26 համայնք ինչպե՞ս է մի հոգին ղեկավարելու․ համայնքների խոշորացումը Արմավիրի մարզում

14:53 - 17 փետրվարի, 2021

Արմավիրը Հայաստանի միակ մարզն է, որտեղ համայնքների խոշորացման գործընթաը դեռ չի մեկնարկել։ Կառավարությունն առաջիկայում նախատեսում է մարզում 26 համայնքների միավորմամբ ձևավորել խոշորացված առաջին համայնքը, որի կենտրոնը լինելու է Մեծամորը։

Զարթոնքը մեկն է այն համայնքներից, որոնք ընդգրկվելու են Մեծամորի կամզում։ Զարթոնքի դպրոցի ուսուցչուհի տիկին Սուսաննան դեմ է համայնքների խոշորացմանը «Այստեղ կլինի ներկայացուցիչ, բայց այնտեղ (համայնքային կենտրոնում- խմբ․) նստողն այստեղի հարցերը դժվարութամբ կլուծի։ Հիմնական օրենդրական հարցերը լուծվելու են այնտեղ, ոչ այստեղ, իսկ իսկ եթե ինչ-որ խնդիր կա, ավելի շատ իրենք իրենց հարցերը կլուծեն, քան այս գյուղի հարցերը»։

Տիկին Սուսաննան նաև կարծում է, որ ձևավորվող Մեծամորում չպետք է այդքան շատ համայնքներ միավորվեն․ «Քսանվեց համայնքը ո՞նց է մի հոգին ղեկավարելու։ Ո՞նց է հնարավոր այդքանի հարցերը լուծել»։

Մեկ տարի է, ինչ Սամվել Աղաջանյանն ընտրվել է Զարթոնքի համայնքապետ։ Նա ասում է, որ այդ ընթացքում որևէ տեղեկություն չի ստացել այն մասին, թե երբ է խոշորացվելու Զարթոնքը կամ ինչ փնջում է ներառվելու․ «Հնարավոր էր բրոշյուրներով կամ գրություններով տեղեկացնել։ Ես չեմ պատկերացրել, որ այսքան շատ գյուղեր միանալու են մի փնջի մեջ։ Ինֆորմացիան քիչ է, չենք կարողանում հասկանալ քայլերը, հետևանքները»։

Համայնքները կարող են խոշորացումից առաջ տեղական հանրաքվե նախաձեռնել և խոշորացման վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտել։ Սամվել Աղաջանյանը հնարավոր համարում է, որ Զարթոնքի բնակիչները կուզենան հանավքե կազմակերպել, չնայած այն միայն խորհրդատվական բնույթ ունի։

Մեծամոր խոշորացված համայնքի կազմում ընդգրկվելու է նաև Ծաղկունքը։ Գյուղի բնակիչ Անդրանիկ Հարությունյանը դեմ է խոշորացմանը․ «Ասում էին՝ 8-10 գյուղ պետք է միանա, բայց դրան էլ համաձայն չէր ժոովուրդը: Կարող եմ ասել, որ ժոովրդի 99 տոկոսը համաձայն չէ»։

Ծաղկունքի‌ ‌համայնքապետի‌ ‌տեղակալ‌ ‌Ռաֆիկ‌ ‌Սարգսյանն‌ ‌ասում‌ ‌է՝‌ ‌երբ‌ ‌բնակիչներին‌ ‌տեղեկացրել‌ ‌են‌ ‌խոշորացման‌ ‌մասին,‌ ‌նրանք‌ ‌հիմնականում‌ ‌դեմ‌ ‌են‌ ‌եղել։‌ ‌Պարոն‌ ‌Սարգսյանն‌ ‌էլ‌ ‌խոշորացումից‌ ‌բացասական‌ ‌սպասելիքներ‌ ‌ունի․ «Մեր‌ ‌համայնքում‌ ‌մեր‌ ‌ժողովրդին‌ ‌ճանաչում‌ ‌ենք,‌ ‌մեր‌ ‌հարկ‌ ‌ու‌ ‌տուրքերը‌ ‌հավաքում‌ ‌ենք,‌ ‌մեր‌ ‌միջոցները‌ ‌ներդնում‌ ‌ենք‌ ‌համայնքի‌ ‌զարգացման‌ ‌համար։ Մեր‌ ‌բյուջեն‌ ‌գիտենք՝‌ ‌որտեղ‌ ‌պիտի‌ ‌ծախսենք,‌ ‌հիմա‌ ‌այդ‌ ‌26‌ ‌գյուղը‌ ‌պիտի‌ ‌որոշեն, որ‌ ‌էս ‌համայնքում‌ ‌էս ‌տարի‌ ‌էս ‌գործը‌ ‌պիտի‌ ‌արվի,‌ ‌էն ‌համայնքում էն ‌գործը‌ ‌պիտի‌ ‌արվի»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը վստահեցնում է, որ համայնքային նոր փնջերը որոշելուց առաջ քննարկումներ է անցկացրել համայնքների թե՛ ղեկավարների, թե՛ բնակիչների հետ։ Սակայն Զարթոնքում և Ծաղկունքում գյուղացիների հետ զրուցելիս նկատեցինք, որ նրանք այնքան էլ լավ տեղեկացված չեն իրենց համայնքների խոշորացման գործընթացից, շատ գյուղացիներ նույնիսկ զարմացան՝ իմանալով, որ Մեծամորի կազմում 26 համայնք է ներառվելու։

Բացի այդ՝ համայնքների բնակիչները երբեմն լավ չեն պատկերացնում, թե ինչ է լինելու խոշորացումից հետո․ շատերը բողոքում են, որ մի փաստաթղթի կամ փոքր հարցի համար պիտի գնան, հասնեն համայնքային կենտրոն, մինչդեռ խոշորացումից հետո նրանք ունենալու են վարչական ղեկավար, որն իրավասու է լինելու բնակիչներին փաստաթղթեր տրամադրել և համայքնապետարանում բնակավայրի խնդիրները բարձրաձայնել։

Այս ամենից կարելի է ենթադրել, որ համայնքների խոշորացման վերաբերյալ մարդկանց բացասական կարծիք ունենալու հիմնական պատճառներից մեկն այն է, որ նրանք բավարար չափով իրազեկված չեն։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել