Սահման

2020 թ․ ուժի կիրառման ոչ պատշաճ դատապարտումն է կանաչ լույս է վառել  Ադրբեջանի համար․ Պապիկյանի ելույթը ԵԱՀԿ–ում

2020 թ․ ուժի կիրառման ոչ պատշաճ դատապարտումն է կանաչ լույս է վառել  Ադրբեջանի համար․ Պապիկյանի ելույթը ԵԱՀԿ–ում

Սեպտեմբերի 15-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում:  Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Դեսպան Պապիկյանը մասնակից պետությունների առաքելությունների ղեկավարներին և ներկայացուցիչներին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասները։ Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ ուղեկցվող ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 100-ից ավելի զոհեր և տարբեր աստիճանի ծանր վիրավորում ստացած քաղաքացիական անձինք:  Նշվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը` կիրառելով ծանր հրետանի և հարվածային ԱԹՍ-ներ, թիրախավորել են Հայաստանի Հանրապետության սահմանի հարավային և արևելյան ուղղությամբ  տեղակայված հայկական մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրերը և կենսական ենթակառուցվածքները, հրկիզման են ենթարկել մեծածավալ անտառածածկ տարածքներ: ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներ ներխուժումը Ադրբեջանի՝ անցած դարի 90-ականներից սկսած առավելապաշտական և հայատյաց քաղաքականության շարունակությունն է, որով սկիզբ դրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նա հավելել է, որ 2020 թվականի Ադրբեջանի կողմից ուժի կիրառման ոչ պատշաճ դատապարտումն էր, որ կանաչ լույս է վառել  Ադրբեջանի համար՝ տապալելու տարածաշրջանում  խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը, և ընդգծել, որ միջազգային հանրության համարժեք և հասցեական արձագանքի ու քայլերի շնորհիվ հնարավոր է կանխել վերջինիս ագրեսիվ քաղաքականության դրսևորումներն ու առավելապաշտական նկրտումները:  Արմեն Պապիկյանը նշել է, որ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան և դրա հետևանքներն անտեսելը կհանգեցնեն եվրոպական անվտանգային ճարտարապետության հետագա քայքայմանը և լրջորեն կխաթարեն կազմակերպության հիմնարար սկզբունքները։ Դեսպան Պապիկյանն ընդգծել է, որ ուժի հետագա կիրառումը կամ դրա սպառնալիքը կխաթարի տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր հարցերի կարգավորմանը։ Շեշտվել է միջազգային մանդատ ունեցող բանակցային ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման հրատապությունը:
19:30 - 16 սեպտեմբերի, 2022
Երևանում հատուկ նշանակություն են տալիս ՀԱՊԿ առաքելությանը. ՌԴ դեսպանը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին |armenpress.am|

Երևանում հատուկ նշանակություն են տալիս ՀԱՊԿ առաքելությանը. ՌԴ դեսպանը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին |armenpress.am|

ՀԱՊԿ առաքելության առաջատար խումբը կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ շարունակում է աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀԱՊԿ տելեգրամյան ալիքը, ՀԱՊԿ առաքելության առաջավոր խմբի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում ՀԱՊԿ ԱԽ ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հանդիպել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկու հետ։ Տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և դրա կարգավորմանն ուղղված միջոցառումների հանգամանալից քննարկում։ Նույն օրը տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ ՌԴ դեսպանը նշել է, որ «Երևանում հատուկ նշանակություն են տալիս ՀԱՊԿ առաքելությանը եւ հույս ունեն, որ ՀԱՊԿ-ն կարեւոր դեր կխաղա իրադրության կայունացման եւ իրավիճակի սրումը կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկելու գործում»:
19:16 - 16 սեպտեմբերի, 2022
Գնել Սանոսյանն այցելել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, ծանոթացել Ադրբեջանի հասցրած վնասներին

Գնել Սանոսյանն այցելել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, ծանոթացել Ադրբեջանի հասցրած վնասներին

Հ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ և այսօր այցելել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր։   Նախարարությունից հայտնում են, որ Սանոսյանը տեղում ծանոթացել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին, հանդիպել է մարզպետներին, համայնքապետերին։ Տեղում քննարկվել են ստեղծված վիճակը, անելիքները և այլ կազմակերպչական հարցեր։ Քննարկվել են հրետակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքները հնարավորինս արագ վերականգնելու վերաբերյալ հարցեր։       Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հրետակոծության արդյունքում ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերիի տարբեր համայնքներում նախնական տվյալներով վնասվել է 192 բնակելի տուն, որից մոտ 60-ը վնասվել են գրեթե ամբողջությամբ, 3 բնակավայրում (Սոթք, Կութ և ք․ Ջերմուկ) վնասվել են վարչական շենքեր և ենթակառուցվածքներ, վնասվել են օժանդակ կառույցներ, հրդեհվել է 40 հա խոտհարք, 10 հա գարու և 70 հա ցորենի արտեր։ 7 բնակավայրում վնասվել է քաղաքացիների անձնական օգտագործման 3 մեքենա, 2 գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև շտապօգնության 2 մեքենա։       Սիսիան, Կապան, Տեղ, Վարդենիս համայնքներում վնասվել են էլեկտրամատակարարման գծերը, Վաղատուր բնակավայրը սպասարկող գազատարը։ Վնասվել են նաև Ջերմուկ համայնքի 3 հյուրատուն, 1 առողջարան, ճոպանուղի։ Կեչուտի ջրամբարի մեջ 2 արկ է ընկել, սակայն վնաս չի հասցրել։   Առկա են բազմաթիվ այլ վնասներ, որոնք այս պահին գույքագրվում են։
18:24 - 16 սեպտեմբերի, 2022
Ծայրահեղ մտահոգիչ է հայկական մեդիա տիրույթում ու սոցցանցերում զոհված հայ կին զինծառայողի կտտանքների ենթարկված մարմինը պատկերող տեսանյութի տարածումը լրագրողների ու օգտատերերի կողմից. ՄԻՊ

Ծայրահեղ մտահոգիչ է հայկական մեդիա տիրույթում ու սոցցանցերում զոհված հայ կին զինծառայողի կտտանքների ենթարկված մարմինը պատկերող տեսանյութի տարածումը լրագրողների ու օգտատերերի կողմից. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել կոչով, որը ներկայացնում ենք ստորև. «Հայկական մամուլի միջոցներով և սոցիալական ցանցերով ակտիվ տարածվում է զոհված հայ կին զինծառայողի կտտանքների ենթարկված մարմինը պատկերող տեսանյութը, որը ծայրահեղ ցինիզմով արվել է այդ ծանր հանցանքը ենթադրաբար կատարած ադրբեջանցի զինծառայողի կողմից։ Այդ տեսանյութը, զինծառայողի սեռն ու էթնիկ պատկանելիությունը թիրախավորելով ու արատավորելով, ակտիվ տարածվում է ադրբեջանական մեդիա տիրույթներում՝ առաջացնելով ադրբեջանցի օգտատերերի «հիացմունքն ու գովեստը»։ Ադրբեջանական մեդիա տիրույթի դեպքում սա իհարկե ունի իր ակնհայտ բացատրությունը՝ էթնիկ հայի նկատմամբ ծայրահեղ ատելությունը, որը գեներացվել ու սնուցվում է ի թիվս այլնի նման ագրեսիվ հարձակումներով ու տասնամյակների համակարգային քաղաքականությամբ։ Մյուս կողմից ծայրահեղ մտահոգիչ եմ համարում հայկական մեդիա տիրույթում ու սոցիալական ցանցերում այդ տեսանյութի տարածումը լրագրողների ու օգտատերերի կողմից։ Կին զինծառայողն ու նրա ընտանիքի անդամներն ունեն չթիրախավորման ու անօտարելի արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք՝ որպես յուրաքանչյուրիս իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք։ Հարգելի՛ հայրենակիցներ, Այս արարքները փաստագրված ու վերլուծված են մեր կողմից, ներկայացվելու են միջազգային մասնագիտացված կազմակերպություններին, բացի այդ, նշված նյութերը նաև մեր իրավապահ մարմինների քննության առարկան են։ Կոչ եմ անում լրագրողներին, տարբեր սոցիալական ցանցերի օգտատերերին հեռացնել իրենց հրապարակումներից, էջերից, հարթակներից համանման տեսանյութերը։ Հարգե՛ք մեր զոհված զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների արժանապատվությունը։ Մի՛ օգնեք ադրբեջանական ատելության քարոզչամեքենային։ Խոնարհում մեր տղամարդ ու կին հերոսներին»:
18:05 - 16 սեպտեմբերի, 2022
«Այդ հույսն այլևս չկա». Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին
 |azatutyun.am|

«Այդ հույսն այլևս չկա». Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Երևանը պահանջը ՀԱՊԿ-ից եղել է Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, մինչև այս պահը դա չի կատարվել, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում», - ասաց նա:  - Պարո՛ն Գրիգորյան, Ձեզ բավարարո՞ւմ է ՀԱՊԿ-ի արձագանքը, որի մոնիթորինգային խումբը հիմա Հայաստանում է, հատկապես հաշվի առնելով, թե ինչ արագությամբ ՀԱՊԿ-ի զորքերը Ղազախստան հասան, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ: - Մեր ակնկալիքը ո՞րն է եղել, և մեր հարցադրումը ո՞րն է եղել ՀԱՊԿ-ին դիմելու ժամանակ ձևակերպված, դա այն է` Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, որպեսզի Հայաստանի սուվերենությունը պաշտպանվի, և Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան: Մեր պահանջը ՀԱՊԿ-ից դա է եղել, մինչև այս պահը դա չի կատարվել: Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: - Ղազախական դեպքերի ժամանակ Դուք հույս էիք հայտնում, որ այսպես վերջապես կգործարկվեն այդ մեխանիզմները, նախադեպ կստեղծվի, մենք մեզ նեղացած չպետք է պահենք: Այ հիմա վերլուծական, փորձագիտական շրջանակներն ասում են, որ սա վերջին ազդակն էր: Բնականաբար, այդպիսի հույս եղել է, և բնականաբար, այդ հույսը ամբողջովին ի չիքս է դարձել, և չկա այդպիսի հույս այլևս, միայն քայլերը ՀԱՊԿ-ից, առարկայական քայլեր եթե լինեն, կարող ենք մտածել դրա մասին կամ տեսնել այդ քայլերը և համոզվածություն ունենալ, բայց այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում:  - Դա այսօր արդեն հավաքական զորք բերելո՞վ է հնարավոր: - Դա հնարավոր է բազմաթիվ գործիքներով: Գիտեք, որ միջազգային հանրությունը բազմաթիվ գործիքներ ունի` ռազմաքաղաքականից սկսած, դիվանագիտական, տնտեսական: Իհարկե, ՀԱՊԿ-ը` որպես կառույց, բնականաբար, չունի նաև տնտեսական գործիքներ, բայց ունի ռազմաքաղաքական գործիքներ, և այդ ռազմաքաղաքական գործիքներով հնարավոր է այդ հարցը լուծել:  - Պարոն Գրիգորյան, այստեղ շատ տրամաբանական է հարցը` եթե ոչ: - Ի՞նչ առումով ոչ: - Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Երևանը, ընդհուպ այսօր հնչում է այդ դաշինքը լքելու կոչ: - Այդ մասով պետք է ՀԱՊԿ-ը մտածի, ոչ թե Հայաստանը:  - Երբ ասվում է, որ սահմանին հիմա հանգիստ է, սակայն պահպանվում է լարվածությունը, այսինքն` կա՞ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ:  - Ռազմական գործողությունների վտանգը վերջին մոտ երկու տարվա մեջ չի բացառվել, որովհետև Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել և փորձում է նաև սահմանային լարվածությունը պահպանել: - Այդ թվում և լայնածավալ կամ այսպես ասենք` ավելի լայնածավալ: - Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ նկրտումներ ունենալ և փորձում է ագրեսիայի միջոցով Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրել: Ընդհանուր առմամբ, առաջխաղացում երեք օրվա ընթացքում ամբողջ ընթացքում փոփոխվել են, կան ադրբեջանական զորքեր, և Հայաստանի պահանջը շարունակում է մնալ, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից: Երբ որ ասում ենք` պետք է դուրս գան, նկատի ունենք` անցած տարի մայիսի 12-ից սկսած ներխուժումով Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան պետք է վերացվի: - Սա ժամանակավո՞ր հրադարար է: Ես հարցնում եմ, որովհետև Բաքուն այդ օրը հենց նման առաջարկ էր հնչեցնում, ավելին` պատրաստակամություն հայտնելով 100 դի փոխանցել հայ զինծառայողի: Արմեն Գրիգորյան. - Հրադադարի հաստատումը ընդհանուր առմամբ կարող ենք ակնկալել, որ պետք է երկարաժամկետ լինի, բայց մենք այդ վստահությունն այս պահին Ադրբեջանի կողմից չունենք, որովետև ընդհանուր առմամբ հրադարարի համաձայնագիր նաև նոյեմբերի 9-ով է եղել, բայց Ադրբեջանը շարունակել է խախտել և՛ նոյեմբերի 9-ը, և՛ հրադադարի բոլոր պայմանավորվածությունները: - Այսինքն` այն դեպքը չէ, որ ենթադրենք` 72 ժամով կրակը դադարեցնենք, դի փոխանակենք… - Ժամային որևէ պայմանավորվածություն չի եղել, բայց Ադրբեջանը շարունակում է ռազմական էսկալացիայի տրամաբանության մեջ քայլեր ձեռնարկել:  - Ժամայինը ասացիք, իսկ ինչ-որ պայմանո՞վ է կրակը դադարել: - Հայաստանը որևէ պայման չի քննարկել որևէ գործընկերոջ հետ, և հրադադարը իրականություն է դարձել:
17:53 - 16 սեպտեմբերի, 2022
Ալիևը Սամարղանդում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքը» բացելու մասին
 |civilnet.am|

Ալիևը Սամարղանդում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքը» բացելու մասին |civilnet.am|

civilnet.am: Սեպտեմբերի 16-ին Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Аzertag-ի փոխանցմամբ՝ Ալիևն իր ելույթում կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին ներկայացրել է Ադրբեջանի տարանցիկ, տրանսպորտային հնարավորությունները և նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի բացումից հետո» տրանսպորտային հնարավորություններն ավելի կմեծանան։ «2020-ի վերջին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը նոր հնարավորություններ ստեղծեց մեր տարածաշրջանում տրանսպորտային-հաղորդակցական նախագծերի զարգացման համար։ Զանգեզուրի միջանցքի բացումից հետո ավելի կմեծանան տարածաշրջանի երկրների տրանսպորտային հնարավորությունները և այն շահավետ կլինի այդ երթուղու երկայնքով գտնվող բոլոր երկրների համար»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։ Ալիևը հիշեցրել է, որ Հայաստանին ներկայացրել են խաղաղության պայմանագրի կնքման համար նախատեսված հինգ սկզբունքներ՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։ «Այժմ պետք է աշխատենք խաղաղության համաձայնագրի նախագծի վրա՝ առանց նախապայմանների և արհեստական ձգձգումների։ Ցավոք, այս տարվա սեպտեմբերի 13-ին Հայաստանը լայնածավալ ռազմական սադրանք իրականացրեց Ադրբեջանի հետ պետական սահմանին։ Այդ սադրանքը հսկայական հարված է հասցրել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ասել է Իլհամ Ալիևը։  
17:42 - 16 սեպտեմբերի, 2022
Հակառակորդի ռեզերվներ, ռեսուրսներ, պահեստուժեր արձանագրելու դեպքում մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

