» չի բացվել, Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Հայաստանը շրջանցող, Իրանի տարածքով անցնող ճանապարհի շինարարության ուղղությամբ։ Ալիևի խոսքով՝ Թեհրանի հետ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, երբ Բաքվում «տեսան Հայաստանի ոչ անկեղծ պահվածքը»։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին:
16:30 - 28 ապրիլի, 2025
Մասկատում ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցությունների հերթական փուլը
 |1lurer.am|

Մասկատում ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցությունների հերթական փուլը |1lurer.am|

1lurer.am: Մասկատում ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցությունների հերթական փուլը՝ հայտնում են իրանական աղբյուրները։ Օմանի արտգործնախարարը բանակցություններից հետո հայտնել է, որ դրանք ընդգծեցին փոխադարձ հարգանքի և կայուն պարտավորությունների հիման վրա համաձայնության հասնելու ընդհանուր շահագրգռվածությունը: Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են հնարավոր գործարքի հիմնական սկզբունքները, նպատակներն ու տեխնիկական հարցերը: Բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, նախնական ամսաթիվը նշանակվել է մայիսի 3-ը: Իրանի արտգործնախարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին էլ նշել էր, որ կողմերը Օմանի միջնորդությամբ փոխանակում են իրենց տեսակետները երկու հիմնական ուղղություններով՝ պատժամիջոցների արդյունավետ դադարեցում և Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի նկատմամբ վստահության ամրապնդում:
20:54 - 26 ապրիլի, 2025