Մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում․ Նիկոլ Փաշինյան
12:26 - 10 հունվարի, 2023

Մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում․ Նիկոլ Փաշինյան

Ես չեմ կարծում, թե մենք մեր գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսենք։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ ռուսական տարբեր հարթակներում լուրեր են տարածվել, թե Հայաստանաը վերջնագիր է ներկայացրել ՌԴ-ին, որ եթե հունվարի 10-ին չբացվի Լաչինի միջանցքը, ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից։ 

«Այն, ինչ ունենք ասելու տվյալ իրադրության հետ կապված, արդեն հրապարակային ասվել է, եւ, մեծ հաշվով, ավելացնելու ոչ մի բան չկա։ Նաեւ հրապարակային գնահատականներ են տրվել Լաչինի միջանցքը փակելու փաստին, բայց ես կուզենայի, որ մենք ավելի ընդհանրական եւ խոր հասկանանք տվյալ իրավիճակի կոնտեքստը»,- նշեց վարչապետը։ 

Վարչապետի գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին ԼՂ ժողովրդի, ԼՂ հայության՝ սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի, եւ սա է ամենակարեւոր կոնտեքստը խնդրի, եւ մենք պետք է սա հաշվի առնենք։

«ՀՀ կառավարության դիրքորոշումներն արտահայատվել են, եւ մենք կարծում ենք, որ մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում։

Նաեւ պիտի ձեր ուշադրությունը հրավիրեմ հետեւյալ փաստի վրա, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված ըստ էության Ադրբեջանական Հանրապետության եւ ՌԴ-ի վրա։ Եթե ուշադրություն եք դարձրել, այդ կետում ՀՀ-ի վերաբերյալ որեւէ ձեւակերպում չկա։ Եւ մենք կարծում ենք, որ այս առումով էլ մեր գործողությունները պետք է լինեն լիարժեք լեգիտիմ։ Եւ մենք այս գործընթացում եւ ընդհանրապես, մեր բոլոր գործողություններում լեգիտիմությունը համարում ենք առանցքային նշանակություն ունեցող, ընդ որում՝ միջազգայնորեն լեգիտիմ դիրքորոշումները եւ մոտեցումները եւ հարցին վերաբերում ենք այս տրամաբանությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2020թ․-ին ՀՀ-ն ԼՂ-ին աննախադեպ ծավալի՝ ավելի քան 170մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերել, եւ նշեց, որ շարունակելու է աջակցություն ցուցաբերել ԼՂ հայրենակիցներին։

«Եվ գիտեք, որ հումանիտար ճգնաժամը կառավարելու հարցում ԼՂ ժողովրդին աջակցություն ցուցաբերելու համար փոխվարչախետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձեւավորված է աշխատանքային խումբ, գիտեք, որ ՄԱԿ-ի ԱԽ հարթակում ենք հարցը բարձրացրել, եւ այն շարունակում է մնալ ՄԱԿ-ի ԱԽ օրակարգում։

Իհարկե, ՌԴ խաղաղապահ զորախմբի վերաբերյալ էլ ես դիրքորոշումներ արտահայտել եմ տվյալ իրավիճակում, եւ պիտի եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրեմ այն փաստի վրա, որ, այո՛, ՌԴ խաղաղապահ զորախումբը պիտի ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը, եւ դա հստակ ձեւակերպված է եռակողմ հայտարարության մեջ։

Ճիշտ է, Ադրբեջանը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, ի հեճուկս պայմանավորվածությունների, ԼՂ-ում ռուսաստանցի խաղաղապահների մանդատը չի ստորագրել, բայց ես նաեւ ուզում եմ, որ տեղյակ լինեք, որ ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարներն այն մանդատը ստորագրել եմ։ Ճիշտ է՝ ադրբեջանական կողմը չի ստորագրել այդ փաստաթուղթը, բայց եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, այդ փաստաթղթում չկա որեւէ նշում, որ այն ուժի մեջ է մտնում միայն երեք կողմերի ստորագրելուց հետո։ Բայց, համենայն դեպս, ես համարում եմ, որ այդ փաստաթուղթը՝ որպես շարունակություն եռակողմ հայտարարության, գոյություն ունի, երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են, եւ մենք էդ հարաբերությունները պատկերացնում ենք հենց այդ շրջանակում, չնայած՝ առանց այդ շրջանակի էլ եռակողմ հայտարարությունն այդ հարցերի պատասխանը տալիս է՝ Լաչինի միջանցքը պետք է լինի ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։ Ի՞նչ է դա նշանակում․ դա նշանակում է, որ որեւէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն պիտի չունենա։ Մենք ակնկալում ենք, որ սա կատարվի, եւ, ըստ էության, այստեղ խոսքը նաեւ Ադրբեջանի պայմանագրունակության մասին է, որովհետեւ, ի վերջո, միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետը ընդգծեց, որ սրանից առաջ էլ Ադրբեջանը փորձ է արել պնդել, թե ՀՀ-ն եռակողմ հայտարարությամբ ստանձնած ինչ-որ պարտավորություններ չի կատարել, դա բացարձակապես մտացածին է եւ իրականությանը չի համապատասխանում։

«Եռակողմ հայտարարությունը հրապարակային փաստաթուղթ է, կարող եք կարդալ։ Իհարկե, ամեն ինչ չէ, որ Ադրբեջանի կողմից կատարվել է, եւ դա ակնհայտ է, ներառյալ գերիների վերադարձը, եւ այլն։

Արդեն նշել եմ նաեւ, որ ի հեճուկս նրան, որ եռակողմ հայտարարության մեջ ընդգծվում է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ ԼՂ եւ հարակից շրջաններ փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձը, բայց մինչեւ հիմա, օրինակ, ՄԱԿ-ի ներկայացուցիչները ԼՂ մուտք գործելու հնարավորություն չեն ունեցել, էլ չեմ ասում Հադրութից բռնագաղթված մեր հայրենակիցները, որոնք մինչեւ այսօր որեւէ հնարավորություն չեն ունեցել վերադառնալ իրենց տներ»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել