Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Արցախի ԱԺ-ում քննարկվում է վարչապետ Փաշինյանի հայտարարությունը մերժող ու քննադատող հայտարարությունը
 |azatutyun.am|

Արցախի ԱԺ-ում քննարկվում է վարչապետ Փաշինյանի հայտարարությունը մերժող ու քննադատող հայտարարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի Ազգային ժողովը չի ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու Հայաստանի վարչապետի հայտարարությունը, ասված է խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացված հայտարարության մեջ։ Այն այս պահին քննարկման է դրված, ներկայացրեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, որի մեջ նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջ բերել Արցախի Հանրապետությունում», - ասված է տեքստում։ Ըստ Արցախի օրենսդիր մարմնում քննարկվող հայտարարության՝ այդ հանձնառությամբ Հայաստանի ղեկավարը կոպտորեն խախտում է ՀՀ անկախության հռչակագրի ու Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին։ «Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ, և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու։ Մեզ համար անընդունելի և առոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմած որևէ փաստաթուղթ։ Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց», - ներկայացրեց Վահրամ Բալայանը։ Հշեցնենք, որ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի՝ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ «86, 6հազար կմ²-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով․․․ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ 29,8 հազար կմ² տարածքային ամբողջականությունը»,- ասել էր Փաշինյանը։
23:53 - 22 մայիսի, 2023
Այլեւս հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար. Արթուր Թովմասյան
 |news.am|

Այլեւս հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար. Արթուր Թովմասյան |news.am|

news.am: Ի՞նչ իրավունքների, անվտանգության եւ երաշխիքների մասին կարող է խոսքը լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիրակատար շրջափակման մեջ՝ շարունակելով 1980-ականներից Արցախի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Արցախի Ազգային ժողովում գումարված արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: «Հայաստանի վարչապետը, անտեսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը , հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 600 կմ տարածքային ամբողջականությունը, որը ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը, սակայն Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ: Ի՞նչ իրավունքների, անվտանգության եւ երաշխիքների մասին կարող է խոսքը լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիրակատար շրջափակման մեջ՝ շարունակելով 1980-ականներից Արցախի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականությունը»,- ասաց նա: Թովմասյանը կոչ արեց աշխրահասփյուռ հայությանը, Հայաստանի եւ Արցախի ճակատագրով մտահոգ հասարակությանը սատար կանգնել Արցախի՝ իր հայրենիքում խաղաղ եւ անկախ ապրելու եւ արարելու կամքին: «Հարգելի պատգամավորներ, մենք այլեւս հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար, այս ծանր ժամանակներում հայրենիքին ծառայելը պարտք է, հայրենիքը՝ պաշտպանելը մասնագիտություն: Աստված զորավիգ Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին»,- եզրափակեց նա: Հշեցնենք, որ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի՝ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ «86, 6հազար կմ²-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով․․․ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ 29,8 հազար կմ² տարածքային ամբողջականությունը»,- ասել էր Փաշինյանը։  
23:35 - 22 մայիսի, 2023
Արցախի ապագայի վերաբերյալ ցանկացած որոշման գլխավոր սուբյեկտը հենց Արցախի ժողովուրդն է. Արտակ Բեգլարյան

Արցախի ապագայի վերաբերյալ ցանկացած որոշման գլխավոր սուբյեկտը հենց Արցախի ժողովուրդն է. Արտակ Բեգլարյան

Անգամ եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պայմանավորվում են սահմանազատման և սահմանագծման նպատակով հիմք ընդունել ԽՍՀՄ ներքին վարչական սահմանները, ապա կարևոր է ընդգծել, որ դա դեռևս չի նշանակում Արցախի ժողովրդի արտաքին ինքնորոշման իրավունքի բացառում առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքում, քանի որ այդ տարածքը խորհրդային վերջին տասնամյակներին անկլավ էր և որևէ առնչություն չի ունեցել նախկին երկու խորհրդային հանրապետությունների սահմանների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: «Անընդունելի ու հակաօրինական են առաջին հերթին հենց Հայաստանի Հանրապետության կողմից Արցախն ադրբեջանի կազմում ճանաչելուն ուղղված գործողություններն ու հայտարարությունները։ Որոշ նկատառումներ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման միտումների և Եվրոպական Խորհրդի նախագահ Շարլ Միշելի վերջին հայտարարության՝ Արցախին առնչվող հատվածների վերաբերյալ: Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչող ցանկացած փաստաթուղթ ու հայտարարություն խիստ անընդունելի է, ինչի մասին քանիցս տարբեր ձևակերպումներով հայտարարել են Արցախի Հանրապետության իշխանությունները՝ Նախագահի, Ազգային ժողովի, Անվտանգության խորհրդի ու արտաքին գործերի նախարարության մակարդակներով: Անընդունելի է, քանի որ՝ 1.1. Արցախի ժողովուրդը միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերի հիման վրա (ՄԱԿ-ի կանոնադրություն, իրավունքների մասին ՄԱԿ-ի միջազգային դաշնագրեր, Հելսինկյան եզրափակիչ ակտ և այլն) 1991թ.-ին իրացրել է իր ինքնորոշման անօտարելի իրավունքը (որն, ի դեպ, jus cogens (պարտադիր) նորմ է համարվում միջազգային իրավունքում), իսկ հետագա տարիներին՝ պաշտպանել այն և ապացուցել ինքնիշխանության սեփական կամքն ու կարողությունը: 1.2. Թեև Արցախի Հանրապետությունը լրիվությամբ չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, սակայն նրա անկախության փաստն ընդունվել է որպես իրողություն, իսկ կարգավիճակը միջազգայնորեն ճանաչվել է որպես վիճելի ու հակամարտային տարածքի կարգավիճակ: 1.3. Արցախի կարգավիճակի ու ապագայի վերաբերյալ ցանկացած որոշման գլխավոր սուբյեկտը հենց Արցախի ժողովուրդն է, մնացած մեծ ու փոքր դերակատարները ունեն իրավունք միայն իրենց դիրքորոշումները հնչեցնելու, բայց ոչ՝ Արցախի ժողովրդի փոխարեն որոշելու կամ Արցախը առևտրի օբյեկտ դարձնելու: 1.4. Ուստի, այս անցած ճանապարհը և Արցախի բնիկ ու տիտղոսակիր ժողովրդի իրավունքներն ու գոյաբանական լրջագույն վտանգները անտեսելը պարզապես միջազգային հանցագործություն է: Ադրբեջանական հերթական ծուղակներից ու կեղծ փաստարկներից մեկը խորհրդային սահմանների ինքնաշխատ շարունակականության թեզն է, որի հիման վրա են ծավալվել Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերջին շրջանի գործընթացները: Ինչո՞ւ է այդ փաստարկն անհիմն ու կեղծ, որովհետև՝ 2.1. ԽՍՀՄ վարչատարածքային բաժանումը չէր կարող uti possidetis juris (նախկին ներքին սահմանների շարունակականության)  միջազգային իրավական սկզբունքի տրամաբանությամբ դառնար պետական սահման, որովհետև այդ սկզբունքը ինքնաշխատ կերպով գործող սկզբունք չէ և մեծ վերապահումներով կիրառվել է միայն Հարավային Ամերիկայի ու Աֆրիկայի որոշ ապագաղութացվող պետությունների միջև հստակ փոխհամաձայնության առկայությամբ: Այդ սկզբունքի բացառման լավ օրինակներից մեկը Կոսովոն է, քանի որ Հարավսլավիայի փլուզման դեպքում էլ նախկին անդամ երկրների սահմանների հստակեցման հարցում առաջնային սկզբունքը «անջատում հանուն փրկության» սկզբունքն էր՝ անքակտելիորեն հիմնված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա: 2.2. Նույնիսկ Ադրբեջանն է բարձրագույն մակարդակով մերժել խորհրդային սահմանների շարունակականությունը, երբ այդ երկրի Գերագույն խորհրդի կողմից 1991թ. ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրով և «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտով Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հռչակել 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության իրավահաջորդը: Այս փաստը կարևոր է ընդգծել ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանն ի սկզբանե մերժել է uti possidetis juris սկզբունքի կիրառումը, այլև՝ նախախորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն՝ Ազգերի Լիգայի կողմից համարվել է որպես վիճելի տարածք, ընդ որում՝ նախկին ԼՂԻՄ-ի հետ համեմատած շատ ավելի ընդարձակ տարածքներով և Հայաստանի հետ ընդհանուր սահմանով: 2.3. Անգամ եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պայմանավորվում են սահմանազատման և սահմանագծման նպատակով հիմք ընդունել ԽՍՀՄ ներքին վարչական սահմանները, ապա կարևոր է ընդգծել, որ դա դեռևս չի նշանակում Արցախի ժողովրդի արտաքին ինքնորոշման իրավունքի բացառում առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքում, քանի որ այդ տարածքը խորհրդային վերջին տասնամյակներին անկլավ էր և որևէ առնչություն չի ունեցել նախկին երկու խորհրդային հանրապետությունների սահմանների հետ: Ուստի, ծայրահեղ դեպքում Հայաստանի Հանրապետության համար սա նույնպես հնարավորություն է ինչ-որ ձևով համատեղելու խորհրդային սահմանների շարունակականությունը Արցախի արտաքին ինքնորոշման իրավունքի ճանաչման ու պաշտպանության հետ: Սակայն դրա համար անհրաժեշտ պայմանն այն է, որ Հայաստանը որևէ կերպ չփորձի էլ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում և չփակի Արցախի ինքնորոշման պայքարին սատարելու հնարավորությունն ու պարտավորությունը: Անընդունելի ու հակաօրինական են առաջին հերթին հենց Հայաստանի Հանրապետության կողմից Արցախն ադրբեջանի կազմում ճանաչելուն ուղղված գործողություններն ու հայտարարությունները՝ պայմանավորված ոչ միայն հանրահայտ միջազգային իրավական հիմքերով, այլև՝ ՀՀ ներպետական օրենսդրությամբ: Մասնավորապես՝ 3.1. Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը հստակորեն ճանաչում է Արցախը որպես ՀՀ մաս՝ «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»: Թեև հետագայում ընտրվեց Արցախի անկախության ճանապարհը՝ շեղվելով ՀՀ Անկախության հռչակագրի տվյալ դրույթից, սակայն նույնիսկ այդ շեղման պայմաններում միանշանակորեն բացառվում է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու Հայաստանի իրավական հնարավորությունը: Ուստի, լինելով ՀՀ Սահմանադրության հիմնաքարը՝ Անկախության հռչակագիրը ամուր իրավական հիմք է հակասահմանադրական և ի սկզբանե առոչինչ ճանաչելու ՀՀ կողմից ստորագրված ցանկացած միջազգային պայմանագիր, որը կարող է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս: 3.2. Վկայակոչվող 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագիրը, նախ, հղում է անում նաև ինքնորոշման իրավունքի վրա, և, երկրորդ, պարզապես հռչակագիր է, որը բխել է ԱՊՀ ստեղծման Մայր փաստաթղթից՝ 1991թ. դեկտեմբերի 8-ի Համաձայնագրից: Ահա այս համաձայնագիրն է վավերացրել ՀՀ Գերագույն խորհուրդը 1992թ. փետրվարի 18-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող հստակ վերապահումներով, որոնցով՝ 5-րդ հոդվածը լրացվել է «ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը» բառակապակցությամբ՝ վավերացնելով հետևյալ տարբերակով. «Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։ 10-րդ կետում նշված է. «Համաձայնագրի 13 հոդվածի երկրորդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև» բառերից հետո լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով»: 3.3. 1992թ․ հուլիսի 8-ին ՀՀ Գերագուն Խորհուրդն ընդունել է որոշում, որի 2-րդ կետով ամրագրվում է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ 3.4. Այսինքն, Հայաստանի Հանրապետությունն իր հիմնադիր փաստաթղթով՝ Անկախության հռչակագրով հստակորեն ու անշրջելիորեն բացառել է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ հնարավորություն, իսկ Գերագույն խորհրդի՝ օրենքի ուժ ունեցող որոշումներով ամրագրել է ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը և ստեղծել իրավական հիմք ԱՊՀ-ին Արցախի անդամակցության հնարավորության համար, ինչպես նաև ուղիղ կերպով անընդունելի է համարել Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի նշմամբ ցանկացած փաստաթուղթ: Ուրեմն, Հայաստանը կարող է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն ոչ երբեք Արցախի ներառմամբ կամ 86,600 կմ2 տարածքով: Այդ առումով խիստ անընդունելի ու մտահոգիչ է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը՝ Արցախով հանդերձ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրաստակամության վերաբերյալ: Ինչ վերաբերում է ոչ իրավական հիմնավորումներին, ապա հաշվի առնելով Արցախի բացառիկ նշանակությունը Հայոց պետականության ու Հայ ազգի անվտանգության, միջազգային հարաբերությունների, ինքնության և այլ ոլորտներում՝ շատերի համար նույնիսկ ավելորդ է բացատրել, թե ինչու է անթույլատրելի ու անընդունելի Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող ցանկացած փաստաթուղթ ու հայտարարություն: Այս ուղղության մանրամասներին կանդրադառնամ այլ հրապարակումներով: Հ.Գ. Իսկ Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության մասին Միշելի երկչոտ ու անհիմն հորդորներին ու արտահայտություններին անդրադառնալու դեպքում, նրա կողմից ադրբեջանական թեզերի կիրառման պատճառով, ստիպված եմ նրան կոչել «նախկին Հարավային Նիդերլանդների բնակչության նախկին ընտրված ներկայացուցիչ»: Իսկ ահա Հայաստանի Հանրապետության համար Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը չեն կարող շրջանցել ինքնորոշման իրավունքը, որն այս պարագայում առանցքն է մնացած իրավունքների և նույնիսկ Արցախի ու Հայաստանի անվտանգության ճարտարապետության»,- գրել է նա:  Հշեցնենք, որ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի՝ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ «86, 6հազար կմ²-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով․․․ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ 29,8 հազար կմ² տարածքային ամբողջականությունը»,- ասել էր Փաշինյանը։
22:25 - 22 մայիսի, 2023
Լիպարիտյանի հրեշավոր առասպելները․ Սուրեն Սահակյան

Լիպարիտյանի հրեշավոր առասպելները․ Սուրեն Սահակյան

2023թ․ մայիսի 11-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվեց Ժիրայր Լիպարիտյանի հետ հարցազրույցը, որը քննարկումների մեծ ալիք բարձրացրեց Հայաստանի անվտանգային միջավայրով մտահոգված հանրության շրջանում։ Բանն այն է, որ պարոն Լիպարիտյանի դատողությունները շփոթության աստիճանի նման են Արցախի հարցով ներկայումս բանակցային հարթակներում, ինչպես նաև ԱԺ և այլ ամբիոններից կառավարող ուժի շատ ներկայացուցիչների հնչեցրած տեսակետներին ու փաստարկներին։ Տպավորություն է, որ դատապարտվածության ու անճարության այդ քարոզը բարձրացվել է վարվող պետական քաղաքականության մակարդակ, իսկ Լիպարիտյանը, որպես այդպիսի մտածողության կենդանի վկայություն, հրավիրվել էր Հանրային հեռուստաընկերություն՝ իր փորձով ու գիտելիքներով նման քաղաքականության դեսպանությունը ստանձնելու։ Ներկայումս կառավարող ուժի վերոնշյալ ներկայացուցիչների դեպքում այդ պարտվողական մոտեցումները կարելի է բացատրել հանգամանքով, որ նրանց գործադրած առավելագույն ջանքերը, միևնույն է, 2020թ․-ին հանգեցրել են խայտառակ պարտության։ Հասարակ ռեֆլեքսիայի անընդունակ այդ գործիչները հակված չեն կարծել, որ խնդիրն իրենց մտածողության ծավալների և կառավարման հմտությունների մեջ է։ Ի տարբերություն սրա՝ Լիպարիտյանը սկսել է պաշտոնավարել մի շրջանում, երբ հայկական զինված ուժերը Ադրբեջանի հետ լայնամասշտաբ պատերազմ դեռևս չէին սկսել, իսկ դադարել է պաշտոնավարել, երբ արդեն այդպիսի բախումը ավարտվել է հայկական ուժերի հաղթանակով։ Չնայած սրան, Լիպարիտյանի տարածած մտքերը բովանդակային փոփոխությունների չեն ենթարկվել, ինչը խիստ տարօրինակ է։  Տեսեք, մարդը հեռավոր 90-ականներից սկսած մինչ օրս պնդում է, թե Հայաստանը պետք է իր կենսական շահերի հարցում հարևանների (մասնավորապես Թուրքիայի և Ադրբեջանի) հետ զիջումների գնա, համաձայնվի նրանց պահանջներին, փորձի թշնամական վարք դրսևորող հարևաններից ստանալ պահի հնարավոր առավելագույնը, քանի որ դրա այլընտրանքը պատերազմն է, որն անխուսափելիորեն ավարտվելու է պարտությամբ՝ հաշվի առնելով Հայաստանի տնօրինած սահմանափակ ռեսուրսները, դեմոգրաֆիական իրավիճակը, բարեկամներ չունենալու հանգամանքը և այլն։ Ի հեճուկս սրա, մեր հանրությունը 90-ականներին որոշում է զենքով պաշտպանել իր տարրական իրավունքները և այդ կռվում հաղթող է դուրս գալիս։ Տրամաբանական կլիներ կարծել, որ մարդը կընդունի իր սխալը և կվերանայի վերաբերմունքը այսպիսի կենսական կարևորության հարցերին։ Այս պարագայում մարդու մտածողության շրջանակում և խոսույթում անկալվող նվազագույն փոփոխությունը կլինի այն, որ նա ընդունի՝ հաղթանակի և պարտության հարցերում տնօրինած ռեսուրսներից, բնակչության թվաքանակից և նշված այլ հանգամանքներից զատ կան նաև այլ, իր համար գուցե «միստիկ» հանգամանքներ։ Ստիպված ենք փաստել, որ Լիպարիտյանի դեպքն այլ է։  Թվում է, թե մենք քննելու այլ, ավելի կարևոր հարցեր ունենք, քան աշխարհին նայելու Լիպարիտյանի կերպը։ Այդպես կլիներ, եթե հաշվի չառնենք 1991թ․-ից մինչ օրս Հայաստանի վարած արտաքին քաղաքականության վրա նրա քարոզած թեզերի կործանարար ազդեցությունը և այդ թեզերով զինված փոքր, բայց աղմկոտ հանրույթը, որի առանձին ներկայացուցիչներ տասնամյակների դադարից հետո կրկին սողոսկել են պետական կառավարման համակարգ և որոշ դեպքերում նաև Հայաստանի համար կենսական հարցերում որոշումներ կայացնելու իրավունք ստացել։ Խնդիրն ամենևին այն չէ, թե կան մտքեր, որոնք հրապարակման ու քննարկման ենթակա չեն։ Հակառակը՝ միմյանց բազմակարծությունը հարգելը մարդկային քաղաքակրթական զարգացման ամենակարևոր և անուրանալի նվաճումներից է։ Խնդիրն այն է, որ այդ թեզերը չպետք է խեղված իրականության և դոգմաների վերածված կեղծ «ճշմարտությունների» վրա կառուցվեն։  Արդեն ավելի քան երկու տասնամյակ Հայաստանում քաղաքական մտքի զարգացման հեռանկարները այդպիսի «ճշմարտությունների» խիստ ճնշման տակ են։ Տարիներ շարունակ անդադար կրկնվող այդ թեզերն ամրապնդելու համար բազմաթիվ առասպելներ են հյուսվել, որոնցից մի քանիսին էլ կուզեի անդրադառնալ այս հոդվածում։ Բայց մինչ այդ հետաքրքիր է պարզել «քաղաքական ռեալիզմի» տեսության և «ռացիոնալություն» անվան տակ ապահով քողարկված այդ առասպելաբանության ստեղծման համար գործադրած մեծ ջանքերի իրական նպատակը։ Փաստերի համադրումը թույլ է տալիս հիպոթեզ առաջարկել, որ դա սեփական ձախողումների համար այլ մեղավորներ փնտրելու ամենասովորական նպատակն է հետապնդում։ Պատերազմում ռեսուրսների սահմանափակության, բնակչության թվաքանակի, բարեկամների բացակայության պայմաններում անհնարին թվացող հաղթանակի վերաբերյալ առասպելի մասին արդեն խոսվեց։ Մենք մեր 90-ականների փորձով համոզվել ենք, որ կա՛մ մեր ունեցած ռեսուրսները բավարար են հաղթանակի համար (եթե բարեկամներ չունենք ու երբեք էլ չենք ունեցել), կա՛մ էլ նշվածները որոշիչ գործոնների կարևոր, բայց ոչ ամբողջական շարքն են։ Ավելին, Լիպարիտյանը, որը պատերազմի 90-ականների փուլի ընթացքում մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել, վկայում է․ «Մենք իրականությունը չտեսնելը արվեստի մակարդակի ենք հասցրել։ …Չենք ուզում տեսնել, որ… ամբողջ աշխարհը մեր դեմ էր։ Մենք բարեկամ չունեինք …»։ Ստացվում է, որ կա՛մ նա կեղծում է, և մենք բարեկամներ ունենք և ունեցել ենք, կա՛մ էլ կան հնարավորություններ, երբ նույնիսկ Հայաստանի պես սահմանափակ ռեսուրսներով, աշխարհի դեմ միայնակ ելած երկիրը պատերազմում կարող է հաղթանակել կամ գոնե պարտությունը 100 տոկոսով երաշխավորված չլինի, ինչպես նա պնդում է։ Պատերազմի ողջ շրջանում Լիպարիտյանը Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականն էր, հատուկ ներկայացուցիչը, այնուհետև՝ փոխարտգործնախարար, հետո՝ գլխավոր խորհրդական։ Նույն շրջանում Ադրբեջանում ևս կար այդ ճանապարհը նույնությամբ կրկնած պաշտոնյա՝ Տոֆիկ Զուլֆուգարովը, որը նաև վերջում Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար դարձավ։ Համացանցում կարելի է գտնել նրա հարցազրույցներից մեկը, որտեղ խնդրի ծագման շրջանում դրա կարգավորման լուծումների մասին նշում է հետևյալը․ «Ի սկզբանե հայկական կողմից հարցի կարգավորման երկու թեզ էր առաջարկվում։ Առաջինը՝ ԼՂԻՄ-ը միացնել Հայաստանին և երկրորդը՝ պահուստայինը, զարգացնել «անջատողական» շարժումը, հասնել ԼՂԻՄ-ի քվազի-անկախությանը, հետո իրականացնել միավորումը։ 1991թ․-ի դեկտեմբերին ԵԱՀԽ-ում (ներկայիս ԵԱՀԿ) տեղի ունեցավ հանդիպում, որտեղ հրավիրված էին նաև Ադրբեջանի ներկայացուցիչներ Ռասիմ Մուսաբեկովն ու Յաշար Ալիևը։ Հենց այդ (հայկական) տրամաբանությունն էր գերակայում արդեն այդ միջազգային հարթակում, որը ցանկություն էր հայտնել խնդրի կարգավորման հարցում միջնորդական ջանքեր գործադրել… Մի շարք նիստեր տեղի ունեցան, որոնց արդյունքներով ընդունվեց Մինսկի համաժողովի մանդատը, որը պետք է զբաղվեր ԼՂԻՄ կարգավիճակի հարցով։ … Ընդ որում, ԼՂԻՄ-ը ներկայացնող հայերը այդ նիստերին մասնակցում էին եթե ոչ որպես մյուսներին հավասար պետություն, ապա գոնե հատուկ կարգավիճակով։ Ամեն ինչ գնում էր նրան, որ այդ կողմը հետագայում անկախություն էր ստանալու և միանար Հայաստանին։ Դա՛ էր այդ գործընթացների ընդհանուր աստառը»։ Այսինքն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում գտնվող ԼՂԻՄ մասին նույնիսկ խոսք չկար։ Այս նույն շրջանում՝ 1991թ․ դեկտեմբերին, փաստորեն, ըստ Լիպարիտյանի, Հայաստանում համոզված էին, որ «մենք բարեկամներ չունենք, և ոչ ոք մեզ չէր ասում, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը կճանաչենք»։ Եվ այդ կեղծ համոզմունքներից ելնելով, համոզված լինելով նաև, որ հնարավոր պատերազմը մի երաշխավորված ելք ունի՝ պարտություն, տեղի էր ունենում իրավունքներից հրաժարման գործընթաց։ Այսպես, Զուլֆուգարովի նշած գործընթացները բերեցին նրան, որ արդեն 1992թ․ հունվարի 30-ին Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ անդամագրվեցին ԵԱՀԽ-ին, որն էլ պետք է զբաղվեր խնդրի կարգավորմամբ։ Անդամագրվելիս երկու երկրներն ընդունում են կազմակերպության պահանջները, որոնցից են Լեռնային Ղարաբաղի խնդրի առկայության փաստի ընդունումը և դրա լուծման համար խաղաղ կարգավորման գնալու պահանջը՝ զերծ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքներից։ Կազմակերպությունն արդեն փետրվարին պատվիրակություն է ուղարկում տարածաշրջան՝ ծանոթանալու խնդրի էությանը, հակամարտող կողմերի դիրքորոշումներին և դրանց շրջանակում կարգավորման լուծումներ առաջարկելու։ Պատվիրակությունը՝ նախագահ Կառլ Շվարցենբերգի ղեկավարությամբ, փետրվարի 12-18-ը լինում է տարածաշրջանում՝ այցելելով Ռուսաստան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Ադրբեջան։ Ի մի բերելով աշխատանքը՝ պատվիրակությունը միջանկյալ զեկույց է պատրաստում, որտեղ մանրամասն նկարագրված են տեղում ստեղծված իրավիճակը և կողմերի դիրքորոշումները։ Զեկույցի «Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը» բաժնում գրված է․ «Չնայած այն հանգամանքին, որ 1989թ․-ին Հայաստանի Գերագույն Խորհուրդը ընդունել է շրջանը Հայաստանին միացնելու՝ Լեռնային Ղարաբաղի հանրության պահանջը, 1992թ․ փետրվարի 18-ին խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ հանդիպմանը պատվիրակությունը տեղեկացվեց, որ Հայաստանին ԼՂԻՄ միավորման մասին որոշումը ուժի մեջ է եղել կարճ ժամանակ և հետագայում օրինական գործածության մեջ չի եղել։ Պարոն Բ․ Արարքցյանը նաև նշեց, որ Հայաստանը ԼՂՀ կարգավիճակը որոշելու իրավազորություն չունի և մտադիր է ենթարկվել միջազգային իրավունքին»։ Հիշեցնեմ, որ Բաբկեն Արարքցյանը Հայաստանի անունից այս դիրքորոշումը հայտնում էր պայմաններում, երբ միավորման մասին որոշումը գործում էր։ Այն ընկած է Հայաստանի Անկախության հռչակագրի և Հայաստանի Սահմանադրության հիմքում և ներկայումս էլ դե յուրե չեղարկված չէ։ Միջանկյալ զեկույցի մյուս կետում գրված է․ «Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը պատվիրակությանը ասվեց, որ Հայաստանի, որպես հետաքրքրված երրորդ կողմի, մտահոգության հիմնական առարկան կարգավորմանն աջակցությունն է, որը անվտանգության երաշխիքներ և մարդու իրավունքների իրացման հնարավորություններ կստեղծի Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար՝ առանց հաշվի առնելու նրանց էթնիկ պատկանելությունը, լինեն դրանք հայեր, թե ադրբեջանցիներ։ Նախագահը նաև պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է ներգրավված լինեն խնդրի կարգավորման գործընթացին»։ Հետագայում էլ, չնայած նրան, որ պաշտոնական Երևանը հայտարարում էր, թե իր համար ընդունելի է ցանկացած լուծում, որ կգոհացնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, բայց մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանը տարբեր առիթներով նշել է կարգավորման իր օպտիմալ տարբերակին հավատարմությունը։ 1992թ․-ի մարտի 5-ին ռուսական «Комсомольская правда» թերթին տված իր հարցազրույցում նա նշում է․ «Ադրբեջանի կազմում գտնվող ինքնավար հանրապետության կարգավիճակը ամբողջությամբ կբավարարի բոլոր կողմերին։ Այդ դեպքում Ղարաբաղը կմնա Ադրբեջանի կազմում»։  Այս հնարավորությունն Ադրբեջանը ձեռքից բաց չի թողնում։ Ծանոթանալով Հայաստանի դիրքորոշմանը, որով Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս էր, հետևաբար խնդրի կարգավորումն այլևս այդ տրամաբանությամբ է իրականացվելու, անտեսելով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման ակտի առկայության փաստը, անտեսելով ԵԱՀԿ առաջ ստանձնած խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու իր պարտավորությունը, վկայաբերելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի վերաբերյալ 51-րդ հոդվածը՝ արդեն 1992թ․ մարտի 21-ին գրոհեց Ստեփանակերտը՝ սկսելով 1992-94թթ․ լայնամասշտաբ պատերազմը, որը, հակառակ բոլոր պատկերացումների, պարտվեց՝ իրականացված ագրեսիայի հետևանքով կորցնելով միջազգայնորեն ճանաչված իր տարածքի մի մասը ևս։ Բայց ինչո՞ւ էր Հայաստանը հետևողականորեն հրաժարվում հայ ժողովրդի այդ մասի իրավունքներից։ Մի կողմ թողնելով «հող հանձնողի» և «չհանձնողի» մասին արդեն անիմաստ դատողությունները՝ փորձենք ժամանակի հեռվից մտածել Հայաստանի կողմից վարվող քաղաքականության մասին։ Թերևս, Հայաստանի ղեկավարության վարած քաղաքականությունը հիմքում ուներ Արցախում տեղի ունեցող մանր ու մեծ զինված բախումները լայնածավալ պատերազմի չվերածելու բարի նպատակը։ Դա կարող էր ողջամիտ լինել, եթե հաշվի առնենք Հայաստանի վիճակը 1988թ․-ի երկրաշարժից հետո, ԽՍՀՄ փլուզման հետևանքով տնտեսական աղետալի վիճակը և այլն։ Գուցե այն ժամանակ, այն իրողությունների պայմաններում կարող էին տրամաբանական դիտվել Լիպարիտյանի ներկայումս հնչող փաստարկները, թե դեմոգրաֆիական առումով, տնտեսական ու ռազմական ռեսուրսների առումով պատերազմը հայ ժողովրդի համար կործանարար կլինի։ Լավ, բայց արդյո՞ք իրավունքները զիջելու քաղաքականությամբ հաջողվեց