Սահմանադրական դատարան - ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարան - Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին։

Ընդդիմադիր 6 պատգամավոր՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի թիրախում․ ԱԺ ⅕-ը դիմել է ՍԴ |fip.am|

Ընդդիմադիր 6 պատգամավոր՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի թիրախում․ ԱԺ ⅕-ը դիմել է ՍԴ |fip.am|

fip.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների 6 պատգամավորների պատկանող գույքի ծագման օրինականությունն ուսումնասիրվում է ՀՀ դատախազության՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում։  Այս մասին, հարցմանն ի պատասխան, հայտնում են ՀՀ դատախազությունից:   Միևնույն ժամանակ, մեկ այլ հարցմանն ի պատասխան, Սահմանադրական դատարանից հայտնեցին, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններից 26 պատգամավորներ՝ խորհրդարանի մեկ հինգերորդը, դիմել են Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով:  ՍԴ-ից պարզաբանեցին, որ հայտը դեռևս վարույթ չի ընդունվել և նախնական ուսումնասիրության փուլում է։  Դատարան դիմած պատգամավորների անուններն ի հայտ կգան հայցի վարույթ ընդունվելու դեպքում։ Մինչ այդ փաստենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մեծ մասը վիճարկում է մի օրենքի սահմանադրականությունը, որն անմիջապես վերաբերում է իրենց պատգամավոր գործընկերների անձնական շահերին։    «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 16-ին։  Ըստ օրենսդրական փաթեթի հիմնավորման, «առանց մեղադրական դատավճռի ակտիվների բռնագանձման մեխանիզմը․․․ թույլ է տալիս անօրինական ճանապարհով ստացված գույքի վրա արգելանք կիրառել և այն բռնագանձել առանց անձի նկատմամբ մեղադրական դատավճռի կայացման։ Սա հատկապես կարևոր գործիք է, այն դեպքերի համար, երբ քրեական հետապնդումն իրականացնելն անհնար է օբյեկտիվ պատճառներով»։    Նանե Մանասյան
15:19 - 31 հունվարի, 2022
ԱՄՆ-ն հանձնառու է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը արդարադատության և այլ ոլորտներում. Թրեյսին՝ ՍԴ նախագահին

ԱՄՆ-ն հանձնառու է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը արդարադատության և այլ ոլորտներում. Թրեյսին՝ ՍԴ նախագահին

2022 թվականի հունվարի 27-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ժողովրդավարության, կառավարման և իրավունքի գերակայության ծրագրերի պատասխանատու Քելի Սթրիքլենդը, ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին և ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զեպֆելը։   Ողջունելով ամերիկացի գործընկերներին՝ Արման Դիլանյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան փոխգործակցությունը և դատաիրավական ոլորտում երկկողմ օրակարգի իրագործման ուղղությամբ շարունակապես տարվող աշխատանքը: Արման Դիլանյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն ունի ներքին բարեփոխումների հավակնոտ օրակարգ և հաստատակամ է այն կյանքի կոչելու հարցում, և միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ օժանդակությունն էլ ավելի կխթանի դրանց բարեհաջող իրականացումը:   Իր հերթին՝ դեսպան Թրեյսին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել, որ ԱՄՆ վարչակազմը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ՝ արդարադատության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ոլորտներում: Այս համատեքստում դեսպան Թրեյսին կարևորել է Բարձր դատարանում մեկնարկած ներքին բարեփոխումների գործընթացը:   Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ  
22:14 - 27 հունվարի, 2022
Արամ Վարդևանյանը տեղեկացրել է, որ ևս երկու դիմում են ներկայացրել ՍԴ

Արամ Վարդևանյանը տեղեկացրել է, որ ևս երկու դիմում են ներկայացրել ՍԴ

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ևս երկու դիմում են ներկայացրել ՍԴ․ «Սիրելի հայրենակիցներ, Ցանկանում եմ տեղեկացնել այս ժամանակահատվածում իրականացված որոշ գործողությունների մասին. 1) Մեր կողմից ներկայացվել են ևս երկու դիմումներ Սահմանադրական դատարան: Առաջինը վերաբերում է քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածին՝ կալաանվորման ինստիտուտին, հիմնավոր կասկած հայտնի ձևակերպման որոշակիության խնդիրին, ապացուցման շեմին, ԲԴԽ-ի կողմից դրա մեկնաբանման հանգամանքին: Նույն դիմումով վիճարկել ենք նաև կալանավորման հիմքերի վերացարկման անթույլատրելիության հարցը: Նշվածը կարող է նպաստել կալանավորման անընդունելի կիրառման պրակտիկայի զսպմանը: Երկրորդ դիմումը վերաբերում է հենց ԶԼՄ ոլորտին: Վիճարկել ենք «Գնումների մասին» օրենքի հայտնի ձևակերպումը համաձայն որի Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և Վարչապետի ի թիվս այլ ծախսերի արարողակարգային, կեցության, սննդի ծախսերը համարվում են պետական գաղտնիք: Նշված կարգավորումը և դրա կիրառումը հատկապես վերջերս ապացուցում են, որ թվարկված պաշտոնատար անձինք դուրս են մնում հանրային վերահսկողությունից, ինչն անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում: 2) Մշակվել են մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, որոնցից ուզում եմ հատկապես նշել ցանկացած մեքենա վարողի համար հայտնի «բալային համակարգի» տուգանային միավորների վերացման նախագիծը: Վիաճակագրական տվյալները հիմնավորում են, որ նշված կարգավորումը դրական ազդեցություն ճանապարհային անվտանգության ոլորտում չեն ունեցել: Ավելին՝ 2021 թվականի ընթացքում կայացվել են տուգանային միավոր նախատեսող 173189 որոշում: Այո հենց՝ 173189 որոշում: 3) ՊՇՌ թեստերի ծախսերի մասով ևս մեկ անգամ ուզում եմ բառացի մեջբերում կատարել ՍԴ որոշումից, որը մինչ օրս չի կատարվում Կառավարության կողմից. «համավարակի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում առաջացած իրավիճակը ենթադրում է կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը նաև հանրային աջակցություն՝ սոցիալական համերաշխության օրակարգով»: Որևէ ՍԴ պահանջած հանրային աջակցություն մինչ օրս հակասահմանադրական եղանակով չի իրականացվում, այդ թվում անտեսելով նվազագույն աշխատավարձի չափը և ՊՇՌ թեստերի անհամաչափ բեռը: Այս մասով մեր հայրենակիցներին հավելյալ տեղեկություն եմ տրամադրելու առաջիկայում»:
14:37 - 25 հունվարի, 2022
ՄԻՊ–ն արտահերթ զեկույց է հրապարակել ՍԴ-ում ձայները հավասար բաշխվելու դեպքում որոշում կամ եզրակացություն չկայացվելու վերաբերյալ