Հակառակորդի ռեզերվներ, ռեսուրսներ, պահեստուժեր արձանագրելու դեպքում մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց, որ գերիների թվաքանակ չի կարող նշել, որովհետև ունեն հաշվառված կորուստներ, զոհեր, բայց այդ մարդիկ կարող են լինել կենդանի։ Հարցին, թե մտավախություն կա՞, որ ադրբեջանական կողմը կարող է մոտ օրերս հարձակվել, Ասրյանը պատասխանեց․ «Ոչ, ոչ մի մտավախություն չկա, մեր ստորաբաժանումները դիրքավորված են, զբաղեցրած են իրենց դիրքերը, հենակետերը, շրջանները և ադրբեջանական ԶՈՒ-ն այդ մխրճման գագաթից ոչ մի քայլ չեն կարող շարժվել։ Մեր ուժերը բավական են, և այս ուղղությամբ մենք, հակառակորդին համապատասխան կորուստներ պատճառելով, հետ կշպրտենք, եթե փորձեն նորից իրենց հարձակողական գործողությունները սկսել»։ ԳՇ պետն անդրադարձավ նաև սոցցանցերում տարածվող տեղեկություններին, թե կորած հայկական ստորաբաժանում կա․ «Մենք չունենք ամբողջական վաշտ, ստորաբաժանում՝ լինի դասակ, վաշտ, ջոկ, որ լինի կորած։ Մեր ստորաբաժանումների մարտական խնդիրների շրջանները գիտենք։ Ունենք անհատ զինծառայողներ, որոնց կարգավիճակը դեռևս որոշված չէ՝ զոհված են, թե նույնիսկ կենդանի են վիրավոր վիճակում, որովհետև հակառակորդի մխրճման արդյունքում ստեղծվում են նաև այդպիսի պայմաններ»։ Ի պատասխան այն դիտարկմանը, որ փորձագետները ասում են՝ այս դադարը պայմանավորված է նրանով, որ հակառակորդը ավելի լայնածավալ հարձակման է պատրաստվում, Ասրյանը պատասխանեց․ «Մենք հետախուզում ենք, և հակառակորդի նման ռեզերվներ, ռեսուրսներ, պահեստուժեր արձանագրելու դեպքում մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք»։
17:28 - 16 սեպտեմբերի, 2022
Ռազմակրթական որ կազմակերպություններում անցնել ռազմական պատրաստություն

Ռազմակրթական որ կազմակերպություններում անցնել ռազմական պատրաստություն

Սեպտեմբերի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակվել է Հայաստան վրա՝ դիրքային առաջխաղացման փորձեր անելով, օկուպացնելով ՀՀ տարածքներ և թիրախավորելով քաղաքացիական եթակառուցվածքները: Այս օրերին տարբեր նախաձեռնություններ և հասարակական կազմակերպություններ հայտարարում են քաղաքացիների համար մարտական պատրաստության դասընթացների մասին։ Ձեզ ենք ներկայացնում այդպիսի նախաձեռնություններից մի քանիսը։ Ողջ մնալու արվեստ (ՈՄԱ) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը Երևանում և մարզերում սկսել է ռազմական պատրաստության արագացված դասընթացներ։ Ներառված են հետևյալ առարկաները՝ ֆիզիկական-տակտիկական պատրաստություն,  առաջին բուժօգնություն, կրակային պատրաստություն։ Դասընթացներին մասնակցելու համար պետք է ունենալ անձը հաստատող փաստաթղթի պատճեն, զինվորական կամ սպորտային համազգեստ, կոշիկ։ Երևանի դասընթացի մանրամասներին կարող եք տեղեկանալ այս հղմամբ։ ՈՄԱ էջում կարող եք տեղեկություններ գտնել նաև մարզերի դասընթացների մասին։ ՀԿ-ը դասընթացներ ունի նաև շաբաթ-կիրակի օրերի համար։ «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունը հայտարարել է, որ սկսում է անվճար  դասընթացներ բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են մասնակցելու մարտական գործողությունների: Կազմակերպվելու են հետևյալ դասերը՝ կրակային պատրաստություն,  մարտավարություն,  առաջին օգնություն:  Հրաձգարան պետք է ներկայանալ զինվորական համազգեստով, գլխարկով, ակնոցով, ջրով և սննդով։ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը դեռ օգոստոսի 15-ին հայտարարել է ռազմական պատրաստության անվճար 3-ամսյա և 6-ամսյա  դասընթացների շարքի մասին՝ կրակային պատրաստություն, արդյունքների հիման վրա դիպուկահարի պատրաստություն, մարտավարություն, ինժեներական պատրաստություն, ԱԹՍ-օպերատորական գիտելիքներ, առաջին բուժօգնություն։ «Պետականությունը որպես գերագույն արժեք» ռազմահայրենասիրական դպրոցը սեպտեմբերի 11-ին՝ Ադրբեջանի հարձակումից առաջ, հայտնել է, որ սեպտեմբերի 24-ից սկսում է առաջին օգնության, մարտավարության, կրակային պատրաստության, ալպինիզմի, քարտեզագրության դասընթացներ։ «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցը հայտարարել է, որ ելնելով իրավիճակից՝ հայտարարում է ռազմական պատրաստության արագացված դասընթացներ տղամարդկանց և կանանց համար։ Դասընթացը ներառում է մարտավարություն, առաջին օգնություն, կրակային պատրաստություն, ֆիզիկական պատրաստություն։ «Կոմանդոս» ռազմամարզական ակումբն անցկացնում է առաջին օգնության արագացված պարապմունքներ։ Տարբեր մարզերում վարժանքներ է անցկացնում «Ազգային Լեգիոն» ռազմահայրենասիրական ակումբը։ «Բերդ» հասարակական կազմակերպությունը ավագ դասարանի աշակերտների համար (8-12-րդ դասարանցիների)  ռազմամարզական պատրաստության դասեր է անցկացնում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում և Իջևան քաղաքում։ Ռազմամարզական խմբակներում աշակերտները շաբաթական 2 ժամ ֆիզիկական պատրաստություն են անցնում, 2 ժամ՝ մարտական և 1 ժամ՝ գաղափարական։ Գրանցվել կարող եք այս հղմամբ, լրացուցիչ տեղեկությունների համար էլ կարող եք զանգել (094 24 16 50): Ցանկը թարմացվում է
17:04 - 16 սեպտեմբերի, 2022
ԳՇ պետը նշել է՝ չեն թույլատրի, որ Ջերմուկից 4,5 կմ հեռավորությամբ գտնվող խմբի կենսունակությունն ապահովվի․ այդ խումբն այդտեղից կհեռանա

ԳՇ պետը նշել է՝ չեն թույլատրի, որ Ջերմուկից 4,5 կմ հեռավորությամբ գտնվող խմբի կենսունակությունն ապահովվի․ այդ խումբն այդտեղից կհեռանա

