Փաստն այն է, որ այսօր էլ, երեկ էլ ամբողջ միջազգային հանրությունը ԼՂ-ն ընկալել է որպես Ադրբեջանի մաս․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլիս ասուլիսի ժամանակ պատասխանեց այն հարցին, որ ԱԺ-ում ՀՀ վարչապետը հայտարարել է, որ միջազգային հանրությունը ասում է՝ ԼՂ կարգավիճակի հարցում պետք է մի փոքր իջեցնել նշաձողը․ ո՞րն է նշաձողն իջեցնելու գինը, եւ արդյոք Հայաստանը կգնա՞ այդ քայլին։
«[ԼՂ] կարգավիճակի հետ կապված խնդրի վերաբերյալ, երբ եղան այդ թվում ՌԴ հրապարակային պարզաբանումները, եւ մենք ասացինք, որ դա մեծ հաշվով ընդունելի է մեզ համար, կարծում եմ՝ պատկերն ամբողջացավ։ Փաստն այն է, որ այսօր էլ, երեկ էլ ամբողջ միջազգային հանրությունը ԼՂ-ն ընկալել է որպես Ադրբեջանի մաս։ Փաստն այն է, որ մենք գուցե նաեւ էդքան պրամատիկ չենք գտնվել, երբ մեզ թվացել է, թե ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերն ուղղակի տեքստեր են՝ թղթի վրա գրված, որոնք կարող ենք նաեւ չնկատելու տալ։ Համենայն դեպս, դա մի մոտեցում է եղել, որի մասին մենք պետք է մտածենք»,- նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ մեր բոլոր գործողությունների հիմքում պետք է լինի լեգիտիմությունը, եւ մենք այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք եւ փաստերի հետ ուղղակի առերեսվենք․ այլ բան, թե մեր հետագա քայլերը, այդ փաստերի վրա հիմնվելով, ինչպես կկառուցենք։
«Ես նախկինում առիթ ունեցել եմ խոսելու այդ մասին, նաեւ որպեսզի ոչ թե ուրիշների մասին խոսենք, այլ մեր մասին խոսենք։ Տեսեք, մենք նաեւ ԼՂ հարցում մեր քաղաքականությունները, մեր խոսույթը, ռազմավարությունները մեկը մյուսին հակասել են, եւ սա նույնպես իր հետ բերել է որոշակի հետեւանքներ։ Այն, որ մենք մեր Անկախության հռչակագրում հղում ենք արել ԼՂԻՄ-ի եւ ՀԽՍՀ-ի կամ ՀՀ-ի վերամիավորման մասին ԳԽ եւ Ազգային խորհրդի համատեղ որոշմանը, եւ դրանից մեկ տարի անց տեղի է ունեցել հանրաքվե՝ ԼՂ անկախության հռչակման մասին, եւ հետագայում մենք բանակցել ենք այս տրամաբանությամբ, իսկ 2007թ․-ին Մադրիդյան սկզբունքներով ընդունել ենք, որ ԼՂ կարգավիճակը պիտի ճշգրտվի կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում ապագայում տեղի ունենալիք հանրաքվելով, ինչով մենք, փաստորեն, հերքել ենք 1991թ․ դեկտեմբերի հանրաքվեն ԼՂ-ում։ Էդ ամենը նաեւ դրա արտահայտությունն է։ Տեսեք, դուք ասում եք ԼՂ-ի, այսպես ասած, «գտնվելու վայրը»․․․ Եթե մենք 2007-ին ընդունում ենք, որ էն հանրաքվեն, որը տեղի է ունեցել, փաստորեն չի որոշել ոչ մի կարգավիճակ, հետեւաբար որտե՞ղ ա ԼՂ-ն, մե՛ր ընկալմամբ հենց, մե՛ր քաղաքականության, մե՛ր պետական քաղաքականության տրամաբանության մեջ։ Եւ մենք աշխարհից կտրված չենք, մենք էդ համատեքստում ենք ապրում, եւ էս համատեքստը պետք է հաշվի առնենք։ Այս առումով է, որ մեր քաղաքականությունն այսօր այնպիսին է, եւ նաեւ Լաչինի միջանցքի հետ կապված մեր դիրքորոշումը շարադրելիս ես ասել եմ եւ ուզում եմ կրկնել, որ այսօր մեր խնդիրն է, որ մենք աջակցենք, որպեսզի ԼՂ ժողովուրդը, ԼՂ հայությունը շարունակի ապրել ԼՂ-ում, շարունակի մնալ հայ, իրեն համարի հայ, ղարաբաղցի, արցախցի, եւ հնարավորություն ունենա ապրել անվտանգ միջավայրում։
Եւ, մեծ հաշվով, դեռեւս 2018թ․-ից մեր դիրքորոշումը եղել է այն, որ ՀՀ կառավարությունը չէ, որ պետք է որոշի ԼՂ ճակատագիրը եւ ԼՂ հարաբերությունները, այլ ԼՂ ժողովուրդն ինքը պետք է որոշի, եւ ԼՂ ժողովուրդն է, որ պետք է հաղորդակցության մեջ լինի այդ թվում Ադրբեջանի իշխանությունների հետ։ Եւ այս համատեքստում պետք է որոշվի հարցը»,-ասաց վարչապետը։
13:01 - 10 հունվարի, 2023