խուսափել լայնածավալ պատերազմից։ Իհարկե ոչ։ Եվ սա հաշվի առնելով՝ պետք է լրացուցիչ քննել Լիպարիտյանի այն պնդումը, թե «առաջին պատերազմը (1992-94թթ․) մեզ պարտադրված էր, իսկ երկրորդը (2020թ․) մեր ընտրությունն էր»։ Իսկ գուցե նույնիսկ առաջին պատերա՞զմը չլիներ, եթե Հայաստանի վարած քաղաքականությունը գործընթացի կեսից կտրուկ ու շատ վտանգավոր շրջադարձ չկատարեր։  Բայց սա Լիպարիտյանի և նրա քաղաքական թիմի խոշոր ձախողումների դրվագներից միայն մեկն է։ 1992-94թթ․ պատերազմում հայկական կողմին հաջողվում է հաղթանակ տանել, իսկ արդեն 1996թ․ դեկտեմբերի 3-ին Լիսաբոնում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովին կազմակերպության անդամ բոլոր երկրները փորձում են ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող մի փաստաթուղթ, ինչին միայն Հայաստանի կիրառած վետոն է խանգարում։ Ընդ որում, արդեն հաղթանակած հայկական կողմը, Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով պատասխանում է՝ վկայաբերելով Սումգայիթում և Գանձակում՝ 1988-ին, Բաքվում 1990-ին տեղի ունեցած հայկական ջարդերը, ինչպես նաև Ղարաբաղի 24 գյուղերի հայկական բնակչության տեղահանման դեպքերը և պնդում, որ խնդիրը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու միջոցով։ Այսինքն՝ սա մի դիրքորոշում է, որ արմատապես տարբերվում է 4-5 տարի առաջ պաշտոնական Երևանի ունեցած դիրքրոշումից, այնինչ վկայաբերվում են դեպքեր, որոնք տեղի էին ունեցել մինչև Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին նախկին դիրքորոշումը կձևավորվեր 1992թ․-ին։  Իսկ ի՞նչն էր փոխվել, որ Արցախի խնդրի լուծումը հայկական թեզերի շրջանակում պատկերացնող ԵԱՀԿ-ն տրամագծորեն փոխել էր իր դիրքորոշումը։ Վերոհիշյալ Զուլֆուգարովը նույն հարցազրույցում պատմում է դրա մասին․ «Լիսաբոնի միջոցառմանը մեր պատրաստությունը սկսվել էր գագաթնաժողովից շատ ամիսներ առաջ։ Բոլորը ստացան համապատասխան առաջադրանքները՝ մայրաքաղաքներով… Ես Հելսինկիում էի աշխատում, իմ գործընկեր Արաս Ազիմովն աշխատում էր սկզբում Վիեննայում, հետո՝ Լիսաբոնում։ Հետո Խալաֆ Խալաֆովը եկավ Հելսինկի և այլն։ Մի խոսքով, ամեն մեկն ուներ իր առաջադրանքը։ Մենք մշտական կապի մեջ էինք կենտրոնի հետ։ Տեքստը պետք է Մինսկի խմբի տեքստից բերվեր Լիսաբոնի տեքստի հիմքին։ Հեյդար Ալիևն այն ժամանակ ասաց, որ եթե դա ստացվի, ես բոլոր մասնակիցներին Լիսաբոնի ամենալավ ռեստորանում ընթրիք կկազմակերպեմ…»։ Նրան ընդհատում է զրուցակից Էլդար Նամազովը, որն այդ տարիներին Ալիևի աշխատակազմի ղեկավարի և նրա օգնականի պաշտոններն է զբաղեցրել․ «Շատերը չէին հավատում, որ դա հնարավոր է։ Ես հիշում եմ, որ երբ առաջին անգամ նախագահի հետ այդ թեմայով խոսեցինք, նա հանձնարարեց և ես ու Վաֆա Գուլուզադեն հավաքվեցինք իմ առանձնատանը՝ այդ հարցով։ Հարցը մեկն էր՝ դա ընդհանրապես հնարավո՞ր է իրականացնել, թե՞ ոչ։ Մի քանի ժամ քննարկումից հետո Ալիևին զեկուցեցի, որ Տոֆիկն ու Վաֆան գտնում են, որ դա հնարավոր է անել։ Չնայած նրա շուրջ կային այլ մարդիկ, որոնք գտնում էին, որ դա անհնար է, ինչպե՞ս կարելի է հասնել այդպիսի որոշման։ Բայց Հեյդար Ալիևը վստահ էր, որ դա կլինի, շատ հստակ հրամաններ ու կարգադրություններ էր տալիս, յուրաքանչյուրն իր տեղում դա իրագործում էր ինչպես ժամացույցի մեխանիզմը։ Երևի 5-6 ամիս շարունակվում էր այդ աշխատանքը բոլոր մակարդակներում՝ ԵԱՀԿ, ԱԳՆ, և մենք գագաթնաժողովին այդպիսի պատրաստի որոշում հասցրինք, ինչին Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ չէր, չէր սպասում»։  Իր հարցազրույցներից մեկում Լևոն Տեր Պետրոսյանն այդ դրվագի մասին պատմում է․ «… Բալանսը շատ պարզ պատճառով հօգուտ Ադրբեջանի խախտվեց 1996-97թթ․-ին, երբ Ադրբեջանում ստեղծվեց նավթային կոնսորցիումը, որտեղ և՛ ամերիկացիներն էին ներկայացված, և՛ «Բրիթիշ փեթրոլիում» և այլ, և այլն… Սրանից հետո Ալիևի խոսքը փոխվեց։ Լիսաբոնում ի՞նչ եղավ։ Մինչև կոնֆերանսի սկսման նախորդ օրը Լիսաբոնում դրված էր մի սովորական փաստաթուղթ Ղարաբաղի վերաբերյալ, որը մի քանի անգամ ընդունվել է… Եկանք հասանք Լիսաբոն, Վարդան Օսկանյանը գունատված, կակազելով ասում է պարոն նախագահ, բան է փոխվել… Նախորդ գիշեր Ամերիկան մի նոր բանաձև է բերել և համաձայնեցրել է բոլորի հետ, բացի մեզնից։ Դե գիտեք, վետո դրեցի… Ես գիտեմ, թե այդ բանաձևն ինչպես է հայտնվել Քլինթոնի սեղանին։ Դա հենց Տեխասի նավթային լոբբին էր… Գիտեմ նաև անձամբ ով էր՝ Քլինթոնի հակառակորդն էր խորհրդարանում՝ Գինգրիչը։ Գինգրիչն էր բերել այդ թուղթը տվել Քլինթոնին…»։ Իհարկե սա Լևոն Տեր-Պետրոսյանի և իր թիմի, առավել ևս Լիպարիտյանի դիվանագիտության աղետալի ձախողումն էր, ինչը Տեր-Պետրոսյանը փորձում է քողարկել ինչ-որ չար ուժերի լարած թակարդներով, որոնց վրա նա օբյեկտիվորեն չէր կարող ազդել։ Դա սեփական մեղքը ուրիշի վրա բարդելու անհաջող փորձ է, որը, թերևս, այլ երկրում հնարավոր չէր նույնքան հեշտությամբ իրականացնել, որքան դա եղավ Հայաստանում։ Ադրբեջանի նավթային կոնսորցիումը ստեղծվել էր 1994թ․-ին, իսկ փաստաթուղթը և Արցախի հարցում վարած քաղաքականության փոփոխությունը Հայաստանը զգացել էր միայն Լիսաբոնի գագաթնաժողովի օրը։ Եթե հայկական դիվանագիտությունը ամիսներով պարապուրդի մատնված չլիներ, ապա ոչ մի Գինգրիչ չէր կարող նախագահին նման անակնկալ մատուցել և կանխորոշել Արցախի հարցով բանակցությունների ամբողջ հետագա ընթացքը։ Իսկ ինչո՞վ էր Լիսաբոնին նախորդած ամիսներին զբաղված Հայաստանի պետական կառավարման համակարգը, որ չէր նկատել իր քթի տակ Ադրբեջանի՝ ամիսներով ծավալած աշխատանքը։ Ինչպես դասականը կասեր՝ շատ պարզ… ընտրակեղծարարությամբ։ Նույն 1996թ․ սեպտեմբերի 22-ին տեղի էին ունեցել նախագահական ընտրություններ, որոնց արդյունքները կեղծվել էին։ Իսկ արդեն սեպտեմբերի 26-ին Երևանի փողոցներում էին հայտնվել զրահապատ մեքենաներ և զինված մարդիկ, որոնք ակնհայտ նպատակ ունեին ճնշել դրա հետ կապված ժողովրդական վրդովմունքի ալիքը։ Բայց այստեղ պետք է մի պահ կանգ առնենք, քանի որ սահուն մոտեցել ենք Լիպարիտյանի խոսքում առկա մի այլ առասպելական դրվագի։ Ընդհանրապես, նրա դատողությունների սկզբնակետը համարվում է այն, որ հայ ժողովորդի դժբախտությունների պատճառը նրա մաքսիմալիզմն է, արկածախնդրությունը և հարևանների հետ համաձայնության գալու պատրաստակամության բացակայությունը։ Փորձենք պարզել՝ այդպե՞ս է արդյոք։ 1998թ․ փետրվարի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Դրան երկու կարևոր դեպք էր նախորդել՝ Լիսաբոնի գագաթնաժողովում Հայաստանի դիվանագիտության տապալումը և նախագահական կեղծված ընտրություններին հաջորդած հետընտրական գործընթացները։ Հրաժարականը ներկայացվեց որպես Արցախի կարգավորման փուլային տարբերակի հարցում անհամաձայնության պատճառով «հայտնի ուժերի» կողմից ներկայացված վերջնագրի հետևանք։ Այսինքն, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, ինքը հեռանում էր, որպես Հայաստանը խաղաղության տանող ռացիոնալ քաղաքական գործիչ-«հերոս», որին հաջողությամբ չեզոքացրել են անհեռատես ու արկածախնդիր «հայտնի ուժերը»՝ «հակահերոսները»։ Սա այն դեպքն է, որ գալիս է ապացուցելու՝ ճշմարտությունն իր արդյունավետությամբ պարտվում է կեղծիքին։ Կեղծիքն իրադարձությունների տրամաբանությունը կատարելության հասցնելու անվերջ հնարավորություններ է ընձեռում։ Այն կարելի է հղկել այնքան, մինչև կեղծիքը կատարյալ գեղեցիկ կդառնա։ Մինչդեռ ճշմարտությունը երբեմն տգեղ է՝ միշտ չափից դուրս հասկանալի, որպեսզի նորմալ ընկալվի, դրան հավատան։ Ճշմարտությունն այն է, որ հանրային ընկալման մեջ 1995թ․-ի խորհրդարանական ընտրությունների և Սահմանադրության ընդունման հանրաքվեի արդյունքները կեղծվել էին, կեղծվել էին նաև 1996թ․-ի նախագահական ընտրությունների արդյունքները՝ Լևոն Տեր-Պետրոսյանին զրկելով կառավարելու ներքին լեգիտիմությունից։ Կառավարման իրական լծակներն անցել էին նրանց, ովքեր իրականացրել էին այդ կեղծիքներն ու ուժային մեթոդներով ճնշել դրանից դժգոհ հանրությանը։ Տեր-Պետրոսյանը, Արմեն Սարգսյանին նշանակելով, փորձեց շտկել իրերի դրությունը, սակայն «հայտնի ուժերը» բավականին կոպիտ ձևով նրան ևս հեռացրին ոչ միայն կառավարման լծակներից, այլև ընհանրապես Հայաստանից։ Ժամանակին Վանո Սիրադեղյանը իր հարցազրույցներից մեկում այդ կապակցությամբ ասում է․ «… Զարմանալի կլիներ, որ իշխանափոխությունից հետո, մի իշխանությունը փոխելուց հետո, այսպես ասած գահընկեց անելուց հետո այնպիսի ընտրություններ լինեին, որ ինչ-որ երրորդ մեկը գար՝ անկապ… նախագահ դառնար…»։ Տեր-Պետրոսյանին այլ բան չէր մնացել, քան հեռանալը, առավել ևս հաշվի առնելով Լիսաբոնի տապալումը, որ մեծ հետևանքներ էր առաջացրել բանակցային գործընթացներում։ «Հայտնի ուժերին», իրենց հերթին, բավականին ձեռնտու էր «հերոսացման» այս դրվագը։ Որպես այդ առասպելի շրջանառման արդյունք՝ նրանք այնքան մեծ օգուտներ էին ստանում, որ անհնար էր դարձնում այդ քաղաքական առասպելը բացահայտելու գայթակղությանը տրվելը։ Այդ առասպելի շնորհիվ հնարավոր էր դառնում նախկին կառավարող շրջանակին ներկայացնել որպես «հող հանձնող» կամ պատերազմի հաղթական արդյունքները զիջելու պատրաստ «հակահերոսներ», իսկ իրենց՝ դրա իրական արդյունքներն ապահոված, ոչ մի թիզ հող չհանձնող «հերոսներ»։ Սա նաև Արցախի նախկին նախագահ Քոչարյանի՝ որպես Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրվելու լեգիտիմության էական կռվան էր, ինչը, ի վերջո, մեծ ազդեցություն ունեցավ Հայաստանի քաղաքացիների ընտրական վարքագծի վրա։ 1997թ․-ին «Պատերա՞զմ, թե խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածի միջոցով հյուսելով «խաղաղարար-հերոսի» և «հող չհանձնող-հերոսների» առասպել՝ Տեր-Պետրոսյանը պայմանավորվեց ոչ միայն ներքաղաքական հարցերում ապագայի խոսույթները, այլև Հայաստանի վարած քաղաքականության դուալիզմը հետագա տասնամյակների համար, երբ հետևած բոլոր կառավարությունները դրսում խոսում էին «հող հանձնելու» (փոխզիջումների միջոցով խնդրի կարգավորմանը հասնելու) մասին, իսկ ներքաղաքական կյանքում՝ վերոնշյալ առասպելաբանությունը կենդանի պահելու համար՝ ոչ մի թիզ հող չզիջելու մասին։ Մինչդեռ մենք գիտենք, որ հետագայում Հայաստանի բոլոր կառավարությունները բանակցությունները վարում էին փոխզիջումներով խաղաղության հանգելու շուրջ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ «հող հանձնող» լինելուց շատ հեռու էր, երբ 2008թ․-ի հոկտեմբերի 17-ին հրավիրած հանրահավաքում հնչեցրած ելույթում Հայաստանի Ազգային ժողովին առաջարկում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման փաստը։ Մինչդեռ հայ ժողովուրդը, որին Լիպարիտյանը մեղադրում է մաքսիմալիզմի և արկածախնդրության մեջ, միջազգային օրենքով ամրագրված իր տարրական իրավունքների նկատմամբ հարգանք էր պահանջում։ Ընդամենը։ Մնացած ածականները՝ «հող հանձնող», «ոչմիթիզական», «հայդատական», «արկածախնդիր» և այլն, ներքաղաքական գզվրտոցի մեջ միմյանց պիտակավորելու և բանավեճին իռացիոնալ բնույթ հաղորդելու արատավոր երևույթներ են, ինչի մեջ ներքաշել են նաև ժողովրդի տարբեր հատվածների։ Նկարագրված ապաշնորհ քաղաքականության պայմաններում նույնիսկ 2007թ․-ին մշակված Մադրիդյան սկզբունքները, որտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ համահավասար նշվում է նաև ազգերի ինքնորոշման սկզբունքը, կարելի է անսպասելի և անհավանական հաջողություն համարել։ 1992թ․-ին, հրաժարվելով միավորման մասին 1989թ․-ի որոշումից, նույնիսկ հրաժարվելով ճանաչել 1991թ․-ի դեկտեմբերի 10-ի ԼՂՀ անկախության հանրաքվեի արդյունքները, ստանում ենք պատերազմ։ Պատերազմի արդյունքները 1994թ․-ին հայկական կողմի օգտին են, Ադրբեջանը՝ պարտված, ներքաղաքական ցնցումների մեջ։ Սեփական իրավունքներից հրաժարվելու այդ մոտեցումը աշխարհի և տարածաշրջանի համար ստեղծում է խիստ պայթյունավտանգ իրավիճակ, երբ տարածքների նկատմամբ իրավունքները դե յուրե ամրագրված են Ադրբեջանի օգտին, սակայն փաստացի գտնվում են հայկական ռազմաքաղաքական վերահսկողության ներքո։ Բայց նույնիսկ 1994-96թթ․-ի հաղթանակած Հայաստանը, իր առաջ ջախջախված Ադրբեջան ունենալով, մի քայլ չի ձեռնարկում, որ այդ իրավունքները կասկածի տակ դնի, իսկ 1996թ․-ին արդեն ստանում ենք Լիսաբոնի տապալում, իսկ հետագայում նաև կիսապատերազմական տարիներ, 2020թ․-ին՝ հետաձգված պատերազմ։ Մինչ օրս հայկական ապաշնորհ դիվանագիտությունը նման վեճ հարուցելու ոչ մի հնարավորություն չի տեսել։ Հիմա անհասկանալի է, թե Լիպարիտյանն ո՞ւմ է մեղադրում նոր պատերազմի ու նոր զոհերի համար, եթե հենց իր քաղաքական թիմի և դրան հաջորդած թիմերի նկարագրված դիրքորոշումներն ու վարած քաղաքականությունն են ստեղծել այն պատային, անլուծելի իրավիճակը, որն անպայման հանգեցնելու էր նոր բախումների։ Եվս մի փաստարկ բերեմ, որը կնկարագրի հայ ժողովրդի իրական և լիպարիտյանական «մաքսիմալիզմի ու արկածախնդրության» միջև ընկած ահռելի անդունդը։ Հայաստանը և Ադրբեջանը 1992թ․ նույն օրը՝ հուլիսի 8-ին, ստորագրել են Հելսինկյան