Գեղամ Նազարյան

Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել |armenpress.am|

Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների անդամներ Տիգրան Աբրահամյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Նազարյանն ու Գեղամ Մանուկյանը նամակ են ուղղել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պահանջելով հրավիրել հանձնաժողովի արտահերթ նիստ: «Ղեկավարվելով  «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով և 122-րդ հոդվածով՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին մասի, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ և 28-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի առաջին գլխի 1.1 և 1.3 ենթագլուխներում նշված նպատակների կատարման նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրականացման նպատակով պահանջում ենք 2021թ.-ի հոկտեմբերի 15-ին ժամը 13:00–ին հրավիրել ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով. 1.Լսել ՀՀ ԱԱԾ տնօրենի, ՀՀ ԱԳ նախարարի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի, ՀՀ Գլխավոր դատախազի  զեկույցները և հաշվետվություն-պարզաբանումները Հայաստանի հարավ-արևելյան սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: 2.Վերոնշյալ զեկույցների և հաշվետվությունների հիման վրա ստեղծել աշխատանքային խումբ»,- ասված է նամակ-պահանջի մեջ: Նշվում է, որ Արտահերթ նիստի նպատակն է ՀՀ գործադիր իշխանության ներկայացուցիչներից ստանալ բացատրություններ և պարզաբանումներ հետևյալ հարցերի վերաբերյալ. «1.ՀՀ պաշտպանության նախարարն ու ՀՀ ԳՇ պետը պետք է ներկայացնեն բացատրություն, թե ինչ հանգամանքներում և ում հրամանով է տեղի ունեցել ՀՀ զինված ուժերի և կամավորականների դուրս բերումը 2020թ-ի նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցրած դիրքերից և ներկայացնել ռազմական էսկալացիայի վտանգի կոնկրետ հիմքեր: 2.ՀՀ Արտաքին գործերի նախարարը պետք է Հանձնաժողովին ներկայացնի բացատրություն,թե որքանով է ներգրավված եղել ՀՀ ԱԳ նախարարությունը այս գործընթացում, պահպանված են եղել արդյոք ՀՀ պետական սահմանի մասին օրենքի պահանջները և առկա է եղել արդյոք ՀՀ պարտավորեցնող որևէ միջազգային պայմանագիր: 3.ՀՀ գլխավոր դատախազը պետք է ներկայացնի բացատրություն ՀՀ պետական սահմանի փոփոխության սահմանադրա-իրավական հիմքերի վերաբերյալ և ներկայացնի պարզաբանում ՀՀ քրեական օրենսգրքի 300.2, 309 հոդվածի 3-րդ մասի և 299 հոդվածի հատկանիշներով քրեական գործի հարուցման կամ դրա մերժման իրավական հիմքերի վերաբերյալ: 4.ՀՀ ԱԱԾ տնօրենը պետք է ներկայացնի հաշվետվություն ՀՀ պետական սահմանի պահպանության ուղղությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կատարած գործողությունների և միջոցառումների վերաբերյալ և հստակեցնի, թե ինչ գործողություններ են նախատեսվում իրականացնել ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման և ՀՀ արտաքին սահմանների խախտման համար պատասխանատու սուբյեկտներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար»:  Հանձնաժողովի վերոնշյալ անդամների խոսքով՝ ՀՀ ՊԱ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի հրավիրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանական զինված ուժերը 2020թ-ի դեկտեմբերի 16-ից մինչ օրս օկուպացրել են ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը, արգելափակել և խոչընդոտներ են ստեղծում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների ՀՀ ինքնիշխան տարածքով ազատ տեղաշարժին, սպառնում և ահաբեկում են այդ տարածքներում ապրող և Գորիս-Կապան ավտոճանապարհով երթևեկող քաղաքացիական անձանց:  «ՀՀ ԱԺ ՊԱ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պարտավոր Է սույն թվականի հոկտեմբերի 15-ին հրավիրել Հանձնաժողովի արտահերթ նիստ և երաշխավորել նշված պաշտոնատար անձանց ներկայությունն այդ նիստին»,- ընդգծել են պատգամավորները::  Հանձնաժողովի 4 անդամները նաև հայտնել են, որ հաշվի առնելով օրակարգում ներառված հարցի կենսական կարևորությունն ու հանրային մեծ հետաքրքրությունը, նիստը նախատեսում են անցկացնել դռնբաց ռեժիմով և չեն ակնկալում որևէ պետական գաղտնիքի հրապարակում:
14:01 - 12 հոկտեմբերի, 2021
Քարը փեշներիցդ թափեք, հայտարարեք, որ ամբողջովին փոխվելու է Անկախության օրվա միջոցառման ձեւաչափը․ Գեղամ Նազարյանը՝ վարչապետին