ՄԻՊ–ն արտահերթ զեկույց է հրապարակել ՍԴ-ում ձայները հավասար բաշխվելու դեպքում որոշում կամ եզրակացություն չկայացվելու վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է արտահերթ զեկույց` Սահմանադրական դատարանում ձայները հավասար բաշխվելու դեպքում որոշում կամ եզրակացություն չկայացվելու և դիմումը մերժված համարելու բացասական ազդեցությունը մարդու սահմանադրական իրավունքների վրա։ «Հարցն այն է, որ Սահմանադրական դատարանը կարող է մերժել քննության ընդունված դիմումը, երբ ՍԴ-ում ձայները հավասար են բաշխվում ու ՍԴ-ն որոշում կամ եզրակացություն այդ դեպքում չի կայացնում: Խոսքը վերաբերում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասին, որը դատարանին հնարավորություն է տալիս մերժված համարելու արդեն քննության ընդունված այն դիմումը, որի քննարկման վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում կամ եզրակացություն չի ընդունվում: Այս հարցով դիմել եմ նաև Սահմանադրական դատարան, որի համար ազդակ է դարձել 09.12.2020թ. ՍԴ ներկայացված իմ այն դիմումը, որով վիճարկել եմ ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի և 422-րդ հոդվածի սահմանադրականությունը: Մասնավորապես, խոսքն այդ դիմումի քննարկման այնպիսի արդյունքի մասին է, որով դիմումը ՍԴ-ն մերժված է համարել քննարկվող հարցը ձայների հավասարության պատճառով:Նշված դիմումով վիճարկում էի այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար: Սահմանված են միայն տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու կոնկրետ իրավախախտման հանգամանքները: ՍԴ-ն իմ այդ դիմումի կապակցությամբ այդպես էլ ըստ էության որևէ որոշում չի կայացրել:«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումը վիճարկվել է՝ ելնելով հետևյալ հիմնական մոտեցումներից. - Սահմանադրական դատարանին դիմում ներկայացնելն ու դատարանի կողմից որոշում կայացնելը մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոց է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի իմաստով. - Սահմանադրական դատարանը կոնկրետ գործերով իրականացնում է կոնկրետ անձանց իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման գործառույթ, քանի որ վիճարկվող նորմը կամ դրա մեկնաբանությունը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչող ՍԴ որոշման հիման վրա անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման:Մինչդեռ, Սահմանադրական դատարանում արդեն քննության ընդունված գործով դիմումը տեխնիկական նկատառումներով մերժվելու դեպքում, փաստորեն, մարդը զրկվում է իր խախտված իրավունքների վերականգնման այդ հնարավորությունից.- Սահմանադրական դատարանը սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության միջոց լինելուց բացի նաև իրականացնում է կանխարգելիչ գործառույթ:Սահմանադրական դատարանի որոշումներում ամրագրված ուղենիշային դիրքորոշումները կանխարգելիչ նշանակություն ունեն իրավունքների հետագա խախտումները բացառելու և Սահմանադրության ու մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքների ապահովման տեսանկյունից: Հատուկ ընդգծեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան դիմելը նպատակ ունի ներկայացնելու անհատական դիմում բողոքների արդյունքներով արձանագրված համակարգային խնդիրները, պայքարել խնդիրների արմատների դեմ, ինչպես նաև նպաստել դրանց լուծմանը և հետագայում նմանատիպ խնդիրների և խախտումների բացառմանը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումներով, փաստորեն, արձանագրվում են Պաշտպանի դիմումներով բարձրացված համակարգային խնդիրները, վիճարկվող նորմերը ճանաչվում են Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ առնվազն տրվում են վիճարկվող նորմերի պաշտոնական մեկնաբանություններ:Մինչդեռ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասը կիրառելու արդյունքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումում նշված համակարգային խնդիրները մնում են չլուծված, իրավունքների խախտումները՝ չվերացած՝ դրանով իսկ առկախված թողնելով վիճարկվող նորմի իրավաչափության հարցն, առհասարակ:Ստացվում է՝ ՍԴ-ն կարող է հրաժարվել իրավունքների պաշտպանությունից՝ մարդուն թողնելով իր խնդիրների հետ:Մարդու իրավունքների պաշտպանի դեպքում դա էլ իր հերթին անխուսափելի բացասական ազդեցություն է ունենում Պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքի, Պաշտպանի սահմանադրական գործառույթների վրա, խաթարում է հանրային  վստահությունը սահմանադրական այս հաստատության նկատմամբ: Սահմանադրական դատարանում քննվող գործի վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու կարևորությունն ու անհրաժեշտությունն ընդգծվում է հատկապես այն բանի հաշվառմամբ, որ Սահմանադրական դատարանի որոշումների պատճառաբանական մասում շարադրված իրավական դիրքորոշումները իրավունքի աղբյուր են և իրենց բնույթով հանդիսանում են սահմանադրական դրույթների պաշտոնական մեկնաբանություն։Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։
17:28 - 14 հունվարի, 2022
ՄԻՊ-ը դատարան դիմելու համար պետական տուրքի դրույքաչափերի մինչև 10 անգամ բարձրացման վտանգների վերաբերյալ արտահերթ զեկույց է հրապարակել

