Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեությունը սկսեց 2019թ. նոյեմբերի 26-ին: Օրենքով նախատեսված էր, որ հանձնաժողովը պետք է գործի 2018-ին: Հանձնաժողովը փոխարինում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։ Կառույցի 5 անդամների եւ նախագահի թեկնածություններն առաջադրել էին կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը եւ ԱԺ երեք խմբակցությունները։

Երկար քննարկումներից հետո 2019-ի նոյեմբերի 19-ին խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմը։ Նախագահ ընտրվեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանը։ Վերջինս մասնագիտությամբ իրավագետ է, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահը։

2023 նոյեմբերի 19-ին լրացավ Հայկուհի Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը։ Նա հայտ ներկայացրեց ԿԿՀ թափուր դառնալիք պաշտոնը համալրելու նպատակով անցկացվող մրցույթին մասնակցելու համար, եւ մրցութային խորհուրդը հաստատեց նրա թեկնածությունը: Ազգային ժողովը, սակայն, նրան այլեւս չընտրեց։

ԿԿՀ նախագահի պարտականությունները կատարողն այժմ ԿԿՀ անդամ Մարիամ Գալստյանն է։

Արթիկ համայնքը 3 տարում 358 միլիոն դրամի գնում է կատարել ավագանու անդամի հոր ընկերությունից

Արթիկ համայնքը 3 տարում 358 միլիոն դրամի գնում է կատարել ավագանու անդամի հոր ընկերությունից

Արթիկի համայնքապետարանը 2022-2024 թվականներին շուրջ 358 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել նույն համայնքի ավագանու անդամի հոր ընկերության հետ։  Արթիկ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տիգրան Բաղդասարյանի հայրը՝ Վահագն Բաղդասարյանը, 1997 թվականին հիմնադրել է «Ճանշին» Փակ բաժնետիրական ընկերությունը և մինչ օրս հանդիսանում է դրա սեփականատերն ու տնօրենը։  «Ճանշին» ՓԲԸ-ն Արթիկ համայնքի գնումներին սկսել է մասնակցել և հաղթել դեռ 2017 թվականից՝ մինչև Տիգրան Բաղդասարյանի ավագանու անդամ դառնալը։  Միայն 2022-2024 թվականներին, երբ Տիգրան Բաղդասարյանն արդեն ընտրված ավագանու անդամ էր, ընկերությունը մասնակցել է 10 գնման ընթացակարգի, որից 8-ում հաղթել է։ Ընդհանուր առմամբ, այս ընկերության հետ կնքված պայմանագրերի գինը կազմել է այդ տարիներին համայնքի՝ ճանապարհաշինությանն ուղղված գնումների գումարների 40%-ը կամ 904 միլիոն դրամից 358 մլն դրամը։ «Ճանշին» ՓԲԸ-ի հետ ամենախոշոր՝ 73 միլիոն դրամի պայմանագիրը կնքվել է 2022 թվականի նոյեմբերին․ Արթիկ քաղաքի Տուֆագործներ փողոցի ասֆալտապատման աշխատանքների համար համայնքը բաց մրցույթ է հայտարարել, որի 5 մասնակիցներից հաղթող է ընտրվել «Ճանշին» ՓԲԸ-ն։  Այս ընկերության հետ վերջին պայմանագիրը կնքվել է 2024 թվականի օգոստոսին։ Ըստ հայտարարված մրցույթի՝ հաղթող մասնակիցը պետք է իրականացներ Արթիկի 14 բնակավայրերի փողոցների սալապատման աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացնելու համար իրականացվել է գնանշման հարցում և «Ճանշին» ՓԲԸ-ն 14 չափաբաժնից 2-ով հաղթող մասնակից է ընտրվել։ Աշխատանքներն իրականացնելու համար ընկերության հետ կնքվել է ընդհանուր 58 մլն դրամի պայմանագիր։  Այս թեմայով հարցեր էինք ուղղել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանին, այդ թվում խնդրել էինք պատասխանել՝ արդյոք համայնքապետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկացրե՞լ է իր գործողությունների արդյունքում շահերի բախման իրավիճակի առաջացման մասին։ Համայնքապետն այս գլխավոր հարցն անպատասխան է թողել՝ նշելով միայն, որ մրցույթին մասնակցել են մի քանի ընկերություններ, և հաղթել է ամենացածր գին ներկայացրած ընկերությունը: Ըստ համայնքապետի՝ ընթացակարգերի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, այդ թվում շահերի բախման բացակայության մասին արձանագրությունը հրապարակված են Ֆինանսների նախարարության՝ Գնումների էլեկտրոնային հարթակում։ Վերոնշյալ արձանագրությունները, սակայն, ներկայացվում են ընթացակարգը գնահատող հանձնաժողովի անդամների կողմից։ Մինչդեռ մեր հարցը վերաբերում էր այն իրավիճակին, որ համայնքապետը, որպես պատվիրատուի ղեկավար, պետք է մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը շահերի բախմանը վերաբերող հանգամանքների, տվյալ դեպքում՝ նույն խմբակցության ավագանու անդամի հոր ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացներ գրավոր հայտարարություն։   Տեխհսկողություն իրականացրած ԱՁ-ի կասկածելի գնառաջարկը 2022-2024 թվականներին Արթիկ համայնքում իրականացված ասֆալտապատման աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացրել է «Վահրամ Կնյազյան» անհատ ձեռնարկատերը։ Այս ԱՁ-ն տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ մատուցելու՝ ավելի քան 22 միլիոն դրամ ընդհանուր արժեքով 30 պայմանագիր է կնքել համայնքի հետ, որոնցից 15-ի դեպքում վերահսկել է ճանապարհաշինարարական աշխատանքները։ Այս մրցույթների գնահատող հանձնաժողովների անդամների և Վահրամ Կնյազյանի տվյալներն ուսումնասիրելիս պարզեցինք, որ վերջինիս եղբոր կինը՝ Արփինե Փանոյանը, և հանձնաժողովի անդամներից մեկը՝ Մարիամ Փանոյանը, զարմուհիներ են։ Չնայած այս բարեկամական կապը չի դասվում գնահատող հանձնաժողովի անդամների՝ որոշումներին մասնակցությունը սահմանափակող ազգակցական կամ խնամիական կապերի շարքին, սակայն Ֆինանսների նախարարությունից պարզաբանեցին, որ եթե բացահայտվի, որ նման իրավիճակում եղել է տնտեսական շահ, ապա դա կհամարվի խախտում, ու դրանով արդեն պետք է զբաղվի Գլխավոր դատախազությունը։ Ի թիվս վերոնշյալ պայմանագրերի, Արթիկ համայնքը «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ի հետ 2023թ․ կնքել է մի պայմանագիր, համաձայն որի՝ ԱՁ-ն ընդամենը 10 հազար դրամով պետք է իրականացներ Արթիկի փողոցներում «Ճանշին» ՓԲԸ-ի՝ շուրջ 50 մլն դրամ արժեցող վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքների տեխհսկողությունը։   Տեխհսկողության աշխատանքների նախահաշվային գինը, սակայն, առաջին չափաբաժնի դեպքում եղել է 673 հազար, երկրորդ չափաբաժնի դեպքում՝ 345 հազար դրամ։ Մրցույթին մասնակցել է երկու ընկերություն, սակայն դրանց գնառաջարկների տարբերությունն առնվազն տարօրինակ է․ առաջին մասնակիցը՝ «Տեխ․ հսկողություն թիվ 1» ՍՊԸ-ն, առաջին չափաբաժնի համար ներկայացրել է՝ 429 հազար դրամ, իսկ 2-րդ չափաբաժնի համար՝ 221 հազար դրամ գնառաջարկ։ Իսկ երկրորդ մասնակիցը՝ «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ն, երկու չափաբաժինների դեպքում էլ առաջարկել է աշխատանքներն իրականացնել ընդամենը 5000-ական դրամով։  Այս առաջարկը ոչ միայն ցածր է նախահաշվային գնի համեմատ, այլ նաև հարցեր է առաջացնում աշխատանքի իրականացման որակի վերաբերյալ․ Ըստ տեխառաջադրանքի՝ ընկերությունը պետք է իրականացներ տեխնիկական հսկողությունը նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա և ապահովեր փոսորակների վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքների  իրականացումը անհրաժեշտ որակով և պայմանագրային փաստաթղթերին համապատասխան։ Հսկողության շրջանակում ընկերությունը պետք է պարբերաբար լուսանկարեր աշխատանքների  վիճակը, ապահովեր կատարվող աշխատանքների համապատասխանությունը պայմանագրի պայմաններին, շինարարական նորմերին և կանոններին, պայմանագրային պարտավորությունների կատարման շեղում հայտնաբերելուց անհապաղ տեղեկացներ պատվիրատուին, ստուգեր և վերահսկեր   շինարարական աշխատանքների որակը և ընթացքը, կատարեր որակի և քանակի ամենօրյա հսկում՝ համապատասխան նշում կատարելով մատյանում և այլն։  Համայնքապետարանից խնդրեցինք տրամադրել աշխատանքների ընթացքում կատարված լուսանկարները։ Մեր հարցմանն ի պատասխան՝ համայնքապետարանից տրամադրեցին որոշ լուսանկարներ, նաև նշեցին, որ դրանք հրապարակված են համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում (1,2,3):   Համայնքապետարանից մենք, իհարկե, հետաքրքրվեցինք, թե այդ ինչպես է ԱՁ-ի հետ կնքվում ընդհանուր 10 հազար դրամանոց պայմանագիր, երբ կատարված աշխատանքների նախահաշվային գինը 100-ապատիկ ավելի է եղել։  Համայնքապետարանից պատասխանեցին, որ «աշխատանքների կատարման որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների իրականացնելու գումարը սահմանում է նախագծող կազմակերպությունը՝ աշխատանքների կատարման նախահաշվային գումարի 2% տոկոսի սահմաններում: [․․․] Վահրամ Կնյազյան ԱՁ-ն ներկայացրել է հրավերի պահանջներով և գնումների մասին օրենքով սահմանված կարգով բոլոր փաստաթղթերը և ստացել ամենաբարձր գնահատական (ՄԳ) ինչը վկայում է, որ ունի տվյալ փորձառությունը և կարող իրականացնել որակյալ տեխնիկական հսկողություն ասֆալտապատման աշխատանքների կատարման ծառայությունների մատուցման»։ (Համայնքապետարանի պատասխանի նշյալ հատվածը ներկայացվել է առանց ուղղումների,- հեղ․) Համայնքապետարանի այս պատասխանից ենթադրվում է, որ եթե, օրինակ, ասֆալտապատման աշխատանքն արժե 50 մլն դրամ, ապա հսկողության արժեքը կարող է լինել մինչև 1 մլն դրամ։  Հարց է առաջանում՝ իսկապե՞ս հնարավոր է ընդամենը 10 հազար դրամով պատշաճ վերահսկել 50 մլն դրամ արժողությամբ ասֆալտապատման աշխատանքների որակը։ Այս հարցի պատասխանը գտանք դատարանի որոշման մեջ։   Դատարանն անվավեր է ճանաչել մրցույթի արդյունքները՝ արձանագրելով ընթացակարգային և օրենսդրական խախտումներ Մրցույթի արդյունքների հրապարակումից երկու շաբաթ անց «Տեխ. հսկողություն թիվ 1» ՍՊ ընկերությունը դատարանում վիճարկել է Արթիկի համայնքապետարանի անցկացրած մրցույթի արդյունքները, որոնց համաձայն հաղթող էր ճանաչվել Վահրամ Կնյազյան ԱՁ-ն։ «Տեխ. հսկողություն թիվ 1» ՍՊ ընկերությունը  պնդել է, որ մրցույթի ժամանակ խախտվել են մի շարք նորմեր, և գործընթացը չի եղել արդար ու թափանցիկ։ Ըստ ընկերության՝ Հանձնաժողովը մրցույթի երկու չափաբաժիններով էլ հաղթող է ճանաչել Վահրամ Կնյազյանի ԱՁ-ին, որը երկու դեպքում էլ առաջարկել է ընդամենը 5000 դրամ։ Ըստ ընկերության՝ այդ գնով որակյալ հսկողություն ապահովելը պարզապես անհնար է։ «․․․ ակնհայտ է դառնում, որ առաջարկված 5000 դրամ գինը ողջամիտ չէ և չի կարող 5000 դրամով նույն որակով մատուցվել այն ծառայությունը, որի իրական արժեքը բարձր է առաջարկվող գնից 99 տոկոսով։ Հանձնաժողովի համար նշված գները որևէ կասկած ևս չեն հարուցել: Իսկ թե ինչու էր Հանձնաժողովը շահագրգիռ որպեսզի «Վահրամ Կնյազյան» Ա/Ձ հաղթեր այս ընթացակարգում մնում է միայն ենթադրել»,- նշված է ընկերության դիրքորոշման մեջ (նշյալ հատվածը ներկայացվել է առանց ուղղումների,- հեղ․)։ Ըստ հայցվորի՝ Հանձնաժողովը, խախտելով «Գնումների մասին» օրենքի պահանջները, հրավերի պահանջների չհապամատասխանելու հիմքով ոչ միան չի մերժել «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ի հայտը, այլև այդ հայտը բավարար գնահատելով՝ ճանաչել է երկու չափաբաժիներով ընտրված մասնակից:  «Նման պայմաններում, ակնհայտ է, որ պատասխանողի կողմից, ի դեմս վերջինիս անունից գործող ընթացակարգի հանձնաժողովի, թույլ է տրվել գնումների օրենսդրության խախտում, օբյեկտիվորեն չի գնահատվել մասնակիցների հայտերը, որի արդյունքում խախտվել է հավասար պայմաններում մրցակցության և ոչ խտրական հիմունքներով ընթացակարգը կազմակերպելու սկզբունքները»,- նշել է «Տեխ. հսկողություն թիվ 1» ՍՊԸ-ն։ Պատասխանողը՝ Արթիկի համայնքապետարանը, իր դիրքորշման մեջ անդրադարձել է միայն վաղեմության ժամկետներին՝ նշելով, որ հայցադիմումը ներկայացվել է մի քանի օր ուշ, և դատարանին խնդրել է հայցը մերժել։ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն Արթիկի համայնքապետարանի այս միջնորդությունը մերժել է՝ գտնելով, որ հայցը ներկայացվել է հիմնավոր պատճառներով՝ չնայած բողոքարկման ժամկետի խախտմանը։ Դատարանը, մանրամասն ուսումնասիրելով Արթիկի համայնքապետարանի կազմակերպած մրցույթի փաստերը, արձանագրել է, որ «Հանձնաժողովը «Վահրամ Կնյազյան» Ա/Ձ-ի կողմից առաջարկվող գնի հաշվարկ չներկայացնելու պայմաններում վերջինիս հայտը բավարար գնահատելով և ընտրված մասնակից ճանաչելով խախտել է նաև մասնակիցների միջև հավասարության պահպանման սկզբունքը, հետևաբար Հայցվորի պնդումներն այս մասով ևս հիմնավոր են»։ Դատարանը որոշել է, որ ՇՄԱՀ-ԳՀԽԾՁԲ-23/24 ծածկագրով գնանշման հարցման մրցույթի արդյունքները, որոնցով Վահրամ Կնյազյան ԱՁ-ն ճանաչվել էր հաղթող երկու բաժիններով, պետք է անվավեր ճանաչվեն։ Արթիկի համայնքապետարանը բողոքարկել է դատարանի այս վճիռը, սակայն Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Արթիկ համայնքի վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճիռը՝ ևս մեկ անգամ արձանագրելով, որ Հանձնաժողովը պարտավոր էր հայտն անբավարար գնահատել և այն մերժել, ինչը չի արել։ Հատկանշական է, որ Արթիկի համայնքապետարանը մրցույթի մասին մեր հարցմանը պատասխանելիս չի էլ հիշատակել դատարանում քննված գործի մասին, դեռ ավելին՝ պնդել է, որ Վահրամ Կնյազյան ԱՁ-ի առաջարկը համապատասխանել է սահմանված պահանջներին Սա համայնքային թափանցիկության և հանրային հաշվետվողականության խնդիր է․ Արթիկի համայնքապետարանը ոչ միայն անցկացրել է մրցույթ, կնքել է պայմանագիրը և թույլ տվել աշխատանքների իրականացում՝ խախտումներով ներկայացված հայտի հիման վրա, այլև դրանից հետո չի կատարել դատարանի վճիռը և հանրությանը չի տեղեկացրել դատական գործընթացի մասին։    Ավագանու անդամը չի հայտարարագրել հոր ընկերության մասնակցությունը՝ չնայած օրենքի պահանջին Արթիկ համայնքի պաշտոնական կայքէջից և Արթիկի ավագանու անդամ Տիգրան Բաղդասարյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նաև «Ճանշին» ՓԲԸ-ի փոխտնօրենն է։  Օրենքը սահմանում է, որ պաշտոնատար անձը պետք է հայտարարագրի իր և իր ընտանիքի անդամների մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Սակայն, Տիգրան Բաղդասարյանի ներկայացրած հայտարարագրերում (2022 և 2023) առկա չեն նշումներ ոչ իր՝ ընկերությունում փոխտնօրեն լինելու մասին, ոչ էլ իր հոր՝ «Ճանշին» ՓԲԸ-ում մասնակցության մասին տվյալները։ Մեր հարցին, թե ինչու նա չի հայտարարագրել այս փաստը, Տիգրան Բաղդասարյանը պատասխանեց, որ դա զուտ տեխնիկական խնդիր է։ «Ինչ-որ դիտավորյալ հարց չկա, բոլորն էլ գիտեն, որ 30 տարուց ավելի է ընկերությունն իմ հորն է պատկանում։ Տեխնիկական խնդիր է եղել երևի»։   Ի՞նչ որոշումներ ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ համանման դեպքերի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման մասին նախկինում իր կայացրած որոշումներում (1,2,3,) արձանագրել է, որ որևէ ձևով դրսևորված փոխկապակցվածության դեպքում տվյալ պաշտոնյան մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը պարտավոր է շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողովին գրավոր հայտարարություն ներկայացնել:  Ավագանու անդամ Տիգրան Բաղդասարյանը և համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը ՔՊ կուսակցության և ավագանու համանուն խմբակցության անդամ են։ Ի պաշտոնե լինելով համայնքային գնումներում պատվիրատուի ղեկավար՝ Անանիկ Ոսկանյանը ընթացակարգերում շահերի բախման իրավիճակի՝ համայնքային գնումներում իր խմբակցության ավագանու անդամի հոր ընկերության մասնակցության վերաբերյալ պետք է գրավոր հայտարարություն ներկայացներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մեզ պատասխանեցին, որ  «Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի կողմից 2022-2024 թվականներին շահերի բախման իրավիճակների վերաբերյալ գրավոր հայտարարություններ Հանձնաժողով չեն ներկայացվել»:  Նշենք, որ ավագանու անդամ Տիգրան Բաղդասարյանը նույնպես շահերի բախում չի տեսնում իր հոր ընկերության՝ համայնքային գնումներին մասնակցության մեջ։  «Ընդհանրապես շահերի բախում չի կարող լինել, որովհետև ընտրությունը լինում է արդար։ Մրցույթներ կան, որ «Ճանշին» ՓԲԸ-ն 25 %, 30 % գնիջեցումով հաղթում է։ Ընկերությունը տարեկան ընդամենը երկու երեք տենդերների է մասնակցում, այնպես չէ, որ շատ է մասնակցում։ էլեկտրոնային տարբերակով է մրցակցությունը, էնտեղ ի՞նչ շահերի բախում կարող է լինել»,- նշեց նա։ Համայնքները գնումների գործընթացում հաճախ առաջնորդվում են բացառապես «Գնումների մասին» օրենքով, հաշվի չառնելով շահերի բախման ռիսկերի վերաբերյալ այլ իրավական կարգավորումները։ Մենք առանձնացրել ենք այն կարևոր հոդվածները, որոնցում առկա են նման կարգավորումներ։      Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 300 000 դրամով։ Այսպիսով՝ չնայած նրան, որ Արթիկ համայնքի ղեկավարը պարտավոր էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել շահերի բախման իրավիճակի վերաբերյալ հայտարարություն և ձեռնպահ մնալ այդ հարցի վերաբերյալ գործողություններ կատարելուց,  ավագանու անդամին փոխկապակցված ընկերության հետ վերջին երեք տարվա ընթացքում կնքել է 358 մլն դրամի պայմանագիր։ Համայնքի ղեկավարը, սակայն, այդ գնումներում շահերի բախման ռիսկ չի տեսնում։ Իսկ ավագանու անդամն էլ չի հայտարարագրել իր ընտանիքի անդամի մասնակցությունը համայնքային գնումներին մասնակցած առևտրային կազմակերպությունում։   Հեղինակ՝ Սուսինա Խաչատրյան
20:29 - 16 ապրիլի, 2025
ԿԿՀ-ն «Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա վարչական տույժ է կիրառել Քաջարանի համայնքապետի նկատմամբ

ԿԿՀ-ն «Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա վարչական տույժ է կիրառել Քաջարանի համայնքապետի նկատմամբ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին՝ հիմք ընդունելով  համայնքային գնումներում շահերի բախման դեպքերի վերաբերյալ «Ինֆոքոմի» հրապարակումը։ «Ինֆոքոմը» ուսումնասիրել էր 2022-2024 թվականներին Քաջարան համայնքի կատարած գնումները և հայտնաբերել, որ համայնքապետարանն այդ թվականներին շուրջ 700 մլն դրամի պայմանագիր է կնքել համայնքապետ Մանվել Փարամազյանի կնոջ՝ Լիլիթ Դավթյանի մասնակցությամբ ընկերության հետ։ 2024 թվականի հուլիսին կնքված պայմանագրով «Աժդանակ» ընկերությունը մեկ տարում մանկապարտեզ պետք է կառուցի համայնքում։ Պայմանագրի գինը 543 մլն դրամ է։ Ընկերության հետ ևս երկու պայմանագիր կնքվել է 2022 թվականին։  «Աժդանակ» ընկերության 40% բաժնետերը «Տրամպ» ՍՊԸ-ն է, որի սեփականատերը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի կինն է։ Ընկերության 9%-ի բաժնետերը և նախկին տնօրենն Արտակ Համբարձումյանն է՝ Քաջարան համայնքի կառավարող «Դեպի միասնություն դաշինք» խմբակցության ավագանու անդամ Կարեն Համբարձումյանի եղբայրը։ Ընկերության 51% բաժնեմասն էլ պատկանում է Արտակ Համբարձումյանի հիմնադրած «Գար գրուպ» ՍՊԸ-ին։ Արտակ Համբարձումյանը, սակայն, ներկայումս «Գար գրուպ» ՍՊԸ-ի բաժնետեր չէ։ Հանձնաժողովն արձանագրել է, որ Մանվել Փարամազյանին փոխկապակցված անձը՝ կինը, պայմանագրի կնքման պահին գործարար կամ այլ գործնական հարաբերությունների մեջ է գտնվել ընկերության հետ, հետևաբար ընկերության հետ Մանվել Փարամազյանի կողմից պայմանագիր կնքելն առերևույթ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, որի մասին Մանվել Փարամազյանը պարտավոր էր Հանձնաժողով հայտարարություն ներկայացնել, ինչը չի արել:  Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Մանվել Փարամազյանը իր պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման համար չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան գործողություններ, որպեսզի չհայտնվի շահերի բախման իրավիճակում կամ հայտնվելու դեպքում առաջնորդվի օրենքով նախատեսված կանխարգելման ընթացակարգերով։ Այն, որ մանկապարտեզի կառուցման համար հայտարարված մրցույթին մասնակցության հայտ ներկայացրել է միայն «Աժդանակ» ՍՊԸ-ն, Հանձնաժողովը չի համարում գրավոր հայտարարություն ներկայացնելու պարտավորությունից ազատող հանգամանք: Այսպիսով, Մանվել Փարամազյանը ենթարկվել է վարչական տույժի՝ 300 հազար դրամի չափով։  «Ինֆոքոմը» համայնքային պաշտոնյաներին փոխկապակցված անձանցից գնումների մի շարք դեպքեր է հայտնաբերել նաև Ստեփանավան, Սևան և Գավառ համայնքներում։ Ստեփանավան և Սևան համայնքների վերաբերյալ նյութերի հիման վրա Հանձնաժողովը նույնաբնույթ տույժեր է կիրառել համայնքապետերի նկատմամբ։    Լիլիթ Գրիգորյան
13:25 - 16 ապրիլի, 2025
596 մլն դրամ նվիրատվություն՝ համայնքային պաշտոնյաներին

596 մլն դրամ նվիրատվություն՝ համայնքային պաշտոնյաներին

2023 թվականին Հայաստանի մարզային համայնքների 20 պաշտոնյա՝ ընդհանուր 596 մլն դրամի 31 նվիրատվություն է ստացել 30 նվիրատուներից: «Ինֆոքոմը» նույնականացրել է 30 նվիրատուներից 18-ին և գտել նրանց կապը պաշտոնյաների հետ։ 596 մլն դրամից 595 մլն-ը համայնքային պաշտոնյաները ստացել են գումարի տեսքով, իսկ 1․2 մլն-ը՝ բնամթերային ձևով։ Նվիրատվություն ստացած համայնքային պաշտոնյաների թվում համայնքի ղեկավարներ են, ավագանու անդամներ, համայքի ղեկավարի տեղակալներ և աշխատակազմի քարտուղարներ։ Գումարային արտահայտությամբ ամենամեծ նվիրատվությունները պաշտոնյաները ստացել են քույրերից և եղբայրներից՝ 324 մլն դրամ։ Նրանցից հետո ամենախոշոր նվիրատուները ծնողներն են՝ շուրջ 120 մլն դրամ։ Մոտ 33.4 մլն դրամի նվիրատվություններ պաշտոնյաները ստացել են անձանից, ում հետ ունեցած կապը պարզել չի հաջողվել: Ամենամեծ չափով նվիրատվությունը՝ 305 մլն 688 հազար դրամ, ստացել է Աշտարակ համայնքի ավագանու անդամ Գնել Սուքիասյանը։ Նվիրատուն եղբայրն է՝ Տիգրան Սուքիասյանը։ Տիգրան Սուքիասյանը եղբոր հետ համատեղ չի բնակվում, հետևաբար եղբայրը ընտանիքի անդամի հայտարարագիր չի ներկայացնում, ուստի  հնարավոր չէ պարզել, թե որտեղից է գոյացել նշված գումարը։  Եղբոր կատարած նվիրատվությունները եղել են Գնել Սուքիասյանի հայտարարագրած միակ եկամուտը։ Ավելին՝ նախորդ տարիներին ևս նա եկամուտ չի հայտարարագրել։ Բացի այդ՝ Գնել Սուքիասյանի հայտարարագրերում կան բազմաթիվ անհամապատասխանություններ՝ այդ թվում այն, որ նրա հայտարարագրած դրամական միջոցներն ու եկամուտը չեն հիմնավորում այն ծախսերը, որոնք նա կատարել է։  Գնել Սուքիասյանին հարցրել էինք, թե ինչ նպատակով է ստացել այդ նվիրատվությունները և ինչպես կպարզաբանի հայտարարագրում տեղ գտած անհամապատասխանությունները։ Նա չպատասխանեց հարցերին, միայն նշելով, որ ոչ մի նվիրատվություն չի ստացել։ Աբովյան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Արթուր Մովսիսյանը 98 մլն դրամ է նվիրատվություն է ստացել հորից՝  Գառնիկ Մովսիսյանից։ Արթուր Մովսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հոր՝ իրեն կատարած նվիրատվությունը նա օգտագործել է հողատարածքներ գնելու նպատակով, իսկ հայրն այդ գումարը վարկ է վերցրել։  Վերջինս նույնպես հայտարարատու չէ, քանի որ որդու հետ համատեղ չի բնակվում։ Գառնիկ Մովսիսյանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրենն է 2022 թվականից։ Նա նաև «Սամսար» և «Աժնարեկ» ՍՊ ընկերությունների 100 տոկոս բաժնետեր է։ Երրորդ ամենախոշոր նվիրատվություն ստացած պաշտոնյան Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանն է։ Նա 43 մլն դրամ նվիրատվություն է ստացել իր հորաքրոջ տղայից՝ Արմեն Եղյայանից, ինչպես նաև 10 մլն դրամ հորից՝ Մնացական Սարգսյանից։ Ըստ Գարիկ Սարգսյանի, նա իր հարազատներից ստացած գումարով ձեռք է բերել հասարակական նշանակության 2 անշարժ գույքերի 1/4 բաժնեմասերը։ Այս թեմայի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «Ինֆոքոմում» հրապարակված հոդվածում: Պաշտոնյաները նվիրատվություններ ստացել են տարբեր արժույթներով՝ դրամ, ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար և եվրո։  2023 թվականին 31 նվիրատուներից միայն 6-ն են եղել հայտարարատու։ Մենք ուսումնասիրել ենք պաշտոնյաներին նվիրատվություն կատարած անձանց հայտարարագրերը և պարզել, որ հայտարարատու 5 նվիրատուներից 3-ը չեն հայտարարագրել կատարած նվիրատվությունը։  Իջևան համայնքի ավագանու անդամ Վահան Ղազումյանը 5․5 մլն դրամի նվիրատվություն է ստացել քրոջից և մորից։ Ոչ մայրը, ոչ քույրը չեն հայտարարագրել իրենց կատարած նվիրատվությունները։ Պաշտոնյաներից մեկն էլ նվիրատվություն է ստացել արտասահմանյան մի ընկերությունից․ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը 2023 թվականին 19,5 մլն դրամ է ստացել Twins Buick Gmc-ից, որը ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքով զբաղվով ընկերություն է։ Թե ինչու է ամերիկյան մի ընկերություն նվիրատվություն արել, փորձեցինք ճշտել հենց համայնքապետից։ Համայնքապետի արձակուրդում գտնվելու պատճառով՝ մեր հարցերին պատասխանեց Թալինի համայնքապետի ներկայացուցիչ Էդգար Խաչատրյանը, ըստ որի՝ Twins Buick Gmc ընկերության հիմնադիր տնօրենը Տիգրան Սաֆարյանն է, Տավրոս Սափեյանի մտերիմ ընկերը, որ արմատներով Թալինցի է, և այժմ բնակվում է ԱՄՆ-ում։։ «Մինչ Սափեյանի համայնքապետ դառնալը նրանք իրար ճանաչել են, մտերիմ ընկերներ են եղել։ Տիգրանը Թալինի պատվավոր քաղաքացի է, քաղաքի համար շատ լավ բաներ ունի արած, և որպես ընկեր նվիրատվություն է արել իր ընկերոջը, սակայն նվիրատվությունը ձևակերպվել է իրավաբանական անձի անունով։ Մենք այս հարցով պարզաբանում ենք ներկայացրել ԿԿՀ»։  Այն հարցին, թե արդյոք խնդիր չեք տեսնում, որ իրավաբանական անձն է նման նվիրատվություն անում՝ հիմնադրի անունից, Էդգար Խաչատրյանը նշեց, որ «միանշանակ ճիշտ կլիներ, եթե ընկերոջից ընկեր լիներ նվիրատվությունը, այսքան հարցեր էլ չէին ծագի, միգուցե փաստաթղթային հարցերն ավելի հեշտ են լուծվել այս եղանակով, հստակ չեմ կարող ասել»։  Այս մասին հարցրինք նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ըստ որի Հանձնաժողովն այս դեպքը քննության է առել նվերների ընդունման սահմանափակումների և շահերի բախման կարգավորումների լույսի ներքո: «Ներկայացված պարզաբանման հիման վրա Հանձնաժողովը Տ․ Սափեյանի կողմից նվերների ընդունման սահմանափակման և (կամ) շահերի բախման կարգավորումների առերևույթ խախտման հիմքեր չի արձանագրել»,- նշված է պատասխանում։ Այս մասին դեռ 2024 թվականի մայիս ամսին գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, որի հրապարակման հիման վրա Հանձնաժողովն ուսումնասիրություն էր նախաձեռնել։  Ըստ Հանձնաժողովի՝ համայնքի ղեկավարի և նվիրատուի միջև կապի բնույթը և հրապարակման մեջ շրջանառվող տեղեկությունները ողջամիտ կասկած են հարուցել, որ կատարված արարքները առերևույթ կարող են պարունակել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված կոռուպցիոն հանցագործության հատկանիշներ, ինչով պայմանավորված՝ 2024 թվականի հուլիսի 23-ին Հանձնաժողովը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն:  Գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ այդ դիմումի հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել, որի օրինականությունը ստուգվել է հսկող դատախազի կողմից։ Իսկ Հանձնաժողովը քրեական վարույթ չնախաձեռնելու դեմ որևէ բողոք չի ներկայացրել։ Նվիրատվություններ ստանալը պարբերական բնույթ է կրում համայնքային մի շարք պաշտոնյաների դեպքում․ ոմանք նվիրատվություններ են ստացել ոչ միայն 2023-ին, այլև նախորդ 2 տարիներին։ Օրինակ Նոր Հաճն համայնքի ավագանու անդամ Արտյոմ Գևորգյանը 2022-ին ստացել է 6․7 մլն դրամ, իսկ 2023-ին՝ 10․6 մլն դրամ՝ քրոջից։  Վանաձոր համայնքի ավագանու անդամ Ժակլին Հեքիմյանը 2021-ին ստացել է 3․4 մլն դրամ նվիրատվություն, իսկ 2023-ին՝ 3 նվիրատվություն՝ ընդհանուր 7.5 մլն դրամ։  Իջևան համայնքի ավագանու անդամ Վահան Ղազումյանը 2022-ին ստացել է 7 նվիրատվություն՝ ընդհանուր շուրջ 20 մլն դրամ։ Իսկ 2023-ին ստացել է 2 նվիրատվություն։ Պաշտոնյայի մայրը՝ Սեդա Օղդյանը 1․5 մլն դրամ է նվիրել որդուն, որը համարժեք է 2023 թվականին հայտարարագրած իր միակ եկամտին։ Պաշտոնյայի քույրը՝ Աննա Ղազումյանը նույնպես՝ 2023-ին հայտարարագրած իր միակ եկամտի՝ 4 մլն դրամի չափով նվիրատվություն է կատարել եղբորը։ Նշենք, որ պաշտոնյայի մայրն ու քույրը նաև 2022 թվականին նվիրատվություն կատարած 7 նվիրատուների ցանկում են։  Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը 2022-ին 3 նվիրատվություն է ստացել՝ ընդհանուր 2.2 մլն դրամ։ 2023-ին նույնպես 3 նվիրատվություն է ստացել՝ ընդհանուր 1․8 մլն դրամ։ 3 նվիրատուներից 2-ը նրա հարազատներն են։ Փարաքար համայնքից մեկ այլ ավագանու անդամ Վալոդյան Գրիգորյանը 2023-ին 30 մլն դրամ է նվիրատվություն է ստացել, իսկ 2022-ին՝ 50 մլն դրամ։ Պաշտոնյայի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ երկու նվիարտվություններն էլ Վալոդյա Գրիգորյանը ստացել է Արծրուն Գալստյանից։ Ի՞նչ ռիսկեր է պարունակում պաշտոնյաների՝ խոշոր նվիրատվությունների ստացումը Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը նշում է, որ նվիրատվությունները կարող են պարունակել տեսական ռիսկեր, ուստի անհրաժեշտություն կա բոլոր իրավիճակները մանրամասն ուսումնասիրելու, նվիրատվության հանգամանքները պարզաբանելու։ Եթե նվիրատուն ընտանիքի անդամ է, առաջին հայացքից կարող է թվալ, թե պաշտոնյայի վրա ազդեցություն ունենալու ռիսկեր չեն կարող լինել, մինչդեռ կարևոր է համոզվել, որ ընտանիքի անդամը, որը պաշտոնյային նվիրատվություն է կատարում, ունի դրա համար բավարար միջոցներ. «Այս հանգամանքով պայմանավորված՝ տեսականորեն կարող են լինել մի շարք ռիսկային խնդիրներ։ Կարող են, օրինակ, փոխկապակցված անձանց, մտերիմ, հարազատական կապեր ունեցող անձանց կապերը օգտագործվել երրորդ անձի կողմից գործարքներ ծածկելու համար։ Նվիրատվությունների միջոցով կարող են փորձել երրորդ կողմի շնորհակալությունը պաշտոնյային հայտնելու համար միջնորդ հանդիսանալ մերձավոր ազգականները կամ ընտանիքի անդամները։ Ոչ թե պաշտոնյան անձամբ է այդ շնորհակալությունը կամ կաշառքը ստանում, այլ միջնորդավորված՝ ընտանիքի անդամի միջոցով»։  Արմեն Խուդավերդյանը շեշտում է, որ կարևոր է հասկանալ՝ նվիրատվության միջոցները, որ իրենց մոտ հայտնվել են, երրորդ կողմի աղբյուրի՞ց են հայտնվել, թե՞ ոչ։ Անդրադառնալով այլ ռիսկերին՝ փորձագետը նշում է, որ նվիրատվությունները շատ դեպքերում կարող են օգնել, որ պաշտոնյաները հիմնավորեն իրենց կանխիկ դրամական միջոցների աղբյուրը կամ խուսափեն հարկերի վճարումից, քանի որ նվիրատվության եղանակով կատարված գործարքները ազատված են հարկերից։  «Այս բոլոր իրավիճակները, իհարկե, ունեն տեսական բնույթ։ Շատ կարևոր է, որ նվիրատվության բոլոր գործարքները «հալած յուղի տեղ» չընդունվեն հայտարարագրի մեջ, և չասեն՝ իմ հարազատներն են, կամ այսինչ միջոցառմումներից եմ ստացել նվիրատվություն, ուրեմն խնդիր չկա։ Դրանք բոլորը պետք է ենթակա լինեն մանրամասն ուսումնասիրությունների և հանգամանքների պարզաբանման»,- հավելում է Արմեն Խուդավերդյանը։ Ո՞վ պետք է զբաղվի նվիրատվություններով պայմանավորված ռիսկերի կառավարմամբ Հայտարարագրերի վերլուծությամբ զբաղվող պետական մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), օրենքով իրավասու է հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից, տվյալ դեպքում՝ նվիրատուներից, եթե անգամ նրանք հայտարարատու չեն, ըստ անհրաժեշտության, պահանջելու իրավիճակային հայտարարագիր։  Առաջին հայացքից թվում է, թե նվիրատվությունների հետ կապված բոլոր ռիսկերի կանխարգելումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դաշտում է, սակայն Հանձնաժողովը տարեկան կարող է ստուգել սահմանափակ թվով հայտարարագրեր։ Որպես ընտրանք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերջին տարիներին սահմանում է պաշտոնների ցանկ՝ որպես ռիսկային չափորոշիչ ընդունելով հիմնականում պաշտոնների բարձրաստիճանությունը, սակայն այդ ցանկը չի ներառում ինչպես ուժային կառույցների աշխատակիցների, Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների , դատական իշխանության ներկայացուցիչների մեծ մասին, այնպես էլ համայնքային պաշտոնյաներին։ Վերոնշյալ խմբերի ստացած նվիրատվություններին անդրադարձել էինք ավելի վաղ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում նշել էր, որ Հանձնաժողովը ևս ռիսկային է համարում խոշոր չափով նվիրատվությունները և հավանաբար առաջիկայում «Ինֆոքոմի» հրապարակումների հիման վրա ուսումնասիրություն կիրականացնի՝ դուրս բերելով ռիսկային նվիրատվությունները և իրականացնելով համապատասխան վերլուծություն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում են գտնվում այդ ուսումնասիրությունները։ Հանձնաժողովից նշեցին, որ նրանք  ուսումնասիրել են «Հարկային և մաքսային տեսուչների ստացած նվիրատվությունները հետագծելի չեն. ԿԿՀ-ն նրանց հայտարարագրերը չի ուսումնասիրել» հրապարակման մեջ տեղ գտած առերևույթ անհամապատասխանությունները՝ պաշտոնյաներից հայցելով պարզաբանումներ։ Պատասխանից պարզ է դառնում, որ Հանձնաժողովը  ներկա պահին իրականացնում է 8 պաշտոնյաներից ստացված պարզաբանումների գնահատում, իսկ մեկ պաշտոնյայի նկատմամբ որևէ գործընթաց չի նախաձեռնվել և առաջարկվել է Հանձնաժողով ներկայացնել հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմում: Հանձնաժողովը նշել է նաև, որ «Ուժային կառույցների ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, որոնց ծագման աղբյուրը հետագծելի չէ», հրապարակման մեջ տեղ գտած 8 պաշտոնյաների հայտարարագրած նվիրատվությունների վերաբերյալ ուսումնասիրությունը գտնվում է ընթացքի մեջ: Իսկ նվիրատվությունների մասին «Ինֆոքոմի» հրապարակած վերջին՝ «Դատավորների շքեղ նվերներն ու կույր վեթինգը․ քանի՞ դատավոր է զրկվել պատմուճանից անօրինական գույքի համար» հրապարակման մեջ տեղ գտած հայտարարագրերն  ուսումնասիրվել են և արդյունքներն առաջիկայում կներկայացվեն Հանձնաժողովի քննարկմանը:  Չնայած դրան, եթե նվիրատվությունների ստացումը չսահմանվի որպես ռիսկային չափորոշիչ, չներառվի համապատասխան որոշումներում, ապա խոշոր և ոչ հետագծելի աղբյուրներով նվիրատվություն ստացող պաշտոնյաների հայտարարագրերի վերլուծությունը կիրականացվի դրվագային՝ միայն լրատվամիջոցների հրապարակման առկայության կամ անձանց գրավոր դիմումների հիման վրա։ Սա այն դեպքում, որ նման նվիրատվություններ ամենաշատը ստանում են այնպիսի առանցքային ոլորտների պաշտոնյաները, ինչպիսիք են ուժային կառույցները, դատական համակարգը, Պետական եկամուտների կոմիտեն, տեղական ինքնակառավարման մարմինները։ Հեղինակ՝ Սուսինա Խաչատրյան
19:04 - 11 ապրիլի, 2025
ԿԿՀ-ն «Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա Սևանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառել

ԿԿՀ-ն «Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա Սևանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանին՝ հիմնվելով համայնքային գնումներում շահերի բախման դեպքերի վերաբերյալ «Ինֆոքոմի» ուսումնասիրության վրա։  «Ինֆոքոմը» ուսումնասիրել էր 2020-2024 թվականներին Սևան համայնքի կատարած գնումները և արձանագրել, որ Սևանի համայնքապետարանի՝ ճանապարհաշինությանն ուղղված գնումների շուրջ 76%-ն իրականացվել է համայնքի ավագանու անդամին պատկանող ընկերության հետ։ Ուշագրավ է այն, որ համայնքի ավագանու անդամ Արմեն Ալավերդյանի ընկերությունը մասնակցել է 2020-2024 թվականների ասֆալտապատման գնումների 19 ընթացակարգերից 18-ին և հաղթել 17-ում, իսկ մյուս երկու ընթացակարգերին մասնակցել և հաղթել է համայնքի բնակավայրերից մեկի ղեկավարի հորը պատկանող ընկերությունը։  Միայն 2022-2024 թվականներին, երբ Արմեն Ալավերդյանն արդեն ավագանու ընտրված անդամ էր, ընկերությունը մասնակցել է գնման 11 ընթացակարգի, որից 9-ում ճանաչվել է հաղթող մասնակից՝ կնքելով ընդհանուր 2․7 մլրդ դրամի պայմանագիր։ «Ինֆոքոմին» տված գրավոր պատասխանում Սարգիս Մուրադյանը նշել է, որ համայնքի ավագանու անդամի փոխկապակցվածությունն իրավաբանական անձին չի սահմանափակում տվյալ իրավաբանական անձի մասնակցությունը համայնքի կազմակերպած գնման ընթացակարգերին։  Նշենք նաև, որ Արմեն Ալավերդյանը ոչ պաշտոնի ստանձնման, ոչ էլ 2021, 2022, 2023 թվականների տարեկան հայտարարագրերում չի նշել «Ճան շին» ՍՊԸ-ում իր մասնակցության մասին տվյալները՝ իր 49 տոկոս մասնաբաժինը և տնօրեն լինելու հանգամանքը։ Հանձնաժողովը, ուսումնասիրելով այս բոլոր դեպքերը, արձանագրել է, որ Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանը, որպես պատվիրատուի ղեկավար, համայնքային կարիքների համար գնման պայմանագրեր է կնքել օրենքի իմաստով իրեն փոխկապակցված անձի ընկերության հետ՝ առանց այդ մասին Հանձնաժողով հայտարարություն ներկայացնելու։ Միաժամանակ Հանձնաժողովը նշել է, որ համայնքապետն ուներ շահերի բախմանը վերաբերող հանգամանքի մասին Հանձնաժողով հայտարարություն ներկայացնելու պարտավորություն, որը չկատարելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն։ Այսպիսով, հաշվի առնելով, որ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, ինչպես նշված է ԿԿՀ որոշման մեջ, «կատարել է գործողություն, որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, միաժամանակ որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում շահերի առկայության մասին գրավոր հայտարարություն չի ներկայացրել Հանձնաժողով՝ խախտելով օրենքով սահմանված շահերի բախմանը վերաբերելի իրավակարգավորումների պահանջ», Հանձնաժողովը նրա նկատմամբ կիրառել է 300 000 դրամի չափով տույժ։ Ի դեպ, ԿԿՀ-ի նախաձեռնած վարույթի շրջանակում համայնքապետը հնարավորություն է ունեցել ներկայացնել դիրքորոշում եւ պարզաբանում։ Սարգիս Մուրադյանը, սակայն, ինչպես երեւում է ԿԿՀ-ի որոշումից, այդ հնարավորությունից չի օգտվել։ «Ինֆոքոմը» համայնքային պաշտոնյաներին փոխկապակցված անձանցից գնումների մի շարք դեպքեր է հայտնաբերել նաև Ստեփանավան, Քաջարան և Գավառ համայնքներում։   Հեղինակ՝ Սուսինա Խաչատրյան  
12:54 - 11 ապրիլի, 2025
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետի դեմ
 |azatutyun.am|

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Ազատության» հրապարակման հիման վրա վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի կողմից ենթադրյալ շահերի բախման փաստի առթիվ։ Այդ մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումից։ «Ազատություն»-ը փետրվարի 8-ին գրել էր, որ Գասպարյանը սեղմված բնական գազի ձեռքբերման պայմանագիր էր կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի գազալցակայանի հետ։ Գործարքի գինը կազմել էր 13.6 մլն դրամ։ Հանրային ծառայության մասին օրենքի համաձայն՝ եթե պաշտոնյայի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման, ապա պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր վերադասին ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախման մասին։ Համայնքապետերը քանի որ չունեն վերադաս մարմին, շահերի բախման հանգամանքների վերաբերյալ պետք է հայտարարություն ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչը Գասպարյանը չէր արել: Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Վաղարշապատի համայնքապետն այս պայմանագրի կնքմամբ կատարել է գործողություն, որ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի։ Վարույթի արդյունքներով Գասպարյանը կարող է տուգանվել 300 000 դրամով։
20:03 - 18 մարտի, 2025
Շուրջ 135 միլիոն դրամի գնում՝ համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերությունից․ Գավառ համայնքի գնումները

Շուրջ 135 միլիոն դրամի գնում՝ համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերությունից․ Գավառ համայնքի գնումները

Գավառի համայնքապետարանը և համայնքապետարանի ենթակայությամբ աշխատող «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը  2020-2024 թվականներին շուրջ 135 միլիոն դրամի գնում են կատարել Գավառի համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերությունից։ Գնումներ են կատարվել նաև համայնքապետարանի այլ աշխատակիցների ընտանիքներին պատկանող ընկերություններից։    2024 թվականին Գավառի համայնքապետարանը «Գավառտրանս» ընկերությունից գնել է շուրջ 1.5 մլն դրամի սեղմված բնական գազ։ Մեկ այլ պայմանագրով ընկերությունը համայնքապետարանին մատուցել է ուղևորափոխադրման ծառայություններ։ Գնման ընթացակարգին մասնակցել է միայն «Գավառտրանսը»։ 2024 թվականին մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների համար ընկերությունը համայնքապետարանից ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 9 մլն դրամ։ Գուրգեն Մարտիրոսյանը Արա Զոլյանի հետ «Գավառտրանս» ընկերությունը համահիմնադրել է 2003 թվականին։ Մարտիրոսյանը 2005 թվականին առաջին անգամ ընտրվել է Գավառ համայնքի ղեկավար։ Համայնքապետի պաշտոնը ստանձնելուց երեք տարի անց նա դուրս է եկել ընկերությունից՝ իր 50% բաժնեմասը փոխանցելով հորը՝ Երվանդ Մարտիրոսյանին։ Այժմ ընկերության բաժնեմասերի մեծ մասի սեփականատերերն են Մարտիրոսյանի հարազատներն ու նրա հետ քաղաքական հարաբերություններ ունեցող մեկ անձ. հայրը՝ Երվանդ Մարտիրոսյանը (10% բաժնեմաս), անչափահաս որդին՝ Նարեկ Մարտիրոսյանը (10 % բաժնեմաս), որդին՝  Յուրի Մարտիրոսյանը (10 % բաժնեմաս), քույրը՝ Նարինե Մարտիրոսյանը (10% բաժնեմաս) և վերջինիս որդին՝ Գևորգ Հասասյանը (10% բաժնեմաս)։ Իսկ ամենամեծ՝ 31% բաժնեմասը պատկանում է Գավառ համայնքի կառավարող «Գուրգեն Մարտիրոսյան դաշինք» խմբակցության ավագանու անդամ Հրայր Գուլաբյանին, որը նաև ընկերության տնօրենն է։ Եվս 19% բաժնեմաս ունի ընկերության համահիմնադիր Արա Զոլյանը։ Այսպիսով՝ ընկերության բաժնեմասերի կեսը պատկանում է Մարտիրոսյանների ընտանիքին։ Համայնքի ղեկավարին փոխկապակցված ընկերությունը գնումների մրցույթներում հաղթել է նաև նախորդ տարիներին  Գավառի համայնքապետարանի՝ մեր հարցմանն ի պատասխան տրամադրած տվյալների համաձայն՝ համայնքապետարանը «Գավառտրանս» ընկերության հետ 2020-2024 թթ․ ընթացքում կնքել է ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալության ծառայությունների մատուցման 5  և սեղմված բնական գազի  ձեռքբերման 3 պայմանագիր։ Եվս 15 պայմանագիր համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքել է Գավառ համայնքին պատկանող «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը՝ սեղմված բնական գազ և աղբարկղեր մատակարարելու համար։ Այս պայմանագրերի շրջանակում կատարված գնումների ընդհանուր գինը կազմում է 135 մլն դրամ։ Թեև այս գնումների մրցույթներից որևէ մեկը «Մեկ անձից» գնման ընթացակարգով չի անցկացվել, կարևոր է նշել, որ 23 մրցույթներից 17-ում միակ մասնակիցը եղել է «Գավառտրանս» ընկերությունը։ Համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը շահերի բախում չի տեսնում Մեր հարցմանն ի պատասխան՝ Գուրգեն Մարտիրոսյանը նշեց, որ այս իրավիճակում շահերի բախում չկա, քանի որ իր մասնավոր շահը չի ազդել պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։   «Պայմանագրերը կնքվել են գնահատող հանձնաժողովի որոշումների հիման վրա, այլ ոչ թե իմ պաշտոնեական պարտականությունների ոչ անաչառ կամ ոչ օբյեկտիվ կատարմամբ, իսկ պայմանագրի արդյունքն ընդունել է պատասխանատու ստորաբաժանումը՝ փաստացի մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայությունների համար»,- նշել է համայնքապետը: Մարտիրոսյանը խնդրահարույց չի համարում նաև այն, որ համայնքային գնումներում ընդհանուր շուրջ 135 մլն դրամի պայմանագիր կնքած ընկերությունում բաժնեմաս ունի Գավառ համայնքի ավագանու անդամ Հրայր Գուլաբյանը։ Մարտիրոսյանի խոսքով ավագանու անդամին չի արգելվում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ այդ թվում մասնակցելով գնման գործընթացներին։  «Գավառտրանս» ընկերությունից կատարված գնումներից 20-ն իրականացվել է «Գնանշման հարցում» ընթացակարգով։ Թեպետ գնանշման բոլոր 20 հարցումներին էլ դիմող միակ մասնակիցը եղել է «Գավառտրանսը», Մարտիրոսյանը պնդում է, թե գնանշման հարցումը և բաց մրցույթը ձևականորեն չեն տարբերվում իրարից՝ բացառությամբ գնման առարկայի գնի և հայտերի բացման ժամկետների։ Նա կարծում է, որ գնման այս ձևը չի պարունակում որևէ կոռուպցիոն ռիսկ և ոչ թափանցիկություն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման մասին նախկինում իր կայացրած որոշումներում արձանագրել է, որ որևէ ձևով դրսևորված փոխկապակցվածության դեպքում տվյալ պաշտոնյան մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը պարտավոր է շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողովին գրավոր հայտարարություն ներկայացնել:  Այս պարագայում Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը պետք է համայնքային գնումներում իր ընտանիքն պատկանող ընկերության մասնակցության, այսինքն՝ համայնքային գնումներում իր ընտանիքն պատկանող ընկերության մասնակցության, այսինքն՝ շահերի բախման իրավիճակի վերաբերյալ 10-օրյա ժամկետում գրավոր ծանուցեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ինչը չի արել։ Ըստ Հանրային ծառայության մասին օրենքի՝ շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա: Մասնավոր շահը ենթադրում է որևէ արտոնություն պաշտոնատար անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց, կազմակերպություններին, որոնց հետ կան գործնական, անձնական, քաղաքական հարաբերություններ։  Պատասխանելով մեր հարցին, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվե՞լ է արդյոք գրավոր հայտարարություն շահերի բախման իրավիճակի առաջացման վերաբերյալ, Մարտիրոսյանը նշել է․ «Քանի որ իմ լիազորությունների շրջանակներում գործողություն կատարելը գնման ընթացակարգի արդյունքում գնահատող հանձնաժողովի կողմից ընդունած որոշման հիման վրա է եղել, արդեն իսկ կնքվելիք պայմանագրի հաստատումը չեմ համարել շահերի բախման իրավիճակի առաջացում»։ Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելն առաջացնում է 300 000 դրամ տուգանք։ «Ինֆոքոմի» մեկ այլ համանման հրապարակման հիման վրա, օրինակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերջերս վարչական տույժի է ենթարկել Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանին։   Մարտիրոսյանի չի հայտարարագրել հոր և որդիների մասնակցությունն ընկերություններում  Եկամուտներից, ծախսերից ու գույքից բացի՝ պաշտոնատար անձը պետք է հայտարարագրի նաև իր և իր ընտանիքի անդամների մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Մարտիրոսյանի հայտարարագրում, սակայն, արտացոլված չէ հոր և որդիների մասնակցությունը «Գավառտրանս» ընկերությունում։ Ընդ որում՝ համայնքապետի հայրը՝ Երվանդ Մարտիրոսյանը, մասնաբաժիններ ունի այլ ընկերություններում ևս։ Երվանդ Մարտիրոսյանը 2010 թ․ հիմնադրել է «Երյունա» ՍՊԸ-ն, որն արդյունահանում է գեղազարդային և շինարարական քարեր։ Երվան Մարտիրոսյանը 2019-ին էլ  հիմնադրել է «Կարանտին» ընկերությունը։ Այս ընկերություններում Երվանդ Մարտիրոսյանի մասնակցությունը ևս Գուրգեն Մարտիրոսյանը չի հայտարարագրել։   Գավառի համայնքապետարանը գնումներ է կատարել նաև համայնքային այլ պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից Գավառի համայնքապետարանը 2022-2024 թվականներին ընդհանուր 218 մլն դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների իրականացման 7 պայմանագիր է կնքել «Ֆավորիտ-Մ» ընկերության հետ։ «Ֆավորիտ-Մ» ընկերությունը 2017 թ․ հիմնադրել է համայնքի ղեկավարի ներկայիս տեղակալ Մուրադ Մովսիսյանը։ Ընկերության սեփականատերն այժմ Մովսիսյանի հայրն է՝ Սամվել Մովսիսյանը։ Իրավաբանական անձնանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերության գրանցման հասցեն համընկնում է Մուրադ Մովսիսյանի գրանցման հասցեի հետ։  Մուրադ Մովսիսյանը մեր զրույցում ասաց, որ բոլոր գնումներն իրականացվել են էլեկտրոնային եղանակով, և ինքը որևէ ազդեցություն ունենալ չէր կարող։ Հարցին՝ գնահատող հանձնաժողովի անդամների վրա չէ՞ր կարող ազդել արդյոք այն հանգամանքը, որ մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած ընկերություններից մեկը պատկանում է իրենց վերադասի հորը, Մուրադյանը պատասխանեց՝ որևէ ուղղորդում չի արել հօգուտ հոր ընկերության որոշումներ կայացնելու նպատակով։  «Ես նման իրավունք չունեմ և ինձ թույլ էլ չեմ տա։ Մասնակցող ընկերությունները մասնակցել են նաև մինչև 2022 թվականը, և ի վերջո, եթե որևէ անօրեն գործողություն նկատեին, կբողոքարկեին․ օրենքը դրա հնարավորությունը տալիս է։ Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Մուրադյանը։  Կառավարող խմբացկությունից ավագանու անդամ Ալիկ Մարտիրոսյանի եղբոր՝ Ավետիք Մարտիրոսյանի ընկերությունը՝ «Արմավ-700»-ը, 2022 թ․ համայնքի հետ կնքել է 3 մլն դրամի պայմանագիր՝ մատուցելով շների ստերիլիզացման ծառայություններ։ Այսպիսով, 2020-2024 թվականներին Գավառ համայնքը ավելի քան 350 միլիոն դրամի գնում է կատարել համայնքային պաշտոնյաների ընտանիքների անդամների ընկերություններից։ Ավելին՝ համայնքապետը չի հայտարարագրել իր ընտանիքի անդամների մասնակցությունը գնումներին մասնակցած առևտրային կազմակերպությունում։ Լիլիթ Գրիգորյան 
19:38 - 07 փետրվարի, 2025
«Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա ԿԿՀ-ն Ստեփանավանի համայնքապետի նկատմամբ կիրառել է վարչական տույժ

«Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա ԿԿՀ-ն Ստեփանավանի համայնքապետի նկատմամբ կիրառել է վարչական տույժ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանին՝ հիմնվելով  «Ինֆոքոմի» հրապարակմամբ բացահայտված՝ համայնքային գնումներում շահերի բախման դեպքերի ուսումնասիրության վրա։  «Ինֆոքոմը» ուսումնասիրել էր 2022 և 2023 թվականներին Ստեփանավան համայնքի կատարած գնումները և արձանագրել, որ Ստեփանավանի համայնքապետարանի գնումների շուրջ 70%-ն իրականացվում է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով, իսկ համայնքային պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների ընկերությունները պարբերաբար հաղթում են համայնքային գնումներում։  Առավել ուշագրավ էր այն դեպքը, երբ համայնքապետարանը շուրջ 50 մլն դրամի պայմանագիր էր կնքել Քաղաքաշինության բաժնի նախկին պետ, այժմ համայնքապետի օգնական Լևոն Քալանթարյանի եղբոր ընկերության հետ՝ բազմաբնակարան շենքում էներգաարդյունավետ արդիականացման աշխատանքների իրականացման համար։ Այդ աշխատանքների տեխնիկական հսկողության իրականացումն էլ պատվիրակվել էր Լևոն Քալանթարյանի որդու ընկերությանը։  Նույն ժամանակահատվածում համայնքապետարանը պայմանագրեր էր կնքել նաև համայնքի ղեկավարի տեղակալի, ավագանու անդամներից մեկի կնոջ և ավագանու մեկ այլ անդամի ընկերությունների հետ։  Հանձնաժողովը, ուսումնասիրելով այս բոլոր դեպքերը, արձանագրել է, որ Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը, որպես պատվիրատուի ղեկավար, համայնքային կարիքների համար գնման պայմանագրեր է կնքել օրենքի իմաստով իրեն փոխկապակցված անձանց հետ անձնական հարաբերություններ ունեցող անձանց հետ։  Միաժամանակ Հանձնաժողովը նշել է, որ համայնքապետն ուներ շահերի բախմանը վերաբերող հանգամանքի մասին Հանձնաժողով հայտարարություն ներկայացնելու պարտավորություն, որը չկատարելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն։ Այսպիսով, հաշվի առնելով, որ Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը կատարել է գործողություն, որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, միաժամանակ որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում շահերի առկայության մասին գրավոր հայտարարություն չի ներկայացրել Հանձնաժողով՝ խախտելով օրենքով սահմանված շահերի բախմանը վերաբերելի իրավակարգավորումների պահանջ, Հանձնաժողովը նրա նկատմամբ կիրառել է տույժ 300 000 դրամի չափով։ «Ինֆոքոմը» համայնքային պաշտոնյաներին փոխկապակցված անձանցից գնումների մի շարք դեպքեր է հայտնաբերել նաև Սևան և Քաջարան համայնքներում։   Լիլիթ Գրիգորյան
13:24 - 07 փետրվարի, 2025
ԿԿՀ-ն անկախ մարմին է, թող լիազորությունը կատարի․ Նիկոլ Փաշինյանը՝ «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան

ԿԿՀ-ն անկախ մարմին է, թող լիազորությունը կատարի․ Նիկոլ Փաշինյանը՝ «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում համընդհանուր հայտարարագրման վերաբերյալ  հարց ուղղեց «Ինֆոքոմի» լրագրող Հայարփի Բաղդասարյանը։ Ինֆոքոմի լրագրողը, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց՝ հայտարարագրման համակարգի ներդրման մասին խոսելիս վերջինս ասել է, որ դրա առաջնային պատճառներից մեկն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ներդրված բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարգրման համակարգերը բավարար չեն․ «Ասում էիք, որ պաշտոնյաների բաջանաղների, զոքանչների, քենիների միջոցով գործում են կոռուպցիոն սխեմաներ և համընդհանուր հայտարարագրման համակարգով լուծվում է հակակոռուպցիոն պայքարի շղթայի ամբողջակյանացման հարցը։  Ձեր նշած ենթադրյալ կոռուպցիոն սխեմաներից մեկն են ստացվող նվիրատվությունները, որոնք հաճախ հետագծելի չեն։ Օրինակ՝ 2023 թվականին մոտ 300 պաշտոնյա ստացել է ավելի քան 2 մլրդ դրամի նվիրատվություն հայրիկներից և մայրիկներից, կանանցից և ամուսիններից, նաև ձեր նշած այլ բարեկամ-հարազատներից (հրապարակումները՝ 1, 2, 3, 4)։ Ավելին՝ նվիրատվությունների ⅓-ն էլ ստացվել են բարեկամ չհանդիսացող անհայտ բարերարներից։ Այս ցանկից դուրս չեն մնացել նաև ձեր թիմակիցները։ Օրինակ՝ Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը հորաքրոջ տղայից ստացել է 43 միլիոն դրամի նվիրատվություն։ Պետությունը, ի դեմս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ունի բավականին լայն գործիքակազմ՝ ստուգելու, թե որտեղից է գոյացել նվիրաբերված գումարը և արդյոք այդտեղ կա՞ կոռուպցիոն ռիսկ, թե՞ ոչ։ Ավելին, պաշտոնյաների հետ ցանկացած գործարք կատարած քաղաքացուց հանձնաժողովը կարող է պահանջել իրավիճակային հայտարարագիր՝ դրանով արդյունավետորեն իրականացնելով ձեր նշած հակակոռուպցիոն գործունեությունը։ Ավելի լայն, այդ թվում օպերատիվ հետախուզական գործողություններ իրականացնելու լիազորություններով է օժտված մեկ այլ հակակոռուպցիոն մարմին՝  հակակոռուպցիոն կոմիտեն։ Այս պայմաններում կասկածելի նվիրատվությունների վերաբերյալ ուսումնասիրություններ գրեթե չկան, արդեն իսկ առկա գործիքակազմն էլ գրեթե չի օգտագործվում։ Ավելին, պետությունը այժմ պարտադիր ստուգման ցանկում է ներառում պաշտոնյաների և նրանց հարազատների հայտարարագրերի ընդամենը 1 տոկոսը, ուսումնասիրվում է հայտարարագրերի, լավագույն դեպքում, 10 տոկոսը»,- ասաց լրագրողը։  Նա նաև հիշեցրեց, որ ԱԺ-ն, որում մեծամասնություն է իշխող ուժը, ավելի քան 1 տարի շարունակ չի կարողանում ապահովել ԿԿՀ-ի կազմի ամբողջական համալրումը․ «Այս իրավիճակում, երբ պետությունը, տվյալ դեպքում՝ ձեր կառավարությունը, չի կարողանում արդյունավետ իրացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդեն իսկ առկա և ավելի պարզ գործիքակազմը, ինչու՞ է առաջ բերում առավել բարդ մեխանիզմներ և ինչու՞  է անարդյունավետ աշխատող համակարգը  քաղաքացու վրա դնում հավելյալ պարտականություններ՝ որպես հիմնավորում բերելով այդ անարդյունավետության հետևանքները»,- հարց հնչեցրեց լրագրողը։  «Համընդհանուր հայտարագրումը մեկ նպատակ չունի, հիմա երբ ասում եք՝ ինչու է հավելյալ պարտականություն դնում, ձեր նշած բոլոր մարդիկ քաղաքացի էին, հիմա դուք որ նշեցիք և նվիրատվություն տվողը և ստացողը, նվիրատվությունների հեղինակներին և այլնին, բոլորին տենց ակնհայտ նեգատիվ համատեքստում հիշատակեցիք, որը ձեր իրավունքն ա, բայց բոլորը քաղաքացի են։ Բա հիմա իրանք չունեն ոչ մի պարտականություն, հիմա իրանց վրա դնե՞նք պարտականություն, թե չդնենք, որովհետեւ նույն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձեր ասած քաղաքացիներին հարց տալու ոչ մի իրավունք ու հիմք չունի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։  Լրագրողի դիտարկամանը, որ ԿԿՀ-ն ունի լիազորություն հարց տալու և իրավիճակային հայտարարագիր պահանջելու նրանցից, որոնք նվիրատվություններ են կատարել պաշտոնյաներին, Փաշինյանը պատասխանեց․ «Դե այդ դեպքում թող լիազրությունը կատարի, ԿԿՀ-ն անկախ մարմին է, թող կատարի, բայց էլի եմ ասում՝ ամենեւին փաստ չի, որ դուք սպառեցիք ցանկը։ Մենք, ընդհանուր առմամբ, ասում ենք, որ այն մարդիկ, որոնք կոռուպցիայի մեջ ներգրավված են, այո, դա կարող է նպաստել կոռուպցիայի բացահայտմանը, որոնք ներգրավված չեն իրանց համար սոցիալական կրեդիտներ ձեւավորելու համար են, այսինքն՝ նպատակները տարբեր են»։  Անդրադառնալով նվիրատվությունների թեմային՝ Փաշինյանն ասաց․ «Մի բան ասեմ՝ էդ նվիրատվություններին պետք չի էդքան․․․ Ես մի բան ասեմ՝ ես էլ եմ նվիրատվություն ստացել, ընդ որում բավականին մեծ նվիրատվություն եմ ստացել։ Եվ հայատարարագրել եմ արդեն իմ այդ նվիրատվությունը, և աղբյուրն էլ քիչ առաջ ասեցի։ Մեր համատեղ կյանքի ընթացքում մենք բնակարան ենք ձեռք բերել և այդ բնակարանը հիմա վաճառվել ա, ես այդ բնակարանի գոյացած գումարից նվիրատվություն եմ ստացել, որովհետեւ էդ գումարից դե յուրե ինձ փոխանցելու ուրիշ տարբերակ չկա։ Նկատի ունեմ՝ վայ պաշտոնյան նվիրատվություն է ստացել, հա, ստացել եմ, ստացել և հայտարարագրել եմ, պաշտոնյաների հայտարարագրերի մեջ էլ ենթադրում եմ, դա պետք ա արտահայտվի»։ Լրագրողի դիտարկմանը, որ ԿԿՀ-ն իրավասու է պարզել նվիրատվության աղբյուրը և դրա համար ունի գործիքակազմ, բայց չի կիրառում, Փաշինյանը պաստախանեց․  «ԿԿՀ-ն, ես պատասխանատու եմ, անկախ մարմին է, բոլոր հարցերը ուղղեք ԿԿՀ-ին։ Եթե ԿԿՀ-ն կասի՝ ես չեմ թողնում, որ ես չեմ թողնում, որ ինքն այդ իրավասությունը իրականացնի, խնդրեմ, հաջորդ ասուլիսի ժամանակ ինձ կհարցնեք, ես կպատասխանեմ, բայց ես երաշխավորում եմ, որ ԿԿՀ-ն նման բան ասելու որեւէ հիմք ոչ ունեցել է, ոչ ունի, ոչ էլ կունենա»։
18:12 - 31 հունվարի, 2025
Դատավորին գործից հանելը «չե-պե ա»․ ԱԺ-ն քննարկում է Սիրունյանի թեկնածությունը ԲԴԽ-ում
 |civilnet.am|

