ԿԱՐԴԱԼԻՔ

Ադրբեջանցիների կողմից սահմանահատման դեպքի առթիվ քրեական գործ հարուցվե՞լ է․ ՊՆ-ն եւ դատախազությունը չեն կողմնորոշվում՝ ով է իրավասու պատասխանել

Ադրբեջանցիների կողմից սահմանահատման դեպքի առթիվ քրեական գործ հարուցվե՞լ է․ ՊՆ-ն եւ դատախազությունը չեն կողմնորոշվում՝ ով է իրավասու պատասխանել

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Պաշտպանության նախարարությունը չեն կողմնորոշվում, թե իրենցից ով է իրավասու պատասխանել լրատվամիջոցից ստացված հարցմանը, ինչի արդյունքում խախտվում են տեղեկության տրամադրման օրենքով սահմանված ժամկետները։ Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերի 18-ին տելեգրամյան «Mika Badalyan» ալիքում, ապա նաեւ ֆեյսբուքյան «Ազատագրում» էջում հրապարակվեց տեղեկություն՝ Ջերմուկի հատվածում երկու ադրբեջանցիների գերեվարման մասին։ Ավելի ուշ նույն «Ազատագրում» էջը հայտնեց, որ ադրբեջանցիները տեղափոխվել են Երեւան՝ կից հրապարակելով լուսանկար։  Հաշվի առնելով սա՝ Infocom-ը դեկտեմբերի 20-ին գրավոր հարցմամբ դիմեց Գլխավոր դատախազությանը՝ հետաքրքրվելով՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է արդյոք այդ տեղեկությունը։ Իրականությանը համապատասխանելու դեպքում խնդրել էինք հայտնել՝ դեպքի առթիվ հարուցվե՞լ է արդյոք քրեական գործ, եթե այո, ապա Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի հատկանիշներով, եւ նախաքննական ո՞ր մարմինն է այն քննում։ Խնդրել էինք հայտնել նաեւ, թե ինչ կարգավիճակ ունեն հիշյալ անձինք, ինչ խափանման միջոց է ընտրված նրանց նկատմամբ, եւ որտեղ են պահվում նրանք։ Հնարավորության դեպքում խնդրել էինք հայտնել նաեւ գերեվարման հանգամանքները, ինչպես նաեւ՝ թե քանիսն են նրանք, եւ միայն զինվորական, թե նաեւ քաղաքացիական անձինք են։ Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն՝ նշելով․ «Ս.թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին»։ Նկատենք, որ ՊՆ հաղորդադրության մեջ առկա ձեւակերպումները պատահական ձեւակերպումներ չեն․ սահմանը խախտելը, մասնավորապես, պետական սահմանն ապօրինի հատելը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ անձը ձերբակալվում է կամ հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի կայացրած որոշման հիման վրա, կամ որեւէ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա։ Հարցումն ուղարկելու հաջորդ օրը՝ դեկտեմբերի 21-ին, Դատախազությունից տեղեկացրին, որ ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ, Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ա․ Չախոյանի որոշմամբ մեր հարցումը վերահասցեագրվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ա․ Զաքարյանին՝ կից գրությամբ․ «Հարգելի՛ պարոն Զաքարյան, Ձեր քննարկմանն եմ ուղարկում «Ինֆորմացիոն կոմիտե» ՀԿ-ի լրագրող Միլենա Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հարցումը՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից երկու ադրբեջանցիների գերեվարման մասին։ Քննարկման արդյունքների մասին օրենքով սահմանված ժամկետներում հայտնել լրագրող Մ․ Խաչիկյանին»։ Դեկտեմբերի 29-ին ՊՆ ռազմական ոստիկանության պետ Ա․ Զաքարյանը պատասխանեց Դատախազությանը՝ նշելով, որ հարցումը դուրս է ՊՆ ռազմական ոստիկանության լիազորություններից։ Պատասխանում, մասնավորապես, գրված է․ «Հարգելի՛ պարոն Չախոյան, հայտնում եմ, որ համաձայն ՀՀ «Ռազմական ոստիկանության» մասին օրենքի 4-րդ հոդվածի՝ Ռազմական ոստիկանությունը, օրենքին համապատասխան, ապահովում է հետաքննության իրականացումը զինված ուժերում՝ զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին։ ՌՈ-ն ապահովում է նաեւ զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը եւ խափանումը, ինչպես նաեւ Լիազոր մարմնին ամրացված պետական գույքի պահպանությունը։ «Ինֆորմացիոն կոմիտե» ՀԿ-ի լրագրող Մ․ Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից երկու ադրբեջանցիների գերեվարման մասին հարցումը դուրս է ՀՀ ՊՆ ՌՈ լիազորություններից, այդ իսկ պատճառով ՀՀ ՊՆ ՌՈ-ն չի տիրապետում նման տեղեկատվության»։ 2022 թվականի հունվարի 5-ին Գլխավոր դատախազությունը դարձյալ պատասխան նամակ ուղարկեց ՊՆ-ին՝ պատճենը տրամադրելով նաեւ մեզ։ Այս անգամ պատասխանը գրված էր Գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գ․ Բաղդասարյանի կողմից եւ հասցեագրված էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա․ Սարգսյանին։ Ներկայացնելով հարցման նախապատմությունը եւ ՊՆ ռազմական ոստիկանության պատասխանը՝ Գ․ Բաղդասարյանը գրել էր․ «Հարգելի՛ պարոն Սարգսյան, «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ռազմական ոստիկանությունը, օրենքին համապատասխան, ապահովում է հետաքննության իրականացումը զինված ուժերում՝ զինված հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին։ Հետեւաբար, ակնհայտ է, որ ՀՀ ՊՆ զորամասերի պահպանության տեղամասերը, որոնցում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները իրականացնում են մարտական հերթապահություն, գտնվում են ՀՀ ՊՆ իրավազորության ներքո, իսկ այդ հատվածներում կատարված առերեւույթ հանցագործությունների դեպքերով մինչդատական  քրեական վարույթի նախնական փուլը պետք է իրականացվի հետաքննության մարմին հանդիսացող զորամասերի հրամանատարների կամ ռազմական ոստիկանության կողմից։ Ավելին, դեռեւս 2021 թ դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում` mil.am-ում, հաղորդագրություն է հրապարակվել առ այն, որ դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։ Ուստի, Ձեր քննարկմանն եմ ուղարկում «Ինֆորմացիոն կոմիտե» ՀԿ-ի լրագրող Միլենա Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հարցումը՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից երկու ադրբեջանցիների գերեվարման մասին։ Խնդրում եմ քննարկման արդյունքների մասին օրենքով սահմանված ժամկետներում հայտնել լրագրող Մ․ Խաչիկյանին»։ Դատախազության այս նամակը ստանալուց հետո բազմաթիվ անգամներ զանգահարեցինք ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից խոստացան ճշտել, թե ինչ փուլում է հարցումը, եւ զանգահարել։ Քանի որ պատասխան զանգեր այդպես էլ չստացանք, տարբեր օրերի նորից զանգահարեցինք թե՛ հիշյալ վարչություն, թե՛ վարչության պետ Գեւորգ Ալթունյանին, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է 5-օրյա ժամկետում,  բացառությամբ այն դեպքերի, երբ լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա։ Այդ դեպքերում տեղեկությունը դիմողին տրվում է հարցումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է նրան՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Թեեւ  մենք լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության մասին չէինք տեղեկացվել, բայց որոշեցինք սպասել 30 օր՝ ժամկետի հաշվարկը սկսելով հարցումը ՊՆ նախարարի տեղակալ Ա․ Սարգսյանին վերահասցեագրելու օրվանից, այսինքն՝ այս տարվա հունվարի 5-ից։ Սակայն այդ ժամանակը եւս լրացավ, իսկ պետական մարմինների կողմից նշված դեպքի վերաբերյալ որեւէ տեղեկություն մեզ այդպես էլ չտրամադրվեց։ Միլենա Խաչիկյան
18:54 - 07 փետրվարի, 2022
Խնածախ․ ամեն տուն ու շենք՝ ադրբեջանցիների դիտարկման տակ

Խնածախ․ ամեն տուն ու շենք՝ ադրբեջանցիների դիտարկման տակ

Չորս կողմերի բլուրների արանքում փռված է Տեղ համայնքի Խնածախ գյուղը՝ Սյունիքի ամենահյուրընկալ անկյուններից մեկը։ Այդ բլուրների գլխին, սակայն, միայն ամպերը չեն նստում․ պատերազմից հետո Խնածախը դարձել է սահմանամերձ, ադրբեջանցիներն էլ իրենց դիրքերն առաջ են բերել՝ հասնելով գյուղի ափերին, տեղակայվելով տներից 100-200մ հեռավորության վրա։ Խնածախը Թեպետ փետրվարն է, թվում է՝ շատ ցուրտ պիտի լինի, բայց գյուղ մտնելուն պես ջերմություն ես զգում, հատկապես երբ անցող-դարձողն օտար դեմք տեսնելիս բարեւ են տալիս, որպիսություն հարցնում, գյուղի մեծերը՝ հետեւում ճանապարհիդ ու ուղղությունդ տեսնելիս մտահոգվում՝ ոտքով չե՞ս հոգնի, «մաշին-պյան կա, կտանի»։ Առանց իմանալու՝ ուր եմ քայլում ու դեռ ինչքան պիտի՝ գնում եմ Խնածախի Սբ․ Հռիփսիմե եկեղեցու ուղղությամբ, որ կառուցվել է 1600-ականներին։ Գյուղի կենտրոնում է եկեղեցին։ Տեղանքը մեծ թեքություն ունի, այդ պատճառով կառույցի մի կողմը հողով է ծածկվել։  Սբ․ Հռիփսիմե եկեղեցին Խորհրդային տարիներին եկեղեցին որպես պահեստ է օգտագործվել։ Չորսհարյուրամյա այս եկեղեցին տարիքը չի թաքցնում, տանիքին խոտ է աճել, չորացել, ներսից անշուք է ու անխնամ, բայց շատ լուցկիներով, որ երեւի շատ մոմեր վառվեն ու շատ աղոթքներ ուղարկվեն երկինք, որը գյուղի ճամփով վեր բարձրանալիս ավելի մոտիկ է դառնում։ Եկեղեցու մոտով նեղ ճանապարհը տանում է գյուղի վերջին տների ուղղությամբ։ Լուսանկարելու ժամին երեխաներին արդեն մանկապարտեզից ու դպրոցից տուն են տարել, անասուններով էլ զբաղվելու ժամը չէ դեռ, ուստի բակերում շարժը քիչ է։  Դեպի ամենավերի տները բարձրանալիս լսվում է մի տատի ձայն, որ ասում է՝ ե՜կ-ե՜կ, էդ ի՞նչ ես նկարում։ Ձեռքերը գոգնոցի տակ դրած՝ տատն անծանոթ հյուրին է սպասում։ Ասում է՝ այ այդպես, նկարի, ցույց տուր աշխարհին, թող տեսնեն՝ էս կողմերն ինչ կա։ Հարց ու փորձ է անում, տուն հրավիրում։  Արփիկ Լալայանը Արփիկ տատն է՝ Տեղ համայնքի ավագանու նախկին անդամ Արգամ Լալայանի մայրը։ Դուռը բաց է անում, որդուն ասում՝ հյուր եմ բերել։  Արգամ Լալայանը Լալայանների ընտանիքը գյուղում 3 հա հողատարածք է ունեցել։ Պատերազմից հետո մեկ հեկտարը մնացել է չեզոք գոտում։ Հիմա այդ հողակտորն այլեւս չեն կարող օգտագործել։  «Պետությունն էդ հարցով չի աջակցում։ Մենակ ես չեմ, իմ նման շատ ընտանիքներ կան»,- ասում է Արգամ Լալայանը՝ մտահոգ հայացքն անորոշ կետի հառելով։ Այս գյուղում, ինչպես Արավուսում, մարդիկ ակտիվ անասնապահությամբ են զբաղվել, բայց մեկ տարի առաջ ստիպված վաճառել են՝ դարձյալ արոտավայրերը կորցնելու պատճառով։ Լալայանն ու այլ գյուղացիներ դիմել են իրավասու մարմիններին, որպեսզի իրենց կորցրած հողերի համար փոխհատուցում տրվի՝ հողատարածքի ձեւով։ Լալայանն ասում է, որ ադրբեջանցիների դիրքերն այնքան մոտ են հայկական կողմի դիրքերին ու գյուղին, որ ամեն պահի սադրում են, քարեր են նետում, անվայելուչ արտահայտություններ անում․ «Մարդիկ հոգեբանորեն ընկճված են, որովհետեւ քանի անգամ եղել է՝ գյուղացիները տներից մի քիչ վերեւ ձին կապում են, թուրքը իջնում, պարանը հանում, տանում է։ Անասունը պատահական անցնում է [սահմանը], վերցնում տանում են։ Հենա, քեռուս տղու անասունն անցավ, ռուսների միջամտությամբ յոթ հատը հետ տվեցին, մի հատը պահեցին։ Շատ են եղել նման դեպքեր»,- պատմում է զրուցակիցս։  Ի դեպ, այդ դեպքի մասին նաեւ Տեղ համայնքի ֆեյսբուքյան էջն էր հաղորդագրություն տարածել, սակայն նշել էր, թե սահմանն անցել են յոթ կովեր, յոթն էլ վերադարձվել են։  Լալայանների տան պատշգամբից երեւում են բլուրները, որոնց տարբեր հատվածներում մեր ու հակառակորդի դիրքերն են։ Գյուղում ցանկացած տուն դիտարկվում է, ցանկացած շենք՝ դպրոցից սկսած՝ ինչպես փաստում են բնակիչներն ու ինքը՝ Խնածախի վարչական ղեկավարը՝ Սեյրան Միրզոյանը, որի տունն էլ ադրբեջանցիների դիրքին շատ մոտ է։ Խնածախի գյուղապետարանի պատին փակցված է գյուղի արոտավայրերի քարտեզը, որի վրա մատիտով նշում է արված՝ «հանել ցուցակը»․ այն արոտավայրերն են, որոնք Խնածախը կորցրել է։ Գյուղի վարչական ղեկավարը նշում է, որ ադրբեջանական հսկողության տակ է անցել մոտ 22 հա հողատարածք։ Միրզոյանն ասում է, որ կան բնակիչներ, որոնք վաճառել են իրենց խոշոր եղջերավոր անասուններին, բայց պահողներ դեռ կան։ Սեյրան Միրզոյանը Այն մարդիկ, որոնք արոտավայր կամ արտ են կորցրել, դիմել են գյուղապետին՝ փոխհատուցման համար։ Միրզոյանը նշում է, որ կան վարձակալական հողեր, որոնք կարող են տրամադրել գյուղացիներին, որ մշակեն։ Ասում է՝ սկզբի համար կփորձեն հարցերն իրենց միջոցներով լուծել, մինչեւ «տեսնենք՝ ինչ է լինում»։ Գյուղում գազի խողովակներ կան, որոնք նոր են։ Բայց բոլոր տները չէ, որ գազաֆիկացված են․ գիծն իրենց միջոցներով պետք է տուն տանեն, բայց այդ միջոցները սուղ են, այդ պատճառով շատերը փայտի վառարանով են տաքանում։ Գյուղապետն ասում է՝ այս ձմռան համար Կարմիր խաչի կազմակերպությունը 280 հազարական դրամներ է հատկացրել ընտանիքներին՝ վառելաֆայտի ու անասնակերի համար։ Գյուղի բնակիչ Արփիկ տատն էլ մտահոգվում է՝ այս ձմեռը կհանեն, բա հետո՞։  Որոշ հարկերից սահմանամերձ գյուղի բնակիչներին ազատված են․ հողի համար գումար չեն տալիս, բայց հարցն այն է, որ հող էլ շատ չկա։ Գյուղապետարանին մոտ զրուցարանում երկու տղամարդ նստած խոսում են, լսում եմ․ «Պետությունը ոչ թողում ա ապրես, հարստանաս, ոչ թողում ա՝ մեռնես, բայց պետք ա մնաս, ստեղ գոյատեւես։ Բայց ո՞ւր գնաս»։ Հայարփի Բաղդասարյան
15:55 - 07 փետրվարի, 2022
Արավուս․ առանց արտ ու արոտ, առանց աշխատանք ու անվտանգություն

Արավուս․ առանց արտ ու արոտ, առանց աշխատանք ու անվտանգություն

Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ թեւին ընկած է Տեղ համայնքի Արավուս գյուղը, որն այսօր երեք կողմից դիտարկվում է ադրբեջանցիների դիրքերից։ Փոքրիկ գյուղ է՝ 180 բնակչով։ Գյուղի վերջին տան բակից մեր ու հակառակորդի դիրքերին քայլելով անգամ կարելի է մոտենալ։ Գրենա Քոչարյանի ընտանիքն է ապրում այս տանը․ երեքով են՝ ինքը, կինն ու որդին։ Գրենա եւ Անժելա Քոչարյանները Թրուսի խութ կոչվող բլրին է նայում Քոչարյանների տունը․ հենց այդ բլրի ծայրին էլ պատերազմից հետո հաստատվել են ադրբեջանցիները։ Այս բլուրն 90-ականներին ազատագրել են մերոնք, հիմա հակառակորդն այնտեղ է՝ հիմնավորմամբ, թե GPS-ն է այդպես ասում՝ ինչպես պատմում է Անժելան՝ Գրենա Քոչարյանի կինը։ Ադրբեջանցիների դիրքերը՝ Թրուսի խութ կոչվող բլրի վրա Աչքը եփվող սուրճին՝ տիկին Անժելան հոգոց է հանում ու ասում, որ թեեւ սադրանքներ չեն լինում, բայց այնպես չէ, թե սրտները հանգիստ է․ դե, գյուղի պռնկին է նստած հակառակորդը, չգիտես՝ ինչ կլինի ամեն օրվա հետ։ Անվտանգության հարցն իրենց անհանգստացնում է, իհարկե, բայց հավասար մտահոգիչ է նաեւ այն, որ գյուղում աշխատանք չկա, արտ ու արոտ չկա․ գյուղում 373 խոշոր եղջերավոր անասուն կա, մարդիկ այդքանն էլ մի կերպ են պահում։  «Ամուսինս երկրորդ կարգի հաշմանդամ ա, ինքը չի աշխատում, թոշակն էլ՝ կտրած, չորս տարի ա՝ կտրել են։ Հետաքրքրվել ենք, դե տեսնանք՝ էս ամիսը կվերականգնվի՞, թե՞ հլա կմնանք, հլա գյուդում չենք։ Մինչեւ մարզպետարան, մինչեւ Երեւան ասել ենք։ Տեսնանք․․․»,- ասում է տիկին Անժելան, որն այժմ տան միակ աշխատողն է, Արավուսի՝ յոթ աշակերտ ունեցող դպրոցի ուսմասվարն է՝ կես դրույքով, ընդամենը 33 հազար դրամ աշխատավարձով։  Արավուսի 50-ից ավելի հեկտար հողատարածք անցել է հակառակորդի հսկողության տակ․ եթե նախկինում անասուն պահելով, արտ ցանելով ապրուստի միջոց են ունեցել գյուղացիները, հիմա ոչ հող ունեն, ոչ անասուն․ «Արոտ չկա, արոտը վերցրած ա, թորքերն ընդեղ կանգնած են, ով էլ անասուն ա ունեցել, լրիվ ծախել են, լրիվ տվալ են պարտքավ, հիմա ոչ պարտքն են տալիս, ոչ անասուն կա։ Որ արոտ չկա, դրա համար ծախել են անասուններին, ամեն մեկը մի հատ, երկու հատ տհենց քիչ պահալ են, ինչքան արոտ ա ելալ, վերցրել են թորքերը»,- Քոչարյաններն են պատմում։ Իրենք էլ մի լավ օրի չեն, բայց ամուսնու հետ համոզում են սուրճից հետո անպայման հավ մորթել-սարքել, մեկ էլ չէ՝ երկու։ Հողատարածքները՝ արոտ կամ արտ, եթե չեն էլ անցել հակառակորդի հսկողության տակ, հիմա նրանց դիտարկման տիրույթում են․ մարդիկ ռիսկ չեն անում շատ մոտենալ այդ դաշտերին․ «Մինչեւ էսօր ապասնի պյան չի եղել, բայց դե․․․»,- խոսքը կիսատ է թողնում տիկին Անժելան։ Քթիս տակ ասում եմ՝ «Դժվար ա, հա, ձեր գյուղում», ծոր տալով ասում է՝ շա՜տ։ Բլրի վրա՝ ադրբեջանցիների դիրքերը Ասել, որ Արավուսում ճանապարհներն անմխիթար վիճակում են, կնշանակի ոչինչ չասել․ տնից տուն գնալիս մինչեւ կոնքերը ցեխի մեջ կարող ես թաթախվել։ Բայց մարդիկ տներում փակված չեն նստում․ գյուղում քիչ, բայց շարժ կա․ մի երեխա հեծանիվ է քշում, մի տատ հարց ու փորձ է անում՝ «ով ես, ինչացու ես, ինչ կա էս կողմերումը», ասում, որ չամուսնացած տղաներ կան գյուղում ու աչքով անում։ Արավուսցի փոքրիկն՝ իր շան հետ Կովերին գոմ են տանում, ձիերի տակ մաքրում, տարեց պապիկները զրուցում դեսից-դենից, ադրբեջանցուց-թուրքից, պատերազմից, կյանքից։  Արավուսի 85-ամյա բնակիչ Միշա Ավագյանը պատմում է, որ անասուններին քարանձավներում են պահում, անասնակերը մի կերպ առնում են, բայց միջոցները չեն բավարարում, թոշակը չի հերիքում, դրանով տնտեսական հարցերն են լուծում հազիվ։ Բայց ասում է՝ Արավուսում ծնվել է, այստեղ էլ մնալու է մինչեւ կյանքի վերջ։ Միշա Ավագյանը Մեքենային հենված է գյուղի հովիվը՝ Ֆելիքս Ավագյանը, որին ամիսներ առաջ առեւանգել էին ադրբեջանցիները, երբ նա անասուններին արածեցնելու էր տարել ու նստել՝ հաց ուտելու՝ առանց մեր հսկողության տակ եղած տարածքն անցնելու։  Ֆելիքս Ավագյանը Ադրբեջանցիներն Ավագյանի անասունների մի մասը վերադարձրել են, հինգին՝ պահել, այդպես էլ չեն տվել։ Ֆելիքսը քչախոս մարդ է։ Գյուղում շատերն են քիչ խոսում։ Երբեմն անորոշություն կա նրանց հայացքում՝ ո՞ր հարցը լուծել, ո՞ր խնդրի մասին խոսել, որտե՞ղ է ճշտի ու սխալի հատման կետը։ Եւ սպասում կա նրանց կիսատ ասած խոսքերում՝ որտե՞ղ է պատերազմի վերջակետն ու խաղաղության գլխագիրը, երբ շեմքիցդ մետրեր հեռու զինված ադրբեջանցին է։ Հայարփի Բաղդասարյան
20:17 - 05 փետրվարի, 2022
Ալեն Սիմոնյանի այցն ԱՄՆ այնքան էլ աննախադեպ չէ․ ԱԺ նախագահները նախկինում էլ հանդիպել են Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Ալեն Սիմոնյանի այցն ԱՄՆ այնքան էլ աննախադեպ չէ․ ԱԺ նախագահները նախկինում էլ հանդիպել են Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Հունվարի 20-ի  Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին։ Երկու օր առաջ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ այցին ու Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ես չեմ ուզում ասել, որ դա իմ առավելությունն է, բայց, օրինակ, վերջին այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ աննախադեպ այց էր։ Աննախադեպ էր իր մակարդակի առումով, որովհետև նման բարձրաստիճան պաշտոնյայի հետ Հայաստանի Հանրապետության համարժեք պաշտոնյայի հանդիպում եղել էր երևի 30 տարի առաջ՝ անկախության օրերին, և դրանից հետո նման այցելություն և նման հանդիպումներ չեն եղել»։ Ալեն Սիմոնյանը, սակայն, սխալվում է․ վերջին 30 տարիների ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ հանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահներն ունեցել են։ Դեռևս 2005 թ․ սեպտեմբերին ԱԺ այն ժամանակվա նախագահ Արթուր Բաղդասարյանը Միացյալ Նահանգներ է մեկնել Խորհրդարանների նախագահների համաշխարհային գագաթաժողովին մասնակցելու և ԱՄՆ-ի  օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով։ Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հաստերտի, Կոնգրեսի Դեմոկրատական խմբակցության ղեկավար Նենսի Փելոսիի (այժմ՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ)  և այլ պաշտոնյաների հետ։ 2019-ի հուլիսին ԱԺ նախկին նախագահ, այժմ՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ընթացող Առաջնորդների ֆորումի շրջանակներում հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Այսպիսով, Ալեն Սիմոնյանի՝ ԱՄՆ այցն ու հանդիպումը Փելոսիի հետ աննախադեպ չեն․ դեռևս 2005-ին ՀՀ ԱԺ այն ժամանակվա նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հաստերտին, իսկ 2019-ին ԱԺ նախորդ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:Այս հրապարակումից հետո Infocom-ի խմբագրությունը ստացել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի պարզաբանումը Ալեն Սիմոնյանի խոսքի վերաբերյալ, համաձայն որի՝  Ալեն Սիմոնյանն այցի աննախադեպությունը շեշտել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահից ստացած անմիջական հրավերի առումով, ինչը ԱԺ մյուս նախագահների պարագայում չի եղել։ Գլխավոր լուսանկարում՝ Ալեն Սիմոնյանն ու Նենսի Փելոսին Աննա Սահակյան  
19:10 - 03 փետրվարի, 2022
Կարանտինի ընթացքում տեսչական մարմինների ստուգայցերն անօրինական չեն․ Արա Զոհրաբյանը սխալվում է

Կարանտինի ընթացքում տեսչական մարմինների ստուգայցերն անօրինական չեն․ Արա Զոհրաբյանը սխալվում է

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ հունվարի 22-ից Հայաստանում նոր սահմանափակումներ մտցվեցին։  ՀՀ առողջապահության նախարարի հրամանով՝ այստուհետ  հյուրանոցներ, հանրային սննդի օբյեկտներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և մշակութային այլ գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն կա՛մ պատվաստման, կա՛մ թեստավորման հավաստագիր։ Բացառություններ սահմանվեցին անչափահասների, հղիների, առնվազն երեք ամիս առաջ կորոնավիրուսով վարակաված, ինչպես նաև պատվասման հակացուցում ունեցող մարդկանց համար։ Հանրային սննդի օբյեկտներում հակահամաճարակային կանոնների պահպանմանը ստուգայցերով հետևում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)։ Այլ կազմակերպություններում կանոնների պահպանմանը հետևում է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ): Այն տնտեսվարողները, որոնց մոտ հայտնաբերվում են սահմանված նորմերի խախտումներ, զգուշացվում են կամ տուգանվում՝ հարյուրից երեք հարյուր հազար դրամի չափով։ Հունվարի 23-ին «Զարթոնք» կուսակցության նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության անդամ, փաստաբան Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ հայտարարելով, որ տեսչական մարմնի ստուգումներն անօրինական են։ Զոհրաբյանի գրառումը կամ հրապարակած տեսանյութը տարածեցին մի քանի կայքեր (news.am, yerevan.today, a1plus, live24.am)։ Արա Զոհրաբյանը, սակայն, սխալվում է․ տեսչական մարմինների ստուգայցերը և տուգանքներն անօրինական չեն։ Անդրադառնանք նրա պնդումներին առանձին-առանձին։   Կարանտինի ընթացքում ստուգայցերը Զոհրաբյանն իր գրառման մեջ նշել է, որ տեսչական մարմինը ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացնել ստուգաթերթի և հանձնարարագրի հիման վրա՝ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն: Նա հավելել է, որ տեսչական մարմինն, այդ օրենքը շրջանցելով, առանց նախնական ծանուցման, ստուգայց կարող է կատարել միայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի հիման վրա, և մեջբերել է այդ օրենքի 17․5-րդ հոդվածի մի քանի կետեր․ «Կարանտին սահմանելու մասին ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ կարող են սահմանվել տնտեսական գործունեության առանձին տեսակների և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ. վերահսկողությունը համապատասխան տեսչական մարմինն իրականացնում է կազմակերպություններ ստուգայցերի միջոցով՝ տվյալ տեսչական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ. ստուգայցն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Ստուգայցի նպատակը չի կարող տարբերվել, ինչպես նաև ստուգայցն իրականացնող տեսչական մարմնի ներկայացուցչի գործողությունները չեն կարող դուրս գալ նշված օրենքով սահմանված և կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների կազմակերպման, իրականացման և սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակից»: «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածն, իրոք, ինչպես Արա Զոհրաբյանն է նշում, սահմանում է, որ ստուգումներն անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա։ Իսկ եթե կարճ ներկայացնենք «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 17․5 հոդվածը, որը մեջբերել է Զոհրաբյանը, ապա կստացվի հետևյալը․ կառավարության՝ կարանտին սահմանելու որոշմամբ կարող են սահմանվել սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ, սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ԱԱՏՄ-ն և ՍԱՏՄՆ-ն, վերահսկողությունն իրականացվում է ստուգայցերի միջոցով, առանց նախնական ծանուցման,  հոդվածով նախատեսված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները սահմանում է  առողջապահության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարը, այսինքն՝ առողջապահության նախարարը։ Քանի որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը միայն կառավարության՝ կարանտին հայտարարելու որոշմամբ սահմանված կանոնների առկայության դեպքում է տեսչական մարմիններին թույլատրում առանց նախազգուշացման ստուգայցեր իրականացնել, իսկ Հայաստանում գործող հակահամաճարակային կանոնները առողջապահության նախարարի հրամանով են սահմանվել, Զոհրաբյանը պնդում է, որ  տեսչական մարմինը չի կարող, առանց նախապես ծանուցելու, ստուգայցեր իրականացնել։ Օրենքը մեջբերելիս, սակայն, նա բաց է թողել 17․5-րդ հոդվածի 9-րդ կետը, որտեղ ասվում է, որ տվյալ հոդվածով նախատեսված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը, այսինքն՝ առողջապահության նախարարը։  Բացի այդ՝ 2020-ի սեպտեմբերին՝ արտակարգ դրության ավարտից հետո, երբ Հայաստանում, կառավարության որոշմամբ, սահմանվեց կարանտին, առանձին հավելվածով հաստատվեցին կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները։ Այս հավելվածում նշվում է․ «Տնտեսական գործունեության առանձին տեսակների, ծառայությունների մատուցման և տնտեսական գործունեությամբ չզբաղվող կազմակերպությունների գործունեության իրականացումը թույլատրվում է միայն լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտահամաճարակային անվտանգության կանոնների պահպանված լինելու դեպքում: Սույն կանոնի պահպանման նկատմամբ սահմանվում է վեահսկողություն՝ օրենքով սահմանված կարգով»: Այսինքն, ըստ կառավարության որոշման՝ կարանտինի ընթացքում տնտեսվարողների գործունեության իրականացումը թույլատրվում է միայն Առողջապահության նախարարության սահմանած սանիտահամաճարակային անվտանգության կանոննեը պահպանելու դեպքում։ Հայաստանում գործող կարանտինը, կառավարության որոշմամբ, երկարաձգվել է մինչև 2022-ի հունիսի 20-ը, իսկ նախարարի՝ սանիտարական կանոններ հաստատելու մասին հրամանը դեռևս ուժի մեջ է։ Հաշվի առնելով, որ որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով սահմանված է, որ առողջապահության նախարարն է կարանտինի ընթացքում սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ հաստատում, ըստ կառավարության որոշման էլ տնտեսվարողները պետք է գործեն՝ ըստ այդ կանոնների, տեսչական մարմինը կարող է կարանտինի ընթացքում, առանց նախազգուշացնելու, ստուգայցեր իրականացնել՝ հիմնվելով միայն նախարարի հրամանի վրա։   Ստուգայցերի ընթացքում տուգանքները Արա Զոհրաբյանը նաև վստահեցնում է, որ տեսչական մարմինը չի կարող առողջապահության նախարարի հաստատած սանիտարական կանոնի խախտման համար տուգանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.4 հոդվածով։ Պատճառաբանությունն այն է, որ օրենսգրքի այս հոդվածն  առնչվում է կարանտինի որոշմամբ կիրառվող սահմանափակումներին։ Զոհրաբյանի խոսքով՝ այս դեպքում կիրառելի է օրենգրքի 42-րդ հոդվածը, որն ավելի քիչ տուգանք է նախատեսում։  «Բոլոր ստուգայցերն անօրինական են, իսկ այս ընթացքում կիրառված վարչական տուգանքները՝ վիճահարույց»,- ասում է Զոհրաբյանը։ Նրա այս պնդումը ճիշտ կլիներ, եթե ճիշտ լիներ նախորդ պնդումը։ Ինչպես արդեն տեսանք, կարանտինի ընթացքում հակահամաճարակային կանոնների սահմանումը վերապահված է հենց ԱՆ-ին։ Հետևաբար, տրամանաբանական է, որ ստուգայցերի ընթացքում խախտումներ հայտնաբերելիս տուգանքներ են նշանակվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.4 հոդվածով։ Այս հոդվածը, հիշեցնենք, վերաբերում է կարանտինի ընթաքում գործող սահմանափակումները խախտելու դեպքերին։ Իսկ Արա Զոհրաբյանի նշած 42-րդ հոդվածը վերաբերում է ընդհանրապես սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելու դեպքերին։  Այսպիսով, Արա Զոհրաբյանը սխալվում է․ տեսչական մարմինները կարող են առողջապահության նախարարի հրամանով սահմանված սանիտարական կանոնների վերահսկողության նպատակով, առանց նախազգուշացնելու, ստուգայցեր իրականացնել, քանի որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը առողջապահության նախարարին թույլ է տալիս կարանտինի ընթացքում սահմանել սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ։ Բացի այդ՝ կառավարության՝ կարանտին սահմանելու որոշմամբ տնտեսվարողների գործունեությունը թույլատրված է շ միայն ԱՆ-ի հաստատած կանոնները պահպանելու դեպքում։ Գլխավոր լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիայից» Աննա Սահակյան
21:36 - 02 փետրվարի, 2022
Ազգային ժողովի որոշ պատգամավորներ խախտել են հայտարարագրեր ներկայացնելու ժամկետները

Ազգային ժողովի որոշ պատգամավորներ խախտել են հայտարարագրեր ներկայացնելու ժամկետները

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների կողմից իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետներում որոշակի խախտումներ են առկա։ 2022 թվականի հունվարի սկզբին Infocom-ը ուսումնասիրեց հայտարարագրերի ռեեստրում 8-րդ գումարման Ազգային ժողովի բոլոր պատգամավորների էջերը հասկանալու համար՝ նրանցից յուրաքանչյուրը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում ներկայացրե՞լ է արդյոք իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։ Արդյունքում պարզվեց, որ հունվարի 12-ի դրությամբ 9 պատգամավորների անվանական էջերում բացակայում են որոշ հայտարարագրեր։ Խոսքը վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Դանիելյանին, Խաչատուր Սուքիասյանին, Վիգեն Խաչատրյանին, Գուրգեն Մելքոնյանին, Մերի Գալստյանին, Հակոբ Ասլանյանին, Կարեն Համբարձումյանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին։  Մասնավորապես, Վիգեն Խաչատրյանի, Խաչատուր Սուքիասյանի, Հայկ Մամիջանյանի եւ Գուրգեն Մելքոնյանի էջերն ամբողջովին դատարկ էին, թեեւ նրանք պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում պարտավոր էին ներկայացնել պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագիր՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի։ 8-րդ գումարման ԱԺ-ն, ինչպես հայտնի է, ձեւավորվել է 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում, իսկ պատգամավորները իրենց լիազորությունները ստանձնել են օգոստոսի 2-ին առաջին նիստի երդման արարողությամբ։ Այսինքն՝ օգոստոսի 2-ից սկսած՝ նրանք ունեին մեկ ամիս ժամանակ պահանջվող հայտարարագրերը ներկայացնելու համար։ Հունվարի 12-ի դրությամբ Վահե Հակոբյանի էջում առկա վերջին հայտարարագիրը 2018 թվականին Սյունիքի մարզպետի լիազորությունները դադարեցնելու հայտարարագիրն էր։ Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե հայտարարատու պաշտոնատար անձը պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիրը ներկայացնելուց հետո մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը նշանակվում (ընտրվում) է նույն օրենքին համապատասխան հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում: Քանի որ Վահե Հակոբյանը պատգամավոր է ընտրվել պաշտոնեական լիազորությունները դադարեցնելուց 3 տարի անց, օրենքի այս դրույթը նրա դեպքում կիրառելի չէ, ուստի նա եւս պետք է ներկայացներ պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագիր։ Պատգամավորներ Մերի Գալստյանի, Հակոբ Ասլանյանի եւ Կարեն Համբարձումյանի էջերում էլ նույն օրվա դրությամբ բացակայում էին 2020 թվականի տարեկան հայտարարագրերը, որոնք պետք է ներկայացված լինեին մինչ 2021 թվականի մայիսի 31-ը՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի։ Ինչ վերաբերում է Դավիթ Դանիելյանին, նա 2020 թվականի նոյեմբերի 30-ին դադարեցրել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի օգնականի լիազորությունները, որից հետո՝ 2021 թվականի հունվարի 27-ին, նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, որից հետո էլ՝ 2021 թվականի հունիսի 20-ին, ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Հաշվի առնելով նույն՝ 36-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը՝ Դանիելյանը ԿԳՄՍ-ում պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը պիտի ներկայացներ 30-օրյա ժամկետում, այսինքն՝ մինչ 2020 թվականի դեկտեմբերի 30-ը, սակայն հայտարարագրում առկա տվյալների համաձայն՝ այն ներկայացվել է 2021 թվականի օգոստոսի 12-ին, այսինքն՝ պաշտոնը դադարեցնելուց գրեթե 9 ամիս անց։ Նույն դրույթի համաձայն՝ ՊՎԾ-ում աշխատանքի անցնելուց հետո՝ 30-օրյա ժամկետում, այսինքն՝ մինչ 2021 թվականի փետրվարի 27-ը, Դանիելյանը պիտի ներկայացներ նաեւ պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագիր, որը, սակայն, նրա էջում բացակայում էր։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ հունվարի 12-ին գրավոր հարցմամբ դիմեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք պատգամավորները չեն ներկայացրել հիշյալ հայտարարագրերը, եթե այո, ապա նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ հարուցվե՞լ է վարչական վարույթ, եւ կիրառվե՞լ է արդյոք պատասխանատվության միջոց թե՞ ոչ։ Հայտարարագրերը ներկայացրած լինելու պարագայում խնդրել էինք հայտնել պաշտոնական ռեեստրում դրանց հասանելի չլինելու պատճառները եւ տրամադրել այդ հայտարարագրերը կամ համապատասխան հղումները։ 8 պատգամավորից 6-ը Infocom-ի հարցումից հետո է ներկայացրել պահանջվող հայտարարագրերը Մեր հարցմանն ի պատասխան՝ հունվարի 19-ին ԿԿՀ-ից տեղեկացրին, որ հիշյալ բոլոր պատգամավորները, բացառությամբ Դավիթ Դանիելյանի, ներկայացրել են պահանջվող հայտարարագրերը։ Լրացուցիչ գրավոր հարցմամբ խնդրեցինք հստակեցնել, թե յուրաքանչյուրը երբ է ներկայացրել, եւ եթե կան պատգամավորներ, որոնք հայտարարագրերը ներկայացրել են հիմնական ժամանակի ավարտից հետո լրացուցիչ ծանուցում ստանալու արդյունքում միայն, ապա երբ են ուղարկվել այդ ծանուցումները։ Ի պատասխան այս հարցման՝ հունվարի 27-ին ԿԿՀ-ից հայտնեցին, որ հայտարարագրերը արդեն հասանելի են պաշտոնական ռեեստրում, եւ դրանցում արտացոլված են ներկայացնելու օրերը։ Ուսումնասիրելով այդ հայտարարագրերը՝ պարզ է դառնում, որ հիշյալ 8 պատգամավորներից 6-ը հայտարարագրերը ներկայացրել է մեր առաջին հարցումից՝ հունվարի 12-ից օրեր անց միայն։ Մասնավորապես, Խաչատուր Սուքիասյանը հայտարարագիրը ներկայացրել է 2022 թվականի հունվարի 16-ին, Վիգեն Խաչատրյանը, Գուրգեն Մելքոնյանը, Հակոբ Ասլանյանը, Կարեն Համբարձումյանը՝ հունվարի 17-ին, Մերի Գալստյանը՝ հունվարի 18-ին։ Ինչ վերաբերում է Հայկ Մամիջանյանին եւ Վահե Հակոբյանին, նրանք հայտարարագրերը ներկայացրել էին մեր հարցումից ավելի վաղ՝ համապատասխանաբար հունվարի 11-ին եւ հոկտեմբերի 27-ին։  Նախորդ տարվա հունիսի 7-ին ԿԿՀ-ն հայտարարեց, որ 2021 թվականի հունիսի 1-ին կամ դրանից հետո պաշտոն ստանձնած եւ պաշտոնը դադարեցրած հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերի ներկայացման գործընթացը ժամանակավորապես կասեցվել է՝ հաշվի առնելով, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում փոխվել են հայտարարագրերի համապատասխան ձևանմուշները, իսկ 3 ամիս անց՝ սեպտեմբերի 9-ին, տեղեկացրեց, որ համակարգն արդեն վերագործարկվել է։ Միաժամանակ հանձնաժողովը հորդորեց հնարավորինս շուտ  կատարել օրենքով սահմանված հայտարարագրման պարտավորությունը՝ վերջնաժամկետ սահմանելով 2021 թվականի հոկտեմբերի 4-ը։ Ստացվում է, որ անկախ գործընթացի՝ տեխնիկակական պատճառներով կասեցումից՝ հիշյալ բոլոր պատգամավորները ժամկետի խախտմամբ են ներկայացրել իրենց հայտարարագրերը։ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 169․28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարատու անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության, եթե «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, Հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա դարձյալ չի ներկայացնում հայտարարագիրը։ Մենք գրել էինք, որ օրենքի այս դրույթից հետեւում է, որ գրավոր ծանուցումը պիտի ուղարկվի հիմնական մեկամսյա ժամանակի լրանալուց հետո՝ այնպես, որ անձը դրա հիման վրա եւս մեկ ամիս ժամանակ ունենա՝ հայտարարագիրը ներկայացնելու համար։ Հարցազրույցի ընթացքում մեր այս հետեւությանը համաձայնել էր ԿԿՀ հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը (ինչի վերաբերյալ ձայնագրությունն առկա է), այդ իսկ պատճառով մենք եզրակացրել էինք, որ վերոհիշյալ պատգամավորների դեպքում, բացառությամբ Վահե Հակոբյանի, հայտարարագրերը ներկայացվել են նաեւ այդ լրացուցիչ մեկամսյա ժամկետի ավարտից հետո, թեեւ նրանց նկատմամբ վարչական վարույթներ չեն հարուցվել։ Սակայն նյութի հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեց ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը, ով, մեկնաբանելով օրենքի այս դրույթը, նշեց, որ գրավոր ծանուցում ուղարկելու համար ժամկետ սահմանված չէ։ Նա նաեւ տեղեկացրեց, որ համակարգն ավտոմատացված չէ, հայտարարագրեր չներկայացնելու փաստն ինքնին չի արձանագրվում, եւ Հանձնաժողովը հայտարարատուներին ուղարկում է գրավոր ծանուցումը այն ժամանակ, երբ նկատում է, որ որեւէ հայտարարագիր բացակայում է։ Դրանից բացի, մենք հարցմամբ խնդրել էինք նշել՝ կա՞ն պատգամավորներ, որոնք համապատասխան հայտարարագիրը չեն ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածով սահմանված ժամկետում, եւ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 169. 28-րդ հոդվածի համաձայն՝ նախքան վարչական վարույթ հարուցելը նրանց ուղարկվել է գրավոր ծանուցում՝ լրացուցիչ 30-օրյա ժամկետ տրամադրելու համար (կամ այդ մասին տեղեկացվել է էլեկտրոնային եղանակով կամ հեռախոսազանգով)։ Հարցմանն ի պատասխան՝ ԿԿՀ-ից տեղեկացրել են․ «Վերոնշյալ հայտարարատուները ծանուցվել են էլեկտրոնային եղանակով եւ հեռախոսազանգով, եւ քանի որ Հանձնաժողովի նպատակը հայտարարագրերը ստանալն է, իսկ նշված հայտարարատուները արդեն ներկայացրել են պահանջվող հայտարարագրերը, հետեւաբար հանձնաժողովում վարույթներ չեն հարուցվել»։ Քանի որ մեր հարցը վերաբերում էր լրացուցիչ 30-օրյա ժամկետ տրամադրելու համար ծանուցելուն, մենք ենթադրել ենք, որ ստացված պատասխանում Հանձնաժողովը նկատի է ունեցել հենց այդ ծանուցումը։ Սակայն Հայկուհի Հարությունյանի հետ զրույցում պարզ դարձավ, որ թյուրընկալում է տեղի ունեցել, եւ Հանձնաժողովը նկատի է ունեցել այն, որ հիշյալ պատգամավորներին ծանուցել են՝ տեղեկացնելու համար, որ իրենք այսուհետ հայտարարատու անձինք են, իսկ այդ ծանուցումը կատարվել է ուշ, քանի որ նրանց վերաբերյալ տեղեկությունը Հանձնաժողովին ուշ է փոխանցվել։ Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ հայտարարագրերը ուշ են հրապարակվել «Հանրային ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածը սահմանում է, որ հայտարարագիրը դրա հանձնման օրվան հաջորդող 5-րդ օրը հրապարակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում։ Ուստի ԿԿՀ-ից խնդրեցինք պպարզաբանել նաեւ, թե որն է պատճառը, որ համեմատաբար ավելի վաղ ներկայացված հայտարարագրերը (օրինակ՝ Վահե Հակոբյանի կամ Հայկ Մամիջանյանի հայտարարգրերը) դարձյալ ժամկետի խախտմամբ են հրապարակվել։ Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը մեր զրույցում պարզաբանեց, որ բուն խնդիրը կապված է հայտարարատու անձանց անձնական տվյալների գաղտնիության ապահովման հետ (նույն՝ 43-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ապահովում է հրապարակման ոչ ենթակա տվյալների պաշտպանությունը)․ «Երբ նշվում է հայտարարատու անձի մարզը, համայնքը, փողոցը, շենքը, բնակարանը, Կառավարության որոշմամբ սահմանված կարգով որոշ դեպքերում փակվում է դրանց մի հատվածը, ոչ ամբողջությամբ, հրապարակելուց հետո, սակայն, նշված տվյալները կամ ամբողջությամբ էին փակվում, կամ ամբողջությամբ բաց էին մնում, երկու դեպքում էլ խնդիր է։ Քանի որ համակարգը վաղուց է ներդրված, արդիականացման խնդիր կա, եւ հիմա տեխնիկական մասնագետները աշխատում են, այդ պատճառով այդ գործընթացը մի փոքր ավելի երկար տեւեց»,- ասաց Հակոբյանը։ Մեր հարցին, թե ինչպես է, որ հայտարարատու այլ անձանց դեպքում նման խնդիր չի առաջացել, իսկ հիշյալ պատգամավորների դեպքում առաջացել է, Հակոբյանը պատասխանեց, որ դա եւս ծրագրային խնդիր է․ «Այնպես չէ, որ չի առաջանում, չենք բացառում, որ լինեն դեպքեր, երբ նման խնդիր լինի, պատահում է՝ հայտարարատուներն են բացահայտում, դիմում մեզ, պատահաում է՝ մենք ենք բացահայտում, լուծում տալիս, բայց հնարավորինս փորձում ենք խնդիրը լուծել, նոր հրապարակել, որպեսզի երկու կողմի համար էլ խնդիրներ չառաջացնենք»։ Դավիթ Դանիելյանի՝ ՊՎԾ-ում պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագիրը մինչ օրս բացակայում է Ինչ վերաբերում է Դավիթ Դանիելյանի կողմից ԿԳՄՍ-ում պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելուն, մեր հարցման պատասխանում նշել են, որ դա պայմանավորված է եղել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ, որի պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 4-ից կասեցվել է հայտարարագրման էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հնարավորությունը։ Անդրադառնալով Դավիթ Դանիելյանի մեկ այլ՝ ՊՎԾ-ում պաշտոնեական լիազորությունները ստանձնելու վերաբերյալ հայտարարագիրը չներկայացնելուն՝ ԿԿՀ-ից հայտնել են, որ 2021 թվականի օգոստոսի 5-ին ԿԿՀ կայքում հրապարակվել է հայտարարագիր չներկայացրած անձանց ցուցակ, որտեղ առկա է նաեւ Դավիթ Դանիելյանի անունը՝ բացակայող հայտարարագրերի վերաբերյալ տեղեկություններով, սակայն 2022 թվականի հունվարի 18-ի դրությամբ Դանիելյանը դեռ չի ներկայացրել այդ հայտարարագիրը․ «Նշված հայտարարատուին ուղարկվել է ծանուցում՝ հայտարարագիրը օրենքով սահմանված կարգով 30-օրյա ժամկետում ներկայացնելու համար: Հայտարարագիրը նշված ժամկետում չներկայացնելու դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կհարուցի վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ»,- ասված է հարցման պատասխանում: Նշենք, որ Դավիթ Դանիելյանի դեպքում եւս լրացել է ոչ միայն հայտարարագիր ներկայացնելու հիմնական ժամանակը, այլ նաեւ լրացուցիչ մեկամսյա ժամկետը։ Ավելին, դրա լրանալուց հետո՝ 2021 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ, Հանձնաժողովը նրա անունը ներառել է հայտարարագիր չներկայացրած անձանց ցուցակում, սակայն ծանուցում դարձյալ չի ուղարկել։ Հասկանալու համար, թե որն է դրա պատճառը, եւ ի վերջո երբ է Դավիթ Դանիելյանին ուղարկվել գրավոր ծանուցումը, Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանին խնդրեցինք այս հանգամանքը եւս պարզաբանել։ Վերջինս մեր զրույցում շնորհակալություն հայտնեց խնդիրը վեր հանելու համար եւ տեղեկացրեց, որ Դանիելյանին եւս գրավոր ծանուցումն ուղարկվել է մեր հարցումից հետո՝ 2022 թվականի հունվարի 18-ին․ «Որոշ մասերով տեխնիկական խնդիրներ ենք ունեցել, որի արդյունքում տվյալները ամբողջությամբ չեն արտահանվել, նման բացթողումներ հնարավոր է լինեն, չեմ բացառում, դրա համար հիմա մենք աշխատում ենք նոր համակարգի ստեղծման վրա, պայմանագիրն արդեն կնքված է, ենթադրաբար առաջիկա մեկ տարվա ընթացքում նմանատիպ բոլոր հարցերը կկարգավորվեն, եւ հետագայում ավելի հստակ կկարողանանք ցանկացած տվյալ շատ ավելի սեղմ եւ հստակ ժամկետում տրամադրել»,- ասաց նա։  Հարցին՝  օրենքով կամ իրավական այլ ակտով ամրագրվա՞ծ է արդյոք, որ նախքան գրավոր ծանուցում ուղարկելը Հանձնաժողովը կարող է կամ պետք է իր կայքում հրապարակի համապատասխան հայտարարագրեր չներկայացրած անձանց ցուցակը, Հակոբյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ոչ միշտ են այդպիսի ցուցակներ հրապարակում, իսկ հրապարակելու դեպքում այդպես են վարվում հայտարարատուներին լրացուցիչ ծանուցելու, ինչպես նաեւ հանձնաժողովի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը ապահովելու համար։ Որպես կանոն՝ ցուցակը հրապարակելուց հետո հայտարարատու անձանց տալիս են մեկամսյա ժամկետ, որը լրանալուց հետո միայն, եթե հայտարարագրերը դարձյալ չեն ներկայացնում, օրենքով սահմանված կարգով ուղարկում են գրավոր ծանուցում։ Այսպիսով, մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ԱԺ որոշ պատգամավորներ խախտել են հայտարարագրերը ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետները, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դրանք ուշ է հրապարակել՝ տեխնիկական խնդիրներով պայմանավորված։    Միլենա Խաչիկյան
20:05 - 31 հունվարի, 2022
ԵԽԽՎ-ի դիտողություններն ու առաջարկները, որոնց մասին Ռուբեն Ռուբինյանը չի նշել

ԵԽԽՎ-ի դիտողություններն ու առաջարկները, որոնց մասին Ռուբեն Ռուբինյանը չի նշել

Երեկ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) ընդունել է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը։ Ռուբինյանն իր գրառման մեջ անդրադարձավ միայն ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի մասին հնչեցրած դրական գնահատականներին։ Երեկ ընդունված բանաձևում, սակայն, ԵԽԽՎ-ն անդրադարձել է նաև որոշ խնդրահարույց հարցերի և խորհուրդներ ուղղել Հայաստանի իշխանություններին։ Անդրադառնանք այդ հարցերին առանձին-առանձին։   Ընտրություններ «Վեհաժողովը գովասանքի է արժանացրել 2018 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունիսին անցկացված համապետական ընտրությունները, որոնք զերծ էին նախկինում արձանագրված խախտումներից։ Չնայած լարված հետպատերազմյան մթնոլորտին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատվել են որպես ժողովրդավարական։ Բանաձևում նշվում է գոհունակություն առ այն, որ ընդդիմությունն ընդունել է ընտրությունների արդյունքները և չի բոյկոտել նորընտիր խորհրդարանի գործունեությունը»,- գրել է Ռուբինյանը։ ԵԽԽվ-ն, սակայն, ի թիվս այս ամենի, խոսել է նաև քաղաքական մթնոլորտի մասին, որում տեղի ունեցան 2021-ի հունիսի ընտրությունները։  Բանաձևում նշվում է, որ այդ ընտրությունները բնութագրվում էին ինտենսիվ բևեռացմամբ և խաթարվեցին հիմնական մրցակիցների շրջանում գնալով ավելի բորբոքվող հռետորաբանությամբ: Բանաձևում նաև ասվում է․ «Վեհաժողովն ափսոսում է, որ կանայք նախընրտական քարոզարշավի ընթացքում երկրորդ պլան էին մղված, չնայած վերջում ընտրական օրենսդրությունը բերեց խորհրդարանում նրանց ներկայացվածության աճի։ Վեհաժողովը կոչ է անում քաղաքական կուսակցություններին փոխել այս մշակույթը, քանի որ սեռերի հավասար ներկայացվածությունն ընտրված պաշտոններում պետք է ամրապնդվի կանանց՝ քաղաքական կյանքին ակտիվ մասնակցելու իրական հնարավորությամբ»։ «Վեհաժողովն ընդհանուր դրական գնահատական է տվել ընտրական և օրենսդրական բարեփոխումներին և կոչ արել Հայաստանի իշխանություններին դրանք ավարտին հասցնել՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները»,- գրել է Ռուբինյանը՝ չկոնկրետացնելով, թե ինչ է առաջարկել ԵԽԽՎ-ն։ Իսկ բանաձևում նշվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետևյալ առաջարկությունները՝ վերացնել երկքաղաքացիություն ունեցողների՝ ընտրություններին մասնակցելու արգելքը և ընտրողներին իրենց ընտրատարածքում քվեարկության արդյունքները վիճարկելու հնարավորություն տալ։ «Անդրադառնալով իշխանության և ընդդիմության փոխհարաբերություններին՝ Վեհաժողովը կոչ է արել կողմերին համագործակցել միմյանց հետ»,- գրել է Ռուբինյանը: Վերջինս, սակայն, բաց է թողել բանաձևի այն հատվածը, որտեղ Վեհաժողովը դատապարտում է 2021 թվականի օգոստոսին Ազգային ժողովի մեծամասնության և ընդդիմության միջև տեղի ունեցած բռնի միջադեպերը։  Բանաձևի նույն կետում Վեհաժողովը նշում է, որ ընդդիմության իրավունքները պաշտպանելու համար գործառնական մեխանիզմներ կան, որոնք վերջինիս թույլ են տալիս կատարել իր դերն ու այլընտրանքներ առաջարկել, սակայն նաև խորհրդարանական մեծամասնությանը կոչ է անում ամբողջությամբ կատարել իր դերը՝ կառավարության գործողությունները վերահսկելու և վերանայելու համատեքստում, քանի որ նրան է պատկանում մանդատների ճնշող մեծամասնությունը։    Դատական և այլ բարեփոխումներ, ՍԴ ճգնաժամ «Վեհաժողովը գովասանքով է անդրադարձել Հայաստանում հակակշիռների և զսպումների գործող արդյունավետ համակարգին»,- գրել է Ռուբինյանը: Վեհաժողովը զսպումների և հակակշիռների մեխանիզմներից խոսելիս անդրադարձել է ՀՀ նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտներին։ Բանաձևում նշված է, որ ՄԻՊ-ի անկախությունն ամուր հաստատված է, սական ԵԽԽՎ-ն կոչ է անում իշխանություններին հետևել Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին՝ աշխատակազմ հավաքագրելու և կառավարման քաղաքականության հարցերում ՄԻՊ-ի անկախությունն ամրապնդելու մասով։ «Վեհաժողովը կոչ է արել շարունակել դատական բարեփոխումների իրականացումը: Նաև ընդգծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարևոր դերը և գործունեությունը»,- գրել է Ռուբինյանը: Բանաձևում և՛ դատական բարեփոխումներին, և՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին մանրամասն անդրադարձ կա։ «Վեհաժողովը իշխանություններին կոչ է անում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ապահովել համապատասխան ռեսուրսներով՝ ընդհանուր առմամբ՝ հանրային պաշտոնյաների ու մասամբ՝ դատավորների շահերի և ունեցվածքի բացահայտման նպատակով ստուգումներ իրականացնելու, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների ֆինանսական վերահսկողության համար։ Վեհաժողովը նաև առաջարկում է օգտվել Սահմանադրության հաջորդ վերանայումից՝ ուսումնասիրելու այս հանձնաժողովի անկախության ամրապնդման հնարավորությունը՝ սահմանադրականացնելով նրա կարգավիճակը»,- ասվում է բանաձևում: Իսկ դատական բարեփոխումները շարունակելու համատեքստում ԵԽԽՎ-ն նշում է հետևյալ կետերի իրականացումը․ Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական գործերով որոշումները բողոքարկելու պատշաճ մեխանիզմ ներդնել, արդարադատության իրականացմանն անհարկի միջամտության դեմ պատժամիջոցների առումով շոշափելի արդյունքներ ապահովել, ստեղծել չեզոք և իրավասու մարմին՝ դատական համակարգում ոչ պատշաճ ազդեցությունների, շահերի բախման և կոռուպցիայի վերաբերյալ դատավորներին կոնֆիդենցիալ խորհրդատվություն տրամադրելու համար։ Վեհաժողովն առանձին կետերով անդրադարձել է նաև իրավապահ մարմիններին և Սահմանադրական դատարանի շուրջ 2019-ի ճգնաժամին։ «Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում իրականացնել Ներքին գործերի նախարարությունը վերականգնելու ծրագիրը և այդ նախարարությանը վստահել մի քանի իրավապահ մարմիններ, որոնք այս պահին վարչապետի անմիջական վերահսկողության ներքո են։ Այս հանձնարարականը կմեծացնի կառավարության հաշվետվողականությունը խորհրդարանի առջև իրավապահ մարմինների վերաբերյալ ցանկացած հարցով։ Վեհաժողովը նաև առաջարկում է իշխանություններին ուսումնասիրել վարչապետի իրավասության ներքո գտնվող մի քանի քննչական մարմիններն անկախացնելու հնարավորությունը»,- նշված է բանաձևում։ Բանաձևում անդրադարձ է կատարվում նաև ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորմանը․ «Վեհաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները չեն հետևել Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին այն մասով, որ ՍԴ անդամների՝ վաղաժամ թոշակի անցնելու սխեման պետք է լինի կամավոր և ոչ կտրուկ ու անհապաղ՝ դատավորների անփոփոխելիության սկզբունքը խաթարելուց խուսափելու համար։ Վեհաժողովը նշում է, որ անփոփոխելիության սկզբունքը քաղաքական իշխանություններից դատական համակարգի անկախության երաշխիքն է, որը պետք է հարգվի»։   Խոսքի ազատություն «Կոչ է արվել նաև իրականացնել միջոցառումներ՝ մի կողմից խոսքի ազատության և մարդու արժանապատվությունն ապահովելու և մյուս կողմից ապատեղեկատվության ու ատելության խոսքի դեմ պայքարելու միջև բալանս ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև շարունակելու ոլորտային բարեփոխումները»,- գրել է Ռուբինյանը: Վեհաժողովը անդրադրաձել է կորոնավիրուսային իրավիճակով և ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումներին՝ նշելով․ «Թե՛ կորոնավիրուսային համավարակի համատեքստում խուճապ առաջացնող կեղծ տեղեկությունների և հրապարակումների տարածման, թե՛ ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումների մասով իշխանությունները միտված էին կտրուկ քայլեր ձեռնարկելու, որոնք ակնհայտորեն չափազանցված էին՝ հաշվի առնելով խոսքի ազատության սահմանափակումները, որքան էլ նպատակն օրինական էր»։  Բանաձևում նշվում է՝ ՀՀ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ ռազմական դրության ընթացքում սահմանափակումների դատական վերանայումն արդյունավետ էր։ Անդրադառնալով զրպարտության և վիրավորանքի քրեականացմանը՝ ԵԽԽՎ-ն վերահաստատել է իր դիրքորոշումը, որ զրպարտությունը չպետք է քրեականացվի, ինչպես նաև կոչ է արել իշխանություններին, բացի կանխարգելիչ պատիժներից, զարգացնել ապատեղեկատվության և ատելության խոսքի դեմ պայքարի գործիքներ։ Այպիսով, Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ի ընդունած բանաձը ներկայացնելիս գրել է հիմնականում այն կետերի մասին, որոնցում Վեհաժողովը դրական կարծիք է հայտնել Հայաստանում կատարված/կատարվող բարեփոխումների վերաբերյալ, իսկ ԵԽԽՎ-ի դիտողություններն ու առաջարկները Ռուբինյանը բաց է թողել։ Բանաձևի քվեարկությանը մասնակցել է ԵԽԽՎ 324 պատգամավորներից 80-ը, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 50 կողմ, 14 դեմ, 16 ձեռնպահ։ Դեմ քվեարկողների թվում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, որն ասյօր խոսել է դեմ քվեարկելու պատճառների մասին։ Գլխավոր լուսանկարը՝ ԵԽԽՎ կայքից Աննա Սահակյան
16:35 - 28 հունվարի, 2022
Թուրքիայի արտգործնախարարը չի ասել, թե Փաշինյանը խոստացել է այցելել Թուրքիա․ Չավուշօղլուի խոսքը սխալ է ներկայացվել

