Վահագն Ալեքսանյան

Վահագն Ալեքսանյանն 8-րդ գումարման խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։

Ծնվել է 1993-ին։ 2014-2016թթ. ծառայել  է ՀՀ զինված ուժերում: 2019-ին ավարտել  է ԵՊՀ արրելագիտության ֆակուլտետը, 2019-ին ընդունվել է Հայ-ռուսական համալսարանի «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» բաժնի մագիստրատուրան:

Մասնակցել  է Հորդանանի պետական համալսարանի արաբերենի ուսուցման դասընթացին, «Արևելյան գործընկերություն. առկա իրավիճակ և հնարավոր հեռանկարներ» ամառային դպրոցի դասընթացին։

2019-2021թթ.  եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող:

06.04.2021-02.08.2021թթ. եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Վահագն Ալեքսանյանը ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարի մասնակից պատգամավորներին ներկայացրել է ՀՀ նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հանգամանքները

Վահագն Ալեքսանյանը ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարի մասնակից պատգամավորներին ներկայացրել է ՀՀ նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հանգամանքները

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այս շաբաթ Հելսինկիում մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում: «Ներկայացված պետությունների խորհրդարանականների հետ շփումների ժամանակ ներկայացրել եմ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հանգամանքները ու դրա միջազգային դատապարտման անհրաժեշտությունը։ Պատգամավորներին նաև վստահեցրել եմ այն հաստատակամության մեջ, որն ունի Հայաստանի ժողովուրդը ժողովրդավարական արժեքների պահպանման և ամրապնդման շուրջ։ Բուն սեմինարի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներն էին ռուս-ուկրաինական պատերազմը, Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցերը։ Ելույթով հանդես եկան Ֆինլանդիայի նախագահն ու ԱԺ նախագահը, իսկ Ֆինլանդիայի զինված ուժերի հրամանատարի տեղակալը Հելսինկիում տեղակայված զորամասում ներկայացրեց Ֆինլանդիայի պաշտպանական կոնցեպտի մասին զեկույց, հենց զորամասում ծանոթացանք ֆիննական բանակում ծառայության մանրամասներին»,- գրել է նա:
13:06 - 22 հոկտեմբերի, 2022
ԼՂ հարցը չի կարող լինել երկու երկրների տարածքային ամբողջականությունների հարցի համատեքստում․ Հռիփսիմե Գրիգորյան

ԼՂ հարցը չի կարող լինել երկու երկրների տարածքային ամբողջականությունների հարցի համատեքստում․ Հռիփսիմե Գրիգորյան

ԼՂ հարցը չի կարող լինել երկու երկրների տարածքային ամբողջականությունների հարցի համատեքստում։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։ «ԼՂ հիմնահարցը դա ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարց է, հետևաբար, տարածաքային ամբողջականություն ասելով, մենք հասկանում ենք ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները, այն սահմանները, որոնցով ՀՀ-ն ճանաչվում է իբրև ՄԱԿ անդամ պետություն»,- նշեց Գրիգորյանը։  Պատգամավորի խոսքով՝ Պրահյան հայտարարությունը փակում է խոսակցությունները Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի հանդեպ նկրտումների մասին․ «Այո, գետնի վրա կարիք կա սահմանազատման ու սահմանագծման, բայց նաև Պրահյան հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությամբ, կարծում եմ, սա ՀՀ-ի համար շատ կարևոր էր էս կետը արձանագրելը, սա ևս մեկ անգամ փակում է բոլոր խոսակցությունները Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի հանդեպ նկրտումների մասին, որովհետև խոսքը գնում է ՀՀ տարածքային ամբողջականության այն սահմանների մասին և այն տարածքի մասին, որը նաև 1991թ․ Ալմաթայի հռչակագրով սահմանված է»,- ասաց նա։  Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք Գորիս-Կապան մայրուղին նշված սահմանների մեջ մտնում է, թե ոչ, պատասխանեց պատգամավոր Վահագն Ալեքսանյանը․ «Գորիս-Կապան մայրուղին այդ սահմանների մեջ չի մտնում, ինչպես նաև չի մտնում այն սահմանների մեջ, որոնք նկարագրված են 2010թ․ ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով ՀՀ սահմաններում»,- ասաց պատգամավորը։ 
15:36 - 10 հոկտեմբերի, 2022
Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելությունը Ադրբեջանի հնարավոր ագրեսիան զսպող գործոն կլինի. Վահագն Ալեքսանյան

 |armenpress.am|

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելությունը Ադրբեջանի հնարավոր ագրեսիան զսպող գործոն կլինի. Վահագն Ալեքսանյան |armenpress.am|

armenpress.am: Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը կնպաստի կայունացմանը և ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համար ևս մեկ լրացուցիչ զսպող գործոն կլինի: Խորհրդարանական ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: «Մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա՝ Ադրբեջանը պետք է դուրս գա մեր տարածքներից, որովհետև ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ ոչ մի պայմանով: Այդ առաքելությունը, մեր կարծիքով, միանշանակ կնպաստի կայունացմանը և ևս մեկ լրացուցիչ զսպող գործոն կլինի ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համար»,-ասաց Վահագն Ալեքսանյանը: Իսկ թե քաղաքացիական առաքելությունը ե՞րբ է տեղակայվելու՝ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն ասաց, որ այս պահին պարզ չէ, թե կոնկրետ ո՞ր օրը կլինի տեղակայումը, որովհետև քննարկման փուլում է: «Սակայն, ինչպես նշված էր հաղորդագրության մեջ, պետք է տեղի ունենա հոկտեմբերին: Ակնկալում ենք՝ մինչև ամսվա վերջ»,-նշեց պատգամավորը:
12:22 - 10 հոկտեմբերի, 2022
ՊՆ-ն մեկնաբանել է հանրահավաքի մասնակիցներին սահման ուղարկելու լուրերը
 |civilnet.am|

ՊՆ-ն մեկնաբանել է հանրահավաքի մասնակիցներին սահման ուղարկելու լուրերը |civilnet.am|

civilnet.am: Օգոստոսի 14-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում դիմելով բողոքի ակցիա իրականացնող, իր խոսքերով՝ «առողջ երիտասարդներին», հայտարարել է, թե վերջիններս ութ ժամ ունեն իրերը հավաքելու և առաջնագիծ մեկնելու համար, քանի որ «առավոտյան ժամը 09։00-ից զինկոմիսարիատը կգնա միտինգավոր տղամարդկանց հետևից»։ Ալեքսանյանը նաև տեղեկացրել է, որ արդեն խոսել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, որն էլ, ըստ նրա, խոսել է զինկոմի հետ և այս «ոգով, ուժեղ երիտասարդները վաղը առավոտվանից կստանան իրենց ուղեգրերը ու կմեկնեն առաջնագիծ»։ ՍիվիլՆեթը հարց ուղղեց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին՝ արդյոք կա՞ որոշում երեկ ԱԺ կամ կառավարության դիմաց հանրահավաք իրականացնող տղամարդկանց առաջնագիծ ուղարկելու։ Պաշտպանական գերատեսչությունից արձագանքեցին, որ ոչ։ «Քաղաքացիներին ծանուցագրեր կարող են ուղարկվել երկրում ռազմական դրություն և զորահավաք հայտարարելու դեպքում, ինչպես նաև վարժական հավաքներ անցկացնելու մասին՝ կառավարության առանձին որոշումներով։ Այս պահին նման որոշում չկա»,- ասաց Արամ Թորոսյանը։ Ինչ վերաբերում է Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, թե «զինկոմիսարիատը կգնա միտինգավոր տղամարդկանց ետևից», մամուլի քարտուղարը հրաժարվեց գնահատական տալ այդ խոսքերին։ «Զինված ուժերը զբաղված է մարտական խնդիրների և ՀՀ պետական սահմանների և ինքնիշխան տարածքի պաշտպանությամբ։ ՊՆ-ն քաղաքական հայտարարություններին մեկանբանություններ տալ չի պատրաստվում»,- արձագանքեց նա։
13:45 - 15 սեպտեմբերի, 2022
ՔՊ պատգամավորի պնդմամբ՝ օպերատիվ աշխատանք է տարվում ակցիայի մասնակից երիտասարդ տղաներին իդենտիֆիկացնելու և առաջնագիծ ուղարկելու ուղղությամբ

ՔՊ պատգամավորի պնդմամբ՝ օպերատիվ աշխատանք է տարվում ակցիայի մասնակից երիտասարդ տղաներին իդենտիֆիկացնելու և առաջնագիծ ուղարկելու ուղղությամբ

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Հանրայինին տված հարցազրույցի ընթացքում, մեկնաբանելով գիշերը ԱԺ դիմաց ընթացող բողոքի ակցիան, նշեց, որ պետք է հասկանալ դեպքերի հաջորդականությունը։ Նրա պնդմամբ՝ երեկ առավոտվանից մեր ԶՈՒ-ն բավականին հաջող գործողություններ են կատարել և նրանց հաջողվել է մի քանի դիրք հետ վերցնել։ «Դրանից հետո ՀՀ վարչապետը գալիս է ԱԺ, անում է մի էսպիսի հայտարարություն․ «ՀՀ-ը միջանցմ իր տարածքից՝ 29 800 կմ-ց, ոչ մի միլիմետր հող չի զիջելու, ու մենք պատրաստ ենք ամեն մի միլիմետրի համար մեռնել»։ Էդ արտահայտությունից հետո մարդիկ՝ որոշակի խումբ, վերցնում կտրում է վարչապետի ելույթից մի կտոր, սկսում դա տարածել ու տիրաժավորել՝ փորձելով ներկայացնել, թե իբր ինչ-որ բան է ստորագրվել արդեն իսկ հետին թվում կամ ստորագրվելու էն պարագայում, երբ որ վարչապետն ասել է ուղիղ հակառակը, որ էն, ինչը հիմա քննարկվում է, մենք պատրաստ չենք ստորագրել ու չենք ստորագրելու, որովհետև չունենք վստահություն դրա նկատմամբ»,- ասաց պատգամավորը։ Ալեքսանյանը, մեկնաբանելով երեկ ԱԺ դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիան, գիշերը նշել է․ «Գործակալական որջերից, պադվալներից, գետնի տակերից դուրս են վազում ինչ-որ առողջ ուժեր, երիտասարդներ, որոնց, ի դեպ, օգտվելով եթերից, շնորհավորում եմ․ նրանք շահել են զինկոմի ուղեգիր: Նրանք էս պահի դրությամբ (սեպտեմբերի լույս 15-ի գիշերվա,- խմբ․), եթե չեմ սխալվում, ունեն մոտ 8 ժամ իրենց իրերը, բանը հավաքեն, որովհետև առավոտյան 9-ից, մենք չենք կարող մեզ թույլ տալ էդ ճոխությունը, որ նման մեծ ոգի ունեցող ռեսուրսը չգնա առաջնագիծ։ Պարոն Անդրանիկ Քոչարյանի հետ էի խոսում, ինքն էլ արդեն խոսել էր զինկոմի հետ․ էս ոգով, ուժեղ երիտասարդները (ակցիայի մասնակիցները,- խմբ․) վաղը առավոտվանից (սեպտեմբերի 15-ի,- խմբ․) կստանան արդեն իրենց ուղեգրերը ու կմեկնեն առաջնագիծ Ձեզ թվում ա, որ էդպիսի ոգով երիտասարդները պիտի մնան Երևանի կենտրոնո՞ւմ։ Տղերքը պայքարում են, որ Հանրապետությունը մնա անսասան, հողերը մնան։ Չօգնե՞նք մարդկանց։ Ես գիտեմ նաև, որ օպերատիվ աշխատանք է տարվում բոլորին (ացիայի մասնակից երիտասարդ տղաներին- խմբ․) իդենտիֆիկացնելու ուղղությամբ։»։ Պատասխանելով հարցին, թե արդյոք դա ընդդիմադիրների նկատմամբ ճնշում չէ, ասաց՝ ոչ։ Հիշեցնենք, որ ԱԺ-հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին ԱԺ շենքի դիմաց։ Խոսքը, մասնավորապես, Փաշինյանի հետևյալ հայտարարության մասին է․ «Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության։ Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք էդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։ Մենք չենք կարող էսօր վերնագրի ներքո գրել խաղաղության պայմանագիր, տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսվի։ Մենք ուզում ենք, որ ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»։ Քաղաքացիները պահանջում էին Փաշինյանի հրաժարականը, և որ պատգամավորները իմպիչմենտ հայտնեն ՀՀ վարչապետին։ Երեկոյան ՔՊ պատգամավորները հերքում էին տարածվող լուրերը, թե որևէ փաստաթուղթ է ստորագրվելու, այնուհետև ինքը՝ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարզաբանեց իր ելույթը՝ կոչ անելով մանիպուլյացիաների չտրվելու․ «Իմ այսօրվա ասածը նշանակում է հետևյալը, որ մենք խաղաղության օրակարգ ենք որդեգրել, և դրա իրականացումը միայն մի կողմից չէ կախված՝ դա կախված է մի քանի կողմերից, որոնք դեր ունեն այս պրոցեսում։ Հայաստանը պատրաստ է խաղաղության օրակարգով առաջ շարժվել։ Մենք հրապարակային ասել ենք մեր դիրքորոշումները։  Խաղաղության պայմանագրի համար Ադրբեջանը ասել  է կետեր, մենք ասել ենք, որ այդ կետերում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք ամբողջական չեն և լրացրել ենք Ադրբեջանի կողմից ներկայացված օրակարգը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և սրանից բխող կարգավիճակը»։ Ընդդիմությունը, որի պատգամավորները ևս միացել էին ցուցարարներին, հայտարարեց, որ պետք է ևս 18 ստորագրություն՝ իմպիչմենտ հայտնելու համար։
10:08 - 15 սեպտեմբերի, 2022
Մեր քաղաքական խնդիրը Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելն է․ Նիկոլ Փաշինյան

Մեր քաղաքական խնդիրը Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելն է․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ հարցուպատասխանին «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ինչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը։ Փաշինյանը, ի պատասխան կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյուքններից։  «Շատ տարօրինակ բան եմ հիմա ասում, հասկանում եմ՝ շատ մանրամասներ չեմ կարող ասել, պետք է արձանագրեմ, որ ինչքան էլ մենք երջանիկ չենք նոյեմբերի 9-ի հայտարարությունից, բայց ակնհայտ է, որ նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը պայքարում դրա դրույթները ի չիք դարձնելու համար։ Առաջինը, որ կա Լեռնային Ղարաբաղ, երկրորդը, որ ԼՂ-ն ունի շփման գիծ, որի պաշտպանությունը և անվտանգությունը երաշխավորում և ՌԴ-ն, և ՌԴ-ն ԼՂ-ի, պաշտպանության գծի, Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորն է, և Լաչինի միջանցքը ստեղծվել է ԼՂ-ի ու ՀՀ-ի միջև կապ ապաովելու համար։ Այս երեք դրությները ունեն անկյունաքարային նշանակություն ունեն։ Եվ Ադրբեջանը պայքարում է դրանց դեմ։ Իր դիրքորոշումներում Ադրբեջանը որոշակիորեն խճճվել է»,- նշեց Փաշինյանը։  Փաշինյանը նշեց, որ թեև գուցե կոպիտ հնչի, բայց մենք դիրքի խնդիր չենք լուծում ընդհանրապես։ «Մեր քաղաքական խնդիրը Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելն է, և ագրեսորը Հայաստանի տարածքից պետք է դուրս գա։ Հայաստանի տարածքը այն տարածքն է, որի վրա ՀՀ-ն հռչակել է անկախություն։ Դա Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքն է։ Եթե այդ գիծը չի ճանաչում Ադրբեջանը, այլ հարց է»,- ասաց Փաշինյանը։  Վարչապետը անդրադարձավ նաև կամավորական ջոկատներին ու նշեց․  «Ակնհայտ է, որ նրանք առյուծի նման կռիվ են տալիս, և ուզում եմ Հայաստանի Հանրապետության ու ժողովրդի անունից երախտագիտության, շնորհակալության և գնահատանքի խոսք ասել, մարդկանց, որոնք, զենքը ձեռքին, պաշտպանում են իրենց հայրենիքի ինքնիշխանությունը, անկածությունը, տարածքային ամբողջականությունը, և փառք ընկած հերոսներին»,- տնդգծեց վարչապետը։  Փաշինյանը նաև պատասխանեց հարցին, թե որոնք են մեր գործնական քայլերը մեր կարմիր գծերը պահելու համար։ Վարչապետը հիշեցրեց զորքերի հայելային հետքաշման առաջարկի մասին։ «Երեկ ՀԱՊԿ խորհրդի նիստի ժամանակ առաջարկություն է հնչել դիտարկելու դեմարկացիայի և դելիմիտացիայի ընթացքում ՀՀ-ի և Արդբեջանի միջև միջազգային մոնիթորինգ ստեղծելու հարցը հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով։ Կարծում եմ՝ սա առաջիկայում պետք է լինի մեր գործնական խնդիրներից մեկը։ Մենք օգտագործելու ենք մեր բոլոր քաղաքական, դիվանագիտական միջոցները ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ագրեսոր Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ տարածքից դուրս բերելու համար։ Ցանկալի է րոպե առաջ դադարեցնել ռազմական գործողությունները, բայց, ցավոք, փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները չեն դադարում, և մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը բոլոր հնարավոր ուղղություններով այս խնդիրը լուծելու համար։   Նաև միջազգային հանրության հետ մեր աշխատանքը սերտացնելով։ Շատ կարևոր է միջազգային ճիշտ պատկերացում ձևավորելը տեղի ունեցողի վերաբերյալ։ Այս առումով երեկվա նիստը բավական արդյունավետ էր»,- նշեց Փաշինյանը։     
17:48 - 14 սեպտեմբերի, 2022
Բանակցային գործընթացում չպետք է թույլ տանք վակուում, ողջունում ենք բոլոր ջանքերը. Միրզոյանը՝ և ԵՄ-ի, և ՌԴ-ի միջնորդության մասին

 |armenpress.am|

Բանակցային գործընթացում չպետք է թույլ տանք վակուում, ողջունում ենք բոլոր ջանքերը. Միրզոյանը՝ և ԵՄ-ի, և ՌԴ-ի միջնորդության մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝  կառուցելու խաղաղություն տարածաշրջանում, կարգավորելու հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ այդ թվում և ԼՂ հակամարտության փոխընդունելի քաղաքական կարգավորում գտնելու ուղղությամբ, և այս առումով  ողջունում է բոլոր հնարավոր ջանքերը: Այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Վահագն Ալեքսանյանի դիտարկմանը, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շուրջ պաշտոնական Երևանը Բաքվի հետ բանակցվում է՝ և ԵՄ-ի, և ՌԴ-ի միջնորդությամբ: Պատգամավորը հետաքրքրվեց՝ հաշվի առնելով Արևմուտք-Ռուսաստան ներկայիս հարաբերությունները՝ որքանո՞վ է արդյունավետ այս գործընթացը: «Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում չի կարող և չպետք է թույլ տա վակուումի գոյությունը կամ առաջացումը: Անշուշտ, մենք ողջունում ենք նաև ԵՄ-ի ջանքերը և մասնակցում ենք այդ ջանքերին, այդ ջանքերն արդեն շոշափելի արդյունքներ են տալիս»,-ասաց Միրզոյանը: ԱԳ նախարարը շեշտեց, որ ՀՀ-ն հռչակել և բազմիցս վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ կառուցել խաղաղություն տարածաշրջանում, կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ այդ թվում և ԼՂ-ի հակամարտության փոխընդունելի քաղաքական կարգավորում գտնելու ուղղությամբ: «Եվ, այս առումով, մենք ողջունում ենք բոլոր հնարավոր ջանքերը»,-նշեց նա: Հայկական կողմը ԼՂ-ի հարցով բանակցությունները տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: «Բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ վակուում, մենք ողջունում ենք բոլոր հնարավոր ջանքերը, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-եզրափակեց ԱԳ նախարարը:
20:17 - 25 մայիսի, 2022
«Ամեն սև բան Օթելլո չէ»․ Փաշինյանը անդրադարձավ ընդդիմության ակցիաներին

«Ամեն սև բան Օթելլո չէ»․ Փաշինյանը անդրադարձավ ընդդիմության ակցիաներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ ընդդիմության ակցիաներին՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին։ «Ես ուզում եմ՝ մենք ժողովրդավարությունը հանկարծ չմեկնաբանենք որպես իշխանության կամ պետության թուլություն։ Այսօր ժողովրդավարությունը Հայաստանի թիվ մեկ միջազգային բրենդն է և մենք այդ բրենդը պահպանելու ենք, բայց դա չի նշանակում, որ չկան գծեր, որոնց դեպքում ժողովրդավարությունը գործում է իր օրինական, իրավական ինստիտուցիոնալ մեխանիզմներով, ամբողջ թափով և խստությամբ»։ Փաշինյանն ասաց՝ ընդդիմադիրներն իրենց ծաղրում էին քայլելու համար․ «Իրենք պտույտներից հետո որոշեցին քայլել, իրենք մեզ ծաղրում էին ուսապարկ կրելու համար, քաղաքի խանութներում ուսապարկ, ցավոք, մնացել է, որովհետև ընդդիմության շարքերը այդքան հոծ չեն, որպեսզի սպառեն քաղաքի բոլոր ուսապարկերը։ Պարզապես գներն են բարձրացել, որովհետև գիտեն, որ նորահայտ կլիենտուրան փողի խնդիր չունի և բիզնեսը, նաև հաշվի առնելով ընդդիմության մտահոգությունը, կրկնապատկել է նույն քանակությամբ ապրանքի վաճառքով շրջանառությունը։ Մեր Քայլոյին էին ծաղրում,հիմա քաղաքում անտուն շների գինն է բարձրացել։ Ասում էին, որ մենք հեղաշրջմամբ ենք եկել, նույն քայլերը կրկնում են։ Հիմա պիտի ասեն, որ կա՛մ ուզում են հեղաշրջում անեն, կա՛մ էլ պիտի խոստովանեն, որ մենք, իհարկե, հեղաշրջում չենք արել, ժողովրդավարական պրոցեսով ենք եկել իշխանության»։ Ըստ վարչապետի՝ ընդդիմադիրներին թվում է, որ նմանակելու շնորհիվ նրանք հաջողության են հասնելու․ «Դրա հետ կապված ուզում եմ պատմություն պատմել։ Ժամանակին Ֆրունզիկ Մկրտչյանը դիմում է Վահրամ Փափազյանին, ասում է՝ վարպետ, ուզում եմ նոր փուլ անցնեմ իմ դերասանական կարիերայի և ուզում եմ ստանձնել Օթելոյի դերը։ Վահրամ Փափազյանը նայում է Ֆրունզիկ Մկրտչյանին, որոշակի պաուզա է վերցնում և ասում՝ տղաս, ամեն սև բան Օթելլո չէ»։
17:39 - 04 մայիսի, 2022
ԼՂ կարգավիճակի հարցը 2016-ին դուրս է եկել համանախագահության ձևաչափով տեղի ունեցող բանակցությունների տիրույթից. Փաշինյան


 |armenpress.am|

ԼՂ կարգավիճակի հարցը 2016-ին դուրս է եկել համանախագահության ձևաչափով տեղի ունեցող բանակցությունների տիրույթից. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ ԼՂ կարգավիճակի հարցն ըստ էության 2016-ի դրությամբ դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տեղի ունեցող բանակցությունների տիրույթից: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցի, թե ի՞նչ է եղել բանակցային գործընթացում 2016-ին: «1998 թվականի իրադարձությունների լեյտմոտիվն ի՞նչ էր, որ  Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում էր, որ հարցը պետք է լուծվի փուլային տարբերակով, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, նաև Արցախի այն ժամանակվա իշխանություններն ասում էին՝ ոչ, չեն ընդունում դա, և հարցը պետք է ընդունվի փաթեթային տարբերակով: Եվ սա դարձավ լեյտմոտիվը»,-ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝  իր սեղանին որպես բանակցային թղթի վերնագիրն է  եղել “О первом этапе и дальнейших шагах Нагорно Карабахского урегулирования” (Ղարաբաղյան կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին):  «Այսինքն՝ այն մարդը, որն ասել է, որ փուլային լուծումը պարտվողականություն է, 2018-ին բանակցային սեղանի վրա թողել է մի թուղթ, որի վերնագիրը վերը նշվածն էր: Այսինքն՝ փուլային լուծման դեմ իշխանափոխություն անող մարդը եկել, նորից հանգել է փուլային լուծման: Բայց այդ փուլային լուծման մեջ այնքան տրոհումներ կան…: Հարց է՝ Ադրբեջանը համաձա՞յն է դրա հետ, թե չէ: Ասում են՝ իրենք Ղարաբաղի հարցը այսպես , այնպես կլուծեին. լուծեիք: Մոռանում են, չստորագրված թղթերում առկա գաղափարները ներկայացնում են որպես հաղթանակ»,-ասաց վարչապետը: Անդրադառնալով համանախագահների դերակատարմանը՝ նա ասաց. «Նրանք վերցնում են գաղափարներ, թե տարբեր կողմերն ինչ գաղափարներ ունեն, փորձում են դրանք հղկել և դնել թղթի մեջ: Բոլոր գաղափարներն էլ կարող ենք ունենալ: Բայց Ղարաբաղի հարցի ամբողջությունը 2018 թվականի դրությամբ այնքան է կտրտված եղել, այն փուլային տարբերակ չէր, հիպերփուլային տարբերակ էր: Այսինքն՝ 1998-ի փուլային տարբերակից եկել, հասել ենք 2016-ի հիպերփուլային տարբերակին»,-ասաց վարչապետը: Անդրադառնալով 2016 թվականի իրադարձությունների կարճ նկարագրությանը՝ նա ասաց.  «Համանախագահները հունվարին ներկայացնում են բանակցային փաթեթ, որ իմաստն այն է, որ ԼՂ-ն միջանկյալ կարգավիճակ չի ունենալու: Հայկական կողմը, բնականաբար, մերժում է: Ներկայացնելուց 2 ամիս հետո տեղի է ունենում Ապրիլյան պատերազմը, որից հետո հուլիսին ներկայացվում է 2-րդ փաթեթը, որտեղ արձանագրվում է, որ էլի Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ չի ունենալու: Օգոստոսին ներկայացվում է երրորդ փաթեթը, որտեղ բանակցային թղթերին ավելանում է նոր կոմպոնենտ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ»:  Փաշինյանը հիշեցրեց 2017-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում հնչեցրած միտքը, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշելու է միջազգային հանրությունը: «Լևոն Տեր-Պետրոսյանը հենց սա ի նկատի ուներ մեծ հավանականությամբ: Այսինքն՝ ԼՂ կարգավիճակի հարցն, ըստ էության, 2016-ի դրությամբ դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տեղի ունեցող բանակցությունների տիրույթից, հարցը դուրս է եկել, այդ հարցն այլևս միջազգային հանրությունը պետք է լուծի: Բայց միջազգային  հանրությունն էլ պետք է լուծի մի քանի անառարկելի սկզբունքների շրջանակում, որ Ղարաբաղում 88-ի դրությամբ եղել են նաև ադրբեջանցիներ, որոնք հեռացել են: Միջազգային հանրության ընկալմամբ՝ հնարավոր չէ այդ հարցը հասցեագրել՝ առանց ԼՂ-ի ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության: Եվ, ըստ էության, բանակցային փաթեթում այդ ամեն ինչը կա»,-ասաց վարչապետը՝ հավելով, որ կա Մադրիդյան սկզբունքներում ևս: Փաշինյանի խոսքով՝ սակայն չի եղել անգամ տարբերակ, որ նույնիսկ անընդունելի է եղել հայկական կողմի համար, ընդունելի լիներ Ադրբեջանի համար: Անդրադառնալով  իշխանությանն ուղղված հարցադրմանը, թե ինչպե՞ս եղավ, որ 2019-ին թակարդն ընկան՝ Փաշինյանն ասաց: «Թակարդն ընկնելն էլ ի՞նչն է, որ մի բանակցային փաթեթ է հայտնվում, որով Հայաստանից ակնկալվում է, որ 7 շրջանը հանձնվի Ադրբեջանին: Սերժ Սարգսյանն ասում է՝ ինչպե՞ս եղավ, որ թակարդի մեջ ընկանք. Մենք թակարդի մեջ չենք եղել, այդ թղթում արձանագրվել է այն, ինչի մասին Սերժ Սարգսյանն անոնս է արել այս ամբիոնից: Դա իր վերջին բանակցությունների արդյունքն է եղել, որովհետև 2019 թվականի դրությամբ մենք բանակցություն սկսած էլ չենք եղել: 2019-ի դրությամբ, երբ այդ փաստաթուղթը մեր սեղանին դրվել է, մենք այդ պահին դեռ բովանդակային բանակցությունների մասին չենք խոսել ընդհանրապես»,-ասաց նա: Անդրադառնալով հարցերին, թե արդյոք կարո՞ղ էին կանխել պատերազմը՝ նա պատասխանեց. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի: Նույն վիճակը, բոլոր հարցերով, բոլոր նրբություններով»: Փաշինյանի խոսքով՝ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ արձանագրված ոչ բոլոր բացթողումներն է կառավարությունն ուսումնասիրել: Նա ընդգծեց` 2018թ-ի իշխանափոխությունից հետո զինված ուժերում իր քաղաքական թիմից որևէ մեկին պաշտոնի չի նշանակել: «Նախարարը եղել է նախկին կառավարության անդամ, նախկինում նախարարի առաջին տեղակալ է եղել, հեղափոխության պահին արտակարգ իրավիճակների նախարար (նկատի ունի՝ Դավիթ Տոնոյանին, հեղ.): Մենք մեր քաղաքական թիմից մի հոգու չենք նշանակել ՊՆ-ում, բանակում, բանակը մի ուրիշ ընտանիք է, ու պետք չէ շատ մտնել այդ ընտանիքի ներքին հարցերը խառնել, բայց, երևի, սխալ ենք արել»,- ասաց նա։ Փաշինյանի խոսքով` 44-օրյա պատերազմից մի քանի օր անց է իմացել, որ բանակում կա սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր: «Բա մենք 100 միլիոնավոր դոլար էինք տալիս, զենք էինք առնում, դժվա՞ր էր սաղավարտ կամ զրահաբաճկոն ձեռք բերել: Ես կարծում եմ, որ մենք պետք է մինչև վերջ գնանք ու պարզենք՝ ինչն ինչոց է»,- ասաց նա: Հնարավոր լայնամասշտաբ զարգացումներին դիմակայելու համար արվող գործողությունները Նիկոլ Փաշինյանը բավարար չի գնահատում: «Մեր բանակն ամենադժվար փուլում է, որովհետև տրանսֆորմացիայի փուլը միշտ ամենադժվարն է: Այս ամենի արդյունքում է, որ որոշում եմ կայացրել, որ պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքական թիմի ներկայացուցիչ ու հիմա հետահայաց ցավում եմ, որ այդ որոշումը շուտ չեմ կայացրել»,-ասաց նա:
14:30 - 13 ապրիլի, 2022
30 տարի Արցախի դրոշի ամրությունն ապահովելու փոխարեն զբաղված են եղել թալանով. Վահագն Ալեքսանյանը ԱԺ ամբիոնից հանեց դրոշը

30 տարի Արցախի դրոշի ամրությունն ապահովելու փոխարեն զբաղված են եղել թալանով. Վահագն Ալեքսանյանը ԱԺ ամբիոնից հանեց դրոշը

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթից հետո, որը նաև ԱԺ ամբիոնին տեղադրել էր Արցախի Հանրապետության դրոշը, ելույթ ունեցավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նա, մոտենալով ամբիոնին, հանեց Սեյրան Օհանյանի տեղադրած Արցախի դրոշը՝ նշելով. «Երբ անփառունակությունը դառնում է ճակատագիր, երբ տխմարաբանությունը դառնում է ամենօրյա հանապազօրյա աշխատանք, պաշտպանության նախկին նախարարները ստիպված են լինում Արցախի դրոշով գալ ու այս դրոշը դնել ԱԺ ամբիոնին: Դնել այն ժամանակ, երբ 30 տարի շարունակ այս դրոշը ճիշտ տեղերում դնելու փոխարեն ու այս դրոշի և Հայաստանի դրոշի ամրությունը ապահովելու փոխարեն զբաղված են եղել մի բանով՝ թալանով: Գան էստեղ, պոպուլիստական ելույթներ ունենան, թե իբր իրենք Արցախ պահող են, Հայաստան պահող են ու մտահոգներ են, բայց իրականում 30 տարում այդ նույն բաները գոչելով հարստացրել են սեփական գրպանները ու սեփական ընտանիքների գրպանները: Անել այնպես, որ մի հասարակ մաքսավոր, ով վերջերս անցնում է մի քրեական գործով, ունենա միլիոնավոր դոլարների ունեցվածք, 20 բնակարան Երևանի կենտրոնում, մի քանի մեքենա միլիոն դոլարն անցնող: Ես վստահ եմ, Արթուր Ղազինյանն այստեղից դուրս է եկել, հպարտ կեցվածքով նստել իր 300 հազար դոլարանոց մեքենան ու գնացել է Արցախը փրկելու, պաշտպանելու: Նույնը երևի Սեյրան Օհանյանն ու մնացածը, էլ չեմ խոսում Սերժ Սարգսյանի մասին: Ես վստահ եմ, որ եթե ՀՀԿ-ն այստեղ տեղադրեն, օրինակ, Բադեն-Բադեն քաղաքի խորհրդանիշը իմ կարծիքով, Սերժ Սարգսյանն ավելի հաճույքով կնայեր այս նիստը: Որովհետև Արցախից եկած նախկին պաշտոնյաները ՀՀ-ում զբաղված են պոպուլիզմով: Զբաղված են սին քարոզով, որը ոչինչ չի տալիս: Երբ մարդկանց հարցնում ես՝ ձեր առաջարկը ո՞րն է, ի՞նչ անի իշխանությունը, ինչ անի մեր պետությունը միակ պատասխանը դրան Հանրայինի եթերում Գեղամ մանուկյանի բաժակ ջարդելն էր»,-ասաց Վահագն Ալեքսանյանը: Նա կոչ արեց քաղաքացիներին չտրվել դատարկ պոպուլիզմին, «որով զբաղված է ընդդիմությունը»: Գլխավոր նկարը՝ ԱԺ-ի
11:32 - 12 ապրիլի, 2022
Երևանի ընտրություններում Տիգրան Ավինյանը կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն. Վահագն Ալեքսանյան
 |azatutyun.am|

Երևանի ընտրություններում Տիգրան Ավինյանը կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն. Վահագն Ալեքսանյան |azatutyun.am|

azatutyun.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից որոշում կա, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա լինելու է քաղաքապետի թեկնածուն։ Այս մասին հայտնեց իշխող կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։ «Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասել է, որ Տիգրան Ավինյանի հետ քննարկումներ են եղել, բայց վերջնական համաձայնություն չկա։ Եթե դա լինի՝ Ավինյանը կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ, ապա կգլխավորի նախընտրական ցուցակը», - այս հարցադրմանն ի պատասխան՝ Ալեքսանյանը նաև ասաց. - «Բայց շատ կարևոր է, որ լինի այն տարանջատումը, որ հիմա, այո՛, մեր քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր ողջ թիմով աջակցում է նրան իր գործում։ Պարոն Ավինյանի մասով էլ կա որոշում, որ նա պետք է շուտով դառնա Երևանի փոխքաղաքապետ, և առաջիկայում դա ևս բոլորս կտեսնենք»։ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվելու են եկող տարի։
17:12 - 31 մարտի, 2022
Փաշինյանը հարցաքննվելու է քննիչ հանձնաժողովում, Արծրուն Հովհաննիսյանն էլ փորձագետ կլինի |hetq.am|

Փաշինյանը հարցաքննվելու է քննիչ հանձնաժողովում, Արծրուն Հովհաննիսյանն էլ փորձագետ կլինի |hetq.am|

hetq.am: Արցախյան երկրորդ պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստին Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվելու է հանձնաժողովում․ դա վերջինիս ցանկությունն է: ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այժմ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ է, հետաքրքրվեցինք`վերջինս քննիչ հանձնաժողովում որպես փորձագետ ներգավվելո՞ւ է, և արդյոք օբյեկտիվ աշխատանք կարող է տանել` հաշվի առնելով պատերազմի ընթացքում զբաղեցրած պաշտոնը: «Արծրուն Հովհաննիսյանը մեր հանձնաժողովի փորձագետ է, աշխատում է շատ ոգևորված և էֆեկտիվ, տնօրինում է շատ մեծ տեղեկատվության: Դուք հիմա այն պատկերի շուրջ եք, որ Արծրուն Հովհաննիսյանի շուրջ փորձեցին ստեղծել… Արծրուն Հովհաննիսյանը որպես ՊՆ՝ էդ ժամանակ ինֆորմացիայի կրող, շատ արժեքավոր է լինելու մեր հանձնաժողովի նիստերի ընթացքում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: Վահագն Ալեքսանյանն էլ հավելեց` Արծրուն Հովհաննիսյանն այն փորձագետն է, որ տարիներ շարունակ պնդել է` պետք է զարգացնել օդուժը, ու նրան լսողներ չեն եղել, շատ դեպքերում գրոտեսկային պատասխաններ են եղել պատկան մարմինների կողմից: «Էնպես որ, նրա ընդհանուր փորձագիտական աշխատանքները զետեղված են իր գրքերում, որոնք խորհուրդ կտամ ուսումնասիրեք ու հասկանաք, որ մարդը շատ լավ տիրապետում է ռազմական արվեստին ու կարող է լինել շատ լավ փորձագետ»,- ասաց Ալեքսանյանը: Նշենք, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը վեց ամիս է: Նիստերը լինելու են դռնփակ:
14:28 - 14 փետրվարի, 2022
ՔՊ-ն ծավալուն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին Սերժ Սարգսյանի հարցազրույցին

ՔՊ-ն ծավալուն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին Սերժ Սարգսյանի հարցազրույցին

 ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ անդրադարձել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցազրույցին։ Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ։ «1. 2022 թվականի հունվարի 31-ի հարցազրույցում Սերժ Սարգսյանը ասում է, որ միայն փաստաթուղթ կարդալով հնարավոր չէ տիրապետել բանակցային բովանդակությանը: Նույն հարցազրույցում ասում է, որ ոչ մի բանավոր պայմանավորվածություն իր պաշտոնավարման ընթացքում չի եղել: Եթե բանավոր պայմանավորվածություններ չեն եղել, ուրեմն միայն փաստաթղթեր կարդալով հնարավոր է տիրապետել ողջ բանակցային բովանդակությանը: Ի դեպ, փաստաթղթեր ասելով պետք է հասկանալ ոչ միայն համանախագահների առաջարկությունները, այլև երկկողմ մակարդակներով տեղի ունեցած նամակագրությունները, արձանագրությունները: Եթե միայն փաստաթղթերով հնարավոր չէ տիրապետել բանակցային գործընթացին, ուրեմն եղել են նաև բանավոր պայմանավորվածություններ: Բանակցային բովանդակության մասին գաղափար կազմելու համար ամենևին էլ երկրորդական չեն հրապարակային արված հայտարարությունները, որոնցից երեքին կանդրադառնամ և որոնք փաստաթղթերի հետ փոխկապակցվածության մեջ ամբողջություն են ձևավորում: Սերժ Սարգսյանն ասում է, որ ԼՂ հարցի կարգավորման 2016-ի առաջարկությունները համանախագահների կողմից ներկայացվել են ապրիլյան պատերազմից հետո: Սա իրականությանը չի համապատասխանում և այս դրվագը ունի սկզբունքային նշանակություն: Այս է պատճառը, որ Սերժ Սարգսյանը չի ընդունում, որ առաջարկություն եղել է նաև ապրիլյան պատերազմից առաջ, մասնավորապես՝ 2016 թվականի հունվարին: Եթե Սարգսյանը ընդուներ այս փաստը, պիտի ընդուներ նաև, որ 2016 թվականի հունվարին համանախագահների ներկայացրած առաջարկը Հայաստանի կողմից մերժելն է եղել ապրիլյան պատերազմի պատճառը: Այս դրվագը, պարզաբանում է նաև ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական գնահատականի հարցը: Վարչապետ Փաշինյանը արդեն նշել է, որ 2016թ. ապրիլից առաջ և հետո ներկայացված երեք առաջարկներում բացակայել է «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը: Բայց փաստաթղթում տեղի է ունեցել նաև շատ էական այլ փոփոխություններ՝ այդ թվում վերնագրային փոփոխություն: Եթե Կազանի փաստաթուղթը վերնագրված էր «Լեռնային Ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքները», 2016 թվականի հունվարին ներկայացված փաստաթուղթը կոչվում էր «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղյան կարգավորման առաջին փուլի մասին», երկրորդ փաստաթուղթը «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղյան կարգավորման մասին», երրորդ փաստաթուղթը «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղյան կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին»: Այս վերնագիրն ինքնին ցույց է տալիս, որ 2016 թվականին ԼՂ հարցի կարգավորումը վերստին թևակոխել է փուլային բանաձևերի տիրույթ, մինչդեռ 2022 թվականի հունվարի 31-ի հարցազրույցում Սերժ Սարգսյանը փորձ է անում ներկայացնել, թե իր կողմից բանակցված թղթերը փաթեթային լուծում են ենթադրել. «Բայց հենց դրա համար եմ ասում, որ խնդրի կարգավորման միակ տարբերակը փաթեթային լուծումն է»,- ասում է նա հարցազրույցում, այսպիսով փորձելով հետահայաց արդարացնել 1998 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափախությունը, երբ Տեր-Պետրոսյանը «փուլային» տարբերակի կողմնակից էր, ինքը և Ռ. Քոչարյանը «փաթեթային»: Իսկ 2016 թվականի իրադարձությունների վերը նշված ժամանակագրությունը կարևոր է հասկանալու համար, թե ինչպես է գործարկվել ռազմական ուժի (սպառնալիքի) կիրառմամբ բանակցային բովանդակություն պարտադրելու մեխանիզմը: Բանակցություններում հայտնվել է կողմ, որը կարող է ասել «ոչ» և սպառնալ հարցը լուծել ռազմական ճանապարհով: Սա երևում է Կազանից-ապրիլյան պատերազմ ընկած ժամանակահատվածի վերլուծությունից: 2011 թվականին Կազանում Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել համաձայնեցված փաստաթուղթը, որից հետո սկսեց ծավալել ռազմական էսկալացիա: 2015 թվականի աննախադեպ ռազմական էսկալացիայից հետո 2016 թվականի հունվարին միջնորդների կողմից ներկայացվում է արդեն վերը նշված հունվարյան առաջարկը: Հայկական կողմը կտրուկ նեգատիվ վերաբերմունք է արտահայտում դրան, որին հաջորդում է ապրիլյան պատերազմը, որից հետո կրկին ներկայացվում են հունվարյան տրամաբանությանը համապատասխանող և հետո ավելի վատ առաջարկներ: Այս նախադեպից հետո Ադրբեջանն արդեն ավելի համակարգային առաջնորդվում է «ընդունեք իմ պահանջները, հակառակ դեպքում հարցը պատերազմով կլուծեմ» քաղաքականությամբ: Սերժ Սարգսյանը ասում է, որ բանակցային գործընթացում միշտ էլ եղել է ըմբռնում, որ հարցի կարգավորումը պետք է անցնի ՄԱԿ-ի ԱԽ-ով: Ճիշտ է ասում: Բայց ի տարբերություն 2016-ի օգոստոսի առաջարկի նախկին բոլոր փաստաթղթերում ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է հաստատեր Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Հռչակագիրը և ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման որոշում պիտի կայացներ: Ուրիշ ոչինչ: 2016 թվականի փաթեթով, արդեն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ կարգավիճակը պիտի որոշեր և ԼՂ ներքին կյանքի կազմակերպման խնդիրներ պիտի լուծեր: Նման բան նախկինում երբեք չի եղել: Իսկ ԼՂ կարգավիճակը որոշելիս ՄԱԿ-ի ԱԽ-ն չէր կարող չհենվել իր իսկ ընդունած բանաձևերի վրա: Իսկ ՄԱԿ-ի ԱԽ-ի նախկինում այս թեմայով ընդունված բանաձևերի դրույթները կանխատեսելի են դարձնում, թե ինչ որոշում պիտի կայացներ: Պիտի արձանագրեր ԼՂ կարգավիճակը Ադրբեջանի կազմում և պիտի արձանագրեր ԼՂ ադրբեջանցիների իրավունքների իրացման՝ վերադարձի և ԼՂ իշխանության մարմիններում ընդգրկվելու մեխանիզմներ: Բանակցային գործընթացում առաջին անգամ ՄԱԿ-ի ԱԽ-ն ԼՂ հարցով նախկինում իր ընդունած բանաձևերն ի կատար ածելու հնարավորություն է ստանում՝ կանխատեսելի ելքով: Նույն հարցազրույցում Սերժ Սարգսյանը պնդում է, թե մինչև ԼՂ-ում իշխանության հարցը չլուծվեր, ադրբեջանցիները Ղարաբաղ չպիտի վերադառնային: Նա փորձում է զարգացնել այն թեզը, թե ադրբեջանցիների Ղարաբաղ վերադառնալը կարող էր տեղի ունենալ միայն ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումից հետո: Հենց այստեղ է հարցը ՄԱԿ-ի ԱԽ տեղափոխելու հետ կապված խնդրի էությունը, որովհետև մինչև ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ըստ էության պետք է լուծեր Լեռնային Ղարաբաղի կենսագործունեության ապահովման իրավական և գործնական հարցերը, որոնք վերաբերում են մասնավորապես ԼՂ-ում իշխանության մարմինների գործունեությանը: Ըստ այդմ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն այլոց շարքում պետք է լուծեր նաև ԼՂ իշխանությունների կառուցվածքի և գործունեության սկզբունքների հարցը, որտեղ անխուսափելիորեն պետք է սահմանվեին նաև ադրբեջանական քվոտաներ՝ ԼՂ օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում: Սերժ Սարգսյանը ասում է՝ մենք հո ֆաշիստ չե՞նք, որ ասենք՝ օրինակ ԼՂ օրենսդիր մարմնում միայն հայեր պետք է լինեն: Իհարկե, ֆաշիստ չենք: Բայց պիտի արձանագրենք, որ այստեղ սկզբունքային է, թե ԼՂ օրենսդիր մարմնի քանի՞ տոկոսը պիտի լիներ ադրբեջանցի, նույնը վերաբերվում է գործադիր, դատական, ՏԻՄ մարմիններին: Եթե ադրբեջանցիները ԼՂ իշխանության բոլոր օղակներում ունեն քվոտաներ, նրանք այդ քվոտաները զբաղեցնելու հնարավորություն պետք է ունենան: Պիտի ունենան նաև ԼՂ-ում բնակվելու իրավունք: Իսկ եթե հաշվի ենք առնում, որ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցով հանրաքվեի ժամկետները առնվազն չէին լինելու մոտակա, այս ամենը նշանակելու էր ԼՂ ժողովրդագրական կազմի փոփոխություն՝ ասենք առաջիկա 50-100 տարվա ընթացքում: Իսկ ինչի՞ վրա է հիմնվում պնդումը, թե ՄԱԿ-ի ԱԽ-ն ԼՂ իշխանություններում ադրբեջանցիների ներգրավման քվոտա էր սահմանելու: Պարզ տրամաբանության. Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելիք փաստաթղթում գրված է, որ մինչև վերջնական կարգավիճակի հաստատումը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի լիարժեք կենսագործունեությունը: Իսկ թե դա ինչպե՞ս պետք է տեղի ունենա, որոշելու է ՄԱԿ-ի ԱԽ-ն համանախագահող երկրների, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, Ադրբեջանի և Հայաստանի հետ խորհրդակցելու արդյունքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ձևավորած առաջարկների հիման վրա: Եթե առաջին փաստաթղթի ձևակերպումով ամեն ինչ ավարտվեր, կարող էինք արձանագրել, որ գործելու է ԼՂ-ում առկա ստատուս քվոն: Բայց եթե այդ նախադասությունը բավարար չէ և խնդրի լուծումը ՄԱԿ-ի ԱԽ-ն է տալու, ուրեմն լինելու է ստատուս քվոյի փոփոխություն: Իսկ այդ փոփոխությունը ադրբեջանցիների լիարժեք ներգրավվածությունն է ԼՂ կյանքին: Ու այստեղ է, որ սկզբունքային կարևորություն է ստանում ԼՂ բնակչության ազգային կազմի հարցը: Սերժ Սարգսյանը ասում է, որ հանրաքվեի մանրամասների հետ կապված և բազմաթիվ այլ հարցեր պետք է լուծվեին Հռչակագրի (բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի) ստորագրումից հետո, Հայաստան-Ադրբեջան միջկառավարական համաձայնագրի բանակցություններին, որին պետք է մասնակցեին ԼՂ ներկայացուցիչներ: Նա չի ասում, որ որպես ԼՂ ներկայացուցիչներ բանակցություններին մասնակցելու էին ոչ միայն ԼՂՀ իշխանությունների, այլև ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ: Այս նպատակով է Ադրբեջանում ստեղծվել «ԼՂ ադրբեջանական համայնք» անունով կազմակերպությունը: Ասում է բանակցային փաթեթներում ադրբեջանցիների ԼՂ վերադառնալու մասին ակնարկ չկա: Եթե ասվում է, որ ԼՂ բնակչություն ասելով պետք է հասկանալ նաև ԼՂ ադրբեջանցիներին, ինչպես կարող է սա «ակնարկ» չպարունակել այն մասին, որ բնակիչը պետք է ապրի բնակավայրում: Կամ ԼՂ ադրբեջանական համայնքը ինչի՞ համար էր գալու բանակցություններին մասնակցելու. իհարկե, Շուշիի և այլ բնակավայրերի հարց բարձրացնելու: Իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը պնդում է նաև, թե ԼՂ բնակչության ազգային համամասնությունների հարցը բանակցային փաստաթղթերից երբեք չի անհետացել: Ճիշտ չի ասում, որովհետև Կազանի փաստաթղթում կա նման հստակ ձևակերպում, իսկ 2016-ի փաստաթղթերում չկա: 