Կարմիր խաչի միջազգային կոմիտեն - ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863թ․ հունիսի 24-ին Ժնեւում։ 1949թ․ Ժնեւյան չորս կոնվենցիաների եւ 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների անդամ երկրները ԿԽՄԿ-ին տվել են միջազգային եւ ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք եւ այլ ոչ կոմբատանտներ։
 
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի եւ 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Կազմակերպությունը երեք անգամ՝ 1917, 1944 եւ 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։
 
Կոմիտեի առանցքային խնդիրները, որոնք բխում են Ժնեւյան կոնվենցիաներից եւ նրա սեփական կանոններից, հետեւյալն են․
 
Դիտարկել պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին,
Կազմակերպել ռազմադաշտում վիրավորվածների բժշկական օգնությունը եւ խնամքը,
Ղեկավարել պատերազմի ռազմագերիների բուժումը եւ պահող կողմի հետ վարել կոնֆիդենցիալ բանակցություններ,
Աջակցել զինված հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց փնտրման աշխատանքներին,
Կազմակերպել քաղաքացիական հասարակության պաշտպանություն եւ խնամք,
Պատերազմող կողմերի միջեւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավարն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավարն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության նորանշանակ ղեկավար Դաֆնե Մարեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Շնորհավորելով պատվիրակության նոր ղեկավարին՝ Վահան Կոստանյանը հույս է հայտնել, որ ԿԽՄԿ-ն կշարունակի ակտիվ ներգրավվածություն ունենալ Հայաստանում առկա մարդասիրական խնդիրների հասցեագրման ու խոցելի խմբերին օժանդակություն ցուցաբերելու հարցում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ԿԽՄԿ կողմից իրականացվող պարբերական այցելությունների, անհետ կորածների և բռնի անհետացածների ճակատագրերը պարզելու և մարդասիրական բնույթի այլ հարցեր։ ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանքեր գործադրել իր լիազորությունների շրջանակում հայաստանյան կողմի հետ սերտ համագործակցության շարունակականության ապահովման հարցում:
12:29 - 21 նոյեմբերի, 2024
ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին |panorama.am|

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին |panorama.am|

panorama.am: Այս տարվա հոկտեմբերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Ադջբերջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ նրանց հետ անհատական ​​հանդիպումներ են տեղի ունեցել, պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփվելու համար։ Նախորդ անգամ ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են հայ բանտարկյալներին սեպտեմբերին: Պաշտոնական տվյալներով Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականին ագրեսիայի հետևանքով։ Ադրբեջանում գերության մեջ են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և ներկա 8 ներկայացուցիչներ՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
14:12 - 04 նոյեմբերի, 2024
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին
 |azatutyun.am|

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին |azatutyun.am|

azatutyun.am: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների հետ։ ԿԽՄԿ ներկայացուվիչ Զառա Ամատունին «Ազատության»-ը տեղեկացրեց, որ տեսակցության ընթացքում հնարավորություն է տրվել կապ հաստատել նրանց հարազատների հետ։ Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։ Գերեվարվածների շարքում են նաև արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն նրանց ծանր մեղադրանքներ է առաջադրել։ Նրանց գործերով նախաքննությունն ավարտվել է, սակայն, նյութերը դատարան դեռ չեն ուղարկվել։ Բաքուն այսօր հաղորդեց, որ Արցախի նախկին պաշտոնյաներին նոր մեղադրանք է առաջադրել՝ պատմամշակութային հուշարձանների ոչնչացում հոդվածով։ Եթե դատարանն այդ մեղադրանքները հաստատի, նրանց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում։
16:05 - 01 հոկտեմբերի, 2024
Հունվար-հունիս ամիսներին մոտ 780 զանգ և այց ենք ունեցել հակամարտության սրացումների հետևանքով ընտանիքների բաժանման առնչությամբ. ԿԽՄԿ

Հունվար-հունիս ամիսներին մոտ 780 զանգ և այց ենք ունեցել հակամարտության սրացումների հետևանքով ընտանիքների բաժանման առնչությամբ. ԿԽՄԿ

2024-ի hունվար-հունիս ամիսների ընթացքում մոտ 780 զանգ և այց ենք ունեցել Երևանի և Գորիսի մեր գրասենյակներում`հակամարտության սրացումների հետևանքով ընտանիքների բաժանման առնչությամբ։ Այդ մասին հայտնում են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեից:   «61 ընտանիք դիմել է մեզ՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր։   275 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանակվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների և նրանց ընտանիքների միջև։   Ավելին՝ ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է պահվող անձանց՝ դիտարկելով ազատազրկման պայմանները և նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև նպաստելով հարազատների հետ նրանց կապի պահպանմանը»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։
19:25 - 17 սեպտեմբերի, 2024
Սկսած 1990-ականներից՝ հայկական կողմն ունի շուրջ 1000 անհետ կորած․ ԿԽՄԿ |armenpress.am|

Սկսած 1990-ականներից՝ հայկական կողմն ունի շուրջ 1000 անհետ կորած․ ԿԽՄԿ |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) համապատասխան ընտանիքների կողմից փոխանցված տեղեկատվության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեկնարկից մինչև հիմա հայկական կողմից անհետ կորած է համարվում շուրջ 1000 մարդ, որոնցից շուրջ 700-ը՝ 90-ականներից, իսկ մոտավորապես 300-ը՝ 2020-2023 թվականների ռազմական գործողություններից հետո։  Այս մասին օգոստոսի 29-ին Վանաձոր քաղաքում անցկացված «Անհայտ կորածների միջազգային օրվան» նվիրված լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է տեղի ունենում, երբ ծնողները համաձայն չեն լինում ԴՆԹ հետազոտության արդյունքների հետ և չեն ընդունում իրենց որդիների զոհվելու հանգամանքն ու դիմում են ԿԽՄԿ՝ նրանց որպես անհետ կորած գրանցելու համար, Ամատունին նշեց, որ շատ կարևոր է հասկանալ իրական, օբյեկտիվ պատճառը, թե ինչո՞ւ ընտանիքները չեն ընդունում արդյունքները։  «Այստեղ մենք գործ ունենք ինչպես ընտանիքների, այնպես էլ պատկան մարմինների հետ, որոնք պատասխանատու են ընտանիքներին հասցնել այդ հարցերի պատասխանները, որպեսզի կարողանանք պատկան մարմինների հետ աշխատելով և իրավիճակը պարզաբանելով՝  աջակցել նրանց ավելի պրոֆեսիոնալ գործել և հետագայում փոքրացնել նման դեպքերի թիվը», - ասաց Ամատունին՝ շեշտելով, որ խոսքը կարող է վերաբերել ինչպես ռազմական սրացումների, այնպես էլ տարերային աղետների հետևանքներին, ուստի շատ կարևոր է, որ նման հաստատությունները կարողանան լիարժեք կազմակերպել իրենց աշխատանքը։ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը վերահաստատեց, որ կազմակերպության ներկայացուցիչներն այցելում են բոլոր այն անձանց, որոնց գերության մեջ գտնվելը հաստատել են Ադրբեջանի իշխանությունները։ «Ընտանիքներն առաջինն են իմանում այցելությունների մասին։ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելում են գերիներին՝ անկախ կարգավիճակից։ Այցելում ենք բոլոր անձանց, որոնց գերության մեջ գտնվելը հաստատել են իշխանությունները։ Սակայն մեր կազմակերպությունը չի տեղեկացնում այցելվող անձանց թվի մասին», - հիշեցրեց Զառա Ամատունին։ Պատասխանելով հարցին, թե որոնողական աշխատանքների հետ կապված ԿԽՄԿ–ն բանակցո՞ւմ է արդյոք ադրբեջանական կողմի հետ, Զառա Ամատունին նշեց, որ կազմակերպությունը` որպես մարդասիրական ու չեզոք միջնորդ, այդ բանակցություններում դերակատարում չունի, սակայն երկխոսության միջոցով մշտապես փորձում է հարցը պահել իշխանությունների, պատկան մարմինների ուշադրության կենտրոնում:   «Որոնողական կամ նույնականացման աշխատանքների մասին, որոնք կարող են որոշակի դեպքերում պատասխաններ տալ որոշակի թվով ընտանիքիների, այս պահին մենք չենք կարող խոսել, սակայն մենք պատրաստակամ ենք դրանց աջակցել», - շեշտեց Ամատունին՝ հավելելով, որ որոշակի առաջընթաց արձանագրելու համար կարևոր է այդ հարցում կողմերի քաղաքական կամքը։ Մինչև հիմա Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 23 հայի գերեվարման փաստը, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Նրանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։
17:31 - 30 օգոստոսի, 2024
Հարազատները, որոնք համաձայն չեն զոհված զինվորների ԴՆԹ-անալիզների հետ, դիմում են ԿԽՄԿ
 |news.am|

Հարազատները, որոնք համաձայն չեն զոհված զինվորների ԴՆԹ-անալիզների հետ, դիմում են ԿԽՄԿ |news.am|

news.am: Մի քանի տասնյակ ընտանիքներ, որոնք համաձայն չեն մարտական գործողությունների ժամանակ զոհված զինվորների ԴՆԹ-անալիզների հետ, դիմել են ԿԽՄԿ՝ նրանց անհետ կորածների ցուցակում ներառելու հայտով։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցային ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին լրագրողների հետ զրույցում։ ԿԽՄԿ տվյալներով՝ ներկայում մարտական գործողությունների ընթացքում անհետ կորածների ցուցակներում ներառված են մոտ հազար մարդու անուններ։ Մոտ 700 անհետ կորած կա 90-ականներից, առաջին պատերազմից, եւս 300 հոգի՝ 2020-23թթ. գործողություններից։ Հարցին, թե ինչ է տեղի ունենում, եթե ծնողները համաձայն չեն ԴՆԹ հետազոտության արդյունքների հետ, չեն ընդունում իրենց որդիների զոհվելը եւ դիմում են ԿԽՄԿ նրանց որպես անհետ կորած գրանցելու համար, ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչը նշել է, որ շատ կարեւոր է հասկանալ իրական, օբյեկտիվ պատճառը, թե ինչու ընտանիքները չեն ընդունում արդյունքները։ Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցել համապատասխան փորձագիտական մարմինների աշխատանքին, որպեսզի ապագայում նվազագույնի հասցվի նման դեպքերի թիվը։ Խոսքը կարող է վերաբերել ինչպես ռազմական սրացումների, այնպես էլ տարերային աղետների հետեւանքներին, նշել է Ամատունին։ Նա հայտնել է, որ ԿԽՄԿ է դիմել մի քանի տասնյակ ընտանիք, որոնք համաձայն չեն ԴՆԹ-անալիզների հետ։ Երեւանի եւ Բաքվի համատեղ աշխատանքի հնարավորության մասին հարցին ի պատասխան Ամատունին հիշեցրել է, որ ԿԽՄԿ-ն չի մասնակցում բանակցություններին, բայց հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ, այսինքն՝ իշխանությունների հետ երկխոսության ընթացքում յուրաքանչյուր երկրի պատվիրակություն փորձում է հարցը պահել իշխանությունների ուշադրության կենտրոնում։ ԿԽՄԿ-ն պատրաստ է այսուհետ եւս աջակցել գործընթացին, սակայն կարեւոր է երկրի ղեկավարության քաղաքական կամքը, որպեսզի գործընթացն առաջ ընթանա։ Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ կան տվյալներ այն մասին, որ անձը գերության մեջ է, բայց Ադրբեջանի իշխանությունները չեն ընդունում դա, ԿԽՄԿ ներկայացուցիչը նշել է, որ առայժմ չկա պաշտոնական հաստատում, եւ ինչ-որ բան պնդելը դժվար է։ «ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելում են բոլոր անձանց, որոնց գերության մեջ գտնվելը հաստատել են Ադրբեջանի իշխանությունները։ Ընտանիքներն առաջինն են իմանում այցելությունների մասին»,- փաստել է Զառա Ամատունին։ Նա նաեւ նշել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելում են գերիներին անկախ կարգավիճակից։ «Այցելում ենք բոլոր անձանց, որոնց գերության մեջ գտնվելը հաստատել են իշխանությունները։ Սակայն մեր կազմակերպությունը չի տեղեկացնում այցելվող անձանց թվի մասին»,- նշել է Զառա Ամատունին։
11:15 - 30 օգոստոսի, 2024
ՀՀ ՔԿ նախագահն ու ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են գերիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական լինելը

ՀՀ ՔԿ նախագահն ու ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են գերիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական լինելը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Հայաստանում իր աշխատանքային գործունեությունն ավարտող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:   Քննչական կոմիտեի նախագահն անգնահատելի է համարել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելությունը՝ ընդգծելով դրա նշանակությունը հատկապես պատերազմական հակամարտությունների շրջանակներում առաջացող հումանիտար խնդիրների համատեքստում։   Այս տեսանկյունից Կոմիտեի նախագահը հիշեցրել է 2020 թ. 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական ագրեսիաների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից թույլ տրված միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների մասին՝ շնորհակալություն հայտնելով առաջացած խնդիրների մեղմման առումով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կատարած մեծ աշխատանքի համար։ Արգիշտի Քյարամյանը նաև ընդգծել է անձամբ պարոն Ռիբոյի ներդրումը Միջազգային կոմիտեի և ՀՀ քննչական կոմիտեի միջև հարաբերությունների սերտացման համար։   Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարը գոհունակություն է հայտնել նախընթաց ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ։   Նա նշել է, որ իրենց առաքելություններից մեկը նաև միջազգային մարդասիրական իրավունքի ամրապնդումն է և այդ իրավունքի խախտումների դեպքերով արդյունավետ քննություններին մեթոդական աջակցության ցուցաբերումը, որտեղ երկխոսությունը զարգացնելու հնարավորություններ կան։   Հանդիպման ընթացքում քննարկվել են գտնվելու վայրն անհայտ, գերեվարված անձանց հարազատների հետ իրականացվող աշխատանքների, այդ անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, փոխադարձաբար բարձրացվող հարցերին հրատապ արձագանքի ու պատշաճ աջակցության ցուցաբերմանը վերաբերող հարցեր:   Երկուստեք կարևորվել է մարդկանց գերեվարման հանգամանքների լիարժեք պարզման, գերության մեջ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական լինելու հանգամանքը։   Արգիշտի Քյարամյանն իր երախտիքն է հայտնել հատկապես 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի և հետագա ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի դրսևորումների արդյունքում Ադրբեջանում ապօրինաբար պահվող և անհիմն քրեական հետապնդման ենթարկվող անձանց կեցության պայմանների, առաջնային իրավունքների պահպանմանը հետևելու, իրենց ընտանիքների հետ նրանց հաղորդակցության ապահովման հարցում ցուցաբերած հետևողականության համար։   ՀՀ ՔԿ նախագահը, անդրադառնալով գտնվելու վայրն անհայտ անձանց հետ կապված խնդիրներին, նշել է, որ դրանք քննության առարկա են ագրեսիվ պատերազմի և հետագա ռազմական գործողությունների սանձազերծման, դրանց ընթացքում խաղաղության, մարդկության անվտանգության դեմ ուղղված և պատերազմական այլ հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում, որի արդյունքում հաջողվել է պարզել ինչպես զինծառայողների, այնպես էլ՝ քաղաքացիական անձանց զոհվելու, անհետ կորելու և գերեվարման հանգամանքները։ Կոմիտեի նախագահը հայտնել է, որ Քննչական կոմիտեն պատրաստ է անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել միջազգային գործընկերներին։
19:35 - 01 օգոստոսի, 2024
Արցախից տեղահանվածների կարիքներին ուղղված միջազգային աջակցությունը՝ ամփոփ