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց, որ «ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա»։ Հանդիպումից հետո նա արդեն դրսում լրագրողների հետ զրույցում ցույց տվեց այն հատվածները, որտեղ հասել է ադրբեջանական ԶՈՒ-ն։ Նա մասնավորապես նշեց, որ միայն մի կետում հակառակորդի մեկ խումբ է գտնվում Ջերմուկի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա․ «Իսկ բլրի գագաթից, (որտեղ գտնվում է այդ խումբը,- խմբ․), աջ և ձախ, այսինքն՝ դեպի հարավ և հյուսիս, հակառակորդի մխրճման խորությունները, հաշվի առնելով նաև Ջերմուկ քաղաքից հեռավորությունը, 8, 10 կմ դեպի թևեր է»։ Նա ընդգծեց, որ պետք է նաև մարտավարական տեսանկյունից հասկանալ, որ մխրճումով ոչ թե ամբողջ ճակատով հակառակորդի կողմից հասել են Ջերմուկի մատույցներ, այլ միայն մեկ խումբ, որը կտրված է իր ստորաբաժանումներից, գտնվում է այդ բլրի գագաթի վրա․ «Եվ կենսունակության տեսակետից․ եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի թե՛ սննդով, թե՛ ջրով, հատուկ պատրաստված ստորաբաժանում լինի, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվությամբ կսպառվեն, և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալու»։ Ասրյանը հիշեցրեց, որ հանդիպմանը ներկայացրել է, որ խումբը կողքերից շրջափակված է հայկական ստորաբաժանումների կողմից՝ ընդգծելով, որ մարտավարական իրադրությունը գնահատում է կայուն, և հայկական կողմի հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբն այդտեղից կհեռանա։  «Չենք թույլատրի, որ ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի, ներկա դրությամբ էլ չկա․ նրանք չեն կարողանում բերել իրենց սնունդը և ջուրը ու ապահովեն, և կենսունակությունը կորցնելով՝ խումբը հետ կքաշվի ու կմիանա իրենց հիմնական ստորաբաժանումներին, որոնք գտնվում են Ջերմուկի մատույցներից ավելի մեծ հեռավորությունների վրա՝ յոթ, ութ, տասը, նույնսիկ սահմանի վրա»,- նշեց նա։ ԶՈՒ ԳՇ պետը նաև ասել է, որ այսօր նաև դիտարկել են, որ հակառակորդի 50-60 հոգանոց խումբ հետ է քաշվել դեպի ՀՀ պետական սահման․ «Սա է իրադրությունը»։
16:37 - 16 սեպտեմբերի, 2022
Կտրել են կին զինծառայողի ոտքերը, մատները, մերկացրել նրան. ԳՇ պետը դեսպաններին ներկայացրեց ադրբեջանական վայրագությունները

 |armenpress.am|

Կտրել են կին զինծառայողի ոտքերը, մատները, մերկացրել նրան. ԳՇ պետը դեսպաններին ներկայացրեց ադրբեջանական վայրագությունները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը վայրագություններ են կատարել, մասնատել են կին զինծառայողին, կտրել ոտքերը, մատները, մերկացրել նրան. այս ամենը վկայող ապացույցը՝ տեսանյութը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խոստացավ ցույց տալ Ջերմուկ այցելած դիվանագետներին: Ճեպազրույցում ԳՇ պետը նրանց ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների, նրանց զինծառայողների վայրագությունների վրա: «Վայրագություններ են իրագործել մեր մարտական դիրքերում՝ մեր զինծառայողների, այդ թվում նույնիսկ կին զինծառայողների նկատմամբ»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ նկարները, տեսանյութը բջջային հեռախոսում ունի, ըստ ցանկության կարող է ցուցադրել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: ԳՇ պետը զգուշացրեց, սակայն, որ այնտեղ կան այնպիսի վայրագություններ, որ մարդիկ նույնիսկ  կարող է չկարողանան դիտել: Դիվանագիտական ներկայացուցիչները խնդրեցին ներկայացնել, թե կոնկրետ ի՞նչ դաժանությունների են դիմել ադրբեջանական ուժերը:  ԳՇ պետը խոստացավ ճեպազրույցի ավարտից հետո ցույց տալ ապացույց հանդիսացող տեսանյութը: «Բառեր չեմ գտնում նկարագրելու, թե ինչպես են նրանք մասնատել կին զինծառայողին, կտրել են ոտքերը, մատները, մերկացրել, վայրագության վերջին աստիճանն է»,-ասաց Ասրյանը: ԳՇ պետը շեշտեց՝ ոչ մի պետության ռազմական ուժ, զորք, ստորաբաժանում, զինծառայող իրավունք չունի հակառակորդի նկատմամբ նմանատիպ վայրագրությունների դիմել: Դա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է: Պատերազմական հանցագործությունները, ըստ նրա, իրականացվել են հարձակման բոլոր ուղղություններով: ԶՈՒ ԳՇ պետը վստահեցրեց, որ ԶՈՒ-ն կշարունակի հայրենիքի ռազմական անվտանգության ապահովման բոլոր միջոցառումների իրականացումը:
16:31 - 16 սեպտեմբերի, 2022