Ինֆոքոմ

Փաշինյանը բացատրեց՝ ինչու է վստահ, որ Տավուշի չորս գյուղերից հետո Ադրբեջանը չի պահանջի չորս գյուղ Սյունիքից

Փաշինյանը բացատրեց՝ ինչու է վստահ, որ Տավուշի չորս գյուղերից հետո Ադրբեջանը չի պահանջի չորս գյուղ Սյունիքից

Հարցնում եք՝ ինչու եք վստահ, որ 4 գյուղ չեն պահանջելու Սյունիքի մարզից [Տավուշի 4 գյուղեր տալուց հետո]․ վստահ եմ՝ մի պատճառով, որ դա լեգիտիմ չի։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Իմ ասածը կարող է չափազանցություն է հնչում, բայց մենք չորս գյուղ չենք տալիս քաղաքական եւ անվտանգային տրամաբանությամբ, մենք չորս գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ՝ Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման։ Ես վստահ եմ դրա համար, որովհետեւ այ սա (ցույց է տալիս սահիկը, որի վրա ՀՀ տարածքը նշված է 29 հազար 743 ք․ կմ) ՀՀ ինքնիշխան տարածքն է, եւ ցանկացած բան, որ մենք կպահանջենք էս տարածքում, լեգիտիմ է, եւ ցանկացած բան, որ ուրիշները կպահանջեն էս տարածքում, ոչ լեգիտիմ է»։ Ասուլիսի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ սահիկում ցուցադրած 29 հազար 743 ք․ կմ տարածքում ներառված ե՞ն Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքները (Ջերմուկում, Սյունիքում, Տավուշում)։ Փաշինյանն ասաց, որ այդ թվում մտնում են բոլոր այն տարածքները, որոնք ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե եղել են ՀՀ տարածքում, եւ այո, այդ տարածքները ներառյալ։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատերազմի դելեգիտիմացիան կարեւոր է, որովհետեւ Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմը դելեգիտիմացիայի ենթարկվել է ոչ միայն Հայաստանի կողմից, այլեւ Ադրբեջանի կողմից, որովհետեւ այդ փաստաթուղթը, որն ընդունվել է սահմանազատման հանձնաժողովների նիստում, Հայաստանը միակողմանի չի ստորագրել, ստորագրել է նաեւ Ադրբեջանը․ «Նաեւ Ադրբեջանն է դելեգիտիմացրել էդ պատերազմը, ինչու, որովհետեւ էնտեղ հստակ արձանագրված է, թե էն բոլոր հարցերը, որոնք կան, որոնք կարող էին դառնալ պատերազմի պատճառ, ինչ սկզբունքով պետք է լուծվեն»։
16:28 - 07 մայիսի, 2024
Սյունը տեղադրվել է Ոսկեպարի կամ Կիրանցի հատվածում, որ չկա «Արեւմտյան Ադրբեջան», կա սյունից էն կողմ Ադրբեջան, եւ սյունից էս կողմ՝ Հայաստանի Հանրապետություն․ Փաշինյան

Սյունը տեղադրվել է Ոսկեպարի կամ Կիրանցի հատվածում, որ չկա «Արեւմտյան Ադրբեջան», կա սյունից էն կողմ Ադրբեջան, եւ սյունից էս կողմ՝ Հայաստանի Հանրապետություն․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից շրջանառվող այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» թեմային, ասաց, որ դա սպառնալիք է ՀՀ անվտանգությանը․ «Հիմա հարց․ էդ սպառնալիքը մենք ո՞նց ենք պատրաստվում կառավարել․ հենց սահմանազատումով, որովհետեւ ես համոզված եմ, որ սյունը տեղադրվել է Ոսկեպարի կամ Կիրանցի հատվածում, որ չկա «Արեւմտյան Ադրբեջան», կա Ադրբեջան, որ սյունից էն կողմ է, եւ սյունից էս կողմ՝ Հայաստանի Հանրապետությունն է, եւ սա շատ կարեւոր է, նենց չի, որ մենք գիշերը թաքուն տարել ենք, էդ սյունը դրել․ դա տեղի է ունեցել համատեղ որոշմամբ, սրանում է ամբողջ խնդիրը։ Մենք բարձրացնում ենք էդ հարցերը, եւ միջազգային հարթակում, եւ երկկողմ բանակցություններում, եւ բանավոր, եւ գրավոր»։ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ուզում է, որ ոչ մի պահ չմոռանանք, որ մենք էս երկրագնդի վրա մենակ չենք ապրում, եւ իրադրությունների մեր ընկալումն, իհարկե, շատ կարեւոր է, բայց միայն մեր ընկալումը չի կարեւոր։  «Երբ ընդդիմադիր հարգարժան գործընկերներն իրենց միջոցառումներում Արեւմտյան Հայաստանի, էլի ուրիշ բաների մասին են խոսում․․․ Ես բան չեմ ասում։ Ուղղակի խնդրում եմ մեր բոլորի ուշադրությունը՝ էս տերմինաբանությունները կարո՞ղ է կապ ունեն իրար հետ, կամ մենք հասկանում ե՞նք՝ էս խոսույթներով ուր ենք առաջնորդում մեզ բոլորին։ Էմոցիոնալ մակարդակում, հիմա էս ամենը, որ ասում եմ, ես ՀՀ-ում ծնված-մեծացած մարդ եմ, ես կրողն եմ էն նույն սոցիալ-հոգեբանության, որը բոլորդ եք կրում, ստեղ տարբերությունն ուրիշ բանի մեջ է։ Եւ էն փոփոխությունը, որն էսօր եւ վերջին շրջանում տեղի է ունենում, ուզում եմ ձեզ ներկայացնել, որովհետեւ հարցադրումը լիարժեք կիսելով՝ ես չեմ կիսում դիտանկյունը, որից դուք նայում եք, ենթատեքստը։ Որովհետեւ էս վերջին շրջանում կարեւոր փոփոխություններ են տեղի ունենում կառավարության խոսույթում եւ մեր մտածողության մեջ։ Մենք դուրս ենք եկել եւ ընկել ենք ճանապարհ, ինքներս մեզ համար ձեւակերպել ենք, որ մենք ուզում ենք Ա կետից գնալ Բ կետը։ Սկզբից ճանապարհը նորմալ է, արահետ է, քայլում ենք, հետո գալիս է պահ, որ տեսնում ենք՝ ոնց որ արահետը վաղուց օգտագործված չի, արդեն բուսականություն է աճել, բայց մենք շարունակում ենք էդ ճանապարհով, որովհետեւ ասել ենք, որ պետք ա գնանք էդ ճանապարհով, հետո գնում ենք, տեսնում՝ ճանապարհը կորսվել է, մենք շարունակում ենք գնալ, հետո սկսվում ա մութ եւ թավ անտառը, եւ մենք շարունակում ենք գնալ։ Եւ էդ խումբը ասում է՝ էս ճամփով ոնց որ թե ուր ենք գնում, ճանփա չկա, ուղենիշ չկա, եւ բոլորի մոտ էն զգացողությունն է, որ կարո՞ղ է ճիշտ չենք գնում, կարո՞ է պետք է հետ դառնանք, եւ բոլորը մտածում են եւ մտածում են՝ բարձրաձայնեմ, թե չէ, եւ ասում են՝ բարձրաձայնեմ, մյուսները կմտածեն՝ վախեցա, շարունակում են գնալ էդ ճանապարհով, արդեն չի երեւում Բ կետին հասնելու հնարավորությունը, որովհետեւ մութ, թավ անտառ ա, ոչ ցուցանակ կա, ոչ ճանապարհ կա, եւ մենք հասկանում ենք, որ գալիս է մի պահ, որ հասկանում ես՝ մենակ էդ չի, բա ո՞նց կլնի, որ էդ ճամփից հետ դառնաս։ Գալիս է մի պահ, որ հասկանում ես էդտեղ միայն քո ասածին տեր լինելու խնդիրը չի, հասկանում ես, որ ի սկզբանե էդ դեպի Բ գետը գնալու ճանապարհը, որ ընտրել ես, ճանապարհ չկա, որ քեզ տեղ է հասցնելու, առավելագույն ճանապարհն էն է, որ մոլորվելու ես եւ կորցնելու քո ճանապարհը եւ վտանգի տակ ես դնելու քո խմբին։ Էսօր էս պրոցեսն է տեղի ունենում»,- ասաց Փաշինյանը։ ՀՀ վարչապետի խոսքով՝ այս ճանապարհը դրա մասին է, որ մենք հատել ենք էն գիծը, որ պետք է խոստովանենք ինքներս մեզ, որ էդ ուղղությամբ գնալ պետք չի, էդ ճանապարհից պետք է հետ դառնալ, որովհետեւ շարունակության պարագայում կորսվելու է ամեն ինչ․ «Բայց դա չի նշանակում, որ սա հեշտ պրոցես է, եւ չի նշանակում, որ ձեր ասած հարցերը լեգիտիմ չեն, այո, լեգիտիմ են, բայց ինչպե՞ս կառավարել․ ասում եմ՝ օրինակ՝ սահմանային սյուներով, որովհետեւ էն սյունը, որ դրվել է Ոսկեպարում, Կիրանցում, փակել է ձեր ասած խոսույթի ճանապարհը»,- ընդգծեց Փաշինյանը։
16:17 - 07 մայիսի, 2024
Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ ստանձնել է ՌԴ նախագահի լիազորությունները

Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ ստանձնել է ՌԴ նախագահի լիազորությունները

Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ ստանձնել է ՌԴ նախագահի լիազորությունները։ Ելույթում նա հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է և կլինի լավ հարաբերությունների ամրապնդման համար բոլոր այն երկրների հետ, որոնք Ռուսաստանը տեսնում են որպես վստահելի և ազնիվ գործընկեր։ Պուտինի խոսքով՝ չեն հրաժարվում արեւմտյան պետությունների հետ երկխոսությունից. «Ընտրությունն իրենցն է. մտադիր են շարունակել Ռուսաստանի զարգացումը զսպելու փորձերը, շարունակել ագրեսիայի քաղաքականությունը, տարիներով շարունակական ճնշում գործադրել մեր երկրի վրա, թե՞ համագործակցության և խաղաղության ճանապարհ փնտրել»։ Նա նշել է՝ հնարավոր է երկխոսություն, այդ թվում՝ անվտանգության և ռազմավարական կայունության հարցերի շուրջ, բայց ոչ ուժի դիրքերից, և առանց որևէ մեծամտության, միայն հավասար պայմաններում՝ հարգելով միմյանց շահերը։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում երդմնակալության արարողությանը։ Այսօր ասուլիսի ժամանակ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչու չի մասնակցում Պուտինի եդմնակալության արարողությանն այն դեպքում, երբ գնացել էր Էրդողանի եդմնակալության արարողությանը մասնակցելու, ասել էր․ «Թուրքիայի նախագահից հրավեր էի ստացել երդմնակալության արարողությանը մասնակցելու մասին, և հաշվի առնելով նաև մեր օրակարգը և առանձնահատկությունը՝ մասնակցել եմ։ ՌԴ նախագահից հրավեր ոնց որ թե չեմ ստացել, բայց եթե հրավեր ստանայի նաև, այսօրվա էս խոսակցությունը պակաս կարևոր չի ինձ համար (նկատի ունի մամուլի ասուլիսը - խմբ․)»։  
16:03 - 07 մայիսի, 2024
Այսօր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ մի կետ չի գործում. Փաշինյան

Այսօր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ մի կետ չի գործում. Փաշինյան

Ըստ էության, այսօր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ մի կետ չի գործում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, եւ ասաց՝ մի պահ ենթադրենք՝ այդպես չէ իրավիճակը։ «Ինչի՞ մասին է [եռակողմ հայտարարության] 9-րդ կետը․ ընդ որում՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ կապի մասին է։ Ոչ, դրա մասին չի։ 9-րդ կետը տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման մասին ա, եւ էդ ապաշրջափակման արդյունքում նաեւ ընդգծված է, քանի որ էդտեղ կա առանձնահատկություն, երկրից երկիր հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտության մասին։ Ադրբեջանն էսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել, ոչ մի, ո՞ր ճանապարհն ա ապաշրջափակել։ Մենք՝ ընդհակառակը, մենք ասել ենք՝ պատրաստ ենք անցման կետերը դնելու, որպեսզի ապահովենք էդ հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ։ Էդ Ադրբեջանն ա, որ չի օգտվում էդ հնարավորություն»,- ասաց Փաշինյանը։ Ընդ որում, նրա խոսքով, իրենք ասում են՝ եթե էդ ճանապարհները Հայաստանը մեզ չտա, մենք Իրանի Իսլամական Հանրապետությունով կկառուցենք․ «Մենք ասում ենք՝ նույն ձեւ, ինչ-որ ԻԻՀ-ն պատրաստ է տրամադրել, մենք էլ նույն ձեւ պատրաստ ենք տրամադրել։ Ինչո՞ւ, որովհետեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա որեւէ ակնարկ, գրառում, ձեւակերպում այն մասին, որ ՀՀ ինքնիշխանությունը եւ իրավազորությունը որեւէ ձեւով սահմանափակվում ա»։ Ըստ Փաշինյանի՝ շատ շահարկվում է եւ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե 9-րդ կետի համաձայն երրորդ կողմ պետք է ապահովի ՀՀ տարածքով անվտանգությունը․ «9-րդ կետում նման բան ընդհանրապես գոյություն չունի, հակառակը՝ գրված ա, որ ՀՀ-ն ա երաշխավորում, երաշխավորը, որ անվտանգություն ապահովվի, ՀՀ-ն է»։ Փաշինյանն ասաց, որ նոյեմների 9-ի եռակողմ հայատարարության 9-րդ կետում չկա ոչ մի ձեւակերպում այն մասին, որ ՀՀ տարածքի որեւէ հատված պետք է դուրս լինի ՀՀ կառավարության վերահսկողությունից եւ որեւէ երրորդ կողմ, կամ, մասնավորապես ՌԴ-ն պետք է այն վերահսկի․ «Չկա, նման բան գոյություն չունի ուղղակի։ Շատ կարեւոր է, որ էս կետի մեկնաբանությունը արտահայտված է ՌԴ նախագահի՝ 2020թ․-ի, եթե չեմ սխալվում նոյեմբերի10-ի կամ 11-ի հրամանագրում, որտեղ հանձնարարություն ա գրվում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերին՝ իրականացնել հսկողություն ՀՀ կողմից տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ, այսինքն՝ սուբյեկտը, որն ապահովում է տրանսպորտային կապը, ՀՀ-ն է։ Էդ կետը որեւէ կերպ չի նշանակում, որ ՌԴ-ն կարող ա կամ պետք ա լինի տեղում, որովհետեւ էդ վերահսկողությունն իրականացնելու ձեւ ասեմ, որը մենք էն ժամանակ նաեւ էդ էինք նկատի ունենում, որ, օրինակ, Հայաստանը, որպես եռակողմ հայտարարության կողմի, ասենք պարբերաբար զեկույցներ լինեն, որ էդ տրանսպորտային հաղորդակցությունն ապահովված ա, այսինքն՝ պայմանավորվածությունը կատարված է»։ Ըստ էության, այսօր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ մի կետ չի գործում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, եւ ասաց՝ մի պահ ենթադրենք՝ այդպես չէ իրավիճակը։ «Ինչի՞ մասին է [եռակողմ հայտարարության] 9-րդ կետը․ ընդ որում՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ կապի մասին է։ Ոչ, դրա մասին չի։ 9-րդ կետը տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման մասին ա, եւ էդ ապաշրջափակման արդյունքում նաեւ ընդգծված է, քանի որ էդտեղ կա առանձնահատկություն, երկրից երկիր հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտության մասին։ Ադրբեջանն էսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել, ոչ մի, ո՞ր ճանապարհն ա ապաշրջափակել։ Մենք՝ ընդհակառակը, մենք ասել ենք՝ պատրաստ ենք անցման կետերը դնելու, որպեսզի ապահովենք էդ հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ։ Էդ Ադրբեջանն ա, որ չի օգտվում էդ հնարավորություն»,- ասաց Փաշինյանը։ Ընդ որում, նրա խոսքով, իրենք ասում են՝ եթե էդ ճանապարհները Հայաստանը մեզ չտա, մենք Իրանի Իսլամական Հանրապետությունով կկառուցենք․ «Մենք ասում ենք՝ նույն ձեւ, ինչ-որ ԻԻՀ-ն պատրաստ է տրամադրել, մենք էլ նույն ձեւ պատրաստ ենք տրամադրել։ Ինչո՞ւ, որովհետեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա որեւէ ակնարկ, գրառում, ձեւակերպում այն մասին, որ ՀՀ ինքնիշխանությունը եւ իրավազորությունը որեւէ ձեւով սահմանափակվում ա»։ Ըստ Փաշինյանի՝ շատ շահարկվում է եւ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե 9-րդ կետի համաձայն երրորդ կողմ պետք է ապահովի ՀՀ տարածքով անվտանգությունը․ «9-րդ կետում նման բան ընդհանրապես գոյություն չունի, հակառակը՝ գրված ա, որ ՀՀ-ն ա երաշխավորում, երաշխավորը, որ անվտանգություն ապահովվի, ՀՀ-ն է»։ Փաշինյանն ասաց, որ նոյեմների 9-ի եռակողմ հայատարարության 9-րդ կետում չկա ոչ մի ձեւակերպում այն մասին, որ ՀՀ տարածքի որեւէ հատված պետք է դուրս լինի ՀՀ կառավարության վերահսկողությունից եւ որեւէ երրորդ կողմ, կամ, մասնավորապես ՌԴ-ն պետք է այն վերահսկի․ «Չկա, նման բան գոյություն չունի ուղղակի։ Շատ կարեւոր է, որ էս կետի մեկնաբանությունը արտահայտված է ՌԴ նախագահի՝ 2020թ․-ի, եթե չեմ սխալվում նոյեմբերի10-ի կամ 11-ի հրամանագրում, որտեղ հանձնարարություն ա գրվում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերին՝ իրականացնել հսկողություն ՀՀ կողմից տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ, այսինքն՝ սուբյեկտը, որն ապահովում է տրանսպորտային կապը, ՀՀ-ն է։ Էդ կետը որեւէ կերպ չի նշանակում, որ ՌԴ-ն կարող ա կամ պետք ա լինի տեղում, որովհետեւ էդ վերահսկողությունն իրականացնելու ձեւ ասեմ, որը մենք էն ժամանակ նաեւ էդ էինք նկատի ունենում, որ, օրինակ, Հայաստանը, որպես եռակողմ հայտարարության կողմի, ասենք պարբերաբար զեկույցներ լինեն, որ էդ տրանսպորտային հաղորդակցությունն ապահովված ա, այսինքն՝ պայմանավորվածությունը կատարված է»։ Ըստ Փաշինյանի՝ այդ կետի չկատարման մեջ մեզ մեղադրողները փորձել են ստանալ կամ ակնկալել են այդ կետի բովանդակության հետ կապ չունեցող զիջում ՀՀ-ից, որն անտրամաբանական, անթույլատրելի եւ անընդունելի է։
14:31 - 07 մայիսի, 2024
Փաշինյանը խոսեց Պուտինի երդմնակալությանը և մայիսի 9-ի շքերթին չմասնակցելու մասին