Թուրքիայի արտգործնախարարը չի ասել, թե Փաշինյանը խոստացել է այցելել Թուրքիա․ Չավուշօղլուի խոսքը սխալ է ներկայացվել

Հայկական pastinfo.am լրատավականն այսօր հրապարակել է մի լուր (ավելի ուշ լուրն արտատպվել է նաեւ lurer.com եւ hayeli.am կայքերում), ըստ որի Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է այցելել Թուրքիա։ Լրատվամիջոցը հղում է արել «Sputnik Азербайджан»-ին։ Մինչ անդրադառնալը, թե Չավուշօղլուն իրականում ինչ է ասել, նշենք, որ ադրբեջանական «Sputnik Азербайджан» կայքում նման բովանդակությամբ նյութ չկա։ Տելեգրամյան նույնանուն ալիքում կա խմբագրվածի նշումով մի լուր, որտեղ ասված է, թե թուրքական արտաքին գերատեսչության ղեկավար Չավուշօղլուն նշել է, թե Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրվել են նաեւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ Չավուշօղլուն հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրավիրյալները կարող են մասնակցություն ունենալ ֆորումի աշխատանքներին։ Այս լուրն, ինչպես նշեցինք, տելեգրամյան ալիքում փոփոխվել է։ «Փաշինյանը խոստացել է այց կատարել Թուրքիա․ Չավուշօղլու» վերտառությամբ լուրը ի սկզբանե տարածվել է ադրբեջանական լրատվադաշտում, սակայն հետագայում լուրերի վերնագրերը խմբագրվել են, ինչպես, օրինակ report.az կայքի պարագայում։ Report.az-ը գրել է, թե հայկական պատվիրակությունը կայցելի Թուրքիա։ Դարձյալ հղում է արվել Չավուշօղլուին՝ նշումով, որ նա ասել է, թե դրա մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Անատոլիայի դիվանագիտական ֆորումին մասնակցություն կունենան 50 նախարարներ, միջազգային կազմակերպությունների 30 ներկայացուցիչներ։ Ուզում ենք, որ լսելի լինի յուրաքանչյուրի ձայնը։ Մենք հրավիրել ենք նաեւ Հայաստանի ներկայացուցիչներին։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մասնակցություն կունենան ֆորումին։ Դրա մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուրախ կլինենք, եթե դա տեղի ունենա»,- ասված է կայքում։ Ըստ ամենայնի կայքն այսպիսի տեքստ հրապարակելիս օգտվել է թուրքական մերձկառավարական dailysabah.com լրատավական կայքի մի հրապարակումից, որտեղ գրեթե նույն տեքստն է գրված՝ դարձյալ Չավուշօղլուին հղումով, սակայն ոչ ուղղակի մեջբերմամբ։ Թուրքական մեկ այլ հայտնի լրատվամիջոցից՝ Անադոլուից, սակայն, տեղեկանում ենք, որ Չավուշօղլուն ոչ թե ասել է, որ Փաշինյանը այցելելու է Թուրքիա, այլ որ չի բացառվել հնարավորությունը, որ ՀՀ արտգործնախարարն ու հատուկ ներկայացուցիչը կարող են մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Մասնավորապես «Անադոլու» լրատվականում նշված է, որ Չավուշօղլուն ասել է հետեւյալը․ «Հայաստանի արտգործնախարարին (Արարատ Միրզոյան) եւ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին հրավիրել ենք։ (Հայաստանի վարչապետ Նիկոլ) Փաշինյանը վերջերս ասել է, որ մեր հրավիրած անձինք կարող է մասնակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ուրախ կլինենք, քանի որ Ադրեբեջանն էլ է մասնակցելու: Այստեղ Ադրբեջանն էլ թող իր կարծիքը ասի, Հայաստանն էլ։ Նույն կերպ այն կլինի նաև վստահության աճին միտված քայլերի մասը»:  Նշենք, որ օրերս առցանց ասուլիսի ժամանակ լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս էր Նիկոլ Փաշինյանը հայտնել, որ մեծ հավանականությամբ Հայաստանը կընդունի Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը․ «Բայց ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից»,- ասել էր նա։ Հավելենք նաեւ, որ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ ֆորումին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս չկա։ Հայարփի Բաղդասարյան
19:18 - 27 հունվարի, 2022
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները երբեւէ հրապարակային չեն հնչեցրել, թե Բաքուն հայկական է․ Ալիեւի հայտարարությունները հայելային չեն

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները երբեւէ հրապարակային չեն հնչեցրել, թե Բաքուն հայկական է․ Ալիեւի հայտարարությունները հայելային չեն

Երեկ ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին պատասխանաելիս, խոսելով Բաքվի ագրեսիվ հայտարարությունների մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց այդ հայտարարությունների մեջ տարբերակել ռացիոնալ եւ էմոցիոնալ կողմերը։ Նա ասաց, որ վերջերս մի վերլուծաբան դիտարկում է արել, թե Ադրբեջանից շատ հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են 1994 թվականից հետո․ «Երբ Ադրբեջանից հնչում է հայտարարություն, որ Ղարաբաղի հարցը լուծված է, էդ վերլուծաբանն իմ ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ 1994-ից հետո տասնյակ տարիներ Հայաստանից եւ Արցախից հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Շատ հաճախ հնչում են հայտարարություններ, ասենք, Երեւանն ադրբեջանական քաղաք լինելու մասին, եւ այլն, այդ վերլուծաբանն իմ ուշադրությունը հրավիրեց, որ 1994-ից հետո շատ հայտարարություններ են հնչել էն մասին, որ Բաքուն հայկական քաղաք է»,- ասաց Փաշինյանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի շուրթերից մեկ անգամ չէ, որ հնչել է, թե Երեւանն ադրբեջանական է։ Առանց շատ հեռու գնալու՝ դեռ 2016-ի դեկտեմբերին Ալիեւը, ասելով, թե աչք չեն դրել Հայաստանի հողերի վրա, միեւնույն ժամանակ շեշտել էր, որ միտք չունեն ռազմական ճանապարհով վերադառնալ ոչ Երեւան, ոչ Մեղրի, ոչ Գորիս՝ «իրենց պատմական հողեր»։ 2017-ի ամռանը Ալիեւը նորից հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը ադրբեջանական պատմական հողեր են։  Արդեն 2018-ի փետրվարին Ալիեւը ադրբեջանական «պատմական հողեր» էր անվանել Երեւանը՝ այն կոչելով Իրեւանի խանություն, Սեւանը՝ կոչելով Գյոյչա, Սյունիքը՝ կոչելով Զանգեզուր․ «Ուզում եմ նշել, որ մենք չպետք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Հետագայում սա պետք է լինի մեր գործունեության ուղղություններից մեկը։ Մեր պատմական հողերն են՝ Իրեւանի խանությունը, Զանգեզուրը, Գյոյչան, այս մասին պետք է իմանա ե՛ւ մեր երիտասարդ սերունդը, ե՛ւ ողջ աշխարհը»,- ասել էր Ալիեւը։ 2020թ․ դեկտեմբերի 10-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, Բաքվի կենտրոնում ռազմական շքերթի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, թվարկելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները՝ Իլհամ Ալիեւը հասավ նաեւ Սյունիք, Երեւան, Սեւան՝ ասելով, թե դրանք նույնպես ադրբեջանական պատմական հողեր են, որտեղ դարերով ադրբեջանցիներ են բնակվել։ Անցյալ տարի՝ 2021-ի ապրիլին, «Նոր հայացք Հարավային Կովկասում. Հետկոնֆլիկտային զարգացում եւ համագործակցություն» խորագրով խորհրդաժողովում Ալիեւն ասել էր, թե պատմական Երեւանում ապրել են ադրբեջանցիներ, այդ թվում՝ իր նախնիները․ «Այո, մենք կվերադառնանք այնտեղ: Ես չեմ ասել, որ մենք տանկերով կվերադառնանք: Եթե վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտվելու ենք այս ճանապարհից, ապա ինչու՞ չվերադառնանք Երեւան: Ժամանակը կգա, մենք կանենք դա: Ես ներկայացնում եմ իմ դիրքորոշումը»: 2021 թվականի հուլիսին Ալիեւը դարձյալ հայտարարել էր, որ թե Ադրբեջանի բնակչությունը վերադառնալու է իր նախնիների հողերը․ «Նոյեմբերի 10—ի եռակողմ հայտարարության մեջ նշված է՝ բոլոր փախստականները պետք է վերադառնան հայրենի հողեր։ Մեր հայրենի հողերըն են Զանգեզուրը, Երեւանը։ Մենք, իհարկե, վերադառնալու ենք»։ Նմանատիպ հայտարարություններն այսքանով չեն սահմանափակվում, դրանք Ադրբեջանի հայտնի հռետորաբանության մասն են։ Սակայն ասել, թե այս հայտարարությունները հայելային են՝ ի պատասխան Հայաստանից տարիներով հնչած պնդումների, մոլորեցնող են, ինչի մասին՝ ստորեւ։  Այն, որ Բաքվում ժամանակին հայեր են ապրել, գաղտնիք չէ։ CivilNet-ի՝ «Հայերը Բաքվի նահանգում» վերտառությամբ հրապարակումից տեղեկանում ենք, որ արխիվային տվյալների համաձայն՝ մոտ 200 տարի առաջ՝ 1820-ական թվականներին, Բաքու գյուղում հայերի թիվը կազմել է 277 հոգի կամ շուրջ 50 տուն, եւ որ 1886 թվականին Բաքու քաղաքի 86 611 բնակիչներից հայեր էին 24 490-ը։ Ըստ աղբյուրի՝ Ցարական Ռուսաստանի առաջին եւ վերջին՝ 1897 թվականի մարդահամար տվյալներով Բաքվի նահանգն ուներ շուրջ 183 հազար բնակչություն, որից հայերի թիվը 22 583 էր: 1970 թվականի ԽՍՀՄ մարդահամարի համաձայն, Բաքվում հայերի թիվը անցնում էր 207 հազարը: 1990 թվականի հունվարին կազմակերպված ջարդերից հետո Բաքուն զրկվեց հայ բնակչությունից: Քիչ չեն հրապարակումներն ու աշխատությունները նաեւ այն մասին, թե հայերը ինչ մեծ ներդրում են ունեցել Բաքվի ճարտարապետության մեջ։ Բայց Բաքվի հայկական լինելու մասին ոչ միայն բազմաթիվ չեն հայտարարությունները, այլ նաեւ, եթե այդպիսիք եղել են, երբեւէ չեն հնչել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարության կողմից։ Իհարկե հանրային խոսույթում տարածված են եղել Բաքվում թեյ խմելու, Բաքու հասնելու, Բաքուն գրավելու մասին արտահայտությունները, սակայն դրանք Հայաստանի ղեկավարները չեն շրջանառել։ Հետեւաբար հանրային խոսույթի մակարդակում արված հայտարարությունները չեն կարող համեմատելի լինել Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության պաշտոնական հռետորաբանության հետ։ Ուստի անանուն վերլուծաբանի դիտարկումների արդյունքում Փաշինյանի մոտ ձեւավորված համոզմունքը, թե Ադրբեջանի հռետորաբանությունը հայելային է՝ Հայաստանից տարիներով հնչած հայտարարությունների ֆոնին, մանիպուլյատիվ է։  Հայարփի Բաղդասարյան
17:49 - 25 հունվարի, 2022
Հանրայինի լրատվական թողարկումներում և կայքի հրապարակումներում բացակայում են ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունները

Հանրայինի լրատվական թողարկումներում և կայքի հրապարակումներում բացակայում են ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը 2021-ի դեկտեմբերի 28-ին հայտարարություն տարածեց, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկումը շարունակում է անտեսել ՄԻՊ հրապարակումները՝ երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ։ ՄԻՊ աշխատակազմը  5 ամիս (2021թ. հուլիսի 1-ից դեկտեմբերի 2) մշտադիտարկում էր իրականացրել և պարզել, որ այդ ընթացքում «Լուրեր»-ը պաշտպանի կամ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցչի հետ ոչ մի անգամ հարցազրույցի հրավեր չի նախաձեռնել։ «Փաստերը վկայում են, որ հատկապես չեն լուսաբանվում մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությունները, որոնք ցույց են տալիս ադրբեջանական անօրինականությունները, Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները, հանրությանը չի ներկայացվում, թե ինչ լուծումներ է առաջարկում Մարդու իրավունքների պաշտպանը, այդ թվում՝ որպես Կառավարության տեսակետին այլընտրանք: Առավելագույն դեպքում տեղի ունենում է ձևական լուսաբանում «վազող տողով»»,- ասվում էր ՄԻՊ-ի հայտարարության մեջ: Հունվարի 13-ին էլ Արման Թաթոյանը հայտնեց, որ  գրություններ է ուղարկել Հանրային հեռարձակողի խորհրդին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին և Հանրային հեռուստաընկերությանը։ Նա գրություններով պահանջել է ՄԻՊ գործունեության լուսաբանումը «Լուրեր» թողարկմամբ արգելափակելու վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել։ Infocom-ն իրականացրել է «Լուրեր»-ի՝ դեկտեմբերի 1-ից հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածի բոլոր թողարկումների, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքի մոնիթորինգ՝ հասկանալու համար, թե ինչպես է Հանրայինը լուսաբանել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեությունը, վերջինիս հայտարարությունների որ մասն է հրապարակվել հեռուստաընկերության կայքում կամ լրատվական թողարկումների ժամանակ։ Լրատվական թողարկումները մշտադիտարկելիս չեն դիտարկվել վազող տողերը։ Այս ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում կատարվել է ավելի քան 40 հրապարակում, այս հրապարակումներից 28-ը վերաբերում են Հայաստանի սահմանային իրավիճակին և ադրբեջանական կողմի ագրեսիաներին․ պաշտպանը կա՛մ հայտարարարություններ է արել այդ թեմաներով, կա՛մ էլ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ անդրադարձել դրանց։ Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վերը նշված ժամանակահատվածում լրատվական թողարկումներից ոչ մեկի ժամանակ չի հաղորդվել որևէ լուր ՄԻՊ-ի հայտարարությունների կամ գործունեության վերաբերյալ։ Նույնը վերաբերում է նաև 1lurer.am կայքին, որի լրահոսում նշված ժամանակահատվածում ՄԻՊ-ի վերաբերյալ որևէ հրապարակում չկա։ Դեկտեմբերի 1-ին, օրինակ, պաշտպանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել Կապան-Ճակատեն այլընտրաքային ճանապարհը։ Հիշեցնենք՝ նոյեմբերին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը Կապան-Ճակատեն ավտոճանապարհի, ինչպես նշված էր ԱԱԾ հաղորդագրությունում, ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով անցակետ է տեղակայելու։ Հայկական կողմն էլ հայտնեց, որ Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհ կկառուցի։ «Կապանից դեպի 6 գյուղեր՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ տանող այլընտրանքային ճանապարհը ևս դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից, հետևաբար, բացի դժվարանցանելիությունից ու դրա հետևանքով հումանիտար խնդիրներից, բնակիչների իրավունքների ոտնահարումներից, մարդկանց կյանքի իրավունքի և անվտանգության երաշխավորման խնդիրը մնալու է չլուծված»,- ասվում էր պաշտպանի հայտարարությունում։  Հաջորդ օրը «Լուրեր»-ի թողարկումներից մեկի ժամանակ ցուցադրվեց Ճակատեն գյուղից ռեպորտաժ։ ՄԻՊ-ի հայտարարության մասին ռեպորտաժում ոչինչ նշված չէր․ հիմնականում խոսվում էր այն մասին, թե կառավարությունն ինչ է իրականացրել բնակավայրի համար։ «Գյուղապետի խոսքով՝ ճանապարհը փակվելուց հետո (Կապան-Ճակատեն մայրուղու մի հատվածի փակվելուց հետո- խմբ․) չի եղել որևէ օր, որ կառավարությունը, մարզպետարանը, համայնքապետարանը իրենց կողքին չլինեն»,- նշվում էր ռեպորտաժում։ Դեկտեմբերի 3-ին ՄԻՊ-ը հայտարարություն տարածեց Սյունիքում ճանապարհները փակվելու և այլընտրանքային ճանապարհներ կառուցելու խնդիրների մասին։ Պաշտպանը նաև անդրադարձավ տրանսպորտի խնդրին․ «Գործում է ամենագնաց տրանսպորտային 1 միջոց, որը, թեև պարտաճանաչ է, բայց ինքնին բավարար չէ, քանի որ երթուղու սեղմ գրաֆիկը, դժվարանցանելի ճանապարհը թույլ չեն տալիս մարդկանց հոգալ իրենց առօրյա կարիքները, հասցնել մեկ օրվա ընթացքում՝ մինչև մութն ընկնելը, կազմակերպել նրանց տեղափոխումը՝ սպասարկելով 3 գյուղեր, և մարդիկ բախվում են բազմաթիվ խնդիրների»:  Դեկտեմբերի 3-ին «Լուրեր»-ով ցուցադրվեց Ճակատեն-Կապան, Ճակատեն-Գեղանուշ այլընտրանքային ճանապարհների կառուցման աշխատանքների մասին ռեպորտաժ։ Ռեպորտաժում խոսվում էր հիմնականում ճանապարհի կառուցման ընթացիկ աշխատանքների, ժամկետների մասին։ Անդրադարձ էր կատարվում նաև բնակիչների համար նախատեսված տրանսպորտային միջոցներին։ «Նոյեմբերի 24-ից երթևեկի են դուրս եկել միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից գնված երկու ՈՒԱԶ-ը,- ասվում է ռեպորտաժում, այնուհետև մեջբերվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի խոսքերը։- Ունենք երթուղի Մեղրիով՝ դեպի Կապան, օրը մեկ անգամ, և ավելի ինտենսիվ երթուղի ունենք գյուղերը Կապանին միացնող Գեղանուշ ճանապարհով»։ Լրագրողը հավելում է, որ երթուղին իրականացվում է՝ ըստ ժամանակացույցի, անկախ ուղևորների քանակից։ ՄԻՊ-ի բարձրաձայնած խնդիրների մասին ռեպորտաժում ոչինչ նշված չէ։ Դեկտեմբերի 7-ին էլ «Լուրեր»-ով Սյունիքի սահմանամերձ բնակավայրերից ռեպորտաժ հրապարակվեց, որտեղ խոսվում էր այն մասին, թե կառավարությունն ինչ նոր աշխատատեղեր է բացել այդ բնակավայրերում և ինչ փոփոխություններ իրականացրել։ Չնայած ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունները Հանրային հեռուստաընկերության լրատվական թողարկումների ժամանակ և կայքի հրապարակումներում չեն ներկայացնում, Հանրայինը երկու հարթակներում էլ լուսաբանում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հայտարարություններն ու գործունեությունը (օրինակ՝ 1, 2, 3, 4)։ Հանրայինը նաև լուսաբանել է նոր ՄԻՊ-ի թեկնածուի առաջադրումը։ Այսպիսով՝ մեր մշտադիտարկումը հաստատում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի պնդումները, որ Հանրային հեռուստաընկերությունն անտեսում է նրա գործունեությունն ու հայտարարությունները։ Ե՛վ «Լուրեր»-ի թողարկումներում, և՛ 1lurer.am կայքում դեկտեմբերի 1-ից հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում Հանրայինը չի անդրադարձել պաշտպանի գործունեությանը։ Հիշեցնենք, որ մեր ուսումնասիրած ժամանակահատվածում չեն դիտարկվել վազող տողերը։ Աննա Սահակյան
11:28 - 20 հունվարի, 2022
Քաղաքապետարանում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցված 31 քրգործերից 17-ի համար առիթ են հանդիսացել քաղաքապետարանից ստացված հաղորդումները

Քաղաքապետարանում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցված 31 քրգործերից 17-ի համար առիթ են հանդիսացել քաղաքապետարանից ստացված հաղորդումները

2018թ. հոկտեմբերից սկսած՝ առ այսօր ՀՀ քննչական տարբեր մարմիններում Երեւանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների կողմից առերեւույթ կոռուպցիոն բնույթի ենթադրյալ հանցագործություններ կատարելու դեպքերով հարուցվել է ընդհանուր 31 քրեական գործ: Այս մասին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ հարուցված, քննված կամ քննվող քրեական գործերից 17-ի համար օրինական առիթ են հանդիսացել Երեւանի քաղաքապետարանից, մյուսների համար՝ այլ սուբյեկտիներից ստացված հաղորդումները կամ ահազանգերը։  Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի ֆոնին նախորդ տարվա դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան տարբեր կայքեր մի նյութ տարածեցին, որտեղ թվարկված էին հնարավոր պատճառներ, թե ինչու է ավագանին Մարությանի հրաժարականը պահանջում։ Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված Armenianews.net կայքն իր տեղեկություններով ութ պատճառ էր թվարկել (armdaily.am, araratnews.am կայքերն էլ արտատպել են տեքստը), որոնց իսկությանն ու հավաստիությանն արդեն անդրադարձել ենք։ Այդ պնդումների շարքում կայքը նաեւ գրել էր, թե վաղուց արդեն մամուլում կան տեղեկություններ քաղաքապետարանում չարաշահումների մասին, անգամ կան հարուցված բազմաթիվ քրեական գործեր։ Infocom-ը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ հասկանալու, թե Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում ինչ չարաշահումներ են եղել, դրանց վերաբերյալ հարուցված ինչ քրեական գործեր կան եւ ովքեր են ներգրավված դրանցում։ Դատախազությունից ստացած պատասխանի համաձայն՝ 31 քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (խարդախություն), 179-րդ (յուրացնելն ու վատնելը), 214-րդ (առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը), 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 38-308-րդ (հանցակիցների տեսակները), 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 311-րդ (կաշառք ստանալը), 34-311-րդ (հանցափորձը), 314-րդ (պաշտոնեական կեղծիքը), 315-րդ (պաշտոնեական անփութությունը), 315.2-րդ (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը), 325-րդ (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 353-րդ (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) հոդվածների տարբեր մասերի հատկանիշներով կամ դրանց տարբեր համակցություններով: Առանձին քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր 10 անձ, որոնցից 8-ին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)  եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգոքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն՝ հանցակցությամբ), 1ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար (խոշոր չափերով խարդախություն): Բոլոր 10 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործերից չորսով կայացվել են հանցակազմի բացակայության հիմքով վարույթը կարճելու, 1-ով՝ վարույթը կասեցնելու մասին որոշումներ, 2 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Մյուս քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Վերոնշյալ քրեական գործերով, ինչպես հայտնել են Դատախազությունից, Հայկ Մարությանը դատավարական կարգավիճակ չունի, որոշ գործերով նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով:  Ավագանու նիստի ժամանակ, երբ քննարկվում էր քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը, Մարությանն իր ելույթում անդրադարձավ այդ գործընթացի հիմքերին՝ խոսելով նաեւ քաղաքապետարանում կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերի մասին։ Նա ասել էր, որ իր պաշտոնավարման երեք տարիների ընթացքում քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը հարյուրավոր ստուգումներ է իրականացրել համակարգի ներսում, որոնց արդյունքում 64 գործ ուղարկվել է իրավապահներին․ «Բացի դրանից՝ իրականացվել է 59 աուդիտորական ստուգում, որոնց արդյունքում տասը գործ ուղարկվել է իրավապահներին, բացի դրանից՝ վարչական շրջանների ղեկավարները տասնյակ դեպքեր են բացահայտել եւ ուղարկել իրավապահներին»,- մանրամասնել էր Մարությանը։ Այսպիսով, ստացվում է, որ քաղաքապետարանում չարաշահումների վերաբերյալ իսկապես բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, ավելի կոնկրետ՝ 31 քրեական գործ, որից 17-ի՝ մեծամասնության համար առիթ են հանդիսացել հենց Երեւանի քաղաքապետարանից ուղարկված հաղորդումները։  Հայարփի Բաղդասարյան
16:21 - 18 հունվարի, 2022
2021թ․ հոկտեմբերի դրությամբ թրաֆիքինգի դեպքերի առթիվ հարուցված գործերով 13 անձ է տուժող ճանաչել, 4-ն` անչափահաս․ ամփոփ տվյալներ

2021թ․ հոկտեմբերի դրությամբ թրաֆիքինգի դեպքերի առթիվ հարուցված գործերով 13 անձ է տուժող ճանաչել, 4-ն` անչափահաս․ ամփոփ տվյալներ

2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներն ընդգրկող ժամանակահատվածում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 25 անձի է նույնականացրել որպես մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհ, նրանցից 8-ն անչափահաս են։ ՀՀ ոստիկանությունը նույն ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերի շրջանակներում (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 13 անձի է տուժող ճանաչել, 4-ն՝ անչափահաս։ Այս մասին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են նախարարությունց եւ Ոստիկանությունից։ Նույնացման հանձնաժողովի կողմից անձին թրաֆիքինգի զոհ ճանաչելը եւ իրավապահ մարմինների կողմից քրեական գործի շրջանակում տուժող ճանաչելն իրարից անկախ գործընթացներ են, չեն պայմանավորում մեկը մյուսին, այդ իսկ պատճառով, տրամադրված թվերի միջեւ առկա է որոշակի տարբերություն։ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն՝ մարդու թրաֆիքինգը շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալն են, ինչպես նաեւ մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձեւերով, առեւանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով։ Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը պատժվում է 5-14 տարի ազատազրկմամբ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա։ Վերջին տասնամյակում չափահաս անձանց թրաֆիքինգի ամենաշատ դեպքերը Ոստիկանությունն արձանագրել է 2012-ին, 2013-ին, 2014-ին եւ անցյալ՝ 2021 թվականին։ 2012-ի համեմատ, այդուհանդերձ, դեպքերը նվազել են։  Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե չափահասների թրաֆիքինգի դեպքերի առթիվ 2012-2021թ․ հոկտեմբերը քանի քրեական գործեր են հարուցվել 2012-ին հարուցված 13 քրեական գործերից մեկը մինչ օրս նախաքննության փուլում է, եւս մեկը՝ 2019-ին հարուցված քրեական գործերից։ Նախաքննության փուլում են նաեւ 2020-ին հարուցված վեց քրեական գործերից հինգը, մինչեւ այս տարվա հոկտեմբերը հարուցված յոթ քրգործերից 4-ը։ Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե չափահասների թրաֆիքինգի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերն ինչ ճակատագրի են արժանացել 2012-ին Ոստիկանությունը տուժող է ճանաչել 14 չափահաս անձի, 2013-ին՝ յոթ, 2014-ին՝ յոթ, 2015-ին՝ չորս անձի, 2016-ին՝ տասնմեկ անձի, 2017-ին՝ 3 անձի, 2018-ին՝ մեկ անձի, 2019-ին՝ չորս անձի, 2020-ին՝ վեց անձի, 2021-ի հունվարից հոկտեմբերը՝ ինն անձի։  Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե թրաֆիքինգի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերով տուժող ճանաչված չափահասներից քանիսն են իգական, քանիսը՝ արական սեռի ներկայացուցիչ ՀՀ ոստիկանությունը վերջին տասնամյակում անչափահասների թրաֆիքինգի ամենաշատ դեպքեր արձանագրել է 2013 թվականին։ Նման դեպքերը, Ոստիկանության տվյալների համաձայն, 2013-ի համեմատ չեն աճել։ Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե անչափահասների թրաֆիքինգի դեպքերի առթիվ 2012-2021թ․ հոկտեմբերը քանի քրեական գործեր են հարուցվել   2012-ին եւ 2013-ին հարուցված քրգործերն ուղարկվել են դատարան։ Դատարան են ուղարկվել նաեւ 2015-ին, 2017-ին, 2018-ին հարուցված գործերը, իսկ 2019-ին, 2020-ին, 2021-ին հարուցված քրեական գործերը հոկտեմբերի դրությամբ դեռեւս նախաքննության փուլում են գտնվել։ Կարճված եւ կասեցված գործեր չկան։   Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե անչփահասների թրաֆիքինգի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերն ինչ ճակատագրի են արժանացել 2012-ին Ոստիկանությունը տուժող է ճանաչել 4 անչափահաս անձի, 2013-ին՝ դարձյալ 4, 2015-ին՝ մեկ անչափահասի, 2017-ին՝ դարձյալ մեկ անչափահասի, 2018-ին՝ երկու, 2019-ին՝ չորս անձի։ Թեեւ 2020-ին երեք քրգործ է հարուցվել, որեւէ անչափահաս հոկտեմբերի դրությամբ չի ունեցել տուժողի կարգավիճակ, 2021-ին տուժող է ճանաչվել չորս անչափահաս։ Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե թրաֆիքինգի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործերով տուժող ճանաչված չափահասներից քանիսն են իգական, քանիսը՝ արական սեռի ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին ընդունվել է «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքը։ Այն նպատակ ունի հայտնաբերել թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկված անձանց, պատշաճ նույնացնել նրանց, արդյունավետ ապահովել աջակցությամբ, պաշտպանությամբ եւ հասարակությանը սոցիալական վերաինտեգրմամբ՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ, ինչպես նաեւ հասարակական, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության հետ ռազմավարական համագործակցության ընթացակարգերի ձեւավորմամբ:  Օրենքը սահմանում է, որ մարդկանց թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկված է համարվում այն անձը, որն այդպիսին է ճանաչվել Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի որոշմամբ։ Իսկ հավանական զոհի նույնացման համար հարկավոր է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված լինելը հավաստող կամ հերքող տեղեկությունները, փաստերը, ապացույցները եւ այլ նյութեր ներկայացնել Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողով: Նույնացման հանձնաժողովը կազմավորվում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին նույնացնելու գործում փորձառու հասարակական կազմակերպությունների, ՀՀ գլխավոր դատախազության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներից, որոնք նույնացման հանձնաժողովում հանդես են գալիս հավասար իրավունքներով: Հասարակական կազմակերպությունները եւ պետական մարմինները նույնացման հանձնաժողովում ներկայացված են անդամների հավասար քանակով: Նույնացման հանձնաժողովի նախագահն է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը:  Քանի որ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքն ընդունվել է 2014-ին, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն, օրենսդրությամբ նախատեսված կարգով, մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման գործընթացն իրականացրել է 2015 թվականից սկսած՝ ինչպես տեղեկանում ենք նախարարություն ուղարկած մեր հարցման պատասխանից։ Ըստ նախարարության տրամադրած տեղեկության՝ 2015 թվականին նույնացվել է 7 անձ, 2016թ․-ին՝ 17 անձ, 2017թ․-ին՝ 11 անձ, որից 2-ն՝ անչափահաս, 2018 թ․-ին՝ 9 անձ, որից 2-ն՝ անչափահաս, 2019թ․-ին՝ 8 անձ, որից 2-ն՝ անչափահաս, 2020թ․-ին՝ 9 անձ, որից 5-ն՝ անչափահաս, եւ նախորդ տարվա սկզբից մինչեւ հոկտեմբերը, ինչպես նշեցինք, 25 անձ, որից 8-ն՝ անչափահաս։ Նախարարությունը մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերին, այդ թվում՝ հատուկ կատեգորիայի զոհ* հանդիսացող անչափահասներին տրամադրում է հիմնական աջակցության տեսակները, այդ թվում՝ կացարանի ապահովում, բնաիրային օգնություն, հոգեբանական, իրավաբանական խորհրդատվություն, օժանդակում՝ անհրաժեշտ փաստաթղթերի վերականգնման գործընթացում, թարգմանչական ծառայությունների մատուցում, օժանդակում աշխատանքի տեղավորման եւ հիմնական կրթության ապահովման հարցում։ Աջակցության այս տեսակների մատուցումն ապահովվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում ծրագրի շրջանակում, որն իրականցվում է դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպության կողմից։ Գերատեսչությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ նախարարության կողմից իրականացվող մյուս ծրագրի շրջանակում առաջնային կարիքները հոգալու համար միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում թրաֆիքինգի եւ շահագործման զոհերին (այդ թվում՝ հատուկ կատեգորիա հանդիսացող զոհերին)՝ 250,000 դրամի չափով։ «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից 2019 -2020թ. մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել «Թրաֆիքինգի եւ մարդկանց շահագործման դեմ պայքարի վեցերորդ՝ 2020-2022 թթ. ազգային ծրագիրը», որն ընդունվել է ՀՀ կառավարության 2020 թվականի N 909-Լ որոշմամբ։ Թրաֆիքինգի եւ մարդկանց շահագործման դեմ պայքարի վեցերորդ ծրագրով ներկայացված գործողություններն ուղղված են մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը եւ ներառված են 6 հիմնական բաժնում`  մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում,  մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման կանխարգելում, երեխաների թրաֆիքինգի եւ շահագործման կանխարգելում,  մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում,  պաշտպանություն եւ աջակցություն,  միջազգային համագործակցություն,  ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում եւ գնահատում»: Նախարարությունից հարցման պատասխանում նշել են, որ Ազգային ծրագրով առանձնացված գործողություններով նախատեսվում է առավել ընդգրկուն ու համապարփակ դարձնել մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարը, համախմբել ներգրավված կողմերի ուժերը, նպաստել մասնագետների կարողությունների հզորացմանն ու որակավորման բարձրացմանը, երեւույթի առավել արդյունավետ կանխարգելմանը, զոհերի նույնացմանը, բարելավել աջակցությունը եւ հստակեցնել պաշտպանության մեխանիզմները՝ հաշվի առնելով նաեւ երեխայի լավագույն շահը: Ինչ վերաբերում է Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին, նախարարությունն ընդգծել է, որ այն ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի գործընթացում կարեւոր դերակատարում ունի։ «Այն ղեկավարում է ՀՀ փոխվարչապետը․ պարբերաբար հրավիրվող նիստերում քննարկվում են ոլորտի խնդիրները, քաղաքականության առաջնահերթ ուղղությունները»։  Գերատեսչությունից ընդգծել են, որ 2021 թվականի հուլիսի 30-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը հայտարարվել է Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարին ուղղված տեղեկատվական եւ կանխարգելման արշավ, որի շրջանակում կազմակերպվել են բազմաթիիվ քննարկումներ, իրականացվել են մարզային այցելություններ, կազմակերպել վերապատրաստման դասընթացներ։ Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության եւ նախարարության տրամադրած տվյալների որոշակի տարբերությանը, ապա նախարարությունից մեր հարցին ի պատասխան հայտնել են, որ, օրինակ, դեպքը կարող է բացահայտված լինել ավելի շուտ, բայց նույնացման գործընթացը տեղի ունենա ավելի ուշ։  * Հատուկ կատեգորիայի զոհ - մարդկանց թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկված անձ, որը հայտնաբերման պահին եղել է երեխա կամ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձ եւ այդպիսին է ճանաչվել Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի որոշմամբ։ Ի հավելումն նշենք, որ ՀՀ ոստիկանությունը կենտրոնացված հաշվառում չի իրականացնում, թե չափահաս կամ անչափահաս անձանց թրաֆիքինգի համար քանի անձ է դատապարտվել։ Հայարփի Բաղդասարյան
15:01 - 13 հունվարի, 2022
Եղիպատրուշցիների չլսվող ձայնը․ հանրային գերակա շահի ճանաչման որոշում՝ մեկ ընկերության տրամադրած տվյալների հիման վրա

Եղիպատրուշցիների չլսվող ձայնը․ հանրային գերակա շահի ճանաչման որոշում՝ մեկ ընկերության տրամադրած տվյալների հիման վրա

Այս տարվա հուլիսի 29-ին ՀՀ կառավարությունը 1246-Ա որոշմամբ հավանություն տվեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած ներդրումային ծրագրին, որ պետք է իրականացվի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում՝ 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում։ Հետագայում՝ հոկտեմբերի 7-ին, կառավարությունը մեկ այլ որոշմամբ այդ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց։  ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի վարչական սահմաններում գտնվող այն հողամասերի սխեման, որոնց նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ (≈ 580 հա, կանաչ նշումով) Կանաչով ընդգծված հողամասերը Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի վարչական սահմաններում են։ Այս համայնքի բնակիչները, սակայն, անհամաձայնություն ունեն կառավարության որոշումների հետ։ Հողամասերը հանրային գերակա շահ ճանաչելուց հետո՝ հոկտեմբեր ամսին, գյուղի բնակիչները ստորագրահավաքով դիմում են ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ նշելով, որ հանրային գերակա շահ են ճանաչվել նաեւ համայնքի բնակիչների սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասեր եւ վարելահողեր։ Նրանք մտահոգություն ունեն, որ այդ որոշման ընդունման եւ հետագայում իրագործման հետեւանքով բազմաթիվ ընտանիքներ ունեզրկվելու են՝ կորցնելով իրենց հողատարածքների ծանրակշիռ մասը, իսկ որոշ դեպքերում նաեւ ամբողջ անշարժ գույքից՝ բացառությամբ բնակելի տների:    «ՄԱՅԼԵՌ» լեռնային հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագիրը «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությունը, ինչպես վերը նշեցինք, նախատեսում է Ապարանում կառուցել լեռնային հանգստավայր։ Տեղանքի՝ Ընկերության ներկայացրած քարտեզը Ընկերության ներկայացրած նախագծից, որը կառավարության հավանությանն է արժանացել, տեղեկանում ենք, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթը» վստահեցրել է՝ կազմակերպությունն իր վրա է վերցնելու ենթակառուցվածքային այնպիսի ներդրումներ, ինչպիսիք են՝ ճոպանուղու, սահուղիների կառուցումը, արհեստական ձնագոյացման համակարգի ձեռքբերումը եւ տեղադրումը, որոնք, Ընկերության պնդմամբ, առհասարակ իրականացվում են պետության կամ համայնքի կողմից՝ փոխարենը ակնկալելով պետական աջակցություն կոնկրետ ուղղություններով․ «Ծրագրի շրջանակներում նախատեսված ենթակառուցվածքներն իրենց շուրջ են կենտրոնացնելու հյուրանոցային եւ ժամանցային ոլորտներում այլ ներդրողների, որոնք, ներդրումներ կատարելով, նպաստելու են ոլորտի շարունակական զարգացմանը՝ ապահովելով լրացուցիչ աշխատատեղեր տվյալ համայնքի բնակիչների եւ ՀՀ այլ քաղաքացիների համար»,- գրել է ընկերությունը՝ վստահեցնելով, որ այդպիսի ենթակառուցվածքներից ամենակարեւորը ճոպանուղին է: Ընկերության հավաստիացմամբ՝ ճոպանուղիները լինելու են եվրոպական ամենաարդիական տեխնոլոգիաներով հագեցած՝ փակ հոնդոլային տիպի ու արագընթաց։ Ծրագրով նախատեսված ճոպանուղու նախանշված տեսքը Ծրագրի առավելություններ բաժնում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթը» գրել է, որ լեռնային համալիրի կառուցման ընթացքում ներգրավված կլինեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ, իսկ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի շուրջ 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180,000 դրամ աշխատավարձով։  Նշված է, որ կառուցվող համալիրը հնարավորություն է ունենալու սպասարկելու օրական 6000 հաճախորդի։ Ծրագրի իրականացման համար տարեկան միջին ծանրաբեռնվածությունը գնահատվում է շուրջ 200 հազ. հաճախորդ։ Կանխատեսվում է, որ համալիրի շահագործմամբ կստեղծվի տարեկան 12.6 մլրդ դրամ լրացուցիչ ավելացված արժեք, որը կնպաստի ՀՆԱ-ի աճին մոտ 0.2 տոկոսային կետով։ Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը պատրաստվում է շուրջ 15 միլիարդ ՀՀ դրամ ներդնել ճոպանուղու եւ սահուղիների կառուցման համար, 15 միլիարդ դրամի ներդրումներ էլ՝ հյուրանոցային հատվածում։ Ընդհանուր առմամբ 30 մլրդ ՀՀ դրամի ծրագիրն իրականացնելու համար Ընկերությունը ՀՀ կառավարությունից աջակցություն է ակնկալում մի շարք հարցերում, մասնավորապես՝  ճանապարհի եւ ավտոկայանատեղիի կառուցում,  կոմունիկացիաների (գազ, ջուր, հոսանք) անցկացում,  գյուղատնտեսական նշանակության հողերի տարածքում գերակա հանրային շահի ճանաչում (Ընկերությունը նշել է, թե բոլոր հողերը դեռ 90-ականներին անվճար հիմունքներով տրամադրվել են գյուղացիներին եւ ներկայումս չեն օգտագործվում), ազատ տնտեսական գոտու կարգավիճակի տրամադրում,  Զբոսաշրջային կենտրոնի սահմանում եւ պետական ֆինասավորմամբ ծրագրերում եւ գովազդներում ներառում, Խաղատան լիցենզիայի տրամադրում, 580 հա տարածքի տրամադրում` հողատարածքի նպատակային նշանակության փոփոխությունն անհրաժեշտության դեպքում ըստ հատվածների իրականացմամբ։ Մասնավորապես, Ընկերկությունը գրել է, որ, օրինակ, եթե գյուղատնտեսական նշանակության հողատարածքում իրականացվելու է հյուրանոցի կառուցում, համապատասխան փոփոխությունը կատարել միայն այդ հատվածում, եւ այսպես շարունակ։ Ընկերությունը նախատեսում է համապատասխան վճարումներն իրականացնել ծրագրով նշված հողատարածքի կամ դրա հատվածների օտարման դեպքում։  Նշված 580 հա-ին կից 1500 հա տարածքի վարձակալություն (ցանկացած պահի եւ ցանկացած հատված գնելու իրավունքով (նշված 1500 հա տարածքից այն հատվածները, որոնք կհանդիսանան ճոպանուղիների ենթակառուցվածքների եւ շինությունների տեղակայման հողամասեր, ընկերությունը դրանք ձեռք կբերի, իսկ մնացած հատվածները կօգտագործի վարձակալական հիմունքներով), Ծրագիրն իրականացնողի մասնակցությունը քաղաքաշինական փաստաթղթերի հաստատմանը։ Ծրագրի շրջանակում անտառահատումներ են նախատեսվում հետաքրքրություն ներկայացնող հատվածներում (մասնավորապես՝ սահուղու եւ ճոպանուղու համար)։ Փոխարենն ընկերությունը խոստացել է վերականգնել նոր անտառներ։ Ընկերությունը նշել է, որ քանի որ ծրագիրն ունի շարունակական բնույթ, հնարավոր չէ նախօրոք հաշվարկել անտառահատումների ծավալը: Այնուամենայնիվ, կազմակերպությունը պարտավորվում է ապահովել անտառահատման ծավալից մի քանի անգամ ավելի ծավալով անտառի տնկման ֆինանսավորում՝ անկախ վերջինիս ծավալից:  Տարածքը, որ պետք է անտառահատվի (10 հա)  Նախագծի քննարկման ընթացքում «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայրի կառուցման «Մայլեռ» ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին» նախագծի վերաբերյալ կարծիք հայտնելով՝ Արագածոտնի մարզպետարանն իր պատրաստակամությունն է հայտնել՝ իր լիազորությունների եւ իրավասությունների շրջանակներում աջակցելու նշված ներդրումային ծրագրի իրականացմանը մարզի տարածքում։ Միաժամանակ, մարզպետարանը նշել է, որ Ծրագրի նկատմամբ հստակ դիրքորոշում ձեւավորելու նպատակով անհրաժեշտ է ծրագրի ներկայացում եւ քննարկումներ կազմակերպել ինչպես մարզպետարանում, այնպես էլ այն համայնքի բնակչության հետ, որի վարչական տարածքում ենթադրվում է ծրագրի իրականացումը։ Այս առաջարկը մասամբ է ընդունվել՝ նշումով, որ նախագծի քննարկման փուլում նախատեսվում է Կառավարության կողմից հաստատել ներդրումային նախագիծը, որը ներկայացնում է հիմնական ծրագրի հայեցակարգային մոտեցումները։ Վստահեցրել են, որ հետագայում օրենքով սահմանված կարգով իրականացվելու անհրաժեշտ բոլոր քննարկումները եւ հանրային լսումները։  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նշել է, որ ներկայացված Ծրագիրը բոլորովին չի համապատասխանում ներդրումային ծրագրերին առաջադրվող պահանջներին՝ ոչ բովանդակային հագեցվածության, ոչ էլ կառուցվածքի առումով։ Ներկայացված փաստաթուղթն, ըստ նախարարության, ընդամենը արտացոլում է Ընկերության մտադրությունները եւ ցանկությունները, եւ բավականին լուրջ ակնկալիքները կառավարությունից։ Այս համատեքստում նախարարությունն առաջարկել է հիմնովին վերանայել Ծրագիրը եւ այն համապատասխանեցնել ներդրումային ծրագրերին առաջադրվող պահանջներին։ Առաջարկը մասամբ է ընդունվել՝ մեկնաբանությամբ, որ Ծրագրում ամրագրվել է ընկերության կողմից իրականացվելիք ներդրումային ծրագրի մասով անհրաժեշտ տեղեկատվությունը։ Չի բացառվել ծրագրում փոփոխություններ անելու հնարավորությունը։ ՀՀ ֆինանսների նախարարությունը, նշելով, որ Ծրագրով նախատեսվում է խաղատան լիցենզիաների տրամադրում՝ Ջերմուկ քաղաքի համար սահմանված սակագնով, կարծիք է հայտնել, որ ենթադրվում է՝ ՀՀ կառավարությունը պետք է հրաժարվի խաղային բնագավառում արդեն իսկ որդեգրած եւ շարունակաբար իրականացվող քաղաքականությունից: Այն է՝ նախ գործունեությունը պետք է իրականացնել օրենքով նախատեսված 4 վայրերում՝ Ծաղկաձոր, Ջերմուկ, Սեւան, Մեղրի համայնքների վարչական սահմաններում, ինչը նաեւ օրենսդրական շարունակական փոփոխությունների արդյունքում աստիճանաբար իրականացվելու է նաեւ շահումով խաղերի եւ վիճակախաղերի դեպքում, եւ երկրորդ մասնավորի սեփական նախընտրությամբ այլ վայրերում գործունեության գրավչությունը նվազեցնելու համար նախատեսվել է բարձր պետական տուրք եւ 40 մլրդ դրամ ներդրումների պահանջ: Ելնելով վերոշարադրյալից՝ նախարարությունը հայտնել է, որ գրությամբ ներկայացված առաջարկությունը չի համապատասխանում նշված բնագավառի քաղաքականությանը։ Ավելին, ըստ նախարարության, այն հակասում է ոլորտի քաղաքականության տրամաբանությունը, հետեւաբար նման աջակցության տրամադրումը համարում են ոչ նպատակահարմար: Խաղատան լիցենզիա, այդուհանդերձ, տրամադրվել է։  Ի դեպ՝ նախարարությունը նշել է նաեւ, որ Նախատեսվում է Ծրագրի իրականացման շրջանակներում տարածքի նկատմամբ հանրային շահի ճանաչում, սակայն պարզ չէ, թե ով է հանդիսանալու բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչվող տարածքների ձեռքբերող` Հայաստանի Հանրապետությունը, թե՞ ներդրող կազմակերպությունը: Եթե ձեռքբերողը, ըստ նախարարության, հանդիսանալու է Հայաստանի Հանրապետությունը, ապա այն պետության համար կարող է առաջացնել լրացուցիչ ֆինանսական պարտավորություն։ Պատասխան է ստացվել, որ հանրային շահ ճանաչվող տարածքների ձեռքբերող հանդիսանալու է ներդրող կազմակերպությունը (ինչի մասով վերջինիս կողմից լրացում է կատարվել ներկայացված ծրագրում), հետեւաբար պետության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորությունների առաջացման ռիսկը բացակայում է։  Գերատեսչությունների կարծիքների առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ «ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշման նախագծի քննարկումների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ մինչ տվյալ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելն անհրաժեշտ է քննարկել «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայրի կառուցման «Մայլեռ» ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի վերաբերյալ նախարարությունը վերը ներկայացված դիրքորոշումն էր հայտնել։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն այս նախագծի վերաբերյալ առարկություններ եւ առաջարկություններ չի ունեցել։  Գերատեսչությունների կարծիքների առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Բնակիչները մտահոգ են՝ զրկվելու են իրենց հողատարածքներից Եղիպատրուշ համայնքի բնակիչները գրավոր դիմել են Էկոնոմիկայի նախարարին՝ տեղեկացնելով, որ որոշումը կայացնելուց առաջ հանրային լսումներ չեն եղել, նրանք իրենց մտահոգությունն են հայտնել նաեւ, որ իրենց կամքին հակառակ եւ դեռ անհայտ գումարի դիմաց զրկվելու են իրենց հողատարածքներից ու դրանք մշակելու հնարավորությունից։ Բնակիչները նախարարին տեղեկացրել են, որ համայնքի այն բնակիչները, որոնք նշված տարածքներում ունեն սեփական հողատարածքներ, արդեն ստացել են ծանուցագրերը, որտեղ առկա է նաեւ արբանայակային նկար. դրա վրա արված նշումների համաձայն՝ հանրության գերակա շահ են ճանաչվել նաեւ այնպիսի վայրեր, որտեղ գտնվում են Եղիպատրուշ գյուղը սնուցող խմելու եւ ոռոգման ջրերի ակունքները, ինչպես նաեւ դրանց գյուղ մտնող ուղիները:  Նրանք նախարարից պահանջել են իրենց տրամադրել տեղեկություն հանրային լսումների ձեւաչափի, անցկացման ժամանակահատվածի, ինչպես նաեւ հանձնաժողովի կազմի վերաբերյալ, եթե այդպիսին եղել է: Բացի դրանից՝ կառավարության որոշման մեջ նախաձեռնել փոփոխություն, որի համաձայն հանրության գերակա շահ ճանաչված հողատարծքների ցանկից բացարձակապես կհանվեն տնամերձ հողամասերն ու այն վայրերը, որտեղ գտնվում են խմելու եւ ոռոգման ջրի ակունքները, ինչպես նաեւ դրանց՝ գյուղ մտնող ուղիները: «Պահանջում ենք հանրային գերակա շահ ճանաչված վարելահողերի վերաբերյալ կատարել որոշակի վերապահումներ՝ հաշվի առնելով, որ դրանց մի մասը բազմաթիվ տնային տնտեսությունների համար եկամտի հիմնական կամ միակ աղբյուրն է, ինչպես նաեւ վարելահողերի օտարման գների վերաբերյալ տրամադրել հստակ տեղեկատվություն, եւ դա ի վերջո համաձայնեցնել համայնքի բնակիչների հետ` սահմանելով այնպիսի գներ, որոնք կկոմպենսացնեն տնային տնտեսությունների հետագա տարիների կորուստները»,- ասված է բնակիչների դիմումի մեջ՝ նշումով, որ վերոհիշյալ պահանջները քննարկելու նպատակով անհրաժեշտ է Եղիպատրուշ գյուղում ՀՀ կառավարության ներկայացուցիչների եւ գյուղի բնակչության հետ հրատապ կերպով հանդիպում կազմակերպել: Բնակիչներն իրենց դիմումի մեջ նշել են, որ եթե նշված հարցերի շուրջ ՀՀ կառավարությունը ցուցաբերի անտարբեր վերաբերմունք, ապա համայնքի բնակչությունն իր իրավունքների պաշտպանության նպատակով կկատարի բողոքի ակցիաներ, եւ կառավարության որոշումը կբողոքարկի տարբեր ատյանների դատարաններում՝ ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:   Նախարարության անորոշ պատասխանն՝ Infocom-ին Infocom-ն այս տարվա նոյեմբերի 15-ին գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել այն մասին, թե արդյոք ՀՀ կառավարությունը համապատասխան որոշման ընդունումից առաջ Եղիպատրուշ գյուղի բնակիչների հետ հանդիպումներ եղե՞լ են, հանրային լսումներ կազմակերպվե՞լ են, նրանց կարծիքները որոշումն ընդունելուց առաջ քննարկվե՞լ են։ Ի թիվս այլնի՝ խնդրել էինք նշել, թե Եղիպատրուշ գյուղի քանի՞ բնակիչ «Հանրային գերակա շահ» ճանաչված տարածքում ունի սեփական հողատարածքներ, եւ թե «Հանրային գերակա շահ» ճանաչված հողատարածքների ո՞ր մասն է հանդիսանում վարելահող՝ մասնավորապես Եղիպատրուշ գյուղի վարչական տարածքում։ Նախարարությունը մեր հարցմանը պատասխանեց օրենքով սահմանված ժամկետների խախտումով՝ դեկտեմբերի 6-ին։ Հարցման պատասխանում նախարարությունը վստահեցրել է, որ մինչ որոշման ընդունումը՝ եղել են բազմաթիվ քնարկումներ շահագրգիռ մարմինների, այդ թվում' Ապարան համայնքի ներկայացուցիչների հետ, սակայն չի նշել, թե որ ներկայացուցիչների մասին է խոսքը․ «Միաժամանակ, ներդրող ընկերության կողմից իրականացվել են մի շարք հանդիպումներ Եղիպատրուշ գյուղի բնակիչների հետ: Որոշման ընդունումից հետո կազմակերպվել է առաջին հանրային լսումը սույն թվականի նոյեմբեր ամսին»,- գրել են նախարարությունից: Թե Եղիպատրուշ գյուղի քանի բնակիչ «Հանրային գերակա շահ» ճանաչված տարածքում ունի սեփական հողատարածքներ, եւ թե հողատարածքների ո՞ր մասն է հանդիսանում վարելահող, նախարարույթունից ըստ էության չեն պատասխանել՝ նշելով միայն, որ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ցանկը եւ սխեման, որոնց նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ, հաստատված են հիշատակված որոշմամբ։ Գերատեսչությունից հավելել են նաեւ, որ այդ որոշման հավելված 1-ով հաստատվել են համայնքի վարչական սահմաններում գտնվող այն հողամասերի ցանկը եւ կադաստրային ծածկագրերը, որոնց նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ: Այդ հողամասերի ծածկագրերն, ի դեպ, 745-ն են։ Առավել մանրամասն տեղեության ստացման նպատակով նախարարությունն առաջարկել է դիմել Կադաստրի կոմիտեին եւ/կամ ներդրող ընկերությանը: Ինչ վերաբերում է գներին, որոնցով օտարվելու են «Հանրային գերակա շահ» ճանաչված հողատարածքները, վարելահողերը, նախարարությունից այսպես են պատասխանել․  «Որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված հողատարածքները օտարվելու են օրենսդրությամբ սահմանված դրույթներով: ՀՀ հողային օրենսգրքի 104-րդ հոդվածի 1- ին մասի համաձայն՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով հողամասի սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով՝ միայն նախնական եւ համարժեք փոխհատուցմամբ:  Մասնավորապես, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում:  Նույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն՝ օտարվող սեփականության շուկայական արժեքը բաց եւ մրցակցային շուկայում սեփականություն հանդիսացող գույքի վաճառողի եւ գնորդի գիտակցաբար, արդարացի առեւտրի պայմանների պահպանմամբ եւ օրինական գործողությունների արդյունքում ձեւավորվող, գույքի վաճառքի առավել հավանական գինն է: Եթե օտարվող սեփականության համար առկա չէ համապատասխան բաց եւ մրցակցային շուկա, ապա սեփականության շուկայական արժեքը որոշվում է այնպիսի հաշվարկման մեթոդով, որն արդարացի կհամարի դատարանը:  Անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների շուկայական արժեքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Հետեւաբար, որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքներն օտարվելու են վերը նշված գնահատման գործընթացի արդյունքում ձեւավորված գնով»,- ասված է մեր հարցման պատասխանում: Ի հավելումն՝ նախարարությունից վստահեցրել են, որ Եղիպատրուշ գյուղի այն բնակիչները, որոնք նշված տարածքում ունեն սեփականություն հանդիսացող հողատարածք, օրենդրության համաձայն ստանալու են համարժեք փոխհատուցում՝ համաձայն հիշատակված՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի․ այդ հոդվածը սահմանում է նաեւ, որ համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը:   Էկոնոմիկայի նախարարությունը ավելի քան մեկ ամիս հետո է պատասխանել բնակիչների դիմումին Էկոնոմիկայի նախարարությունից բնակիչների դիմումին արձագանքել են ավելի քան մեկ ամիս անց, ընդ որում՝ միայն մեր հարցադրումներից հետո։ Ի պատասխան եղիպատրուշցիների գրության՝ նախարարությունից մեկնաբանել են, որ կառավարության որոշմամբ հավանություն ստացած՝ «Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ՝ ա. ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա մարզի նկատմամբ գրավչությունը, կբարելավվի զբոսաշրջությունը, ինչը բնականաբար կունենա սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն մարզի եւ ամբողջ Հանրապետության համար, բ. ծրագրի իրականացումը կունենա նաեւ բնապահպանական, առողջության, սպորտի, մշակույթի զարգացման նշանակություն։ Նախարարությունից շեշտել են, որ ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց հիշատակված անշարժ գույքի միավորների օտարման: Նախարարությունից բնակիչներին էլ են հայտնել, որ Որոշման նախագիծը բազմիցս քննարկվել է շահագրգիռ մարմինների, այդ թվում՝ Արագածոտնի մարզպետարանի հետ: Գերատեսչությունն իր պատասխանում նշել է, որ որոշման նախագծին հավանություն տալու հանձնաժողովի մասով տեղեկատվություն առկա չէ:  «Բացի դրանից՝ ըստ ներդրող «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության տրամադրած տեղեկատվության՝ մինչ որոշման ընդունումը եղել են բազմաթիվ հանդիպում-քննարկումներ Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Եղիպատրուշ վարչական բնակավայրի բնակիչների հետ, որոնց ընթացքում վերջիններս ներկայացրել են իրենց կարծիքները, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ դրական տրամադրվածությունը Ընկերության կողմից իրականացվելիք ներդրումային ծրագրի մասով՝ հաշվի առնելով, որ ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա մարզի նկատմամբ գրավչությունը, կբարելավվի զբոսաշրջությունը, ինչը բնականաբար կունենա սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն մարզի եւ ամբողջ հանրապետության համար»,- գրել են նախարարությունից: Այսինքն՝ նախարարությունը միայն ՓԲԸ-ի տրամադրած տեղեկության վրա հիմնվելով է արձանագրել, որ բնակիչների հետ հանդիպումներ են եղել, իսկ ահա բնակիչներն իրենց դիմումի մեջ հակառակն են պնդել։ Պատմելով, թե ինչ է նախատեսվում ներդրումային ծրագրով, քանի աշխատատեղ է խոստացվել, որքան ներդրում է արվելու՝ նախարարությունը գրել է, թե որոշման ընդունման արդյունքում հիշյալ համայնքում բնակչության զբաղվածության մակարդակը ոչ միայն կտրուկ անկում չի ապրել եւ որեւէ ընտանիք չի զրկվել իր հողատարածք/ների ամբողջ մասից, այլեւ նախատեսվում է, որ առաջիկայում Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն մարզի եւ տվյալ բնակավայրի սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Ի դեպ, նախարարությունը, դարձյալ հղում անելով միայն Ընկերությունից ստացած տեղեկությանը, բնակիչների դիմումին ի պատասխան նշել է, թե որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքներում խմելու եւ ոռոգման ջրի ակունքներ առկա չեն: Ինչ վերաբերում է հողատարածները կորցնելու դեպքում ենթադրվող փոխհատուցման վերաբերյալ բնակիչների հարցադրումներին՝ նախարարությունը դիմումի պատասխանում հիշատակել է այն օրենսդրական կարգավորումները, որոնք նշել էր նաեւ մեր հարցման պատասխանում․ «ՀՀ Եղիպատրուշ գյուղի այն բնակիչները, որոնք նշված տարածքում ունեն սեփականություն հանդիսացող հողատարածք, օրենսդրության համաձայն ստանալու են համարժեք փոխհատուցում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարի չափով: Միաժամանակ, ըստ Ընկերությունից ստացված տեղեկատվության՝ որոշակի դեպքերում հողի օգտագործման տեսանկյունից կկատարվեն վերապահումներ՝ համաձայներված համայնքի բնակիչների հետ»,- գրել են նախարարությունից՝ պատրաստակամություն հայտնելով իրենց լիազորությունների շրջանակում հանդիպելու եւ աջակցելու Եղիպատրուշ վարչական բնակավայրի բնակիչներին: Վերջիններս, սակայն, նշում են, որ գուցե այդ փոխհատուցումները համարժեք են կառավարության եւ Ընկերության համար, բայց աղետալի են իրենց համար։ Բնակիչներին նախարարությունից տեղեկացրել են նաեւ, որ հաջորդ հանրային լսումը նախատեսված է իրականացնել եկող տարվա ընթացքում:   Բնակիչներն առարկություններով գրություն են ուղարկել ՄԻՊ գրասենյակ Նշենք, որ ՄԻՊ գրասենյակ կատարած մեր զանգից հետո միայն Եղիպատրուշի բնակիչներին Պաշտպանի աշխատակազմից տեղեկացրել են, որ իրենք գյուղացիների դիմումի վերաբերյալ նախարարությունից նույնաբովանդակ պատասխան են ստացել։ Գրասենյակից բնակիչներին առաջարկել են իրենց առարկությունները ներկայացնել, եթե այդպիսիք կան։ Առարկությունները ներկայացվել են։ ՄԻՊ ուղարկած իրենց գրության մեջ բնակիչներն առանձնացրել են Ընկերության ծրագրի այն կետերը, որոնք, իրենց պնդմամբ, կեղծիք են պարունակում։ Ընկերությունը նշել էր, որ տարածքի նկատմամբ գերակա հանրային շահ է ճանաչվում միայն գյուղատնտեսական նշանակության հողերի հատվածում, պնդումով, որ բոլոր հողերը դեռ 90-ականներին անվճար հիմունքներով տրամադրվել են գյուղացիներին եւ ներկայումս չեն օգտագործվում:  Բնակիչներն այս պնդումը կեղծիք են համարում՝ նշելով, որ ՀՀ Կառավարության 07.10.2021թ. թիվ 1661-Ա որոշմամբ գերակա շահ են ճանաչվում ոչ միայն գյուղատնտեսական նշանակության հողամասեր, այլեւ առնվազն 115 տնամերձ հողամասեր, որոնք ոչ միայն գյուղատնտեսական նշանակության հողամասեր չեն, այլեւ հանդիսանում են բնակավայրերի հողեր: Եղիպատրուշցիները բացահայտ սուտ են համարում նաեւ այն պնդումը, թե այդ հողերը ներկայում չեն օգտագործվում։ Նրանք իրենց առարկության մեջ նշել են, որ այդ հատվածում գտնվող, 90-ական թվականներին սեփականաշնորհված, սեփականության իրավունքով իրենց պատկանող, ինչպես նաեւ իրենց կողմից վարձակալված համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերում տարիներ շարունակ ցանել են տարբեր հացահատիկային եւ կերային մշակաբույսեր ու հիմնականում լավ բերք են ստացել, վատագույն դեպքում, երբ որոշ տնտեսություններ ինչ-որ մի տարի կամ տարիներ ոչինչ չեն ցանել, այնուամենայնիվ այդ տարածքներից հնձել են խոտ, իսկ հնձելը եւ որոշակի քանակությամբ անասնակեր հայթաթելը, նրանց խոսքով, նույնպես նշանակում է մշակել: Բնակիչները շեշտել են, որ գերակա շահ ճանաչված այդ հողամասերն իրենց վարչական տարածքի ամենաբերքատու հողատարածքներն են: Նրանք վստահեցնում են, գերակա շահի մեջ հայտնված տնամերձ հողամասերը 90-ականներին չեն տրվել գյուղացիներին, դրանք' որպես տնամերձ հողամասեր, իրենց սեփականությունն են հանդիսացել դեռեւս խորհրդային տարիներից: Ընկերության ներկայացրած նախագծում նշված էր նաեւ, որ 1500 հա տարածքից այն հատվածները, որոնք կհանդիսանան ճոպանուղիների ենթակառուցվածքների եւ շինությունների տեղակայման հողամասեր, ընկերությունը դրանք ձեռք կբերի, իսկ մնացած հատվածները կօգտագործի վարձակալական հիմունքներով: Այս դրույթը բնակիչների համար անհասկանալի է։ Նրանք իրենց գրության մեջ մեկնաբանել են, որ 1500 հա մակերեսով տարածքի մեջ են մտնում իրենց վարչական տարածքի արոտավայրերի ծանրակշիռ մասը, անտառներն ամբողջությամբ, խմելու եւ ոռոգման ջրերի ակունքները ամբողջությամբ, ինչպես նաեւ դրանց գյուղ մտնող ուղիները գրեթե ամբողջությամբ, նշված տարածքի մեջ են մտնում նաեւ մոտ 100 հա ընդհանուր մակերեսով, սեփականության իրավունքով իրենց պատկանող գյուղատնեսական նշանակության հողամասեր: Նրանք հարցեր են բարձրացնում՝ Ծրագիրն իրականացնողներն օգտագործելո՞ւ են իրենց ջրային ռեսուրսները, թե՞ ոչ, իրենց հողամասերը պարտադրված վաճառելո՞ւ են, թե՞ ոչ, պարտադրված վարձակալությամբ տալո՞ւ են, թե՞ ոչ, իրենց արոտավայրերը օգտագործել կարողանալո՞ւ են, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է ջրային ավազաններին՝ բնակիչները ենթադրում են, որ նշված տարածքներում սեփականատեր կամ վարձակալ դարձած ընկերությունը կամ ընկերությունները իրենց գործունեության ընթացքում հնարավոր է կուտակիչ ավազաններ կառուցեն եւ ջուրն օգտագործեն իրենց կարիքների համար' ջրազրկելով մի ամբողջ բնակավայր, որն աղետալի հետեւանքներ կունենա Եղիպատրուշ գյուղի համար: Ի դեպ, Եղիպատրուշ բնակավայրի ղեկավար Մարզպետ Գրիգորյանն Infocom-ի հետ զրույցից հետո չհամաձայնեց հրապարակել իր պատասխանները՝ առաջարկելով դիմել այլ մարմինների։   Ընկերության նախաձեռնություններից մեկը մի անգամ արդեն ձախողվել է Ինչպես նշեցինք, ներդրումային ծրագիրը «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությունն է ներկայացրել։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենը Մհեր Բաղդասարյանն է։ Այս ներդրումային ծրագիրը, սակայն, «Մայլեռ Մաունթայն Ռեզորթի» համար առաջինը չէ։ Դեռեւս 2018-ին այս ընկերությունը կոչվում էր «Մայմեխ սկի ռեզորթ», այն նախատեսում էր Լոռու մարզում՝ Մայմեխ լեռան լանջին, լեռնադահուկային համալիր ստեղծել։ Այդ ժամանակ, ինչպես եւ այս անգամ, Ընկերությունը հայտարարում էր, որ Մայմեխի ծրագիրը նախադեպը չունի Հայաստանում։  2018 թվականի մարտի 6-ին գործադիրը «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ին թույլատրել էր 584 հեկտար մակերեսով տարածքում օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրություն անել` չափագրումներ, նկարահանումներ կատարել ու կազմել օտարման ենթակա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները: 2019թ․ հոկտեմբերի 10-ին՝ մեկուկես տարի անց, կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց վերոնշյալ որոշումը։ Բանն այն է, որ հողերի նախնական ուսումնասիրության ընթացքում պարզվել էր, որ օտարման ենթակա հողերի վրա գործում են հասարակության եւ պետության կարիքների համար նախատեսված սեփականութուններ, որոնց օտարումն օրենքով սահմանափակված է։ Ի դեպ, Անտառաշեն գյուղի բնակիչներից շատերը դեմ էին այդ ծրագրի իրականացմանը, քանի որ լեռնադահուկային սահուղին անցնելու էր համայնքի վարչական տարածքով, մարդկանց տների ու արոտավայրերի տեղով: Ի վերջո, Մայմեխի լանջին լեռնադահուկային համալիրի կառուցման ծրագիրը չիրականացավ։  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2017-ի դեկտեմբերի վերջին։ Հետք-ի մեր գործընկերներն այս տարվա մայիսին գրել էին, որ «Մայմեխ սկի ռեզորթ» ընկերության կանոնադրությունից պարզ է դառնում, որ ՓԲԸ-ի հիմնադիրը «Միկշին» ՍՊԸ-ն է, որի սեփականտերը Տիգրան Հարությունյանն է՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Վահան Հարությունյանի եղբայրն է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխաիլ Հարությունյանի որդին։   Եղիպատրուշցի Սամվելը վստահեցնում է՝ կգնա մինչեւ Եվրոդատարան Եղիպատրուշ համայնքի բնակիչ Սամվել Մաթեւոսյանն Infocom-ի հետ զրույցում պատմեց՝ իրենք են հանդիպումներ պահանջել, Ընկերությունը կամ նախարարությունն իրենց կամքով ոչ մի անգամ չեն հանդիպել բնակիչներին։ Մաթեւոսյանի խոսքով՝ միայն մի անգամ են Ընկերության ներկայացուցիչները լսել բնակիչներին, այն էլ միայն իրենց հարմար ժամանակ․ «Մոտ մի քսան օր իրենց էդ հանդիպումը չարեցին, մինչեւ հարմարացրեցին իրենց, ուրիշ հանդիպում չի եղել։ Մի անգամ են եկել՝ մեր՝ գյուղացիների պահանջով»։ Մաթեւոսյանի խոսքով՝ տեղացիները ծրագրին դեմ չեն, իրենց մտահոգությունն իրեն հողերի վերաբերյալ է․ «Մեր սեփականություն հանդիսացող հողերը, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, գերակա շահ են ճանաչել։ Էդտեղ մարդկանց տնամերձ հողամասերն են, անմիջապես տներին կպած, որոնով գյուղացին ապրում է։ Թե չէ դեմ չենք ծրագրին, ուղղակի մեզ ճիշտ չի հասկանում էս պետությունը, կառավարությունը»,- նշեց մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝ իրականությանը չի համապատասխանում Ընկերության այն պնդումը, թե այդ հողերը տարիներով չեն օգտագործում։ Տեղացիներն Ընկերության ներկայացուցիչներին առաջարկել են գնալ ու իրենց աչքով տեսնել, որ այդ հողերը մշակվում են, սակայն առաջարկին չեն անսացել․ «Իմ տան հետեւը մենակ 35 ծառ կա, մեզ սնող էդ մի կտոր հողն է, դրանով է գյուղացին ապրում»։ Եղիպատրուշի բնակչի խոսքով՝ այդ ամբողջ հատվածում ոռոգման ցանց է քաշած, մոտ 800 հա։ «Ապարանի ջրամբարից ցանցը պատրաստ է, օգտագործվում է, մարդկանց սեփականությունից զրկեն, վրան բան կառուցե՞ն։ Խմելու ջրի, ոռոգման ջրի ակունքների հատվածն ընկնում է էդ գերակա շահ ճանաչված հատվածում։ Եթե ջուրը չկարողանան կտրեն, էսօր գյուղացուն հացից են կտրում»,- մտահոգություն հայտնեց մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝ կառավարություն են գնացել՝ հանդիպելու վարչապետի հետ ու քննարկելու հարցը, սակայն իրենց հայտնել են, որ վարչապետն ընդունելություն չունի։ Մաթեւոսյանի խոսքով՝ ՄԻՊ գրասենյակից նույնպես պատասխան չեն ստացել, թեպետ Պաշտպանին նույնպես գրավոր դիմում են ներկայացրել։ «Ես մինչեւ վերջ գնալու եմ։ Անձամբ ես Վարչական դատարան եմ դիմել։ Մինչեւ Եվրոպական դատարան գնալու եմ։ Ես ասել եմ՝ հող չեմ զիջի»,- եզրափակեց Եղիպատրուշի բնակիչ Սամվել Մաթեւոսյանը։ Այսպիսով, ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ներդրումային մի ծրագիր, որի վերաբերյալ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը որոշակի վերապահումներ ու նկատառումներ է ունեցել՝ նշելով, որ Ծրագիրը բոլորովին չի համապատասխանում ներդրումային ծրագրերին առաջադրվող պահանջներին՝ ոչ բովանդակային հագեցվածության, ոչ էլ կառուցվածքի առումով։ Բացի դրանից՝ կառավարության որոշման հիմքում դրվել են բացառապես կազմակերպության տրամադրած տեղեկությունները։ Եւ չնայած կառավարությունը նախագծի քննարկման ընթացքում խոստացել էր հանրային լսումներ ու քննարկումներ կամակերպել, Եղիպատրուշի բնակիչները պնդում են, որ այդպիսիք չեն եղել, այլ միայն մեկ հանդիպում է եղել Ընկերության որոշ ներկայացուցիչների հետ, որին գյուղապետն անգամ չի մասնակցել։  Հայարփի Բաղդասարյան
13:31 - 13 հունվարի, 2022
Բացակայող սկզբնաղբյուրներ․ Ղազախստանի դեպքերի լուսաբանումը հայկական մի քանի լրատվամիջոցներում