ՄԻՊ-ը դատարան դիմելու համար պետական տուրքի դրույքաչափերի մինչև 10 անգամ բարձրացման վտանգների վերաբերյալ արտահերթ զեկույց է հրապարակել

ՄԻՊ Արման Թաթոյանը դատարան դիմելու համար պետական տուրքի դրույքաչափերի մինչև 10 անգամ բարձրացման վտանգների վերաբերյալ արտահերթ զեկույց է հրապարակել ․ «Իմ համոզմամբ՝ սահմանված նոր դրույքաչափերը ստեղծում են մարդու խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու իրական խոչընդոտներ և հանգեցնում են դատարանի մատչելիության անհիմն սահմանափակումների: Մասնավորապես, 2021 թվականի հոկտեմբերի 29-ին ուժի մեջ են մտել «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված այն լրացումներն ու փոփոխությունները, որոնցով զգալիորեն բարձրացվել են դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև գործում առկա լուսանկարների (լուսաժապավենների), ձայնագրությունների, տեսագրությունների և դրանց էլեկտրոնային կրիչների բնօրինակից պատճենահանված կրիչ տալու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը: Օրինակ՝ պետական տուրքի նվազագույն շեմը 1500 դրամից դարձել է 6000 դրամ, ոչ դրամական պահանջներով հայցադիմումների համար նախատեսված 4000 դրամ պետական տուրքը՝ 20.000 դրամ, ոչ դրամական պահանջի գործերով վերաքննիչ բողոքների համար նախատեսված պետական տուրքը 10.000 դրամից՝ 30.000 դրամ, վճռաբեկ բողոքների դեպքում՝ 20.000 դրամից 40.000 դրամ, իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար նախատեսված 500.000 դրամ պետական տուրքը՝ 1.000.000 դրամ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար ներկայիս 2.000 դրամը՝ 20.000 դրամ և այլն։ Վերացվել են նաև պետական տուրքի գծով առկա որոշ արտոնություններ: Այս թեմայով դիմում եմ հասցեագրել նաև Սահմանադրական դատարան, որտեղ հատուկ անդրադարձել կա նաև պետական տուրքի դրույքաչափերը մի քանի անգամ բարձրացնելու հիմնավորումներին։ Այդ հիմնավորումներն այնպես են գրված, որ ստացվում է դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերը հնարավոր է ծածկել միայն պետական տուրքերի գումարներն ավելացնելով ու դրանցից ստացվող միջոցների հաշվին։ Այդպես լինի՝ նշանակում է որքան շատ բարձրացնենք տուրքերի գումարները, այնքան արագ ու հեշտ կլուծվեն դատական համակարգի խնդիրները:  Իրականում, այս խնդիրները լուծելու ճանապարհը ոչ թե պետական տուրքերի գումարներն ավելացնելն է, այլ տարի «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքներով ՀՀ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար ՀՀ դատական դեպարտամենտին գումարների հատկացումը, ինչն էլ յուրաքանչյուր տարի արվում է հենց այդ նպատակով։ Այսինքն՝ արդարադատության շահառուն ողջ հասարակությունն է, ուստի առնվազն ճիշտ չէ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերի վճարման ողջ բեռը միայն դատավարության մասնակիցների վրա դնելը։ Այս ճանապարհը պարզապես հանգեցնելու է դատարանի մատչելիության սահմանադրական ու կոնվենցիոն իրավունքի սահմանափակման։ Դատարանների նյութատեխնիկական ապահովվածության բարելավման, դատավորների և նրանց կցված ծառայողների թվաքանակի ավելացման, նրանց սոցիալական երաշխիքների, այդ թվում՝ վարձատրության բարելավման և դատական համակարգ նոր կադրերի ներգրավման խթանման խնդիրները չպետք է հիմք դառնան մարդու ու այն էլ սահմանադրական իրավունքները սահմանափակող կառուցակարգեր ստեղծելու համար. իրավունքներ, որոնց պաշտպանությունը երաշխավորելը և դրանց ոտնահարումը նախականխելը պետք է լինի հենց պետության առաջնային գերակայություններից մեկը: Ընդունելի չէ նաև որպես պետական տուրքի դրույքաչափերը բարձրացնելու հիմնավորում նվազագույն աշխատավարձի փոփոխությունների վկայակոչումը, որ 2003 թվականի դրությամբ այն կազմել է 13.000 ՀՀ դրամ, իսկ 2020 թվականին՝ 68.000 ՀՀ դրամ՝ աճելով 5.2 անգամ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2003 թվականից մինչև 2021 թվականն ընկած ժամանակահատվածում նվազագույն աշխատավարձի աճին զուգահեռ աճել են նաև սպառողական ապրանքների, ծառայությունների և այլնի գները, ինչը նշանակում է, որ միայն նվազագույն կամ միջին ամսական աշխատավարձի ցուցանիշները և նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը բավարար չեն պետական տուրքի դրույքաչափերի բարձրացումը հիմնավորելու համար: Նման խնդիրներն անհրաժեշտ է լուծել այնպիսի մեխանիզմներով, որոնք չեն սահմանափակի անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները և առավել ևս չեն հանգեցնի դրանց անհամաչափ սահմանափակման: Պետական համակարգում առկա խնդիրները տուրքերի չափերի ավելացումով ու մարդու իրավունքների սահմանափակման միջոցով լուծելը բացարձակ անընդունելի մոտեցում է»:
17:02 - 13 հունվարի, 2022
Մինչև 2004 թվականը հաշմանդամ դարձած օդաչուները ՍԴ որոշմամբ ունեն աշխատավայրում կրած վնասի համար պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունք. ՄԻՊ