Փաշինյանը խոսեց Պուտինի երդմնակալությանը և մայիսի 9-ի շքերթին չմասնակցելու մասին

Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք զորահանդեսին չմասնակցելու վերաբերյալ հարցին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես անցած տարի միջոցառմանը մասնակցել եմ, չեմ կարծում, թե ամեն տարի պիտի մասնակցեմ։ Ես չեմ էլ հիշում էդպիսի պրակտիկա, որ ՀՀ որեւէ ղեկավար ամեն տարի մասնակցել է մայիսի 9-ի միջոցառմանը, կամ որեւէ երկրի։ Չեք կարծո՞ւմ, որ մի քիչ տարօրինակ կլինի՝ ամեն տարի ՀՀ ղեկավարը մասնակցի մայիսի 9-ի շքերթին»։ Լրագրողը դիտարկում արեց, թե ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը չմասնակցելը հնարավոր է՝ կապված է նաեւ այս ասուլիսի հետ, ինչին Փաշինյանն արձագանքեց՝ «այո, կարող է նաեւ կապ ունենալ»․ «Վաղը ես ԵԱՏՄ բարձրագույն խորհրդում նախագահում եմ եւ դե յուրե պետք է այնտեղ լինեմ, եւ դա իմ աշխատանքի մասն է, սա էլ է իմ աշխատանքի մասը, ինչպես խոսեցի՝ էս երկխոսության գործընթացը»։   Խոսելով Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների հետ կապված խնդրի մասին՝ Փաշինյանն ասաց․ «Մենք ակնկալում ենք, որ էդ հեռարձակումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ՀՀ պետական կարգը հարգեն։ Կարծում եմ՝ ինչ-որ անհավանական բան չենք ուզում։ Մանավանդ, չեմ պատկերացնում, որ ասենք նույն ՌԴ-ում հնարավոր է այնպիսի հեռուստատեսության հեռարձակում, որն ասենք նույն բառապաշարով կամ դրա 5 տոկոսի չափով խոսում է Հայաստանում հաստատված պետական կարգի, կառավարության, պետության մասին, ու հնարավոր լինի դա ՌԴ-ում շարունակի եթեր ունենալ․ բացառված բան ա։ Հիմա մենք ինչ ենք ասում, ասում ենք, որ խնդրում ենք հարգալից վերաբերմունք ՀՀ-ի եւ նրա շահերի նկատմամբ։ Մենք, հաշվի առնելով նաեւ մեր երկրների բարեկամական հարաբերությունը, պատրաստ ենք մի անգամ խնդրել, երկու անգամ խնդրել, երեք, չորս, հինգ, վեց անգամ խնդրել, յոթ անգամ խնդրել, հետո մի անգամ պահանջել, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ անգամ պահանջել, եւ եթե յոթերորդից հետո էլ էդ պահանջն արհամարհվի, ուրիշ տարբերակ չկա, պետք ա անջատվեն էդ բոլոր հեռուստաընկերությունները, ՀՀ-ում պետք ա չհեռարձակվեն»։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ խնդրանքները չբավարարելու դեպքում բացառում է, որ այդ հեռուստատեսությունները, ընդհանրապես որեւէ ռեսուրս, ընդ որում՝ որեւէ երկրի, կարող են ՀՀ-ում շարունակել իրենց հեռարձակումը։ «Երկու անգամ էլ կպահանջենք, չեղավ՝ ուրեմն խնդրում եմ՝ էս գլխից բոլորս արձանագրենք, թե ինչ ա լինելու հաջորդ քայլով»։
14:03 - 07 մայիսի, 2024
 Վաղը մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ բարձրագույն խորհդրի նիստը, նաև երկկողմ հանդիպում կունենամ ՌԴ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Վաղը մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ բարձրագույն խորհդրի նիստը, նաև երկկողմ հանդիպում կունենամ ՌԴ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Վաղը մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ բարձրագույն խորհդրի նիստը, նաև երկկողմ հանդիպում կունենամ ՌԴ նախագահի հետ: Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ։ «Օրակարգը ՌԴ-ի հետ շատ բազմազան է։ Գիտեք, որ այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ և դրանց մի մասը բարձրաձայնվել են։ Մենք երբեք չենք եղել այն կարծիքին, որ այդ հարցերը բարձրաձայնվում են բարձրաձայնվելու համար, դրանք բարձրաձայնվում են ՀՀ-ՌԴ բարեկամական հարաբերությունների համատեքստից նեգատիվ նյուանսերը հանելու նպատակով։ Իհարկե, [քննակելու ենք] ամբողջ օրակարգը մեր հարաբերությունների՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մենք կքննարկենք»,- ասաց վարչապետը՝ խոստանալով, որ հանդիպման արդյունքները հետագայում կներկայացնի։
13:29 - 07 մայիսի, 2024
Պատերազմը ներքին և արտաքին մի շարք ուժերի հարկավոր է, որպեսզի հնարավոր լինի իշխանափոխություն անել առանց ընտրությունների․ Նիկոլ Փաշինյան

Պատերազմը ներքին և արտաքին մի շարք ուժերի հարկավոր է, որպեսզի հնարավոր լինի իշխանափոխություն անել առանց ընտրությունների․ Նիկոլ Փաշինյան

Մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսեց Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլեթրի մասին․ «Ինչ վերաբերում է հոգևորականների առաջ քաշած պահանջին, այսինքն՝ կասեցվի ՀՀ-ի անվտանգության երաշխիքների ձևավորման գործընթացը, այսինքն՝ կասեցվի ՀՀ-ի ինքնիշխանության հաստատման գործընթացը․․․ Ենթադրենք էսպիսի մի իրավիճակ․ շատ լավ, կասեցնենք գործընթացը, իսկ ինչ է լինելու դրանից հետո․ լինելու է մի պարզ բան՝ սկսվելու է պատերազմ։  Ի՞նչ նպատակ է ունենալու այդ պատերազմը․ դա նպատակ է ունենալու, և ընդ որում, ես հավատացած եմ և առնվազն վերլուծությունը, թե ովքեր և ինչպես են այս պրոցեսին արձագանքում, հավատացած եմ, որ նպատակը դա է, և ի սկզբանե դա է եղել՝ թույլ չտալ, որ տեղի ունենա սահմանազատում, որի անխուսափելի հետևանքը կլինի պատերազմը, ընդ որում՝ այդ դեպքում պատերազմը դելիգիտիմացված չի լինի, և այն ուժերը, որոնք պահանջում են սահմանազատումը դադարեցնել և նաև այդ ուժերի ու արտաքին ուժերի աջակցությամբ ամեն ինչ կանեն, որ ՀՀ-ի նոր տարածքներ օկուպացվեն և դա կօգտագործեն ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ անելու համար, բայց էդ քաղաքական փոփոխությունների արդյունքում էլ շատ կարևոր է, թե ինչ է տեղի ունենալու։  ..․ Պատերազմը ներքին և արտաքին մի շարք ուժերի հարկավոր է, որպեսզի հնարավոր լինի իշխանափոխություն անել առանց ընտրությունների, որովեհտև միայն այդ սցենարն է դա հավանական է դարձնում, և իմիջիայլոց նույն սցենարը գործում էր նաև 44-րյա պատերազմի ժամանակ»։  
13:08 - 07 մայիսի, 2024
ՀՀ գոյության նպատակը քաղաքացիների ազատության, երջանկության, բարեկեցության ապահովումը․ Նիկոլ Փաշինյանը՝  ՀՀ-ում զարգացման ռազմավարական տեսլականի վերանայման անհրաժեշտության մասին