Դատավորին գործից հանելը «չե-պե ա»․ ԱԺ-ն քննարկում է Սիրունյանի թեկնածությունը ԲԴԽ-ում |civilnet.am|

civilnet.am: Հունվարի 20-ին Ազգային ժողովը քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի պաշտոնում առաջադրված փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածության հարցը։  Սիրունյանի թեկնածությունը քննադատության է արժանացել հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք համատեղ հայտարարությունում շեշտել են նրա անդամակցության փաստը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և անպարկեշտ հանրային վարքագիծը։ Հենց այս փաստը բարձրաձայնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հարց ուղղելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որը ներկայացնում էր թեկնածուին։ «Պարոն Սիրունյանը այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, և ընտրվելուց հետո, այո՛, պետք է առաջնորդվի քաղաքական անաչառության սկզբունքով»,- ասաց Հովհաննիսյանը։ Սիրունյանի թեկնածությանն անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին հորդորելով հրաժարվել նրա թեկնածությունից։ Նա հայտարարեց, որ շոկի մեջ էր, երբ ծանոթացավ Ալեքսանդր Սիրունյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությանը։ «Երբ ես ծանոթացա նրա վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությանը, շոկի մեջ էի։ Ծանոթացեք այն բարեվարքության եզրակացությանը, որը տվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, և վերանայեք ձեր որոշումը։ Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական, ներազգային ատելության ահավոր օրինակ է. մարդ, որ ատում է սեփական հայրենակիցներին, մարդ, որը տարիներ շարունակ թշնամություն է տարածել։ Մնացածի՝ կոռուպցիոն վտանգների մասին չեմ անդրադառնում»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։ Մանուկյանը նշեց, որ այդ զեկույցը միանգամից պետք է գնար գլխավոր դատախազություն, քանի որ դրանում կա ատելության խոսք, կոռուպցիոն կասկածներ պարունակող տվյալներ և այլ հանգամանքներ։ Նա հայտարարեց, որ օրենսդրությունն իրեն թույլ չի տալիս հնչեցնել այդ բովանդակությունը։ Այդուհանդերձ, նա որոշ դրվագներ այդ զեկույցից ներկայացրեց։ Ըստ այդմ՝ Ծաղկաձորում Սիրունյանը 2,000 քմ տարածք է գնել ընդամենը 300,000 դրամով։ «Թեկնածուն ասել է, որ ֆիկտիվ պայմանագիր է կնքել, քանի որ հողը ընկերն է նվիրել»,- ասաց Մանուկյանը։ Սիրունյանը պարզաբանեց, որ խոսքը ոչ թե Ծաղկաձորի, այլ Հանքավանի ամենավերջում գտնվող հողակտորի մասին է, և այն նվեր է ստացել «շատ մոտ մարդուց»։ Ծավալված խոսակցության ընթացքում ընդդիմադիր պատգամավորներից մեկն առաջարկեց 250,000 դրամ վճարել հողի համար, իսկ Սիրունյանը կատակեց, թե կնվիրի այն պատգամավորին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:09 - 20 հունվարի, 2025
Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
12:20 - 18 հունվարի, 2025
Ուժային կառույցների ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, որոնց ծագման աղբյուրը հետագծելի չէ

Ուժային կառույցների ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, որոնց ծագման աղբյուրը հետագծելի չէ

2023 թվականին ուժային կառույցների՝ Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության, Հակակոռոպւցիոն կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության 85 աշխատակիցներ ստացել են 343 մլն դրամի 105 նվիրատվություն։  «Ինֆոքոմը» կարողացել է նույնականացնել 105 նվիրատուներից 55-ին և գտնել նրանց կապը պաշտոնյաների հետ։ Պաշտոնյաները նվիրատվություններ ստացել են տարբեր արժույթներով՝ դրամ, ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար և եվրո։ 343 մլն դրամից շուրջ 326 միլիոնը պաշտոնյաները ստացել են գումարի տեսքով, իսկ 17 միլիոնը՝  բնամթերային ձևով։ Գումարային արտահայտությամբ ամենամեծ նվիրատվությունները ուժային կառույցների աշխատակիցները ստացել են ծնողներից՝ մոտ 95 մլն դրամ։  Շուրջ 143 միլիոն դրամի նվիրատվություններ կատարած անձանց չենք կարողացել նույնականացնել։   Հայտարարագրերը նվիրատվությունների ծագման աղբյուրը չեն բացահայտում 2023 թվականին 105 նվիրատուներից միայն 9-ն են եղել հայտարարատու։ Մյուս 96 նվիրատուների դեպքում նվիրատվության գումարի ծագման աղբյուրը տեսանելի, հետևաբար նաև հետագծելի չէ։ Նվիրատվությունների գումարների ծագման աղբյուրները հաճախ չեն ուսումնասիրվում անգամ այն դեպքում, երբ նվիրատուներից որոշները հայտարարատու են, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ոչ բոլոր պաշտոնյաների հայտարարագրերն է ուսումնասիրում։  Պաշտոնատար անձանց և նրանց հայտարարատու նվիրատուների հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում որոշ հետաքրքիր դրվագներ ենք նկատել։  Երևան քաղաքի դատախազության արդեն նախկին ավագ դատախազ Կարեն Զոհրաբյանը (պաշտոնեական պարտականությունները դադարեցվել են 2024թ․-ին) 53 500 ԱՄՆ դոլար նվիրատվություն է ստացել կնոջից՝ Նաիրա Ղազարյանից։ Հետաքրքիր է, որ Կարեն Զոհրաբյանի՝ 2023 թվականի եկամուտը կազմել է մոտ 54 մլն դրամ, որից ընդամենը 12.6 մլն դրամն է աշխատավարձ, մնացած 41 մլն դրամից շուրջ 20 մլն դրամը կնոջ նվիրատվությունն է, ևս 21 մլն դրամ էլ արդեն նախկին դատախազը ստացել է վարկերից։  Ուսումնասիրեցինք նաև նրա կնոջ՝ Նաիրա Ղազարյանի հայտարարագիրը։ Վերջինիս այդ տարվա եկամուտը կազմել է 43 մլն դրամ, որից ընդամենը շուրջ 2 մլն դրամն է աշխատավարձից, իսկ մյուս մասը՝ կրկին ստացած վարկերից։  Շիրակի մարզի դատախազության դատախազ Արման Նիկողոսյանը 12 մլն դրամ նվիրատվություն է ստացել հորից՝ Գագիկ Նիկողոսյանից, և 5 մլն դրամ՝ մորից՝ Կարինե Նիկողոսյանից։ 2023 թվականին Արման Նիկողոսյանի եկամուտները կազմել են շուրջ 47 մլն դրամ, որից միայն 9 մլն դրամն է աշխատավարձից: Դատախազը աշխատավարձից և նվիրատվություններից բացի ևս 21 մլն դրամի փոխառություններ և վարկեր է ստացել։   Որո՞նք են ամենամեծ նվիրատվություններ ստացած պաշտոնյաները, ի՞նչ աղբյուրներից են պաշտոնյաները նվիրատվություններ հայտարարագրել Գումարային արտահայտությամբ ամենամեծ նվիրատվությունը ստացել է Ոստիկանության տնտեսական վարչության պետի արդեն նախկին տեղակալ Վարդան Ավագյանը՝ 16 մլն դրամ՝ Կարինե Սարգսյանից, 10 մլն դրամ և 2 մլն ռուսական ռուբլի՝ Կարեն Ավագյանից։ Միևնույն ժամանակ, այդ տարի նրա աշխատավարձը կազմել է ընդամենը 4.7 մլն դրամ։ Վարդան Ավագյանը նույն մարդկանցից նվիրատվություններ է ստացել նաև նախորդ տարիներին. 2021թ․-ին՝ Կարինե Սարգսյանից՝ 10 մլն դրամ, Կարեն Ավագյանից՝ 1 մլն ռուսական ռուբլի, իսկ 2022թ․-ին՝ Կարինե Սարգսյանից՝ 12 մլն դրամ, Կարեն Ավագյանից՝ 1.2 մլն ռուսական ռուբլի: 2023թ․-ին 22 մլն դրամ նվիրատվություն է ստացել Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի տեղակալ Գնել Սիմոնյանը Հասմիկ Սիմոնյանից։ Գնել Սիմոնյանի 2023 թվականի եկամուտը կազմել է 27 մլն դրամ, որից 22 մլն դրամը նվիրատվություն է, իսկ միայն 5 մլն դրամը՝ վարձատրություն աշխատանքի դիմաց։ Գնել Սիմոնյանին հարցրել էինք՝ ինչ առիթով է ստացել այդքան մեծ նվիրատվություն։ Ի պատասխան վերջինս նշել է. «Օրենսդիրը (հանրությունը) Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների հաշվետվողականության և նրանց եկամուտների առաջացման նկատմամբ հսկողության, այդ թվում՝ հանրային վստահության ապահովման նպատակով սահմանել է բավարար օրենսդրական մեխանիզմներ, ուստի ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում եմ, որ իմ կողմից օրենքով սահմանված կարգով իրավասու մարմնին ներկայացված հայտարարագիրը բովանդակում է բավականաչափ տեղեկատվություն և բավարարում է հանրության կողմից սահմանված չափորոշիչներին ու բխում է դրանից»։ Այսպիսով, ըստ Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի՝ սեփական աշխատավարձից 5 անգամ մեծ նվիրատվություն ստացող պաշտոնյայի եկամուտների նկատմամբ հսկողության, ինչպես նաև այդ պաշտոնյայի հանդեպ հանրային վստահության ապահովման համար բավարար է միայն այն, որ այդ նվիրատվությունը հայտարարագրված լինի։ Սա այն դեպքում, որ նվիրատվություն կատարողի՝ հայտարարատու չլինելու հանգամանքով պայմանավորված՝ հանրությունը հնարավորություն չունի տեսնել նվիրաբերված գումարի ծագման աղբյուրը։ Ավելին՝ 6000-ից ավելի պաշտոնյաների հայտարարագրերից 100-200-ն է պարտադիր ուսումնասիրվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։  Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստեփան Նազարյանը 20 մլն դրամ է ստացել հորից՝ Լևոն Նազարյանից։ Ստեփան Նազարյանը 2023 թվականին 29 հազար ԱՄՆ դոլար (ավելի քան 11 մլն դրամ) արժողությամբ Volkswagen մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել, 20 մլն դրամ էլ փոխառություն է տվել «Ֆիլիշին» ՍՊԸ-ին։ Մեր զրույցում Ստեփան Նազարյանը նշեց, որ հայրը վաճառել է իր բնակարանը, և որդու անունով «Ֆիլիշին» ՍՊԸ կառուցապատողից ձեռք են բերել բնակարան, այդ պատճառով էլ հայրը թե՛ 2022 թվականին, թե՛ 2023 թվականին այդ վաճառված բնակարանի գումարը մաս-մաս նվիրատվություն է արել որդուն՝ նոր բնակարան ձեռք բերելու նպատակով։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետ Խորեն Բարխոյանը անհայտ աղբյուրից ստացել է 18 մլն դրամ նվիրատվություն։ Հայտարարագրի համապատասխան բաժնում վերջինս չի լրացրել, թե ումից է ստացել այդ գումարը։ Մեր զրույցում նա նշեց, որ նվիրատվությունը ստացել է կնոջ հորից և եղբորից, որոնք բնակվում և բիզնես գործունեություն են ծավալում Ուկրաինայում։ «Ես ունեցել եմ հիպոթեքով տուն և նոր տուն եմ վերցրել եկամտահարկով։ Քանի որ նախկինում վերցրած հիպոթեքով տանը մնացորդ կար մուծելու, և նաև կանխավճարներ կար մուծելու, կնոջս հայրը և եղբայրը ինձ նվիրատվություն են արել։ Իրենք Ուկրաինայում, եթե չեմ սխալվում, խմորեղենի մեծ բիզնեսներ ունեն, իմացան, որ ես ուզում եմ եկամտահարկով տուն վերցնել, տեղյակ էին, որ ես գումար չունեմ, իրենց կողմից նվիրատվություն կատարեցին, որ այդ վարկը մուծենք ու կանխավճարները տանք»,- նշեց Խորեն Բարխոյանը։ Նա նաև հավելեց, որ այս նվիրատվությունն իր գործունեության վրա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ նվիրատուները կնոջ հարազատներն են, որոնք անգամ Հայաստանում չեն բնակվում։ Ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը 4 մլն դրամ նվիրատվություն է ստացել, սակայն հայտարարագրում չի նշել, թե ինչ աղբյուրից։  Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը 2023 թվականին հայտարարագրել է 4 200 ԱՄՆ դոլար և 1.5 մլն դրամ ստացած նվիրատվություններ։ Երկու դեպքում էլ նվիրատուների հատվածում լրացրել է «փոխանցում ԱՄՆ»-ից։ Մեր զրույցում Երվանդ Նիկոյանը նշեց, որ այս գումարները հայրն է փոխանցել ԱՄՆ-ից։ Գումարային նվիրատվություններից բացի Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետը Արմեն Գասպարյանից որպես նվիրատվություն ստացել է HONDA մակնիշի ավտոմեքենա։ Մեր զրույցում Երվանդ Նիկոյանն ասաց, որ Արմեն Գասպարյանն իր ընկերն է։   Որոշ պաշտոնյաներ վերջին երկու-երեք տարիներին անընդմեջ նվիրատվություններ են ստացել «Ինֆոքոմը» ուսումնասիրել է նաև ուժային կառույցների աշխատակիցների 2021 և 2022 թվականների հայտարարագրերը և նկատել հետևյալ օրինաչափությունը. որոշ պաշտոնյաներ նվիրատվություններ են ստացել վերջին երկու կամ երեք տարին անընդմեջ։ Ուժային կառույցների 28 աշխատակիցներ նվիրատվություններ են ստացել առնվազն երկու տարի անընդմեջ։ Նրանցից 3-ը նվիրատվություններ են ստացել երեք տարի անընդմեջ։ Բոլոր երեք պաշտոնյաներն էլ աշխատում են Գլխավոր դատախազությունում։   Ի՞նչ ռիսկեր է պարունակում պաշտոնյաների՝ խոշոր նվիրատվությունների ստացումը Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը նշում է, որ նվիրատվությունները կարող են պարունակել տեսական ռիսկեր, ուստի անհրաժեշտություն կա բոլոր իրավիճակները մանրամասն ուսումնասիրելու, նվիրատվության հանգամանքները պարզաբանելու։ Եթե նվիրատուն ընտանիքի անդամ է, առաջին հայացքից կարող է թվալ, թե պաշտոնյայի վրա ազդեցություն ունենալու ռիսկեր չեն կարող լինել, մինչդեռ կարևոր է համոզվել, որ ընտանիքի անդամը, որը պաշտոնյային նվիրատվություն է կատարում, ունի դրա համար բավարար միջոցներ. «Այս հանգամանքով պայմանավորված՝ տեսականորեն կարող են լինել մի շարք ռիսկային խնդիրներ։ Կարող են, օրինակ, փոխկապակցված անձանց, մտերիմ, հարազատական կապեր ունեցող անձանց կապերը օգտագործվել երրորդ անձի կողմից գործարքներ ծածկելու համար։ Նվիրատվությունների միջոցով կարող են փորձել երրորդ կողմի շնորհակալությունը պաշտոնյային հայտնելու համար միջնորդ հանդիսանալ մերձավոր ազգականները կամ ընտանիքի անդամները։ Ոչ թե պաշտոնյան անձամբ է այդ շնորհակալությունը կամ կաշառքը ստանում, այլ միջնորդավորված՝ ընտանիքի անդամի միջոցով»։  Արմեն Խուդավերդյանը շեշտում է, որ կարևոր է հասկանալ՝ նվիրատվության միջոցները, որ իրենց մոտ հայտնվել են, երրորդ կողմի աղբյուրի՞ց են հայտնվել, թե՞ ոչ։ Անդրադառնալով այլ ռիսկերին՝ փորձագետը նշում է, որ նվիրատվությունները շատ դեպքերում կարող են օգնել, որ պաշտոնյաները հիմնավորեն իրենց կանխիկ դրամական միջոցների աղբյուրը կամ խուսափեն հարկերի վճարումից, քանի որ նվիրատվության եղանակով կատարված գործարքները ազատված են հարկերից։  «Այս բոլոր իրավիճակները, իհարկե, ունեն տեսական բնույթ։ Շատ կարևոր է, որ նվիրատվության բոլոր գործարքները «հալած յուղի տեղ» չընդունվեն հայտարարագրի մեջ, և չասեն՝ իմ հարազատներն են, կամ այսինչ միջոցառմումներից եմ ստացել նվիրատվություն, ուրեմն խնդիր չկա։ Դրանք բոլորը պետք է ենթակա լինեն մանրամասն ուսումնասիրությունների և հանգամանքների պարզաբանման»,- հավելում է Արմեն Խուդավերդյանը։   Ո՞վ պետք է զբաղվի նվիրատվություններով պայմանավորված ռիսկերի կառավարմամբ Հայտարարագրերի վերլուծությամբ զբաղվող պետական մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), օրենքով իրավասու է հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից, տվյալ դեպքում՝ նվիրատուներից, եթե անգամ նրանք հայտարարատու չեն, ըստ անհրաժեշտության, պահանջելու իրավիճակային հայտարարագիր։  Առաջին հայացքից թվում է, թե նվիրատվությունների հետ կապված բոլոր ռիսկերի կանխարգելումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դաշտում է, սակայն Հանձնաժողովը տարեկան կարող է ստուգել սահմանափակ թվով հայտարարագրեր։ Որպես ընտրանք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերջին տարիներին սահմանում է պաշտոնների ցանկ՝ որպես ռիսկային չափորոշիչ ընդունելով հիմնականում պաշտոնների բարձրաստիճանությունը, սակայն այդ ցանկը չի ներառում ինչպես ուժային կառույցների աշխատակիցների, այնպես էլ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների և դատական իշխանության ներկայացուցիչների մեծ մասին։ Վերջին երկու խմբերի ստացած նվիրատվություններին անդրադարձել էինք ավելի վաղ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում նշել է, որ Հանձնաժողովը ևս ռիսկային է համարում խոշոր չափով նվիրատվությունները և հավանաբար առաջիկայում «Ինֆոքոմի» հրապարակումների հիման վրա ուսումնասիրություն կիրականացնի՝ դուրս բերելով ռիսկային նվիրատվությունները և իրականացնելով համապատասխան վերլուծություն։ Չնայած դրան, եթե նվիրատվությունների ստացումը չսահմանվի որպես ռիսկային չափորոշիչ, չներառվի համապատասխան որոշումներում, ապա խոշոր և ոչ հետագծելի աղբյուրներով նվիրատվություն ստացող պաշտոնյաների հայտարարագրերի վերլուծությունը կիրականացվի դրվագային՝ միայն լրատվամիջոցների հրապարակման առկայության կամ անձանց գրավոր դիմումների հիման վրա։ Սա այն դեպքում, որ նման նվիրատվություններ ամենաշատը ստանում են այնպիսի առանցքային ոլորտների պաշտոնյաները, ինչպիսիք են ուժային կառույցները, դատական համակարգը, Պետական եկամուտների կոմիտեն։  Այսպիսով, 2023 թվականին ուժային կառույցների ներկայացուցիչների 105 նվիրատուներից 96-ը հայտարարատու չեն եղել, և նրանց նվիրաբերված գումարի ծագման աղբյուրը հանրության համար տեսանելի չէ։ Ավելին՝ անգամ հայտարարատու նվիրատուների դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միշտ չէ, որ ուսումնասիրում է այդ հայտարարագրերը։ Սա այն դեպքում, երբ պաշտոնյաների մի մասի դեպքում նվիրատվությունների ստացումը պարբերական բնույթ է կրում, իսկ բոլոր նվիրատվությունների միջին գումարը մոտ է Հայաստանում 1 տարվա միջին աշխատավարձին։   Լյուսի Մանվելյան
18:31 - 13 հունվարի, 2025
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
20:48 - 27 դեկտեմբերի, 2024
Ոստիկանության պետը դատարանում վիճարկում է «լակոտ» բառի վիրավորական լինելը
 |hetq.am|