Արցախից տեղահանվածների կարիքներին ուղղված միջազգային աջակցությունը՝ ամփոփ

Արդեն 4 ամիս է՝ «Ինֆոքոմը» փորձում է ամփոփել եւ դասակարգել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքներին ուղղված մարդասիրական օգնության վերաբերյալ տվյալները։ Մեր նպատակն էր հասկանալ, թե որ աղբյուրից որքան գումար է հատկացվել, ինչ ուղղություններով է այն ծախսվել եւ, ի վերջո, հավաքագրված միջոցների որ մասն է հասել ուղիղ շահառուին։  Տեղեկություններ ստանալու համար գրավոր դիմել ենք ՀՀ կառավարությանը, 25 պետության դեսպանատներին եւ 4 միջազգային կառույցներին՝ խնդրելով տրամադրել տվյալներ, թե հավաքագրված գումարի որքան մասն է հատկացվել աշխատավարձերին, խորհրդատվություններին, միջոցառումների կազմակերպմանը, իսկ որքան մասը՝ ուղիղ տեղահանվածներին։ Թե՛ ՀՀ կառավարությունը, թե՛ գործընկեր պետությունները եւ թե՛ միջազգային կառույցները չեն տրամադրել արձագանքմանն ուղղված ծախսերի բացվածքը, ինչը սահմանափակում է ուղիղ շահառուներին հատկացրած գումարի չափը հասկանալու հնարավորությունը։  Ավելին, մեր հարցումներին ոչ բոլորն են արձագանքել։ Իրանը եւ Չինաստանը ընդհանրապես հրաժարվել են տվյալներ տրամադրել։ Ընդհանրական տեղեկություններ հայտնել են միայն Կանադան, Շվեդիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Գերմանիան, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը եւ Եվրամիությունը։ Մի շարք դեսպանատներ, այդ թվում՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Հնդկաստանի, Հունաստանի եւ այլ, չեն պատասխանել գրավոր հարցումներին (ընդ որում՝ կրկնակի) եւ բազմաթիվ հեռախոսազանգերին։  Ուղիղ նվիրատվություն տեղահանվածների աջակցության հատուկ հաշվեհամարին Կառավարությունը, տեղեկության տրամադրումը տեւական ժամանակ ձգձելուց հետո, ուղարկել է տվյալներ՝ ուղիղ բյուջետային աջակցության, բնաիրային աջակցության, վարկային արտոնությունների վերաբերյալ։ Փոխվարչապետի գրասենյակից տրամադրել են նաեւ ընդհանրական տեղեկություններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) հավաքագրված միջոցների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայտարարած աջակցության մասին:  ՀՀ ֆինանսների նախարարության՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության հատուկ հաշվեհամարին ուղիղ նվիրատվություն է իրականացվել Լիտվայի եւ Լատվիայի կառավարությունների կողմից՝ համապատասխանաբար 350 000 եւ 50 000 եվրոյի չափով (դոլարային արժույթով՝ ~380 000 եւ ~54 000)։ Չինաստանը հայտարարել էր 1 մլն դոլարի աջակցության մասին, որի կեսը տրամադրել է անցած տարվա նոյեմբերին, մյուսն կեսն էլ պետք է տրամադրեր մինչեւ այս տարվա հունիս ամիսը։ Անդրադառնալով Եվրոպական միության կողմից հայտարարված 15 մլն եվրո բյուջետային աջակցությանը՝ կառավարությունից հայտնել էին, որ ՀՀ-ի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ նախատեսվում է համաձայնագրի ստորագրում, որի նպատակն է նպաստել Կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարճաժամկետ եւ միջնաժամկետ խնդիրներին արձագանքմանը, ինչպես նաեւ նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրման քաղաքականությանը աջակցմանը: Եվրամիության տրամադրած ֆինանսական աջակցությանը կանդրադառնանք ստորեւ։ Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացված աջակցություն Կառավարությունից մեզ հայտնել էին, որ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) եւ «Փախստականների կարիքներին արձագանքման ծրագրի» շրջանակում վերջինիս գործընկեր կառույցների միջոցով հավաքագրվել է շուրջ 49,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ ԿԽՄԿ-ի միջոցով հայտարարվել է շուրջ 26 մլն ԱՄՆ դոլարի հումանիտար աջակցություն, ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով՝ 13,2 մլն: Մեր բանավոր ճշտող հարցին՝ հայտարարվել է, բայց դեռ չի՞ փոխանցվել, կա՞ արդյոք տեղեկություն, թե հայտարարված աջակցությունը երբ է տրամադրվելու, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից պատասխանել են, որ հայտարարված բառը նշանակում է, որ այդքանի խոստում է եղել, բայց թե դրա որ մասն է դառնալու իրականություն, ասել չեն կարող։ Վերոնշյալ աջակցության մի հատվածն է միայն իրականացվել Կառավարության կողմից հաստատված սոցիալական աջակցության ծրագրերի համաֆինանսավորման եղանակով: Մասնավորապես, փախստականներին նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին միանվագ 50-հազարական դրամ հատկացնելու ծրագիրը համաֆինանսավորել են ԿԽՄԿ-ն, Կարմիր Խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան, UNHCR-ը եւ Շվեյցարական կարմիր խաչը՝ 525 մլն դրամի չափով։  Նույն ծրագրի շրջանակում նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների վճարումներն իրականացնելու նպատակով այլ դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվել է եւս շուրջ 435,5 մլն դրամ, որի բացվածքը ներկայացնում ենք ստորեւ։  Մեկ այլ՝ բնակարանի վարձի եւ կոմունալ ծախսերի համար 40+10-հազարական դրամ հատկացնելու ծրագիրը համաֆինանսավորվել է ԿԽՄԿ-ի, Կարմիր Խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի, UNHCR-ի, Շվեյցարական կարմիր խաչի կողմից․ այս կազմակերպությունները Հայկական կարմիր խաչի միջոցով տրամադրել են 3 մլրդ 425 մլն դրամ: Ինչ վերաբերում է բնաիրային աջակցությանը՝ հումանիտար բեռներ են ստացվել հետեւյալ պետություններից՝ Ավստրիա, Արգենտինա, Բուլղարիա, Գերմանիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Չինաստան, Ռումինիա, ՌԴ-ից, Ֆինլանդիա, ինչպես նաեւ UNHCR-ից, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, մասնավոր այլ նախաձեռնությունների կողմից:  Հումանիտար բեռները հիմնականում ներառել են մահճակալներ, քնապարկեր, անկողնային, խոհանոցային եւ հիգիենայի պարագաներ, սնունդ, հագուստ: Ստացվել են նաեւ առողջապահական կարիքների համար նախատեսված բեռներ Ֆրանսիայի, Ավստրիայի եւ Լիտվայի, ինչպես նաեւ շուրջ մեկ տասնյակ միջացգային կազմակերպությունների կողմից: Աջակցություններ միջազգային կազմակերպություններից եւ գործընկեր պետություններից  Եվրոպական միություն Եվրոպական Միությունից մեզ հայտնել են, որ ԵՄ մոբիլիզացրած ընդհանուր ռեսուրսները (ներառյալ պայմանագրային եւ նախապատրաստման փուլում գտնվող) կազմում են 67 միլիոն եվրո։ Այս գումարը ներառում է՝  - 2023 թվականի աշնանը 12,15 միլիոն եվրոյի մարդասիրական աջակցությունը՝ ուղղված Եվրոպական քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG ECHO) միջոցով:  - Լրացուցիչ 5,5 միլիոն եվրո է մոբիլիզացվել DG ECHO-ի կողմից 2024 թվականի ընթացքում՝ փախստականների միջնաժամկետից մինչեւ երկարաժամկետ կարիքների բավարարման միջոցառումների համար: - 2023 թվականի նոյեմբերին Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է 15 միլիոն եվրո բյուջետային աջակցության տրամադրման մասին՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը փախստականների կարիքները հոգալու իր ծրագրերին:  - 2023 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԵՄ պատվիրակությունը տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ պայմանագիր է կնքել երեք ծրագրերի համար (ընդհանուր արժեքը՝ 180 000 եվրո)՝ ուղղված փախստականներին անմիջական աջակցություն տրամադրելուն:  - Նույն ժամանակահատվածում ԵՄ կողմից ֆինանսավորվող մի շարք  ընթացիկ ծրագրերի բյուջեներ վերաբաշխվել են՝ փախստականներին աջակցելու նպատակով։ Մոտ 500 000 եվրո ընթացիկ ծրագրերից վերաբաշխվել է փախստականների կարիքներին արձագանքմանը:  ԵՄ պատվիրակությունը ներկայումս պլանավորում է իրականացնել 3 ծրագիր՝ (ընդհանուր արժեքը՝ 8,8 միլիոն եվրո), քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոնսորցիումների հետ։  ԵՄ-ից հայտնել են, որ լրացուցիչ 25 միլիոն եվրո բյուջետային աջակցություն է նախապատրաստվում փախստականների միջնաժամկետից երկարաժամկետ կարիքները հոգալու համար, եւ ակնկալվում է, որ կստորագրվի մինչեւ 2024 թվականի վերջը: 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ ԵՄ անդամ պետությունները մոբիլիզացրել են ընդհանուր առմամբ 35 միլիոն եվրո՝ ԼՂ-ից փախստականների կարիքները հոգալու համար:  Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի պատճառով ծանր այրվածքներ ունեցող 24 անձ տեղափոխվել է ԵՄ 7 անդամ երկրներ՝ Բելգիա, Բուլղարիա, Իտալիա, Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ, Ռումինիա, Իսպանիա, բուժում ստանալու։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (UNHCR) ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը առավել խոցելի վիճակում գտնվող 5500 փախստականի 6 ամիս ժամկետով հատկացրել է ամսական 125 ԱՄՆ դոլար, ընդհանուր՝ 4 մլն 125 հազար դոլար։ UNHCR-ը իր գործընկերներից 97 միլիոն դոլար է խնդրել` փախստականների հրատապ կարիքներին 2023 թվականի հոկտեմբերից մինչեւ 2024 թվականի մարտը արձագանքելու նպատակով։ Մարտի 29-ի դրությամբ հավաքագրվել է 51 մլն դոլար, այսինքն՝ պահանջված գումարի մոտ 52 տոկոսը։ Իսկ UNHCR-ի տրամադրած հատուկ օգնության չափը կազմել է 14,6 մլն դոլար։ Կազմակերպությունը իր գործընկերների հետ 51 221 փախստականի մատակարարել է 115 747 հիմնական օգնության պարագաներ՝ աջակցելով 12 433 տնային տնտեսության։ UNHCR-ը փախստականների ​​ընտանիքներին մատակարարել է կահույք եւ կենցաղային տեխնիկա: Մասիսի նախկին մարզական կենտրոնում 18 ընտանիքի (46 հոգի) մատակարարել է լվացքի մեքենաներ, սառնարաններ, էլեկտրական տաքացուցիչներ, կաթսաներ եւ թեյնիկներ, ինչպես նաեւ անկողնային պարագաներ եւ սրբիչներ: Մարալիկի Սոցիալական բնակարանային համալիրին տրամադրել է կենցաղային իրեր՝ աջակցելով 17 ընտանիքների (27 հոգի): UNHCR-ից մեր հարցմանն ի պատասխան տրամադրել են նաեւ այն դոնորների ցանկը, որոնք 100 000 դոլար կամ ավելի են ներդրել Հայաստանի Լեռնային Ղարաբաղից փախստականների կարիքներին արձագանքման համար։  Ամերիկայի Միացյալ Նահանգներ 2023թ․ սեպտեմբերի 24-ից ԱՄՆ կառավարությունն