Մինչև 2004 թվականը հաշմանդամ դարձած օդաչուները ՍԴ որոշմամբ ունեն աշխատավայրում կրած վնասի համար պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունք. ՄԻՊ

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ աշխատավայրում հաշմանդամություն ձեռք բերած օդաչուներն ունեն պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունք: Բանն այն է, որ 2004 թվականին Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել որոշման մի դրույթ, որով կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետևանքով գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` պետական բյուջեն: Արդյունքում, օդաչուները զրկվել են դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման ամենամսյա վճարներից: 2006 թվականից մինչ 2020 թվականը կազմակերպության լուծարման վերաբերյալ դատական գործընթացների ավարտին սպասել են նաև օդաչունները, որոնց նպատակն է եղել վերջնական դատական ակտ ունենալուց հետո օրենսդրական նախաձեռնության ճանապարհով ստանալ վնասի հատուցման համար նախատեսված գումարները: Ավելի քան 7 տարի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության է դրել այդպես էլ իրականություն չդարձած օրենքի նախագիծ, որի նպատակն է կազմակերպության լուծարման դեպքում լուծել դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով տուժած անձանց վնասի հատուցման հարցը: 2017 և 2020 թվականներին Կառավարության հետ քննարկումները և ձեռք բերված աշխատանքային պայմանավորվածությունները արձանագրել են խնդրի լուծմանն ուղղված որոշակի դրական տեղաշարժեր: Այդպիսի տեղաշարժերից էր խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը: Մինչդեռ, 2020 թվականին Արդարադատության նախարարությունը նախագծի ընդունման վերաբերյալ ներկայացրել է բացասական եզրակացության արդյունքում գործընթացը կանգ առավ: Վերջերս Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա հստակ արձանագրել է, որ ՀՀ կառավարության վիճարկվող՝ թիվ 579 որոշմամբ ամրագրված իրավակարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ մինչև ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի թիվ 1094-Ն որոշմամբ կատարված փոփոխության ուժի մեջ մտնելը աշխատավայրում աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնաս կրած անձինք կազմակերպության գործունեության դադարեցման դեպքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պարագայում պահպանում են պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունքը: Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումները՝ Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ որպես աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմին, օդաչուների փոխհատուցում ստանալու ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։ Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակելու է հետևողական լինել և գործադրել առկա բոլոր հնարավորությունները օդաչուների խախտված իրավունքների վերականգնման նպատակով:
11:42 - 11 հունվարի, 2022
Չի նախատեսվում արտոնյալ և անվճար պայմաններով ապահովել չպատվաստված աշխատողների ՊՇՌ թեստավորումը․ ՀՀ կառավարություն

Չի նախատեսվում արտոնյալ և անվճար պայմաններով ապահովել չպատվաստված աշխատողների ՊՇՌ թեստավորումը․ ՀՀ կառավարություն

ՊՇՌ թեստավորման պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ, չպատվաստված աշխատողները պարտավոր են իրականացնել թեստավորում: Այս մասին ասված է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում արված հայտարարության մեջ: Սահմանադրական դատարանի որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանը ճանաչվել է սահմանադրական։ Նախարարի հրամանով սահմանված ՊՇՌ թեստավորման պահանջն օրինական է, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից։Սահմանադրական դատարանի կողմից առղջապահության նախարարի հրամանի բոլոր հավելվածների՝ «ՊՇՌ թեստավորումն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության մեջ հակասահմանադրական է ճանաչվել միայն «իր հաշվին» բառակապակցությունը, ինչն ամենևին չի վերացնում աշխատողների՝ ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը։ Չի նախատեսվում արտոնյալ և անվճար պայմաններով ապահովել չպատվաստված աշխատողների ՊՇՌ թեստավորումը, հետևաբար նախարարի հրամանից ելնելով՝ չպատվաստված աշխատողներն ամեն դեպքում պարտավոր են իրականացնել թեստավորում և իրավական կարգավորումներով նախատեսված ընթացակարգերով ներկայացնել թեստավորման արդյունքները գործատուին։ Հիշեցնենք, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի հրամանի այն հատվածը, ըստ որի` չպատվաստված աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստ՝ իրենց հաշվին: 
14:06 - 24 դեկտեմբերի, 2021
Աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում. նախարարությունն անդրադարձել է ՍԴ որոշմանը

Աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում. նախարարությունն անդրադարձել է ՍԴ որոշմանը