Բացակայող սկզբնաղբյուրներ․ Ղազախստանի դեպքերի լուսաբանումը հայկական մի քանի լրատվամիջոցներում

2022-ի առաջին օրերին Ղազախստանում գազի գնի թանկացման դեմ բողոքի ակցիաներ սկսվեցին։ Ցույցերը շարունակվեցին գազի գնի իջեցումից և կառավարության հրաժարականից հետո։ Երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, կան զոհեր, վիրավորներ և ձերբակալվածներ։ Ղազախստանի նախագահի՝ ՀԱՊԿ-ին դիմելուց հետո Հայաստանի վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր։ Խաղաղապահ ուժերն այս պահին Ղազախստանում են։ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունն այսօր հայտնել է, որ երկրում իրավիճակը կայունացել է։ Այս օրերին հայաստանյան լրատվամիջոցները Ղազախստանում կատարվող իրադարձությունների մասին լուրերը հաղորդում են՝ հղում անելով մեծամասամբ ռուսական լրատվամիջոցներին, որոնց աղբյուրներն էլ Ղազախստանի պաշտոնական գերատեսչություններն են և ղազախական լրատվամիջոցները։ Սակայն երբեմն կարելի է հանդիպել դեպքերի, երբ հայաստանյան լրատվամիջոցները ներկայացնում են Ղազախստանում կատարված այս կամ այն դեպքը՝ առանց հստակ նշելու, թե որն է լուրի սկզբնաղբյուրը։ Այդպիսի դեպքերում դժվար է որոշել՝ հավաստի՞ է լուրը, թե՞ ոչ, կամ ինչ շրջանակներ են այն տարածել։ Infocom-ն ուսումնասիրել է հունվարի 5-ից 8-ը ներառյալ հայաստանյան մի քանի լրատվամիջոցներում (1lurer.am, armenpress.am, news.am, auroranews.am) Ղազախստանի դեպքերի վերաբերյալ բոլոր հրապարակումները և առանձնացրել նրանք, որտեղ բացակայում են կամ ոչ լիարժեք են ներկայացված լուրերի սկզբնաղբյուրները։ Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքը հունվարի 6-ին հրապարակել է «Աքթոբեի օդանավակայանի հսկողությունը վերականգնվել է» վերտառությամբ հոդված, որտեղ, հղում անելով ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը, նշում է․ «Աքթոբեի օդանավակայանն ազատել են հանցագործներից և վերադարձրել Ժամբիլի շրջանի ղեկավարության հսկողությանը»։ «ՏԱՍՍ»-ում Աքթոբեի օդանավակայանի վերաբերյալ լուրն իսկապես հրապարակված է, սակայն այլ ձևակերպմամբ։ Գործակալությունը հայտնում է, որ Ղազախստանում իրավապահ մարմինները ցուցարարներից ազատել են օդանավակայանը և նշում, որ այդ տեղեկությունը փոխանցում է ղազախական «Խաբար 24» հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի վարչակազմին։ Այնուհետև «ՏԱՍՍ»-ը մեջբերում է հեռուսաալիքի մեկնաբանի խոսքերը․ «Աքթոբեի օդանավակայանն ազատագրել են հանցագործներից»։  Փաստորեն, «ՏԱՍՍ»-ը չի տալիս «օդանավակայանն ազատագրվել է հանցագործներից» ձևակերպումը, այլ պարզապես նյութում մեջբերում է ղազախական հեռուսատնկերության մեկնաբանի խոսքերը։ 1lurer.am-ը, սակայն, այս ձևակերպումը ներկայացնում է որպես գործակալության ձևակերպում։ Նույն նյութում, կրկին հղում անելով «ՏԱՍՍ»-ին, նշվում է, որ Ալմաթիում ցուցարարները շրջափակել են երկու կլինիկական հիվանդանոց և թույլ չեն տալիս հիվանդներին ու բուժանձնակազմին ներս մտնել։ «Ավազակային կազմավորումները հարձակվում են բժիշկների վրա, ավելի քան 10 բուժաշխատող տուժել է հանցագործների գործողություններից, հաղորդում է գործակալությունը («ՏԱՍՍ»-ը- խմբ․)։ Հիմնականում ծանրաբեռնված են վիրաբուժական և վերակենդանացման բաժանմունքները»,- ասվում է 1lurer.am-ի հոդվածում։ «ՏԱՍՍ»-ում այս լուրը ևս հրապարակվել է։ Գործակալությունը նշում է, որ լուրը հաղորդվել է  «Խաբար 24»-ի ուղիղ եթերում՝ հղում անելով Ալմաթիի պարետատան տեղեկություններին։ 1lurer.am-ի հոդվածում նաև նշվում է, որ Ալմաթիում կողոպտիչները հարձակման են ենթարկվել «Միր», «Ղազախստան», «Խաբար», «Եվրասիա» և KTK հեռուստաընկերությունների գրասենյակները։  «ՏԱՍՍ» գործակալությունն, ինչպես նախորդ լուրերի դեպքում, այս լուրը ևս հրապարակել է՝ հղում անելով «Խաբար 24» հեռուստաընկերությանը։   Այսպիսով, Ղազախստանում կատարվող իրադարձությունների մասին լուրերը 1lurer.am-ի հոդվածում ներկայացնում են «ՏԱՍՍ» գործակալությանը վերագրվող որակումներով, սակայն գործակալությունը «ավազակային կազմավորումները հարձակվում են բժիշկների վրա», «օդանավակայանն ազատագրվել է հանցագործներից» ձևակերպումները մեջբերել է ղազախական «Խաբար 24» հեռուստաալիքի մեկնաբանից։ Հունվարի 7-ին auroranews.am-ը հրապարակել է «Ղազախստանի իշխանությունները դադարել են օգտագործել «Նուր-Սուլթան» անունը» վերտառությամբ հոդված՝ հղում չանելով որևէ աղբյուրի։ Նյութի սկզբնաղբյուրը «Դոժդն» է, որի եթերում  նման հայտարարություն է արել ղազախական լրատվամիջոցներից մեկի լրագրողը։ Ղազախստանի պաշտոնական հայտարարություններում, սակայն, Նուր-Սուլթան անունը կարելի է հանդիպել հունվարի 7-ին արված այս հայտարարությունից հետո (1, 2)։ Նշենք, որ Ղազախստանի գերատեսչությունների կայքերը երբեմն կարող են անհասանելի լինել։ Auroranews.am-ը հրապարակել է «Նազարբաևն ու իր դուստրերն ընտանիքներով լքել են երկիրը» վերտառությամբ նյութ՝  նշելով, որ այդ մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։ Իսկ սկզբնաղբյուրն, ամենայն հավանականությամբ, Orda.kz ալիքն է, որը տեղեկությունը հայտնել է՝ հղվելով իր աղբյուրներին։ Նազարբաևի խոսնակն, ի դեպ, հերքել է այս լուրը։  Կայքը հրապարակել է «ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես ցուցարարներին հաց ու ջուր էի տարել, եկա ու խանութս թալանված գտա». ղազախ կինը ցուցադրել է ավերված խանութը» վետառությամբ հոդված և նշել, որ սկզբնաղբյուրը «Риа Новости»-ին է: «Риа Новости»-ի կայքում և տելեգրամյան ալիքում, սակայն, իր թալանված խանութի մասին պատմող ղազախ կնոջ մասին հրապարակում չկա: Սկզբնաղբյուրն, ամենայն հավանականությամբ, riafan.ru-ն է, որտեղ նման բովանդակությամբ լուր է հրապարակվել հունվարի 6-ին։ Ղազախստանում ոստիկանները նույնպես սկսել են կրակել ցուցարարների ուղղությամբ նյութում auroranews.am-ը կրկին սկզբնաղբյուր չի նշում: Այս դեպքում նյութի աղբյուրն, ամենայն հավանականությամբ, տելեգրամյան ալիքներից մեկն է։ Այսպիսով, մեր առանձնացրած հրապարակումներում լրատվամիջոցները ներկայացրել են Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկություններ՝ առանց նշելու, թե կոնկրետ որ լրատվամիջոցը, պաշտոնյան կամ անձն է հայտնել լուրը։ Եղել են դեպքեր, երբ լուրը հաղորդվել է միջնորդավորված՝ առանց սկզբնաղբյուրին հղում տալու։ Այս ամենը տեղեկատվական մեծ հոսքի մեջ դժվարացնում է տարբերակել հավաստի և ոչ հավաստի տեղեկությունները։ Բացի այդ՝ ընթացող գործընթացներն ըմբռնելու համար կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է հաղորդվում, այլ նաև՝ թե ով է հաղորդում տվյալ լուրը և ինչ համատեքստում։  Գլխավոր լուսանկարը՝ ria.ru-իցԱննա Սահակյան
17:55 - 10 հունվարի, 2022
Խառնաշփոթ՝ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնների անվանումների շուրջ․ ե՛ւ ԱԽ-ն, ե՛ւ Սուրեն Սարգսյանը սխալվում են