եզրափակիչ ակտը, որը եվրոպական տարածաշրջանում իրավահարաբերություններ կարգավորող հիմնարար փաստաթղթերից մեկն է։ Հարաբերությունների կարգավորման Հելսինկիի եզրափակիչ ակտի 8-րդ սկզբունքն ասում է․ «Ելնելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքից` բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն լիակատար ազատության պայմաններում, երբ և ինչպես նրանք ցանկանում են, որոշել իրենց ներքին ու արտաքին քաղաքական կարգավիճակը` առանց արտաքին միջամտության, և սեփական հայեցողությամբ իրականացնել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը»։ Ինքնորոշվելու արցախահայության իրավունքը ճանաչում են Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, հակամարտության կարգավորման Մադրիդյան առաջարկը մշակած ու կողմերին ներկայացրած մյուս համանախագահ-երկիրը՝ Ռուսաստանը, Հելսինկյան ակտը ստորագրած մյուս երկրները, բայց ոչ Հայաստանը։ Նույնիսկ այսօրվա՝ 2023թ․-ի Հայաստանը բանակցում է ոչ թե հայ ժողովրդի իրավունքների կենսագործման շուրջ, այլ Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս․ իրավունքներից հրաժարվելու քաղաքականություն, որն արդեն ապացուցել է՝ դա հանգեցնում է պատերազմի և/կամ կենսագործունեության համար անհաղթահարելի խնդիրներ է ստեղծում։ Ուրեմն, հայ ժողովրդի ի՞նչ մաքսիմալիզմից է խոսում Լիպարիտյանը, երբ հայ ժողովուրդը, ապավինելով Լիպարիտյանի ներկայացրած շերտի «քաղաքական մտքի զորությանը», նույնիսկ իր տարրական իրավունքները չի փորձել կենսագործել։ Հայ ժողովուրդն ընդամենը փորձում է արժանապատվորեն դուրս գալ ռուս-թուրք-հայ-ադրբեջանական պաշտոնական կողմերի ստեղծած այս թնջուկից։ Փորձում է զոհելով կարևորը՝ կյանքեր, հույսեր, բարեկեցություն ու երջանկություն։ Բայց սա՛ էլ դեռ ամենը չէ։ Լիպարիտյանի հարցազրույցում կարմիր թելով անցնում է այն միտքը, թե 1997թ․-ին մենք բաց ենք թողել խաղաղ կարգավորման մեր հնարավորությունը և պետք է սթափ նայենք աշխարհին, զիջենք ինչ հնարավոր է, որպեսզի այդքան բաղձալի խաղաղությունը ստանանք։ Ընդ որում, նա չի նշում, թե համաձայնվելով թշնամիների ներկայացրած պահանջներին՝ մենք կստանանք այդ խաղաղությունը։ Նրա խոսքերով՝ դրա հավանականությունը 10-20 տոկոս է, և մենք իրավունք չունենք բաց թողնել այդ եզակի հնարավորությունը, այլապես պետք է ճամպրուկները հավաքենք և չքվենք այստեղից, որովհետև այլընտրանքը 100 տոկոսանոց պատերազմն ու պարտությունն է։ Այս հրեշավոր միտքն ու իր էությամբ ադրբեջանա-թուրքական սպառնալիքը կարծես 90-ականներից ժամանակի միջով անցած ու ծվարած լինեն մեր հարկերով սնվող հեռուստաընկերության տարբեր եթերներում։ Արդյո՞ք արդար է և բարոյական է հայ ժողովրդի առանց այդ էլ տառապած ուսերին բարդել «չստորագրելու» մեղադրանքը։ Արդյո՞ք Ադրբեջանը երբևէ պատրաստ է եղել ստորագրել խաղաղ կարգավորման որևէ փաստաթուղթ, որը նրան չէր տալիս ամեն ինչ, իսկ հայկական կողմին՝ միայն ցեղասպանվելու կամ էթնիկ զտումների հարյուր տոկոսանոց հավանականություն, ինչի մասին Լիսաբոնում խոսում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, հիմա էլ՝ Նիկոլ Փաշինյանը։  1997թ․-ին Ադրբեջանի հետ հաշտության եզրեր գտնելու մասին խոսել է Լևոն Տեր-Պետրոսյանը, որն այս հարցում խիստ շահագրգիռ անձ էր։ Նրա շահագրգռությունն այն էր, որ հեռանա ոչ թե որպես ընտրակեղծիքներով ու բռնաճնշումներով կառավարման երկրորդ ժամկետի անցած հանցագործ, ոչ թե հանցավոր անգործության պատճառով Արցախյան խնդրի կարգավորման հարցում Հայաստանի քաղաքականությունը տապալած պաշտոնյա, այլև Հանրապետություն հիմնադրած և դրա խաղաղ ապագայի համար կարիերան զոհած հերոս, առավել ևս, որ ընտրակեղծիքների և հետագա բռնաճնշումների վերջնական որոշմանը նրա մասնակցությունը իր մի հարցազրույցում փորձ է անում կասկածի տակ դնել նույն Վանո Սիրադեղյանը։ Ոչ մի փաստ չկա, որ Ադրբեջանը Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին նախորդող ժամանակահատվածում պատրաստ է եղել ստորագրել խնդրի կարգավորման փուլային տարբերակով լուծման միջնորդ երկրների առաջարկը։ Տվյալ ժամանակահատվածի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած նյութում էլ խոսվում է այն մասին, որ խնդրի կարգավորմամբ զբաղվող գերտերությունները պայմանավորվել են ճնշումներ գործադրել կողմերի նկատմամբ՝ Ադրբեջանի դեպքում Արևմուտքի միջոցով կիրառելով նավթի արդյունահանման հարցում չաջակցելու շանտաժը, իսկ Հայաստանի դեպքում՝ զենք չտրամադրելու հեռանկարի շանտաժը։ Պատրաստված նյութում խոսվում է Հայաստանի ու Արցախի նկատմամբ կիրառված ճնշումների մասին, բայց ոչ մի խոսք չկա, թե արդյոք Ադրբեջանը թեկուզ վերբալ մակարդակում համաձա՞յն էր որևէ փոխզիջումային տարբերակի։ Ստանում ենք ևս մի փաստարկ, որ Տեր-Պետրոսյանի «հրաժարական-հերոսացումը» և «պատերազմի կուսակցության հաղթանակի» դրվագն ընդամենը երկու կողմերին ձեռնտու առասպել էին, որոնք ապագայում ևս կիրառվելու էին ներքաղաքական պայքարում։ Մինչ օրս սա անհաշտ թևերի է բաժանում հանրության տարբեր շրջանակներ, և խոսույթների բախումը ապարդյուն է դարձնում խնդրի լուծման շուրջ համերաշխության գալու հանրության շանսերը։ Հետագայում՝ արդեն Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, կողմերը հաշտությանը ամենամոտը եղել են 2001թ․-ին ԱՄՆ-ի կազմակերպած քիվեսթյան բանակցությունների շրջանում։ Ըստ տեղեկատվական հոսքի՝ բանակցությունների արդյունքներով կողմերը լի էին հաջող հանգուցալուծման հույսով և շտապում են իրենց երկրներ՝ ժողովուրդներին պատրաստելու խաղաղության։ Այնինչ Ալիևին չի հաջողվում ոչ միայն հանրությանը համոզել փոխզիջումների հնարավորությանն իսկ, այլ իր նեղ շրջապատին։ Բանակցությունները տապալվում են։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին այդպիսի հնարավորությունների բարձրակետը 2011թ․-ին Կազանի փաստաթղթի ստորագրման պատմությունն է, որը Սերժ Սարգսյանը ներկայացնում է այսպես․ «Տարիներ շարունակվող, ինչպես առաջընթաց, այնպես էլ հետընթաց արձանագրած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համաձայնել են փաթեթային լուծմանը 2011թ․ հունիսին. Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահները իրենց գոհանակությունն արտահայտեցին շրջադարձային առաջընթացի վերաբերյալ: Ռուսաստանը հանդես եկավ հանրային հայտարարությամբ, և Ադրբեջանի նախագահն ու ես հրավիրվեցինք Կազան՝ ձեռք բերված համաձայնությունը հաստատելու նպատակով: Երբ բոլորս նույն հարկի տակ էինք, Ալիևը մի թուղթ հանեց գրպանից՝ տասնյակից ավելի էական փոփոխություններով։ Այդ բոլոր դրույթները ամիսներ շարունակ քննարկվել էին կողմերի միջև բանակցությունների ընթացքում և մանրակրկտորեն պարզաբանված կամ հեռացված էին պատշաճ կերպով ձևակերպված փաստաթղթում: Բոլորը ցնցված էին, և չնայած միջնորդների հիասթափությանը՝ Ալիևը հայտարարեց, որ չի տալու իր համաձայնությունը փաստաթղթին»: Նիկոլ Փաշինյանն էլ բազմիցս հայտարարել է, որ երբ ադրբեջանական կողմի հետ մոտ են լինում պարզելու «խաղաղության պայմանագրի» շրջանակները, ի հայտ է գալիս մի նոր պահանջ, ինչը խաթարում է բանակցությունների ընթացքը։ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը 2017թ․-ի մարտի 22-ին տված իր հարցազրույցում ասում է․ «…Կազանում պետք է վերցնեին Մեդվեդևի ձեռքից, ստորագրեին և ասեին՝ վերջ, մենք էլ ասելիք չունենք։ Ես այդ հնարքը օգտագործել եմ, և շատ մեծ արդյունք է տվել։ Աշխաբադում տեղի ունեցած ԱՊՀ երկրների գագաթաժողովներից մեկում հայր Ալիևը իր ստանդարտ ելույթն ունեցավ, թե Հայաստանն այսքան տարածք է գրավել, այսքան գաղթականներ ունենք, բացարձակապես չի ուզում հարցը լուծել և այլն։ Ելցինը շրջվեց դեպի ինձ և հարցրեց՝ ի՞նչ կպատասխանեք։ Ասեցի շատ պարզ՝ վերջերս էլի Մինսկի խմբի առաջարկների հիման վրա մի նոր պլան եք առաջարկել երկու կողմերին։ Բերեք այդ պլանը և ես հենց հիմա սեղանի վրա պատրաստ եմ այդ պլանը ստորագրել, հենց այստեղ, ձեր ներկայությամբ։ Նայեցին իրար, Ելցինը ասեց՝ Հեյդար Ալիև, ի՞նչ կպատասխանեք, ձայն չհանեց։ ՈՒ վերջացավ, դրանից հետո երկու տարի մեր վրա ոչ մի ճնշում չեղավ։ Ո՛չ մի… Ապացուցվեց, որ Ադրբեջանն էր դեմ գնում այդ ծրագրերին»։ Սա փաստում է այն մասին, որ բանակցությունների ամբողջ ընթացքում այս պրակտիկան կատարելության է հասել՝ հայկական կողմը կարող էր ստորագրել ցանկացած տարբերակի տակ՝ վստահ լինելով որ Ադրբեջանը չի ստորագրելու, քանի որ նրան ոչ թե զիջումներ են պետք, այլ ամբողջը։ Ընդ որում, ամբողջը պետք է ոչ թե դրանով բավարարվելու, այլև, ինչպես ներկայումս տեսնում ենք, որպես Հայաստանի նկատմամբ ագրեսիայի և հնարավոր անեքսիայի նախերգանք, նախապատրաստական ակտ։ Այս առումով Ադրբեջանը, ի տարբերություն մեզ, նախանձելի հետևողականությամբ տասնամյակներով հավատարիմ է իր դիրքորոշմանը։ Դեռ 1992թ․-ի իրադարձությունների ժամանակ Ադրբեջանի վարչապետ Հասան Հասանովն էր անընդհատ կրկնում միտքը, թե «Ղարաբաղյան հակամարտության լուծումը և դրա հետ կապված բոլոր հարցերը, առաջին հերթին՝ կարգավիճակի հարցը, Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն ու ներքին գործն են, որը երբեք չի հանդուրժի որևէ արտաքին միջամտություն»։ Նույնը այսօր՝ 31 տարի անց, բառացիորեն կրկնվում է հարցի վերաբերյալ պաշտոնական Բաքվի հայտնած ցանկացած դիրքորոշման մեջ։ Այդ դիրքորոշումը կոչվում է իրավունքները չզիջելու քաղաքական կուրս, որը չի փոխվել ոչ 90-ականներին, ո՛չ պատերազմի ամենաակտիվ փուլերում, ո՛չ պարտությունից, ո՛չ էլ առավել ևս հաղթանակից հետո։ Ի տարբերություն մեզ, Ադրբեջանում գիտեն՝ երբ բանակցային գործընթացում իրավունքները քո ձեռքերում են, վաղ, թե ուշ ստեղծվելու է մի իրավիճակ, երբ քո իրավունքների կենսագործման ամենահարմար պահն է լինելու, իսկ երբ զիջում ես իրավունքներդ, դրանք վերանվաճելու համար հարյուրապատիկ ավելի ջանք է պահանջվելու։ Այդ դեպքում ինչո՞ւ է Ժիրայր Լիպարիտյանը խնդրի կարգավորված չլինելու մեղքը բարդում հայ ժողովրդի կամ ինչ-որ «արկածախնդիրների» վրա։ Մի՞թե դա նույնպես հրեշավոր չէ, երբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մեծ զրկանքներ կրած, ընդամենը մյուս ժողովուրդների նման իրենց հողի վրա ազատ ապրելու միջազգային օրենքով ամրագրված իրենց իրավունքը իրացնելու համարձակություն ունեցող, այդ իրավունքի իրացման համար բավականին արյուն թափած, բայց խաղաղ գոյակցության ձգտող ժողովուրդը մի անգամ էլ պետք է ստիպված լինի հիմա էլ «ներսից» նման կեղծ մեղադրանքներ հանդուրժել։ Մի՞թե հրեշավոր չէ ագրեսորին մեղադրելու փոխարեն ագրեսիայի զոհին մեղադրել ապակառուցողականության ու մաքսիմալիզմի մեջ։ Ընդհանրապես, պարոն Լիպարիտյանի կես ժամ տևած հարցազրույցում հնչել է մոտ 3000 բառ, որոնցից «իրավունք» բառը նա կրկնել է 7 անգամ։ 2 անգամ դա վերաբերել է նրան, որ եթե Ադրբեջանը չի կատարում Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ միջազգային հանրության պահանջը, ապա մենք ի՞նչ իրավունք ունենք որևէ ավելի մեծ բան ակնկալել։ Մեկ անգամ իրավունք բառը հնչել է այն համատեքստում, որ մենք իրավունք չունենք ծանր զիջումների գնով խաղաղության հասնելու 10-20 տոկոսանոց շանսը չօգտագործել։ 3 անգամ այն կիրառվել է որպես «այս ժողովուրդը հանգիստ ապրելու իրավունք ունի» մտքի մաս և, թե դրա համար պարտավոր է ընդունել Ադրբեջանի պահանջները։ Եվ վերջին մեկ անգամը՝ ժողովուրդը իրավունք ունի նոր սերունդ չնահատակելու։ Վերջինը, իհարկե, իրավունքի ոլորտից չէ, այլ լրիվ բարոյական դաշտում գտնվող երևույթ։ Վե՞րջ։ Ուրիշ իրավունք չունի՞ մեր ժողովուրդը։ Ելնելով Լիպարիտյանի դատողությունների շրջանակից՝ նշված իրավունքներից զատ մի իրավունք էլ ունի՝ ցանկացած ուժի հանդեպ ծնկի գալու և վախից դողալու իրավունքը։ Թերևս այդքանով, ըստ Լիպարիտյանի, կարելի է սահմանափակել հայ ժողովրդի իրավունքների շրջանակը։ Բայց Ժիրայր Լիպարիտյանը, ի վերջո, ընդամենը մի սխալական մարդ է։ Մեր խնդիրը քննադատական մտքի բացակայությունն է, ինչի պարագայում Լիպարիտյանի այս խայտառակ ձեռնածությունները համոզիչ են թվում։ Մեր խնդիրը պետական քարոզչության մակարդակ հասած այն քաղաքական մտածողությունն է, որը հին օրինակով կարող է նոր պատերազմի հանգեցնել։ Այն, ինչ այսօր առաջարկվում է նման պետական քարոզչության միջոցով, առանց քննելու, անձայն ու մեծ ախորժակով կլանվում է հանրության անպաշտպան մասի կողմից։ Բայց այն, ինչ ուտում են, մարսում ու «սեփական սուբյեկտիվ կարծիք» և «քաղաքական ռեալիզմ» բարձրագոչ բառերի տակ դուրս նետում հանրություն, չի դադարում ունենալ այն բնական հոտը, որ հատուկ է մարսողության արգասիքներին։ Եվ, ինչպես դասականը կասեր, այս գաղջ մթնոլորտում, անխուսափելի ու վերջնական դեգրադացիայի պայմաններում հայ ժողովուրդը ստիպված է չհուսահատվել, պայքարել իր լինելիության համար և նոր Հայաստան ու Արցախ կերտել։ Սուրեն Սահակյան
17:58 - 22 մայիսի, 2023
«Միացյալ Թագավորության դիրքը Ղարաբաղի հակամարտության մասով չի փոխվել. խաղաղություն՝ հնարավորինս շուտ»․ Լեո Դոքերթի