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Սահմանադրական դատարանի որոշման հետ։ Հայտարարության մեջ ասվում է․   «Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը։   Սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը` ՊՇՌ թեստավորման պահանջի առումով, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից: Հակասահմանադրական է ճանաչվել միայն նախարարի հրամանի բոլոր հավելվածների հետևյալ ձևակերպումը. «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին»:   Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում:   Այսպիսով. ՀՀ առողջապահության նախարարի հրամանը ճանաչվեց սահմանադրական և բոլոր պահանջները մնում են ուժի մեջ։ Միայն վերոնշյալ ձևակերպումը ճանաչվեց հակասահմանադրական»։ Դեկտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը։ ՀՀ սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել  ՀՀ առողջապահության նախարարի հրամանի այն հատվածը՝ ըստ որի չպատվաստված աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ հետազոտություն՝ իրենց հաշվին: 
20:10 - 23 դեկտեմբերի, 2021
ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց աշխատողի՝ իր հաշվին թեստավորվելու պահանջը

 |armenpress.am|

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց աշխատողի՝ իր հաշվին թեստավորվելու պահանջը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ՀՀ առողջապահության նախարարի հրամանի այն հատվածը՝ ըստ որի չպատվաստված աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ հետազոտություն՝ իրենց հաշվին: ՍԴ համապատասխան որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը: ՍԴ-ն ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքի 20.1 հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի համար 65N հրամանի Սահմանադրությանը համապատասխանության հարցով գործը քննել էր ՀՀ ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդի դիմումի հիման վրա: ՍԴ-ն արձանագրեց, որ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքի 20.1 հոդվածի 3-րդ մասը, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը համապատասխանում են Սահմանադրությանը: Իսկ նախարարի որոշման մասով ՍԴ-ն որոշել է «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին նախադասության» «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ի, 2-րդ մասերին և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ նկատի առնելով, որ Covid-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող սուբյեկտների, աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է Առողջապահության նախարարի՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: ՍԴ դիմած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում շեշտեց, սակայն, որ ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի պայմաններում դրա կանխարգելման լավագույն լուծումը պատվաստումն է:
19:15 - 23 դեկտեմբերի, 2021
Դիմել եմ ՍԴ՝ կապված դատական գործերի «ձեռքով» մակագրման հետ, որով խաթարված է դատավորների միջև գործերի բաշխման օբյետիվությունը.ՄԻՊ

Դիմել եմ ՍԴ՝ կապված դատական գործերի «ձեռքով» մակագրման հետ, որով խաթարված է դատավորների միջև գործերի բաշխման օբյետիվությունը.ՄԻՊ

Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան՝ կապված դատական գործերի «ձեռքով» մակագրման հետ, որով խաթարված է դատավորների միջև գործերի բաշխման օբյետիվությունը և առաջին հերթին վտանգված է անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Վիճարկում եմ, մասնավորապես, Դատական օրենսգրքի և Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-16-Ն-6 որոշման դրույթներ: Դատական օրենսգիրքն ամրագրում է դատական գործերի բաշխումը համակարգչային ծրագրով (ավտոմատացված համակարգով)՝ որպես գործերի բաշխման այնպիսի հիմնական եղանակ, որից, ըստ օրենքի, բացառություն կարող է արվել միայն մեկ դեպքում՝ եթե առկա է անհաղթահարելի ուժ ու այդ անհաղթահարելի ուժի հետևանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել hամակարգչային ծրագրի միջոցով: Այսինքն՝ օրենքը դրանով ամրագրել է բացառության հաղթահարման բարձր շեմ: Եվ միայն այս բացառիկ դեպքում է Դատական օրենսգիրքը թույլ տալիս դատական գործերի բաշխումն իրականացնել ոչ համակարգչային կամ ոչ ավտոմատացված եղանակով՝ առանձին դատարանների նախագահների կողմից: Սակայն այս դեպքում էլ, ինչպես օրենքն է ամրագրում, գործերը դատավորների միջև հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության: Համակարգչային ծրագրով դատավորների միջև գործերի բաշխման մեխանիզմի առկայությունը պայմանավորված է այն արժեքների բարձր պաշտպանության անհրաժեշտությամբ, որի երաշխավորմանը կոչված է ավտոմատացված համակարգը: Այսինքն՝ այնպիսի համակարգ, որ բացառում է մարդկային հայեցողությունը: Խոսքը վերաբերում է դատավորների անաչառությանն ու անկախությանը, որի հետ էլ անմիջականորեն կապված են մարդու սահմանադրական իրավունքները՝ սկսած արդար դատաքննությունից մինչև անձնական ազատություն (օրինակ՝ ձերբակալման կամ կալանավորման իրավաչափություն) և անձնական ու ընտանեկան կյանք (օրինակ՝ հեռախոսային խոսակցությունների կամ նամակագրության վերահսկողություն): Բանն այն է, որ այս տարվա հուլիսից քրեական գործերից մեկի նախաքննության շրջանակում քրեական հետապնդման մարմնի կողմից առգրավվել են դատավորների միջև գործերի բաշխման համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները: Այդ փաստով պայմանավորված՝ Դատական օրենսգրքի «անհաղթահարելի ուժ» հասկացությունը գործնականում մեկնաբանվել է այնպես, որ գործ ունենք այդպիսի ուժի հետ: Ըստ այդմ, գործարկվել է դատավորների միջև դատական գործերի բաշխման կամ գործերի մակագրության «ձեռքով» համակարգ, որն իրականացնում են առանձին դատարանների նախագահներ։ Ընդ որում, օրենքում որևէ կերպ չեն բացահայտվում «անհաղթահարելի ուժի» չափանիշները: Ավելին, ստեղծված իրավիճակը բացառությունից վերածվել է երկրի դատական ողջ համակարգի վրա ազդող կանոնի՝ էլ չասած, որ նշված փաստն ակնհայտորեն չի կարող բավարարել անհաղթահարելիության շեմը: Այլ կերպ, դիմումով բարձրացված խնդիրն այն է, որ առկա են օրենսդրական անորոշ կանոններ ու այդ կանոնները գործնականում ստացել են այնպիսի մեկնաբանություն ու այդ մեկնաբանությամբ կիրառություն, որ հանգեցրել են խնդիրների մարդու սահմանադրական իրավունքների հարցում: Նշվածն առավել խնդրահարույց է դառնում այն առումով, որ գործ ունենք անորոշ գործնական իրավիճակի հետ: Նախ, ժամկետներով սահմանափակված չէ քրեական գործի նախաքննությունը (նախաքննության շրջանակում է տեղի ունեցել առգրավումը): Նույնը վերաբերում է նաև նույն գործի դատական քննությանը, եթե այն ունենա դատական հեռանկար: Պետք է հաշվի առնել նաև նախաքննությանը կամ դատական քննությանն առնչվող դատական բողոքարկումները, այն է՝ նախնական ու հետագա դատական վերահսկողության ենթակա հարցերը: Այսինքն՝ պարզ չէ, թե երբ կվերացվի կամ կդադարեցվի առգրավվումը, իսկ գոնե մոտավոր ժամկետներ չեն նշվում: Ընդ որում, ինքնին նշված քրեական գործի նախաքննության իրականացման վիճարկման կամ չիրականացման հարց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումում բարձրացված չէ: Բարձրագույն դատական խորհրդի հետ կապված էլ դիմումն ամրագրել է, որ խորհրդի հետ հաստատված է Մարդու իրավունքների պաշտպանի համագործակցված աշխատանք: Հարցն այլ է. բավարար օրենսդրական կանոնների բացակայության և գործնական անթույլատրելի մեկնաբանության պատճառով ստացվել է այնպես, որ մեկ քրեական գործով քրեական հետապնդում իրականացնող մարմնի որոշման կամ միջամտության արդյունքում կաթվածահար է եղել ՀՀ-ում արդարադատության (քրեական, վարչական, քաղաքացիական) ողջ համակարգի համար նախատեսված համակարգչային ծրագրով դատավորների միջև գործերի բաշխման կամ մակագրության ավտոմատացված կամ էլետրոնային համակարգը, իսկ դրա հետևանքով էլ լուրջ խնդիրներ են առաջացել մարդու սահմանադրական իրավունքների համար: Դիմումում բարձրացված խնդիրներից է նաև այն, որ դատական գործերի բաշխման գործընթացում հայեցողականությունն ու կամայականությունը բացառելուն և յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքը երաշխավորելուն ուղղված ավտոմատացված համակարգի չգործարկման պայմաններում դատական գործերը բաշխվում են դատարանի նախագահների կողմից՝ առանց ամրագրված կամ գործող միասնական չափանիշների ու մոտեցումների, իսկ Դատական օրենսգիրքն էլ չի նախատեսում կարգավորումներ նաև նման դեպքերի համար: Ստեղծված իրավիճակն նույնպես խնդրահարույց է մարդու սահմանադրական իրավունքների տեսանկյունից: Սահմանադրական դատարանին ուղղված այս դիմումը պատրաստելու ընթացքում հարցումներով դիմել եմ Բարձրագույն դատական խորհրդին, ինչպես նաև առանձին դատարանների նախագահների: Նրանց պարզաբանումներն ավելի են ամրապնդել մեր համոզմունքն առ այն, որ նշված մարմինները կամ հաստատություններն իրենք չունեն պատկերացում, թե երբ է գործարկվելու համակարգչային ծրագիրը, ինչպես նաև այն, որ դատարանների նախագահների համար գոյություն չունի անգամ չափանիշների միասնական համակարգ, որ կարող էր առնվազն նվազագույն մակարդակով զեզոքացնել «ձեռքով» մակագրության համակարգի ռիսկերը: Դիմումի հիմքում են դրվել նաև մեզ ներկայացված մտահոգություններ ու բողոքներ ինչպես ազատությունից զրկված անձանցից ու փաստաբաններից, այնպես էլ ինչպես մեզ ուղղված տարբեր դատավորների կոնֆիդենցիալ, այնպես էլ մի շարք դատավորների հրապարակային մտահոգություններ: Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հարցումներ է ստացել նաև միջազգային մի շարք կառույցներից (Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ և այլն): Դիմումի հիմքում դրվել են նաև հրապարակային նյութերի դիտարկման արդյունքները: Այս ամենին պետք է ավելացնել նաև, որ օրենսդրական կարգավորումներն այն աստիճան անկատար են, որ համակարգչային ծրագրի չգործելու պատճառով դատարանի նախագահին վերապահված գործերի բաշխման կանոններն անգամ չեն պահպանվում, ինչն անմիջական խնդիրներ է պարունակում մարդու իրավունքների համար: Օրինակ՝ ուսումնասիրությունները վկայում են, որ չի պահպանվում (հաճախ) ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության դատական գործերի բաշխման պահանջը: Մեկ այլ դեպքում չի պահպանվում դատական գործերի բաշխման պատահականության սկզբունքը: Ավելին, ուսումնասիրությունները վկայում են, որ գործող համակարգը հանգեցրել է առավել վտանգավոր հետևանքների՝ Մարդու իրավունքների պաշտպանին ուսումնասիրությունների ընթացքում ներկայացվել են տեղեկություններ այն մասին, որ տևական ժամանակ է, ինչ որոշ դատավորներ այլևս չեն քննում որոշակի կատեգորիայի գործեր (օրինակ՝ գործեր, որոնք բարդ են, ունեն զգայունություն, ներկայացնում են հանրային հետաքրքրություն)՝ այդպիսիք այդ դատավորներին մտադրված չմակագրելու արդյունքում: Սա էլ վտանգավոր է ոչ միայն դատավորների միջև տարբերակումների կամ նրանց «դատական մեկուսացման», այլ հենց մարդու իրավունքների համար համակարգային վտանգների տեսանկյունից և այլն: Սահմանադրական դատարան ներկայացված Մարդու իրավունքների պաշտպանի դիմումում կոնկրետ օրինակներով և միջազգային-իրավական կարգավորումների վրա հիմնած վերլուծությամբ հստակ ցույց է տրված մարդու սահմանադրական իրավունքների համար խորքային վտանգներ պարունակող իրավիճակներն ու մեկնաբանությունները՝ օրենսդրական ապահովագրող կարգավորումների բացակայության պայմաններում, քրեական հետապնդման մարմնի միջամտության վտանգավոր հետևանքները ՀՀ ողջ դատական համակարգի նկատմամբ ու այն էլ անորոշ ժամկետով, ինչպես նաև ցույց են տրված մարդու սահմանադրական իրավունքների ոտնահարման գործնական իրավիճակներ: Ըստ այդմ, Բարձր դատարանին ուղղված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումով, վիճարկվում են Դատական օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի և Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-16-Ն-6 որոշման 4-րդ կետի և Հավելված 1-ի 19-րդ կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 63-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին»,- գրել է Թաթոյանը:
09:25 - 23 դեկտեմբերի, 2021
Գերմանիան շարունակելու է նպաստել ՀՀ-ում անցկացվող դատաիրավական բարեփոխումներին. ՍԴ նախագահն ընդունել է Վիկտոր Ռիխտերին

Գերմանիան շարունակելու է նպաստել ՀՀ-ում անցկացվող դատաիրավական բարեփոխումներին. ՍԴ նախագահն ընդունել է Վիկտոր Ռիխտերին

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը դեկտեմբերի 15-ին  քաղաքավարական հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ:   Շնորհավորելով Վիկտոր Ռիխտերին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կնպաստի հայ-գերմանական իրավական հարաբերությունների ու համագործակցության հետագա զարգացմանը:   Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վիկտոր Ռիխտերը նշել է, որ Գերմանիան շարունակելու է նպաստել Հայաստանում անցկացվող ժողովրդավարական ու դատաիրավական բարեփոխումներին:   Դեսպանը վստահեցրել է, որ անհրաժեշտ ջանքեր կներդնի՝ ընդլայնելու հայ-գերմանական երկկողմ փոխգործակցությունը նաև սահմանադրական արդարադատության ոլորտում:   Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև իրավական կապերի ակտիվացման, մասնավորապես իրավունքի գերակայության, սահմանադրական արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս առումով երկուստեք ընդգծվել է Սահմանադրական դատարանի և գերմանական տարբեր մասնագիտական գործակալությունների երկխոսության և տեխնիկական գործակցության կարևորությունը:   Դեսպան Ռիխտերի խնդրանքով Արման Դիլանյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակը և ներկայումս իրականացվող ինստիտուտիցոնալ ծրագրերի ընթացքը:    
19:57 - 15 դեկտեմբերի, 2021
Պատգամավորական անձեռնմխելիության վերաբերյալ ՍԴ որոշումը իրավական անկանխատեսելիության, սահմանդրի կամքի խեղաթյուրման լուրջ վտանգներ է ներկայացնում. Դատախազություն

Պատգամավորական անձեռնմխելիության վերաբերյալ ՍԴ որոշումը իրավական անկանխատեսելիության, սահմանդրի կամքի խեղաթյուրման լուրջ վտանգներ է ներկայացնում. Դատախազություն