ՀՀ գոյության նպատակը քաղաքացիների ազատության, երջանկության, բարեկեցության ապահովումը․ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ում զարգացման ռազմավարական տեսլականի վերանայման անհրաժեշտության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով։ Ասուլիսի սկզբում Փաշինյանը ներկայացրեց «Իրական Հայաստան․ տեսլական» վերնագրով սահիկաշար, որի ետնանկարում պատկերված է Արագած սարը։ Նրա խոսքով՝ սահիկաշարը սպառիչ չէ, չի անդրադառնում արտաքին ու ներքին հարաբերություններին առչնվող մի շարք հարցերի և նպատակ ունի ուղենշել ՀՀ-ի զարգացման տեսլականը այսօրվանից՝ միտված լինելով ապագային։   Առաջին սահիկը վերնագրված է «Տիտղոսը», որի ներքևում նշված է Հայաստանի Հանրապետություն։ Հաջորդ սահիկաշարը՝ «Կարգավիճակը»․ «Ի՞նչ կարգավիճակ ունի Հայաստանի Հանրապետությունը»,- սահիկը ներկայացնելիս՝ հնչեցրեց Փաշինյանը եւ շարունակեց,- «Թող շատ տրիվիալ չհնչի, կարծում եմ՝ մեր իրականության մեջ արժե, որ մենք անենք հիմնական հասկացությունների ճշգրտում եւ ռեյտինգավորում, այս պատկերն այդ նպատակն ունի․ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, եւ մենք պետք է սա ունենանք ոչ միայն ուղենիշ, նպատակ, այլեւ գործողությունների եւ գործելակերպի հիմնադրույթ։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն վարում է եւ պետք է վարի ինքնուրույն քաղաքականություն»։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության ներքին հարաբերությունները հաստատվում են եւ կարգաբերվում են ՀՀ ժողովրդի կամարտահայտման միջոցով․ «Մենք երբեմն ինքնիշխանություն ասելիս հասկանում ենք մեր հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, բայց կարևոր է ինքնիշխանությունը որպես հիմք վերցնել ներքին հարաբերությունների համար, այն իմաստով, որ ներքին օրենսդրությունը եւ հարաբերությունները պետք է կարգավորվեն ժողովրդի կամքի համաձայն, այսինքն՝ ժողովուրդը պիտի լինի էդ իրավահարաբերությունների եւ դրանց հաստատման հեղինակը, եւ ինչ է կարելի եւ ինչ չի կարելի ՀՀ ներսում, եւ դա ինչպես է սահմանված՝ որպես օրենք եւ իրավակարգ, ինքնիշխանության կարեւոր ատրիբուտ է այն առումով, որ ՀՀ ժողովուրդն ինքը պետք է իր համար սահմանի ՀՀ-ում ապրելու կանոնները»։ Հաջորդ սահիկը վերնագրված է «Տարածությունը», ներքեւում նշված է «29 հազար 743 ք․ կմ»։ Փաշինյանը այսպես մեկնաբանեց․ «Երբ որ ասում ենք Հայաստանի Հանրապետություն, պետք է լինի շատ կոնկրետ, եւ երբ ասում ենք ինքնիշխանություն, պետք է մեզ համար շատ կոնկրետ լինի, թե էդ ինքնիշխանությունն ինչ տարածքի վրա է տարածվում»։ Մյուս սահիկը վերնագրված է «Պետական կարգը», ներքեւում նշված է՝ «խորհրդարանական ժողովրդավարություն [ժողովրդապետություն]»։ Փաշինյանի խոսքով՝ այստեղ շատ մեկնաբանելու բան չկա․ «Մենք ՀՀ-ն պատկերացնում ենք որպես խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող, եւ երաշխավորված, որ իշխանությունը ձեւավորվում է բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտության վրա հիմնված»։ Հաջորդ սահիկի վերնագիրը՝ «Նպատակը»։ Փաշինյանը մեկնաբանեց․ «Որն է ի վերջո ՀՀ գոյության նպատակը․ սա շատ կարեւոր, խորքային եւ սկզբունքային հարց է։ Իմ պատասխանը, մեր պատասխանը հետեւյալն է․ ՀՀ գոյության նպատակը քաղաքացիների, ինչպես նաեւ Հայաստանում ապրող մարդկանց, բայց առանցքային՝ քաղաքացիների, ազատության, երջանկության, բարեկեցության ապահովումը։ Այստեղ մենք խոսում ենք հայեցակարգային շատ էական նրբության մասին․ ՀՀ գոյության իմաստը ոչ թե պատմական արդարադատության սպասարկումն է, ոչ թե համազգային օրակարգերի սպասարկումը, այլ ՀՀ քաղաքացիների ազատության, երջանկության, բարեկեցության ապահովումը։ Ընդ որում, ես էստեղ հակասություն խնդրում եմ չտեսնել ՀՀ-ի եւ Սփյուռքի հարաբերությունների միջեւ, որովհետեւ ցանկացած հայ կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն եւ այս խոսակցության ուղիղ շահառուն դառնալ»։ Մյուս սահիկը վերնագրված է «Իրավակարգը», նշված է՝ «ժողովրդական համաձայնեցում, անցած իրավունքի վրա հիմնված արդարություն»։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում ինչպես եղել, այնպես էլ շարունակում է լինել արդարության պահանջարկ, կարիք․ «Կարեւոր է, որ մենք՝ ՀՀ քաղաքացիները, ժողովուրդը, ինքը լինի արդարության ստանդարտի հեղինակը, ստեղծողը, աղբյուրը»։  Հաջորդ սահիկը վերաբերում է տնտեսական կարգին․ «Տնտեսական կարգը մենք պատկերացնում ենք հետեւյալ կերպ․ աշխատանքի եւ գործարար ազատության վրա հիմնված սոցիալական արդարություն։ Թեզը հետեւյալն է, որ ՀՀ-ում յուրաքանչյուրը աշխատելու, իր ընդունակություններն իրացնելու եւ իր սոցիալական կարգավիճակը որոշելու հնարավորություն պետք է ունենա։ Աշխատանքի վրա պետք է հիմնված լինի սոցիալական արդարությունը»,- ասաց Փաշինյանը։ Մյուս սահիկը ցուցադրելով՝ Փաշինյանը խոսեց տարածաշրջանային միջավայրի մասին։ «Դա հնչում է հետեւյալ կերպ՝ Վրաստանի եւ Իրանի հետ բարիդրացիության խորացում զարգացում, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում, տարածաշրջանային տրանսպորտային ինտեգրում, տնտեսական կապերի հաստատում, խորացում, զարգացում։  Ինչ է նշանակում թշնամության կառավարում․ նշանակում է այնպես անել, որ էդ թշնամությունն անկառավարելի դրսեւորումներ չունենա մեր տարածաշրջանում, հասցնել այն նվազեցման փուլին, երկարաժամկետ ռազմավարության առումով այն շարժել դեպի զրոյացման ուղղություն»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս առումով հատուկ կարեւորություն են տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որովհետեւ համարում են, որ թշնամության նվազեցումն ու զրոյակցումը հնարավոր են, երբ տնտեսական հաղորդակցությունները բաց են եւ օգտագործվում են գործարարության, հաղորդակցության նպատակների համար։ Փաշինյանի ներկայացրած մյուս թեզը վերաբերում է անվտանգությանը․ «Անվտանգության ապահովումը պատկերացնում ենք [այսպես]․ արտաքին հարաբերությունների բազմազանեցում, բանակի բարեփոխումներ, համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգի ներդրում։ Իհարկե այս թվարկումն էլ համապարփակ չէ, ինչ էլ թվարկենք, ավելացնենք, մեկնաբանենք անվտանգության ապահովման՝ մեր պատկերացրած գործիքակազմը, մեր համոզմունք է, որ ամենաարդյունավետ գործիքը լեգիտիմությունն է։ Այսինքն՝ արտաքին հարաբերությունների բազմազանեցում՝ պարտադիր լեգիտիմության հենքի վրա [...] »։ Բանակի բարեփոխումների մասին խոսելիս՝ Փաշինյանն ասաց, որ ամենատարբեր կոնցեպտներ կարելի է քննարկել, եւ նշեց, թե եթե այդ բարեփոխումները հիմնված չեն լեգիտիմության, ինքնիշխանության եւ ինքնիշխան տարածքի ապահովման խնդրի վրա, ապա դրանք չեն կայանա մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով․ «Եւ համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգը կարող է լինել արդյունավետ, երբ այն հիմնվում է էլի լեգիտիմ հենքի վրա»։ Փաշինյանը նշեց, որ կարեւոր է արձանագրել նաեւ մեր «խնդիրը»․ «Խնդիրը տնտեսական զարգացումն է, որովհետեւ դրանով է, որ հնարավոր է ապահովել նախորդիվ նշված բոլոր թեզերի իրականացումը եւ իրագործումը։ Տնտեսական զարգացման մեջ մենք ամենեւին երկրորդական չենք համարում սոցիալական զարգացումը, այն առումով, որ սոցիալական զարգացում ասելով նկատի ունենք մարդկային կապիտալի զարգացումը»։ Վերջին սահիկը վերնագրված է «Գործելակարգը»․ «Մեր բոլոր որոշումները պետք է բխեն վերը շարադրված տեսլականից։ Այսինքն՝ մենք նախ պետք է մեր նպատակները ճշգրտենք եւ այդ նպատակներին ծառայեցնենք մեր բոլոր որոշումները։ Շատ կարեւոր է, որ մենք ճշգրտենք պետական շահ հասկացությունը, որովհետեւ բոլորին հայտնի է, որ որոշումները պետք է հիմնված լինեն պետական շահի վրա։ Երբեմն պետական շահը մենք շատ լղոզում եւ զրկում ենք կոնկրետությունից։ Ես գործնական խնդիր եմ համարում, որ մենք պետական շահը կոնկրետացնենք։ ՀՀ պետական շահը ընդհանրապես զարգացումը եւ մասնավորապես սոցիալ-տնտեսական զարգացումն է, եւ հետեւաբար մեր բոլոր որոշումները պետք է գնահատել ըստ այն, թե ինչքանով են դրանք համապատասխանում Հայաստանի զարգացման տեսլականին»,- ասաց Փաշինյանը։ Ամփոփելով՝ նա նշեց, որ այս ամենն իրականացնելու համար հարկավոր է խաղաղություն․ «Եւ այս է պատճառը, որ կառավարությունը որդեգրել եւ հետեւողականորեն իրագործում է խաղաղության օրակարգը։ Մենք առաջնային ենք համարում անվտանգության հարցը եւ անվտանգության երաշխիքների հարցը, եւ երբ խաղաղության օրակարգը որդեգրել ենք, որդեգրել ենք նաեւ այն փաստարկի ֆոնին, որ Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգը չի գործում ձեզ հայտնի հանգամանքների բերումով, եւ միայն խաղաղությունն է, որ կարող է երաշխավորել ՀՀ անվտանգությունը։ Խաղաղության օրակարգը որդեգրել ենք որպես ՀՀ անվտանգության ապահովման միջոց եւ իրագործում ենք որպես ՀՀ անվտանգության երաշխավորման համակարգ։ Սահմանային այն սյուները, որոնք տեղադրվում են Տավուշի մարզում, ՀՀ անվտանգության երաշխիքների սյուներն են, եւ մենք ամեն ինչ անում ենք եւ անելու ենք՝ այդ երաշխիքների սյուները ուժեղացնելու եւ շատացնելու ուղղությամբ»։  
12:21 - 07 մայիսի, 2024
18 զինծառայողի զոհվելու գործով վկաները հիշում են՝ «Ուրալը» խոցած ԱԹՍ-ն տեւական ժամանակ երկնքում է եղել