 |factor.am|

«Միացյալ Թագավորության դիրքը Ղարաբաղի հակամարտության մասով չի փոխվել. խաղաղություն՝ հնարավորինս շուտ»․ Լեո Դոքերթի |factor.am|

factor.am: Միացյալ Թագավորության դիրքորոշումը ղարաբաղյան հարցի հետ կապված չի փոխվել. ՄԹ-ն ուզում է տեսնել համապարփակ խաղաղություն՝ հնարավորինս շուտ։ Այս մասին Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։ «Մեկ անգամ ևս ամրապնդում ենք ԵՄ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ ուղղությամբ։ Փորձում ենք համագործակցություն ամրացնել Հայաստանի և ՄԹ-ի միջև, ուրախ եմ հայտարարելու, որ մեկնարկել է ռազմավարական երկխոսությունը, որը, հուսանք, տեղի կունենա այս տարվա երկրորդ կեսին։ Այն կընդլայնի մեր համագործակցության եզրը, հուսանք, որ դրական ընկալում կունենա», – ասաց Լեո Դոքերթին։ Պետնախարարն ասաց, որ ՄԹ-ի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնքան կարևոր են, որքան Հայաստանի հետ հարաբերությունները։ «Բայց մենք միշտ հստակ ենք եղել, որ այս շարունակական հակամարտությունը կայուն խաղաղության չի կարող հանգեցնել։ Մենք կայուն խաղաղություն ենք ուզում և դրան կարող ենք հասնել միայն սեղանի շուրջ։ Մենք կփորձենք ազդեցություն ունենալ կողմերի վրա՝ փորձելով այս հարցը հանգուցալուծման տանել», – նշեց Լեո Դոքերթին։
17:27 - 22 մայիսի, 2023
Երևանը և Բաքուն Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի 2 հոդված են համաձայնեցրել. Միրզոյան
 |armeniasputnik.am|

Երևանը և Բաքուն Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի 2 հոդված են համաձայնեցրել. Միրզոյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում բանակցությունների ժամանակ խաղաղության պայմանագրի նախագծի ևս 2 հոդված են համաձայնեցրել։ Այս մասին Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Վաշինգտոնում որոշակի որոշակի առաջընթաց ձեռք բերվեց այն առումով, որ խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել, բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ անկեղծ խոսակցություն ծավալել։ Կարող եմ ասել, որ այդ խոսակցությունների ընթացքում կողմերը շատ լավ են հասկանում մեկը մյուսի մտադրությունները և պատկերացումները։ Բացի նշածս երկու հոդվածից, կարծում եմ, մյուս հոդվածների մասով ևս հավանականություն կա համաձայնության»,- նշեց ԱԳ նախարարը։ Նրա խոսքով` ամենաբարդ և խնդրահարույց հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները շատ հեռու են։ Նախարարը նշեց, որ Հայաստանի համար կարևոր է պետական սահմանի սահմանազատման հարցում որոշակիությունը։Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։ Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ եռակողմ` հանդիպում եղավ Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
17:21 - 22 մայիսի, 2023
Այս պահի դրությամբ մոլորված լինելու հետեւանքով ՀՀ-ում հայտնված ադրբեջանցիներ չկան․ Նիկոլ Փաշինյան

Այս պահի դրությամբ մոլորված լինելու հետեւանքով ՀՀ-ում հայտնված ադրբեջանցիներ չկան․ Նիկոլ Փաշինյան