Խառնաշփոթ՝ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնների անվանումների շուրջ․ ե՛ւ ԱԽ-ն, ե՛ւ Սուրեն Սարգսյանը սխալվում են

Հայաստանյան պաշտոնական հայտարարություններում եւ լրատվամիջոցներում տարբեր ժամանակահատվածներում տարբեր կերպ են ներկայացվում Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնների անվանումները, ինչը տարընկալումների եւ շփոթության առիթ է դառնում։ Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ անվտանգության խորհուրդը մամուլի հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Այցի շրջանակում, ըստ ԱԽ մեկ այլ հաղորդագրության, Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով ԱԽ այս հաղորդագրությանը, ֆեյսբուքյան իր էջում ի թիվս այլնի գրեց․ «Արմեն Գրիգորյանը հանդիպել է ոչ թե Պետքարտուղարի ՏԵՂԱԿԱԼԻ պաշտոնակատարին, այլ պետքարտուղարի ՕԳՆԱԿԱՆԻ պաշտոնակատարին»։ Infocom-ը որոշեց պարզել, թե ինչ պաշտոն է զբաղեցնում ԱԽ հաղորդագրության մեջ հիշատակված Դերեք Հոգանը ԱՄՆ պետքարտուղարությունում, եւ առհասարակ, ինչպես է այն ներկայացվում հայաստանյան մամուլում և պաշտոնական հաղորդագրություններում։ Դա հասկանալու համար դիտարկենք ԱՄՆ պետքարտուղարության կառուցվածքի գծապատկերը, որը հասանելի է Պետքարտուղարության պաշտոնական կայքում։  Գծագրից ակնհայտ է, որ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալները (Deputy Secretary of State, նշված են կարմիր գույնով) եւ Եվրոպական եւ Եվրասիական հարցերով բյուրոն (Bureau of European and Eurasian Affairs, նշված է կանաչ գույնով), որում աշխատում է Դ․ Հոգանը, տարբեր հարթություններում են, ընդ որում, գծագրում նշված է այդ բյուրոյի ղեկավարը (Assistant Secretary), այսինքն՝ Դ․ Հոգանը, պայմանականորեն ասած, դրանից մեկ աստիճանով էլ «ցածր» օղակում է։ ԱՄՆ կառավարության պաշտոնական կայքի համաձայն՝ նա զբաղեցնում է հետեւյալ պաշտոնը․ Principal Deputy Assistant Secretary Bureau of European and Eurasian Affairs։ Ուսումնասիրելով ՀՀ կառավարության, Արտաքին գործերի նախարարության, ինչպես նաեւ ԱԽ կայքերի արխիվը՝ պարզ է դառնում, որ այս պաշտոնը պաշտոնական հաղորդագրություններում տարբեր տարիներին տարբեր կերպ է ներկայացվել։  Մասնավորապես, 2009 թվականին, երբ այն զբաղեցնում էր Թինա Քեյդենաուն, ՀՀ կառավարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով հետեւյալը․ «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եվրոպական եւ եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդանաուին»։ Այսինքն՝ ներկայումս Դ․ Հոգանի զբաղեցրած պաշտոնը ՀՀ կառավարությունն այդ ժամանակ թարգմանել է որպես ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ։ Մինչդեռ ԱԽ-ն, ինչպես արդեն նշեցինք, վերջերս այն թարգմանել է որպես ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար։ Ի տարբերություն այս երկու թարգմանությունների՝ 2016, ապա նաեւ 2018 թվականներին Կառավարությունը նույն պաշտոնը թարգմանել է որպես ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ։ Մասնավորապես, 2016 թվականի հաղորդագրությունում գրված է հետեւյալը․ «Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին», իսկ 2018 թվականի հաղորդագրությունում՝ «Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին»։ Ստացվում է, որ Principal Deputy Assistant Secretary Bureau of European and Eurasian Affairs պաշտոնը հայաստանյան պաշտոնական մամուլում ներկայացվել է երեք տարբեր ձեւերով՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ, ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար։ Նույն կերպ չկա միասնական մոտեցում հիշյալ բյուրոյի ղեկավարի (Assistant Secretary Bureau of European and Eurasian Affairs) պաշտոնի թարգմանության հարցում։ Այդ պաշտոնը, ըստ ԱՄՆ կառավարության կայքի, այժմ զբաղեցնում է Քարեն Դոնֆրիդը։  Այսպես․ 2001 թվականին ՀՀ կառավարությունը տարածել է հաղորդագրություն, որում ասված է․ «Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիական երկրների հարցերով օգնական, դեսպան Էլիզաբեթ Ջոնսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը»:  Մինչդեռ 2020 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ այն թարգմանված է որպես ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ։ Մասնավորապես, հաղորդագրության մեջ ասված է․ «Հոկտեմբերի 22-ին մեկնարկեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ։ Նույն օրը տեղի ունեցավ ԱԳ նախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հանդիպումը»։ Մամուլում առկա ոչ պաշտոնական տարբեր հրապարակումներում եւս այս պաշտոնը ներկայացվում է մեկ որպես ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական եւ Եվրասիական հարցերով տեղակալ, մեկ՝ որպես նույն հարցերով օգնական։ Ավելին, միեւնույն լրատվամիջոցը, կախված սկզբնաղբյուրներից, նույն Քարեն Դոնֆրիդին կարող է ներկայացնել մեկ որպես օգնական, մեկ՝ որպես տեղակալ։ Պարզելու համար, թե իրականում որոնք են Assistant Secretary Bureau of European and Eurasian Affairs եւ Principal Deputy Assistant Secretary Bureau of European and Eurasian Affairs պաշտոնների հայերեն ճիշտ համարժեքները, գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն։ ԱՄՆ դեսպանատնից ստացված պատասխանում, մասնավորապես, ասված է․ «ԱՄՆ պետքարտուղարության կազմակերպական կառուցվածքը դիտարկելիս նկատում ենք, որ ԱՄՆ պետքարտուղարն ունի երկու առաջին տեղակալ (Deputy Secretary), ապա հաջորդում են տեղակալների եւս երկու մակարդակ՝ Under Secretary եւ Assistant Secretary, որոնք դեսպանության լրահոսում թարգմանվում են համապատասխանաբար որպես պետքարտուղարի տեղակալ եւ փոխպետքարտուղար։ Փոխպետքարտուղարներն էլ իրենց հերթին ունեն մեկ առաջին տեղակալ (Principal Deputy Assistant Secretary) եւ տեղակալներ (Deputy Assistant Secretary)»։  Հետեւաբար, Դ․ Հոգանը ԱՄՆ փոխպետքարտուղարի առաջին տեղակալն է, ուստի ե՛ւ Անվտանգության խորհուրդը, ե՛ւ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նրան սխալ կերպ էին ներկայացրել՝ նշելով, թե նա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի կամ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարն է։ «Պաշտոնակատար» եզրույթը, ըստ ամենայնի, շփոթության արդյունք է, քանի որ «deputy» բառը ունի երկու իմաստ․ այն նշանակում է եւ տեղակալ, եւ պաշտոնակատար։ Այդ մասին վկայում են lingvo live եւ cambridge dictionary առավել արժանահավատ օնլայն բառարանները։  Այս դեպքում հասկանալի է, որ Principal Deputy Assistant Secretary-ն հենց պաշտոնի ամբողջական անվանումն է, իսկ որեւէ պաշտոն չի կարող իր մեջ ներառել «պաշտոնակատար» բառը։ Ինչ վերաբերում է Քարեն Դոնֆրիդին (Assistant Secretary Bureau of European and Eurasian Affairs), նա, ըստ Դեսպանատան պատասխանի, ԱՄՆ փոխպետքարտուղարն է (Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով), ուստի շփոթությունից խուսափելու համար առավել նախընտրելի է կիրառել այս տարբերակը, քան մամուլում տարածված օգնական կամ տեղակալ տարբերակները։ Այս Փոխպետքարտուղարը ԱՄՆ պետքարտուղարի եւ Պետքարտուղարի գլխավոր տեղակալների (Deputy Secretary) համար ծառայում է որպես խորհրդական՝ իրականացնելով  Բյուրոյի առաքելությունը, ինչը ներառում է, օրինակ, Եվրոպայում եւ Եվրասիայում ԱՄՆ արտաքին քաղաքականության մշակումը, տարածաշրջանում ԱՄՆ շահերի խթանումը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են միջազգային անվտանգությունը,  Եվրամիության եւ տարածաշրջանային այլ կազմակերպությունների հետ հարաբերությունների համակարգումը, աջակցությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին եւ այլն։ Հաշվի առնելով, որ Դ․ Հոգանը Ք․ Դոնֆրիդի առաջին տեղակալն է՝ հասկանալի է, որ նրա գործառույթները եւս նույն շրջանակներում են։ Հավելենք, որ Դեսպանատնից նաեւ նշել են, որ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնների հայերեն անվանումների միատեսակ կիրառումը ցանկալի է, սակայն դրանք ներկայացվում են թարգմանաբար եւ հնարավոր են զուգաձեւություններ․ «Օրինակ հայերենում կիրառում ենք «պետքարտուղարություն» կամ «պետդեպարտամենտ» բառերը, եւ երկու դեպքում էլ խոսքը ԱՄՆ արտաքին գործերի նախարարության՝ Department of State-ի մասին է։ Լեզուն մշտապես զարգացող երևույթ է եւ ժամանակի ընթացքում թերեւս կլինեն զտումներ ու գոյության իրավունք կստանա այն տարբերակը, որն առավել ճշգրիտ ու համարժեք է արտացոլում այս կամ այն  իրողությունը»,- ասված է պատասխանում։   Միլենա Խաչիկյան
20:01 - 07 հունվարի, 2022
Ալկոհոլի չարաշահումը չի նվազեցնում  COVID-19-ով վարակվելու ռիսկը․ medmedia.am-ը ոչ լիարժեք է ներկայացրել ամերիկացի գիտնականների հետազոտությունը

Ալկոհոլի չարաշահումը չի նվազեցնում COVID-19-ով վարակվելու ռիսկը․ medmedia.am-ը ոչ լիարժեք է ներկայացրել ամերիկացի գիտնականների հետազոտությունը

Հունվարի 2-ին medmedia.am կայքում հրապարակվել է «Ալկոհոլի չարաշահումը նվազեցնում է COVID վարակի ռիսկը» վերտառությամբ հոդված։ Հոդվածում ասվում է, որ Պիտսբուրգի (ԱՄՆ) համալսարանի գիտնականները  կապ են տեսնում ալկոհոլի չափավոր օգտագործման և COVID-19-ից առաջացած իմունիտետի մեջ։ Կայքը նշում է, որ ամերիկացի գիտնականների հետազոտության մասնակիցներից նրանք, ովքեր շփվել են վարակակիրների հետ, բայց չեն վարակվել COVID-19 առաջացնող վիրուսով, օրական միջինը մեկ չափաբաժին թունդ ըմպելիք են խմել, իսկ նրանք, ովքեր վարակվել են, գրեթե չեն խմել։ «Նաև, ըստ գիտական ​​ապացույցների, օրական մեկից երկու չափաբաժին ըմպելիքը նվազեցնում է տարբեր տեսակի շնչառական վիրուսներով վարակվելու հավանականությունը»,- ասվում է medmedia.am-ի նյութում, սակայն նշված չէ, թե ովքեր են մեջբերվող հետազոտության հեղինակները, որ ամսագրում է հրապարակված գիտական հոդվածը։ Medmedia.am-ի սկզբնաղբյուրն, ամենայն հավանականությամբ, iz.ru կայքն է, քանի որ medmedia.am-ի հոդվածի տեքստը համընկնում է iz.ru-ում դեպտեմբերի 30-ին հրապարակված հոդվածի տեքստին։ Ռուսական կայքի վերնագրում, սակայն, պնդում չի արվում այն մասին, որ ալկոհոլի չարաշահումը նվազեցնում է COVID-ով վարակվելու ռիսկը։ Medmedia.am-ը ոչ միայն փոխել է նյութի վերնագիրը, այլև թարգմանելիս բաց է թողել որոշ հատվածներ։ Iz.ru-ն ավելի շատ մանրամասներ է ներկայացրել ամերիկացի գիտնականների հոդվածի վերաբերյալ՝ նշելով, թե տարիքային որ խմբում է իրականացվել հետազոտությունը, քանի հոգի է մասնակցել դրան։ Ռուսական կայքը նաև տեղադրել է մեջբերվող հոդվածի հղումը։ Medmedia.am-ի նյութում բացակայում է Iz.ru-ի նյութի առաջին պարբերության հետևյալ նախադասությունը․ «Սակայն ռուս մասնագետները վստահ են, որ այդպիսի կանխարգելումը (ալկոհոլի օգնությամբ- խմբ․) ավելի շատ վնաս կտա, քան օգուտ»։ Ռուսական լրատվամիջոցը, ամերիկացի գիտնականների հետազոտության արդյունքները ներկայացնելուց բացի, հարցազրույցներ է անցկացրել ռուս մասնագետների հետ, որոնք խոսել են ալկոհոլի օգտագործման ռիսկերի մասին։ «Ես կասկածում եմ, որ ալկոհոլի որևէ տեսակ կարող է լավացնել իմունիտետը։ Այդպիսի հնարավորությունը դեռևս ապացուցված չէ։ Իմ փորձից ելնելով՝ կարող եմ հստակ նշել, որ ալկոհոլն, ընդհակառակը, խաթարում է վարակների դեմ բնական պաշտպանությունը»,- նշել է  Iz.ru-ի զրուցակից բժիշկը։ Ինչ վերաբերում է ամերկացի գիտնականների հետազոտությանը, ապա ո՛չ iz.ru-ն, ո՛չ medmedia.am-ը չեն նշել, որ հետազոտությունը գրախոսված չէ։ Բանն այն է, որ հոդվածը հրապարակված է medrxiv.org հարթակում, որտեղ գիտնականները հրապարակում են իրենց պատրաստի, սակայն չգրախոսված հոդվածները։ Գիտական գրախոսություն անցնելուց հետո միայն հոդվածները հրապարակվում են գիտական ամսագրերում, և կախված նրանից, թե ինչպիսի հեղինակություն ունեցող ամսագրում կհրապարակվի հոդվածը, կարող ենք եզրակացություններ անել այդ հոդվածի հավաստիության վերաբերյալ։ Բայց այդ՝ երբ ոլորտի այլ գիտնականներ գրախոսում են որևէ հոդված, կարող են հեղինակներին փոփոխություններ առաջարկել, այսինքն՝ մեջբերվող հոդվածի վերջնական տարբերակը դեռ առկա չէ։ Դեռևս չգրախոսված այս հոդվածում նշվում է, որ տարեցները COVID-19 առաջացնող վիրուսով վարակվելու տեսանկյունից խոցելի խումբ են, և վարակի վրա ազդող գործոնների, այդ թվում՝ ալկոհոլի օգտագործման, բացահայտումը կարող է լրացուցիչ միջոցներ տրամադրել այդպիսի անձանց պաշտպանելու համար։  Գիտնականները հետազոտության մասնակիցների հետ 2020-ի սեպտեմբերից մինչև 2021-ի նոյեմբերը հարցազրույցներ են անցկացրել, և ի թիվս այլնի՝ հարցրել են, թե արդյո՞ք նրանք օգտագործում են ալկոհոլ։ Հարցազրույցին մասնակցած 90 անձանցից 42-ը եղել են պատվաստված, մասնակիցների 11,1%-ը նշել է, որ վարակված է եղել կոնորավիրուսով։ «Մենք նախնական եզրահանգման ենք եկել, որ COVID-19-ի հաճախականության նվազումը կապված է ալկոհոլի որոշ տեսակների, մասնավորապես՝ սպիրտային խմիչքների օգտագործման հետ։ Սակայն քանակը ոչ մեծ է՝ միջինում օրական մեկ անգամ։ Այս արդյունքների հաստատման համար անհրաժեշտ են ընդլայնված նմուշներ»,- ասվում է հոդվածի եզրակացության մեջ։ Փաստորեն, հետազոտության ընթացքում գիտնականները հարցարույցներ են անցկացրել 90 մարդու հետ, և նրանցից ստացած պատասխաններից եկել են վերը նշված եզրահանգմանը։ Գիտնականներն իրենք էլ շեշտում են, որ սա նախնական եզրահագնում է։ Ռուսական ria.ru-ն, ի դեպ, նույնպես այս հետազոտության վերաբերյալ նյութ է հրապարակել, սակայն ի տարբերություն նախորդ երկու կայքերի՝ նշել է, որ հոդվածը դեռևս գրախոսված չէ։ Ինչ վերաբերում է medmedia.am-ի պնդմանը, թե ալկոհոլի օգտագործումը կարող է նվազեցնել COVID-ով վարակվելու ռիսկը, ապա այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Եվրոպայի գրասենյակը դեռևս 2020-ին է հայտարարություն տարածել։ Գրասենյակը խոսել է ալկոհոլի օգտագործման և  COVID-19-ով վարակվելու վերաբերյալ տարածվող միֆերի և այդ միֆերը հերքող փաստերի մասին։ Այստեղ կնշենք գրասենյակի ներկայացրած հիմնական միֆերն ու փաստերը․ ՄԻֆ․ Ալկոհոլի օգտագործումը ոչնչացնում է COVID-19 առաջացնող վիրուսը։ՓԱՍՏ․ Ալկոհոլի օգտագործումը չի ոչնչացնում վիրուսը։ Դրա օգտագործումն, ամենայն հավանականությամբ, կարող է մեծացնել առողջական ռիկսերը, եթե վարակվեք վիրուսով։ Ալկոհոլը (առնվազն 60% կոնցենտրացիայով) գործում է որպես ախտահանող միջոց մաշկի վրա, բայց այն նման ազդեցություն չունի օրգանիզմի ներսում։ ՄԻֆ․ Թունդ ալկոհոլային խմիչքների օգտագործումը ոչնչացնում է վիրուսը օդը ներշնչելիս։ՓԱՍՏ․ Ալկոհոլի օգտագործումը չի սպանի վիրուսը օդը ներշնչելիս, այն չի ախտահանի ձեր բերանն ու կոկորդը և ձեզ  չի պաշտպանի COVID-19-ից։ ՄԻֆ․ Ալկոհոլը (գարեջուր, գինի, թորած սպիրտ կամ բուսական սպիրտ) խթանում է իմունիտետը և վիրուսի դեմ դիմադրողականությունը։ՓԱՍՏ․ Ալկոհոլը վնասակար ազդեցություն ունի իմունային համակարգի վրա և չի խթանի իմունիտետն ու վիրուսի դեմ դիմադրողականությունը։ ԱՀԿ-ն, փաստորեն, հերքում է, որ ալկոհոլի օգտագործումը կարող է սպանել կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող վիրուսը կամ խթանել իմունիտետը։ Ամփոփելով վերը նշվածները․ Medmedia.am-ն իր տեքստին հակասող վերնագրով նյութ է հրապարակել, որովհետև ո՛չ այս կայքի, ո՛չ նրա սկզբնաղբյուր կայքի նյութում նշված չէ, որ ակլոհոլի չարաշահումը նվազեցնում է COVID-19 առաջացնող վիրուսով վարակվելու ռիսկը․ խոսքը ալկոհոլի չափավոր օգտագործման մասին է, սակայն այս պնդումը ևս վիճելի է։ Կայքի նյութում բացակայում են սկզբնաղբյուր հոդվածի այն հատվածները, որտեղ խոսվում է ալկոհոլի օգտագործման ռիսկերի մասին։ Կայքը հղում է անում չգրախոսված գիտական հոդվածի՝ առանց նշելու այդ մասին։ Մեջբերվող հետազոտության հեղինակներն իրենք էլ նշում են, որ ալկոհոլի օգտագործման և COVID-19-ի հաճախանակության նվազման կապի մասին եզրակացությունը նախնական է։ ԱՀԿ-ն դեռևս 2020-ին է նշել, որ ալկոհոլի օգտագործումը չի սպանում COVID-19 առաջացնող վիրուսը և չի խթանում վիրուսի դեմ դիմադրողականությունը։ Աննա Սահակյան
14:09 - 06 հունվարի, 2022