ԿԱՐԴԱԼԻՔ

«Ուղեկցողն ասաց՝ գիտի, թե ուր ենք գնում»․ հակասական ցուցմունքներ Քիմիկների գործով

«Ուղեկցողն ասաց՝ գիտի, թե ուր ենք գնում»․ հակասական ցուցմունքներ Քիմիկների գործով

2020 թ․ հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորամասի անձնակազմի հետ մարտական առաջադրանքի մեկնած փոխգնդապետ Ռաֆայել Փնջոյանի խոսքով՝ ուղեկցող Արման Նուրիջանյանին ճանապարհին առնվազն չորս անգամ հարցրել է՝ գիտի՞, թե իրենց ուր է ուղեկցում, ինչին վերջինս դրական է պատասխանել, մինչեւ անգամ վրդովվել, թե՝ գիտեմ էլի, իմ ամեն օրվա ճանապարհն է․ «Ու ամեն պահ սպասում էի, որ հեսա կերեւա ոստիկանական հենակետը, կկանգնի»,- դատարանում նշեց նա։ Արման Նուրիջանյանը, սակայն, ավելի վաղ հայտարարարել էր, թե իրեն ոչ ոք չի ասել՝ մինչեւ ուր պիտի ուղեկցի զորքին․ «Փնջոյանին հարցրի՝ ո՞ւր ենք գնում, ասաց՝ Զանգելան, ասացի՝ բա Զանգելանը գրավել են, ասաց՝ գիշերը մերոնք երկու կողմերից մտել են, մենք էլ մեջտեղով գնում ենք՝ սանրելով դուրս գանք․․․  Նույնիսկ հանքով անցնելիս ինձ հարց տվեց՝ սա հա՞նքն է, ասացի՝ այո, բայց էդտեղ էլ ոչ մի բան չխոսեց, ոչինչ չզեկուցեց»,– ասել է նա՝ հավելելով, որ ինքն էլ այլ հարցեր չի տվել՝ ակնկալելով, որ երբ հասնեն սահմանված վայրը, իրեն կասեն մեքենան կանգնեցնել։ Այսպես մեկը մյուսի հրահանգին սպասելով՝ անցել են սահմանված վայրը՝ Կիրի հանքի մոտակայքում տեղակայված ոստիկանական հենակետը՝ փոխարենը հասնելով դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական (Զանգելան) քաղաք եւ ընկել շրջափակման մեջ։  62-հոգանոց անձնակազմից 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Կատարվածի համար այժմ մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։  Փնջոյանի խոսքով՝ զորքը պատշաճ սպառազինված չի եղել  Ներկայանալով դատարանին՝ վկա Ռաֆայել Փնջոյանը պատմեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայել է Էջմիածնի քիմիկների զորամասում՝ որպես ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության բաժանմունքի պետ։ Հոկտեմբերի սկզբին տեղեկացել է, որ զորամասի անձնակազմը պատրաստվում է մեկնել Մեղրի, եւ ցանկություն է հայտնել միանալ նրանց․ «Գտնում էի, որ նախարարությունում ոչ մի բանով չեմ կարողանում օգնել, դրա համար առիթ է եղել զորամասի հետ ներգրավվելու ինչ-որ խնդիրների կատարման մեջ, ոչ մի ղեկավար պաշտոն չեմ զբաղեցրել, զուտ գնացել եմ իմ ծառայակից ընկերոջը (նկատի ունի մեղադրյալ Աբգարյանին,-հեղ․) ինչ-որ մի ձեւ օգնելու եւ մասնակցություն ունենալու մարտական գործողություններին»։  Օրեր անց՝ հոկտեմբերի 20-ին, երբ արդեն Կապանի զորամասում են եղել, տեղեկացել է, որ հաջորդ օրը մարտական առաջադրանք է սպասվում՝ իրականացնել հակառակորդի ներթափանցած տարածքի սանրման աշխատանքներ Կովսականում։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցին՝ ինքը երբեւէ մասնակցե՞լ էր սանրման աշխատանքների, վկան բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ուսումնառությունից գիտի, թե դա ինչ է․ «Պատվարժան դատարան, որպես այդպիսին, սանրման աշխատանքներ իրականացնում են որոշակի գործողություններից հետո ողջ մնացած կամ վիրավոր կամ թաքնված հակառակորդին հայտնաբերելու, գերեվարելու կամ ոչնչացնելու համար»։  Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը Այդ օրը Անդրանիկ Մակարյանն անցկացրել է խորհրդակցություն, որին վկան չի մասնակցել․ «Խորհրդակցությունից հետո փոխգնդապետ Աբգարյանը վերադարձել է մեր աշխատասենյակ, եւ մինչեւ ուշ երեկո քննարկել ենք առաջիկա գործողությունների բնույթը եւ կատարվելիք աշխատանքները։ Նա պարզաբանել է, որ պետք է գնանք որոշակի բնագիծ, այնտեղ կանգնենք, սպասենք գեներալ Մակարյանի հետագա ցուցումներին․ եթե անհրաժեշտություն լինի առաջ շարժվելու, այդ պահին առաջ շարժվենք, եթե չէ, անցնենք պաշտպանության»։ Հարցին՝ քարտեզներ եղե՞լ են, որոնց վրա պատկերավոր տեսել են տեղանքը, վկան բացասական պատասխանեց՝ հավելելով, որ քննարկումը եղել է միայն բանավոր։ Պատասխանելով զորքի սպառազինության վերաբերյալ հարցին՝ վկան հայտնեց, որ ունեցել են ինքնաձիգներ, սաղավարտ, զրահաբաճկոն կեսից քիչն է ունեցել, իսկ նռնակ, գնդացիր ընդհանրապես չի եղել։ Ըստ վկայի՝ ճանապարհին ոստիկանական հենակետ հիշեցնող ոչինչ չի եղել Առավոտյան, երբ հավաքվել են մշտական տեղակայման վայրում, ուղեկցողը ուշանալիս է եղել։ Որոշվել է սպասել, մինչեւ գա․ «Ուղեկցողը եկել է, մեզ անծանոթ մարդ է եղել՝ քաղաքացիական հագուստով, քաղաքացիական մեքենայով․․․ Միասին քննարկել ենք եւ որոշել, որ ես նստեմ ուղեկցողի մեքենան, որ հեռախոսով կապի մեջ լինենք, որ այդքան մարդու պատասխանատվություն չմնա իր վրա, ու վստահելի լինի էլի»։ Ըստ վկայի՝ ռադիոկապ եւս չեն ունեցել։ Այդ ժամանակ ուղեկցողը եղել է գյուղապետի վարորդ Համբարձում Փարամազյանը․ «Ճանապարհին հարցրել եմ՝ գիտի՞՝ ուր ենք գնում, ասել է՝ հա, գիտեմ, բայց ես ձեզ մինչեւ այս ինչ կետն եմ ուղեկցելու, դրանից հետո այլ մարդ է ուղեկցելու»։ Այլ մարդն էլ հենց հիշյալ Արման Նուրիջանյանն է, որը, ըստ վկայի, նույնպես եղել է քաղաքացիական հագուստով եւ մեքենայով եւ նույնպես նշել, որ գիտի, թե ուր է ուղեկցում․ «Ճանապարհին կամ ես էի հարցնում՝ այս ինչ է, այն ինչ է, կամ ինքն էր ասում՝ սա սա է, սա սա է եւ այլն։ Այդպես թվարկելով՝ հասել ենք հանքի մոտ, հարցրել եմ՝ ավազի՞ հանք է, ասել է՝ ոչ, կիրի»։  - Իսկ եթե դուք գիտեիք, որ ձեր տեղանքը Կիրի հանքի մոտակայքում է, եւ դա էր հանքը, զորամասի հրամատարին ինչո՞ւ չտեղեկացրիք, որ հասել եք հանք,- հարցրեց մեղադրողը։  - Նա ասել էր, որ դրա մոտակայքում ռազմական ոստիկանության հենակետ է լինելու, ոնց որ վերջին պոստն էր, այդտեղ են կանգնելու, ու ամեն պահ սպասում եմ, որ հեսա կլինի այդ հենակետը, կկանգնենք․․․ Այդտեղ ուղեկցողին կրկնակի հարցրել եմ՝ գիտես, չէ՞, ուր ենք գնում։ Ասել է՝ հա, գիտեմ,- պատասխանեց վկան։ Վկայի խոսքով՝ ճանապարհին նույնիսկ կանգնել են, մի ոստիկանի վերցրել՝ նրա ուզած վայրում իջեցնելու համար․ «Ասաց՝ տանենք, մի քիչ այն կողմ իջեցնենք, դա է եղել, ուրիշ ոչ մի խոսակցություն։ Ես, համենայն դեպս, չեմ ճանաչել նրան, ոչ էլ այդ հարցի մեջ խորացել եմ, թե ով է, ինչ է, ինչի է նստում, ինչի է գնում, քանի որ մեզ պատկանող տարածքում է եղել, ու ոստիկանական հագուստով, ոչ մի կասկած չի հարուցել»։ Մի քանի մետր գնալուց հետո կանգնել են, որ ոստիկանն իջնի։ Այս դրվագի վերաբերյալ դատախազը նշեց․ - Դատաքննության ընթացքում հարցաքննել ենք այդ հենակետում ծառայություն իրականացնող ոստիկանին՝ Զախար Մինասյանին։ Վերջինս ցուցմունք է տվել, որ հենակետում պիտի մեքենաների անցումն ապահովեր, նստել է մեքենան, որ խնդիր չլինի (ըստ ամենայնի, նա է եղել մեքենան նստած ոստիկանը,-հեղ․)։ - Պատվարժան դատարան, այդ տեղանքով, որ գնացել ենք, հենակետ հիշեցնող ոչ մի բան չի եղել՝ ոչ արգելափակոց, ոչ ինչ-որ կրակակետ։ Ինքը նստել է հետեւը, չեմ կարող ասել՝ ինչով է իր հետեւը նստելը ապահովել անցումը հենակետով։ Ոչ մի խոչընդոտ չի եղել, որ ինքը միջամտեր, հաղթահարվեր, այսինքն՝ ոչ ոք ճանապարհը չի փակել, որ ինքը ասեր՝ ես եմ մեքենայի մեջ, բացեք, անցնենք,- ասաց վկան։  Նրա խոսքով՝ ոստիկանի իջնելուց մոտ հինգ րոպե հետո հասել են բնակավայրի նմանվող մի տեղ, հարցրել է՝ այս ի՞նչ է, ուղեկցող Նուրիջանյանն ասել է՝ Զանգելանի քաղմասն է, կողքը դպրոցն է․ «Ասել եմ՝ կանգնի, շատ ենք եկել, այսքան չպիտի գայինք, ասել է՝ դե, պիտի ռազմական ոստիկանության պոստ լիներ, այդ պոստը չկար, հա էդ պոստին սպասելով, որ հեսա-հեսա կլինի՝ եկել հասել ենք այստեղ»։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանը մեջբերեց Արման Նուրիջանյանի խոսքերը, թե՝ եթե իմանար, որ պիտի հենակետում կանգնեին, բնականաբար, այդտեղ կկանգներ, ինչո՞ւ պիտի մինչեւ Զանգելան քշեր։ Նա խնդրեց պարզաբանել այս հակասությունը։ - Պատվարժա՛ն դատարան, ճանապարհին ոչ մի շփոթվելու տեղ չկա, մի ճանապարհ է, գնում է գետի կողքով։ Եթե ոստիկանական պոստը լիներ, ես էլ կասեի՝ այդտեղ կանգնի․․․ Բայց ինքն էլ գիտեր՝ ուր պիտի գնանք, ոչ թե ճանապարհը պիտի ցույց տար, այլ գիտեր՝ ուր պիտի գնանք։ Վկա Փնջոյանը պատմեց, որ արագ իջել է մեքենայից, ձեռքով նշան արել, որ մյուսներն էլ կանգնեն, եւ մոտենալով Արսեն Աբգարյանին՝ ցույց է տվել, թե ուր են հասել, ինչքան շատ են եկել։ Անձնակազմն էլ, մտածելով, որ հասել են սահմանված վայր, սկսել է իջնել ավտոբուսներից, եւ քանի որ կողքի սարից արդեն գոռոցներ, շան հաչոցներ են լսվել, Աբգարյանը հրահանգել է դիրքավորվել ճանապարհի ձախ մասում, որտեղ անտառային հատված էր եւ կիսաքանդ շինություններ, մինչեւ հասկանան՝ լսվող ձայները յուրայի՞ն զորքերից են, թե՞ հակառակորդի․  «Անձնակազմը դիրքավորվելու ընթացքում է եղել, երբ սարի վրայից սկսել է հրաձգություն։ Ու մեր կողմից սկսվել է պատասխան կրակ։ Այդ ինտենսիվ փոխհրաձգությունը տեւել է մոտ 15 րոպե կամ մի քիչ ավելի-մի քիչ պակաս։ Ու խումբը ոնց որ կիսվել է երկու մասի․ մի մասը Աբգարյանի հետ եղել է անտառի հատվածում, մյուս մասը իմ հետ՝ կիսաքանդ շինությունների մոտ։ Հետո արդեն սկսել է Կովսական բնակավայրի կողմից զրահատեխնիկայի եւ հետեւակի առաջխաղացում։ Դրանից հետո ավելի մանրամասն դրվագ առ դրվագ չեմ կարող ասել՝ ով ինչ արեց, ով ինչ չարեց, որովհետեւ իրավիճակը անկառավարելի էր դարձել»։ Հակառակորդի թիվը, վկայի տպավորությամբ, հասնում էր 100-150-ի։ Տուժողների իրավահաջորդները - Դիրքավորվելու հրաման եղե՞լ է,- հարցրեց տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը։ - Աբգարյանն է տվել, ասել է՝ դիրքավորվեք ճանապարհի ձախ մասում, մինչեւ ավտոբուսները կշրջվեն, որ տեղանքից դուրս բերենք, բայց ում մոտ որտեղ բնական թաքստոց է եղել, ամեն մեկը, ժամանակ չկորցնելու համար, այդ տեղանքում է դիրքավորվել, այդ թվում ես՝ քանդված շինությունների մոտ - Աբգարյանը ասել է՝ դիրքավորվե՞ք թե՞ ոնց ուզում եք, փախեք։ - Ասել է՝ դիրքավորվեք, մինչեւ ավտոբուսները շրջվեն։ Պատսպարված վիճակում վկան երկու այլ զինծառայողի է հանդիպել, հրահանգել, որ գնան, զորամասին տեղեկացնեն՝ օգնություն է պետք․ «Այդտեղ ինձ ոնց որ հանդիպել են երկու հոգի, մեկը՝ մեր զորամասից, մեկը՝ Մասիսի 12-հոգանոց խմբից, ում չէի ճանաչում։ Իրենց հրահանգ եմ տվել, որ վազեն Կապանի ուղղությամբ, իմաց տան մոտակա հենակետերին, որ այսպիսի բան է տեղի ունեցել, եւ նորից շարժվել եմ դեպի նպաստավոր դիրք, որպեսզի շարունակեմ մարտը»։ Վկայի խոսքով՝ ամեն րոպե սպասել են օգնության, բայց այն այդպես էլ չի հասել։ Մնացել են թաքստոցներում, որովհետեւ փամփուշտներն արդեն վերջացել էին։ Իր դիմացի թաքստոցում եղել են Ադոյանի որդին եւ սպա Բադեյանը։ Վկայի խոսքով՝ սկզբում նրանց ձայները լսել է, բայց ինչ-որ պահից այլեւս չի լսել, եւ քանի որ ուժեղ պայթյուն չի եղել, ենթադրել է՝ նրանց հաջողվել է դուրս գալ։ Նրանք, սակայն, մինչ օրս անհետ կորած են։ Լույսը բացվելուն պես՝ Աբգարյանի հետ խորհրդակցել են եւ որոշել շարժվել գետին հակառակ ուղղությամբ։ Սողեսող գնացել են, հասել եղեգների դաշտ․ «Տեղ-տեղ մառախուղը բարձունքը փակում էր, օգտվելով այդ հանգամանքից՝ արագ շարժվում էինք։ Երբ բացվում էր, թաքստոց էինք մտնում։ Այդպես շարունակել ենք ճանապարհը, դուրս եկել այդ բարձունքի տեսանելիության դաշտից եւ արդեն ազատ շարժվել գետի կողքով»։ Ճանապարհին հանդիպել են յուրային այլ ստորաբաժանման, որի հետ էլ հաջողվել է հասնել Կապան։ Անահիտ Ադոյանը նաեւ հետաքրքրվեց՝ թաքստոցում եղած ժամանակ կողմնակի որեւէ մեկին հանդիպե՞լ է կամ ձայներ լսե՞լ է, որ ինչ-որ մեկը եկել, իրենց է փնտրել։ Վկան բացասական պատասխանեց․ - Իսկ որ ասեմ՝ գնդապետ Մանուչարյանը եկել է․․․,- ասաց Անահիտ Ադոյանը։ - Մեր մոտ մարդ չի եկել, խոսակցություն չեմ ունեցել իր հետ, չեմ էլ իմացել, որ էդտեղ եղել է, ի՞նչ օգնություն ցուցաբերելու է եկել, չեմ իմացել,- պատասխանեց վկան։ Նշենք, որ նախորդ դատական նիստին հարցաքննված գնդապետ Արարատ Մանուչարյանը, որը Եղվարդի զինվորական կոմիսարիատի բաժնի պետն էր, պատմել էր, որ իմանալով, որ զորքի հետ կապը կորել է, գնացել է նրանց հետեւից․ «Գնացել էի, որ հանդիպեմ զորքին, բայց ռացիա չունեի, բջջային կապն էլ գնում–գալիս էր, հասցրել եմ զանգել, ասել՝ մարդ ուղարկեն, որ դիրքավորվեն»,– նշել էր վկան։ Դատավարության մասնակիցների համար այդպես էլ անհասկանալի էր մնացել, թե նա միայնակ 5-6 ժամ ինչ պետք է աներ այդտեղ, այն էլ՝ առանց համապատասխան տեխնիկայի։ Մանուչարյանի հարցաքննությունը պետք է շարունակվեր երեկ, սակայն դատարանը հայտնեց, որ նա ներկայացրել է տեղեկանք, ըստ որի՝ բուժման նպատակով մեկնել է արտերկիր։ Վարչության պետի որդու՝ ծառայության վայրից մեկնելու ժամկետների մասին վկան տեղյակ չէր Այս քրեական գործի շրջանակում մեղադրվում են նաեւ 2020 թ․ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։ Նրանց մեղադրանքը առնչվում է ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ  Վարդան Նշանյանի որդու՝ Գեւորգ Նշանյանի՝ ծառայությունից խուսափելու հանգամանքը կոծկելուն։ Ձախից՝ ամբաստանյալ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը, ամբաստանյալ Անդրանիկ Մակարյանը, պաշտպան Ամրամ Մակինյանը Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը վկա Ռաֆայել Փնջոյանից հետաքրքրվեց՝ վարչության պետ, գնդապետ Վարդան Նշանյանը Արսեն Աբգարյանի հետ ի՞նչ հարաբերություններ ուներ։ Ի պատասխան՝ վկան ասաց․ «Պատվարժան դատարան, իմ ծառայության ընթացքում վարչությունում բազմիցս  եղել է, երբ ծառայողական հարցերի շուրջ գնացել եմ վարչություն, զեկուցել եմ վարչության պետին այս կամ այն իրավիճակի վերաբերյալ, վարչության պետը Աբգարյանին դիտողություններ է արել։ Չեմ կարող ավելին ասել, թե ինչ հարաբերություն է ունեցել, բայց ըստ իս՝ ծառայողական»։ Փնջոյանը հայտնեց, որ Մեղրիում գտնվելու ժամանակ Գեւորգ Նշանյանին տեսել է, սակայն Կապանում՝ այլեւս ոչ։ Չի ճշտել, թե որտեղ է, իրեն հետաքրքիր էլ չի եղել, միայն լսել է, որ ինչ-որ ազգականի փնտրելու թե հուղարկավորելու հարցով թույլատրվել է գնալ։ Մեղադրողի հարցին՝ արդյո՞ք այդ թույլտվությունը անժամկետ էր, վկան պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ, բայց որպես կանոն, անժամկետ չի լինում։ Նշանյանի մեկնումը փաստաթղթավորվել է, թե ոչ՝ վկան չգիտեր, ասաց՝այդ գործընթացը վերահսկելու պարտավորություն չի ունեցել։   Գլխավոր լուսանկարում՝ վկա Ռաֆայել Փնջոյանը Միլենա Խաչիկյան
13:53 - 19 փետրվարի, 2025
150 դրամի հակառակ կողմը․ որքա՞ն կարժենա տեղափոխությունը նոր երթուղային ցանցի ներդրման դեպքում

150 դրամի հակառակ կողմը․ որքա՞ն կարժենա տեղափոխությունը նոր երթուղային ցանցի ներդրման դեպքում

Երեւանում հանրային տրանսպորտի տոմսային համակարգի փոփոխության դեմ վերջին շաբաթների բողոքի ակցիաների արդյունքում Երեւանի քաղաքապետարանը ներդրեց ուղեւորատոմսի նոր տեսակ՝ մեկ ուղեւորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Այս ֆոնին, սակայն, քննարկումների դաշտից դուրս մնաց այն հարցը, թե ինչպիսի փոփոխության է ենթարկվելու երթուղային ամբողջ ցանցը, եւ դա ինչ ազդեցություն է ունենալու երթեւեկության գնի վրա։  Այս տարվա հունվարի 28-ին, երբ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց մեկ ուղեւորության համար 150 դրամ արժողությամբ նոր ուղեւորատոմսի ներդրման մասին, նշեց, որ իրենց նպատակն է «ստեղծել տոմսային համակարգ, որը մի կողմից կլինի մատչելի եւ հարմարավետ բոլոր մարդկանց համար, բայց մյուս կողմից հնարավորություն կտա լուծելու կանգառներում երկար սպասելու խնդիրը, ավտոբուսների գերբեռնվածության խնդիրը [...] եւ այլն»։ Ի դեպ, Ավինյանը նաեւ ասաց, որ մեկ ուղեւորության համար 150 դրամ վճարը կգործի 2025 թվականին, իսկ հաջորդ տարիներին կարող է բարձրանալ տարեկան առավելագույնը 10 դրամով։  Չնայած այս պնդմանը, արդեն հունվարի 31-ին Երեւանի ավագանու կայացրած որոշման մեջ չկա այս ուղեւորատոմսի գինը տարեկան առավելագույնը 10 դրամով թանկացնելու հայտարարված սահմանափակման վերաբերյալ կետ։ Երեւանի տրանսպորտային համակարգի բարեփոխման թեման գալիս է 2010-ականներից։ Արդեն 2017 թվականին Երեւանի քաղաքապետարանի պատվերով բրիտանական WYG ընկերությունը իրականացրել է լրացուցիչ ուսումնասիրություն, իսկ 2018 թվականին ներկայացրել է «Նոր ավտոբուսային երթուղային ցանցը, ինտեգրված սակագնի եւ տոմսային համակարգը» վերջնական ծրագիրը, որը բաղկացած է երկու հիմնական մասից՝ տրանսպորտային նոր ցանցի նախագծում եւ ինտեգրված սակագնի եւ տոմսային նոր համակարգի մշակում։ Տրանսպորտային համակարգի բարելավման համատեքստում քաղաքային իշխանությունները հիմնվում են հենց այս նախագծի վրա [ 1, 2, 3]։ Միասնական տոմսային համակարգի ներդրման եւ սակագների վերջին փոփոխությունների համատեքստում «Ինֆոքոմը» Երեւանի քաղաքապետարանից գրավոր հարցմամբ խնդրել է տրամադրել 2026 եւ 2027 թվականների համար նախատեսված երթուղիների մասին մանրամասն տվյալներ՝ հասկանալու, թե ինչ տեսք է ունենալու Երեւանի երթուղային ցանցն ապագայում։ Ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են, որ «նոր շարժակազմերի ձեռքբերման պարագայում նախատեսվում է անցում կատարել նոր՝ բրիտանական խորհրդատվական WYG կազմակերպության կողմից մշակված երթուղային ցանցին»։ Քաղաքապետարանից, սակայն չեն նշել վերջնաժամկետ, թե երբ է ներդրվելու տրանսպորտային նոր ցանցը։ Ինչ է ենթադրում նոր ցանցի ներդրումը Ներկայումս Երեւանում գործում են ավտոբուսային, միկրոավտոբուսային եւ տրոլեյբուսային երթուղիների լայն ցանցեր: Համակարգը կառուցված է այնպես, որ ուղեւորները հիմնականում կարողանում են հասնել իրենց անհրաժեշտ վայրերը մեկ փոխադրամիջոցով՝ առանց տեղփոխերի: Տրոլեյբուսային երթուղիները հիմնականում սպասարկում են քաղաքի կենտրոնական եւ որոշ ծայրամասային հատվածներ, ավտոբուսային եւ միկրոավտոբուսային ցանցը ներառում է ավելի մեծ ծածկույթ՝ ընդգրկելով ինչպես հիմնական, այնպես էլ երկրորդային երթուղիներ: Գործող տրանսպորտային համակարգում շահագործվում է ավտոբուսային 64 երթուղի, միկրոավտոբուսային 11 երթուղի եւ տրոլեյբուսային 5 երթուղի, իսկ մետրոպոլիտենն ունի 10 կայարան։ Նոր երթուղային ցանցով արդեն նախատեսվում է փոխել երթուղիների կառուցվածքը՝ կրճատելով դրանց քանակը եւ կենտրոնացնելով դրանք հիմնական տրանսպորտային հանգույցների շուրջ: Սա նշանակում է, որ ուղեւորները ստիպված կլինեն ավելի հաճախ տեղափոխվել մեկ երթուղուց մյուսը՝ ավելի հեռու նպատակակետի հասնելու համար։ Այսինքն՝ եթե նոր ցանցի պայմաններում մեկ ուղեւորություն կատարելու համար հարկավոր լինի երկու եւ ավելի փոխադրամիջոց նստել, ապա ուղեւորությունը, որը տարեկան, եռամսյակային, ամսական, շաբաթական փաթեթներից չօգտվելու դեպքում հիմա արժե 150 դրամ, կարժենա 300 դրամ:  Նոր համակարգը հիմնված է լինելու տեղփոխի սկզբունքի վրա Առաջարկվող նոր միասնական ցանցը հիմնված է լինելու տեղփոխի եւ միասնական տոմասային համակարգի սկզբունքների վրա, ուստի ցանցի ներսում շատ ուղղություններ կպահանջեն տրանսպորտային միջոցի փոփոխություն: WYG-ի ներկայացրած առաջարկում նշված է, որ դրա համար հարկավոր է ապահովել տեղփոխի հարմար վայրեր/հանգույցներ։ Այդ կետերը սպասարկվելու են հիմնական ցանցի կողմից (ավտոբուս, տրոլեյբուս եւ/կամ մետրո), որը բաղկացած է լինելու գործող տրոլեյբուսային ցանցից, մետրոպոլիտենից եւ մի շարք երկար, հիմնականում քաղաքի կենտրոնով անցնող երթուղիներից: Սնուցող ավտոբուսային ցանցն էլ սպասարկելու է տեղփոխի հիմնական կետերը եւ տեղական ուղղությունների միջեւ ընկած հատվածները: WYG-ի հետազոտության մեջ նշված է նաեւ, թե նոր ցանցի ներդրման դեպքում քանի տոկոս է կազմելու տեղփոխների անհրաժեշտությունը։  Ըստ պատկերի՝ նոր ցանցի դեպքում ուղեւորների 44%-ը երթեւեկելու է առանց տեղփոխի, 36%-ը՝ առավելագույնը մեկ տեղփոխով, 16%-ը՝ մինչեւ երկու տեղփոխով, 4%-ը՝ երեք տեղփոխով: Համեմատության համար՝ գործող ցանցը ներառում է 94% ուղիղ եւ 6% մեկ տեղփոխով երթեր: Նոր ցանցի ներդրման համար նախանշվել են հիմնական տրանսպորտային 6 հանգույցներ, որոնք պետք է ապահովեն անարգել եւ դյուրին անցում տրանսպորտային ծառայությունների եւ տրանսպորտի տեսակների միջեւ։ Տեղփոխի հանգուցային կետերն են՝ Աջափնյակ վարչական շրջան (Չաուշի հրապարակ), Բարեկամություն մետրոյի կայարան, Սասունցի Դավիթ հրապարակ, Գարեգին Նժդեհի հրապարակ, Սեբաստիայի փողոց / Րաֆֆու փողոց,  Նոր Նորք վարչական շրջան։ Դեղին կետերով նշված են տեղփոխի հանգույցները Այս կետերն ընտրվել են մի շարք գործոնների հիման վրա, մասնավորապես հաշվի են առնվել մետրոպոլիտենի եւ տրոլեյբուսային ցանցերի հետ ինտերգրացիան, խիստ բնակեցված շրջանների կենտրոնական հատվածները, առանցքային ուղղությունները եւ կամ կապը մետրոպոլիտենի/տրոլեյբուսային ցանցի հետ եւ այլն։ Իսկ երթուղային ցանցը, ըստ առաջարկի, բաղկացած է լինելու 47 երթուղիներից`  - 11 հիմնական երթուղիներ, - 30 սնուցող երթուղիներ, - 5 տրոլեյբուսային երթուղիներ,  - 1 օդանավակայանի փոխադրման ծառայություն։ Նոր տրանսպորտային ցանցի կանգառների համակարգը, ըստ նախագծի, ներառում է մոտավորապես 1200 ավտոբուսի կանգառներ եւ վերջնակետեր: Կանգառների տեղերը հիմնականում նախագծված են այնպես, որ հնարավորինս շատ մարդիկ գտնվեն կանգառից մինչեւ 400մ հեռավորության տիրույթում, որը համարժեք է 5 րոպե քայլելուն:  Հիմնվելով նախագծում ներկայացված տվյալների վրա (երթուղու սկզբնակետ, ընթացք, վերջնակետ)՝ «Ինֆոքոմը» մոդելավորել է քարտեզ, որի վրա առանձին-առանձին պատկերված են առաջարկվող երթուղիները՝ ինչպես հիմնական, այնպես էլ սնուցող, ինչպես նաեւ էլեկտրատրանսպորտային (տրոլեյբուս, մետրո)։ Եթե այս քարտեզի վրա որպես սկզբնակետ եւ վերջնակետ նշեք այն երկու հիմնական կետերը, որոնց միջեւ հիմնականում տեղափոխվում եք քաղաքային տրանսպորտով, կտեսնեք՝ այս երկու կետերի միջեւ տեղաշարժվելու համար անհրաժեշտ լինելո՞ւ է տեղփոխ կատարել, թե՞ առկա է նպատակակետ հասնող մեկ երթուղի։ Այլ կերպ ասած՝ կարող եք հասկանալ՝ նոր տրանսպորտային ցանցի վերջնական ներդրումից հետո կկարողանա՞ք տեղափոխվել 150-դրամանոց «Մեկ ուղեւորություն» տեսակի 1 տոմսով, թե մեկ երթի համար պետք է ձեռք բերեք մի քանի այդպիսի տոմս կա՛մ 300-դրամանոց փաթեթ, որը թույլատրում է 3 ուղեւորություն 180 րոպեում, կա՛մ էլ օգտվեք առաջարկվող տարեկան, եռամսյակային, ամսական, շաբաթական փաթեթներից։ Նշենք, որ մեր մոդելավորած քարտեզում կարող են լինել որոշակի շեղումներ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ WYG-ի ներկայացրած նախագծում ընդգրկված փողոցներ ժամանակի ընթացքում անվանափոխվել են կամ որոշ փողոցներում փոխվել է երթեւեկության կազմակերպումը, երթուղիների սկզբնակետերը եւ վերջնակետերը երբեմն նկարագրված են խիստ մոտավոր, առանց կոորդինատների եւ այլն։ Այս շեղումները չէին լինի, եթե քաղաքապետարանը ունենար եւ տրամադրեր երթուղիների թվային քարտեզագրական շերտերը:  Տրանսպորտային ցանցի փոփոխության եւ տեղփոխով երթեւեկելու մասին խոսել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում, օրինակ, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։  Տեղփոխով երթեւեկելու ձեւի մասին խոսելիս նրանք հիմնականում հիշատակել են ուղեւորատոմսերի փաթեթների մասին՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս մեկ վճարումով, բայց մեկից ավելի տրանսպորտով ավելի արագ հասնել նախանշված կետ՝ առանց կանգառներում երկար սպասելու։  Այսպիսով, մեկ երթեւեկության համար նոր՝ 150-դրամանոց տոմսի ներդրումից հետո թեպետ տպավորություն է, որ այս՝ «Մեկ ուղեւորություն» տեսակի տոմսը մինչ փոփոխությունները գործած տոմսից թանկ է ընդամենը 50 դրամով եւ յուրաքանչյուր տարի թանկանալու է միայն 10 դրամով, այդուհանդերձ հաշվի չի առնվում եւ հանրությանն էլ ամբողջապես չի պարզաբանվում այն հանգամանքը, որ նոր տրանսպորտային համակարգի ամբողջական ներդրման եւ, հետեւաբար, տրանսպորտային ցանցի հիմնային փոփոխության պարագայում ուղեւորները մի կետից մյուսը գնալու համար ավելի հաճախ են տեղփոխ անելու կարիք ունենալու։ Արդյունքում Ա կետից Բ կետ տեղափոխվելը, եթե այդ կետերը հիմնական երթուղիների շրջակայքում կամ հարեւան թաղամասերում չեն, տարեկան, եռամսյակային, ամսական, շաբաթական փաթեթներից չօգտվողների համար հիմնականում արժենալու է 300 դրամ։  Տրանսպորտի ուղեվարձի գործող սակագները եւ փաթեթները Երեւանի ավագանին, ինչպես վերը նշեցինք, հունվարի 31-ի որոշմամբ մեկ ուղեւորության արժեք է սահմանել 150 դրամ։ Այս սակագինը պահպանվելու է 2025 թվականի ընթացքում՝ հետագայում յուրաքանչյուր տարի 10 դրամով բարձրանալու հավանականությամբ։ Այս «Մեկ ուղեւորություն» տոմսը վավեր են 3 օրվա ընթացքում։  Գործում են նաեւ ուղեւորավարձերի այլ փաթեթներ։ WYG խորհրդատվական ընկերության նախագծած Երեւանի տրանսպորտային ցանցի բարեփոխումների նախագիծը մեկնարկել է դեռեւս Տարոն Մարգարյանի օրոք, անցել Հայկ Մարությանի ձեռքի տակով եւ հասել Տիգրան Ավինյանին։  Հարկատուների հաշվին մի քանի հարյուր միլիոն դրամ արժեցած այս հետազոտությունն ու նախագիծը Երեւանի քաղաքապետարանում պահվում է միայն PDF տարբերակով՝ որպես կատարված աշխատանքի հաշվետվություն, սակայն բացակայում են այդ աշխատանքի քարտեզագրական տվյալների, թվային մոդելների վերաբերյալ էլեկտրոնային ֆայլերը, որոնք, ինչպես երեւում է հաշվետվության 3-րդ գլխից, բրիտանական ընկերությունն ունեցել է ամենայն մանրամասնությամբ։  Տեքստային բովանդակության համար PDF-ը հարմար ձեւաչափ է, սակայն հետազոտությունը ներառում է բարեփոխումների ամբողջական փաթեթը՝ այդ թվում նոր երթուղիների քարտեզագրական թվային շերտերը, երթուղային ցանցի մոդելները եւ այլն։ Չունենալով այդ պարտադիր տվյալները՝ քաղաքապետարանը զրկված է քաղաքում տեղի ունեցող դինամիկ փոփոխությունների դեպքում երթուղիների փոփոխությունները վերլուծելու, զարգացման նոր պլաններ կազմելու հնարավորությունից: Ստացվում է՝ Երեւանի քաղաքապետարանը բրիտանական ընկերությանը պատվիրել է կազմել տրանսպորտային նոր համակարգի քարտեզը, վճարել է դրա համար, բայց չի վերցրել՝ բավարարվելով միայն դրա սքրինշոթերով։ Պատկերավոր ասված՝ քաղաքապետարանը, ենթադրենք, պատվիրել է շենքի նախագիծ, վերցրել դրա ավարտուն տեսքի եռաչափ նկարները, բայց չի վերցրել չափերին, կոնստրուկցիային ու շինարարական կարեւոր գործողություններին առնչվող տվյալներ, առանց որոնց հնարավոր չէ կազմակերպել շենքի կառուցումն ու շահագործումը: Հարգելի ընթերցողներ, եթե ցանկանում եք առաջիկայում տեսնել նման հետազոտություններ և ինտերակտիվ գործիքներ, ապա բաժանորդագրվեք մեր Patreon-ին՝ https://www.patreon.com/Infocom։   Հեղինակ՝ Հայարփի Բաղդասարյան Ինտերակտիվ քարտեզը՝ Կատյա Մամյանի, Հայարփի Բաղդասարյանի Գլխավոր նկարը եւ վիզուալները՝ Լյուսի Մանվելյանի
20:44 - 18 փետրվարի, 2025
Դատարանը գնդապետ Նվեր Մարտիրոսյանին չթույլատրեց գործուղման մեկնել Հունաստան

Դատարանը գնդապետ Նվեր Մարտիրոսյանին չթույլատրեց գործուղման մեկնել Հունաստան

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում 73-հոգանոց վաշտի անձնակազմի զոհվելու գործով դատաքննությունը։ Գործով մեղադրվում են պատերազմի ժամանակ ՊԲ Մարտունի 3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը։ Մեղադրյալ սպաները դատարանի որոշմամբ չեն մասնակցում նիստերին, նրանց նկատմամբ կիրառված է երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը։  Դատարանը չբավարարեց Նվեր Մարտիրոսյանին երկրից դուրս գալ թույլատրելու միջնորդությունը Այսօրվա նիստում Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Աշոտ Թորոսյանը միջնորդեց ժամանակավորապես դադարեցնել Նվեր Մարտիրոսյանի խափանման միջոցը՝ հիմք ընդունելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետից դատարանին ուղղված դիմումը։ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, մասնավորապես, գրություն է ուղարկել դատավոր Գաբրիելյանին՝ նշելով, որ անհրաժեշտություն կա փետրվարի 24-28-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, գնդապետ Նվեր Մարտիրոսյանին ՀՀ ՊՆ հանձնախմբի կազմում գործուղել Հունաստանի Հանրապետություն։ ԳՇ պետը նշել է, որ գործուղումը ՀՀ ԶՈՒ կերպափոխման ծրագրերի իրագործման շրջանակում է, եւ այդ համատեքստում կարեւորել է Նվեր Մարտիրոսյանի հմտություններն ու գիտելիքները։ Մարտիրոսյանի պաշտպանն էլ իր միջնորդության մեջ նշեց, որ գնդապետը եզակի մասնագետ է, եւ նրա գործուղումը շատ կարեւոր է։  Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Աշոտ Թորոսյանը՝ ձախից, Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը՝ աջից Այս գործով հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը եւ Վարդան Վարդանյանը, սակայն, միաձայն առարկեցին միջնորդությանը։ Վարդանյանը նշեց, որ եզակի կամ անփոխարինելի մասնագետ, որպես այդպիսին, չկա, ուստի անհրաժեշտության դեպքում այլ մասնագետ կարող է փոխարինել, իսկ Արշակ Մարտիրոսյանը հավելեց, որ իրենց դիրքորոշման հիմքում դրվում է նաեւ այս գործի հասարակական հնչեղությունը, ինչպես նաեւ մեղսագրվող արարքի փաստական եւ իրավական կողմը։  Հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը՝ ձախից, Վարդան Վարդանյանը՝ աջից Թեեւ պաշտպանը պնդեց, որ նախարարությունը քաջատեղյակ է գործից, եւ եթե հնարավորություն լիներ մասնագետին փոխարինել, նման միջնորդության կարիք չէր առաջանա, այդուհանդերձ դատարանը չբավարարեց միջնորդությունը՝ լսելով նաեւ տուժողներին՝ զոհվածների ծնողներին, որոնք միաձայն հայտարարեցին, որ դեմ են խափանման միջոցը դադարեցնելուն։ Դատարանում ցուցմունք տվեցին տուժող ճանաչված 8 ծնողներ Դատարանն այսօր հարցաքննեց 8 տուժողի, որոնք զոհված զինծառայողների ծնողներն են։ Աննա Գասպարյանը՝ զոհված Արթուր Արմենի Գասպարյանի մայրը, դատարանին հայտնեց, որ իր որդին բանակ է զորակոչվել 2019թ․ հուլիսին «Ես եմ» ծրագրով, ծառայության է մեկնել Մարտունի 3 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 8-րդ վաշտ, հետո տեղափոխվել 7-րդ վաշտ։ Նա որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 11-ին՝ այն օրը, երբ վաշտն ուղարկվել է մարտական խնդիր կատարելու․ «Ասեց՝ մա՛մ, մեզ տեղափոխու են, ասեցի՝ ո՞ւր են տանում, ասեց՝ չգիտեմ։ Հետո արդեն որ շատ ման եկանք, տեղեկացանք, որ տարել են Հադրութ։ Արդեն զոհված են եղել, որ ես իմացել եմ»,- պատմեց զոհվածի մայրը։ Նա շատ մանրամասների չէր տիրապետում, չէր էլ հանդիպել զորամասի հրամանատարության որեւէ ներկայացուցչի հետ, տեղյակ չէր նաեւ մյուս ծնողների հանդիպումներից։ Աննա Գասպարյանը մյուս ծնողներից է որոշ հանգամանքների մասին տեղեկացել, օրինակ այն, որ Գոռ Իշխանյանն է վաշտն ուղարկել Հադրութ, որ զորքին դիմավորող չի եղել եւ որ հրամանատարը Իշխանյանը չէր կարող չիմանալ, որ Հադրութն այդ ժամանակ արդեն հակառակորդի վերահսկողության տակ էր․ «Իմ տղեն ասեց՝ մամ ջան, չգիտեմ ուր են տանում, կհասնեմ տեղ, կզանգեմ։ Ու չզանգեց․․․»։ Աննա Գասպարյանը Արմինե Ամիրյանի որդին՝ զոհված զինծառայող Նորիկ Վարդանյանը, Մարտունի 3 է զորակոչվել 2020թ․ օգոստոսի 4-ին։ Մայրը որդու հետ վերջին զրույցն ունեցել է հոկտեմբերի 10-ի առավոտյան, ասել է՝ գնում են դիրքեր՝ գործ անելու․ «Ասեց՝ ես կապի դուրս կգամ։ Ձենը դուր[ը]ս չէր գալիս, ինչ-որ բան թաքցնում էր»։  Արմինե Ամիրյանն ասաց, որ որդուն 14-րդ վաշտից մի խումբ այլ զինվորների հետ տեղափոխել են 7-րդ վաշտ, որի անձնակազմի հետ էլ նա զոհվել է Հադրութում։ Ամիրյանը եւս շատ մանրամասների չէր տիրապետում։ Պատասխանելով դատավարության կողմերի հարցերին՝ նա միայն այն ասաց, որ տղաներին տարել են հանձնված հող։ Հարցին՝ որտեղի՞ց գիտի, ասաց, որ բոլորն են խոսում, որ հոկտեմբերի 11-ին Հադրութն ընկած էր։ Որդու զոհվելու հանգամանքների մասին մայրը միայն այն գիտեր, որ դիվերսիոն խմբերի կողմից շրջափակման մեջ է ընկել վաշտի անձնակազմը։ Արմինե Ամիրյանը Սվետլանա Մարգարյանի որդին՝ Սարգիս Ասատուրի Հակոբյանը, հոկտեմբերի 9-ին՝ վերջին հեռախոսազրույցի ժամանակ, մորն ասել է՝ չզանգես, ինքս 3 օրից կզանգեմ։ Բայց այդ զանգն այդպես էլ չի հնչել։ Ծնողներն անհանգստացել են, գնացել են Գլխավոր շտաբ եւ ուր հնարավոր էր, բայց որեւէ լուր չեն իմացել։ Սվետլանան մյուս ծնողներից է իմացել, որ անձնակազմը կորած է, գուցե զինվորները գերի են կամ թաքնված։ Պատերազմի ավարտից հետո է նա իմացել, որ որդին զոհվել է։ Սվետլանա Մարգարյանը Սեյրան Խաչատրյանը՝ զոհված Խաչատրյանի հայրը, որը որդու հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 10-ին, պատասխանելով հանրային մեղադրողների հարցին՝ ինչ միջոցներ է ձեռնարկել, երբ իմացել է, որ կորած են, արձագանքեց․ « Պատերազմական իրավիճակում ի՞նչ միջոցներ ձեռնարկեինք, երբ տվյալ պահին իրա կամանդիր պալկան բունկերում պախկված էր»,- ասաց տուժողը՝ նկատի ունենալով զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանին։ Խաչատրյանը, որդուց լուր չունենալով, հոկտեմբերի 17-ին գնացել է Արցախ, այնտեղ հոկտեմբերի 23-ին հանդիպել Գոռ Իշխանյանին։ Վերջինս, ըստ ծնողի, ասել է, թե զորքը շրջափակման մեջ է, այլ տեղեկություն չի հայտնել։ Խաչատրյանը տպավորություն է ստացել, որ հրամանատարը ինչ-որ բան գիտի, բայց չի ասում։ Իշխանյանն ասել է, որ միջոցներ են ձեռնարկում, որոնց մասին չի կարող հայտնել․ «Սպասեցինք, բերեցին երեխեքի դիակները տվեցին, նման լրբի թուլեքը»,- ասաց ծնողը՝ նշելով, որ մինչեւ հիմա չգիտի՝ ինչ է կատարվել, դառնությամբ լցված՝ ոչ էլ հետաքրքրվել է։ Սեյրան Խաչատրյանը Շահեն Ավետումյանի որդին՝ Մայիս Ավետումյանը, բանակ է զորակոչվել 2019թ․ հուլիսի 16-ին, ծառայել է 3-րդ վաշտում, հետո տեղափոխվել 7-րդ վաշտ։ Շահեն Ավետումյանը որդու հետ խոսել է հոկտեմբերի 11-ի առավոտյան, Մայիսը զանգել է ուրիշի հեռախոսով, ասել, որ դիրքեր են բարձրանում․ «Ասեց՝ զանգել եմ՝ ձենդ լսեմ, ու վերջ»։  Շահեն Ավետումյանը Արցախ չի գնացել, որոշ բաներ տեղեկացել է մյուս ծնողներից։ Իմացել է, որ տղաներն ընկել են շրջափակման մեջ, եւ որ նրանց դիմավորող չի եղել։ Շահեն Ավետումյանը Զոհված Յուրի Չիլինգարյանը հորը՝ Էդուարդ Չիլինգարյանին զանգել է հոկտեմբերի 10-ին, ասել՝ պոստի եմ, կիջնեմ, կզանգեմ, բայց այդպես էլ չի զանգել։ Հայրն անհանգստացել, մեկնել է Արցախ, այնտեղ ծանոթացել վաշտի զինվորների ծնողների հետ, միասին գնացել են զորամաս՝ Գոռ Իշխանյանի մոտ․ «Ասեց՝ երեխաները ոնց որ կան, պետք ա գտնենք, շրջափակման մեջ են։ Կոնկրետ տեղ չասեց, բայց մեր իմանալով՝ «9 կմ-ի» կողմ»։ Իշխանյանը ծնողներին ասել է, որ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի հրամանով է զորքն ուղարկել Հադրութի կողմ։ Էդուարդ Չիլինգարյանը Անդրանիկ Մարտիրոսյանի որդին՝ զոհված Գեւորգ Մարտիրոսյանը, որ բանակ է զորակոչվել 2019-ի հուլիսին, Մարտունի 3-ի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտից է տեղափոխվել 7-րդ վաշտ։ Նա հորը զանգել է հոկտեմբերի 7-ի երեկոյան, նրանց զրույցը տեւել է մոտ մեկ րոպե․ «Յուրաքանչյուր անգամ, երբ զանգում էր, չէր ներկայացնում իրավիճակը, ասում էր՝ լավ եմ, ամեն ինչ լավ է, դուք ձեզ լավ նայեք, էդ օրն էլ ասեց ապահով տեղում ենք։ Էլ դրանից հետո չէր պատասխանում զանգերին»։ Նոյեմբերի սկզբին Անդրանիկը տարբեր աղբյուրներից իմացել է, որ վաշտը կորել է, անտառներում շրջափակման մեջ է ընկել։ Նոյեմբերի վերջին տեղեկացել է, որ ողջ անձնակազմը չկա։ Անդրանիկ Մարտիրոսյանը Սուսաննա Դավթյանի որդին՝ Ավետիք Հրաչյայի Դավթյանը, բանակ է զորակոչվել 2019թ․ հունվարի 29-ին։ Վերջին անգամ մորը զանգել է հոկտեմբերի 10-ին, ասել, որ թեժ պատերազմ է ընթանում․ «Ասեց՝ որոշել են մեզ տեղափոխեն Հադրութ, կարող ա էլ չկարանամ կապվեմ քո հետ»։ Երկար ժամանակ այլ ծնողների հետ միասին Դավթյանները փորձել են լուր իմանալ իրենց որդիներից, պատերազմի ավարտին իմացել են, որ տղաները ոչ թաքնված են, ոչ գերի, ոչ շրջափակման մեջ․ նրանք զոհվել են, իսկ Ադրբեջանը թույլ չի տալիս մարմինները դուրս բերել։ Սուսաննա Դավթյանը Ըստ էության, այսօր հարցաքննված բոլոր ծնողները միակարծիք են այն հարցում, որ իրենց որդիների զոհվելու մեջ մեղավոր է Գոռ Իշխանյանը։ Թեեւ նրանք հանգամանորեն չեն տիրապետում դեպքերի մանրամասներին, սակայն ընդհանուր տեղեկություններ ունեն այն մասին, որ զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանից է ստացել վաշտը «9 կմ» ուղարկելու հրամանը, որ նրանց պետք է դիմավորեր 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանը, բայց չի դիմավորել, որ վաշտի անձնակազմն ուղարկվել է գրավված Հադրութ եւ այլն։ Այսօր ցուցմունք տված տուժողները Արցախի տարածքին ծանոթ չէին, ուստի պնդումներ չարեցին այն տեղանքի մասին, ուր, ըստ հրամանի․ պետք է գնար վաշտը եւ ուր իրականում հասել էր։ Նրանց հուզում էր միայն մի հարց՝ մեղավորը պետք է պատժվի, եւ լավ կլինի՝ ամենախիստ ձեւով։ Մեղադրող կողմն իր հարցադրումները կառուցում էր այնպես, որ տուժողներն ամենայն մանրամասնությամբ պատմեն այն, ինչ իրենց հայտնի է, այդ թվում՝ կոնկրետ անձնանց անուններ, որոնցից իրենք պատերազմի ընթացքում իրենց որդիների մասին տեղեկություններ են ստացել։ Պաշտպանական կողմը փորձում էր հասկանալ, թե ինչի հիման վրա է այն համոզմունքը, որ Գոռ Իշխանյանն իմացել է, որ Հադրութը գրավված է, ու անձամբ զորքն ուղարկել այնտեղ այն պարագայում, երբ հրամանն իջեցվել է ՊԲ հրամանատարից եւ Իշխանյանի միջոցով փոխանցվել վաշտին։ Պաշտպանական եւ մեղադրող կողմերը դատարանում հիշատակում են, որ գրավոր փաստաթղթերում առկա է նշում, որ զորքի շարժի վերջնակետ նշված է հենց «9կմ» հատվածը։ Իսկ թե ինչու եւ ինչպես է զորքն անցել այդ խաչմերուկը, ինչու է հայտնվել Հադրութի Այգեստան գյուղում, ինչ հանգամանքներում է ընկել շրջափակման մեջ, ինչից են զոհվել վաշտի տղաները, ինչ պետք է անեին մեղադրյալներ Գոռ Իշխանյանն ու Նվեր Մնացականյանը, որ չեն արել, այս դատական քննության առարկան են։ Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 4-ին։ Ինչում են մեղադրվում սպաները Ըստ մեղադրական եզրակացության՝ Մարտունի 3 զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը պատերազմի ընթացքում իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել եւ չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։  Ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրամանատարի կողմից հոկտեմբերի 11-ին արձակած՝ մեկ վաշտ 18-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո ուղարկելու մարտական կարգադրության հիման վրա զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը 7-րդ վաշտին նույն օրը տվել է մարտական կարգադրություն, որում չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։ Ապա նույն օրը կեսօրին Իշխանյանը ՊԲ օպերատիվ շտաբ է զեկուցել անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Ջալալ Հարությունյանը հանձնարարել է վաշտի երթի մասին տեղեկացնել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ երթի սկսման մասին չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը։ Այսպիսով, նրանց դիմավորող չի եղել եւ վաշտի անձնակազմը նախանշված տեղից ավելի է անցել ու հայտնվել շրջափակման մեջ։  Գլխավոր լուսանկարում՝ հանրային մեղադրող Վարդան Վարդանյանը եւ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը Հայարփի Բաղդասարյան
19:40 - 18 փետրվարի, 2025
Քվանտային ֆիզիկայի մասին՝ առանց բանաձևերի․ լաբորատորիայից ներս Քվանտային տեխնոլոգիաների բաժանմունքն է

Քվանտային ֆիզիկայի մասին՝ առանց բանաձևերի․ լաբորատորիայից ներս Քվանտային տեխնոլոգիաների բաժանմունքն է

Կատուները կարող են միաժամանակ լինել և՛ ողջ, և՛ մեռած, ալիքները կարող են լինել նաև մասնիկներ, իսկ մասնիկները՝ նաև ալիքներ․ քվանտային աշխարհում կանոնները մի փոքր այլ են, քան մեզ շրջապատող աշխարհում։  2021-ին Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում հիմնադրվեց Քվանտային տեխնոլոգիաների բաժանմունքը, որը միավորեց ամենատարբեր հետաքրքրությունների տեր մարդկանց՝ ֆիզիկայից մինչև համակարգչային գիտություններ ու տնտեսագիտություն։ Այս անգամ առաջարկում ենք մեզ հետ տեղափոխվել Քվանտային տեխնոլոգիաների բաժանմունք` բացահայտելու քվանտային աշխարհն ու դրա «տարօրինակ» օրինաչափությունները, քվանտային տեխնոլոգիաներն ու դրանց ուղղությամբ հետազոտությունները։ Հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝   Հեղինակ՝ Աննա ՍահակյանՏեսանյութերը և լուսանկարները՝ Սարգիս ԽարազյանիՄոնտաժը՝ Ռոման Աբովյանի   «Լաբորատորիայից ներս» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։      
19:04 - 15 փետրվարի, 2025
ԲԴԽ-ի անքննելի որոշումները․ բողոքարկման ընթացակարգերի վերաբերյալ նախագիծը դեռ լրամշակվում է

ԲԴԽ-ի անքննելի որոշումները․ բողոքարկման ընթացակարգերի վերաբերյալ նախագիծը դեռ լրամշակվում է

Պատկերացրեք՝ որեւէ պաշտոնատար անձ ձեր վերաբերյալ կայացրել է որոշում, որին դուք համաձայն չեք։ Սովորական պայմաններում դուք այդ որոշման դեմ բողոք կներկայացնեք նրա վերադասին, իսկ վերադասի կողմից էլ մերժում ստանալու դեպքում կդիմեք դատարան։ Այժմ պատկերացրեք, որ այդ պաշտոնատար անձը, որը ձեր վերաբերյալ որոշում է կայացրել, չունի վերադաս։ Ավելին՝ ձեր երկրում չկա դատարան, որը իրավասու կլինի քննելու այդ անձի կայացրած որոշումների օրինականությունը։ Հենց այսպիսի իրավիճակում են Հայաստանի այն դատավորները, որոնց Բարձրագույն դատական խորհուրդը ենթարկում է կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչեւ դադարեցնելով նրանց լիազորությունները։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռ 2015 թ․-ին է արձանագրել, որ կարգապահական որոշումը վերանայելու հնարավորության բացակայությունը հայաստանյան օրենսդրության մեջ խեղաթյուրում է անձի՝ «դատարան դիմելու իրավունք»-ի էությունը։ Արդյունքում, պետությունը պարտավորվել է 2004 թ․-ին պաշտոնից հեռացված դատավոր Անահիտ Սաղաթելյանին վճարել 4900 եվրո փոխհատուցում։ Այնուհանդերձ, վճռից 10 տարի անց էլ այս խնդիրը դեռ չի լուծվել։ Միայն 2020 թ․-ին ընդունվել, իսկ 2023 թ․-ին փոփոխության է ենթարկվել օրենսդրական մի կարգավորում, որը, սակայն, առ այսօր չի գործում։ Նյութում կարդացեք՝  Ինչպես ակտիվացան դատավորների կարգապահական վարույթները, եւ ինչ են դրանք ենթադրում․ վիճակագրություն Ինչում էր «մեղադրվում» դատավոր Վահե Միսակյանը․ ՀՀ-ի դեմ նոր գանգատ ՄԻԵԴ-ում Ինչու կարգապահական որոշումները չեն բողոքարկվում ՀՀ-ում․ միջազգային արձագանքը Ինչու Բարձրագույն դատական խորհուրդը չի ընդունում որոշումների բողոքարկումն ապահովելու համար անհրաժեշտ իրավական ակտը ԲԴԽ-ի տարբերակված մոտեցումը դատավորների նկատմամբ․ Դավիթ Հարությունյանի օրինակը Ինչպես ակտիվացան դատավորների կարգապահական վարույթները, եւ ինչ են դրանք ենթադրում 2018 թ․-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ 2019 թ․-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»։ Այդպիսով, ըստ էության, հիմք դրվեց դատավորների նկատմամբ, այսպես ասած, վեթթինգի գործընթացին։ Ի թիվս այլնի, դատավորների նկատմամբ սկսեցին հարուցվել կարգապահական վարույթներ, եւ կիրառվեցին կարգապահական տույժի տարբեր տեսակներ՝ նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն եւ լիազորությունների  դադարեցում։  Այս մեխանիզմը, իհարկե, նախկինում էլ կար, սակայն պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե մինչեւ 2015 թ․-ը դատավորների նկատմամբ կիրառվել է տարեկան միջինում 2 կարգապահական տույժ, իսկ 2016-2018 թթ․-ին ընդհանրապես տույժեր չեն կիրառվել, ապա դրանից հետո՝ 2019 թ․-ից սկսած, տարեկան վարույթների միջին թիվը ավելացել է 6 անգամ՝ դառնալով 12։ Ընդ որում, եթե 2018 թ․-ից առաջ կիրառվում էին կարգապահական պատասխանատվության ամենաթույլ եւ թույլ միջոցները, ապա 2019 թ․-ից կտրուկ աճեց նաեւ ծանր եւ ամենածանր տույժերի թիվը։ Վիճակագրությունը ցույց է տալիս նաեւ, որ 2010-2018 թթ․ համեմատ 2019-2024 թթ․ էականորեն ավելացել են կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները, իսկ բավարարված միջնորդությունների քանակը ավելացել է 5 անգամ։ Ավելացել են նաեւ մերժման դեպքերը, ինչպիսիք նախկինում չեն գրանցվել։ Հայաստանում դատավորներն ունեն անձեռնմխելիություն։ Սա նշանակում է, որ նրանք չեն կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելու, իրենց կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար։ Բացառություն են միայն այն դեպքերը, երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ։ Դատավորի կարգապահական խախտումը կարող է դրսեւորվել երկու ձեւով՝  նյութական կամ դատավարական իրավունքի նորմի՝ դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված խախտում (օրինակ՝ սխալ է մեկնաբանել օրենքը կամ գործը քննել է ոչ օրինական կազմով) կամ դատավորի վարքագծի կանոնների խախտում (օրինակ՝ չի դրսեւորել քաղաքական չեզոքություն)։ Կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն Արդարադատության նախարարությունը, Դատավորների՝ էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, որոշ դեպքերում՝ նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Վարույթի հարուցումից հետո համապատասխան միջնորդություն է ներկայացվում Բարձրագույն դատական խորհրդին․ վերջինս միակ մարմինն է Հայաստանում, որ իրավասու է կայացնել որոշում դատավորի, այսպես ասած, մեղավորության կամ անմեղության մասին։ Ինչում էր «մեղադրվում» դատավոր Վահե Միսակյանը Նախկին դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Միսակյանը աշխատում էր Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանում, երբ պաշտոնավարման 5-րդ տարում Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ՝ նաեւ ԲԴԽ կամ Խորհուրդ) դադարեցրեց նրա լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։ Որոշմանը համաձայն չինելով եւ ներպետական այլ ատյան չունենալով՝ Միսակյանը ստիպված եղավ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում Միսակյանը մանրամասնեց՝ օրեր առաջ ուղարկված գանգատում նշել է՝ Հայաստանը խախտել է իր՝ Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության, խտրականության արգելքի եւ մասնավոր կյանքի իրավունքները։ Նույն՝ Եվրոպական կոնվենցիայով է երաշխավորված, որ յուրաքանչյուր ոք ունի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, ինչը նշանակում է, որ անձը, ում իրավունքներն առերեւույթ խախտվել են, պետք է կարողանա ներպետական մարմինների առջեւ վիճարկել այդ որոշումը։ Սա ամրագրված է նաեւ Սահմանադրությամբ։ Հայաստանում, սակայն, տարիներ շարունակ չի ապահովվում դատավորների՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, ինչի արդյունքում Եվրոպական դատարանի կողմից գանգատների բավարարումը բացասական հետեւանքներ է ունենում պետության համար թե՛ հեղինակության, թե՛ ֆինանսական տեսանկյունից։ Օրեր առաջ, օրինակ, հունվարի 23-ին, Եվրոպական դատարանը վճռել է, որ Հայաստանը խախտել է դատավոր Սուրեն Անտոնյանի արդար դատաքննության իրավունքը եւ պետությանը պարտավորեցրել նրան վճարել 5020 եվրո գումար։ Անտոնյանը դարձյալ 2023 թ․-ին պաշտոնից հեռացված այն դատավորներից է, որ մտահոգություն էր հայտնում Խորհրդի կազմի օրինականության առնչությամբ։ Բանն այն է, որ կարգապահական վարույթ հարուցող մարմնի ղեկավարը՝ Արդարադատության՝ այդ ժամանակվա նախարար Գրիգոր Մինասյանը, եւ վարույթը քննող մարմնի ղեկավարը՝ ԲԴԽ-ի՝ այդ ժամանակվա նախագահ Կարեն Անդրեասյանը, ունեն ընկերական սերտ հարաբերություններ, իսկ Անդրեասյանի կինը եւ Մինասյանը՝ նաեւ համատեղ բիզնես շահ, ինչը, ըստ դատավորների, կարող էր ազդել կայացվելիք որոշման վրա։ Եվրոպական դատարանը համաձայնել է ՀՀ դատավորների վերոնշյալ մտահոգությանը՝ Անտոնյանի իրավունքի խախտում արձանագրելով հենց այն պատճառաբանությամբ, որ Կարեն Անդրեասյանի եւ Գրիգոր Մինասյանի միջեւ մտերմությունը կարող էր կասկածներ առաջացնել Անդրեասյանի անաչառության վերաբերյալ։ Ճիշտ նույն մտահոգությունն իր գանգատում ներառել է նաեւ Վահե Միսակյանը։ Նա այն համոզմանն է, որ Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ի դիրքորոշումը վճռորոշ է լինելու նույն պայմաններում կարգապահական տույժի ենթարկված մյուս դատավորների համար։ Ինչու կարգապահական որոշումները չեն բողոքարկվում ՀՀ-ում․ միջազգային արձագանքը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների բողոքարկման անհրաժեշտությունը ամրագրված է միջազգային մի շարք փաստաթղթերում, ինչպիսին, օրինակ, ԵԽ Նախարարների կոմիտեի CM/Rec(2010)12 հանձնարարականն է, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի «Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի միջազգային ստանդարտները և պատշաճ պրակտիկայի մասին»  նշումները, Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի  (ԳՐԵԿՈ) զեկույցները կամ «Դատական իշխանության անկախության մասին» ՄԱԿ-ի սկզբունքները։  Բազմաթիվ զեկույցներում, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ, հարցին անդրադարձել է նաեւ Վենետիկի հանձնաժողովը՝ բողոքարկման հնարավորության բացակայությունը մտահոգիչ որակելով։ Դատաիրավական բարեփոխումների՝ դեռեւս 2019-2023 թթ ռազմավարությամբ ամրագրվել էր, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը պետք է մշակի սահմանադրական բարեփոխումների նախագիծ,  որը, ի թիվս այլնի, անդրադառնալու է ԲԴԽ որոշումների բողոքարկման հարցին։ Դրանից հետո՝ 2020 թ․-ի մարտին, Ազգային ժողովն ընդունեց օրենսդրական մի կարգավորում, ըստ որի՝ այդ որոշումները կարող են բողոքարկվել, եթե ի հայտ է եկել այնպիսի էական ապացույց կամ հանգամանք, որը բողոքարկողը նախկինում չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, եւ որը ողջամտորեն կարող էր ազդել որոշման կայացման վրա  (Դատական օրենսգքրի 156․1–րդ հոդված)։ Այսինքն՝ բողոքարկման համար անհրաժեշտ պայման է, որ ի հայտ գա էական որեւէ հանգամանք կամ ապացույց, առանց որի անձը չի կարող իրացնել իր այդ իրավունքը, ինչը, բնականաբար, արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի խախտում է։ Ընդ որում, ըստ այս կարգավորման՝ բողոքը քննելու է ոչ թե վերադաս որեւէ ատյան, այլ ԲԴԽ այն նույն կազմը, որը քննել էր կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։ Հարկ է նշել, սակայն, որ նույն՝ նոր երեւան եկած հանգամանքի առկայությունը մեկ այլ հոդվածով հիմք է գործի վերանայման համար (Դատական օրենսգքրի 157-րդ հոդված), իսկ որոշման բողոքարկումը եւ գործի վերանայումը իրարից լիովին տարբեր գործընթացներ են։ Չնայած նրան, որ նախագծի հեղինակները հիմնավորումներում նշել էին, որ դատավորը պետք է ունենա արդյունավետ բողոքարկման կառուցակարգ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում, մի խումբ իրավաբաններ ոլորտի ուսումնասիրության արդյունքում քննադատեցին այս մոդելը՝ այն արդյունավետ չհամարելով: 2022 թ․ մայիսին Արդարադատության նախարարությունը հայտնեց, որ հասարակական կազմակերպությունների հետ քննարկվել է ԲԴԽ որոշումների բողոքարկման ընթացակարգի նախատեսման հարցը՝ դիտարկելով չորս հնարավոր տարբերակ։ Ուշագրավ է, որ Նախարարությունը կիրառել էր հենց «նախատեսել» բառը՝ կարծես անուղղակիորեն ընդունելով, որ գործուն մեխանիզմ, միեւնույն է, առկա չէ։ Արդեն 2023 թ․-ի հոկտեմբերին Կառավարությունը առաջարկեց փոփոխել հիշյալ կարգավորումը՝ «նոր երեւան եկած հանգամանք»-ի պայմանը օրենքի տեքստից հանելով։ Բացի այդ, սահմանվեց, որ ԲԴԽ 10-հոգանոց կազմը բաժանվելու է 2 մասի․ 4 անդամը քննելու է բուն միջնորդությունը, 6 անդամը՝ որոշման դեմ բողոքը։ Ընդ որում, այս կազմը կրելու է ռոտացիոն բնույթ, այսինքն՝ յուրաքանչյուր անգամ ձեւավորվելու է նորովի։ Նախկին դատավոր Վահե Միսակյանը մեր զրույցում ասում է՝ այս փուլում սա կարող է լինել գոնե միջանկյալ լուծում, բայց արդյունավետ միջոց, միեւնույն է, չի լինի․ «Եթե 4 հոգուն առանձնացնում ենք, հետո ասում ենք՝ 6 հոգին էլ թող բողոքը քննի, ամեն դեպքում, նրանք իրար հետ են աշխատում, եւ ես տեսականորեն, նաեւ գործնականում չեմ կարող բացառել, որ ինչ-որ հարցի հետ կապված քննարկում չեն ունենա, ուստի չեմ համարում, որ դա անաչառության կամ անկողմնակալության բարձր չափանիշ ապահովող վերանայող մարմին կլինի»,– ասում է Միսակյանն ու ընդգծում՝ Խորհդրի կազմի 5 անդամը դատավոր է, 5 անդամը՝ գիտնական, եւ կարգապահական վարույթներով անցնող դատավորները առանց այն էլ մշտապես բախվում են խնդրին, թե ինչպես Խորհրդի գիտնական անդամներին, որոնք կարող են պրոֆեսիոնալ իրավաբաններ լինել, ամբողջական պատկերացում տան դատավորի աշխատանքի պրակտիկ առանձնահատկությունների մասին։ Խնդրահարույցը, սակայն, միայն դա չէ․ 2023 թ․-ի օրենսդրական այդ փոփոխությունից գրեթե 1․5 տարի անց այդ կարգավորումը դեռեւս չի գործում։ Ազգային ժողովն անցումային դրույթներով սահմանել է, որ այն ուժի մեջ է մտնելու, երբ ԲԴԽ-ն ընդունի համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը։ Դրա համար վերջնաժամկետ, սակայն, Խորհրդարանը չի նախատեսել, ԲԴԽ-ն էլ այն առ այսօր չի ընդունել։ «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցին, թե ինչու առ այսօր այդ ակտը չի ընդունվել, որպեսզի ապահովվի հիշյալ իրավունքի իրացումը, Դատական դեպարտամենտից պատասխանել են, որ այդ ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում․ «Իրավական ակտի նախագիծը օտարերկրյա լավագույն փորձի հաշվառմամբ մշակելու նպատակով ներգրավվել են շահագրգիռ բոլոր կողմերը, այդ թվում՝ 2024 թ․ սեպտեմբերի 27-ին եւ նոյեմբերի 7-ին կազմակերպվել են քննարկումներ դատավորների, Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչների, փորձագետների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նշված հանդիպումների ընթացքում քննարկման առարկա է դարձվել «Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը, որի արդյունքում այն լրամշակվել է Դատական դեպարտամենտի կողմից, ներկայացվել Եվրոպայի խորհրդին եւ գտնվում է լրամշակման վերջնական փուլում»,- ասված է պատասխանում։ Խորհրդին ուղղված գրավոր հարցմամբ խնդրել էինք նաեւ հայտնել՝ 2020 թ․-ին ընդունված կարգավորումը մինչ օրենքի՝ 2023 թ․-ի փոփոխությունը երբեւէ կիրառվե՞լ է, եթե այո, ապա ե՞րբ, եւ ինչպե՞ս է Խորհուրդը որոշել՝ նոր երեւան եկած հանգամանքը կոնկրետ դեպքում պետք է դիտել գործի վերանայմա՞ն թե՞ բողոքի քննության հիմք։ Ի պատասխան՝ ԲԴԽ-ն հայտնել է, որ հիշյալ հոդվածը կիրառվել է նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի եւ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ կարգապահական վարույթներում։ Նշենք, սակայն, որ Սուքոյանի վերաբերյալ որոշումը կայացվել է 157-րդ, այսինքն՝ վերանայման, այլ ոչ թե 156․1-րդ՝ բողոքարկման հոդվածի հիման վրա (թեեւ նախկին դատավորը երկու հոդվածն էլ վկայակոչել էր), իսկ Վարդազարյանի դեպքում Խորհուրդը նշել է, որ առկա չէ 156.1–րդ հոդվածի իմաստով ի հայտ եկած այնպիսի հանգամանք, որը բողոքարկողը նախկինում չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, եւ որը ողջամտորեն կարող էր ազդել որոշման վրա, քանի որ գործով վերջնական դատական ակտի կայացման պահին այն գոյություն չի ունեցել օբյեկտիվ իրականությունում: Փաստացի, 156․1-րդ հոդվածը թեեւ ձեւականորեն կիրառվել է միայն Վարդազարյանի գործով, սակայն բովանդակային առումով չի ապահովել անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, քանի որ վերջինս դարձյալ կախման մեջ է դիտարկվել որոշակի պայմաններից։ Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե ինչպես է Խորհուրդը որոշել, թե որ դեպքում նոր ի հայտ եկած հանգամանքը որ հոդվածի ներքո դիտարկի, Խորհուրդը նշել է՝ այդ հարցի առնչությամբ պատճառաբանություններն ու դիրքորոշումը ներկայացված են 18.10.2024թ. թիվ ԲԴԽ-82-Ո-Կ-13 որոշման մեջ։ ԲԴԽ-ի տարբերակված մոտեցումը դատավորների նկատմամբ ԲԴԽ-ի հիշատակած որոշումը Երեւանի քրեական դատարանի նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ է։ 2023 թ․-ին ԲԴԽ-ն դադարեցրել էր նաեւ Հարությունյանի լիազորությունները, ինչից հետո վերջինս դիմել էր Սահմանադրական դատարան (ՍԴ-ն ստուգման է ենթարկում ոչ թե ԲԴԽ–ի որոշումը, այլ դրանում կիրառված այս կամ այն օրենքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը)։ ՍԴ-ն որոշել էր, որ հրապարակայնության սկզբունքին եւ դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ Սահմանադրությանը չհամապատասխանող մեկնաբանությամբ է կիրառել, ինչը գործի վերանայման հիմք է։ Դատավոր Դավիթ Հարությունյանը վերանայման դիմում էր ներկայացրել, սակայն Խորհուրդը մերժել էր վերանայումը՝ որոշման մեջ գրելով, որ օրենքի բացի առկայության պատճառաբանությամբ որոշվել է դիմումի քննության իրականացման նկատմամբ կիրառելի համարել ոչ թե 157-րդ հոդվածը, որը սահմանում է հենց ՍԴ որոշման հիման վրա գործի վերանայման իրավունքը, այլ 156.1-րդ հոդվածը, որը վերաբերում է կայացված որոշումը բողոքարկելուն։ Տվյալ օրենքի բացը ԲԴԽ-ն պարզաբանել է հետեւյալ կերպ․ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածը կարգավորում է Խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով որոշումների վերանայման ընդհանուր հարցերը, սակայն չի բովանդակում Խորհրդում այդ վերանայման ընթացքը կարգավորող մանրամասն դրույթներ։ Խորհրդի «ՀՀ ԲԴԽ-ի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ եւս չի նախատեսվում՝ Օրենսգրքի նշված հոդվածով սահմանված վերանայման գործընթացի իրականացման կանոններ»,- նշել է խորհուրդը՝ որոշելով անալոգիայի հիման վրա (անալոգիան օրենքով չկարգավորված հարաբերության կարգավորումն է համանման մեկ այլ նորմով,–հեղ․)  կիրառել 156․1-րդ հոդվածը։ Փաստաբան Զորայր Հարությունյանը, որ այս գործով դատավորի ներկայացուցիչն է, օրենքի անալոգիայի կիրառումն այս դեպքում անօրինական է համարել՝ նշելով, որ այդպիսով սահմանափակվել են իր վստահորդի իրավունքները, քանի որ նիստը եղել է գրավոր ընթացակարգով, իսկ օրենքի կամ իրավունքի անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են անձանց իրավունքներն ու ազատությունները։  Փաստաբանն ուշադրություն է հրավիրել Արայիկ Մելքումյանի վերաբերյալ կարգապահական վարույթին, որով դեռ 2020 թ․-ին 157-րդ հոդվածն առանց խոչընդոտի կիրառվել է․ «Առկա չէ ԲԴԽ որեւէ օբյեկտիվ եւ պատճառաբանված դիրքորոշում այն կապակցությամբ, թե ինչով է պայմանավորված սույն եւ դատավոր Արայիկ Մելքումյանի գործերով տարբերակված մոտեցումը, քանի որ երկու դեպքում խոսքը ՀՀ ՍԴ որոշման հիման վրա նոր հանգամանքի ուժով ՀՀ ԲԴԽ որոշման վերանայման մասին է, մասնավորապես՝ հիշատակված գործը վերանայվել է բանավոր ընթացակարգով, մինչդեռ Դավիթ Հարությունյանի գործի վերանայման նկատմամբ ՀՀ ԲԴԽ-ն կիրառելի է համարում գրավոր ընթացակարգի կիրառումը»,- նշել է փաստաբան Զորայր Հարությունյանը։ Մեր զրույցում Զորայր Հարությունյանը սա բացատրում է նրանով, որ ԲԴԽ-ն խուսափել է բանավոր ընթացակարգով դռնբաց քննություն իրականացնելուց, ինչի արդյունքում էլ կրկին խախտվել է դատավորի արդար դատաքննության իրավունքը, եւ չեն վերականգնվել Սահմանադրական դատարանի արձանագրած խախտումները․ «Իմ կարծիքով՝ պետք է ոչ թե օրենքի անալոգիա կատարվեր, այլ իրավունքի անալոգիա (օրենքով չկարգավորված հարաբերությունները իրավունքի ընդհանուր սկզբունքների հիման վրա կարգավորելն է,–հեղ․): Ի վերջո, Հայաստանում դատավարական երեք օրենսգրքերն էլ (քաղաքացիական, քրեական, վարչական) նախատեսում են վերանայման վարույթի ընթացակարգեր, եւ դրանց ընդհանուր տրամաբանությունը այն է, որ վերանայումն իրականացվում է այն ընթացակարգով, որը հիմնականում կիրառվում է այդ դատարանում։ Այսինքն՝ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է կիրառեր կարգապահական վարույթների քննության ընդհանուր ընթացակարգը, այն է՝ դռնբացությունը, հրապարակայնությունը, բանավոր քննությունը։ Այս կոմպոնենտներից խուսափելու միակ հնարավորությունը Խորհրդի համար բողոքարկման ճանապարհով գնալն էր՝ թեկուզեւ օրենքը սխալ մեկնաբանելով»։ Հարությունյանն ընդգծում է՝ ԲԴԽ որոշմամբ ընդունված աշխատակարգն է այն հիմնական ենթաօրենսդրական ակտը, որով կարգավորված են ընթացակարգային հարցերը, իսկ աշխատակարգի մեջ փոփոխություններ մտցնելը կամ լրացումներ իրականացնելը պարզ գործընթաց է․ «Կարգավորումները կարող են որոշակի առումով լինել թերի, որոշ իրավահարաբերություններ կարող են ընդհանրապես կարգավորված չլինել աշխատակարգով, իսկ դրանում լրացումներ կատարելը հնարավոր է ոչ միայն տարիների կամ ամիսների, այլ ցանկության դեպքում ամսվա ընթացքում։ Եվ դրա չկատարումը եւս խոսում է այն մասին, որ Խորհուրդը մեծապես օգտվում է ստեղծված իրավիճակից՝ կամայականություններ թույլ տալով, այլ ոչ թե փորձում է օրենսդրական բացերը լրացնել»։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Դավիթ Հարությունյանն այժմ պատրաստվում է երկրորդ գանգատը ուղարկել Եվրոպական դատարան՝ ՍԴ որոշման հիման վրա գործը չվերանայելու առնչությամբ (առաջին գանգատը կարգապահական վարույթի ընթացքում իրավունքների ենթադրյալ խախտման մասին է)․ «Կարծում եմ՝ բոլորի համար էլ ակնհայտ է, որ  Խորհրդի խնդիրը վերջին տարիների կարգապահական վարույթներում այն չէ, որ այսինչ դատավորը կատարել է այսինչ խախտումը, այլ ուզում եք՝ անունը վեթթինգ դրեք, ուզում եք՝ նախկիններին պատժելու գործընթաց, ոնց ուզում եք անվանեք, բայց այս խնդիրների լուծման համար Խորհուրդը կիրառում է կամայականություն, եւ  ելնելով կոնկրետ վարույթով կոնկրետ խնդրի լուծման իր տեսլականից՝ կիրառում է այս կամ այն իրավակարգավորումը»,– կարծում է փաստաբան Զորայր Հարությունյանը։ Այսպիսով, տարիներ շարունակ եւ առ այսօր պետությունը պատշաճ միջոցներ չի ձեռնարկում դատավորների՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքն ապահովելու համար։ Թեեւ գործադիրն ու օրենսդիրը փոփոխություններ են կատարել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում՝ ՀՀ օրենսդրության պայմաններում բողոքարկման հնարավոր մեխանիզմ նախատեսելու համար, այնուհանդերձ, Բարձրագույն դատական խորհուրդը առ այսօր չի սահմանում ընթացակարգեր ոչ 2020 թ․-ին, ոչ 2023 թ․-ին ընդունված մեխանիզները գործարկելու համար, փոխարենը դրանց բացակայությանը հղում կատարելով՝ տարբերակված մոտեցում է ցուցաբերում դատավորների նկատմամբ։ Արդյունքում, Եվրոպական դատարանում շարունակում է ավելանալ Հայաստանի դեմ գանգատների թիվը՝ առկախված թողնելով հարցը, թե կոնկրետ երբ ի վերջո հնարավոր կլինի այդ որոշումները վիճարկել նախեւառաջ պետության ներսում։   *Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Բարձրագույն դատական խորհուրդը հայտնել է, որ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների վերաբերյալ հստակ քանակական տվյալներ 2010 թ․-ից սկսած առկա չեն, ուստի ԲԴԽ-ից տրամադրվել են միայն 09.04.2018-31.12.2024 թթ ընկած ժամանակահատվածի տվյալները: Դրան նախորդած տարիների տվյալները «Ինֆոքոմը» ստացել է Արդարադատության նախարարությունից։ Նշենք, սակայն, որ 2020 թ․-ի «խիստ նկատողություն» տույժի առնչությամբ պետական երկու մարմինների տվյալներում առկա էր քանակական անհամապատասխանություն․ ըստ Արդարադատության նախարարության՝ խիստ նկատողություն է հայտարարվել 2, ըստ ԲԴԽ-ի՝ 3 դատավորի։ ԲԴԽ-ից նշեցին՝ իրենց տվյալներում անճշտություն առկա չէ, իսկ Նախարարությունից դժվարացան հստակ պարզաբանել այս անհամապատասխանությունը՝ առաջարկելով հիմք ընդունել ԲԴԽ-ի տվյալները, քանի որ վերջինս է որոշում կայացնող վերջնական մարմինը։  *ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ ներկայացված գանգատների մասին տեղեկացվում է միայն գանգատի կոմունիկացիայի դեպքում (կոմունիկացվելը նշանակում է, որ ՄԻԵԴ-ը որոշում է տեղեկացնել համապատասխան երկրի կառավարությանը, որ գործը գրանցվել է դատարանում, եւ որ այդ գործի վերաբերյալ պետք է ներկայացվի տվյալ Կառավարության դիրքորոշումը), ուստի Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից ստացված վերոնշյալ տեղեկությունը ամբողջական չէ, ՀՀ-ի դեմ գանգատներ են ներկայացրել նաեւ 2019 թ․-ից կարգապահական պատասխանատվության ենթարկված մի շարք այլ դատավորներ։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
19:00 - 12 փետրվարի, 2025
Ինչո՞ւ է գնդապետ Արարատ Մանուչարյանը հրաժարվել ուղեկցել քիմիկներին․ վկայի հարցաքննությունը՝ դատարանում

Ինչո՞ւ է գնդապետ Արարատ Մանուչարյանը հրաժարվել ուղեկցել քիմիկներին․ վկայի հարցաքննությունը՝ դատարանում

2020 թ․ հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորամասի անձնակազմին տրված մարտական առաջադրանքի շուրջ դատարանում երեկ հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Եղվարդի զինվորական կոմիսարիատի բաժնի պետ Արարատ Մանուչարյանը։ Նա այն գնդապետն է, որն ի սկզբանե հրաժարվել է քիմիկներին Կիրի հանք ուղեկցելու՝ իր ձեւակերպմամբ առաջարկից։ Հենց Կիրի հանքում, ըստ մարտական կարգադրության, քիմիկները պետք է Սանրում գործողության միջոցով հայտնաբերեին եւ ոչնչացնեին հակառակորդի ներթափանցած խմբերին։ Բայց քանի որ նրանք Էջմիածին քաղաքից էին, անհրաժեշտ էր, որ տեղանքին ծանոթ մեկը նրանց ուղեկցեր նշված հատված։ Մանուչարյանի հրաժարվելուց հետո ուղեկցման գործառույթը բաշխվել է կամավորականներ Արման Նուրիջանյանի եւ Համբարձում Փարամազյանի միջեւ։ Արդյունքում, սակայն, ստացվել է այնպես, որ Կերեն գյուղում տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն անձնակազմը հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաք (Զանգելան), որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ։ 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Կատարվածի համար այժմ մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։ Նրանք մեղադրանքները չեն ընդունում։ Գնդապետի խոսքով՝ ինքը հրաժարվել է ուղեկցումից այլ առաջադրանք ունենալու պատճառով Վկա Արարատ Մանուչարյանը դատարանին հայտնեց, որ ՀՀ զինված ուժերում ծառայել է 1992-2018 թթ-ին, ծառայության բերումով ճանաչում է Անդրանիկ Մակարյանին, իսկ Արսեն Աբգարյանին առաջին անգամ Կապանում է տեսել։ Եղվարդից Կապան Մանուչարյանը մեկնել է հոկտեմբերի 19-ին, իր խոսքով՝ կամավոր․ «Նոր բրիգադ պիտի ստեղծվեր, ասացին՝ օգնության կարգով պահեստզորի նախկին ծառայողներն այնտեղ են, սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, ես էլ համաձայնվեցի, գնացի, որ ընդգրկվեմ ինքնապաշտպանական բրիգադում»,– պատմեց նա։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին, խորհրդակցություն է հրավիրվել, որը ղեկավարել էր ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Ներկա են եղել մի շարք զինվորականներ, այդ թվում՝ ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, գնդապետ Վարդան Ալեքսանյանը։ Հենց նրան է հանձնարարվել կազմակերպել ուղեկցման գործընթացը։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանը Մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցին, թե ինչի վերաբերյալ էր խորհրդակցությունը, վկան պատասխանեց՝ Զանգելանի․ «Որոշվեց, որ երկու ուղղությամբ գնան, ուսումնասիրեն տեղանքը, թույլ չտան, որ հակառակորդը խորանա»,- ասաց նա։ Նավասարդյանի հարցին՝ կասկածներ կայի՞ն հակառակորդի գտնվելու վայրի հետ կապված, վկան պատասխանեց․ «Զանգելանի տարածքում, կոնկրետ որտեղ՝ չեմ կարող ասել, քաղաքը՝ իր արվարձաններով։ [Վարդան Ալեքսանյանը] ինձ առաջարկեց, որ ես քիմիկների հետ գնամ, որ ցույց տամ ճանապարհը, ես էլ ասացի, որ ագարակցիների հետ պայմանավորված եմ, Ագարակ պիտի գնամ, դրա համար հրաժարվեցի։ Դրանից հետո ինչ խնդիր է դրվել՝ չեմ կարող ասել, ես դուրս եմ եկել, գաղտնիություն պիտի պահվեր»,– նշեց վկան։ – Մինչ առաջարկ հնչեցնելը ի՞նչ է ասվել, ո՞ւր էր պետք գնալ, ո՞ւր ուղեկցել,– հարցրեց մեղադրողը։ – Պիտի գնային, Կիրի հանք չհասած՝ իջնեին, ուսումնասիրեին․․․ Զանգելանից մոտ 4 կմ հետ,– պատասխանեց վկան։ – Դա ո՞վ է ասել։ – Երեւի թե Մակարյանը։ – Ինչո՞վ է պայմանավորված Ձեր կասկածը։ – Խորհրդակցությունը նա էր վարում, նա պիտի ասած լինի։ – Քարտեզներ եղե՞լ են։ – Չեմ կարող ասել, գուցե իմ գնալուց հետո են տվել։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանը ընդգծեց՝ ըստ համապատասխան կարգադրության՝ ուղեկցումը պետք է կազմակերպվեր տեղական ինքնապաշտպանական ուժերով, ապա դիմելով վկային՝ հարցրեց՝ արդյո՞ք ինքը հանդիսանում էր այդպիսին։ Վկան դժվարացավ հստակ պատասխանել, ասաց՝ ինքը տեղի բնակիչ չէր, իր խնդիրը նոր բրիգադն էր։ Դատավարության մասնակիցները հետաքրքրվեցին, թե վկան ինչ նպատակով եւ ում հրամանով պիտի գնար Ագարակ, ինչին ի պատասխան՝ նա ասաց․ «Հրաման չէր, ես ու Վարդան Ալեքսանյանն էինք որոշել Կապանի համայնքապետի հետ միասին․․․ Գյուղի դիրքերը առաջ տալու համար»։ Այս դեպքում անհասկանալի է՝ եթե Վարդան Ալեքսանյանը արդեն իսկ տեղյակ էր վկայի այդ որոշման մասին, ինչու էր նրան նոր՝ ուղեկցման առաջարկ անում։ Քիմիկների հրամանատար Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանը հարց հղեց՝ եթե վկան այլ առաջադրանք է ունեցել, ինչո՞ւ է մասնակցել այդ խորհրդակցությանը, չէ՞ որ այդտեղ, ինչպես ինքը նշեց իր ցուցմունքում, գաղտնիության ռեժիմ էր գործում։ Վկան պարզաբանեց՝ խորհրդակցությանը քննարկվելու էին այլ հարցեր եւս, այդ թվում՝ զենք–զինամթերքի հետ կապված։ Պաշտպանը, սակայն, չընդունեց այս պատասխանը։ Ձախից՝ մեղադրյալ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը – Ըստ մարտական կարգադրության՝ խորհրդակցությունը վերաբերում էր միայն «Մակարյան» օպերացիայի իրականացմանը։ Սա ոչ ինձ է թվում, ոչ Ձեզ, սա հաստատված փաստական հանգամանք է,– արձագանքեց Դավիդյանը՝ դարձյալ հարցնելով՝ վկան որպես ի՞նչ է ներկա եղել։ – Որպես Ալեքսանյանի տեղակալ,– պատասխանեց Մանուչարյանը։ –Տեղյա՞կ եք, որ դեպի Կիրի հանք ուղեկցող նշանակելու պարտականությունը դրված էր Ալեքսանյանի վրա։ –Ոչ․․․ Էնքանով էր դրված, որ երբ ինձ առաջարկվեց, ես հրաժարվեցի, ասաց՝ այդ հարցը մենք կլուծենք։ – Մենք խոսում ենք զինվորական ծառայության մասին, որտեղ առաջարկ տերմին չկա։ Կա կարգադրություն, կա հրաման եւ հրամանի կատարում։ Իմանալով, որ տեղանքին ծանոթ եք, Ձեզ է հրամայել, ճի՞շտ է։ – Ինձ առաջարկել են, չեն հրամայել,–պնդեց վկան։ – Դուք հրաժարվում եք, համայնքապետ Արթուր Մանուչարյանն ասում է՝ բենզին չունեմ, վարորդը ճանապարհի կեսն է ուղեկցում։ Ըստ Ձեզ՝ տարակուսելի չէ՞, ինչո՞վ է պայմանավորված այս խուսափումը, ի՞նչ է տեղի ունեցել, որ դուք գիտեիք,– հարցրեց Դավիդյանը։ – Ես տեղյակ չեմ,– պատասխանեց վկան։ Վկայի խոսքով՝ զորքը չի իջել այնտեղ, որտեղ պիտի իջներ Վկա Արարատ Մանուչարյանը պատմեց, որ հոկտեմբերի 20-ին, ինչպես եւ որոշած էր, պատրաստվում էր մեկնել Ագարակ, երբ Վարդան Ալեքսանյանը զանգահարել է իրեն եւ ասել, որ քիմիկների անձնակազմի հետ կապը կորել է։ Արդյունքում, վկան թողել է Ագարակի իր անելիքը եւ ուղեւորվել քիմիկների հետեւից։ Հասնելով ոստիկանական հենակետ, որտեղ, ըստ կարգադրության, զորքը պիտի իջներ, իմացել, որ զորքը եկել, անցել է․ – Համապատասխանո՞ւմ էր օպերացիային այդ գալ–անցնելը,- հարցրեց մեղադրողը։ – Ես չեմ կարող ասել՝ խնդիրը ոնց էր դրվել։ – Այնքան, որքան ներկա եք եղել խորհրդակցությանը, ասացիք՝ հանք չհասած պիտի իջնեին՝ ոստիկանակետից 2–3 կմ հետո։ – Հա, հանքի ու ոստիկանակետի արանքում։ – Իսկ իջե՞լ են այդտեղ։ – Չէ, մի վարորդը որ հետո հետ է եկել, ասել է՝ Զանգելան են հասել, Զանգելանի արվարձաններում հանդիպել են հակառակորդի։ Մենք էլ պիտի գնայինք, հասնեինք նրանց հետեւներից,– պատասխանեց Մանուչարյանը։ Նա պատմեց, որ այդ ոստիկանի եւ վարորդի հետ ուղեւորվել է դեպի Զանգելան, բայց այդպես էլ չկարողացավ հստակեցնել, թե շրջափակման մեջ ընկած զորքին 3-ով ինչպես պիտի օգնություն ցույց տային, այն էլ՝ առանց զենք-զինամթերքի․ – Տվյալներ ունեի՞ք, որ շրջափակման մեջ են։ – Չէ։ – Գիտեի՞ք, որ հնարավոր է փոխհրաձգություն է վայրում։ – Ոստիկան ասաց՝ կրակոցներ եղել են։ Փոխգնդապետ Արմեն Հովհաննիսյանի եւ վարորդի հետ ուղեւորվել են մինչեւ Զանգելանի արվարձաններ․ «Հասել ենք քանդված տների մոտ՝ չբնակվող տարածքներ, որտեղ հակառակորդը անկանոն կրակում էր մեր ուղղությամբ, մոտ 15 հոգի կլինեին՝ 400-500 մ հեռավորության վրա»։ Վկայի խոսքով՝ այդտեղից փոքր-ինչ հետ են եկել, որից հետո ինքը վարորդին ու ոստիկանին հետ է ուղարկել, ասել՝ ոչ մեկին չթողնի առաջանալ, իսկ ինքը բարձրացել է բլրի վրա եւ շարունակել դիտարկել հակառակորդին, իր խոսքով՝ մոտ 5-6 ժամ․ «Գնացել էի, որ հանդիպեմ զորքին, բայց ռացիա չունեի, բջջային կապն էլ գնում–գալիս էր, հասցրել եմ զանգել, ասել՝ մարդ ուղարկեն, որ դիրքավորվեն»,– նշեց վկան։ Դատավարության մասնակիցների համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե նա միայնակ այդքան երկար ինչ պետք է աներ այդտեղ։ Նրա անորոշ պատասխանները զայրացրին տուժողների իրավահաջորդներին։ Վերջիններս քանիցս հայտարարեցին, որ վկան սուտ ցուցմունք է տալիս․ Տուժողների իրավահաջորդները – Մի՞շտ եք փուռը տալիս տղերքին, լավ ծախեցի՞ք, համբա՛լ: Դատավոր Սարգիս Դադոյանը նկատողություն արեց անհետ կորած զինծառայողի մորը՝ հիշեցնելով, որ նա դատարանում է գտնվում։ – Բա իմ տղան որտե՞ղ է գտնվում,– վրդովվեց մայրը՝ հավելելով․ «Ավինյանի հորը կարելի՞ է ասել համբալ, ինձ չէ՞․․․ Տղերքը գան, կաշիդ են քերթելու»։ Տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը հիշեցրեց փրկված զինվորներից մեկի՝ դատարանում հնչեցրած այն խոսքերը, թե հարձակումից հետո, երբ ինքը պատսպարված է եղել, լսել է, որ ինչ–որ մեկը եկել, ասել է՝ «Կամո–Կամո, ոնց պայմանավորվել էինք, ապրանքը տեղ հասավ»։ Նա կասկած հայտնեց, որ իր խոսքով այդ «շպիոնը» հենց Արարատ Մանուչարյանն է եղել։ Վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին։   Միլենա Խաչիկյան
11:11 - 12 փետրվարի, 2025
«Ես չեմ փախել իմ դիրքից, ես փրկել եմ անձնակազմիս կյանքը»․ մայոր Հայկազ Գրիգորյանի ցուցմունքը

«Ես չեմ փախել իմ դիրքից, ես փրկել եմ անձնակազմիս կյանքը»․ մայոր Հայկազ Գրիգորյանի ցուցմունքը

«Գումարտակի հրամանատարի հրամանը՝ «տեղներիցդ չշարժվեք», հնարավոր չէր կատարել տեւական ժամանակ, ես ինչքան կարողացել եմ, մնացել եմ տեղում, եւ երբ զգացել եմ, որ այլեւս հնարավոր չէ, իմ անձնակազմը դուրս եմ հանել»։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանում օրերս կայացած դատական նիստի ժամանակ հայտարարել է 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանը, որն այժմ մեղադրյալի աթոռին է։  Դատարանում քննության առարկա են 44-օրյա պատերազմի ժամանակ հոկտեմբերի 2-ին Ջրականի բնագծից Հայկազ Գրիգորյանի հրամանատարությամբ վաշտի նահանջի դեպքերը։ Մինչ Գրիգորյանի ցուցմունքը դատարանում հարցաքննվել են գործով վկա ներգրավված անձինք։ «Ես չեմ փախել իմ մարտական դիրքից»․ Հայկազ Գրիգորյան Մինչ ցուցմունք տալը Հայկազ Գրիգորյանը հայտարարել է, որ անկախ կայացվելիք դատավճռի էությունից եւ դրան իր համաձայն կամ անհամաձայն լինելուց՝ ցանկանում է ընդգծել, որ ողջ գիտակցական կյանքում եղել է զինվորական եւ ճակատագրի բերումով ծառայել է այնպիսի ժամանակահատվածներում ու վայրերում, որի ընթացքում մի քանի անգամ ներգրավվել է մարտական գործողությունների մեջ․ «Իմ ուժերի ներածին չափով մասնակցել եմ իմ հայրենիքի պաշտպանությանը, ինչքան որ կարողացել եմ։ Բնականաբար, ես չեմ կարող ասել, որ իմ գործողություններում սխալներ չեն եղել, թերություններ չեն եղել։ Պատերազմական իրավիճակն ու մարտական գործողությունների վայրն այնպիսին են, որ ժամանակ հնարավոր չէ անսխալ գործել կամ որեւէ բաց թողում չունենալ։ Ծառայել եմ այնքան, որքան կարողացել եմ, բայց ծառայել եմ նվիրումով, անմնացորդ, իմ ընտանիքի, իմ երեխաների, իմ ծնողների, իմ պետության անվտանգության համար»,- ասել է Գրիգորյանը։ Նա հայտարարել է, որ չի փախել իր մարտական դիրքից ու չի հեռացել մարտական գործողությունների շրջանից, ավելին՝ նման մտադրություն էլ չի ունեցել, հակառակ դեպքում չէր ծառայի։ «Ես ինքս եմ գնահատել տվյալ իրադրությունը եւ, խորհրդակցելով ինձ հետ գտնվող սպաների ու անձնակազմի հետ, նաեւ գնահատելով ընդհանուր բարոյահոգեբանական իրավիճակը, դուրս եմ բերել իմ անձնակազմը այդ հատվածից»,- մարտական դիրքից հեռանալու հանգամանքն այսպես է մեկնաբանել Գրիգորյանը՝ պնդելով, որ եթե անձնակազմին դուրս չհաներ, բոլորը կզոհվեին։ Ըստ մեղադրյալի գնահատականի՝ դուրս գալը ոչ միայն ողջ մնալու համար էր, այլեւ այդտեղ մնալը որեւէ ռազմավարական խնդիր չէր լուծելու․ «Մենք մեր հնարավորություններով որեւէ հակազդեցություն չէինք կարողանալու տալ, հետեւաբար՝ զոհվելու էինք՝ չկարողանալով կատարել այն խնդիրը, որի համար տեղակայվել էինք այդ տարածում»։ Վաշտի նորակոչիկները կրակային պատրաստություն անցել էին ընդամենը մեկ անգամ Հայկազ Գրիգորյանը դատարանում պատմել է, որ 2020 թվականի հուլիսին կորոնավիրուսով պայմանավորված 18-րդ հրաձգային դիվիզիյայի նորակոչիկներին ընդունել են Մարտունի 2 զորամասում, որտեղ վաշտի կազմով անցկացրել են շարային պատրաստություն, եւ ոչ մի մարտավարական պարապմունք, քանի որ 82 զինծառայողները վարակված են եղել կորոնավիրուսով ու գտնվել ստացիոնար բուժման մեջ։ Արդեն հաջորդ ամիս երդվել են ու տեղափոխվել Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակ։ Ըստ Հայկազ Գրիգորյանի՝ վաշտում կատարվել է անձնակազմի հաստիքավորում եւ զենքերի ամրակցում, 2 անգամ  անցկացվել է կրակային պատրաստության, տեսական պատրաստություն, կատարվել են մարտական բարձր պատրաստության բերելու աստիճանների պարապմունքները, ջոկի դասակի, վաշտի, գումարտակի, ներդաշնակման պարապունքներ։ Մեղադրյալ հայտնել է, որ անձնակազմը, բացի ջոկի հրամանատարներից, մարտական դիրքերի տեղաբախշման վայրերը չի իմացել։ Գրիգորյանի խոսքով՝ մարտավարական պատրաստություն արել են, բայց զրոյական մակարդակով, իսկ  կրակային պատրաստությամբ զբաղվել ընդամենը մեկ անգամ․ «Ծանոթացել են ԱԿ 74-ի մարտավարատեխնիկական բնութագրին, կատարել են 3 փամփուշտ կրակոց՝ զենքի ձայնը լսելու համար։ Ինչ վերաբերում է ՊԿ, ՌՊԿ, ՌՊԳ տեսակի զենքերին, այդ զենքերից ընդհանրապես ոչ ոք տեղյակ չէր»,- դատարանում նշել է մեղադրյալը՝ ասելով, որ ոչ ոք չգիտեր նշան բռնելու կարգը, քանի որ այդ դասաժամը դեռ չէին արել։  Հայկազ Գրիգորյանին անհայտ պատճառներով վաշտը պատերազմի սկսվելուց չի ցրվել մարտական հերթապահություն իրականացվող այլ գումարտակների միջեւ Հայկազ Գրիգորյանը 2020թ․ սեպտեմբերի 26-ին հանդիսացել է ուսումնական գումարտակի պատասխանատու։ Նրա խոսքով՝ պատերազմի սկսվելու առավոտյան 7։30-ի սահմաններում հակառակորդի կամիկաձե ԱԹՍ-ն հարվածել է ՀՀՍ (հրթիռահրետանային սպառազինության,-հեղ․) պահեստին, որից հետո հնչել է տագնապի ազդանշանը։ Հայկազ Գրիգորյանն է ուսումնական գումարտակին տագնապ տվել, հետո զբաղվել վաշտը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելու հարցերով․ «Անձնակազմը տեղավորեցի նկուղում, որից հետո անձնակազմը ջոկ-ջոկ սկսեց զենք-զինամթերք ստանալու գործնթացը»,- պատմել է Հայկազ Գրիգորյանը։ Նա նշել է, որ դրանից հետո վաշտը զորամասի վերադաս հրամանատրության հրամանով մեկնել է նստեցման շրջան, որտեղ մարտական հաշվարկի համաձայն անձնակազմը պետք է ցրվեր մարտական հերթապահություն իրականացնող 4 գումարտակների միջեւ, բայց այդ ամենը, Գրիգորյանի պնդմամբ, չի կատարվել՝ իր համար անհայտ պատճառներով։ Դրանից հետո վաշտը մեքենաներով տեղափոխվել է մարտական դիրքեր, մասնավորապես «Չռիկներ» կոչվող տեղանք, որը համարվել է 2-րդ բնագիծ։ Ընթացքում անձնակազմը մարդկային կորուստներ եւ վիրավորներ չի ունեցել։ Թեեւ վարորդները վաշտի ավտոմոբիլային տեխնիկան քողարկել էին «Չռիկներ» կոչվող անտառում, այնուհանդերձ հակառակորդի ԱԹՍ-ները կարողացել են խոցել ողջ ավտոտեխնիկան։ 2-րդ բնագծում խրամատներ չեն եղել, անձնակազմը բացազատվել է բլուրի վրա Հայկազ Գրիգորյանի ցուցմունքի համաձայն՝ անձնակազմը բացազատվել է բլուրի վրա, քանի որ խրամատներ չեն եղել, փոխարենը եղել է առու։ Չեն եղել ինժեներական կառույցներ, ջոկի թաքստոցներ, խրամաբջիջներ, ականապատ դաշտեր ու խրամուղիներ։ «Ինձ առաջադրված մեղադրանքում նշվել է, թե իբր նահանջը չի կատարվել մարտական կանոնադրության համաձայն։ Շատ լավ, այդ դեպքում այդ նույն մարտական կանոնադրության համաձայն էլ պետք է կահավորված լիներ, չէ՞, մարտական դիրքը, եթե դա դիրք էր կոչվում»։ Սեպտեմբերի 27-ին վաշտի անձնակազմը, օդային, հրետանային հարվածների ներքո սեփական ուժերով եւ միջոցներով պառկած դիրքով կահավորել է խրամատները։ Մեղադրյալի պնդմամբ՝ այդ աշխատանքների ընթացքը շատ բարդ է եղել, քանի որ դժվար էր սովորական հետեւակի բահով բարձունքում հող փորելը։ Հայկազ Գրիգորյանի ղեկավարած անձնակազմը մինչեւ հոկտեմբերի 2-ը կատարել է հակառակորդի տեղաշարժի դիտարկում եւ վերահսկում՝ միաժամանակ շարունակելով խրամատ փորելու աշխատանքները, բայց դրանք, ըստ մեղադրյալի, վտանգավոր էին, քանի որ վերեւից եւ դիմացից բաց էր։ Իր ցուցմունքում Հայկազ Գրիգորյանը նշել է նաեւ, որ անձնակազմը չի ունեցել գիշերային տեսանելիության սարքեր, ուստի մութն ընկնելուն պես 72 զինծառայող գտնվում էր անապահով վիճակում։ Ըստ Գրիգորյանի՝ հոկտեմբերի առաջին օրը ռադիոկայանի V82 տեսակի մարտկոցները նստել են, ինքը ստիպված է եղել սերժանտներից մարտկոցներ վերցնել, իր սեփական ռադիոկայանը մի կերպ միացրել է զինվորից վերցրած բջջային հեռախոսի մարտկոցից, ինչի մասին խոսել է վաշտի զինծառայող Արման Արմաղանյանը՝ որպես վկա հարցաքննության ժամանակ։ «Անտառում, մեր թիկունքում կային հակառակորդի հարյուրավոր զինծառայողներ, որոնք մարտի էին բռնվել նաեւ 14-րդ եւ 15-րդ վաշտերի հետ։ Առաջին մի քանի օրը թիկունքային ապահովումը բավարար էր, բայց հետո անձնակազմը հաց չուներ։ Մոբի անձնակազմը՝ մոտ 50-հոգանոց խումբ, եկան, ներկայացան, տեղաբաշխումը կատարեցի։ 2 օր հետո, պատճառաբանելով, թե մեզ բերել են մսաղացի բերան, թողին-հեռացան, 4 հոգի մոբ մնաց իմ կողքին»։ Ըստ Հայկազ Գրիգորյանի՝ հոկտեմբերի 1-ին վաշտի անձնակազմի  բարոյահոգեբանական վիճակը շատ լավ Է եղել, բայց երբ մոբի անձնակազմը լքել է մարտական դիրքը, տղաների վիճակը վատացել է․ «Բացի դա՝ սոված էին ու ծարավ»։ Ինչ հանգամանքներ են Հայկազ Գրիգորյանին դրդել թողնել մարտական դիրքը Հայկազ Գրիգորյանի ղեկավարած անձնակազմը գտնվել է 1-ին եւ 2-րդ գումարտակների միջտարածությունում։ Ըստ նրա՝ դա շատ վտանգավոր վայր է եղել, որը չպիտի պահեր եւ պաշտպաներ ուսումնական գումարտակը, այլ ուրիշ ստորաբաժանում, մասնավորապես՝ հետախուզական։ Մեղադրյալի պնդմամբ՝ արդեն հոկտեմբեր 3-ի դրությամբ իր 2-րդ գումարտակի թիկունքից իր թիկունք էին անցել հակառակորդի բազմաթիվ դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանումներ, որոնք մարտի էին բռնվել Նազարյանի դասակի հետ։ Հոկտեմբերի 4-ին, ըստ Գրիգորյանի, հակառակորդի հրետանակոծությունն ուժեղացել է իրենց ուղությամբ․ «Անձնակազմին մի կերպ  5-6 անգամ իջացրել եմ ձորակը, բարձրացրել եմ մարտական դիրք, որպեսզի կորուստներ չունենայի»,- իր ցուցմունքում ասել է մեղադրյալը՝ նշելով, որ գումարտակի հրամանատարին (այդ ժամանակ Գարիկ Վարդերեսյանն էր,-հեղ․) զեկուցել է իրավիճակի, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի մասին, բայց միջոցներ չեն ձեռնարկվել․ «Այդ ժամանակ ռադիոկայանիս զարյադկեն հավերժ պրծավ»։ Նույն օրը երեկոյան, ըստ ցուցմունքի, 1-ին ՀԳՄ-ի ուղությամբ սկսվել են ավիացիոն հարվածներ, եւ, հաշվի առնելով նաեւ թիկունք ներթափանցած դիվերսիոն խմբերը, Հայկազ Գրիգորյանը որոշում է կայացրել անձնակազմին դուրս հանել ապահով վայր․ «Որպեսզի օդային հրետանու պատճառով անմեղ մարդկանց կորուստներ չունենամ, անձնակազմին դուրս եմ հանել ապահով վայր, ու նահանջ եմ կատարել 9-րդ կիլոմետր»։ Հայկազ Գրիգորյանը դատարանին պատմել է, որ այդ ժամանակ անձնակազմը խուճապի մեջ է եղել, այդ վիճակում չէր կարող հակառակորդի հետ մարտի բռնվել, իսկ իրենց մոտ չեն եղել հակառակորդի՝ իրենց դիմաց գտնվող տասնյակ զրհատեխնիկան խոցելու համար նախատեսված միջոցներ։ «Տարհանումն իրականացրել եմ միաշարասյուն՝ դասակի հրամանատար Գ․ Հարությունյանի, վաշտի ավագ Ղարիբ Ջավադյանի եւ մոբի ռազվետկի ստորաբաժանման Լեւոնի հետ միասին, տարհանման ժամանակ մինչեւ «9-րդ կիլոմետր» կոչվող տեղանք հասնելը ոչ մի սանիտարական կորուստ չեմ ունեցել»։ Զորքը նահանջել է մինչեւ «9-րդ կմ» կոչվող տեղանք Երբ Հայկազ Գրիգորյանի ղեկավարած անձնակազմը հասել է «9-րդ կմ» կոչվող տեղանք, այնտեղ իրենց դիմավորել է գնդի հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալ Մկրտչյանը, զրուցել է անձնակազմի հետ, եւ, տեսնելով նրանց բարոյահոգեբանական վիճակը, 2 դասակ Հայկազ Գրիգորյանի հետ միասին տարել է Արա լեռ կոչվող տարածք, մեկ դասակ էլ ուղեկցել Առաքյուլ կոչվող գյուղի դպրոցի նկուղ։ Անձնակազմն իրեն կարգի է բերել, սնվել, ինչից հետո գնդի հրամանատարի հրամանով անձնակազմը մեկնել է Հադրութի զորամաս։ Այնտեղ մնացել են 2-օր, հետո զորամասը հրետանակոծվել է։ Զորքը տեղափոխվել է Հադրութի դպրոց, որտեղ էլ մնացել է մինչեւ հոկտեմբերի 8-ը։  Հադրութի դպրոցում ՊԲ հրամանատարի հրամանով գումարտակի հրամանատար Գարիկ Վարդերեսյանն ազատվել է պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել Իշխան Վահանյանը, իսկ Հայկազ Գրիգորյանը նշանակվել է գումարտակի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ։ Վաշտի հրամանատար, ըստ Գրիգորյանի, նշանակվել է Գ․ Հարությունյանը։ «Բացի այդ, ցանկանում եմ նշել, որ Խոռհատ սարից շրջափակումից դուրս եմ բերել անձնակազմը Վազգեն Վարդանյանի հետ, այդ գործողությունների ժամանակ նույնիսկ հրամանատարներից ոչ ոքի հետ կապ չկար, անձնակազմը գնդի հրամանատարի հրամանով տեղափոխել եմ Սարուշեն կոչվող վայր, որտեղ անձնակազմը հանգստանում էր»,- ասել է Հայկազ Գրիգորյանը՝ նշելով, որ այնտեղ գումարտակի հրամանատար է նշանակվել մայոր Տ․ Թովմասյանը։ Հոկտեմբերի 14-ից մինչեւ պատերազմի ավարտը, Հայկազ Գրիգորյանի խոսքով, ինքը գնդի հրամանատարի հրամանով մասնակցել է մարտական գործողություններին տարբեր ուղություններով՝ Կարմիր Շուկա, Ֆիզուլի, Դրախտիկ, Շեյխեր, Մարտունի 2 եւ այլ ուղղություններում, պահեստազորայինների հետ միասին։ Պատերազմից հետո Հայկազ Գրիգորյանը նշանակվել է գումարտակի հրամանատարի տեղակալ Տավուշում Արդեն պատերազմից հետո՝ 2021 թվականին, գումարտակը վերաբաշխվել է մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների միջեւ, Հայկազ Գրիգորյանը մնացել է կադրերի տրամադրության տակ։ Ըստ Գրիգորյանի՝ իրեն առաջարկել են գումարտակի հրամանատարի պաշտոն, սակայն հրաժարվել է՝ խնդրելով նշանակել հետագա ծառայության այլ զորամասում։ Եկել է Հայաստան եւ նշանակվել N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ․ «Լավ ծառայության համար Գլխավոր շտաբի պետի հրամանով տեղափոխվել եմ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման կենտրոնի ՕԿԲ սպա պաշտոնին»։ Ավարտելով ցուցմունքը Հայկազ Գրիգորյանը հայտարարել է․ «Պատերազմի առաջին օրից մինչեւ ավարտը մեկ րոպե անգամ չեմ մտածել փախնելու մասին, իմ պարտականությունները չկատարելու մասին կամ անբարեխիղճ կատարելու մասին, նույնիսկ նման տրամադրություն չի եղել մեզ մոտ։ Ստեղծված իրադրությունն է ինձ ստիպել նման քայլի գնալ։ Իմ գործողության հետեւանքով ես փրկել եմ իմ անձնակազմի կյանքը։ Զորամասի հրամանատարն այստեղ ցուցմուքն տալիս նշեց, որ եթե ես մի քանի ժամ սպասեի, միասին էինք նահանջելու։ Սա նշանակում է, որ այդ հատվածում ընդհանուր տրամադրվածությունն այդպիսին է եղել»։ Հայկազ Գրիգորյանը իր մասին տվյալներ է ներկայացրել դատարանում Հայկազ Արթուրի Գրիգորյանը ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 16-ին Երեւանում։ Ավարտել է Երեւանի թիվ 106 միջնակարգ դպրոցը, ընդունվել է Նորայր Աճեմյանի անվան առեւտրի եւ սպասարկման պետական քոլեջը՝ ստանալով աուդիտ եւ հաշվապահություն մասնագիտությունը։ 2009 թվականին զորակոչվել է Զինված ուժեր՝ որպես պարտադիր ժամկետային զինծառայող։ 2009թ «Արմավիր» ուսումնական կենտրոնում անցել է 6-ամսյա ուսումնական դասնըթացները եւ կրտսեր սերժանտ զինվորական կոչումով մեկնել Սիսիանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամաս՝ որպես ջոկի հրամանատար, ծանր զենքի դասակի հրամանատարի տեղակալ։ Դատարանում Գրիգորյանը հայտնել է, որ Սիսիսանի ողջ սահմանագծում անընդմեջ կատարել է մարտական հերթապահություն․ «Սպայի մասնագիտությունը եւ հայրենիքի պաշտպան լինելը իմ երազանքն էր, եւ ես, 2011թ․ տալով համապատասխան քննությունները, ընդունվել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ՝ որպես կուրսանտ։ Այնտեղ սովորելով 4 տարի, ստանալով լետենանտ զինվորական կոչում եւ մոտոհրաձգային ստորաբարանումների ղեկավարում եւ կառավարում բակալավրի աստիճան լավ գնահատականներով, բազմիցս խրարուսանքներ եմ ստացել։ 2015 թվականին իմ կամքով մեկնել եմ Արցախի Հանրապետություն,  Ջրականում տեղակայված զորամաս՝ որպես դասակի հրամանատար, 4 ՀԳՄ 10 ՀՎ 2 ՀԴ։ Այնտեղ բազմիցս արժանացել եմ պարգեւների՝ լավագույն հենակետի պատասխանատու»։ Հայկազ Գրիգորյանը մասնակցել է 2016 թվականին 4-օրյա մարտական գործողություններին։ Նա դատարնում պատմել է, որ իրենց հենակետի ուժերով եւ միջոցներով խոցել են հակառակորդի ուղղաթիռը, որում եղել է հակառակորդի գեներալի որդին․ «2 ամիս եւ ավելի պահել եւ պաշտպանել ենք մարտական դիրքը հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցումից, քանի որ կարեւոր դի կար մեզ մոտ ուղղաթիռում։ Այդ ամենից հետո եղել եմ գնդի լավագույն զինծառայողը եւ հենակետի ավագը, վաղաժամկետ ստացել եմ ավագ լետենանտ զինվորական կոչում»։ Այնուհետեւ 2019 թվականին Հայկազ Գրիգորյանը նշանակվել է ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար․ «2019 թվականին, վաշտիս հետ միասին հանձնելով Գլխավոր ռազմական տեսչության քննությունները լավ գնահատականներով, արժանացել եմ լավագույն վաշտի հրամանատար դիվիզիայի մասշտաբով, որի համար ունեմ պատվոգրեր։ Նույնիսկ գնդի պատվո տախտակին փակցված էր իմ լուսանկարը։ Բազմիցս խրախուսվել եմ պատվոգրերով եւ դրամական խրախուսանքներով, թանկարժեք նվերներով։ Ուսումնական գումարտակում լինելով լավագույն վաշտի հրամանատար՝ բազմիցս եղել եմ գումարտակի պատասխանատու, վերադասի կողմից նշանակված նույնիսկ բազմիցս եղել եմ Ջրականի զորամասի հերթապահ։ Դիվիզիայի մասշտաբով մասնակցել եմ ջոկի հրամանատարների պատրաստման գործնթացին»։ Ջրականի զորամասի 1-ին գումարտակի հրամանատարի ու նրա տեղակալի հարցաքննությունը կարող եք կարդալ այստեղ՝ Զորամասի հրամանատարի խոսքով՝ Հայկազ Գրիգորյանին նահանջի հրաման չի տրվել։ Հայկազ Գրիգորյանի վաշտի զինծառայող Արման Արմաղանյանի հարցաքննությունն՝ այստեղ՝ Եթե չնահանջեինք, այդտեղ էլ կզոհվեինք։ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանի հարցաքննությունն՝ այստեղ՝ 4 սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը։ Հիշեցնենք, մայոր Հայկազ Գրիգորյանը կալանավորվել էր 2024թ․ հունիսին, նրա խափանման միջոցը տնային կալանքով եւ գրավով է փոխարինվել 2024-ի նոյեմբերին։  Ի հավելումն նշենք, որ «Ինֆոքոմը» հնարավորություն չի ունեցել ներկա գտնվել այն նիստին, որի ժամանակ ցուցմունք է տվել մեղադրյալ Հայկազ Գրիգորյանը։ Հաշվի առնելով, որ «Ինֆոքոմը» լուսաբանել է գործով որպես վկա ներգրավված անձանց ցուցմունքները եւ բազմակողմանի ու համաչափ լուսաբանման կարեւորությունը, դիմել էինք Հակակոռուպցիոն դատարանին՝ խնդրելով տրամադրել նշված օրվա նիստի ձայնագրությունը։ Դատարանը, սակայն, չի տրամադրել այն՝ նշելով, որ նյութերը դատավարության մասնակիցներին կարող են տրամադրվել դատաքննության ավարտից եւ դրանց արխիվացումից հետո։ «Ինֆոքոմը» Հայկազ Գրիգորյանի համաձայնությամբ նրա պաշտպան Նորայր Նորիկյանից ստացել է մեղադրյալի ցուցմունքը։ Դատարանում ցուցմունք տալուց հետո Հայկազ Գրիգորյանը համաձայնել է պատասխանել նաեւ կողմերի հարցերին, սակայն դրանք այս հրապարակման մեջ չենք կարող ներկայացնել նիստի ձայնագրությունը չունենալու պատճառով։ Հայարփի Բաղդասարյան
21:46 - 11 փետրվարի, 2025
Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Գրեթե 1․5 տարվա կալանքից հետո փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանն ազատ կարձակվի։ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, այսօր որոշեց նրա նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը՝ երկրից բացակայելու արգելքի հետ համակցությամբ․ «Ես իրապես հավատում եմ, որ Դուք պատշաճ վարքագիծ կդրսեւորեք, եւ որ ես որեւէ օր չեմ մտնի այս դահլիճ այն գիտակցումով, որ ինձ խաբել եք»,– ասաց դատավորը։ – Չի լինի տենց բան, պարո՛ն դատավոր,– արձագանքեց Գաբրիելյանը՝ թաց աչքերով շնորհակալություն հայտնելով։ Դատավոր Վարդգես Սարգսյանը Հովիկ Գաբրիելյանը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցրել է ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարի պաշտոնը, մեղադրվում է ռազմական դրության պայմաններում պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչի հետեւանքով նրան վստահված բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ արձանագրվել են անձնակազմի եւ տեխնիկայի կորուստներ։ Օրերս՝ փետրվարի 16-ին, լրանալու է նրա կալանավորման ժամկետը, ինչով պայմանավորված էլ դատարանը քննության առարկա դարձրեց խափանման միջոցի հարցը։ Գաբրիելյանը կալանքի տակ է 2023 թ․ հոկտեմբեր ամսից եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ դատախազի՝ դեռեւս առկա է վկաների վրա ազդեցություն գործադրելու եւ թաքնվելու ռիսկը Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը (փոխարինում է արդեն նախկին դատախազ Գրիգոր Մղդեսյանին,–հեղ․) դատարանին միջնորդեց եւս երեք ամսով երկարաձգել Գաբրիելյանի կալանավորումը՝ պատճառաբանությամբ, որ որեւէ այլ խափանման միջոց չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանը Դավիթ Նավասարդյանի համոզմամբ՝ շարունակում է առկա լինել Գաբրիելյանի կողմից վարույթի ընթացքին խոչընդոտելու, մասնավորապես, վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու եւ թաքնվելու ռիսկը․ «Գաբրիելյանն իրեն մեղսագրված արարքը կատարել է ի պաշտոնե եւ ունի պաշտոնի բերումով պայմանավորված կապեր ու ազդեցություն, ինչը էապես բարձրացնում է ռիկսը առ այն, որ ազատության մեջ մնալով՝ մեղադրյալը չի կատարի օրենքով իր վրա դրած պարտավորությունները։ Մասնավորապես, կխոչընդոտի վարույթի ընթացքին, ապօրինի կմիջամտի ապացուցման գործընթացին, անօրինական ազդեցություն կգործադրի դատավարությանը մասնակցող անձանց, այդ թվում՝ իր հետ ծառայողական հարաբերություններ, այդ թվում՝ նախկինում ենթակա անձնակազմի վրա»,– նշեց նա։ Հանրային մեղադրողը ընդգծեց նաեւ, որ ենթադրյալ արարքը Գաբրիելյանը կատարել է հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ այն ժամանակ, երբ նրա մասնագիտական փորձն ու կարողությունները խիստ անհրաժեշտ են եղել ռազմական գործողությունների ընթացքում հայկական զինված ուժերի առջեւ ծառացած մարտական խնդիրները արդյունավետ եւ հաջողությամբ իրականացնելու համար․ «Սա Էլ ավելի է բարձրացնում արարքի հանրային վտանգավորությունը եւ հանրային պարսավանքը, հետեւաբար նաեւ՝ ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու ողջամիտ հավանականությունը»,– նշեց մեղադրողը։ Ըստ պաշտպանի՝ Գաբրիելյանը ոչ մի վկայի հետ ոչ կապ ունի, ոչ էլ ունեցել է  Պաշտպան Վրեժ Խաչիկյանը հակադարձեց՝ չկա եւ չէր էլ կարող լինել որեւէ փաստական հանգամանք, որ ազատության մեջ մնալով՝ Գաբրիելյանը անօրինական վարքագիծ է դրսեւորել։ Նա շեշտեց՝ դատակոչի ցուցակում ներառված է 37 վկա, որից 14-ն է ականատես։ Այդ 14-ից միայն 4-ն է Գաբրիելյանին ենթակա, որոնցից 2-ն արդեն հարցաքննվել են, մյուսների հետ էլ Գաբրիելյանը կապ չի ունեցել եւ առ այսօր չունի։ Ձախից՝ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը Պաշտպանը ուշադրություն հրավիրեց անձը բնութագրող հանգամանքների վրա․ «Մի անձնավորություն, որը պատերազմին է մասնակցել եւ իր զինվորների կյանքը փրկել, որը «T90» տանկը շահելու եւ ՀՀ բերելու մեջ մեծ դերակատարում է ունեցել, նախկինում որեւէ հանցանք չի կատարել, ունեցել է միայն պարգեւներ եւ խրախուսանքներ, կորպուսի հրամանատարի խնդրանքով թոշակի անցնելուց հետո վերադարձել է, ստանձնել զորամասի հրամանատարի պաշտոնը․․․ Այս ամենը գցենք ջուրը, ասենք՝ չէ, քանի որ մեղադրվում է, պետք է նստած մնա, մինչեւ գործը կվերջանա՞»,– ասաց պաշտպանը։ Վրեժ Խաչիկյանը հիշեցրեց այն հանգամանքը, որ որոշ զինծառայողների զոհվելու օրերը չեն համընկնում մեղադրանքում նկարագրված դեպքի հետ, թեեւ նրանց անունները առկա են գործի նյութերում․ «Ենթադրենք՝ եկավ մի պահ, ճշմարտությունը բացահայտվեց, ենթադրենք՝ արդարացվեց, ճիշտ է, պետությունն ասում է՝ անձը ռեաբիլիտացիայի (արդարացված մեղադրյալին տրվող հատուցում,–հեղ․) իրավունք ունի, բա այս մարդու ապրումնե՞րը որպես փախստական, որպես երկու զավակների հայր, որպես հիվանդ մոր որդի․․․ Ոչ տուն ունի, ոչ տեղ ունի, քոչվոր փախստական, էս մարդու վիճակը ո՞նց պիտի լինի․․․ Ինչքան երկար պահենք, էս անձը գնա, վատանա, հետագայում, Աստված չանի, մի բան պատահի, կարա՞նք ռեաբիլիտացիայի հնարվորություն տանք։ Ինչո՞ւ այլ խափանման միջոցներ, օրինակ, տնային կալանքը, չեն կարող հիմա ապահովել պատշաճ վարքագիծը, ինչո՞ւ վերջապես հնարավորություն չտալ Արցախից գաղթելուց հետո շփվել ընտանիքի անդամների հետ եւ տան մեջ գտնվելով՝ մի օգտակար բան անել»,– նշեց Խաչիկյանը՝ միջնորդելով կիրառել այլընտրանքային խափանման  միջոցներ։ Դատարանը հաշվի առավ, որ 1 տարվա ընթացքում հնարավոր է եղել հարցաքննել ընդամենը 6 վկայի Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը որոշեց մերժել մեղադրողի միջնորդությունն ու բավարարել պաշտպանի միջնորդությունը․ «Ես հաշվի եմ առնում այն հանգամանքը, որ այս մեկ տարվա ընթացքում հնարավոր ամենաարագ տեմպերով նիստեր ենք նշանակել, բայց 37 վկաներից հարցաքննել ենք ընդամենը 6-ին, հիմա եթե սա բազմապատկում ենք, ստացվում է՝ առնվազն 6 տարի պիտի ծախսենք, որ վկաների հարցաքննությունն ավարտենք․․․ Եթե իմանամ, որ Դուք ինձ չեք վստահում, իմ իրականացրած արդարադատությանը չեք վստահում, խնդրում եմ՝ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեք, քննարկենք։ Բայց եթե Դուք վստահում եք, կարծում եմ՝ ես այդ մթնոլորտը չեմ ստեղծել, որ մտածեք՝ ով գա, այստեղ ինչ խոսի, անվերապահորեն հավատամ, ընդհակառակը, ես ինտնենսիվորեն, քրեադատավարական ողջ գործիքակազմի կիրառմամբ քննություն եմ իրականացնում, որովհետեւ ի վերջո, 15 զինծառայողների մահվան մեջ Ձեր մեղավորությունը կամ անմեղությունը հաստատելու պատասխանատվությունն իմ ուսերին է։ Եթե պաշտպան Խաչիկյանն ու մեղադրող Նավասարդյանը սխալվելու հնարավորություն ունեն, ես դա չունեմ, դրա պատասխանը ես եմ տալու իմ կայացրած ակտով, հետեւաբար, ես իրապես ուզում եմ հավատալ, որ որեւէ օր ինձ խաբված չեմ զգա»,– դիմելով մեղադրյալին՝ ասաց դատավորը։ Նա միաժամանակ որոշեց Գաբրիելյանին արգելել ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձեւերից, այդ թվում՝  փոստային առաքանուց։ Արգելեց նաեւ  ընտանիքի անդամներից եւ պաշտպանից բացի այլ անձանց հետ շփում ունենալ։ Տնային կալանքը կիրառվելու է փետրվարի 16-ից եւ ուժի մեջ է լինելու 3 ամիս։  Վկա Արմենակ Վիրաբյանը Հովիկ Գաբրիելյանին չէր ճանաչում Այսօրվա նիստի ընթացքում հարցաքննվեց նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ հատուկ նշանակության բրիգադի 1-ին ջոկատի հրամանատարի տեղակալ Արմենակ Վիրաբյանը։ Հատուկ նշանակության բրիգադը այն ստորաբաժանումն է, որի ուղղությունը Գաբրիելյանի ենթադրյալ չթույլատրված նահանջի պատճառով մնացել է անպաշտպան, եւ հակառակորդը կարողացել է անարգել շրջանցել թիկունք։ Վիրաբյանը, սակայն, ներկաներից ոչ ոքի, այդ թվում՝ Գաբրիելյանին, չէր ճանաչում, նաեւ տեղյակ չէր, թե ինչ գործով է կանչվել դատարան, քանի որ նախկինում քննիչի մոտ տարբեր դեպքերի շուրջ է հարցաքննվել։ Վկա Արմենակ Վիրաբյանը Դատարանը նրան պարզաբանեց՝ սույն գործը վերաբերում է 2020 թ․ հոկտեմբերի 4-5-ի իրադարձություններին եւ  մասնավորապես Ջրականից դեպի Հադրութ իրականացրած նահանջին։ Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին՝ վկա Արմենակ Վիրաբյանը պատմեց, որ հոկտեմբերի 3-ին իր ջոկատը տեղակայվել է Ջրականի պաշտպանական բնագծում, ինքը նրանց է միացել հոկտեմբերի 4-ին։ Ասաց՝ խոսակցություններից գիտեին, որ իրենք են առաջնագիծը, հակառակորդի հնարավոր հարձակման դեպքում պետք է նրանց «դիմավորեին»։ Տեղանքում նախկինում թերի փորված, անմխիթար խրամատներ էին։ Ըստ վկայի՝ իրենից աջ տեղակայվել է իրենց բրիգադի երկրորդ ջոկատը, իսկ թե ովքեր են եղել իրենցից ձախ, չգիտեր, բայց ռադիոկապով լսել էր, որ այնտեղ եւս հայկական ստորաբաժանում է։ Նշենք, որ խոսքը հենց Գաբրիելյանի ստորաբաժանման մասին է։ Ըստ վկայի՝ հոկտեմբերի 5-ին ճակատային գրոհ չի եղել Առաջին հարձակումը եղել է հենց հոկտեմբերի 4-ին, որին հաջորդել է հարաբերական անդորր։ Գիշերը, ըստ վկայի, իրենց ուղղությամբ չի եղել, միայն՝ ձախ թեւի ուղղությամբ՝ մի քանի կմ հեռու։ Մարտերը վերսկսվել են հոկտեմբերի 5-ի կեսօրին․ «Ճակատային գրոհ չի եղել, ձախ կողմից շրջափակում է եղել, որը ընդհատվել է մեր կողմից․․․ Աջ հատվածում էլ մարտեր էին ընթանում, կրակոցի ձայներ կային․․․ Ընթացքում, երբ տեղեկություններ են ստացվել, որ շրջափակման մեջ ենք, վերադաս հրամանատարությունը որոշում է կայացրել՝ քաշվենք աջ, միանանք հարեւան ջոկին»։ Մեղադրողի հարցին՝ ձախակողմյան ստորաբաժանումից ի՞նչ տեղեկություն ունեին, չէ՞ որ այնտեղ էլ էր հայկական զինված ուժերը, վկան պատասխանեց, որ տեղեկություն չունեին, նրանց հետ անձամբ կապի մեջ չի եղել, իր ռադիոկապը միայն ջոկի ներսում եւ հրամանատարության հետ էր։ Իրենց ջոկատի հրամանատար Կարեն Բաբայանը եւս, ըստ ամենայնի, ձախ թեւի հետ կապ չի ունեցել։ Պաշտպան Վրեժ Խաչիկյանի հարցին՝ այդ դեպքում համագործակցությունը աջ կամ ձախ թեւի հետ ինչպե՞ս էր կազմակերպվում, վկան պատասխանեց․ «Վերադաս հրամանատարության միջոցով, ես չեմ ունեցել»։ Վերադաս հրամանատարությունը ունեցել է անմիջական կապ թե ոչ՝ վկան չգիտեր։ Հարցին՝ աջ կողմում տեսե՞լ են հակառակորդի, վկան պատասխանեց, որ անձամբ չէ, բայց խոսակցություններից է այդպես հասկացել, որ այնտեղ եւս շրջափակման վիճակ էր․ «Գնացինք աջ, որտեղ մեր երկրորդ ջոկատն էր, որը շրջափակումից դուրս էր, ժամը 3-5-ի հատվածում նրանց հետ դուրս եկանք, շարժվեցինք ձորակներով դեպի Ջրականի զորամասի մշտական տեղակայման վայր, որտեղ Մեղրիի զորամասն էլ էր։ Այդ ընթացքում հակառակորդի հետ հրաձգային, նաեւ հրետանային զենքերով ճնշում կար, նաեւ անձամբ մարտ ենք ունեցել»։ Մեղադրողը նկատեց՝ նախաքննության ժամանակ վկան նշել էր, որ շրջափակման վտանգը միայն ձախակողմյան հատվածից էր, իսկ այժմ նշեց նաեւ աջակողմյան հատվածը։ Վկան պարզաբանեց՝ դա իրադրության գնահատման արդյունքում իր անձնական եզրահանգումն է, նաեւ հետագա խոսակցություններից է այդպես հասկացել։ Հարցին, թե ինչու որոշվեց քաշվել աջ, այլ ոչ թե մարտ վարել, ինչպես նախորդ օրը, վկան դժվարացավ հստակ պատասխանել, ասաց՝ դա հրամանատարության ցուցումն է եղել․ « Նրանք ավելի լավ են տեղեկացված եղել ռազմաճակատի իրավիճակի, շրջանցող ուժերի խմբաքանակի ուժերի մասին, կարող եմ ենթադրել, որ շրջափակման մեջ չթողնելու համար որոշվել է աջ քաշվել, երկու ստորաբաժանման կազմով շրջափակումից դուրս գալ»։ Պաշտպան Վրեժ Խաչիկյանը հիշեցրեց՝ իրենցից ձախ գտնվում էր Գաբրիելյանի տանկային ստորաբաժանումը, որը, սակայն, տանկեր չի ունեցել։ Այդ պայմաններում այդ ստորաբաժանումը կարո՞ղ էր կանխարգելել, օգնություն ցուցաբերել իրենց։ Վկան, սակայն, ասաց՝ այդ հարցին պատասխանել չի կարող։  Նա դժվարացավ հստակ պատասխանել նաեւ այն հարցին՝ արդյո՞ք հրաձգության արդյունքում կոնկրետ տեխնիկա վնասվել է թե ոչ․ «Որ կոնկրետ փամփուշտ մտնի տեխնիկայի մեջ, դա չեմ կարող ասել, բայց մենք հրաձգային մարտի բռնվել ենք, եթե բռնված չլինեինք, նշանակում է՝ անիմաստ էինք այնտեղ»։ Արմեն Վիրաբյանի խոսքով՝ այն ժամանակ, երբ իրենք նահանջել են Ջրական, այնտեղ արդեն հակառակորդի 10-12-հոգանոց խումբ է եղել, որին ոչնչացրել են։ Թե ինչու են նահանջել հենց այդ ուղղությամբ, վկան տեղյակ չէր, ասաց՝ դա եւս վերադաս հրամանատարների ցուցումն էր։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 24-ին։   Միլենա Խաչիկյան  
22:26 - 10 փետրվարի, 2025
Շուրջ 135 միլիոն դրամի գնում՝ համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերությունից․ Գավառ համայնքի գնումները

Շուրջ 135 միլիոն դրամի գնում՝ համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերությունից․ Գավառ համայնքի գնումները

Գավառի համայնքապետարանը և համայնքապետարանի ենթակայությամբ աշխատող «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը  2020-2024 թվականներին շուրջ 135 միլիոն դրամի գնում են կատարել Գավառի համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերությունից։ Գնումներ են կատարվել նաև համայնքապետարանի այլ աշխատակիցների ընտանիքներին պատկանող ընկերություններից։    2024 թվականին Գավառի համայնքապետարանը «Գավառտրանս» ընկերությունից գնել է շուրջ 1.5 մլն դրամի սեղմված բնական գազ։ Մեկ այլ պայմանագրով ընկերությունը համայնքապետարանին մատուցել է ուղևորափոխադրման ծառայություններ։ Գնման ընթացակարգին մասնակցել է միայն «Գավառտրանսը»։ 2024 թվականին մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների համար ընկերությունը համայնքապետարանից ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 9 մլն դրամ։ Գուրգեն Մարտիրոսյանը Արա Զոլյանի հետ «Գավառտրանս» ընկերությունը համահիմնադրել է 2003 թվականին։ Մարտիրոսյանը 2005 թվականին առաջին անգամ ընտրվել է Գավառ համայնքի ղեկավար։ Համայնքապետի պաշտոնը ստանձնելուց երեք տարի անց նա դուրս է եկել ընկերությունից՝ իր 50% բաժնեմասը փոխանցելով հորը՝ Երվանդ Մարտիրոսյանին։ Այժմ ընկերության բաժնեմասերի մեծ մասի սեփականատերերն են Մարտիրոսյանի հարազատներն ու նրա հետ քաղաքական հարաբերություններ ունեցող մեկ անձ. հայրը՝ Երվանդ Մարտիրոսյանը (10% բաժնեմաս), անչափահաս որդին՝ Նարեկ Մարտիրոսյանը (10 % բաժնեմաս), որդին՝  Յուրի Մարտիրոսյանը (10 % բաժնեմաս), քույրը՝ Նարինե Մարտիրոսյանը (10% բաժնեմաս) և վերջինիս որդին՝ Գևորգ Հասասյանը (10% բաժնեմաս)։ Իսկ ամենամեծ՝ 31% բաժնեմասը պատկանում է Գավառ համայնքի կառավարող «Գուրգեն Մարտիրոսյան դաշինք» խմբակցության ավագանու անդամ Հրայր Գուլաբյանին, որը նաև ընկերության տնօրենն է։ Եվս 19% բաժնեմաս ունի ընկերության համահիմնադիր Արա Զոլյանը։ Այսպիսով՝ ընկերության բաժնեմասերի կեսը պատկանում է Մարտիրոսյանների ընտանիքին։ Համայնքի ղեկավարին փոխկապակցված ընկերությունը գնումների մրցույթներում հաղթել է նաև նախորդ տարիներին  Գավառի համայնքապետարանի՝ մեր հարցմանն ի պատասխան տրամադրած տվյալների համաձայն՝ համայնքապետարանը «Գավառտրանս» ընկերության հետ 2020-2024 թթ․ ընթացքում կնքել է ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալության ծառայությունների մատուցման 5  և սեղմված բնական գազի  ձեռքբերման 3 պայմանագիր։ Եվս 15 պայմանագիր համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքել է Գավառ համայնքին պատկանող «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը՝ սեղմված բնական գազ և աղբարկղեր մատակարարելու համար։ Այս պայմանագրերի շրջանակում կատարված գնումների ընդհանուր գինը կազմում է 135 մլն դրամ։ Թեև այս գնումների մրցույթներից որևէ մեկը «Մեկ անձից» գնման ընթացակարգով չի անցկացվել, կարևոր է նշել, որ 23 մրցույթներից 17-ում միակ մասնակիցը եղել է «Գավառտրանս» ընկերությունը։ Համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը շահերի բախում չի տեսնում Մեր հարցմանն ի պատասխան՝ Գուրգեն Մարտիրոսյանը նշեց, որ այս իրավիճակում շահերի բախում չկա, քանի որ իր մասնավոր շահը չի ազդել պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։   «Պայմանագրերը կնքվել են գնահատող հանձնաժողովի որոշումների հիման վրա, այլ ոչ թե իմ պաշտոնեական պարտականությունների ոչ անաչառ կամ ոչ օբյեկտիվ կատարմամբ, իսկ պայմանագրի արդյունքն ընդունել է պատասխանատու ստորաբաժանումը՝ փաստացի մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայությունների համար»,- նշել է համայնքապետը: Մարտիրոսյանը խնդրահարույց չի համարում նաև այն, որ համայնքային գնումներում ընդհանուր շուրջ 135 մլն դրամի պայմանագիր կնքած ընկերությունում բաժնեմաս ունի Գավառ համայնքի ավագանու անդամ Հրայր Գուլաբյանը։ Մարտիրոսյանի խոսքով ավագանու անդամին չի արգելվում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ այդ թվում մասնակցելով գնման գործընթացներին։  «Գավառտրանս» ընկերությունից կատարված գնումներից 20-ն իրականացվել է «Գնանշման հարցում» ընթացակարգով։ Թեպետ գնանշման բոլոր 20 հարցումներին էլ դիմող միակ մասնակիցը եղել է «Գավառտրանսը», Մարտիրոսյանը պնդում է, թե գնանշման հարցումը և բաց մրցույթը ձևականորեն չեն տարբերվում իրարից՝ բացառությամբ գնման առարկայի գնի և հայտերի բացման ժամկետների։ Նա կարծում է, որ գնման այս ձևը չի պարունակում որևէ կոռուպցիոն ռիսկ և ոչ թափանցիկություն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման մասին նախկինում իր կայացրած որոշումներում արձանագրել է, որ որևէ ձևով դրսևորված փոխկապակցվածության դեպքում տվյալ պաշտոնյան մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը պարտավոր է շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողովին գրավոր հայտարարություն ներկայացնել:  Այս պարագայում Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը պետք է համայնքային գնումներում իր ընտանիքն պատկանող ընկերության մասնակցության, այսինքն՝ համայնքային գնումներում իր ընտանիքն պատկանող ընկերության մասնակցության, այսինքն՝ շահերի բախման իրավիճակի վերաբերյալ 10-օրյա ժամկետում գրավոր ծանուցեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ինչը չի արել։ Ըստ Հանրային ծառայության մասին օրենքի՝ շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա: Մասնավոր շահը ենթադրում է որևէ արտոնություն պաշտոնատար անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց, կազմակերպություններին, որոնց հետ կան գործնական, անձնական, քաղաքական հարաբերություններ։  Պատասխանելով մեր հարցին, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվե՞լ է արդյոք գրավոր հայտարարություն շահերի բախման իրավիճակի առաջացման վերաբերյալ, Մարտիրոսյանը նշել է․ «Քանի որ իմ լիազորությունների շրջանակներում գործողություն կատարելը գնման ընթացակարգի արդյունքում գնահատող հանձնաժողովի կողմից ընդունած որոշման հիման վրա է եղել, արդեն իսկ կնքվելիք պայմանագրի հաստատումը չեմ համարել շահերի բախման իրավիճակի առաջացում»։ Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելն առաջացնում է 300 000 դրամ տուգանք։ «Ինֆոքոմի» մեկ այլ համանման հրապարակման հիման վրա, օրինակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերջերս վարչական տույժի է ենթարկել Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանին։   Մարտիրոսյանի չի հայտարարագրել հոր և որդիների մասնակցությունն ընկերություններում  Եկամուտներից, ծախսերից ու գույքից բացի՝ պաշտոնատար անձը պետք է հայտարարագրի նաև իր և իր ընտանիքի անդամների մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Մարտիրոսյանի հայտարարագրում, սակայն, արտացոլված չէ հոր և որդիների մասնակցությունը «Գավառտրանս» ընկերությունում։ Ընդ որում՝ համայնքապետի հայրը՝ Երվանդ Մարտիրոսյանը, մասնաբաժիններ ունի այլ ընկերություններում ևս։ Երվանդ Մարտիրոսյանը 2010 թ․ հիմնադրել է «Երյունա» ՍՊԸ-ն, որն արդյունահանում է գեղազարդային և շինարարական քարեր։ Երվան Մարտիրոսյանը 2019-ին էլ  հիմնադրել է «Կարանտին» ընկերությունը։ Այս ընկերություններում Երվանդ Մարտիրոսյանի մասնակցությունը ևս Գուրգեն Մարտիրոսյանը չի հայտարարագրել։   Գավառի համայնքապետարանը գնումներ է կատարել նաև համայնքային այլ պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից Գավառի համայնքապետարանը 2022-2024 թվականներին ընդհանուր 218 մլն դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների իրականացման 7 պայմանագիր է կնքել «Ֆավորիտ-Մ» ընկերության հետ։ «Ֆավորիտ-Մ» ընկերությունը 2017 թ․ հիմնադրել է համայնքի ղեկավարի ներկայիս տեղակալ Մուրադ Մովսիսյանը։ Ընկերության սեփականատերն այժմ Մովսիսյանի հայրն է՝ Սամվել Մովսիսյանը։ Իրավաբանական անձնանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերության գրանցման հասցեն համընկնում է Մուրադ Մովսիսյանի գրանցման հասցեի հետ։  Մուրադ Մովսիսյանը մեր զրույցում ասաց, որ բոլոր գնումներն իրականացվել են էլեկտրոնային եղանակով, և ինքը որևէ ազդեցություն ունենալ չէր կարող։ Հարցին՝ գնահատող հանձնաժողովի անդամների վրա չէ՞ր կարող ազդել արդյոք այն հանգամանքը, որ մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած ընկերություններից մեկը պատկանում է իրենց վերադասի հորը, Մուրադյանը պատասխանեց՝ որևէ ուղղորդում չի արել հօգուտ հոր ընկերության որոշումներ կայացնելու նպատակով։  «Ես նման իրավունք չունեմ և ինձ թույլ էլ չեմ տա։ Մասնակցող ընկերությունները մասնակցել են նաև մինչև 2022 թվականը, և ի վերջո, եթե որևէ անօրեն գործողություն նկատեին, կբողոքարկեին․ օրենքը դրա հնարավորությունը տալիս է։ Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Մուրադյանը։  Կառավարող խմբացկությունից ավագանու անդամ Ալիկ Մարտիրոսյանի եղբոր՝ Ավետիք Մարտիրոսյանի ընկերությունը՝ «Արմավ-700»-ը, 2022 թ․ համայնքի հետ կնքել է 3 մլն դրամի պայմանագիր՝ մատուցելով շների ստերիլիզացման ծառայություններ։ Այսպիսով, 2020-2024 թվականներին Գավառ համայնքը ավելի քան 350 միլիոն դրամի գնում է կատարել համայնքային պաշտոնյաների ընտանիքների անդամների ընկերություններից։ Ավելին՝ համայնքապետը չի հայտարարագրել իր ընտանիքի անդամների մասնակցությունը գնումներին մասնակցած առևտրային կազմակերպությունում։ Լիլիթ Գրիգորյան 
19:38 - 07 փետրվարի, 2025
«Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա ԿԿՀ-ն Ստեփանավանի համայնքապետի նկատմամբ կիրառել է վարչական տույժ

«Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա ԿԿՀ-ն Ստեփանավանի համայնքապետի նկատմամբ կիրառել է վարչական տույժ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանին՝ հիմնվելով  «Ինֆոքոմի» հրապարակմամբ բացահայտված՝ համայնքային գնումներում շահերի բախման դեպքերի ուսումնասիրության վրա։  «Ինֆոքոմը» ուսումնասիրել էր 2022 և 2023 թվականներին Ստեփանավան համայնքի կատարած գնումները և արձանագրել, որ Ստեփանավանի համայնքապետարանի գնումների շուրջ 70%-ն իրականացվում է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով, իսկ համայնքային պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների ընկերությունները պարբերաբար հաղթում են համայնքային գնումներում։  Առավել ուշագրավ էր այն դեպքը, երբ համայնքապետարանը շուրջ 50 մլն դրամի պայմանագիր էր կնքել Քաղաքաշինության բաժնի նախկին պետ, այժմ համայնքապետի օգնական Լևոն Քալանթարյանի եղբոր ընկերության հետ՝ բազմաբնակարան շենքում էներգաարդյունավետ արդիականացման աշխատանքների իրականացման համար։ Այդ աշխատանքների տեխնիկական հսկողության իրականացումն էլ պատվիրակվել էր Լևոն Քալանթարյանի որդու ընկերությանը։  Նույն ժամանակահատվածում համայնքապետարանը պայմանագրեր էր կնքել նաև համայնքի ղեկավարի տեղակալի, ավագանու անդամներից մեկի կնոջ և ավագանու մեկ այլ անդամի ընկերությունների հետ։  Հանձնաժողովը, ուսումնասիրելով այս բոլոր դեպքերը, արձանագրել է, որ Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը, որպես պատվիրատուի ղեկավար, համայնքային կարիքների համար գնման պայմանագրեր է կնքել օրենքի իմաստով իրեն փոխկապակցված անձանց հետ անձնական հարաբերություններ ունեցող անձանց հետ։  Միաժամանակ Հանձնաժողովը նշել է, որ համայնքապետն ուներ շահերի բախմանը վերաբերող հանգամանքի մասին Հանձնաժողով հայտարարություն ներկայացնելու պարտավորություն, որը չկատարելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն։ Այսպիսով, հաշվի առնելով, որ Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը կատարել է գործողություն, որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, միաժամանակ որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում շահերի առկայության մասին գրավոր հայտարարություն չի ներկայացրել Հանձնաժողով՝ խախտելով օրենքով սահմանված շահերի բախմանը վերաբերելի իրավակարգավորումների պահանջ, Հանձնաժողովը նրա նկատմամբ կիրառել է տույժ 300 000 դրամի չափով։ «Ինֆոքոմը» համայնքային պաշտոնյաներին փոխկապակցված անձանցից գնումների մի շարք դեպքեր է հայտնաբերել նաև Սևան և Քաջարան համայնքներում։   Լիլիթ Գրիգորյան
13:24 - 07 փետրվարի, 2025
Գոռ Իշխանյանը խոստովանել է, որ Կարեն Առստամյանին չի հայտնել 73-հոգանոց վաշտի շարժի մասին․ զոհվածի հոր ցուցմունքը

Գոռ Իշխանյանը խոստովանել է, որ Կարեն Առստամյանին չի հայտնել 73-հոգանոց վաշտի շարժի մասին․ զոհվածի հոր ցուցմունքը