ապահովել է ավելի քան 22,5 միլիոն դոլար մարդասիրական օգնություն։ Այս միջոցներից 21,3 միլիոնը ապահովվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ), իսկ 1,15 միլիոնը ԱՄՆ պետքարտուղարության միջոցով։  ԱՄՆ-ից հայտնել են, որ նախապես հայտարարված հավելյալ ֆինանսավորումը կհատկացվի հընթացս։ Ճապոնիա  2023 թվականի սեպտեմբերից Ճապոնիայի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար հատկացրել է ընդհանուր 5 միլիոն ԱՄՆ դոլար մարդասիրական օգնություն [1, 2]։ Ճապոնիան հաղորդել է, որ երկրի կառավարությունը աջակցություն է ցուցաբերում նաեւ Մարդկային անվտանգության հիմնարար ծրագրերի դրամաշնորհների (GGP) միջոցով: Այս տարի դրամաշնորհների օգնության շրջանակում ստորագրվել են ստորեւ նշված ծրագրերը, որոնց շահառուները տեղահանված անձինք են։ Շվեդիա Շվեդիան հատկացրել է մոտ 3 մլն 430 հազար դոլար։ Շվեդիայի օգնությունը եւս բաշխվել է չորս ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Շվեդիայից երկարաժամկետ ծրագրերով աջակցությանը, ապա երկրի դեսպանատնից հաղորդել են, որ 2023-2024 թվականներին Շվեդիան UNDP Armenia-ին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, հատկացրել է 490 հազար դոլար։ Այս Ծրագրի նպատակն է վերականգնել ԼՂ-ից փախստականների եւ նրանց ընդունող համայնքների խոցելի խմբերի կենսապահովման համակարգերը՝ դրանք մարդասիրական հիմնական ստանդարտներին եւ տնտեսական վերականգնման նվազագույն ստանդարտներին համապատասխանեցնելու համար:  2023-2024 թվականներին Շվեդիան 392 հազար դոլար է հատկացրել Կանանց ռեսուրսային կենտրոնին՝ նպաստելու փախստականների երկարաժամկետ ինտեգրմանը հասարակության մեջ, ինչպես նաեւ ԼՂ-ց բռնի տեղահանված կանանց եւ աղջիկների համար սոցիալ-հոգեբանական աջակցության եւ տնտեսական ուժեղացման ծրագրեր իրականացնելու համար:  Կանադա Մարդասիրական օգնությունը, որը Կանադան տրամադրել է՝ արձագանքելով Լեռնային Ղարաբաղից փախստականների հումանիտար ճգնաժամին, ընդհանուր առմամբ կազմում է 3,9 մլն ԱՄՆ դոլար։ Այն բաշխվել է չորս ուղղություններով։ Շվեյցարիա Շվեյցարիան իր Զարգացման եւ համագործակցության շվեյցարական գործակալության միջոցով տրամադրել է 1 մլն 725 հազար դոլար: Այդ միջոցները բաշխվել են Պարենի համաշխարհային ծրագրի, UNHCR-ի եւ ԿԽՄԿ-ի միջեւ՝ ուղղելու փախստականների անհետաձգելի կարիքների բավարարմանը:  Պատասխանում ասված է, որ Շվեյցարիան այժմ աշխատում է միջնաժամկետ արձագանքման նոր նախագծի մշակման վրա, որը կենտրոնանում է փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրման վրա: Միացյալ Թագավորություն 2023 թվականի սեպտեմբերից սկսած Միացյալ Թագավորության կառավարությունը տրամադրել է 1 միլիոն ֆունտ ստեռլինգ ԿԽՄԿ-ի միջոցով եւ 70 000 ֆունտ ստեռլինգ Impact Hub-ի միջոցով, ինչը համարժեք է 1 մլն 359 հազար դոլարի:  Մեծ Բրիտանիայի դեսպանատնից հայտնել են, որ ֆինանսական աջակցություն է տրամադրվել նաեւ տեղահանության օրերին վառելիքի պահեստի պայթյունից տուժած այրվածքներով հիվանդներին կենսական աջակցություն ցուցաբերելու համար: Մասնավորապես, հոկտեմբերին UK-Med-ի շտապ բժշկական թիմի վեց անդամ է ժամանել Հայաստան, բուժել պայթյունից տուժածներին: Բժիշկներն աշխատել են Միքայելյան հիվանդանոցում։ «Ավելի ուշ՝ նոյեմբերին, երբ այրվածքներով հիվանդներից որոշները Միքայելյանի անվան հիվանդանոցից տեղափոխվեցին Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն, Միացյալ Թագավորության կառավարությունը կենսական բժշկական սարքավորումներ նվիրաբերեց կենտրոնին՝ նրանց վերականգնման եւ բուժման համար: Այս փաթեթները ներառում էին անհրաժեշտ անզգայացման նյութեր, ինտուբացիայի եւ լարինգոսկոպիայի պարագաներ, ինչպիսիք են էնդոտրախեալ եւ տրախեոստոմիայի խողովակները, կոկորդային դիմակները եւ շտապ կրիկոտիրեոտոմիայի հավաքածուները»: Գերմանիա Գերմանիայից մեր հարցմանն ի պատասխան՝ հաղորդել են, որ Arbeiter-Samariter-Bund կազմակերպության միջոցով Գերմանիան 4,3 մլն եվրո ֆինանսավորում է հատկացնում մի ծրագրի, որն ուղղված է փախստականների խոցելի խմբերին եւ նրանց հոգեկան տրավմաների հաղթահարմանը։ 2023 թվականի ճգնաժամի ակտիվ փուլում Գերմանիան Տեխնիկական օգնության դաշնային ծառայության (THW) եւ Johanniter կազմակերպության միջոցով տրամադրել է մոտ 600 000 եվրո արժողության պարագաներ։ Դրանց մեծ մասը փոխանցվել է Գերմանիայի արտգործնախարարի՝ 2023 թվականի նոյեմբերին Հայաստան կատարած այցելության շրջանակում։ Այն հանգամանքը, որ ոչ բոլոր դեսպանատներն ու միջազգային կազմակերպություններն են տրամադրել տվյալներ, եւ մեր ստացած ոչ բոլոր պատասխաններն են ամբողջական, դժվարացնում է հավաքագրած տվյալների ամփոփ հաշվարկը։ Հետեւապես զերծ ենք մնում միջազգային աջակցության վերաբերյալ ընդհանուր ոչ ճգրիտ թվեր ներկայացնելուց։  Հեղինակ՝ Հայարփի ԲաղդասարյանԱնիմացիան եւ գլխավոր լուսանկարը՝ Ռոման Աբովյանի
18:55 - 01 օգոստոսի, 2024
ՀՀ ՄԻՊ-ը ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ

ՀՀ ՄԻՊ-ը ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին՝ Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:   Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԽՄԿ գրասենյակի պաշտպանության գծով համակարգող Կորինա Կին Էգգենբերգերը և իրավաբանական խորհրդատու Արփինե Առաքելյանը։   Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցության մակարդակը և ընդգծել կազմակերպության իրականացրած աշխատանքների կարևորությունը:   Պաշտպանը կարևորել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հետ գործակցությամբ իրականացվող ծրագրերի ու միջոցառումների շարունակականության ապահովումը:   Իր հերթին Թիերի Ռիբոն շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության համար և վերահաստատել ԿԽՄԿ-ի հանձնառությունը համագործակցությունը շարունակելու հարցում։
15:07 - 23 հուլիսի, 2024
Զոհերի հարազատները պահանջում են  Ստեփանակերտում հուղարկավորված իրենց հարազատների մարմինները տեղափոխել ՀՀ. ակցիա |news.am|

Զոհերի հարազատները պահանջում են Ստեփանակերտում հուղարկավորված իրենց հարազատների մարմինները տեղափոխել ՀՀ. ակցիա |news.am|

news.am: Արցախի Հանապետությունում 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական  գործողությունների ժամանակ զոհերի հարազատները հավաքվել են կառավարության շենքի մոտ, պահանջում են՝  Ստեփանակերտում հուղարկավորված իրենց հարազատների արտաշիրմում անել և տեղափոխել Հայաստան: «Տղաս՝ Արթուր Արզումանյանը զոհվել է 2023 թվականաի սեպտեմբերի 19-ին։ Խնդրում ենք, պահանջում ենք արտաշիրիմում անեն ու մեր երեխաներին բերենք Հայաստան, որ գոնե մի ծաղիկ դնենք շիրիմներին։ Դիմել ենք Հայաստանի, Արցախի կառավարություններին, Կարմիր խաչին՝ անարդյունք։ Մնում է գնամ Գորիս, խնդրեմ սահմանը բացեն, փողով է, ինչով է, թուրքին խնդրեմ, թողնեն իմ երեխային բերել Հայաստան։ Վերջին հույսս դա է, եթե այստեղ պետություն չկա»,- ասաց Բորիկ Արզումանյանը։ Ակցիայի մասնակից մի կին ասաց, որ մի քանի անգամ դիմել էին Արցախի նախկին պաշտոնյաներին, ասել էին՝ ադրբեջանական կողմի հետ համաձայնության են եկել, արտաշիրիմում արվի ու տեղափոխվեն մարմինները, բայց օրվա ավարտին չեղարկվել է։
12:07 - 11 հուլիսի, 2024