«Շառլ Միշելը հայտարարել է, որ գերեվարված անձինք առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն, իսկ մոլորված քաղաքացիները ազատ կարձակվեն արագացված ընթացակարգով»,- հիշեցրեց լրագրողը՝ նշելով, որ հայտնի է՝ ոչ Երեւանում, ոչ Բաքվում մոլորված քաղաքացիներ չկան, այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը, հնարավո՞ր է՝ Բաքուն առաջ տանի ապրիլին ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցիների արտահանձնման հարցը, որոնցից մեկը մեղադրվում է սպանության մեջ նաեւ։ «Ես հաստատում եմ, որ ընդհանրապես կա ըմբռնում, որ մոլորվելու հետեւանքով հակառակ կողմում հայտնված զինծառայողները, քաղաքացիները պետք է հեշտացված կարգով հետ վերադառնան, բայց նաեւ հաստատում եմ Ձեր ասածը, որ այս պահի դրությամբ մասնավորապես Հայաստանում մոլորված լինելու հետեւանքով ՀՀ-ում հայտնված ադրբեջանցիներ չկան։ Այսինքն՝ բոլոր ադրբեջանցիները, որոնք էս պահին Հայաստանում են, նրանք իրենց որոշմամբ որոշել եւ հատել են ՀՀ սահմանը։ Ես հաստատում եմ, որ մոլորված անձինք, ցանկացած ադրբեջանցի, որ մոլորված լինելու հետեւանքով կհայտնվի ՀՀ-ում, հեշտացված կարգով հնարավորինս արագ կվերադարձվի Ադրբեջանին, բայց էս պահին այդպիսի քաղաքացիներ մենք չունենք»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հարաբերությունների կարգավորումը շատ կարեւոր եւ բարդ որոշումների կայացում է նախատեսում, բայց դա միակողմանի չի կարող լինել։ «Այո, մենք պատրաստ ենք քննարկել [ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիների արտահանձնման հարցը], իհարկե, իրավական ընթացակարգերն անցնելուց հետո, որովհետեւ մենք մյուս կողմից չենք կարող անտեսել, որ ՀՀ քաղաքացի է սպանվել, բայց որեւէ մեկի անմեղության կանխավարկածն էլ չենք խախտում։ Նախաքննության փուլում է, եթե չեմ սխալվում, հարցը, եւ համապատասխան եզրակացությունը կլինի, կուղարկվի դատարան, դատարանը որոշում կկայացնի, որից հետո իրավական ընթացակարգերը հնարավոր են համարում ամենատարբեր լուծումներ»,- ընդգծեց վարչապետը։ 
16:33 - 22 մայիսի, 2023
Հայաստանը միշտ էլ ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չի ասել՝ ինչ տարածքով է ճանաչում․ Փաշինյան

Հայաստանը միշտ էլ ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չի ասել՝ ինչ տարածքով է ճանաչում․ Փաշինյան

Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը մեջբերեց Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը, որ ՀՀ բոլոր ղեկավարները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ «Ի՞նչ տարածքով են ճանաչել, որովհետեւ բրյուսելյան վերջին հայտարարությունից հետո հայաստանյան որոշ շրջանակներ սկսեցին խոսել, որ եթե մենք ճանաչենք ամբողջականությունը, դրանով հրաժարվում ենք Արցախից։ Արցախը երբեւէ համարվե՞լ է տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- հարցրեց լրագրողներից մեկը։  «Այո, Հայաստանը միշտ էլ ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չի ասել՝ ինչ տարածքով է ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանն էլ ասել է՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն է ճանաչում, բայց չի ասել՝ ինչ տարածքով։ Եւ ամբողջ պրոցեսը գնացել է սկսած Ալմա Աթիի հռչակագրից էս տրամաբանությամբ, չնայած՝ Ալմա Աթիի հռչակագիրը ենթադրում է, որ ադմինիստրատիվ սահմանները վերածվում են պետական սահմանների, այսինքն՝ ավտոմատ փոխակերպում է տեղի ունենում, ինչը չի նշանակում, որ հետագայում կարող են նաեւ որոշակի դեմարկացիոն գործընթացների արդյունքում որոշակի ճշգրտումներ լինել»,- ասաց Փաշինյանը։   Ըստ վարչապետի՝ տարածքային վեճ լինելու մասով՝ հարցին պետք է մոտենալ դե յուրե եւ դե ֆակտո․ «Վերջերս անդրադարձա մի նրբության։ Երբ ՀՀ-ն ասում է՝ սա ինքնորոշման հարց է, հարց՝ իսկ կներեք, դուք ո՞վ եք, ես Հայաստանի Հանրապետությունն եմ, իսկ ո՞ւմ ինքնորոշման մասին ա խոսքը, Լեռնային Ղարաբաղի, իսկ ինքը ինչի՞ չի․․․ Ինքնորոշում նշանակում է ինքը, չէ՞․․․ Ինքը ո՞ւր է։ Ինքը ստեղ չի։ Այսինքն՝ երբ ինքը չի խոսացողը, ավտոմատ դառնում ա՝ երկու պետություն տարածքի մասին են խոսում, եւ 98 թվի էդ փոխակերպումը [Արցախը բանակցություններից դուրս թողները,-խմբ․] հենց դա է նշանակել։ Ու, իմիջիայլոց, էս նոր բան չի։ 97-98 թվերին բացենք քաղաքագետների մեկնաբանությունները, քաղաքական գործիչների, որոնք ասում են, որ ԼՂ-ն, բանակցություններից դուրս մղվելով, ստացվում է, որ հարցը տեղափոխվում է այլ հարթություն, առնվազն միջազգային հանրությունը սկսելու է կամաց-կամաց ընկալել որպես տարածքային վեճ, ինչն էլ տեղի է ունեցել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։  
16:14 - 22 մայիսի, 2023
Փաշինյանը պատասխանեց հարցին, թե արդյոք ՀՀ Սահմանադրության խախտում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելը

Փաշինյանը պատասխանեց հարցին, թե արդյոք ՀՀ Սահմանադրության խախտում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելը

Գերագույն խորհրդի որոշմամբ սահմանվել է, որ Արցախի կարգավիճակը հայ ժողովրդի տեւական նպատակներից ու իղձերից մեկն է, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչումը։ ՀՀ սահմանադրությունն էլ իր ուժը ստանում է ԳԽ որոշումից եւ Անկախության հռչակագրից։ Փաստորեն, Դուք հիմա Բրյուսելում պայմանավորվել եք Արցաը թողնել Ադրբեջանի կազմում։ Ի՞նչ եք կարծում, արդյոք սա Ձեր կողմից ՀՀ սահմանադրության խախտում չէ՞, եւ նաեւ Դուք եք բազմիցս ասել, որ Ադրբեջանը Արցախում ցանկանում է էթնիկ զտումներ, ցեղասպանություն իրականացնել, էս դեպքում ո՞նց եք պատկերացնում, որ Արցախը կարող է Ադրբեջանի հետ ինչ-որ երկխոսություններ վարել, արցախցիներն էլ էնտեղ շարունակեն ապրել։ Մամուլի ասուլիսի ժամանակ նման հարց հնչեցրեց լրագողներից մեկը, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ասաց․ «Ադրբեջանը, մեր ընկալմամբ, ԼՂ-ում էթնիկ զտումների եւ ցեղասպանության քաղաքականություն է իրականացնում, եւ մեր խնդիրն է առաջինը ամեն ինչ անել այդ քաղաքականության իրագործումը թույլ չտալու համար, եթե հնարավոր է այդ քաղաքականությունը փոխելու ուղղությամբ՝ ոչ միայն միջազգային հանրության կողմից իրականացվող ճնշումներով, այլեւ Ադրբեջանի հետ կառուցողական բանակցությունների միջոցով, նաեւ Բաքու-Ստեփանակերտ ինստիտուցիոնալ երկխոսություն ձեւավորելու միջոցով»,- ասաց Փաշինյանը։  Վարչապետը նշեց՝ լրագրողը Սահմանադրության հետ կապված չափազանց կարեւոր հարց է բարձրացնում։ «1989 թվականին ՀՀ ԳԽ-ն եւ ԼՂ Մարզային խորհուրդը որոշում են կայացրել ԼՂ-ի եւ ՀՀ-ի վերամիավորման վերաբերյալ։ 1990թ․-ին ՀՀ-ն ընդունել է Անկախության հռչակագիր՝ հղում անելով նաեւ այդ որոշմանը։ 1991թ․-ին ԼՂ-ն հայտարարել է անկախություն։ Ումի՞ց է հայտարարել էդ անկախությունը։ Տարբերակ 1․ ՀՀ-ից, եթե էս տարբերակն է՝ ԳԽ եւ ՄԽ որոշումները խախտվել են, թե չէ, եթե խախտվել են, ինչու խախտողները պատասխանատվության չեն ենթարկվել։ Եթե Ադրբեջանից, ինչպե՞ս է, Ադրբեջանից անկախություն հռչակելու պարագայում Անկախության հռչակագիրը եւ Մարզխորհրդի որոշումը խախտվել ե՞ն, թե՞ ոչ, որովհետեւ եթե վերամիավորվել ենք ՀՀ-ի հետ, ումի՞ց ենք անկախություն հռչակում։ Սա տեղավորվում է Ձեր հարցի մեջ։ 1995-ին ՀՀ-ն ընդունել է Սահմանադրություն հանրաքվեով, 97 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է իր «Պատերազմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը», որտեղ ասել է, որ ԼՂ անկախության հարցում մենք բարեկամներ չունենք, եւ, ըստ էության, ասել է, որ դա հնարավոր չէ»,- նշեց վարչապետը։  Լրագրողի ճշտող հարցին՝ այդտեղ ԳԽ որոշումը, Հռչակագիրը, Սահմանադրությունը խախտվել են, թե՞ չէ, Փաշինյանը ասաց․ «Հաջորդը, 1998թ․-ին տեղի է ունեցել իշխանության փոփոխություն, եւ ՀՀ-ն բանակցային գործընթացից դուրս ա թողել ԼՂ-ին, որից հետո բանակցություններին որպես հիմք ընդունվել է «Ընդհանուր պետություն» տարբերակը, որտեղ արձանագրված է, որ ԼՂ-ն ինչ-որ տիպի միավորվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում (ես բառերը անգիր չեմ հիշում, բայց իմաստների մեջ վստահ եմ հարյուր տոկոսով)․ սրանով Սահմանադրությունը խախտվե՞լ է, թե՞ չի խախտվել։ Որից հետո քննարկվել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ տարածքների փոխանակման բանակցային փաթեթը, որը հրապարակված է, բոլորդ տեղյակ եք՝ Մեղրիի շրջանը հանձնելու դիմաց ԼՂ-ն ստանալ․ սա Սահմանադրության խախտու՞մ է, թե՞ չէ։ Որից հետո ընդունվել է «Մադրիդյան սկզբունքները», որի առանցքային, անկյունաքարային դրույթներից մեկը, եւ դե ֆակտո, եւ դե յուրե, այն է, որ ԼՂ կարգավիճակի ճշգրտման հարցը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ՝ ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով․ հարց․ Սահմանադրությունը, Հռչակագիրը, 89 թվականի որոշումը խախտվել ե՞ն, թե՞ ոչ։ Որովհետեւ եթե անցյալում, ըստ նարատիվի մեր, հանրաքվե է տեղի ունեցել, եւ կարգավիճակը ճշգրտվել է, ապագայում ի՞նչ հանրաքվե է տեղի ունենալու, եւ ապագայում տեղի ունենալիք հանրաքվեի մասին համաձայնությունը զրոյացրել է անցյալում տեղի ունեցած հանրաքվեն, որովհետեւ եթե դու ասում ես կարգավիճակը պետք է որոշովի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեն, էդ նշանակում է անցյալում տեղի ունեցած հանրաքվեով կարգավիճակը չի որոշվել․ 89թ․ որոշումը, Հռչակագիրը, Սահմանադրությունը խախտվե՞լ են, թե՞ չեն խախտվել։ Հաջորդը․ ասում է, որ պոտենցիալ հանրաքվեն չի կարող սահմանափակել (հայկական կողմի դիրքորոշումն է եղել) ԼՂ-ի որեւէ կարգավիճակ։ Սա նշանակում է, որ էդ համաձայնությամբ ԼՂ-ն կարող էր լինել Ադրբեջանի մաս, ընդ որում Ադրբեջանի կազմում առանց որեւէ կարգավիճակի։ Եթե ասում ենք, որ կարգավիճակի որեւէ սահմանափակում չի կարող լինել, ուրեմն չի կարող լինել կարգավիճակի սահմանափակում, որ ԼՂ-ն Գյանջայի շրջանի մաս է։ Հիմա, էդ սկզբունքն ընդունելով, 89թ․ որոշումը, Անկախության հանրաքվեն, Սահմանադրությունը խախտվե՞լ են, թե՞ չեն խախտվել։ Հաջորդը․ երբ ասվել է, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում, կողմերն էլ Հայաստանն ու Ադրբեջանն են, եթե ինքնորոշվել է, եթե չենք համարում Ադրբեջանի մաս, ինչի՞ ենք Ադրբեջանի հետ համաձայնեցնում ժամկետներ, դրանով խախտվե՞լ է, թե՞ չի խախտվել Սահմանադրությունը»։  Լրագրողը արձագանքեց․ «Ձեր նշած էդ ենթադրյալ խախտումներից որեւէ մեկի պարագայում դրանցից որեւէ մեկը միս ու արյուն չի ստացել, դրանք եղել են բանակցային պրոցեսներ, իսկ Դուք պատրաստվում եք Արցախի վրա վերջնական խաչ քաշել։ Ձեր նշած դեպքերում Արցախն ուներ Պաշտպանության բանակ, պետական ինստիտուտներ, որոնք աշխատում էին, եւ Դուք պատրաստվում եք վերջնական Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում եւ հենց էդ վերջնական ակտն էլ լինելու է ՀՀ սահմանադրության խախտումը, Ձեր նշած կետերը ինձ համար ուղղակի բանակցային դրվագներ են եղել, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվել, շատ դեպքերում նաեւ Ադրբեջանի անհամաձայնության պայմաններում»։ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ինքն էլ է վկայակոչում ԳԽ որոշում եւ Սահմանադրություն․ «Իմ ասածի եւ Ձեր ասածի մեջ բացարձակ տարբերություն չկա։ Կտրականապես համաձայն չեմ Ձեր այս դիտարկման հետ, որ մենք Արցախի կամ ԼՂ-ի վրա խաչ ենք քաշում։ Որ ասում եք եղել են բանակցային բովանդակություն, էդ բովանդակությունը հո չի՞ ցնդել, դա միջազգային ըմբռնում է ձեւովորում բանակցությունների վերաբերյալ, դրանք հո վակուումի մեջ գոյություն չունե՞ն, դրանք կան՝ որպես միջազգային ընկալման մաս։ Ես ասում եմ՝ մենք եկել ենք եւ պատկերի կեսն ենք ներկայացրել, երբ խոսում էինք, եւ հիմա էլ փորձ ենք անում պատկերի կեսը ներկայացնել՝ ասելով ինքնորոշում, հանրաքվե եւ այլն։ Մենք պետք է հստակ գծենք առաջնահերթությունները․ որո՞նք են մեր առաջնահերթությունները, մենք պիտի կողմորոշվենք մեր ռազմավարական մոդելի վերաբերյալ, մեր պետության վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ առաջնահերթությունը խաղաղության օրակարգն է, որովհետեւ դա է բխում ՀՀ-ի եւ հայ ժողովրդի շահերից։ Եւ մեր կառավարությունը գնում է էդ քաղաքականության հետեւից, ինչը փաստ չի, որ մեզ մոտ կստացվի, ինչպես եւ փաստ չի, որ էդ ամեն ինչը, որ նախկինում հնչել է, կստացվի։ Է թող լիներ, ո՞վ էր դեմ»,- ասաց Փաշինյանը։ 
15:24 - 22 մայիսի, 2023
Գաղափար կա խաղաղության պայմանագրի հաստատումից հետո սահմանի երկայնքով դեմիլիտարիզացիայի գոտի սահմանել․ Փաշինյան