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի Այգեստան գյուղում 7-րդ վաշտի ողջ անձնակազմի զոհվելու դեպքի վերաբերյալ դատական քննությունը։ Դատարանը շարունակում է հարցաքննել տուժողներին՝ զոհերի հարազատներին։ Այս գործով դատախազը փոխվել է, այժմ դատաքննությանը մասնակցում են հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը եւ Վարդան Վարդանյանը։ Այսօրվա դատական նիստում հանրային մեղադրողները սկսեցին տուժողների հարցաքննությունը՝ նրանց խնդրելով հանգամանորեն ներկայացնել դեպքին առնչվող իրենց հայտնի մանրամասները։ Հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը՝ ձախից, Վարդան Վարդանյանը՝ աջից Ըստ զոհվածի հոր՝ Գոռ Իշխանյանը խոստովանել է, որ Կարեն Առստամյանին չի հայտնել զորքի շարժի մասին Երդվելով ասել միայն ճշմարտությունը եւ ոչինչ՝ բացի ճշմարտությունից, զոհված պայմանագրային զինծառայող Արթուր Զարգարյանի հայրը՝ Համբարձում Զարգարյանը, պատմեց, որ որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 11-ի կեսօրին։ Արթուրը հորն ասել է՝ մեզ տանում են «աջ»՝ նկատի ունենալով իր տեղակայման վայրից աջ գտնվող տարածքը, որը, հոր հիշելով, համընկնում է Մարտունի, Հադրութ, Ջաբրայիլ ուղղությանը․ «Ասավ՝ էլ չզանգեք, կապի չի լինի, որ լինի, ես կապի դուրս կգամ»,- պատմեց տուժողը։ Որոշ ժամանակ անց արդեն Մարտունու իրենց Բերդաշեն գյուղում սկսել են լուրեր պտտվել, որ տղաները չկան։ 7-րդ վաշտում, ըստ Զարգարյանի, Բերդաշենից 7 հոգի է եղել․ «Ահագին ժամանակ անցավ, գնացի զորամաս, հարցնում էի՝ որտեղ են երեխեքը, ասում էին՝ բան չկա, անտառներում են։ Սպասում էինք օրերով, մի քանի օրից ասում են՝ անցել են Իրան»,- ասաց Համբարձում Զարգարյանը։ Նա դատարանին հայտնեց, որ մի քանի անգամ հանդիպել են զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանի հետ, որը սկզբում ասել է, որ հրաման է ստացել զորքն ուղարկել Քոշբեկ (Հադրութի շրջանի Այգեստան գյուղն է), ու պնդել, որ Կարեն Առստամյանին հայտնել է զորքի գնալու մասին, սակայն ավելի ուշ ինքն իր ասածը ժխտել է․ «Գնացինք նախագահի մոտ հանդիպման, համ Գոռն էր [ներկա], համ Կարենը, Գոռը ժխտեց, որ Կարենին տեղեկացրել ա, ասինք՝ բա խի՞ ես խաբել, ասեց՝ որ չասեի, կարող ա զորամասում ինձ ծեծեիք։ Առստամյանը հելավ խոսեց, ասում ա՝ ես էդ ձեւի հրաման չեմ ստացել, ինձ ոչ մեկը չի տեղեկացրել, որ վաշտ ա գալիս։ Տենց էլ ոչ մեկը վիզ չառավ, թե ով ա մեր երեխեքին տարել, կոտորել»,- պատմեց տուժողը։ Նա հիշեց նաեւ, որ Արցախի՝ այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը ծնողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հոկտեմբերի 10-ին ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին տեղեկացրել է, որ հակառակորդը հասել է մինչեւ «9կմ» կոչվող խաչմերուկ, այսինքն՝ Հադրութը եւս հակառակորդի վերահսկողության տակ է։ Համբարձում Զարգարյանին եւս ամենաշատն էր հուզում այն հարցը, թե ինչու են զորքն առանց ուղեկցողի ուղարկել Հադրութ։ Նա գիտեր միայն այն, որ անմիջական վերադասներից անձնակազմի հետ եղել են երկու հոգի՝ Սլավիկ եւ Գեւորգ անուններով։ Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը տուժողից հետաքրքրվեց՝ Իշխանյանը իր հետ հանդիպման ժամանակ Ջալալ Հարությունյանի հրամանը ցույց տվե՞լ է, ինչին Զարգարյանը բացասական պատասխան տվեց․«Առաջ ես էլ էի համոզված, որ Ջալալը հրաման կլինի տված, մեկ էլ նախագահի մոտ նստած, նախագահն ասում ա՝ ամսի 10-ին Ջալալին զեկուցել եմ, որ մինչեւ «9կմ» տված ա [հակառակորդին]»։  Պաշտպանը դատարանին միջնորդեց հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքը, քանի որ դրա եւ դատարանում հայտնած տեղեկությունների միջեւ հակասություն նկատեց։ Դատարանը միջնորդությունը բավարարեց, եւ Դավիթ Կարապետյանն ընթերցեց տուժողի նախաքննական ցուցմունքի այն հատվածը, որտեղ վերջինս նշել է, որ երբ Գոռ Իշխանյանն ասել է, որ հրաման է ստացել զորքն ուղարկել «9կմ», ծնողները չեն հավատացել, եւ Իշխանյանը հանել, ցույց է տվել հրամանը։ Մինչդեռ հիմա դատարանում տուժողն ասում է, որ Իշխանյանը ոչ միայն հրաման ցույց չի տվել, այլեւ ինքն է ասել, որ զորքին ուղարկել է Այգեստան (Քոշբեկ)։  Նախաքննական ցուցմունքի այդ հատվածը լսելուց հետո տուժող Զարգարյանը զարմացական հարց տվեց՝ «էդ ե՞ս եմ ասել», եւ լսելով հաստատում՝ ասաց, որ քննիչն իր հետ խոսում, ինքն էլ գրում էր։ Տուժողին ցույց տվեցին նախաքննական ցուցմունքի տակ դրված ստորագրությունը, նա հաստատեց, որ ինքն է ստորագրել, սակայն պնդեց դատարանում հայտնած իր տեղեկությունների իսկությունը։ Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հետաքրքրվեց՝ նախաքննության ժամանակ քննիչի կողմից որեւէ ուղղորդում եղե՞լ է, ինչին տուժողը բացասական պատասխան տվեց։ Եվ դիտարկմանը, որ տարիքով է, գուցե մոռացել է, Զարգարյանն այսպես պատասխանեց․ «Ես երեխա եմ կորցրել, ոչ թե հիշողությունս, երեխայի վերաբերյալ ոչ մի հիշողություն չեմ կորցրել»։ Հարցին՝ արդյոք տեղեկություն ունի՞՝ ինչից են զոհվել զինծառայողները, հրաձգային զենքից վիրավորումներից, թե՞ հրետանային միջոցների, Զարգարյանը պատասխանեց, որ իր որդուն առանց գլուխ է հուղարկավորել, ուստի կասկած կարող է լինել, որ հակառակորդի հետ անմիջական մարտ է եղել։ Արթուր Համբարձումի Զարգարյանի անունը Արցախի ՊՆ-ն զոհվածների ցուցակում հրապարակել է 2021թ․ ապրիլի 3-ին։ «Իմ ութ ամսվա ծառայող տղան ավտոմատով ի՞նչ պիտի աներ գրավված Հադրութում» Զոհված զինծառայող Արթուր Առստամյանի մայրը՝ Նունե Առստամյանը, դատարանում ցուցմունք տալիս ասաց, որ պատերազմի ժամանակ հաճախ չի խոսել որդու հետ՝ ելնելով անվտանգությունից։ Մարտունի 3 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի զինծառայող Արթուրը բանակ է զորակոչվել «Ես եմ» ծրագրով, պատերազմի ժամանակ 8 ամսվա ծառայող է եղել։ Մոր խոսքով՝ որդին կարճ է կապել զրույցները, ասել ՝ ամեն ինչ լավ է, ապահով տեղ եմ, շատ հարցեր մի տուր։ Արթուրի վերջին զանգը եղել է հոկտեմբերի 10-ին․ «Հետո իմացա, որ ամսի 11-ին վաշտն ուղարկել են Հադրութ։ Ո՞նց կարող էին երեխեքին ուղարկել, երբ Հադրութը գրավված էր, ինձ այդ հարցն է տանջում, ուզում եմ իմանալ՝ Գոռ Իշխանյանը (գումարտակի հրամանատարը, որն այս գործով մեղադրյալներից մեկն է,- հեղ․) ապահովե՞լ է երեխեքի անվտանգությունը։ Իմ ութ ամսվա ծառայող երեխեն ավտոմատով ի՞նչ պիտի աներ Հադրութում ամսի 11-ին»,- հարցրեց Նունե Առստամյանը։ Նունե Առստամյանը Տուժողի ամուսինն ու եղբայրներն էլ են զինվորական եղել, սակայն նրանք որեւէ տեղեկություն չեն հայտնել Նունե Առստամյանին, ասում է՝ գուցե իրեն խնայելու համար։ Պատերազմի ժամանակ մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձեւավորվել էր աշխատանքային խումբ, որը գործում էր ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տարածքում։ Առստամյանը գնացել է այնտեղ, որպեսզի ինչ-որ տեղեկություններ իմանա որդու մասին, որից արդեն օրերով լուր չուներ․  «Մի օր գնացի Ուլնեցի՝ էրեխուց տեղեկություն իմանայի (աշխատանքային խմբի հասցեն նկատի ունի,- հեղ․), որ ասացի՝ Մարտունի 3-ի 7-րդ վաշտ, մի հոգի փորձում էր քարտեզի վրա Այգեստան գյուղը ցույց տալ, մեկը կողքից մոտեցավ, ասում է՝ ճիշտ լսեցի՞, 7-րդ վա՞շտ, ասացի՝ հա, երեխաս 7-րդ վաշտից է, ասաց՝ քույրիկ ջան, դա հանելուկ ա։ Ասում եմ՝ ո՞նց, 73 հոգին հանելուկ ա՞։ Ոչ մեկը ոչ մի բան չէր ասում»,- պատմեց Նունե Առստամյանը, սակայն չհիշեց՝ ով էր այդ մարդը, որն ասել էր, թե վաշտի ճակատագիրը հանելուկ է։ Նունե Առստամյանը համացանցից, ծնողների հետ զրույցներից է իմացել Հադրութի գրավման մասին, եւ նրան մինչ օրս տանջում է այն հարցը, թե ինչու են հրամանատարները զորքին ուղարկել հակառակորդի կողմից գրավված տարածք։ Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը տուժողից հետաքրքրվեց՝ ինչի՞ հիման վրա է այն կարծիքը, որ զորքին ուղարկել են Հադրութ, այն պարագայում, երբ ըստ գործի նյութերի՝ վաշտը պետք է հասնել «9կմ» կոչվող տեղանք։ Նունե Առստամյանը պատասխանեց, որ նույնիսկ եթե «9կմ» պետք է գնային, ոչ թե Հադրութ, Գոռ Իշխանյանը պարտավոր էր ապահովել զորքի անվտանգությունը․ «Եթե Կարեն Առստամյանը (18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար,-հեղ․) պատրաստ չէր երեխեքին դիմավորել, ինչի՞ ուղարկեց զորքին»։ Արթուր Կարենի Առստամյանի անունը Արցախի ՊԲ-ն զոհվածների ցուցակում հրապարակել է 2021թ․ մարտի 15-ին։ Այսօր հարցաքննված վերջին տուժողը Արաքսի Գասպարյանն էր՝ զոհված զինծառայող Հովհաննես Գասպարյանի մայրը։ Նրա որդին պատերազմի ժամանակ 1 ամսվա զինծառայող է եղել, այդ ընթացքում Հովհաննեսի հետ շատ քիչ են խոսել, հրամանատարներին էլ չեն հասցրել ծանոթանալ։ Հովհաննեսի հետ մայրը վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 8-ին, դրանից հետո կապը կորել է։ Գասպարյանը որեւէ մանրամասնության չէր տիրապետում, նրան ամենից շատ մտատանջում էր այն հարցը, թե ինչու են իր մեկ ամսվա ծառայող որդուն պատերազմ տարել։ Կողմերը Գասպարյանին գրեթե հարցեր չտվեցին։ Արաքսի Գասպարյանը Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 18-ին։ Ինչում են մեղադրվում սպաները Արցախի Պաշտպանության բանակի Մարտունի 3 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի 73 զինծառայողները զոհվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, երբ նրանց վրա հարձակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերը։ Նրանք Այգեստան չպիտի գնային, այլ համապատասխան երթուղով մեկնեին Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցնեին ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հրամանատարության ներքո։ Ըստ մեղադրական եզրակացության՝ նշյալ զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը պատերազմի ընթացքում իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել եւ չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։  Ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրամանատարի կողմից հոկտեմբերի 11-ին արձակած՝ մեկ վաշտ 18-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո ուղարկելու մարտական կարգադրության հիման վրա զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը 7-րդ վաշտին նույն օրը տվել է մարտական կարգադրություն, որում չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։ Ապա նույն օրը կեսօրին Իշխանյանը ՊԲ օպերատիվ շտաբ է զեկուցել անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Ջալալ Հարությունյանը հանձնարարել է վաշտի երթի մասին տեղեկացնել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ երթի սկսման մասին չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը։ Այսպիսով, նրանց դիմավորող չի եղել եւ վաշտի անձնակազմը նախանշված տեղից ավելի է անցել ու հայտնվել շրջափակման մեջ։ Գլխավոր լուսանկարում Համբարձում Զարգարյանը Հայարփի Բաղդասարյան
18:37 - 04 փետրվարի, 2025
Կարեն Առստամյանի նկատմամբ Հադրութում 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով քրեական հետապնդում է հարուցվել, ապա դադարեցվել

Կարեն Առստամյանի նկատմամբ Հադրութում 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով քրեական հետապնդում է հարուցվել, ապա դադարեցվել

44-օրյա պատերազմի ժամանակ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Կարեն Առստամյանը մեղադրյալի կարգավիճակ է ունեցել Հադրութում 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Մարտունի 3 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի անձնակազմի զոհվելու գործով դատաքննությունը։ Այս գործով այժմ մեղադրվում են երկու բարձրաստիճան սպաներ՝ նշյալ գումարտակի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանն ու ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը։ Մեղադրյալների պաշտպաններն են այս դատաքննության ընթացքում հիշատակել Կարեն Առստամյանի նկատմամբ հարուցված, սակայն հետագայում դադարեցված քրեական հետապնդման մասին։  «Ինֆոքոմը» ՀՀ գլխավոր դատախազությունից հարցմամբ տեղեկացել է, որ Կարեն Առստամյանն այս գործով մինչդատական վարույթի ընթացքում մեղադրյալի կարգավիճակ է ունեցել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է նախկին Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի չորրորդ մասի հատկանիշներով, այն է՝ պատերազմի ժամանակ իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը։ Սակայն հետագայում՝ 2022 թվականի օգոստոսի 17-ին, հսկող դատախազի որոշմամբ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի այն հիմնավորմամբ,  որ անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։ Կարեն Առստամյանի անունն այս դատավարության ընթացքում բազմիցս է հնչել։ Ըստ գործի նյութերի՝ 7-րդ վաշտի 73 զինծառայողները համապատասխան երթուղով պետք է մեկնեին Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցնեին ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հրամանատարության ներքո։ Ըստ մեղադրանքի, սակայն, զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանն ու օպերատիվ բաժնի պետը պատշաճ չեն կազմակերպել զորքի տեղաշարժը, զորքին նշյալ տեղանքում դիմավորող չի եղել եւ նրանք առաջ են անցել մինչեւ Հադրութի շրջանի Այգեստան գյուղ, որը, ինչպես հետագայում պարզվել է, արդեն գտնվել է հակառակորդի վերահսկողության ներքո։ Զորքն այդտեղ ընկել է շրջափակման մեջ, վաշտի ողջ անձնակազմը զոհվել է։  Թե իրենց ցուցմունքներում ինչ տեղեկություններ են հայտնել զոհվածների հարազատները այդ թվում Կարեն Առստամյանի հետ ունեցած իրենց զրույցների մասին, կարող եք կարդալ այս եւ դատաքննության վերաբերյալ մեր մյուս հրապարակումներում։ Նշենք, որ գեներալ-մայոր Կարեն Առստամյանի անունը նաեւ այլ քրեական գործերի շրջանակում է շոշափվում։ Մասնավորապես, նախորդ տարեվերջին՝ 2024 թ․ դեկտեմբերի 27-ին, նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում նախկին Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Կարեն Առստամյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Մեր տեղեկություններով նրա մեղադրանքի դրվագը առնչվում է Ջրականի եւ Հադրութի մարտական գործողություններին։ Հայարփի Բաղդասարյան
19:39 - 03 փետրվարի, 2025
Սոցիալական ծախսերի փոխհատուցման ուղղությունների  մասին վարչապետի խոսքերը շփոթեցնող են

Սոցիալական ծախսերի փոխհատուցման ուղղությունների մասին վարչապետի խոսքերը շփոթեցնող են

Այսօր հրավիրված ասուլիսում խոսելով համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է տեղեկություններ, որոնք կարող են շփոթության առիթ դառնալ։ Մասնավորապես, խոսելով սոցիալական որոշակի ծախսերի համար մինչեւ 100 հազար դրամ եկամտահարկի վերադարձի հնարավորության մասին՝ նա ասել է․ «Այն ծախսերը, որ քաղաքացին արել է, օրինակ՝ երեխային մանկապարտեզ է բերել… Որոշակի ատամնաբուժական ծառայություններից է օգտվել, որի մի մասը հիմա պետպատվերով փակվում է, մյուս հատվածը՝ չէ․․․ Երեխան գնացել է ֆուտբոլի, եթե դրա համար վճարել է… Երեխան գնացել է բասկետբոլի, ըմբշամարտի, բռնցքամարտի, եւ ինքը դրա համար վճարել է, երեխան գնացել է պարի, նկարչության, եւ վճարել է, երեխայի համար վճարել է քոլեջի ուսման վարձ, բուհի ուսման վարձ… Հանրակրթական դպրոցում դասագրքի վարձակալության վճար է վճարել, ինքը որոշել է, որ ուզում է լեզվի կուրսերի գնալ եւ դրա համար է վճարել, էդ բոլոր ծախսերի համար․․․ մինչեւ 100 հազար դրամի չափով հետ է ստանում իր հաշվին»։ Փաշինյանի նշած օրինակներում, սակայն, առկա են վճարներ, որոնք, ըստ գործող իրավակարգավորումների, վերադարձի ենթակա չեն։ Այսպես․ Հարկային օրենսգրքի 158-րդ հոդվածը սահմանում  է սոցիալական ծախսերի փոխհատուցման (վերադարձի) հնարավորությունը։ Ըստ դրա՝ հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ նույն օրենսգրքի 147.1-ին հոդվածով սահմանված սոցիալական ծախսերը․․․ սահմանված դրույքաչափերով հաշվարկված և (կամ) վճարված եկամտային հարկի գումարից փոխհատուցվում (վերադարձվում) են Կառավարության սահմանած կարգով: Հիշյալ 147․1-րդ հոդվածի համաձայն՝ սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ինչպես նաեւ ընտանիքի անդամների շրջանակը եւ փոխհատուցման առավելագույն չափերը սահմանում է Կառավարությունը: Ըստ նույն հոդվածի՝ սոցիալական ծախսեր են համարվում հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ իր եւ իր ընտանիքի անդամների համար՝ առողջապահության, կրթության և բնակարանային ապահովության գծով ծախսերը: Կառավարության՝ 2023 թ․-ի հունիսի 29-ի N 1067-Ն որոշմամբ մասնավորեցված է, թե այդ ոլորտների կոնկրետ որ ծախսերն են սույն օրենքի իմաստով համարվում սոցիալական ծախս, որով պայմանավորված էլ ենթակա են վերադարձի։ Ըստ այդմ, կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում ՀՀ-ում իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները:  Սրանից հետեւում է, որ վարչապետի նշած նկարչության, պարի, լեզվի դասընթացի կամ տարբեր սպորտաձեւերի ծախսերը ինքնին վերադարձի ենթակա չեն։ Դրանք կփոխհատուցվեն միայն, եթե երեխան հաճախում է հատուկ ուղղվածություն ունեցող հանրակրթական որեւէ քոլեջ կամ ուսումնարան, այսինքն՝ արվեստի կամ սպորտի դասաժամերը հանդիսանում են նրա բուն հանրակրթական դասընթացի մի մասը, այլ ոչ թե արտալսարանական պարապմունք մասնավոր որեւէ հաստատությունում։ Օրեր առաջ անգամ Պետական եկամուտների կոմիտեն է պարզաբանում տարածել՝ մանրամասնելով հետեւյալը․ «Եթե Ձեր երեխան սովորում է վճարովի մանկապարտեզում, դպրոցում կամ բուհում, ապա տվյալ դեպքում կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից, իսկ եթե վճարը կատարվել է արվեստի, երաժշտական դպրոցում կամ մարզադպրոցում սովորելու կամ մասնավոր դասընթացներին մասնակցելու համար, ապա տվյալ ծախսը փոխհատուցման ենթակա չէ»։ Ինչ վերաբերում է առողջապահական ծախսերին, ըստ Կառավարության հիշյալ որոշման՝ առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերը: Սրանից էլ հետեւում է, որ ատամնաբուժական ծախսերը այս որոշման իմաստով ինքնին չեն հանդիսանում սոցիալական ծախս, ըստ այդմ, վերադարձի ենթակա չեն։ Ի պատասխան հարցին՝ արդյո՞ք կարող եք ստանալ փոխհատուցում, եթե օգտվել եք որեւէ բժշկական ծառայությունից, ՊԵԿ-ը եւս օրեր առաջ հայտնել էր․  «Ոչ, առանձին բժշկական ծառայությունների (օրինակ՝ բժշկական հետազոտության, վիրահատության և նմանատիպ այլ ծառայությունների) դիմաց կատարված ծախսը չի համարվում սոցիալական ծախս, հետևաբար, այն փոխհատուցման ենթակա չէ։ Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումը նախատեսված է միայն այն դեպքում, եթե Դուք Հայաստանում գործող որևէ ապահովագրական ընկերությունից 2024 թվականի ընթացքում ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։   Միլենա Խաչիկյան
14:38 - 31 հունվարի, 2025
«Երբ մեղավորները չեն պատժվում, ծնողներն են դառնում դատավոր»․ տուժողների իրավահաջորդները՝ Խուռհատ սարի գործով

«Երբ մեղավորները չեն պատժվում, ծնողներն են դառնում դատավոր»․ տուժողների իրավահաջորդները՝ Խուռհատ սարի գործով

– Ինձ շատ քիչ հարց տվեցիք, ուրիշ հարց չկա՞,– այսպես ընդմիջվեց 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Լեւոն Գալստյանի մոր՝ Արմենուհի Գալստյանի հարցաքննությունը,– հազիվ մի տեղ հարցնում են՝ Ձեր էրեխուն ի՞նչ է եղել, ես չգիտեմ՝ ուր գնամ, էլ որ դատարան, – ասաց նա։ Արմենուհի Գալստյանը մեկն է այն ծնողներից, որոնք 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Խուռհատ սարի մարտական օպերացիայի վերաբերյալ քրեական գործով նախաքննության ժամանակ չեն հարցաքննվել։ Փաստաբան Գայանե Հովակիմյանը այսօր միջնորդեց՝ նրան եւ մի քանի այլ ծնողների տուժողի իրավահաջորդի կարգավիճակ տրամադրել եւ հարցաքննել  դատարանում։ Դատարանը, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, միջնորդությունը բավարարեց՝ միաժամանակ պարզաբանելով՝ քանի որ բոլոր հանգամանքները դատարանում արդեն քննարկվել են, շատ հարցեր չեն տալիս՝ հասկանալով, որ ծնողի համար դժվար է։ Որդեկորույս ծնողները –  Շատ դժվար է, բայց ավելի դժվար է, որ մինչ այսօր չգիտեմ իմ որդու զոհվելու հանգամանքները․․․ [Վահանյանը], հա, մեղավոր է, բայց մենակ ինքը չէ, էլի մեղավորներ կան․ Հայկազը (նույն գումարտակի սպա, նրա ցուցմունքը՝ այստեղ), որ էս աթոռին նստած չէ, որ նոյեմբերի 7-ին ինձ ասում էր՝ տղադ լավ ա, կզանգի։ Այսինքն՝ հերիք չէ՝ սպանել են, մի հատ էլ զոհվելու հանգամանքն են գաղտնի պահել,– վրդովվեց տիկին Արմենուհին։ Իշխան Վահանյանը այն գումարտակի հրամանատարն է, որի կազմում ծառայել է Լեւոն Գալստյանը։ Նրան այժմ մեղադրում  են իշխանության անգործություն դրսեւորելու եւ վիրավորման պատրվակով մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ։ Անկանոն նահանջը, ըստ գործի նյութերի, նրա ենթադրյալ փախուստին է հաջորդել․ զորքի մի մասը այլ սպաների հետ կարողացել է դուրս գալ Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, իսկ մյուս մասը, պատշաճ չտեղեկացվելով, որ հակառակորդը արդեն Հադրութում է, այդ ուղղությամբ է գնացել եւ ընկել շրջափակման մեջ։ Արմենուհի Գալստյանը, ինչպես եւ շատ այլ ծնողներ, մինչ օրս տեղյակ չէ՝ կոնկրետ երբ եւ ինչ հանգամանքներում է իր որդին զոհվել․  «Լեւոնս ամեն օր զանգում էր, էդ օրը չի զանգում, ես եմ զանգում, չի վերցնում, սկսում ենք հետաքրքրվել, ասում են՝ ծուղակում է, հետո գալիս է [տեղեկություն], չգիտեմ՝ սուտ թե ճիշտ, որ ծուղակից հանել են, էդ օրը չի զանգում, 11-ի առավոտյան՝ ժամը 7–ին, զանգում է, շատ ցածր ձայնով՝ մամ, ես լավ եմ, չեմ կարող ասել՝ ինչ է կատարվում, ծուղակում ենք, բայց տեղյակ ենք պահել, գալու են մեր հետեւից․․․ Էդ ժամանակ լինում են Հադրութի տան մեջ․․․ Դրանից հետո մենք սկսում ենք զանգել․ ամսի 11–ին զանգում եմ ՊՆ, ասում,  որ 15 հոգով տան մեջ են, հաջորդը՝ Արայիկ Հարությունյանին, ում պատահի, ում հնարավոր է, բոլորին տեղյակ ենք պահում»։ Մոր խոսքով՝ Արայիկ Հարությունյանն իրենց փոխանցում է Թաղասեռի գյուղապետի եւ Հադրութի ղեկավարի համարները․ «Էրեխեքին  ուղղորդում են էդ գյուղի թարմաների տակ, մի ողջ օր մարտ վարելով՝ հասել են էդտեղ։ Լեւոնս մի փոքր վիրավորում է ունեցել։ Երբ արդեն պիտի ընդառաջ գային, մի քանի անգամ զանգել է, իսկ ամսի 12-ի առավոտյան ասել է՝ չեն եկել, ասել են՝ փոքր ձորակ կա, անցեք, բայց դա դիտարկման մեջ է, չենք կարող անցնել, հետներս էլ՝ 4 վիրավոր, հազիվ բերել, հասցրել ենք․․․ Ժամը 12-ի կողմերը վերջին զանգն է լինում՝ էլ զարյադկա չունենք, չեմ կարողանա զանգել․․․ Հարցնում ենք՝ զենք–զինամթե՞րք, ասում է՝ ունենք․․․ Ասում ենք՝ դե ձեր հետեւից գալիս են, ուշադիր եղեք․․․ Սպաները փախել են, էրեխքին թողել են ծուղակի մեջ»,– պատմեց նա։ Որդեկորույս մայրը ցավով նշեց, որ երբ մեղավորները չեն պատժվում, ծնողներն են իրենց ձեռքը վերցնում քննիչի, դատախազի, դատավորի աշխատանքը․ «Պարո՛ն դատավոր, արդեն երկրորդ գործն են ամուսնուս վրա հարուցում, էս էլ նրա համար, որ․․․ Մի քանի օր առաջ Բադալյան Մանուկին է տեսել (ՊԲ N զորամասի դիվիզիայի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալն էր, այժմ մեղադրյալ է մեկ այլ գործով), Բադալյան Մանուկն է Արմենի վրա գործ հարուցել, պատկերացնո՞ւմ եք։ Արցախի երգի տակ բռունցք է արել, ամուսինս ասել է՝ իջեցրու, դու դավաճան, էրեխեքին թողել, գնացել ես, էդ երգի տակ իրավունք չունես բռունցք անես։ Այ դրա համար Արմենի վրա գործ է հարուցված։ Ծնողն էլ չգիտի՝ ինչ անի, ես նույն վիճակում եմ, պարզապես տղամարդը ավելի բռնկվող է․․․ Ես սարի նման, սպորտսմեն տղա եմ տվել, էսօր եկել, աղաչում եմ, որ ասեն՝ իմ էրեխեն ինչից է զոհվել, հետն էլ սաղ օրը դատարաններում եմ։ Ավելի արագ Արմենի գործն է քննվում, քան սա․․․ Էսպես, ախր, չի կարելի։ Մենք էլ ենք երեխա ունեցել, մենք էլ ենք ուզել, որ էդ երեխան իր նպատակներին հասնի, ուրախ–զվարթ ծառայության ենք ուղարկել, որ հայրենիքին պիտանի լինի, ոչ թե որ հետո սպանեն, դավաճանեն, վերջում էլ ծնողներին դատեն»։ Տուժողի իրավահաջորդը նշեց, որ որդու մարմինը նույնականացումից միայն ամիսներ հետո են իրեն փոխանցել․ «Պարոն դատավոր, ողջ ընթացքում, ամսի 11-ից մինչեւ 12 ու դրանից հետո գիտե՞ք՝ քանի անգամ եմ ՊՆ զանգել, ամեն անգամ նորից սկսել են գրանցել, ես ջղայնանում էի, ասում էի՝ դեռ գրանցո՞ւմ եք, փոխանակ հասնեք օգնության․․․ Ես ամբողջ օրը պարտաճանաչ Կառավարության շենքի դիմաց խնդրում էի, որ իմ բալին ինձ տան, հուսահատությունից գետնին նստել էի, ասում էի՝ ինձ տվեք, այնինչ պարզվում է՝ Հերացիում նույնականացված էր․․․ Ես չգիտեմ՝ որ դատարան գնամ, ում դիմեմ, Արթուր Դավթյանին (նախկին գլխավոր դատախազ,–հեղ․) 8 թերթ գրել եմ, որ մեզ այս ձեւ խաբել են, էրեխուս մարմինը էնքան քանդակած են տվել, որ ես չեմ ճանաչել, Գերմանիա եմ հասել․․․» Մելինե Երանոսյանի ցուցմունքը  Զոհված զինծառայող Սերյոժա Երանոսյանի մայրը պատմեց, որ որդու հետ ինքն է կապի մեջ եղել, ռազմաճակատում են եղել նաեւ իր մյուս որդին ու ամուսինը․ «Հոկտեմբերի 11-ին՝ ժամը լուսաբաց 6-ին, զանգում է, բա մամ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին, ես չեմ իմանում, որ շրջափակման մեջ են, ասում եմ՝ անջատի, չբռնվես, դու մի ասա՝ արդեն ընկել է շրջափակման մեջ, զանգել, ինձ հաջող է անում։ Խոսել է նաեւ եղբորս հետ, բա քեռի ջան, մենք սենց վիճակի մեջ ենք, չգիտենք՝ ոնց անենք, ինչ անենք, մեր չորս կողմը թուրքեր են, ասել է՝ 12 էրեխեքի հետ են, որից մեկը, հետո ենք իմանում, Լեւոնն է եղել»։ Այդ խոսակցությունից հետո Մելինեն որքան զանգել է, որդին անհասանելի է եղել։ Փորձել է կապ հաստատել դասակի հրամանատար Հայկազ Գրիգորյանի միջոցով (նա նույնպես մեկ այլ գործով մեղադրյալ է,–հեղ․)․ «Էնքան արագ եմ խոսել՝ մտածելով, որ պատերազմ է, չվնասեմ։ Ներկայացել եմ որպես բարեկամ, ասել եմ՝ տղա ջան, ի՞նչ կլինի, մի զինվոր կապ է ունեցել ծնողների հետ, հիմա կապ չկա, կարո՞ղ ես տեղեկություն տալ, խնդրում եմ․․․ Հայկազն էլ լիքը զինվորների մեջ էր, ոչ տարավ, ոչ բերեց, ասաց՝ տղերք, մեջներդ Երանոսյան Սերոժ կա՞, մեկն ասաց՝ էդ Սերոժիկը ընկել ա շրջափակման մեջ, չենք կարողացել օգնել․․․» Հովհաննես Մարտիրոսյանի ցուցմունքը Զոհված Աշոտ Մարտիրոսյանի հայրը՝ Հովհաննես Մարտիրոսյանը հայտնեց, որ իր տեղեկություններով՝ նորակոչիկներին խաբելով են տարել, համոզելով, հայհոյելով․ «Տարել են «թուրքի գերեզմաններ» կոչվող տարածք, դասակից մնացել են մի քանի հոգի, մնացածը՝ վիրավոր ու զոհ․․․ Դրանից հետո ոտքով եկել են Հադրութի դպրոց, ինչ–որ սպա է տեսել, զանգել Վահանյանին, ասել  է՝ բեր մեր մոտ․․․ Հանել են էդ սարը, սարից էլ Մուրադյան Հովոն է հետները մնում (զոհվել է,–հեղ․), մնացածը փախչում են»,– նշեց նա։ Դեկտեմբերի 3-ին հայկական կողմին է վերադարձվել 54 մարմին, որոնց մեջ եղել է նաեւ Մարտիրոսյանի որդին։ Դատավոր Ջոն Հայրապետյանը Կորյուն Զաքարյանի ցուցմունքը Զոհված Մխիթար Գրիգորյանի հայրը՝ Կորյուն Զաքարյանը, կարճ խոսեց, նշեց, որ վերջին անգամ որդու հետ հոկտեմբերի 9-ին է կապի դուրս եկել։ Հաջորդ օրը նա զոհվել է․ «Խփել են իր կողքի ընկերոջ թեւին, ինքն է իջեցրել, ընկերն  ասել է՝ հետս արի հոսպիտալ, բա սա՝ չէ, տղերքը մնացին, ոնց ես գամ Ստեփանակերտ, ու էլ կապ չենք ունեցել․․․ Սաղ էլ պիտի պատասխան տան, լավերը զոհվել են․․․» Ալինա Գրիգորյանի ցուցմունքը Զոհված Վահագն Խաչատրյանի մայրը՝ Ալինա Գրիգորյանը պատմեց, որ իր որդու հետ վերջին խոսակցությունը հոկտեմբերի 8-ին է եղել․ «Որդիս ունեցել է աչքերի խնդիր, օպտիկական ակնոց էր կրում, 2 շաբաթ առաջ եղել էր հոսպիտալում, բորբոքվել էր, Ստեփանակերտի հոսպիտալ էին ուղարկել, բուժում նշանակել։ Պատերազմը սկսելուց 2 օր առաջ ասաց՝ նորից նույն խնդիրն ունեմ, երկուշաբթի հոսպիտալ են պառկեցնելու, իսկ կիրակի պատերազմը սկսվեց, անգամ ակնոց չէր հասցրել հետը վերցնել, ուզում եմ հասկանալ՝ նման խնդրով էրեխուն ո՞նց են ուղարկում դիրքեր»,– վրդովվեց մայրը։ Վահագն Խաչատրյանի մասին առավել մանրամասն՝ այստեղ։ Ռուզաննա Վարդանյանի ցուցմունքը Տուժողի իրավահաջորդ ճանաչվեց նաեւ զինծառայող Սարգիս Ղուկասյանի մայրը՝ Ռուզաննա Վարդանյանը։ Նա, սակայն, դատարանին հայտնելու տեղեկություններ չուներ, ասաց՝ քանի որ ամուսնուն նույնպես կորցրել է, որդու հարցերով ամուսնու եղբայրն է զբաղվել (նրա ցուցմունքը՝ այստեղ)։ Սարգիս Ղուկասյանի հետ ընտանիքը վերջին անգամ հոկտեմբերի 10-ին է խոսել, շրջափակման մասին հետագայում է տեղեկացել։ Նա ուսումնական գումարտակի այն մի քանի զինծառայողներից է, որ առ այսօր համարվում են անհետ կորած։ Նիստի ավարտին դատարանը անդրադարձավ նաեւ մեղադրյալ Իշխան Վահանյանի խափանման միջոցին։ Վահանյանը միջնորդել էր այն փոխարինել տնային կալանքով, ինչի դեմ առարկեցին տուժող եւ մեղադրող կողմերը։  Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշեց մերժել միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 13-ին։   Գլխավոր լուսանկարում՝ որդեկորույս հայրերը Միլենա Խաչիկյան
23:15 - 27 հունվարի, 2025
Հեյդար Ալիևի հռետորաբանության փոփոխությունները․ համագործակցությունից մինչև պատերազմական նարատիվ | Հանրագիտ

