Սեպտեմբերի 8-ին՝ կառավարության հերթական նիստի ընթացքում, քննարկվում էր վարչատարածքային փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ավարտին հասցնել Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը։
Գործընթացի ավարտից հետո մենք կունենանք 78 համայնք՝ ներառյալ մայրաքաղաք Երևանը։
2016-ից սկսած՝ ձևավորվել է 54 խոշորացված համայնք՝ 486 համայնքների միավորմամբ։ Այժմ առաջարկվում է 37 համայնքային փնջում միավորել 441 համայնք։
Չխոշորացված կմնա միայն 6 համայնք։ Այդ համայնքներից Շամիրամը, Ֆերիկը, Վերին Դվինը, Արզնին, Ֆիոլետովոն բնակեցված են ազգային փոքրամասնություններով։ Մեր նախորդ հոդվածներից մեկում արդեն անդրադարձել ենք այն հարցին, որ Հայաստանը վավերացրել է «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիան։ Կոնվենցիան վավերացրած երկրները, հիշեցնենք, պետք է խուսափեն այնպիսի միջոցներից, որոնք փոխում են բնակչության կառուցվածքային կազմը այն տարածքներում, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանցով։
Ավելի պարզ ասած՝ եթե ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքը ներառվեր որևէ համայնքային փնջում, ձևավորվող նոր համայնքում այդ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներն արդեն մեծամասնություն չէին կազմի։
Այս տրամաբանությամբ նախկինում խոշորացված համայնքներից Ալագյազը, Լերմոնտովոն ձևավորվել են միայն ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների միավորումից, նոր ձևավորվողներից բացառապես ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներից կազմված կլինեն Մեծաձորը և Արևուտը։
Մենք արդեն մի անգամ ներկայացրել ենք Հայաստանի խոշորացված և խոշորացվելիք համայնքների քարտեզը, սակայն կառավարության նախկինում ներկայացրած նախագծով առաջարկված փնջերի կազմերը փոխվել են նոր նախագծում, ինչպես նաև առաջարկվել են համայքային նոր փնջեր։ Ջերմուկ խոշորացված համայնքի բնակավայրերից երկուսն էլ միավորվել են Վայք խոշորացված համայնքին։
Նոր նախագծով, բացի Սյունիքից, բոլոր մարզերում փոփոխություններ են կատարվել արդեն խոշորացված համայնքներում․ վերջիննրս ներառվել են նոր, ավելի մեծ փնջերում։
Կառավարության նիստի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ նախագծը հրատապ է և կքննարկվի Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում։
Նախագծի հրատապությունն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրանով, որ խոշորացվող համայնքների մեծ մասում լրացել են ՏԻՄ լիազորությունների ժամկետները, սակայն այնտեղ, ինչպես ավելի վաղ մեզ փոխանցել էին ՏԿԵՆ-ից, մինչև խոշորացումը չեն անցկացվի ՏԻՄ ընտրություններ։
Մենք առանձին հոդվածով արդեն անդրադարձել ենք սպասվող ՏԻՄ ընտրություններին, սակայն հաշվի առնելով, որ ներկայացվել է վարչատարածքային փոփոխությունների նոր նախագիծ, փոխվում է սպասվող ՏԻՄ ընտրություններր պատկերը։
Հոկտեմբերի 17-ին ընտրություններ կանցկացվեն խոշորացված Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ, Դիլիջան համայնքներում, ինչպես նաև Գյումրիում։ Հաշվի առնելով, որ առաջին 5 համայնքը խոշորացված են, Գյումրին էլ 4000-ից ավելի բնակիչ ունի, այս համայնքներում ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։
Նույն օրը ավագանու մեծամասնական ընտրություններ կանցկացվեն ազգային փոքրամասնություններով բնակեցված և չխոշորացվող Շամիրամ, Ֆերիկ, Ֆիոլետովո համայնքներում։ Շամիրամում և Ֆիոլետովոյում կանցնակցվեն նաև համայնքի ղեկավարի ընտրություններ։
ՏԻՄ ընտրությունների օր է նշանակված նաև նոյեմբերի 14-ը։ Այդ օրն, ամենայն հավանականությմաբ, տեղի կունենան նոր խոշորացվող համայնքների ՏԻՄ ընտրությունները, եթե խորհրդարանն ընդունած լինի վարչատարածքային փոփոխությունների նախագիծը։ Այդ օրը կանցկացվեն նաև Իջևան և Լերմոնտովո խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրությունները, քանի որ այդ համայնքները ներառված չեն հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների ցանկում։
Ստորև ներկայացված քարտեզում ներկայացված է ՀՀ համայնքների պատկերը խոշորացումից հետո։
Infocom-ի՝ համայնքների խոշորացմանը վերաբերող շարքին կարող եք ծանոթանալ այստեղ
Աննա Սահակյան
comment.count (0)