18 զինծառայողի զոհվելու գործով վկաները հիշում են՝ «Ուրալը» խոցած ԱԹՍ-ն տեւական ժամանակ երկնքում է եղել

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Արցախի Հանրապետության Իշխանաձոր գյուղի տարածքում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից 18 զինծառայողի զոհվելու հանգամանքների վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Այս գործով ամբաստանյալի աթոռին է փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։ Նա մեղադրվում է ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ դատարանն այսօր հարցաքննեց երկու վկաների՝ Իշխանաձոր համայնքի նախկին ղեկավար Արսեն Թելունցին, որն ԱԹՍ-ի հարվածից հետո առաջինն է հասել դեպքի վայր, եւ Արմեն Ավետիսյանին, որն Իշխանաձորում ծառայություն է իրականացրել որպես ոստիկան՝ վերակարգի ավագ։ Իշխանաձոր համայնքի ղեկավարն առաջինն է շտապել խոցված մեքենայի մոտ ու հոսպիտալ տարել վիրավորներին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի նախկին ղեկավար Արսեն Թելունցը ծնվել է 1977թ․ փետրվարի 9-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում, այժմ բնակվում է Կոտայքի մարզում։ Ազգությամբ հայ է, ՀՀ քաղաքացի, ամուսնացած է, ունի երեք երեխա։ Թելունցն իր իրավունքներին ծանոթանալուց հետո հայտարարեց, որ դահլիճում ներկա գտնվողներից ճանաչում է մեղադրյալին՝ անցած դատական նիստերից, ծանոթ է զոհվածներից մի քանիսի ծնողների հետ։  Վկա Արսեն Թելունցը Թելունցը սկսեց իր ցուցմունքը՝ վերարտադրելով այն օրվա դեպքերը, երբ անօդաչուն հարվածել է զինծառայողներին տեղափոխող մեքենային։ Նա նշեց, որ պատերազմի ժամանակ եղել է Իշխանաձոր համայնքի ղեկավարը, զբաղվել է քաղպաշտպանությամբ, հիմնականում հոսպիտալի հետ կապված աշխատանքներով, վիրավորներ, դիակներ, մեքենաներ տեղափոխելով։ Նա հստակ չի հիշում օրն ու ժամը, բայց հիշում է, որ դեպքի օրը, երբ լսել են անօդաչու թռչող սարքի ձայնը, միանգամից ում հնարավոր է՝ տեղեկացրել են, որ օդում բան կա, բոլորին ասել են՝ պատսպարվեն։ Սկզբում իրենց թվացել է, թե ԱԹՍ-ն կարող է հոսպիտալին հարվածել։ Նա հիշում է, որ ԱԹՍ-ի ձայնն այնպիսին էր, որ լսելի էր, հետո արդեն նաեւ տեսանելի․  «Մեր տունը հոսպիտալից մի քիչ էր հեռու, մենք արդեն մեր հայաթում էինք էդ ժամանակ։ Ահագին երկար ժամանակ պտտվում էր էդ բեսպիլոտնիկը, հետո նկատեցի, որ մի հատ բեռնատար մեքենա ա բարձրանում պադյոմը։ Երեւի թե մի քանի րոպե հետո բեսպիլոտնիկը տրաքեց, խփեց, եւ ծուխ դուրս եկավ»,- մանրամասնեց վկան՝ նշելով, որ այդ ժամանակ ինքն անմիջապես գնացել է հարվածի ուղղությամբ․ «Շատ արագ ա տեւել, երեւի երեք-չորս րոպե, հասել եմ տեղ, տեսել եմ էդ վառվող մեքենան, դրա հետեւի մասում վիրավոր զինվոր կար։ Անմիջապես մոտիկացա եւ իրեն դրեցի մեքենայի մեջ»։ Հրդեհ էր բռնկվել ու մեքենայի թափքում եղած փամփուշտները պայթում էին Խոցված «Ուրալի» մոտ Թելունցը լաց լինելիս է տեսել է զոհված տղաներից մեկի ծնողին եւ փորձել նրան հետ քաշել մեքենայի մոտից, որովհետեւ բռնկված հրդեհի պատճառով թափքում եղած փամփուշտները պայթում էին․ «Էդ մարդը չէր ենթարկվում․․․ Հետո [իմ] մեքենան շրջեցի, որ վիրավորին տանեմ հոսպիտալ, մեկ ուրիշ վիրավոր իր ոտքով եկավ նստեց մեքենան, մինչեւ էդ իրեն չէի տեսել»։  Վիրավորներին հոսպիտալ տանելուց հետո Թելունցը նորից գնացել է դեպքի վայր, բայց որդեկորույս ծնողին չի կարողացել հանգստացնել։ Հիշում է այդ ժամանակվա խոսակցություններից ու եղածից դրվագներ, ասում է՝ մեքենան բացում էին, տղաները վառվել էին։ Ի սկզբանե գյուղապետը նաեւ հրշեջներին է զանգել, որոշ ժամանակ անց տեղում արդեն տարբեր մարդիկ են հավաքված եղել, այդ թվում զինվորականներ։ Որոշ ժամանակ անց, ավելի կոնկրետ՝ զոհվածների դիակները Գորիս տեղափոխելիս են իմացել, որ 18 զինվոր է զոհվել ԱԹՍ-ի հարվածից։ Պատասխանելով հանրային մեղադրող Հայկ Մարգարյանի հարցին՝ Թելունցն ասաց, որ Ապրիլյան պատերազմի օրերից գիտեին՝ ինչպես է ԱԹՍ-ն աշխատում․ «Գիտեինք, որ խփում ա, պայթում։ Ասում են «Հարոպ» ա կոչվում, բայց հիմնականում ձայնից էինք որոշում, որ էդի ա, էլի»։ Մեղադրողի ճշտող հարցին՝ իսկ խոսակցականում ինչպե՞ս են անվանում այդ ԱԹՍ-ն, Իշխանաձորի նախկին գյուղապետն ասաց՝ «կամիկաձե ենք ասում»։  Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ այդ տարածքում (ԱԹՍ-ն մեքենային հարվածել է Իշխանաձորի խաչմերուկի մոտակայքում,-խմբ․) զորամաս, զինամթերքի պահեստ եղե՞լ է, ինչին ի պատասխան՝ Թելունցը հայտնեց, որ Իշխանաձորում զորամաս եղել է, բայց ոչ խաչմերուկի մոտ, իսկ այդ հատվածում եղել է ջրային տնտեսության ավտոպարկը․ «Նավեսի տակ զինամթերք եղել է, սնարյադի յաշիկներ ա եղել»,- նշեց Թելունցը, բայց չկարողացավ հստակ պատասխանել՝ այդ արկղերում զինամթերք եղե՞լ է, թե՞ ոչ։ Թելունցն ասաց, որ հոկտեմբերին, մասնավորապես այդ դեպքի օրվա դրությամբ, Իշխանաձորը թիկունք է եղել, ոչ թե առաջնագիծ, նա մոտավոր նշեց, որ մարտական գործողությունները եղել են 30 կմ կամ ավելի այն կողմ, եւ պատերազմի ընթացքում դա առաջին դեպքն էր, որ Իշխանաձորի երկնքում ԱԹՍ էր երեւացել։ Նրա հիշելով՝ դրանից հետո եւս մեկ դեպք է եղել։ Ձախից՝ ամբաստանյալ Անդրանիկ Վերանյանը, կողքին՝ պաշտպան Նարեկ Գրիգորյանը «Գիտեինք, որ եթե ԱԹՍ կա, պատսպարվել է պետք» Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ պատերազմի սկսվելուց ի վեր որպես Իշխանաձորի համայնքի ղեկավար, քաղպաշտպանության պատասխանատու, ինքը որեւէ հրահանգավորում ունեցե՞լ է ԱԹՍ-ներ երեւալու պարագայում։ Թելունցն ասաց, որ կոնկրետ հրահանագավորում չի եղել, բայց իրենք իմացել են, որ եթե ԱԹՍ է երեւում, պետք է պատսպարվել․ - Դա ո՞նց գիտեիք,- հարցրեց հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը։ - Ես Ապրիլյան պատերազմի ժամանակ տեսել եմ դրա պայթյունը Արալեռում, էդ ժամանակ զորակոչիկներ էինք տանում, [․․․], «ՈՒԱԶ» մեքենայով ժողովրդին տարել էի Արալեռ (այնտեղ զորամաս կար,- խմբ․), էդ ժամանակ տեսել եմ պայթյունը, լսել եմ ձայնը․․․ Էդ փորձից ելնելով․․․։ Մեր տան անմիջապես մոտ էդ կորպուսի մոբի պատասխանատուներն են եղել, ամեն մեկը մի տեղից բարձր ձայնով գոռում էր, որ օդում բան կա (2020-ի պատերազմի ժամանակ,-խմբ․), պատսպարվեք։ Երեւի տարբեր տեղերից մի չորս-հինգ տենց ձայն լսել ենք։ - Արդյունավե՞տ է այդ դեպքում պատսպարվելը։  - Դե արդյունավետն էն ա, որ մի հոգու վրա չի գցի (ԱԹՍ-ն մեկ հոգու չի հարվածի,-խմբ․), որովհետեւ ժամերով ֆռում ա, երեւի թե ավելի լավ թիրախ ճարելու համար։ - Իսկ պատսպարվելիս երբեւէ լսել ե՞ք, որ ավտոմատներով կրակեն ԱԹՍ-ի ուղղությամբ։ - Կրակել էլ ենք։ Ես կրակել էլ եմ։ - Դա արդյունավե՞տ եղանակ է։ - Դե հիմա, կարող ա, էլի, կպավ՝ կպավ։ Կրակել ենք արդեն իջնելուց։ Հաջորդ օրը կրակել ենք, էդ օրը մի քիչ հեռու էր,- ասաց Թելունցը՝ հիշելով, որ այդ նույն խոցված «ՈՒրալին» ԱԹՍ-ն օրեր անց նորից հարվածել է, երբ այն կայանված է եղել գյուղապարանի մոտի ավտոպարկում․ «Մեքենան բերել, սեւ պալատկով ծածկել էին, էդ նույն մեքենային էլի ա խփել, էդ ժամանակ կրակել ենք մենք [ավտոմատներով]»,- նշեց Իշխանաձորի նախկին գյուղապետը։ Ամբաստանյալ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը Արսեն Թելունցին հարցրեց, թե ԱԹՍ-ի ձայնը լսելուց որքան հետո է այն հարվածել մեքենային։ Թելունցը մոտավոր հիշելով ասաց՝ ԱԹՍ-ն մի ժամից ավելի օդում պտտվել է, ձայնը՝ հեռացել-մոտեցել։ Վերանյանի պաշտպանը որոշ հակասություններ է տեսնում վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում Վերանյանի պաշտպանը դատարանին միջնորդեց հրապարակել Արսեն Թելունցի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքները, քանի որ կարծում է՝ այդ եւ այսօր դատարանում հնչեցրած ցուցմունքներում հակասություններ կան, մասնավորապես ԱԹՍ-ի ձայնը լսելու տեւողության եւ հարակից տարածքում զենք-զինամթերքի առկայության հետ կապված։ Դատարանն այս միջնորդությունը բավարարեց մասնակի եւ ընթերցեց միայն նախաքննական ցուցմունքը՝ տրված 2021թ․ մարտի 26-ին։ Նախաքննական ցուցմունքում Արսեն Թելունցը նշել է, որ ԱԹՍ-ի ձայնը լսել է կես ժամից ավելի, այստեղ՝ դատարանում, նա ավելի երկար ժամանակ նշեց։ Թելունցը մեկնաբանեց, որ ԱԹՍ-ի ձայնը լսել է տեւական ժամանակ, բայց կոնկրետ թիվ նշել չի կարող, դրա համար է մոտավոր թվեր ասում, եւ անհամապատասխանությունը դրանով է պայմանավորված։ Ինչ վերաբերում է Վերանյանի պաշտպանի նկատած մյուս հակասությանը՝ Թելունցը նախաքննական ցուցմունքում նշել է, որ տարածքում զենք-զինամթերքով լիքը արկղեր են եղել, իսկ այստեղ՝ դատարանում, ասաց, որ վստահ չէ՝ արկղերում ինչ է եղել։ Այս առնչությամբ Իշխանաձորի նախկին համայնքապետն ասաց․  «Ես մինչեւ հիմա էլ գիտեմ, որ զինամթերք ա եղել, բայց կարող ա եւ սխալվեմ, միգուցե չի եղել, բայց զինամթերքի արկղեր եղել են։ Պարոն դատախազը որ ասեց մեջը զենք տեսել եք, թե չէ, ճիշտ ասեց, ես արկղեր եմ տեսել, կարող ա եղել ա, ես հիմա էլ չեմ ասում, որ չի եղել»,- պարզաբանեց Թելունցը։ Վերանյանի պաշտպանը, դիմելով նրան, ասաց․ «Ձեր ցուցմունքը հետագայում շարունակվում ա, ու տրամաբանական շղթան կառուցվում ա՝ «դրա համար էլ իրար զգուշացնում էինք, որ թաքնվենք։ Պարոն Թելունց, եթե Դուք հրթիռ, այլ զինամթերք չեք տեսել, տեսել եք միայն արկղերը, ինչո՞վ ա պայմանավորված նման ձեւակերպմամբ նախադսությունը։ Եթե եղել են ուղղակի արկղեր, արկղն իրենից վտանգ չի ներկայացնում։ Ձեր ցուցմունքի տրամաբանությունից հետեւում ա, որ եղել են հրթիռներով արկղեր, որոնք առավել մեծ վտանգի աղբյուր են»,- նշեց պաշտպանը։ Թելունցը նորից ասաց, որ ինքն իմացել է, որ ծածկի տակ զինամթերք է եղել, բայց թե կոնկրետ արկղի մեջ եղել են, թե ոչ, հիմա էլ չի կարող ասել։ Դատավորը ճշտող հարց տվեց․ - Հիմա ի՞նչ արձանագրել, զենք-զինամթերք եղե՞լ է, թե՞ ոչ։ - Չեմ կարող կոնկրետ ասել՝ զենք եղել ա մեջը, թե ոչ, արկղ եղել ա։ - Ի՞նչն է պատճառը, որ նախաքննության ընթացքում նշել եք՝ եղել է։ - Հենց երեւի էն ժամանակ, որ հարցնեին՝ մեջը զենք եղել է, նույն ձեւ կպատասխանեի՝ զենքի արկղ ա եղել։ Թելունցը նշեց, որ երբ ԱԹՍ-ն նույն մեքենային հարվածել է երկրորդ անգամ, այդ արկղերը եղել են մեքենայից 30-40 մ հեռավորության վրա, բայց որեւէ այլ պայթյուն, հրկիզում տեղի չի ունեցել։ Իշխանաձորում ծառայություն իրականացնող ոստիկանը, իմանալով ԱԹՍ-ի մասին, զգուշացրել է կանգնեցնել «Ուրալն» ու զինվորներին հորդորել պատսպարվել Հաջորդ վկան Արմեն Ավետիսյանն էր, որը պատերազմի ժամանակ Իշխանաձորում ծառայության է ընդգրկված եղել որպես վերակարգի ավագ։ Ավետիսյանը ծնվել է Չարենցավանում, 1986թ․ հոկտեմբերի 8-ին, ազգությամբ հայ է, ՀՀ քաղաքացի, ամուսնացած է։ Այժմ աշխատում է ՆԳՆ Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում, ավագ օպեր-լիազոր է։ Ավետիսյանը հայտնեց, որ դատարանում ներկաներից որեւէ մեկին չի ճանաչում։ Նշելով, որ արդեն բավական ժամանակ է անցել, նա խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը, սակայն դատավորն առաջարկեց պատմել այն, ինչ հիշում է։ Վկա Արմեն Ավետիսյանը եւ դատավոր Սուրեն Խաչատրյանը Վկան նշեց, որ ինքը շրջիկ է եղել, մշտապես պտտվել է տարածքներում, աշխարհազորայինների մոտ է եղել։ Նա կոնկրետ օր չմտաբերեց, բայց ասաց, որ իրենց ծառայողները եղել են Իշխանաձորի կենտրոնական ճանապարհի խաչմերուկի վրա, որտեղով գնում են Հադրութ, Ջաբրայիլ (Ջրական)։ Երբ Ավետիսյանը նկատել է, որ երկնքում անօդաչու կա, անձնակազմին զգուշացրել է, որ մեքենաներին, մարդկանց կանգնեցնեն, հորդորեն ուշադիր լինել՝ վտանգ կա․ «Էդ պահին ես գնալիս եմ եղել, էդտեղից մի 200 մ հեռավորության վրա բենզալցակայան կար։ Անվտանգությունից ելնելով իջել եմ մեքենայից, տեսել եմ, որ զինվորական մեծ մեքենա է գալիս, մեջն էլ զինվորներ։ Անմիջապես տեղեկացրել եմ մեր աշխատակիցներին, ասել եմ շուտ տեղեկացրեք, որ վերեւը անօդաչու կա, թող ապահովության համար իջնեն մեքենաներից։ Վերջը, մեր տղաները տեղեկացրել են, զորքն իջել է, ինձ դրա մասին հայտնել են։ Դրանից հետո մոտենում է, եթե ճիշտ եմ հիշում, կամուֆլյաժ «պիկապ» մեքենա»,- ասաց վկան՝ նշելով, որ այդ մեքենան մոտենում է պատսպարվելու հորդորից մոտ տասը րոպե անց։  Վկան լսել է, թե հրամանատարը բարկացել ու զինվորներին հրահանգել է հետ նստել մեքենան Ավետիսյանի պատմելով՝ այդ մեքենայի մոտենալուց հետո զինվորների մեքենան նորից շարժվել է․ «Լսել եմ, որ այդ մեքենան մոտենում է այնտեղ (զինվորների մեքենային,-խմբ․), այնտեղ դուրս է