2022թ. հունվարի 31-ի հարցազրույցում Սերժ Սարգսյանը ակնարկում է, թե 2016-ի բանակցային թղթերում կա հղում ԵԱՀԿ դեպոզիտարիա հանձնված կազանյան փաստաթղթին ու դա բավարար է այս հարցի համատեքստում: Եթե այդպես է, ինչու՞ է ինքը 2016-ին միջնորդներին նամակ գրել, պնդելով, թե կենսական է ազգային համամասնությունների դրույթը հստակ արձանագրել Հռչակագրի նախագծում: Թող նման հարց չբարձրացներ և բավարարվեր դեպոզիտարիա հանձնված փասթաթղթի վրա հղումով: Սերժ Սարգսյանը պնդում է, թե այսպես կոչված լավրովյան պլան չի եղել և այս անունը կպցրել են այսօրվա իշխանությունները: Այստեղ էլ անկեղծ չէ, որովհետև դեռևս 2016 թվականի օգոստոսին միջնորդներին իր հղած նամակում Սարգսյանը գրել է. «ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից ներկայացված վերջին գաղափարներին»: Նույն տեքստում ավելի ուշ Սարգսյանը օգտագործում է «Լավրովի գաղափարների իրականացումը» բառակապակցությունը: Այսինքն՝ «Լավրովի պլան» արտահայտության համահեղինակ է առնվազն. «Լավրովի գաղափարներ»-«Լավրովի պլան». երկու արտահայտությունների միջև գտեք էական տարբերություններ: Այսինքն՝ «Լավրովի պլան» արտահայտությունը ստեղծել են իր իշխանության օրոք: Սերժ Սարգսյանը անլուրջ է համարում այն պնդումը, թե Հայաստանը և Ադրբեջանը 1991 թվականի՝ «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Մինչդեռ, այդ համաձայնագիրը 1992 թվականի փետրվարի 18-ին վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից և ՀՀ օրենսդրության անբաժանելի մաս է: Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված այդ փաստաթղթում ասվում է. «Պայմանավորվող Բարձր կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և (Անկախ պետությունների) համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը»: Սա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են ԽՍՀՄ փլուզման պահին իրենց միջև գոյություն ունեցած սահմանները: Սերժ Սարգսյանն ասում է, թե 2016-ի առաջարկները հայկական կողմի կարմիր գծերը չեն հատել: Սա այն պարագան է, որ դրվագը կարելի է վերնագրել «Սերժ Սարգսյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի», որովհետև 2016 թվականին միջնորդներին ուղղված մի փաստաթղթերում Սերժ Սարգսյանը այդ առաջարկներին տվել է բացասական գնահատական: Ի դեպ, Սարգսյանը հարցազրույցում այս նրբությունն էլ ճիշտ չի ներկայացնում, ասելով, թե 2016թ. առաջարկներին Հայաստանը ոչ դրական է արձագանքել, ոչ բացասական: Այդ առաջարկները Հայաստանի կողմից գնահատվել են որպես անընդունելի՝ փորձելով բանակցային թղթերում վերականգնել «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը: Եթե հենվենք 2021, 2022 թվականներին Սերժ Սարգսյանի կողմից ծավալվող այն տրամաբանության վրա, թե համանախագահների ասածներին հակադրվելը բերում է վատ հետևանքների, պիտի ուրեմն արձանագրենք, որ «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» նախադասությունը բանակցային փաթեթներում վերականգնելու փորձերն են հանգեցնել նրան, որ 2018 թվականի հունվարի 18-ին, Կրակովում համանախագահները արել են երկու առաջարկ. վերադարձնել «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը և ամրագրել Քելբաջարի շրջանի միջանկյալ հանձնման, այսինքն՝ ԵԱՀԿ մոնիտորինգի տակ թողնելու գաղափարը: Այս առաջարկությունից երեք ամիս անց, 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է. ա) «Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած, այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար»: բ) «Այլևս գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»: Նման արձագանքի պատճառը մեկն է. «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» նախադասությունը վերականգնել չի հաջողվել, Քելբաջարի միջանկյալ հանձնման գաղափար է ի հայտ եկել (որի մոդիֆիկացված տարբերակը գոյություն է ունեցել նաև Մադրիդյան սկզբունքներում), որը այլևս դարձել է բանակցային ժառանգություն: և ի դեպ, 2019 թվականին համանախագահները ոչ մի նոր բանակցային թուղթ չեն ներկայացրել կողմերին, այլ ներկայացրել են 2016-ի օգոստոսի փաստաթղթի մոդիֆիկացիան: 2019-ի թղթում նույնպես արտահայտված չէ «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը, բայց արձանագրված է Քելբաջարի ու Լաչինի միջանկյալ հանձնման դրույթը: Ի դեպ, 2019-ին ներկայացված փաստաթուղթը սկսվում է «Մենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական հանրապետության նախագահներս» արտահայտությամբ: 2019 թվականի դրությամբ Հայաստանի նախագահը վաղուց արդեն բանակցող չէր և համանախագահները չէին կարող նոր փաստաթուղթ կազմելիս մոռանալ այս նրբության մասին: Հին փաստաթղթի վրա արվել են նշումներ, ենթադրաբար՝ հիմք ընդունելով նաև բանավոր խոսակցությունները: Այդ բանավոր խոսակցություններից մեկի մասին կարող ենք պատկերացում կազմել Սերժ Սարգսյանի 2016 թվականի աշնանը «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված մի հարցազրույցից, որտեղ նա ասում է (մեջբերում). «Մենք մի քանի անգամ մոտ էինք ստորագրելու փաստաթուղթը, որտեղ բոլոր այդ սկզբունքները հստակ արտացոլված էին։ Այսինքն` հայկական կողմերը` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք ներկայումս զբաղեցված են որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են, որ դրանք օկուպացված են՝ անվանում են բռնազավթված, ադրբեջանական 7 շրջանները։ Թողնում ենք տարածքները, հեռանում: Այսինքն դա տարածքային ամբողջականության սկզբունք է: Բայց առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։ Այնուհետև գրված էր՝ ով է մասնակցելու, ինչպիսի օրակարգ է և ամենը: Լրագրող – Այսինքն հանրաքվե: Սերժ Սարգսյան - Այո հանրաքվե: Հենց դա եղել է ինքնորոշման սկզբունքի մարմնավորումը, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր առաջադրում»։ (մեջբերման ավարտ) Ի դեպ, Հայաստանի կառավարությունը 2019-ին և երբեք չի համաձայնվել տվյալ փաթեթը ընդունել որպես բանակցությունների հիմք: ՀՀ ներկայացուցիչները 2018-ից հետո քննարկել են Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը հաղթահարելու հնարավորությունները: Տվյալ համատեքստում պետք է նշել, որ «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը և ընդհանրապես «միջանկյալ կարգավիճակ» հասկացությունը 2016 թվականի աշնան դրությամբ կորցրել է իր երբեմնի նշանակությունը, որովհետև այն թե ինչ է դա նշանակում պիտի այլևս որոշեր ՄԱԿ-ի ԱԽ-ն: Կարգավիճակի հարցը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից ՄԱԿ տեղափոխելը Ադրբեջանի վաղեմի ցանկությունն էր: Բանակցային իր ժառանգության մասին խոսելիս Սերժ Սարգսյանը պատմում է՝ հարցը այսպես պետք է կարգավորվեր, այնպես պետք է կարգավորվեր: Է շատ լավ, թող կարգավորվեր: Ինչու՞ «կառուցողական բանակցող» Սերժ Սարգսյանը 10 տարվա մեջ հարցի կարգավորման չի հասել: Եթե 2016-ի թղթերը ընդունելի էին, ինչու՞ չի ստորագրել: Նա ասում է, որ 2018 թվականին ԱԺ ամբիոնից իր հնչեցված մտքերը, որ մեջբերված են սույն տեքստի 8-րդ կետում, կոնտեքստից կտրված են: 2018 թվականի ապրիլի 17-ի հայտարարությունները ազատ շրջանառվում են համացանցում, ամբողջական հարցուպատասխանները առկա են. որևէ բան կոնտեքստից կտրված չէ: Կոնտեքստից կտրված չէ նաև 2016 թվականի աշնան հարցազրույցը, որը կրկին մեջբերված է 8-րդ կետում: Ուզում են տպավորություն ստեղծել, թե Սերժ Սարգսյանը պատրաստվում էր կարգավորման փաստաթուղթ ստորագրել 2018 թվականին վարչապետ դառնալուց հետո: 2017 թվականի հուլիսի 16-ին էլ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասում է. «Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման մադրիդյան տարբերակից, և դա հասկանալի դառավ բոլորին։ (…) Ադրբեջանի դիրքորոշումն էլ է պարզ․ նա ասում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է, այսինքն՝ ԼՂ-ն Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է և այդպիսին պետք է շարունակի մնալ»։ Այսինքն՝ սա՞ էր պատրաստվում ստորագրել 2018 թվականին ՀՀ վարչապետ դառնալուց հետո, թե պատրաստվում էր բավարարել Ադրբեջանի անընդունելի ակնկալինքերը: 2022 թվականի հունվարի 31-ի հարցազրույցում Սերժ Սարգսյանը զարմանում է. իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի կարծիքները կարգավորման հարցում կամ Մադրիդյան սկզբունքների մեկնաբանության հարցում պետք է համընկնեին: Կներեք, բայց տրամաբանությունն է ասում, որովհետև բանակցությունների նպատակը, եթե ուզում ես հարցը կարգավորել, մի այնպիսի թուղթ ստանալն է, որի տակ երկու կողմերը կհամաձայնվեն ստորագրել: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ԼՂ հարցի կարգավորման մի փաստաթուղթ էր պատրաստվում ստորագրել, Իլհամ Ալիևը ուրի՞շ: Մինչև իր հրաժարականի օրը՝ 2018 թվականի ապրիլի 23-ը, Սերժ Սարգսյանը ոչ մի ազդակ չի տվել, թե ինքը պատրաստվում է ԼՂ հարցի կարգավորման թուղթ ստորագրել: Նրա բոլոր ազդակները եղել են բանակցությունների փակուղային վիճակի մասին: Տես վերը բերված երեք հրապարակային հայտարարությունները: Բանակցային գործընթացում 1992-2018թթ. ի հայտ եկած անբարենպաստ փաստերի մասին խոսակցությունը Սերժ Սարգսյանը համարում է պրոադրբեջանական խոսակցություն: Իսկ գործող իշխանության մեղքը ո՞րն է, որ այդ իրողությունները կան: Թե՞ կոնկրետ իրողությունները չնկատելն է ճիշտ մոտեցումը: Հենց իրողությունները չնկատելու քաղաքականությունն է, որ դիսոնանս է ստեղծել հանրային ընկալումների, բանակցային գործընթացի և 30-ամյա զրկանքների միջև: Այդ հանգամանքների հետ առերեսումը չի նշանակում հրաժարում Արցախի իրավունքներից, այդ հանգամանքների հետ առերեսումը նշանակում է խնդրի ճիշտ ախտորոշում և հետևաբար արդյունավետ դեղատոմսերի փնտրտուք: Մի հարցում Սերժ Սարգսյանի ասածի հետ, իհարկե, համաձայն ենք: ԼՂ հարցի խաղաղ կարգավորման գործընթացը լիարժեք վերականգնելու հնարավորություններ կան, և քաղաքական մեծամասնության քաղաքականությունը հենց սա է: Այս համատեքստում քաղաքական մեծամասնություն չի մերժել, չի մերժում և չի մերժելու որևէ առաջարկի, գաղափարի, պլանի քննարկում»:  
12:06 - 06 փետրվարի, 2022
Վահագն Ալեքսանյանից պահանջում ենք  ներողություն խնդրել լրագրողական համայնքից անպարկեշտ և վիրավորական արտահայտության համար․ լրագրողական կազմակերպություններ