Ոստիկանության պետը դատարանում վիճարկում է «լակոտ» բառի վիրավորական լինելը |hetq.am|

hetq.am: Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ դիմում է ներկայացրել վարչական դատարան: Ոստիկանության պետը վիճարկում է հանձնաժողովի՝ 2024թ. հոկտեմբերի 21-ին կայացրած եզրակացությունը, որով արձանագրվել է վարքագծի կանոնի խախտում՝ իր կողմից թույլ տրված «լակոտ» արտահայտության համար: Արամ Հովհաննիսյանը պահանջում է «լակոտ» արտահայտությունը վիրավորական արտահայտություն չորակել և արձանագրել վարքագծի կանոնների խախտման բացակայությունը: 2024թ. մայիսին Բագրատ Գալստանյանի կողմից առաջնորդած բողոքի ակցիաների ժամանակ փողոցը փակողներին ոստիկանության պետն անվանել է «լակոտ»: Նա այլ արտահայտություններ ևս հնչեցրել է անհնազանդության ակցիայի մասնակցած անձանց, ինչպես նաև Բագրատ Սրբազանի հասցեին, որոնք կարող են վիրավորական ընկալվել: Մամուլի հրապարակումներն ուսումնասիրելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Ա. Հովհաննիսյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու որոշում է կայացրել:  Հանձնաժողովն արձանագրել է, որ ոստիկանության պետի խոսքն ուղղված է եղել ոչ թե կոնկրետ անձի, այլ հավաքի մասնակիցներին՝ առանց հստակեցման: Սակայն, այդ վարքագիծը ևս անթույլատրելի է: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նշել է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից այլոց նկատմամբ բռնության գործադրումը կամ դրա փորձը, անհամատեղելի է ժողովրդավարական հասարակության հիմնասյուն հանդիսացող՝ իրավունքի գերակայության սկզբունքի հետ: Բացի այդ, այն լուրջ ռիսկեր է պարունակում հանրային իշխանության հեղինակությանը վնասելու տեսանկյունից:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
21:11 - 21 դեկտեմբերի, 2024
Դատական իշխանության ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, սակայն դրանց գումարի ծագման աղբյուրը հետագծելի չէ

Դատական իշխանության ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, սակայն դրանց գումարի ծագման աղբյուրը հետագծելի չէ