գալիս իրենց կամանդիրը, էդ մեքենայի պատասխանատուին հայհոյելով ասում է՝ ձեզ ով է ասել մեքենայից իջնեք, շուտ նստեք մեքենան, մենք գնում ենք առաջադրանք կատարելու, թե ինչ․․․ Ու շարժվում են, մենք կանգնած նայում ենք էդ ԱԹՍ-ին, որ տեսնենք՝ որ ուղղությամբ է [շարժվում], որովհետեւ մինչեւ էդ էլի են եղել դեպքեր, երբ եկել ա դեպի մեր ուղղությամբ, թաքնվել ենք, ընկել ա ուրիշ ուղղությամբ»,- պատմեց վկան։ Ըստ նրա՝ զինվորների մեքենան այդ ժամանակ սկսել է շարժվել։ Հետո իջնելիս տեսել են ԱԹՍ-ն ու պայթյուն է որոտացել։ Այդ պահին Ավետիսյանը կապ է հաստատել գործընկերների հետ, որոնք էլ հայտնել են, որ զինվորական մեքենան է խոցվել․ «Ասում եմ՝ ո՞նց զինվորական, բա դուք կանգնեցրել էիք։ Բա՝ սենց, սենց, կամանդիրը եկել ա, սենց․․․ Բարձրացել են ինչ-որ առաջադրանք կատարելու։ Իմ հիշելով՝ էսքանը»,- եզրափակեց Ավետիսյանը։ Հետագայում նա երկմտեց՝ իսկապե՞ս պայթյունից հետո է այս վերջին զանգը եղել, թե՞ առաջ, ասաց՝ ամենայն հավանականությամբ՝ պայթյունից առաջ։ Պատասխանելով հանրային մեղադրողի հարցին՝ նա հայտնեց, որ նշված ժամանակ Իշխանաձորի գյուղապետարանի հարակից տարածքում՝ կենտրոնական ճանապարհի վրա, իր հետ ծառայություն են իրականացրել ոստիկաններ Սենիկ Հովհաննիսյանը եւ Աղաբեկ Խաչատրյանը․ - Երբ նշում եք՝ կապ տվեցի, ասացի, ասացին, այդ անձանց մասի՞ն է խոսքը,- ճշտեց մեղադրողը։ - Այո,- պատասխանեց վկան, բայց չմտաբերեց՝ կոնկրետ ում հետ է խոսել, միայն հիշեց, որ ռադիոկապով է հաղորդել ԱԹՍ-ի առկայության մասին։ Վկան նշեց, որ 20-30 րոպե լսել է ԱԹՍ-ի տատանվող ձայնը, բայց չի ենթադրել՝ ինչ տեսակի է ԱԹՍ-ն։ Նա լսել է, որ ասում են «կամիկաձե», ինքն էլ այդ բառն է կիրառել, բայց չգիտի՝ դա ինչ է նշանակում։  Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ ԱԹՍ-ի հայտնվելու պարագայում կոնկրետ հրահանգավորում ունեցե՞լ է՝ ինչ անել, եւ բացասական պատասխան ստանալու հետո հարցրեց՝ այդ դեպքում ինչո՞ւ է զանգել, զգուշացրել, որ մյուսները պատսպարվեն։ Վկան պատասխանեց․ «Ինքս եմ որոշել»։ - Իսկ արդյունավե՞տ որոշում է դա։ - Ճիշտ այդպես։ - Ինչո՞վ եք հիմնավորում։ - Որովհետեւ էլի դեպքեր են եղել, երբ մարդիկ պատսպարվել են, վտանգից ազատվել,- նշեց վկան։ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը վկա Ավետիսյանից ճշտեց՝ ե՞րբ է լսել-նկատել ԱԹՍ-ն։ Վերջինս ասաց, որ պատերազմի օրերին մեքենայի լուսամուտները իջեցրած էին վարում, որպեսզի ԱԹՍ-ի ձայնը լսվի, եւ քանի որ ինքը հանգիստ շարժվելիս է եղել, լսել է թռչող օբյեկտի ձայնը։ Պաշտպանի հարցին պատասխանելիս վկան ասաց, որ Սենիկ Հովհաննիսյանն է իրեն ռադիոկապով տեղեկացրել ԱԹՍ-ի մասին, մինչդեռ ցուցմունքում հակառակն էր նշել․ - Այսինքն՝ ոչ թե Դուք եք զանգել Սենիկին ու Աղաբեկին, այլ հակառա՞կը,- հարցրեց պաշտպանը։ - Սկզբում այո։ - Ե՞րբ նկատեցիք «Ուրալը» գալուց։ - Երբ ես մեքենայից արդեն դուրս եմ եկել, մեքենաս կանգնեցրել եմ, կլիներ ահագին ժամանակ, որ նկատել եմ [ԱԹՍ-ն], մոտ քսան-երեսուն րոպե պտտվելուց ա եղել, ոնց որ ձայնը մոտենար-հեռանար։ Ես իջել եմ, ահագին ժամանակ նայել եմ, տասը-տասնհինգ րոպե, դրանից հետո ես լարված նայում էի երկինք, որ ինչ-որ բան տենայի, չէի տենում, ձենն էի զգում, ու մեքենան էկել ա էդ ընթացքում։ - Ինչո՞ւ Դուք չկանգնեցրիք։ - Ես հեռու էի, ես իմ մեքենան կանգենցրել եմ, գնացել փլատակների մոտ, իսկ մեքենան («Ուրալը»,-խմբ․) ճանապարով, ինձնից հիսուն-վաթսունմետր հեռու է եղել։  - Ձեր մոտից վիզուալ դիտարկվո՞ւմ էր խաչմերուկի տարածքը։ - Չէ։ Մյուս վկան եւս համոզված է՝ երբ ԱԹՍ կա երկնքում, պետք է պատսպարվել Վկա Արմեն Ավետիսյանն էլ նշեց, որ ԱԹՍ-ի առկայության պարագայում պատսպարվելն արդյունավետ միջոց է։ Նա նաեւ ասաց, որ ինքն էլ է տարածքում արկղեր տեսել, բայց չի կարող ասել՝ դրանք զենք-զինամթերքով բեռնված եղել են, թե ոչ։  Պաշտպանը միջնորդեց հրապարակել նաեւ Ավետիսյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքները՝ նշելով, որ դարձյալ հակասություններ է նկատել՝ նախկինում վկան ասել է, որ մեքենայից դուրս է եկել, լսել է ԱԹՍ-ի ձայնը, հիմա ասում է՝ զանգել-զգուշացրել են, որ օդում վտանգ կա․ «Գործողությունների հերթականությունը տարբերվում է»,- նշեց պաշտպանը։ Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ վկան հիմա՞ է ավելի լավ հիշում այդ օրվա եղելությունը, թե՞ նախաքննական ցուցմունքի ժամանակ։ Վկան նշեց, որ այն ժամանակ՝ քննիչի մոտ հարցաքննվելիս, որովհետեւ երեք տարի առաջ հիշողություններն ավելի թարմ են եղել․ «Էդ ժամանակ ամեն օր գլխիս մեջ էդ էի տեսնում։ Քննիչի մոտ ասված ամբողջն իրականություն է»։ Դատարանը պաշտպանի միջնորդությունը բավարարեց ամբողջությամբ եւ ընթերցեց Արմեն Ավետիսյանի նախաքննական ցուցմունքը։ Պաշտպանը նկատեց, որ նախաքննական ցուցմունքից հայտնի է դառնում, որ ոչ թե վկայի գործընկերներն են տեղեկացրել ԱԹՍ-ի մասին, այլ հակառակը, ինչին Ավետիսյանն արձագանքեց․ «Շատ հնարավոր ա, ես ասացի՝ բավական ժամանակ ա անցել, ես չեմ մտաբերում՝ ոնց ա եղել իրականում, ես եմ զանգել, թե իրենք են զանգել ինձ։ Պատվարժան դատարանը ներկայացրեց իմ ցուցմունքը, ես լիովին ճիշտ եմ ընդունում այն, քանի որ ինչ եղել ա, էդպես գրվել ա թղթի վրա»։ Դատական քննության ընթացքում տված ցուցմունքը հրապարակելու տեխնիկական անհնարինություն կար այսօրվա նիստում, ուստի դատավորը որոշեց այն հրապարակել հաջորդ նիստի ժամանակ։ Դատական նիստն այսօր հետաձգվեց։ Հայարփի Բաղդասարյան
22:58 - 06 մայիսի, 2024
Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ: Նա Ադրբեջան է այցելել Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության հարցեր, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովը խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին և ընդգծել, որ Բաքուն հաստատակամ է իրական արդյունքների հասնելու կարգավորման գործընթացի բոլոր կետերում։ Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածությունները առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում։
20:05 - 02 մայիսի, 2024
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն սահմանազատված հատվածներում այլևս ծառայություն չի իրականացնելու․ Փաշինյան

Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն սահմանազատված հատվածներում այլևս ծառայություն չի իրականացնելու․ Փաշինյան

Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու՝ սահմանի պահպանության համար։ Սահմանի պահպանության հարցը ամբողջությամբ իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը։  Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։ «Սահմանազատված հատվածներում Պաշտպանության նախարարությունը ծառայություն չի իրականացնելու։ Սահմանի պահպանության հարցը ամբողջությամբ իրականացնելու է ԱԱԾ սահմանապահ զորքերը։ Որովհետև սահմանապահ զորքերի մանդատն է իրականացնել ՀՀ-ի սահմանի պահպանությունը։ Այսինքն էդ հատվածում, սահմանի վրա մենք Պաշտպանության նախարարության դիրքեր չենք ունենալու և հնարավոր է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն էդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականանցելու»,- ասել է վարչապետը։
23:16 - 01 մայիսի, 2024
Հստակ օրակարգ, քաղաքական առաջնորդություն և գործողությունների ճանապարհային քարտեզ․ Ազնավուրի հրապարակում ընթանում է հանրահավաք

Հստակ օրակարգ, քաղաքական առաջնորդություն և գործողությունների ճանապարհային քարտեզ․ Ազնավուրի հրապարակում ընթանում է հանրահավաք

Երևանի Ազնավուրի հրապարակում ընթանում է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության և Ռեալիստների դաշինքի հանրահավաքը՝ «Վիճակը պայթյունավտանգ է» կարգախոսով։  Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ, Ռեալիստների դաշինքի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Տավուշում տեղի ունեցող իրադարձություններին՝ նշելով, որ քաղաքական ուժերը պետք է Երևանում քաղաքական օրակարգ ձևավորեն։ Նրա խոսքով՝ Տավուշը դիմադրության արժանապատիվ խորհրդանիշ է, սակայն հաջողության հնարավոր չի լինի հասնել, եթե այդ դիմադրությունը քաղաքական կապիտալիզացիայի չենթարկվի Երևանում։  «Խորհրդարանական ընդդիմությունը երկու քայլ պետք է անի․ սկսի իմպիչմենտի գործընթաց, որը գուցե խթան հանդիսանա, որ հասարակությունը այլընտրանք տեսնի ու դուրս գա, կամ էլ ընդդիմությունը պետք է մանդատները վայր դնի»։ Սուրենյանցը արձանագրեց՝ ցավոք սրտի, Տավուշի պրոցեսը հասել է անշրջելիության կետի․ «մենք չկարողացանք այնպիսի գործընթաց գեներացնել, որ այդ միակողմանի զիջումների դեմը առնենք, դուք շատ լավ գիտեք, որ պրոցեսը մեծ թափով առաջ է գնում»։ Նրա կարծիքով՝ պետք է հստակ օրակարգ, քաղաքական առաջնորդություն և գործողությունների ճանապարհային քարտեզ։ Սուրենյանցը նաև հայտնեց, որ հինգշաբթի օրը բոլոր ընդդիմադիր կուսակցություններին հրավիրելու են քննարկման, քանի որ ոչ մեծ, ոչ էլ փոքր կուսակցությունները ինքնուրույն չեն կարող լուծել այս խնդիրը։
15:33 - 27 ապրիլի, 2024
Տեսե՞լ եք սյունի նկարը․ էդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է․ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ

Տեսե՞լ եք սյունի նկարը․ էդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է․ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ։ Բանախոսության ժամանակ նա արձանագրեց՝ քաղաքացին պետություն ունենալու կարևոր ու անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար պայման։  «Ո՞րն է հաջորդ պայմանը պետություն ունենալու․ դա տարածքային ամբողջականությունն է։ Չի կարող լինել պետություն առանց տարածքի»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ մինչև Գավառ հասնելը հացի արտադրամասում քաղաքացիներից մեկը վարչապետին հարցրել է՝ «ինչու՞ են գյուղերը տալիս թուրքերին»․ «Սա շատ կարևոր հարց է․ ես չեմ ուզում հիմա էն քաղաքական մակարդակներում ասածս ասել, որ ՀՀ-ում երբեք այդպիսի գյուղ չի եղել․ էդ մասը չեմ ուզում ասել։ Բայց ուզում եմ ասել՝ էս որոշումները մենք ինչի համար ենք կայացնում․ կայացնում ենք ֆիքսելու համար ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Տեսե՞լ եք էն սյունի նկարները, որ հրապարակվել է․ էդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է։ Մենք էս որոշումները կայացնում ենք այն արձանագրմամբ, որ եթե պետության կարևոր նախապայմաններից մեկը քաղաքացին է, երկրորդը տարածքն է ու տարածքային ամբողջականությունը»։  Փաշինյանի խոսքով՝ տարածքային ամբողջականություն նշանակում է տվյալ երկրի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք, քանի որ տարածք կարող է լինել, բայց չլինել միջազգայնորեն ճանաչված։  «Երբ մենք փորձում ենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը փորձում ենք խառնել մեր միջազգայնորեն չճանաչված տարածքի հետ, միջազգայնորեն ճանաչված տարածքը միջազգայնորեն ճչանաչված դարձնելու ռիսկի ենք ենթարկում մեր պետությունը։ Ինչը և մենք երկար տարիներ արել ենք»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ չի ուզում խոսել դրա մասին։  «Մի տեղ փակ խոսակցություն էր (կուսակցական ֆորմատում), եւ ես այդ հարցը տալիս էի՝ հարց են հնչեցնում (մարդիկ-խմբ․)՝ ինչու եք չորս գյուղը տալիս Ադրբեջանին, ես ասում եմ՝ մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ, որ ՀՀ-ն ագրեսոր պետություն է, որպես փաստարկ՝ ՀՀ-ի դեմ ագրեսիվ քաղաքականություն վարելու՝ այն ըմբռմամբ, որ այդ ագրեսիվ քաղաքականության մեջ կարող են շահագրգռված լինել ոչ միայն նրանք, ում մենք սովորաբար ընկալում ենք որպես թշնամի, այլև նրանք, ում մենք համարել, համարում կամ կհամարենք բարեկամ։ Սա մեր քաղաքականության հասունության շատ կարևոր պահն է, որ մենք կարողանանք աշխարհը ընկալել այնպիսին, ինչպիսին այն կա իրականում։ Իսկ աշխարհը շատ վտանգավոր տեղ է․ լավ տեղ, հաճելի տեղ, իհարկե, բայց պետք է չմոռանալ, որ շատ վտանգավոր տեղ է։ Եթե մենք շարունակենք աշխարհը ընկալել երկու հարթությամբ, մենք խնդիրներ կունենանք։ Եվ մենք ունենք արդեն այդ խնդիրները և դրա պատճառներից մեկը այն է, որ մենք աշխարհը ընկալել ենք և, ցավոք, երբեմն չենք շարունակում ընկալել որպես վտանգավոր տեղ»,- ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 
12:23 - 27 ապրիլի, 2024
Ոստիկանությունը հերքում է լուրերը, թե պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Ոստիկանությունը հերքում է լուրերը, թե պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

ՆԳՆ ոստիկանությունից «Ինֆոքոմի» հետ զրույցում հայտնեցին, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկվել։ Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Խաչատրյանն ինքը հաստատել էր, որ բերման է ենթարկվել և Հրազդանի ոստիկանաության բաժանմունքում է։ Հիշեցնենք, որ քաղաքացիները փակել էին Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդան քաղաքի հատվածում։ Այնտեղ էին նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արման Ղազարյանը ու Արթուր Խաչատրյանը։ Արթուր Խաչատրյանը բանավիճում էր ոստիկանների ու նրանց կողքին կանգնած քաղաքացիական հագուստով մի անձի հետ, որը հայտարարում էր, թե ինքը եկել է հասարակական կարգը պահելու։ Բանավեճի ընթացքում վերջինս սկսեց քաշքշել պատգամավորին, ինչից հետո ոստիկանները հրելով հեռացրին Խաչատրյանին տարածքից։
18:09 - 26 ապրիլի, 2024
ԱԺԲ-ի ակցիայից ոստիկանություն տարված 96 մասնակիցներից 88-ն ազատ է արձակվել․ ՔԿ

ԱԺԲ-ի ակցիայից ոստիկանություն տարված 96 մասնակիցներից 88-ն ազատ է արձակվել․ ՔԿ

ԱԺԲ-ի երեկվա ակցիայից ոստիկանություն տարված 96 մասնակիցներից 88-ն ազատ է արձակվել․ նրանց նկատմամբ կազմվել է կամ կազմվելու է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Այս մասին Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից՝ նշելով, որ մյուս 8-ը ներկայացվել է Քննչական կոմիտե։  ՔԿ-ից տեղեկացրին, որ 7 անձ ձերբակալվել է «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ առերեւույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու եւ հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։   Մյուս՝ 1 քաղաքացու հետ կապված դրվագի վերաբերյալ տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ։ Հիշեցնենք, որ երեկ Ազգային - Ժողովրդավարական Բևեռը հավաք էր իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։  Բևեռը հայտարարություն էր տարածել, նշելով, որ ոստիկանությունը բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկել նաև Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանին և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:
14:26 - 25 ապրիլի, 2024