Քարը փեշներիցդ թափեք, հայտարարեք, որ ամբողջովին փոխվելու է Անկախության օրվա միջոցառման ձեւաչափը․ Գեղամ Նազարյանը՝ վարչապետին

ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատագամովր Գեղամ Նազարյանը հարց հնչեցրեց, թե ինչու մինչեւ հիմա անհետ կորած զինծառայողների հարցով զբաղվող առանձին հանձնաժողով չի ստեղծվել, եւ մի՞թե Անկախության տոնը նշելու ավելի ընդունելի ձեւ չկար, քան փայտով, գունագեղ միջոցառմամբ զոհերի ծնողների սիրտը փորփրելն էր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պատասխանի ընթացքում ասաց, որ ինքն անձամբ վերջին ամիսներին տասնյակից ավելի հանդիպումներ է ունեցել անհետ կորածների հարազատների հետ, բայց այդ հանդիպումները չեն լուսաբանել․  «Անհետ կորածների հարցով զբաղվող մարմին կա, ես անհետ կորածների հարազատներին ասել եմ, որ ինքս եմ այդ հարցերը համակարգում, եւ մեր պետական մարմիններն ամենաբարձր մակարդակով զբաղվում են այդ հարցով, բոլոր հնարավոր միջոցներն իրագործվում են։ Հիմնական հարցադրումն այն է, որ այսքան ժամանակ անց մենք լուր չունենք գտնվելու վայրն անհայտ մեր զինվորների մասին։ Իրավիճակի բարդությունն ու առանձնահատկությունը դրանում է, որ լուր չունենալով պատճառով մենք օգտագործում ենք այդ ցավալի բառակապակցությունը»,- ասաց Փաշինյանը։ Ինչ վերաբերում է Անկախության օրվան նվիրված միջոցառումներին, Փաշինյանը ներողություն խնդրեց այն մարդկանցից, որոնց զգացմունքները վիրավորել կամ խոցել է իր ձեւակերպմամբ․ «Բայց ես ասել եմ, որ մեր տրամադրությունը, ցավոք, տոնական չէ, բայց կա այլ խնդիր․ մեր Հանրապետությունը 30 տարեկան է, եւ եթե այդ միջոցառումը անենք ՀՀ դրոշներով, իսկ պետական տոնը պետք է նշվի դրոշներով․․․ Տեսեք, մեր դրոշի գույները շատ վառ գույներ են, եւ ես չեմ կարծում, որ մենք պիտի չեղարկենք դրոշի գույները, բայց ես ուզում եմ ասել, որ միջոցառման առանցքը հենց մեր նահատակների հիշատակի ընդգծումն է»։  Փաշինյանը հայտնեց՝ սեպտեմբերի 21-ին հայտարարվելու է Հայաստանի անկախության եւ Արցախյան երեք պատերազմներում եւ ընդհանրապես պատերազմից դուրս մարտական հերթապահության ընթացքում իրենց կյանքը զոհած մեր եղբայրների եւ քույրերի հիշատակը հավերժացնող մի մասշտաբային նախագծի մեկնարկի մասին, որի շուրջ իրենք աշխատանքային քննարկումներ են իրականացնում շուրջ վեց ամիս։ Ներողություն խնդրելով նաեւ Գեղամ Նազարյանից, Փաշինյանը մի փաստ արձանագրեց․ «ՀՀ-ի անկախության որեւէ տոնակատարություն չենք ունեցել, երբ չունենանք անհետ կորածներ, երբ չունենանք թարմ շիրիմներ Եռաբլուրում․ «Դիլեման հետեւյալն է․ արդյոք մենք պիտի ընդգծենք Հայաստանի Անկախության տարեդարձը։ Իմ ասածի առանցքային փիլիսոփայությունն այն է, որ, իմ ընկալմամբ, մեր բոլոր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի։ Կարծում եմ՝ սա պիտի լինի էն զոհողությունների մեկնաբանությունը, որոնք ունեցել ենք»։ Գեղամ Նազարյանը կարծիք հայտնեց, որ Անկախության տոնը պետք է նշվի, բայց ոչ գունագեղ շոույով․ «Մեր տղերքը սիրում էին էս երկիրը, սիրում են, զոհվել են էս երկրի համար, ոչ թե նրա համար, որ իրենց հիշատակը ցինիզմով հարգեն, այլ որ դրանից հետո սթափվենք, փոխվենք՝ յուրաքանչյուրս։ Էդ տղերքին հանգիստ թողեք, նարնց հոգիները հիմա մեզ են նայում, հետո մեր դատավորներն են լինելու։ Մի օգտագործեք զոհերի անունները, ուղղակի եկեք զբաղվենք տղերքի ծնողների հարցերով։ Դեռ ուշ չէ, եկեք՝ քարը փեշներիցդ թափեք, հայտարարեք, որ ամբողջովին փոխվելու է ձեւաչափը, որ հնչելու է միայն սիմֆոնիկ երաժշտություն, ու վերջ»,- ասաց Նազարյանը։ Միջոցառումն ի սկզբանե հենց այդ տրամաբանությամբ է նախատեսված եղել, եւ միջոցառումը երկու տող ունի՝ «Անկախ» եւ «Հայրենիքիս հետ»։ Վերջինը Թումանյանի բանաստեղծության վերնագիրն է, որ գրվել է 1915-ին․ «Եթե հիշենք բանաստեղծության բովանդակությունը, մեր այսօրվա մոտեցումը լիարժեք կամ չգիտեմ՝ ինչքանով հաջող փորձ է անում հենց Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծության տրամաբանությունը դնել մեր այսօրվա տեսլականի հիմքում։ Բանաստեղծության առաջին տունն ավարտվում է՝ «զարկված հայրենիք, զրկված հայրենիք», հետո՝ «ողբի հայրենիք, որբի հայրենիք», հետո՝ «լույսի հայրենիք, հույսի հայրենիք», հետո՝ «իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք»։ Սա էն տրամաբանությունն է, որ մենք փորձում ենք դնել մեր էսօրվա գործողությունների հիմքում, եւ մեր խոնարհումն ու հարգանքը պիտի արտահայտվի այնպես, որ մենք պետք է փոխենք էն տրամաբանությունը, որով ընկալում ենք մեզ, մեր երկիրը, մեր անելիքը, մեր պարտավորությունները՝ մեր նահատակների առաջ»,- ասաց Փաշինյանը եւ կարդաց Թումանյանի բանաստեղծության նախավերջին տունը․ «Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետՈւ խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ պիտի ասես աշխարհքինՈւ պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―               Հույսի՜ հայրենիք,                  Լույսի՜ հայրենիք»։   Լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից
17:58 - 15 սեպտեմբերի, 2021
Գեղամ Նազարյանն առաջարկում է դադարեցնել բանակին ուղղված մեղադրանքները |armenpress.am|