Գաղափար կա խաղաղության պայմանագրի հաստատումից հետո սահմանի երկայնքով դեմիլիտարիզացիայի գոտի սահմանել․ Փաշինյան

«Փաստ է, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք եւ օկուպացրել դրա մի մասը, հիմա, երբ խոսում ենք հայելային հետքաշման մասին, ստացվելու է՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում ստեղծվելու է բուֆերային գոտի, ի՞նչ է տալու դա մեզ, երբ ադրբեջանական զորքերը շարունակելու են մնալ մեր տարածքում»,- նման հարց հնչեցրեց լրագրողը, ինչի ի պատասխան Փաշինյանը ասաց․ «Երբ ասում ենք հայելային հետքաշում, ինչն է հիմնական իմաստը․ ասում ենք վերցնենք սահմանի գիծ, ասենք 1975թ․ Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզները, եւ էդ արձանագրված գծից զորքերը հայելային հետ քաշենք։ Եթե ՀՀ-ի տարածքում բուֆերային գոտի ստեղծվելու է, ուրեմն բուֆերային գոտի ստեղծվելու է նաեւ Ադրբեջանի տարածքում։ Գաղափար կա խաղաղության պայմանագրի հաստատումից հետո սահմանի երկայնքով դեմիլիտարիզացիայի (ապառազմականացված-խմբ․) գոտի սահմանել, որը, կարծում եմ, առնվազն քննարկելի է առաջարկ է»,- ասաց Փաշինյանը։ Լրագրողը հարցրեց՝ եթե խաղաղության պայմանագրի շուրջ կողմերը համաձայնության գան, ինչպիսի՞ն են լինելու իշխանության գործողությունները երկրի ներսում, ի՞նչ միջոցառումներով է հանրությունը մասնակից լինելու պրոցեսին, արդյոք հանրաքվեն հնարավոր տարբերակ եք դիտարկում։ «Ամենակարեւոր նրբությունը, որ պիտի հաշվի առնել, այն է, որ էն իշխանությունը, որը գնում է էդպիսի որոշման, առաջին հերթին իր վրա վերցնում է քաղաքական պատասխանատվություն։ Իհարկե, կան շատ այլ գործիքներ, գործիքակազմեր, ժողովորդավարական, ավելի ժողովրդավարական, պակաս ժողովրդավարական, բայց ես չեմ ուզենա, որ մենք որեւէ ձեւով ստեղծենք տպավորություն, թե մենք փորձ ենք անում մեր քաղաքական պատասխանատվությունից խուսափել եւ մեր քաղաքական պատասխանատվությունը դնել այլ սուբյեկտների վրա։ Իսկ, ընդհանուր առմամբ, որեւէ քննարկում չեմ բացառում, բայց որոշումներ կայացնելու մասին հիմա չեմ կարող ասել։ Ես պատկերացնում եմ, որ եթե, հույս ունեմ, պրոցեսը կգնա էդ ուղղությամբ, որ մենք ստորագրելու բան կունենանք, որեւէ գործողություն չձեռնարկել, որը կարող է նշանակել քաղաքական պատասխանատվությունից խուսափել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ Խոսելով զորքերի հայելային հետքաշման մասին Փաշինյանը նշեց՝ դա առնվազն չի հակասում ՀՀ պետական շահերին։ «Ընդհանրապես, իդեալի մեջ, երբ մենք խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, զորքը ոչ Տեղ գյուղի գյուղապետարանի մոտ պետք ա լինի, ոչ էլ․․․ Զորքը պետք ա լինի զորամասում, որը կարող ա լինել Գորիսում, օրինակ, իսկ սահմանին պետք ա լինի սահմանապահը, որովհետեւ երբ սահմանի անվտանգությունը դե յուրե հիմնավորված ա եւ միջազգային մեխանիզմներով ամրագրված ա, էդ իրավիճակում զորքերը գտնվում են իրենց մշտական տեղակայման վայրում, իսկ սահմանին գտնվում են սահմանապահները։ Շատ կարեւոր է, որ մենք տերմինները, գիտեք, շատ դեպքերում օգտագործում ենք, էդ տերմինների վրա կանգ չենք առնում՝ դրանց խորությունը եւ էությունը հասկանալու համար, հընթացս ասում ենք, ֆիքսվում եւ արձանագրվում է։ Օրինակ՝ ասում եք՝ «Փառուխը հայաթափված»․ Ձեր նշած հայաթափումից առաջ Փառուխում քանի՞ մարդ ա ապրել, էս վիճակագրություններն էլ մենք պիտի իմանանք, որպեսզի իրականությունն ամբողջական նկարագրենք»։ 
14:45 - 22 մայիսի, 2023
86,600 քառակուսի կմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը․ Փաշինյան

86,600 քառակուսի կմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը․ Փաշինյան

«86, 6 հազար քառակուսի կմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով»,-  ասաց  Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նշված տարածքը ներառում է նաև Արցախը և արդյո՞ք Հայաստանի կառավարությունը ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս։  «Հայաստանի այսօրվա Կառավարությունը ինչ ասի, չասի, ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ես ավելի եմ կոնկրետացրել, որ 86,6 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ 29,8 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը»,- ասաց Փաշինյանը։ «Եթե ճիշտ ենք հասկանաում մենք Ադրբեջանի հետ իրար, ՀՀ-ն, այո՛, ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը՝ այն ըմբռմամբ, որ Ադրբեջանը ճանաչում ՀՀ-ի 29,8 հազար տարածքը։ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով։ Մենք կարևոր ենք համարում այդ բանակցություններում միջազգային երաշխիքների ստեղծումը։ Ի՞նչ նկատի ունենք․ օրինակ, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը մոռացության ենթարկվել և Ադրբեջանը շարունակի, ուժային լծակի գործադրմամբ, ԼՂ հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը։ Մենք կարևոր ենք համարում, որ լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքականությունը չի շարունակվի»
13:43 - 22 մայիսի, 2023
Հնարավոր խաղաղության պայմանագրի երաշխավորի առնչությամբ ըմբռնման որոշակի փոփոխություն կա. Փաշինյան

Հնարավոր խաղաղության պայմանագրի երաշխավորի առնչությամբ ըմբռնման որոշակի փոփոխություն կա. Փաշինյան

Նկատի ունենալով պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի գործելաոճը՝ հայկական կողմը շեշտում է, որ խաղաղության պայմանագիրը պետք է ունենա միջազգային երաշխավոր։ Հիմա Մոսկվայի եւ Արեւմուտքի միջնորդությամբ բանակցություններում որեւէ կողմ պատրաստակամություն հայտնե՞լ է ստանձնել երաշխավորի այդ դերը, եւ Դուք անձամբ ինչպես եք պատկերացնում երաշխավորին, այն պետք է լինի որեւէ երկի՞ր, թե՞ միջազգային կառույց։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Արմենպրես»-ի լրագրողը՝ հնչեցնելով հարց, թե քանի որ առաջիկայում բանակցություններ են սպասվում Մոսկվայում, Քիշնեւում, նաեւ Գրանադայում, դրանցից որեւէ մեկում նախատեսվո՞ւմ է խաղաղության պայմանագրի ստորագրում։ «Մոսկվայի հանդիպումը հինգշաբթի օրն է․ որ մինչեւ հինգշաբթի իրատեսական է խաղաղության պայմանագիր ստորագրել, չեմ կարծում։ Եթե կոմունիկացիաների բացման վերաբերյալ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի, դուք գիտեք մեր մոտեցումները եւ սկզբունքները, բացառել չեմ կարող։ Քիշնեւում էլի մի ասմիս․․․ Ես ասացի, որ մեր խնդիրն է հնարավորինս արագ ավարտին հասցնել բանակցությունները եւ ստորագրել խաղաղության պայամագիրը, եւ գիտեմ, որ, համենայն դեպս, մեր թիմը շատ ինտենսիվ է աշխատում։ Եթե գործնական մասով նայենք, գիտեք, որ Վաշինգտոնից առաջ մեր խմբագրումները նորից փոխանցել էինք ադրբեջանական կողմին, եւ հիմա մենք, ըստ էության, իրենց արձագանքին ենք սպասում, որը, հույս ունենք, կարտահայտի Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումները, ըմբռնումը, պայմանավորվածությունները, էն ըմբռնման առաջընթացը, որն արձանագրվել է։ Օրինակ, եթե պարզվի, որ Ադրբեջանն, օրինակ, էս շաբաթ փոխանցի իր արձագանքները, եւ եթե մենք, կարծում ենք, մի շաբաթը բավարար է վերլուծելու համար, եթե տեսնենք էդ առաջարկները, մոտեցումները համարում ենք ընդունելի փոխզիջումային տրամաբանության մեջ, ինչու չէ։ Բայց էս պահին դեռ չենք ստացել իրենց արձագանքները»- նշեց Փաշինյանը։  Վարչապետը երաշխավերի մասով ընդգծեց՝ այդ թեմայով էլ, ըստ էության, կարծես թե ըմբռնման որոշակի փոփոխություն կա։ «Եկեք նաեւ էսպես հասկանանք, որ, ի վերջո, երաշավորի պարտավորությունը․․․ Երաշխավոր եկեք պայմանական ասենք, որովհետեւ բանակցային գործընթացի ընթացքում ֆունկցիան նկարագրող այլ տերմիններ նույնպես առաջարկվել են․․․ Երաշխավոր լինելը այսպիսի բարդ տարածաշրջանում նախ եւ առաջ շատ մեծ պատասխանատվություն է, որը շղթայական եւ հնարավորություններ կարող է առաջացնել երկրների համար, եւ ռիսկեր, եւ կարող է հեղինակությունը բարձրացնել, եւ հեղինակությանը լրջորեն վնասել, եւ էս առումով էնպես չի, որ բոլորը խանդավառված են եւ ուզում են իրար հերթ չտալով էդ դերը ստանձնել։ Բայց, միեւնույն ժամանակ, համոզված եմ, որ եթե միջազգային հանրությունն արձանագրի, որ կողմերի միջեւ իսկապես անկեղծ ցանկություն կա տեւական խաղաղություն հաստատելու, կարծում եմ կլինեն երկրներ եւ կազմակերպություններ՝ սկսած առանձին երկրներից, ավարտած ՄԱԿ-ի ԱԽ-ով, որ ոչ թե կցանկական, այլ կհամաձայնվեն ստանձնել այդ գործառույթը։ Ես ընդամենը տպավորություն եմ կիսում ձեզ հետ այս պահին իմ ունեցած քննարկումների հիման վրա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։  Ըստ Փաշինյանի՝ Վաշինգտոնի բանակցությունների ամենակարեւոր արձանագրումն այն է, որ իքս պահից (բանակցությունները տեւել են չորս-հինգ օր) կողմերը կարծես սկսել են միմյանց հետ հաղորդակցվել՝ ավելի ուղիղ եւ բաց ներկայացնելով իրենց մտահոգությունները, եւ ներկայացնելով դիմացինի նկատմամբ ունեցած անվստահության պատճառներն ու հիմքերը։ Շատ նյուանսներ են ի հայտ եկել, որոնք նախկինում կողմերին այդքան տեսանելի չէին կամ, համենայն դեպք, արձանագրված չէին։
13:25 - 22 մայիսի, 2023
1975թ․ քարտեզը կարող է եւ պիտի հիմք հանդիսանա հետագա սահմանագծման աշխատանքների համար․ Փաշինյան

1975թ․ քարտեզը կարող է եւ պիտի հիմք հանդիսանա հետագա սահմանագծման աշխատանքների համար․ Փաշինյան