Վահագն Ալեքսանյանից պահանջում ենք ներողություն խնդրել լրագրողական համայնքից անպարկեշտ և վիրավորական արտահայտության համար․ լրագրողական կազմակերպություններ

Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել ԶԼՄ-ների հասցեին պատգամավոր Վահագն Ալեքսանյանի որակումների վերաբերյալ: Հայտարարության տեքստում ասված է․ «2022թ․ հունվարի 20-ին, Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով քաղաքական ուժերի կամ գործիչների հետ ասոցացվող հեռուստաընկերությունների և առցանց հարթակների լրագրողների գործունեությանը, վերջիններիս անվանել է «վերբալ մարմնավաճառներ»։ Փաստորեն, մեղադրելով նրանց վիրավորանքներ ու ատելություն տարածելու մեջ, պատգամավորն ինքն է այդպիսի խոսքեր կիրառել, ընդ որում՝ մի քանի անգամ կրկնել է դրանք իր ելույթում ու վերահաստատել նաև հունվարի 21-ի նիստում։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք իշխող ուժի ներկայացուցչի այս վարքագիծն ու բառամթերքը, որոնք ոչ միայն հարիր չեն պատգամավորի կարգավիճակին և դրան վերաբերող էթիկական նորմերին, այլև անվստահություն են առաջացնում մի քաղաքական գործչի նկատմամբ, որը կոչված է զբաղվել օրենքներ ստեղծելով, այդ թվում՝ ուղղված վիրավորանքին ու ատելությանը հակազդելուն ու դրանց տարածման համար պատասխանատվություն սահմանելուն։ Խիստ քննադատորեն վերաբերվելով հայաստանյան հեռուստաեթերի այսօրվա վիճակին՝ փաստում ենք, որ իշխանությունը երեք տարիների ընթացքում այդպես էլ չիրականացրեց այն «մաքրելու» իր մտադրությունը։ Ոլորտի բարեփոխումների համար չօգտագործվեցին ոչ օրենսդրական փոփոխությունները, ոչ էլ իրավակիրառ պրակտիկան։ Փոխարենը իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ առիթը բաց չեն թողնում հոխորտալու, վիրավորանքներ շռայլելու մասնավոր հեռուստաընկերությունների հասցեին։ Թեև վերջիններս իսկապես մեծամասամբ տարբեր քաղաքական շահեր են սպասարկում, այդուհանդերձ, դա չի նշանակում, որ դաշտը կարգավորելու փոխարեն՝ իշխանավորները պետք է վիրավորական խոսքեր ուղղեն հեռարձակվող ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։   Արձանագրում ենք, որ առայժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որևէ անդամ հանդես չի եկել քննադատությամբ կամ գոնե անհամաձայնություն ու ափսոսանք չի հայտնել իր կուսակցի անպատասխանատու արտահայտության համար։ Եվ սա ևս մեկ տագնապալի նախադեպ է, որը կարող է խորացնել հասարակության մեջ առկա պառակտվածությունը, անհանդուրժողականությունն ու հայհոյախոսությունը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․ -  Ազգային ժողովից՝ անհապաղ քայլեր ձեռնարկել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու, պատգամավոր Վահագն Ալեքսանյանի վարքագիծը քննարկման առարկա դարձնելու և համապատասխան որոշում կայացնելու համար, -  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ հրապարակայնորեն դիրքորոշում արտահայտել և գնահատական տալ Վահագն Ալեքսանյանի՝ լրագրողներին ուղղված վիրավորանքի վերաբերյալ։ Գնահատականի բացակայությունը դիտարկվելու է որպես տվյալ քաղաքական ուժի լուռ համաձայնություն և նման հռետորաբանության խրախուսում, -  Վահագն Ալեքսանյանից՝ ներողություն խնդրել լրագրողական համայնքից անպարկեշտ և վիրավորական արտահայտության համար և երաշխավորել, որ դա ապագայում չի կրկնվի։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ«ՖԵՄԻԴԱ» ՀԿ» 
16:52 - 22 հունվարի, 2022
Ռոբերտ Քոչարյանի՝ Էրդողանին ուղղված նամակը 2005 թ․-ին հրապարակվել է մի շարք լրատվամիջոցներում․ Վահագն Ալեքսանյանը սխալվում է

Ռոբերտ Քոչարյանի՝ Էրդողանին ուղղված նամակը 2005 թ․-ին հրապարակվել է մի շարք լրատվամիջոցներում․ Վահագն Ալեքսանյանը սխալվում է

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հունվարի 17-ի նիստում ԱԺ ամբիոնից ընթերցեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2005 թվականի ապրիլի 25-ին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված պատասխան նամակից մի հատված․ «Հարգելի՛ վարչապետ, ես ստացել եմ ձեր նամակը․ որպես երկու հարևաններ՝ մենք պետք է աշխատենք ճանապարհներ գտնել միասին ներդաշնակ ապրելու։ Ահա թե ինչու առաջին օրվանից ձեզ պարզեցինք մեր ձեռքը՝ հաստատելու հարաբերություններ, բացելու սահմանը և երկխոսություն սկսելու երկու երկրների և ժողովուրդների միջև»։ Այնուհետև Վահագն Ալեքսանյանը հորդորեց գտնել այս նամակի մասին մինչև 2011 թվականի օգոստոսը հրապարակված գոնե մի հոդված՝ տպավորություն ստեղծելով, որ այն գաղտնի է պահվել․ «Սա, տիկնայք և պարոնայք, հատված է Ռոբերտ Քոչարյանի 2005 թվականի ապրիլի 25-ին Թուրքիայի Հանրապետության վարչապետ Էրդողանին գրված նամակից։ Խնդրում եմ՝ անցեք արխիվներով, բոլոր լրատվականների արխիվներով, փորձեք գտնել գոնե մի հոդված կամ հրապարակում այդ մասին մինչև 2011 թվականի օգոստոսը, երբ Ժուլիան Ասանժի «Wikileaks»  կայքը հրապարակեց սա։ Ի՞նչ գիտեր այս մասին հայ հանրությունը, ու կամ ի՞նչ էր անում այդ ժամանակ նորից խորհրդարանական խմբակցություն Դաշնակցությունը»։ Մենք փորձեցինք պարզել՝ արդյո՞ք այս նամակի մասին հանրությունն առաջին անգամ իմացել է 2011 թվականին։  «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը 2011 թ․-ին՝  «Wikileaks»-ի հրապարակումից հետո գրել էր, որ դեռևս 2005 թվականին «Մեդիամաքս»-ը հրապարակել է Քոչարյանի նամակը, որը բացառիկության կարգով գործակալությանն է տրամադրել ՀՀ նախագահի աշխատակազմը։ Ռոբերտ Քոչարյանի նամակը 2005 թվականի ապրիլին հրապարակել է նաև «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը, «Panarmenian.net» կայքը, իսկ «Առավոտ» օրաթերթի էլեկտրոնային կայքում հոդված է հրապարակվել, որում Ռոբերտ Քոչարյանի նամակի վերաբերյալ մեկնաբանություններ են տալիս խորհրդարանի պատգամավորները։  2021 թվականին «Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնը» հրապարակում է արել, որում ներկայացվում է Քոչարյանի պատասխան նամակը Էրդողանին. այն, ըստ «Անի» կենտրոնի, հրապարակվել է «Ազգ» օրաթերում 2005 թվականի ապրիլի 27-ին։ «Ալիք» օրաթերթը նույնպես իր 2005 թվականի ապրիլի 28-ի համարում հրապարակել է Քոչարյանի նամակը։ Այդ մասին տեղեկանում ենք Ազգային գրադարանի արխիվից։  «Ալիք» օրաթերթի 2005 թ․-ի ապրիլի 28-ի համարը  Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը սխալվում է, քանի որ Ռոբերտ Քոչարյանի՝ Էրդողանին ուղղված նամակը հենց 2005 թվականին հրապարակվել է մի շարք լրատվամիջոցներում և հանրությունը հնարավորություն ուներ տեղեկանալու նշյալ նամակի մասին։ Նանե Ավետիսյան
15:21 - 20 հունվարի, 2022
Էն ամենը, ինչում ընդդիմադիրները մեղադրում են մեզ, արել են իրենք․ գաղտնի բանակցությունները, ազգակործան պոպուլիզմը նրանց բացարձակ մենաշնորհն են․ Վահագն Ալեքսանյան

Էն ամենը, ինչում ընդդիմադիրները մեղադրում են մեզ, արել են իրենք․ գաղտնի բանակցությունները, ազգակործան պոպուլիզմը նրանց բացարձակ մենաշնորհն են․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթում նկատեց՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի առաջարկին՝ ընդդիմադիր երկու խմբակցություններն արձանագրեն իրենց դիրքորոշումը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասով, թե՛ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, թե «Հայաստան» խմբակցությունը հայտնեցին, որ կողմ են հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նածապայմանների։  «Արդեն մի քանի շաբաթ է՝ հայկական մամուլում, ընդդիմադիր գործիչների շուրթերից Ռուբեն Ռուբինյանը պարբերաբար պիտակավորվում է, իսկ Թուրքիայի ներկայացուցիչ Քըլըչը՝ բարձրացվում, մինչեւ անգամ դիֆերամբներ են ձոնվում նրա հասցեին։ Երեկվանից, երբ ընդդիմադիրներին վերջապես հաջողվեց Ռուբեն Ռուբինյանին հանել հունից, արդեն իսկ դա է փորձում որպես խաղաքարտ ներկայացվել եւ դիտարկել այն պրիզմայով, որ բռնկուն մարդը չի կարող լինել ներկայացուցիչ, էն պարագայում, երբ Քըլըչը՝ լինելով դեսպան, մի առիթով անգամ ձեռնամարտի մեջ էր մտել։ Բայց սա երբեք չեք կարդա մեր ընդդիմադիր գործիչների, նրանց պատկանող լրատվամիջոցների էջերում, որովհետեւ նրանք սնվում են մի բանով ու փորձում են սնել ձեզ, եւ դա պոպուլիզմն է»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։ Նրա կարծիքով՝ պոպուլիզմը տարիներ շարունակ ՀՅ դաշնակցույթանը թույլ է տվել խոսել թուրքատյացության եւ Թուրքիայի դրոշ վառելու եւ մնացյալի մասին․ «Սա այն պարագայում, երբ 2014-ի հունվարի 20—ին միայն ՀՀ քաղաքացիները Մեդիամաքսի էջերից տեղեկացան, որ 2007-ից ՀՀ-ն ու Թուրքիային գաղտնի բանակցությունների մեջ են, (խոսքը Մեդիամաքսի՝ «Մայքլ Ամբյուլ` հայ-թուրքական գործընթացի շվեյցարացի «կապավորը»» վերտառությամբ նյութի մասին է, - խմբ)ու սրա մասին 2007-ին ոչ մի չկարդացվող էլեկտրոնային լրատվականի էջերում հայտարարություն չկա։ Այդ բանակցությունները, որպես երրորդ կողմ, վարել է Մայլ Ամբյուլը՝ Շվեյցարիայի արտգործպետքարտուղարը։ Էն ամենը, ինչում ընդդիմադիրները մեղադրում են մեզ, արել են իրենք, գաղտնի բանակցությունները, գաղտնի պայմանմավորավծությունները, ազգակործան պոպուլիզմը նրանց բացարձակ մենաշնորհն են»,- ասաց Ալեքսանյանը։
18:29 - 18 հունվարի, 2022