Գեղամ Նազարյանն առաջարկում է դադարեցնել բանակին ուղղված մեղադրանքները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ նշեց, որ հնարավորինս շուտ պետք է հրապարակվի արցախյան վերջին պատերազմի զոհերի այն թիվը, որն իրականանում կա: «Պաշտոնական և հիմնավոր թվեր պետք է հնչեն: Թե չէ տարբեր թվեր են հնչում, ու մարդկանց թյուրիմացության մեջ գցում, ինչը չի կարելի թույլ տալ»,- ասաց Գեղամ Նազարյանը: Պատգամավորը հանդես եկավ բանակին ուղղված մեղադրանքները դադարեցնելու առաջարկով: Նա նշեց, որ բանակը երբեք իդեալական չի եղել, սակայն այն հաղթել է Արցախյան առաջին պատերազմը, մինչև 2016 թվականն այնպես է արել, որ թշնամին հարձակման մասին չմտածի, 2016-ին այնպիսի հակահարված է տվել, որ հրադադար են աղերսել: Ու այդ բանակը՝ զինվորներն ու հրամանատարները, 44 օր պատերազմել են աշխարհի հզոր պետությունների զինված ուժերի դեմ: Պատգամավորը պնդում է, որ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի խնդիրը պետք է լինի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը: «Գլխավոր խնդիրը, որը պետք է պարզի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը սա է՝ ինչո՞ւ մենք չկանխեցինք պատերազմը: Ես կողմնակից չեմ այդ հարցերի շուրջ բաց քննարկումներ անցկացնելուն: Պնդում եմ, որ այդ քննիչ հանձնաժողովը ստեղծվի ու առանց լրագրողների այդ բոլոր հարցերը հնչեցնենք ու ստանանք հստակ պատասխան»,-ավելացրեց Գեղամ Նազարյանը:   
11:29 - 10 օգոստոսի, 2021