Սահմանային վերջին սրացումներից հետո ԱՄՆ պետքարտուղարությունը ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ արեց սահմանից զորքերը հետ քաշելու վերաբերյալ համաձայնություն տալ, նշվեց, որ այս հարցը քննարկվել է նաեւ մայիսի սկզբին Վաշինգտոնում՝ պետքարտուղար Բլիքենի հետ բանակցությունների ընթացքում։ Ըստ էության, Միացյալ նահանգներն առաջ է քաշում այն հարցը, ինչը Հայաստանը բազմիցս առաջարկե՞լ է, եւ արդյո՞ք Միացյալ Նահանգների բանակցություններից հետո այս հարցի վերաբերյալ առաջնթաց կա Ադրբեջանի դիրքորոշումներում։ Բացի դրանից՝ Պրահայում տված հարցազրույցում Դուք նշել եք, որ պատրաստ եք ամբողջ սահմանագիծն ընդունել 1975թ․ քարտեզներով․ ի՞նչ քարտեզներ են սրանք, արդյոք նույն քարտեզնե՞րն են, որոնց մասին Ռուսաստանն է խոսում, եւ արդյոք կո՞ղմ է այս քարտեզներին Ադրբեջանը։ Նման հարց հնչեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ, ինչին վարչապետը պատասխանեց․  «Դրանք նույն քարտեզներն են, ինչի մասին Ռուսաստանն է խոսում։ մեր դիրքորոշումն այդ առումով շարունակում է մնալ նույնը, եւ մենք վերահաստատում ենք այդ դիրքորոշումը՝ 1975թ․ Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա, այսինքն՝ այդ քարտեզներով արձանագրված սահմանագծից զորքերի հայելային հետքաշում, որը, մեր կարծիքով, այս իրավիճակում կնշանակի կայունության ապահովում, ըստ էության։ Եւ պիտի գոհունակությամբ արձանագրեմ, որ մենք այս խնդիրը տեսնում ենք նաեւ արդեն ձեւակերպված միջազգաւյին հանրության կողմից, ինչը բավականին կարեւոր է եւ ողջունելի։ Ադրբեջանի դիրքորոշումների հետ կապված՝ գոնե այս պահին ես Ադրբեջանի դիրքոշուման տեղաշարժ չեմ կարող արձանագրել՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ կոնկրետ սահմանային անվտանգության ապահովումը բանակցային գործընթացի կարեւորագույն մաս է։ Ոչ մի գաղտնիք չկա նրանում, որ Ադրբեջանը շարունակում է վարել ռազմական ճնշման քաղաքականություն՝ փորձելով ռազմական ճնշման միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցությունների ընթացքում։ Բայց, միեւնույն ժամանակ, պիտի արձանագրեմ, որ դա միջազգայնորեն ստանձնած պարտավորության խախտում է, որովհետեւ 2021թ․ հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ կողմերը պայմանավորվել եւ պարտավորվել են խուսափել ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրումից»,- ասաց վարչապետը։ Փաշինյանը ընդգծեց՝ զորքերի հայելային հետքաշումն ինքին չի կանխորոշու, սահմանագծման աշխատանքները։«Այսինքն՝ դա առանձին գործընթաց է, սա ընդամենը սահմանային իրադրության կայությունն ապահովելու մասին է։ Չնայած մյուս կողմից մենք կարծում ենք, որ 1975թ․ քարտեզը կարող է եւ պիտի հիմք հանդիսանա նաեւ հետագա սահմանագծման աշխատանքների համար, որովհետեւ դա է ենթադրում 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Ալմա Աթիի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ»,- ասաց վարչապետը։
12:56 - 22 մայիսի, 2023
Հայաստանը կրկին դիմել է միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում անցակետի առնչությամբ |azatutyun.am|

Հայաստանը կրկին դիմել է միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում անցակետի առնչությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը երկրորդ անգամ դիմել է միջազգային դատարան՝ Ադրբեջանի կողմից Հայաստանը Ղարաբաղի հետ կապող ճանապարհին Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու կապակցությամբ։ Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նրա խոսքով՝ Երևանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Բաքվի նկատմամբ կկիրառի ժամանակավոր միջոց՝ պահանջելով անարգել տեղաշարժ Լաչինի միջանցքով մինչև հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը բարձրացրել է նաև այն հարցը, որ Բաքուն ոչ միայն չի ենթարկվում ՄԱԿ-ի դատարանի միջանկյալ որոշումներին, այլև անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները։ Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխափան տեղաշարժն ապահովելու համար։ Ադրբեջանին ժամանակ է տրվել պատասխանել հայկական կողմի միջնորդությանը մինչև մայիսի վերջ, ինչից հետո դատարանը պետք է որոշում կայացնի։ Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր էր ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար, որը, սակայն, Արդբեջանը չիրականացրեց։  
10:21 - 22 մայիսի, 2023
Չափազանց կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հանդես գալ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերից». ԱՀ ԱԳ նախարար |artsakhpress.am|

Չափազանց կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հանդես գալ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերից». ԱՀ ԱԳ նախարար |artsakhpress.am|

artsakhpress.am: Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը պատասխանել է «Արցախպրես»-ի հարցերին, որոնք վերաբերում են միջազգային դերակատարների միջնորդական բանակցային ռազմավարության արդյունավետությանը, միջազգային հանրության կողմից արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման և դրա միջոցով Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները զսպելու գործում անելիքներին ու պարտավորություններին: -Պարոն նախարար, տարիներ շարունակ արցախյան փորձագիտական հանրույթի կողմից և երբեմն էլ պաշտոնական որոշակի մակարդակով կարծիք է հայտնվել, որ պետք է փոխվեն բանակցային գործընթացի մեթոդաբանությունն ու փիլիսոփայությունը։ Համաձայն ե՞ք, որ կարգավորման հիմքում պետք է դրվեին ոչ թե հակամարտության և դրա ռազմական զարգացման հետևանքները, իմա՝ տարածքների հարցը, այլ հակամարտության բուն պատճառը՝ Արցախի կարգավիճակը։ Ըստ Ձեզ, ինչքանո՞վ էր ճիշտ և արդարացված միջնորդների բանակցային ռազմավարությունը: - Արցախի կարգավիճակը միշտ էլ եղել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայկական կողմերի օրակարգի առանցքային կետը։ 1994 թ․ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի կնքումից ի վեր և բանակցային գործընթացի ողջ ընթացքում Արցախի և Հայաստանի իշխանությունները հանդես են եկել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և փոխզիջումային կարգավորման օգտին, որի առանցքում պետք է լիներ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը: Այնինչ Ադրբեջանը, թաքնվելով բանակցային գործընթացի ետևում և ժամանակ ձգձգելով, բացահայտ կերպով պատրաստվում էր հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծմանը: Տարիներ շարունակ միջնորդների կողմից արված այն հայտարարությունները, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, անարդյունավետ դուրս եկան այն պարզ պատճառով, որ բանակցային գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը, հրադադարի ռեժիմի կանոնավոր խախտումները և ուժի կիրառման դեպքերը միջնորդ երկրների կողմից չէին արժանանում համարժեք դատապարտման և արձագանքի։ Մինչդեռ Ադրբեջանը, որպես միջազգային հանրության անդամ և բանակցային կողմ, ստանձնել էր հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հստակ պարտավորություն: Հետևաբար, այսօր Ադրբեջանի կողմից հնչող այն պնդումները, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, չեն համապատասխանում իրականությանը, ինչն արտացոլված է նաև գործընթացում ներգրավված դերակատարների դիրքորոշումներում։ Միջազգային մակարդակով Արցախի կարգավիճակի հարցը մնում է չլուծված, և մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը և, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, լրացուցիչ ջանքեր կգործադրեն Արցախի լիիրավ մասնակցությամբ բանակցային գործընթացի վերակագնման ուղղությամբ, առանց որի անհնար կլինի հասնել հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորմանը։ -Իսկ ինչպե՞ս կբնորոշեիք Արցախի շրջափակումը, ի՞նչ երևույթ է սա։ Ադրբեջանի իշխանությունների կողմից -Արցախի 120 հազար բնակիչների ավելի քան 5 ամիս տևող շրջափակումը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերին սանձազերծված ագրեսիվ պատերազմի շարունակություն, որի նպատակն է ուժի կիրառման, պարտադրանքի և էթնիկ զտման հետևողական քաղաքականության միջոցով հասնել Արցախի հայաթափմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցի միջազգային օրակարգից դուրսբերմանը: Ակնհայտ է, որ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներով, Արցախում բնականոն կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելով՝ ռազմաքաղաքական շանտաժի և պարտադրանքի քաղաքականությամբ պաշտոնական Բաքուն ձգտում է հասնել իր հիմնական և առաջնային նպատակներից մեկին. ստիպել արցախցուն անորոշությունից և վախից ելնելով լքել սեփական հայրենիքը: -Ինչպե՞ս եք գնահատում արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման և դրա միջոցով Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները զսպելու գործում միջազգային ջանքերը։ Մասնավորապես, ի՞նչ պետք է անի, ըստ Ձեզ, միջազգային հանրությունն այս դեպքում։-Միջազգային հանրությունն ունի հստակ քաղաքական և իրավական պարտավորություններ և մեխանիզմներ՝ կանխելու մարդու իրավունքների զանգվածային խախտումները, հատկապես դրանց այնպիսի ծայրահեղ դրսևորումները, ինչպիսիք են մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը։ Արցախի շրջափակումն այն կարմիր դրոշակն է, որը պետք է ահազանգի միջազգային հանրությանը հնարավոր զանգվածային հանցագործութունների մասին։ Արցախի ժողովրդի դեմ հնարավոր զանգվածային հանցագործությունները կանխելու պարտավորության շրջանակներում, միջազգային հանրությունը, քաղաքական և դիվանագիտական գործիքներ կիրառելուց բացի, պետք է համապատասխան իրավական գնահատականներ տա Ադրբեջանի հանցավոր գործողություններին։ Բանակցային գործընթացում իրական առաջընթաց ապահովելու ուղղությամբ միջնորդների և այլ դերակատարների կողմից գործադրվող ջանքերը չեն կարող և չպետք է փոխարինեն այն հստակ քայլերին ու գործողություններին, որոնք միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների պարտավոր է ձեռնարկել՝ կանխելու ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունները և էթնիկ զտումները աշխարհի ցանկացած կետում, առանց քաղաքական, տնտեսական, աշխարհագրական կամ այլ նկատառումներ հաշվի առնելու։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նաև այն մարմինն է, որը պետք է ապահովի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը։ 2023 թ․ փետրվարի 22-ի ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմինը որոշում է ընդունել Ադրբեջանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոց՝ պարտավորեցնելով վերջինիս ապահովել Արցախի ապաշրջափակումը և Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ տեղաշարժը։ Այդ որոշումը տրամաբանական շարունակությունն է մինչ այդ՝ 2021 թ․ դեկտեմբերի 7-ին կայացված միջանկյալ միջոցների վերաբերյալ որոշման, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` կանխելու հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց դեմ ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, այդ թվում` պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից։ Նույն որոշմամբ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների, պաշտամունքի վայրերի, հուշարձանների և գերեզմանատների նկատմամբ վանդալիզմի և պղծման գործողությունները: Այս առումով մենք ակնկալում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան գործողությունները՝ ապահովելու այդ որոշումների իրականացումը։ -Կարելի է փաստել, որ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը և վերջին տարիների բոլոր հանցագործությունները հետևանք են վերջինիս ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությանը պատշաճ գնահատականի և արձագանքի բացակայության, և եթե հակամարտությունը համապարփակ և կայուն լուծում չստանա, ապա նման հանցագործությունները, ամենայն հավանականությամբ, շարունակվելու են: Այս առումով Դուք տեսնու՞մ եք հեռանկարը, և ի՞նչ լուծում պետք է ստանա հակամարտությունը, ի՞նչ սկզբունքներով և ի՞նչ ձևաչափերով, որպեսզի այն լինի արդարացի և արդյունավետ: Եվ արդյո՞ք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններն կարող են բերել ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորմանը, և ինչպիսի՞ն է Արցախի Հանրապետության դիրքորոշումը այս հարցում:-Արցախի ժողովրդի և իշխանությունների դիրքորոշումն այս հարցում միասնական է. միայն Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչումը կարող է հիմք հանդիսանալ հակամարտության կայուն կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ և արդար խաղաղության ու կայունության հաստատման համար։ Մենք պատրաստ ենք հակամարտության համապարփակ և փոխընդունելի լուծման շուրջ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափով, կողմերի իրավահավասարության և պարտավորությունների իրականացման միջազգային ամուր երաշխիքների հիման վրա։ Նախքան հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորման ուղղությամբ լիարժեք ձևաչափով բանակցությունների համար պայմանների ստեղծումը՝ նպատակահարմար է հումանիտար և տեխնիկական հարցերի շուրջ երկխոսության հաստատումը Ստեփանակերտի և Բաքվի միջև, որը սակայն չպետք է և չի կարող փոխարինել քաղաքական հարցերի շուրջ բանակցություններին։ Այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, սահմանազատումը և սահմանագծումը չեն կարող կանխորոշել ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծումը և Արցախի վերջնական կարգավիճակը։ Միևնույն ժամանակ առանց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ասել է թե՝ կիսատ մոտեցմամբ հնարավոր չէ պատկերացնել հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորումն ու կայուն խաղաղության հաստատումը: Չնայած առկա դժվարություններին՝ չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն իր հերթին շարունակի հանդես գալ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերից։ Եթե այսօր հնարավոր չէ հասնել Արցախի կարգավիճակի շուրջ բանակցային լուծման, ապա պետք է ընդունել այս խնդրի առկայությունը և հետաձգել որոշման ընդունումը մինչև դրա համար ստեղծվեն բարենպաստ պայմաններ՝ միաժամանակ այդ ընթացքում ապահովելով Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնիշխանության արդյունավետ և հուսալի միջազգային երաշխիքներ։  
10:45 - 21 մայիսի, 2023