2023 թվականին 57 դատավորներ, դատավորի օգնականներ, Դատական դեպարտամենտի աշխատակիցներ ստացել են մոտ 695 մլն դրամի 68 նվիրատվություն։ Այս մասին տեղեկանում ենք նրանց գույքի և եկամուտների հայտարարագրերից։ «Ինֆոքոմը» կարողացել է նույնականացնել 68 նվիրատուներից 45-ին և գտնել նրանց կապը պաշտոնյաների հետ։ Այսպիսով, Դատական իշխանության ներկայացուցիչները 2023 թվականին ամենաշատ նվիրատվություններ ստացել են ծնողներից և հարազատներից։  695 մլն դրամից 665 միլիոնը Դատական իշխանության ներկայացուցիչները ստացել են գումարի տեսքով, իսկ 30 միլիոնը՝ բնամթերային ձևով։ Գումարային արտահայտությամբ ամենամեծ նվիրատվությունները Դատական իշխանության ներկայացուցիչները ստացել են ծնողներից՝ մոտ 511 մլն դրամ։ Մոտ 16 մլն դրամի նվիրատվություն կատարածների կապը պաշտոնատար անձանց հետ պարզել չի ստացվել։ Ամենամեծ նվիրատվությունը ստացել է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը հորից՝ Գրիգորի Հարությունյանից։ Նվիրատվության չափը կազմել է 500 հազար ԱՄՆ դոլար։ Գրիգորի Հարությունյանը ԱԱԾ նախկին պետի տեղակալ է, նաև ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին։ Դատավոր Անի Հարությունյանը 2022 թվականից որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործում։ Նրան մեղադրանք է առաջադրվել, քանի որ վերջինս, տեղյակ լինելով ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի եկամուտներով չհիմնավորվող և չհայտարարագրված 100 հազար ԱՄՆ դոլարի մասին, նախնական համաձայնություն է ձեռք բերել Նարինյանի հետ՝ օժանդակելով վերջինիս հանցավոր ճանապարհով ստացված՝ ապօրինի հարստացման արդյունքում առաջացած, հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների իրական ծագումը թաքցնելու հարցում։  Մեկ այլ խոշոր՝ 140 մլն դրամի նվիրատվություն ստացել է Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Ալինա Փխրիկյանը հորից՝ Մարտիրոս Փխրիկյանից։ Վերջինս հայտարարատու չէ, ուստի նվիրատվության միջոցների ծագման աղբյուրը տեսանելի չէ։ Հետաքրքիր է, որ այս նվիրատվությունը կազմել է Ալինա Փխրիկյանի 2023 թվականի եկամուտի շուրջ 90%-ը։ 2023 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը 52 մլն դրամ նվիրատվություն է ստացել հորից՝ Սերգո Երիցյանից։ Համեմատության համար նշենք, որ նվիրատվությունը ավելի քան երկու անգամ գերազանցում է Սարգիս Երիցյանի նախորդ տարվա եկամուտը։ Պաշտոնյաները նվիրատվություններ ստացել են տարբեր արժույթներով՝ դրամ, ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար և եվրո։ 68 նվիրատուներից 2023 թվականին միայն 6-ն են եղել հայտարարատու։ Մյուս 62 նվիրատուների դեպքում նվիրատվության միջոցների ծագման աղբյուրը տեսանելի, հետևաբար հանրության համար հետագծելի չէ։ Հայտարարատու նվիրատուներից է Վարազդատ Բադալյանը՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանի ամուսինը։ Վերջինս 2023 թվականին կնոջը նվիրաբերել է 12 մլն 950 հազար դրամ կամ իր՝ այդ տարվա եկամուտի շուրջ 61%-ը։ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Լուսինե Դավթյանի հետ համատեղ բնակվող Ալվարդ Դավթյանը 2023-ին դատավորի օգնականին է նվիրաբերել 3.2 մլն դրամ, մինչդեռ այդ տարի վերջինիս եկամուտը կազմել 495 հազար դրամ։ Ալվարդ Դավթյանը տարվա սկզբի դրությամբ ունեցել է նաև շուրջ 3 մլն դրամի ավանդ, որը տարվա վերջում զրոյացել է։   Որոշ պաշտոնյաներ վերջին երկու-երեք տարիներին անընդմեջ նվիրատվություններ են ստացել. նրանցից ոմանք՝ նույն անձանցից «Ինֆոքոմը» ուսումնասիրել է նաև Դատական իշխանության ներկայացուցիչների 2021 և 2022 թվականների հայտարարագրերը և նկատել հետևյալ օրինաչափությունը. որոշ պաշտոնյաներ նվիրատվություններ են ստացել վերջին երկու կամ երեք տարին անընդմեջ։ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանն արդեն երեք տարի է, ինչ նվիրատվություններ է ստանում Գարուշ Ստեփանյանից։ 2021-ին ստացել է 8500 ԱՄՆ դոլար, 2022-ին՝ 9000 ԱՄՆ դոլար, իսկ 2023-ին՝ 2000 ԱՄՆ դոլար: Քանի որ Գարուշ Ստեփանյանը հայտարարատու չէ, փորձել ենք հասկանալ՝ արդյո՞ք ունի որևէ ընկերություն կամ զբաղվում է բիզնես գործունեությամբ։ Այդ մասին տվյալներ, սակայն, իրավաբանական անձանց պետական ռեգիստրում չեն հայտնաբերվել։  Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը երեք տարի անընդմեջ նվիրատվություններ է ստանում եղբորից՝ Ռոբերտ Ազրոյանից։ 2021-ին ստացել է 3500 ԱՄՆ դոլար, 2022-ին՝ 3000 ԱՄՆ դոլար, իսկ 2023-ին՝ 5000 ԱՄՆ դոլար:  Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար Ֆիլիպ Ղազարյանը հորից՝ Ղազար Ղազարյանից, նվիրատվություններ է ստացել երեք տարի շարունակ. 2021 թվականին՝ շուրջ 3.6 մլն դրամ, 2022-ին՝ 330 հազար դրամ, իսկ 2023-ին՝ 240 հազար դրամ։  3 տարի անընդմեջ նվիրատվություններ է ստացել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի օգնական Անուշ Մխիթարյանը։ Դատավորի օգնականը Ջուլիետտա Թումանյանից ստացել է ընդհանուր 735 հազար դրամ:  Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Լիանա Բաղրամյանը 2021-ին ստացել է շուրջ 1.7 մլն դրամ, 2022-ին՝ ընդհանուր 240 հազար ռուսական ռուբլի, իսկ 2023-ին՝ 280 հազար ռուսական ռուբլի՝ եղբորից՝ Մհեր Բաղրամյանից։  Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը 2021-ին եղբորից՝ Դավիթ Պետրոսյանից, ստացել է 1 մլն դրամ, իսկ 2022-ին՝ 2 մլն դրամ, իսկ 2023-ին՝ 1.6 մլն դրամ։  Վճռաբեկ դատարանի դատավորի օգնական Արամ Թումեյանը 2021 թվականին հորից և այլ հարազատներից ստացել է ընդհանուր շուրջ 26 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն, 2022-ին՝ շուրջ 11 մլն դրամ, և իսկ 2023 թվականին հորից՝ Աշոտ Թումեյանից, ստացել է ընդհանուր 11 մլն դրամ։  3 տարի անընդմեջ նվիրատվություններ է ստացել նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Գոռ Գասպարյանը՝ ընդհանուր շուրջ 16.5 մլն դրամի։ Նվիրատուներին, սակայն, նույնականացնել չհաջողվեց։ Եւս 24 դատավորների և դատավորի օգնականների անուններ համընկել են երկու անգամ, երբ փնտրել ենք նրանց ստացած  նվիրատվությունները 2021, 2022 կամ 2023 թվականներին։ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը նշում է, որ նվիրատվությունները կարող են պարունակել տեսական ռիսկեր, ուստի անհրաժեշտություն կա բոլոր իրավիճակները մանրամասն ուսումնասիրելու, նվիրատվության հանգամանքները պարզաբանելու։ Եթե նվիրատուն ընտանիքի անդամ է, առաջին հայացքից կարող է թվալ, թե պաշտոնյայի վրա ազդեցություն ունենալու ռիսկեր չեն կարող լինել, մինչդեռ կարևոր է համոզվել, որ ընտանիքի անդամը, որը պաշտոնյային նվիրատվություն է կատարում, ունի դրա համար բավարար միջոցներ. «Այս հանգամանքով պայմանավորված՝ տեսականորեն կարող են լինել մի շարք ռիսկային խնդիրներ։ Կարող են, օրինակ, փոխկապակցված անձանց, մտերիմ, հարազատական կապեր ունեցող անձանց կապերը օգտագործվել երրորդ անձի կողմից՝ գործարքներ ծածկելու համար։ Նվիրատվությունների միջոցով կարող են փորձել երրորդ կողմի շնորհակալությունը պաշտոնյային հայտնելու համար միջնորդ հանդիսանալ մերձավոր ազգականները կամ ընտանիքի անդամները։ Ոչ թե պաշտոնյան անձամբ է այդ շնորհակալությունը կամ կաշառքը ստանում այլ միջնորդավորված՝ ընտանիքի անդամի միջոցով»,- մանրամասնեց Խուդավերդյանը՝ շեշտելով, որ յուրաքանչյուր դեպք առանձին ուսումնասիրության կարիք ունի։  Արմեն Խուդավերդյանը նշում է նաև, որ կարևոր է հասկանալ՝ նվիրատվության միջոցների աղբյուրն արդյո՞ք երրորդ կողմն է, թե՞ ոչ։ Անդրադառնալով այլ ռիսկերին՝ փորձագետը նշում է, որ նվիրատվությունները շատ դեպքերում կարող են օգնել, որ պաշտոնյաները հիմնավորեն իրենց կանխիկ դրամական միջոցների աղբյուրը կամ խուսափեն հարկերի վճարումից, քանի որ նվիրատվության եղանակով կատարված գործարքները ազատված են հարկերից։  «Այս բոլոր իրավիճակները, իհարկե, ունեն տեսական բնույթ։ Շատ կարևոր է, որ նվիրատվության բոլոր գործարքները «հալած յուղի տեղ» չընդունվեն հայտարարագրի մեջ, և չասեն՝ իմ հարազատներն են, կամ այսինչ միջոցառումներից եմ ստացել  նվիրատվություն, ուրեմն խնդիր չկա։ Դրանք բոլորը պետք է ենթակա լինեն մանրամասն ուսումնասիրությունների և հանգամանքների պարզաբանման»,- հավելում է Խուդավերդյանը։ Հայտարարագրերի վերլուծությամբ զբաղվող պետական մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), օրենքով իրավասու է հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից, տվյալ դեպքում՝ նվիրատուներից, եթե անգամ նրանք հայտարարատու չեն, ըստ անհրաժեշտության, պահանջելու իրավիճակային հայտարարագիր։  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքի համաձայն՝ կառույցն իրականացնում է հայտարարագիր լրացնելու և ներկայացնելու պահանջների պահպանման, հայտարարագրված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում, հայտարարագրված տվյալների մաթեմատիկական վերլուծություն, ռիսկային ցուցանիշների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն, հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող լրատվամիջոցների հրապարակումների կամ անձանց գրավոր դիմումների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն: «Ինֆոքոմը» նաև մեկնաբանություն էր խնդրել Բարձրագույն դատական խորհրդից այն մասին՝ արդյո՞ք Խորհուրդը տեսնում է ռիսկեր Դատական իշխանության ներկայացուցիչների կողմից ստացվող խոշոր չափի նվիրատվություններում։ ԲԴԽ-ից «Ինֆոքոմին» պատասխանել են, որ «պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելու սահմանափակումներին առնչվող խախտումների վերաբերյալ հարցերի քննարկումը դուրս է Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի լիազորությունների շրջանակից: Պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելու սահմանափակումներին առնչվող խախտումների վերաբերյալ հարցերի քննարկման գործառույթը վերապահված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին»: Այսինքն՝ դատական իշխանության ներկայացուցիչների հայտարարագրերի և նրանց ստացած նվիրատվությունների միակ վերահսկողը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, որն էլ չի ստուգում հայտարարագրերն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն ներառվել ռիսկային չափորոշիչ սահմանելու հիմքով պետական պաշտոնների ցանկը հաստատելու մասին որոշումներում,  լրատվամիջոցների հրապարակումներում կամ էլ անձանց գրավոր դիմումներում։ Իսկ մինչ այդ դատավորներն ու նրանց օգնականները շարունակում են ստանալ մեկանգամյա կամ պարբերական բնույթ կրող խոշոր չափերի նվիրատվություններ, որոնց մի մասի աղբյուրը հետագծելի չէ։ Հիշեցնենք, որ նախորդիվ «Ինֆոքոմը» անդրադարձել էր Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ստացած նվիրատվություններին։ Լյուսի Մանվելյան
19:28 - 11 դեկտեմբերի, 2024
ԱԺ փոխխոսնակը՝ Քաջարանի թունելի կառուցման համար վարկ վերցնելու ընդդիմության քննադատության մասին
 |1lurer.am|

ԱԺ փոխխոսնակը՝ Քաջարանի թունելի կառուցման համար վարկ վերցնելու ընդդիմության քննադատության մասին |1lurer.am|

1lurer.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության քննարկման ելույթների ժամանակ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն անդրադարձավ խորհրդարանական ընդդիմության որոշ քննադատություններին: ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման նպատակը հենց կոռուպցիայի դեմ պայքարն է: Պաշտոնյան հանձնաժողովում հայտարարագրում է՝ ինչ ունի՝ տուն, մեքենա, վարկ, և եթե ինչ-որ բան թաքցնի, հանձնաժողովը կբացահայտի, և պաշտոնյան պետք է բացատրի՝ որտեղից է գնել դա: «Թվային առևտրի, շրջանառության մասով ի՞նչ ենք արել մենք, ասել ենք՝ 300 հազար դրամից ավելի ինչ առնես, պիտի առնես բանկային փոխանցումով կամ քարտի միջոցով. դա նշանակում է կանխիկ ապօրինի շրջանառության դեմն առնել: Ինչի՞ համար ենք արել. կոռուպցիայի կանխարգելման: Ի՞նչ էիք դուք անում. ասում էիք՝ էդ խեղճ մարդկանց ինչո՞ւ եք ասում, կարող է՝ քեշ փող ունեն, ինչո՞ւ եք սահմանափակում նրանց իրավունքը: Ի՞նչ ենք արել մենք՝ ներմուծման-արտահանման արգելքների, ապօրինի մոնոպոլիաների դեմն առել ենք: Մարդիկ ինչ ուզում՝, ներմուծում-արտահանում են. դրա արդյունքում որոշ ապրանքների գինն իջավ, օրինակ՝ բանանինը, շաքարավազինը: Դրա մասին խոսեք»,- ասաց նա: Հակոբ Արշակյանն անդրադարձավ ընդդիմության՝ Քաջարանի թունելի համար վարկ վերցնելու նախագծին կողմ չքվեարկելու որոշմանը՝ նկատելով, որ ընդդիմությունը դեմ է թունելի կառուցման ծրագրի համար վարկ վերցնելու նախագծին, որովհետև կարծում է՝ այն պետք է հումանիտար օգնությամբ իրականացնել: «Ինչի՞ համար ենք այդ պարտքը վերցնում, վերցնում ենք, որպեսզի դառնանք խաղաղության խաչմերուկ, ուզում ենք՝ Հյուսիս-հարավը կառուցենք, ուզում ենք՝ ճանապարհները բացվեն, ուզում ենք՝ ապրանք շրջանառվի, ուզում ենք՝ կողքի պետություններն էլ դրանից օգուտ քաղեն, առավել ևս օգուտ քաղենք մենք, մեր տնտեսվարողները, աշխարհում չլինենք ինչ-որ փակ տեղ: Դրա համար ենք վերցնում: Չի կարելի դրա համար գնալ, հումանիտար օգնություն խնդրել: Համահայկական հիմնադրամն այս տարի 15 մլն դոլար է հավաքել, բա ինչո՞ւ չի հավաքագրել 15 մլրդ դոլար. որովհետև մարդիկ դրան հումանիտար տեսանկյունից են նայում: Չի կարող պետությունը լինել հումանիտար օգնության կենտրոն, չի կարող նման բան լինել: Բայց դուք երևի ուզում եք՝ նման կերպ լինի, եթե վարկին կողմ չեք քվեարկում, ու ասում եք՝ համահայկական ծրագրերով արեք: Մենք դեմ ենք այդ մոտեցմանը»,- ասաց նա:
11:37 - 05 դեկտեմբերի, 2024