ՀՀ Տավուշի մարզում բոլոր համայնքները խոշորացված են։ Մարզի առաջին խոշորացված համայնքը՝ Դիլիջանը, պիլոտային ծրագրով ձևավորվել է դեռևս 2015-ին։ Վերջին խոշորացումը Տավուշում իրականացվեց անցած տարվա գարնանը. ձևավորվեց Իջևանը, որի կազմում միավորված համայնքները գործում են առանձին, մինչև կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Նոյեմբերյանը մեկն է մարզի խոշորացված համայնքներից, ձևավորվել է 2016-ին՝ 9 բնակավայրերի միավորմամբ։ Նոյեմբերյանցի Լևոն Սարուխանյանը դժգոհ է համայնքների խոշորացումից, ասում է՝ իրենց բնակավայրում խոշորացումից հետո ոչինչ չի փոխվել։
Նոյեմբերյանի մեկ այլ բնակիչ՝ Հայկազ Բուդաղյանը, համայնքների խոշորացումից գոհ է։ Նրա կարծիքով Նոյեմբերյանում և համայնքի մյուս բնակավայրերում խոշորացումից հետո փոփոխություններ եղել են․ «Ասֆալտապատում է եղել, դպրոց գնացող աստիճանները կարգավորվել են, սահմանամերձ Դովեղում մանկապարտեզ է բացվել, Ոսկեվանում, Բաղանիսում շինարարություններ են եղել, Բարեկամավանում կապի բաժանմունք են շինել»։
Infocom-ն արդեն անդրադարձել է խոշորացումից հետո բնակավայրերում ենթակառուցվածքների և ծառայությունների փոփոխություններին։ Նոյեմբերյան խոշորացված համայնքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրական փոփոխություններ կան․ համայնքի բնակավայրերում փողոցային լուսավորության, խմելու ջրի ցանցի ներդրման, գազաֆիկացման աշխատանքներ են տարվել։ Սակայն համայնքի բնակավայրերից Բարեկամավանում, օրինակ, խոշորացումից հետո էական փոփոխություններ չկան (Նկար 1)։
Նկար 1
Համայնքների խոշորացումից հետո կրճատվեցին նախկին համայնքապետարանների աշխատակազմերը։ Դեռ խոշորացումից առաջ նշվում էր, որ ախատակազմերի կրճատումից խնայված դրամական միջոցները կարող են ուղղվել համայնքների զարգացմանը։ Մեր ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ Տավուշի մարզի խոշորացված գրեթե բոլոր համայնքներում, այդ թվում՝ Նոյեմբերյանում, քչացել են համայնքապետարանների հաստիքները և աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերը (Գրաֆիկ 1)։
Գրաֆիկ 1
Նոյեմբերյանի համայնքապետի տեղակալ Խաչիկ Գիշյանը կարծում է, որ խոշորացումից հետո իրենց համայնքապետարանի աշխատանքը շատացել է, իսկ աշխատակազմը նույնն է մնացել․ «Հատկապես քաղաքաշինության, գյուղբաժնի բնագավառներում մենք մնացել ենք քաղաքի հաստիքների մակարդակին, բայց աշխատում ենք համայնքի խնդիրները սպասարկելու համար։ Այսինքն՝ եթե մենք քաղաքաշինության երկու մասնագետներ ունինք, որոնք աշխատում էին քաղաքում, այսօր էլ է այդ երկու մարդն են աշխատում, բայց արդեն համայնքի խնդիրներով են զբաղված»։
Խոշորացված համայնքի բնակավայրերից է Բերդավանը։ Բերդավանցի Սերյոժա Ազատյանը համայնքների խոշորացումից, ընդհանուր առմամբ, գոհ է, սակայն դժգոհություններ ևս ունի. «Կուզենայինք, որ Բերդավանն ինքնուրույն լինի, քանի որ բավականին մեծ է և՛ բնակչությամբ, և՛ տարածությամբ։ Մենք տնօրինենք մեր բյուջեին։ Հիմա մեր նախագահը (նկատի ունի՝ վարչական ղեկավարը- խմբ․), փաստորեն, կախման մեջ է, խնդրողի դերում է․ պետք է գնա Նոյեմբերյան, ղեկավարին խնդրի, ասի՝ բյուջեից հատկացրե՛ք նաև մեզ ճանապարհաշինարարության կամ ջուր անցկացնելու համար»։
Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանն ասում է, որ Նոյեմբերյանի ներսում բնակավայրերը շատ լավ հարաբերություններ ունեն։ Ըստ նրա, սակայն, խոշորացման դրական կամ բացասական լինելը կախված է մարդականցից, իսկ երբ մարդկանցից շատ բան է կախված լինում, կարող են խնդիրներ առաջանալ․ «Գյուղը չի կորցրել իր ինքնուրույնությունը, երբեք համայնքը չի ասել՝ դուք մեր ենթակայության տակ եք, այսպես պիտի լինի։ Մենք աշխատել ենք այլ սկզբունքով․ հավասարությունը պահվել է գյուղերի մեջ։ Բայց սա հետագայում խնդիր է ստեղծելու, որովհետև կարող են տարբեր մարդիկ սկսել աշխատել, որոնք որոնք իրար չկարողանան հասկանալ»։
Տավուշի մարզի մեկ այլ բնակավայր՝ Հաղարծինը, ընդգրկված է Դիլիջան խոշորացված համայնքի կազմում։ Հաղարծինի վարչական ղեկավար Գևորգ Թամրազյանի խոսքով՝ խոշորացումն ունեցել է և՛ դրական, և՛ բացասական արդյունքներ․ «Դրական կողմը միանշանակ այն է, որ դրամաշնորհների միջոցներով Դիլիջան համայնքին տրամադրվեց մեծ քանակությամբ շինարարական տեխնիկա, որը մինչ այդ մենք չենք ունեցել։ Փոքր գյուղերը, չունենալով բավականին ֆինանսական միջոցներ, շատ ժամանակ չէին կարողանում լուրջ ծրագրեր իրականացնել, քանի որ ներդրման հնարավորություն չունեին, իսկ Դիլիջանի հետ միանալով՝ այդ հարցը որոշակի չափով լուծվել է»։
Գևորգ Թամրազյանի կարծիքով՝ խոշորացման բացասական հետևանքներից մեկն այն է, որ բնակավայրերում տեղական ինքնակառավարումն իրականացվում է միջնորդավորված, քանի որ վարչական ղեկավարի պաշտոնը նշանակովի է։ Բացի այդ, ըստ նրա, լավ կլիներ, որ վարչական ղեկավարներն ունենային ֆինանսական կամ վարչական որոշ լծակներ․ «Թեկուզ ամենափոքրիկ հարցով բնակիչը եկել և ֆինանսական օգնության հարց է բարձրացնում, մենք դա որոշելու իրավասություն չունենք, պետք է դիմում վերցնենք, ուղարկենք համայնքապետարան, այնտեղ քննարկենք, որոշենք։ Բնակիչն այն ժամանակ խնդրի լուծմանը սպասում էր մեկ կամ երկու օր, հիմա բավականին երկար գործընթաց է, մինչև լուծվում է»։
Աննա Սահակյան
comment.count (0)