Դատախազության պարզաբանում է տարածել ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1619 որոշմամբ քննության առնված՝ պատգամավորական անձեռնմխելիության որոշման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «Նկատի ունենալով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1619 որոշմամբ քննության առնված՝ պատգամավորական անձեռնմխելիության հարցի շուրջ չդադարող քննարկումները, որոշակի մասնագիտական շրջանակների ակնհայտ սուբյեկտիվ շահարկումները՝ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ Սահմանադրական դատարանի որոշման հիմնավորումներին։  Մասնավորապես, այդ հարցի վերաբերյալ ՀՀ դատախազության դիրքորոշումները, հիմնվելով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի տառացի մեկնաբանության և պատգամավորական անձեռնմխելիության հայեցակարգի հիմքում ընկած գործառութային անհրաժեշտության գաղափարի վրա, եղել է այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունը վերաբերում է արդեն իսկ այդպիսի կարգավիճակ ունեցողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն։ Այն ոչ մի դեպքում չի ենթադրում, որ ՀՀ Ազգային ժողովից համաձայնություն պետք է հայցվի և Ազգային ժողովը համաձայնություն պետք է տա նաև նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալն անձի նկատմամբ սկսված քրեական հետապնդմանը կամ արդեն իսկ տեղի ունեցած ազատությունից զրկմանը, դրանք շարունակելուն։  Սահմանադրական դատարանի որոշումից ակնհայտ է, որ վերջինս քրեական հետապնդում հարուցելուց անձեռնմխելիության կապակցությամբ փաստացի համաձայնել է վերը նշված հստակ, սահմանադրի պարզ կամքն արտահայտող մոտեցմանը և գտել, որ նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալը անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո շարունակելու համար ՀՀ ազգային ժողովի համաձայնություն չի պահանջվում։ Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանը դատարանը բացարձակ անկանխատեսելիորեն հակառակ մոտեցում է ցուցաբերել նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալը տեղի ունեցած ազատությունից զրկումը անձի կողմից պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո շարունակելու կապակցությամբ և փաստել, որ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո նախքան այդ տեղի ունեցած ազատությունից զրկումը շարունակվել չի կարող՝ դրա հիմքում անհասկանալիորեն դնելով այն պատճառաբանությունը, որ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո կոնկրետ անձի նկատմամբ նախկինում տեղի ունեցած ազատությունից զրկումը շարունակելը կարող է խոչընդոտել ազգային ժողովի գործունեությանը։ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը նախ խնդրահարույց է այն առումով, որ պատգամավորական անձեռնմխելիության չարաշահման, այն որպես նախկինում կատարած հանցանքի համար ենթադրվող պետական հարկադրանքի միջոցից խուսափելու միջոց դիտարկելու հիմքեր է տալիս։ Այս առումով հատկանշական է հենց սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված այն հանգամանքը, որ պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման գործընթացը քաղաքական բաղադրիչ ունի, և դրա արդյունքը կախված է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի կամքից։ Նման մոտեցմամբ ստացվում է, օրինակ, որ անձը, ում նկատմամբ սպանության կամ բռնաբարության համար որպես պատիժ նշանակվել է ազատազրկում ավելի քան տաս տարի ժամկետով, կարող է ընդգրկվել թեկնածությունների ցուցակում, ձեռք բերել պատգամավորի կարգավիճակ և ուղղակի ազատվել քրեական պատասխանատվությունից: Այս առումով խեղաթյուրվում է նաև անձեռնմխելիության հիմքում ընկած գործառութային անհրաժեշտության գաղափարը։ Բանն այն է, որ ՀՀ ազգային ժողովի պատգամավորին անձեռնմխելիություն շնորհված է, իբրև պատգամավորի, նրա գործունեության ազատությունն ապահովելու, դրանով պայմանավորված՝ քրեական հետապնդումը և ազատությունից զրկելը բացառելու նպատակով։ Ավելի պարզ՝ պատգամավորն անձեռնմխելի է, որպեսզի իր գործունեության ընթացքում կաշկանդված չլինի դրանով անմիջականորեն կամ անուղղակիորեն պայմանավորված հետապնդման ենթարկվելու մտավախությամբ։ Հետևաբար, այնքանով, որքանով նախքան պատգամավորի մանդատն ստանալն անձի նկատմամբ հարուցված և սկսված քրեական հետապնդումը, տեղի ունեցած ազատությունից զրկումը չեն էլ կարող պայմանավորված լինել նրա պատգամավորական գործունեությամբ, չեն կարող կապված լինել դրա ազատությունը սահմանափակելու հետ, հետևաբար դրա նկատմամբ պատգամավորական անձեռնմխելիությունը տարածվել չի կարող։  Բացի այդ, սահմանադրական դատարանի որոշումը իրավական անկանխատեսելիության, սահմանդրի կամքի խեղաթյուրման լուրջ վտանգներ է ներկայացնում մեկ այլ առումով ևս։ Խնդիրն այն է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու կապակցությամբ պատգամավորական անձեռնմխելիության՝ ամբողջությամբ նույնական իրավակարգավորումները սահմանադրական դատարանի որոշմամբ անհասկանալի կերպով ենթարկվել են սկզբունքորեն տարբերակված մեկնաբանության այն դեպքում, երբ մեջբերված սահմանադրական դրույթից ակնհայտ է, որ սահմանդրի կամքը այդ երկու դեպքերը միատեսակ իրավակարգավորման ենթարկելն է։ Ավելի պարզ՝ ՀՀ սահմանադրության 96-րդ հոդվածի դրույթից ակնհայտ է, որ սահմանդրի միասնական կամքն այն է, որ պատգամավորական անձեռնմխելիությունը տարածվում է քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու նկատմամբ, իսկ նախքան պատգամավորի մանդատն ստանալը հարուցված քրեական հետապնդումը և տեղի ունեցած ազատությունից զրկումը շարունակելու նկատմամբ չի տարածվում։ Այնինչ, սահմանադրական դատարանը, փաստացի տարբերակված մեկնաբանության ենթարկելով սահմանադրի միասնական մոտեցումը, գտել է, որ նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալը հարուցված քրեական հետապնդումը շարունակելու համար ՀՀ ազգային ժողովի համաձայնությունը չի պահանջվում, իսկ ազատությունից զրկումը շարունակելու համար՝ պահանջվում է։ Այսպիսի մեկնաբանությունը մտահոգություններ է առաջացնում, որ սահմանադրական հստակ ու միանշանակ կարգավորման ենթարկված ցանկացած հարցի՝ նաև հետագայում անկանխատեսելի, սահմանդրի միանշանակ կամքին հակառակ մեկնաբանությունները բացառված չեն։ Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ ՀՀ սահմանադրական դատարանը, որոշմամբ արձանագրել է, որ անձեռնմխելիությունից հրաժարվելը կամ այն սահմանափակելը կայացած և իրական ժողովրդավարական պետություններում դրսևորվող միտում է։ Եվ չնայած այդ կերպ անձեռնմխելիությունն ուժեղացնելը դիտարկում է որպես ժողովրդավարական չհամարվող պետություններին բնորոշ երևույթ՝ ՀՀ Սահմանադրական դատարանն իր վտանգավոր իրավամեկնաբանությամբ փաստացի ինքն է ուժեղացնում այդ ինտիստուտը»:
11:27 - 13 դեկտեմբերի, 2021
Սահմանադրական դատարանը հրապարակել է ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակել է ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակել է ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա կայացված որոշումը, ըստ որի՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով (պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ) նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով (պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո) նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը: Միևնույն ժամանակ ըստ այդ որոշման՝ քննիչի, դատախազի, դատարանի`վարույթի կասեցման հայեցողական լիազորությունից չի բխում քրեական հետապնդման անձեռնմխելիությամբ պատգամավորին տրվող պաշտպանության հաղթահարման հարցով Ազգային ժողովին դիմելու իրավասու մարմնի՝ գլխավոր դատախազի հայեցողական լիազորությունը: Ինչպես նաև պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանությունը հաղթահարված չլինելու պարագայում քրեական վարույթը չկասեցնելը որևէ կերպ չի նշանակում (ենթադրում) վարույթն իրականացնող մարմնի լիազորություն՝ կատարելու գործողություններ (կայացնելու որոշումներ), որոնք ուղղակիորեն ներազդում են պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանության վրա: Սահանադրական դատարանի որոշումն առավել մանրամասն՝ այստեղ:
19:09 - 09 դեկտեմբերի, 2021