Հեյդար Ալիևի հռետորաբանության փոփոխությունները․ համագործակցությունից մինչև պատերազմական նարատիվ | Հանրագիտ

20-րդ դարի հայ-թաթարական բախումներից մինչև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի միացում Խորհրդային Ադրբեջանին, 1988-ի շարժումից մինչև Արցախյան առաջին պատերազմ, բանակցային երկարատև գործընթացից մինչև Ապրիլյան և ապա 44-օրյա պատերազմներ և Արցախի հայաթափում․․․ Արցախյան հակամարտությունն ու բանակցային գործընաթացը երկար պատմություն ունեն և այս տարիների ընթացքում եղել են նաև գիտական հետաքրքրության թեմա։ Հայ գիտնականների նոր հոդվածը բացահայտում է Արցախյան համակարտության կարգավորման բանակցային գործընթացի նոր շերտեր՝ ներկայացնելով Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հռետորաբանության փոփոխությունները։ Օրերս Small Wars & Insurgencies ամսագրում հրապարակված՝ «Փոփոխություններ ադրբեջանական խոսույթում․ Հեյդար Ալիևի հռետորաբանության փոխակերպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում» հոդվածի հեղինակներն են Հայաստանում Ամերիկյան համալսարանի ասիստենտ-պրոֆեսոր, գիտությունների դոկտոր Նաիրա Սահակյանը և Հայ-ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի դասախոս, գիտությունների թեկնածու Անահիտ Քարտաշյանը։ Նյութում կարդացեք՝ ինչպիսի՞ն էր Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի դիրքորոշումն Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ, ինչպե՞ս ԵԱՀԿ-ի քննադատությունը վերածվեց ԵԱՀԿ-ի հետ երկխոսության պատրաստակամության, ի՞նչ ազդեցություն ունեցան Արևմուտքի հետ նավթային գործարքները Ալիևի հռետորաբանության վրա, ե՞րբ ու ինչպե՞ս սկսվեց պատերազմի նարատիվը, Արցախյան հակամարտությունը և առաջնորդների խոսույթների ուսումնասիրությունը։   Ադրբեջանի դիրքորոշումը՝ Հեյդար Ալիևի խոսույթի ուսումնասիրությամբ Նաիրա Սահակյանի և Անահիտ Քարտաշյանի հեղինակած հոդվածում նշվում է, որ Արցախյան հակամարտության վերաբերյալ գիտական գրականության մեծ մասը կենտրոնացած է ռազմական և աշխարքաղաքական լայն ասպետկների վրա։ Նաիրա Սահակյանը Հոդվածի համահեղինակ Նաիրա Սահակյանը մեզ հետ զրույցում նշում է՝ պատճառներից մեկն այն է, որ միջազգային պարբերականներում տպագրվող աշխատությունների հեղինակների մեծ մասը հայեր կամ ադրբեջանցիներ չեն, այդ պատճառով էլ արտաքին հայացքով են նայում հակամարտությանը։ Գիտնականի խոսքով մյուս կողմից էլ Հայաստանի և Ադրբեջանի ներսում են տպագրվել հայերենով ու ադրբեջաներենով աշխատանքներ, որոնք խնդրին ներսից են նայել, սակայն այդպես էլ չեն հասել գիտական լայն շրջանակների։ Քանի որ կարևոր էր համադրել այդ հայացքները, հոդվածի հեղինակներն ընտրեցին այնպիսի մոտեցում, որը մի կողմից խնդրին նայում է ներսից՝ Հեյդար Ալիևի ելույթների ուսումնասիրությամբ ցույց տալով բանակցային գործընթացի վերաբերյալ ադրբեջանական կողմի դիրքորոշումը, մյուս կողմից անդրադառնում է ավելի լայն տնտեսական ու քաղաքական իրողությունների, ինչպիսիք են, օրինակ, Արևմուտքի հետ ադրբեջանի նավթային գործարքներն ու դրանցից ստացված տնտեսական օգուտները՝ կապելով դրանք դիրքորոշման փոփոխությունների հետ։ Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են Հեյդար Ալիևի ելույթներն ու Մինսկի խմբի համանախագահների հետ զրույցները՝ կենտրոնանալով այն ելույթների ու զրույցների վրա, որոնք ցույց են տալիս համակարտության լուծման վերաբերյալ Ալիևի դիրքորոշումը։ Հոդվածի համահեղինակ Նաիրա Սահակյանը նշում է՝ Ալիևի հռետորաբանության ուսումնասիրությունն իրենց գրավիչ թվաց նախ այն պատճառով, որ գիտական շրջանակներում քիչ է ուսումնասիրված, բացի այդ՝ աղբյուների հասանելիության առումով խնդիրներ չէին ունենա։ «Ադրբեջանը մեզ համար փակ է․ ո՛չ ես, ո՛չ Դուք չենք կարող գնալ, օրինակ, այնտեղ հարցազրույցներ անցկացնել կամ հարցումներ անել, Արտաքին գործերի նախարարության արխիվի փաստաթղթերին ծանոթանալ, տվյալներ հավաքել, որոնց հիման վրա կարող ենք մեկ այլ ռակուրսից նայել կոնֆլիկտին։ Այդ հնարավորությունը նրանց հետազոտողներն էլ շատ հաճախ չունեն։ Հետևաբար՝ որպես հետազոտող պետք է գիտակցես, թե ինչ ռեսուրս ունես, իսկ այդ ռեսուրսների առանցքային մասը կազմում են սկզբնաղբյուրները։ Այս պարագայում լավագույն սկզբնաղբյուրը, որ հասանելի է Հայաստանից Ադրբեջանը ուսումնասիրողին, ելույթներն են, որոնք շատ լավ համակարգված տպագրել են»,- ասում է գիտնականը։ Վերլուծությունը Ալիևի՝  հակամարտության կարգավորման վերաբերյալ խոսույթում բացահայտում է երկու առանցքային փոփոխություն․ երբ բանակցությունները Ռուսաստանի գերակայությամբ հարթակից տեղափոխվեցին ԵԱՀԿ, Ալիևի հռետորաբանությունը ԵԱՀԿ-ի ակտիվ քննադատությունից անցում կատարեց համագործակցելու պատրաստակամության: Իսկ երբ Ադրբեջանի դիրքերը բանակցային սեղանի շուրջ ամրապնդվեցին (հատկապես ԵԱՀԿ անդամ երկրների հետ նավթային պայմանագրերից ստացած տնտեսական օգուտների շնորհիվ), Հեյդար Ալիևը համագործակցային հռետորաբանությունից անցում կատարեց պատերազմը վերսկսելու սպառնալիքների։ Ալիևի դիրքորոշման փոփոխության հարցում կարևոր գործոն էին նաև ներքին քաղաքական ճնշումները: Այժմ ավելի մանրամասն խոսենք Հեյդար Ալիևի հռետորաբանության փոփոխություններից բանակցային գործընթացի տարբեր փուլերում։   Հօգուտ Ռուսաստանի խոսույթն ու ԵԱՀԿ-ի քննադատությունը Այսպիսով, Նաիրա Սահակյանի և Անահիտ Քարտաշյանի հեղինակած հոդվածում նախ ներկայացվում է, թե ինչպիսին էր իրավիճակն Ադրբեջանում, երբ իշխանության եկավ Հեյդար Ալիևը։ 1992-1993 թթ․ Ադրբեջանը մի քանի նախագահներ էր փոխել։ Արցախյան պատերազմում իրար հաջորդող պարտություններից հետո Հեյդար Ալիևը, որ մինչ այդ Նախիջևանում էր, եկավ ու ստանձնեց Ադրբեջանի ղեկավարումը, և երկրում սկիզբ դրվեց Ալիևների ընտանիքի երկարատև կառավարմանը։ Հեյդար Ալիևի երդմնակալությունը, աղբյուրը՝ azertag.az 1994-ին կնքվեց զինադադար։ 1992-ին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ, իսկ մինչև 1995-ը՝ ԵԱՀԽ՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհուրդ) ձևավորված Մինսկի խումբը ստանձնել էր բանակցությունների միջնորդության դերը։ Ձևավորման օրվանից Մինսկի խմբի համանախագահող երկրներն էին Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները։  Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի հավակնությունները՝ վերահսկելու բանակցային գործընթացը ԵԱՀԿ շրջանակներում կամ դրանից դուրս, պարարտ հող գտան Ադրբեջանում։  1994 թ․ ապրիլին՝ հայկական ուժերի կողմից մի քանի ուղղություններով նոր հարձակումից հետո, Հեյդար Ալիևն իր ելույթներից մեկում կոչ արեց ՄԱԿ-ին, Մինսկի խմբին և համանախագահող երկրներին օգտագործել իրենց կարողությունները պատերազմը դադարեցնելու համար: Նա հատուկ դիմեց նաև Ռուսաստանին` շեշտելով, որ «Ռուսաստանի միջնորդական ջանքերը պետք է լինեն ավելի արդյունավետ և տան շոշափելի արդյունքներ՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի հետ նրա սերտ հարաբերությունները»: Որոշ ժամանակ պահանջվեց, մինչև ԵԱՀԿ Մինսկի խումբը դարձավ բանակցությունների հիմնական հարթակ։ Մինչ այդ, հաշվի առնելով բանակցություններում Ռուսաստանի գերիշխող դերը, Հեյդար Ալիևն աչքի էր ընկնում ԵԱՀԿ-ի հասցեին քննադատությամբ: Նաիրա Սահակյանն այս շրջանում հօգուտ Ռուսաստանի խոսույթը կապում է այն հանգամանքի հետ, որ ԽՍՀՄ փլուզումից հետո թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի և թե՛ հետխորհրդային մնացած պետությունների կապերը Ռուսաստանի հետ շատ ավելի ամուր էին, քան Արևմուտքի։  «Ի վերջո, կար 70 տարվա համատեղ պատմություն, դրանից առաջ էլ կայսրության մաս էին եղել, այսինքն՝ մշակութային, քաղաքական ընդհանուր դաշտ կար, որը բավականին ամուր ձևով ազդում էր։ Նույն Հեյդար Ալիևն ո՞վ էր․ նա Եվրոպայի քաղաքական դաշտի ներկայացուցիչ չէր, ավելին՝ Եվրոպայի քաղաքական դաշտի նիստուկացից շատ հեռու մարդ էր։ Նա սովետական և հետսովետական դաշտի ներկայացուցիչ էր։ Նա գիտեր՝ ինչպես հարաբերվել Ռուսաստանի հետ, բացի այդ՝ կային շատ լուրջ ընտանեկան, անձնական, ընկերական կապեր»,- ասում է հոդվածի համահեղինակը։ Մյուս կողմից Նաիրա Սահակյանն ընդգծում է այն հանգամանքը, որ Եվրոպայի հետ Ադրբեջանի հարաբերությունները դեռևս զարգացած չէին։ Հոդվածում նշվում է, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանն իր ազդեցիկ Սփյուռքի աջակցությամբ ավելի ուժեղ կապեր ուներ արևմտյան պետությունների հետ և ավելի արդյունավետ էր գործում իր միջազգային իմիջը ձևավորելու հարցում: «Հայաստանի դեպքում ավելի հեշտ էր, որովհետև, այնուամենայնիվ, Սփյուռքի ռեսուրսը շատ էական դեր ուներ․ կային մեծ թվով մարդիկ, որոնք Եվրոպայում էին կամ Ամերիկայում և գիտեին՝ ով ում բարեկամն է, ինչպես ներկայացնեն Հայաստանը»,- ասում է Նաիրա Սահակյանը։   Քննադատական հռետորաբանության փոփոխությունը 1994 թ․ երկրորդ կեսերին արդեն Հեյդար Ալիևն իր ելույթներում սկսեց հույս հայտնել, որ «համանախագահող երկրները մի կողմ կդնեն իրենց տարբեր մոտեցումներն ու ակտիվ քայլեր կձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ»: Նաիրա Սահակյանը նշում է՝ այն փաստը, որ Ռուսաստանը ևս մաս էր կազմում ԵԱՀԿ-ին և Մինսկի խմբին, հնարավորություն էր տալիս Ադրբեջանին շատ հանգիստ կերպով համագործակցելու այս կառույցի հետ՝ չհակադրվելով որևէ մեկին։  «Նոր հարթակ էր ձևավորվել, իսկ նոր ձևավորված հարթակին, քանի դեռ դու նրա հետ չես աշխատել, բնականաբար, չես քննադատում, համագործակցում ես։ ․․․․ Իննսունականների կեսերը հենց ծանոթանալու փուլ էին։ Երբ ծանոթանում ես և ներկայացնում ես քո տեսակետները,  դու հույս ունես, որ քո ցույց տվածը, քո ներկայացրածը և քո առաջարկածը գրավիչ են, և հետևաբար՝ կոնֆլիկտն ի վերջո կհանգեցնի քեզ համար ցանկալի լուծման»,- ասում է նա։ Ալիևի հռետորաբանության՝ հօգուտ ԵԱՀԿ-ի փոփոխությունը հոդվածի հեղինակները պայմանավորում են նաև այն հանգամանքով, որ 1994 թ․ երկրորդ կեսին Ադրբեջանն ակտիվ ջանքեր էր գործադրում համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու ուղղությամբ: Մասնավորապես, սեպտեմբերի 20-ին Ադրբեջանը մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համաձայնագրեր ստորագրեց իր նավթահորերի համատեղ շահագործման վերաբերյալ: Հետաքրքիր է, որ այս ներդրումային ծրագրի շատ մասնակիցներ ԵԱՀԿ անդամ երկրներից էին՝ ներառյալ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը, Թուրքիան և Նորվեգիան: Հեյդար Ալիևը որդեգրեց նավթի արտահանման հավասարակշռված քաղաքականություն՝ ներգրավելով խոշոր էներգետիկ ընկերությունների ինչպես Արևմուտքից, այնպես էլ Ռուսաստանից ու Թուրքիայից։ Չիրագ-1 նավթահարթակի բացումը, 1997, աղբյուրը՝ azertag.az Հոդվածի հեղինակները գրում են, որ Արևմուտքի հետ Ադրբեջանի տնտեսական կապերը Հեյդար Ալիևին հնարավորություններ տվեցին, որ վերջինս իր նպատակներն առաջ մղի ԵԱՀԿ-ում, և այս կառույցը նրա համար աստիճանաբար դառնում էր ավելի նպաստավոր հարթակ: Նաիրա Սահակյանը նշում է, որ չնայած Արևմուտքի հետ տնտեսական կապերը նոր էին ձևավորվում, Բաքվի նավթը արևմտյան երկրների համար նորություն չէր, և այն նրանց վաղուց էր հետաքրքրում։ «Եթե նայում եք Ռուսական կայսրության ժամանակաշրջանը, նայում եք [Ադրբեջանի] անկախության 2 տարին (երբ տարածաշրջանում առաջին հանրապետությունները ձևավորվեցին), ովքե՞ր ներկայացուցչություններ ունեին․ Բրիտանիան, Գերմանիան․․․ Նրանք պատահական չէին գալիս, և Բաքուն պահելն առանցքային դեր ուներ թե՛ նրանց, թե՛ Թուրքիայի և թե ՛Ռուսաստանի համար։ Ի վերջո, երբ ռուսներին հաջողվեց ԽՍՀՄ կազմում ներառել նաև Ադրբեջանը, ենթադրվում էր, որ նավթը ևս անցնելու էր նրանց վերահսկողության տակ։ Բայց դա շարունակում էր մնալ լուրջ գործոն, և 90-կաններին, երբ Ադրբեջանն անկախացավ, եվրոպական մայրաքաղաքները ևս հետաքրքրված էին նավթով։ Ոչ միայն Հեյդար Ալիևն էր մտածում այս մայրաքաղաքի կամ այս ղեկավարի հետ հարաբերություններ հաստատել, պայմանագրեր կնքել, այլ նաև դրսից այդ ազդակները կային»,- ասում է գիտնականը։ Հոդվածի համահեղինաը նշում է նաև այն փաստը, որ 90-ականներին Ռուսաստանն ուժեղ չէր, և երբ հետխորհրդային որևէ երկիր որոշում էր հարաբերություններ հաստատել արևմտյան երկրների հետ, ռուսական կողմից դրան հակադարձող լծակները բավականին թույլ էին։ «Բազմավեկտորություն ստեղծելը հնարավոր էր, որովհետև աշխարհը դարձել էր բազմավեկտոր։ Հիմա է, որ նորից բևեռացում է տեղի ունեցել»,- ասում է նա։ Հոդվածում, այնուհետև, ներկայացվում են բանակցային գործընթացում Մինսկի խմբի՝ հակամարտության լուծմանն ուղղված առաջարկները՝ սկսած 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովից մինչև «Ընդհանուր պետություն» և Քի Վեսթ։ Լիսաբոնի գագաթնաժողովին ներկայացված փաստաթուղթն, օրինակ, առաջարկում էր հակամարտությունը կարգավորել՝ հիմնվելով երեք հիմնական սկզբունքների վրա՝ Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում, Ադրբեջան պետության կազմում Լեռնային Ղարաբաղին բարձրագույն ինքնակառավարման կարգավիճակի տրամադրում և Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչների անվտանգությունն ապահովող սկզբունքների սահմանում:  Լիսաբոնի գագաթնաժողով, 1996, աղբյուրը՝ ԵԱՀԿ պաշտոնական կայք Հայաստանն օգագործեց իր վետոյի իրավունքը, և այս առաջարկն ընդունվեց միայն որպես ԵԱՀԿ նախագահի հայտարարություն։ Պատճառն, ըստ այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, այն էր, որ այս առաջարկով կանխորոշվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, իսկ ինքնորոշման և տարածքային ամբողջականության իրավունքները դրվում էին հիերարխիկ կարգի մեջ: Իսկ Ադրբեջանում սա ներկայացվում էր որպես Հեյդար Ալիևի հաղթանակ։ Մինսկի խմբի կերպարը սկսեց դրական պատկերվել Հեյդար Ալիևի ելույթներում։ Հոդվածի հեղինակները նշում են՝ նա հետևողականորեն ընդգծում էր, որ Ադրբեջանը «ԵԱՀԿ-ն և Մինսկի խումբը համարում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հիմնական գործիքներ»։ Արդյո՞ք Լիսաբոնի գագաթնաժողովի առաջարկն իսկապես հաջողություն էր և հետևանք էր Ադրբեջանի ու Արևմուտքի միջև նավթային գործարքների։ Այս հարցին ի պատասխան՝ Նաիրա Սահակյանը նշում է․ «Առաջարկներ ներկայացվել են միշտ, բայց եկեք չմոռանանք, որ փուլային, փաթեթային առաջարկները ներկայացվել են Լիսաբոնից հետո։ Հետևաբար ասել, որ Լիսաբոնը Ադրբեջանի մեծ հաղթանակն էր, գուցե և չափազանցություն է․ նույն փուլային ու փաթեթային կամ «Ընդհանուր պետություն» տարբերակներում [Արցախի] կարգավիճակը քննարկման առարկա էր մնում։ Գուցե ինչ-որ առաջարկում տարածքային ամբողջականությունն էր ավելի շատ շեշտվում, մեկ այլ առաջարկում ազգային ինքնորոշումն էր շեշտվում, բայց դրանք շարունակում էին քննարկելու թեմաներ մնալ։ Ի վերջո, սրանք բոլորը առաջարկներ էին, որոնք մնացին թղթի վրա»։ Հոդվածում այնուհետև նշվում է, որ նավթի շուրջ դիսկուրսը և Ադրբեջանի՝ որպես առանցքային նավթային գործընկերոջ վերաբրենդավորումը սկսեցին թափ հավաքել: Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն, օրինակ, խոսելով համանախագահների մասին, նշում էր, որ նավթային գործոնը նշանակալի դեր է խաղում ամերիկյան դիրքորոշման ձևավորման մեջ:  Հեյդար Ալիևն ինքն էլ էր խոստովանում, որ Ադրբեջանը փորձում է նավթային գործոնն օգտագործել բանակցային գործընթացից օգուտներ քաղելու համար։ 1997 թ․ հունվարին՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ, երբ լրագրողներից մեկը նրան հարցրեց, թե արդյո՞ք նավթային գործոնը կարող է ազդել ԼՂ հակամարտության կարգավորման վրա, Ալիևը պատասխանեց, որ Ադրբեջանը կօգտագործի բոլոր հասանելի ռեսուրսները՝ ներառյալ իր նավթային պաշարները, խնդիրը լուծելու համար:   Հիասթափություն ԵԱՀԿ-ից 1998-ին ներկայացվեց «Ընդհանուր պետություն» առաջարկը, որն Ադրբեջանը մերժեց։ Այս առաջարկը ենթադրում էր, որ Լեռնային Ղարաբաղը լինելու է  հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում և Ադրբեջանի հետ միասին կազմելու է «Ընդհանուր պետություն»՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Այս փուլից սկսած՝ Ալիևի խոսույթում նկատվում էր հիասթափություն Մինսկի խմբից։ 1998-2000 թթ․՝ Մինսկի խմբի ներկայացուցիչներին հյուրընկալելիս, Ալիևը հաճախ քննադատում էր նրանց «անգործությունը»: Մյուս կողմից էլ, երբ Հեյդար Ալիևի և Հայաստանի հաջորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև ուղիղ հանդիպումներ էին տեղի ունենում, Ալիևը քննադատությանը զուգահեռ նաև ընդգծում էր, որ ուղիղ հանդիպումները չպետք է դիտվեն որպես ԵԱՀԿ հարթակի փոխարինում: Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը, աղբյուրը՝ aniarc.am Պայմանավորված Հայաստանում 1999-ի հոկտեմբերի 27-ի ողբերգությամբ՝ բանակցությունները որոշ ժամանակ դադարեցվեցին և վերսկսվեցին  Քի Վեսթում, որտեղ ներկայացված առաջարկները ևս չստորագրվեցին։  Հոդվածում նշվում է, որ Քի Վեսթի բանակցությունները տեղի ունեցան խիստ լարված մթնոլորտում: Իր ելույթում Հեյդար Ալիևը դժգոհություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների որդեգրած պասիվ մոտեցումից: Ռոբերտ Քոչարյանի հուշերից պարզ է դառնում, որ երբ նա Քի Վեսթի մշակութային ծրագրերից մեկի ժամանակ հարցրել է Հեյդար Ալիևին համաձայնագիրը մերժելու պատճառը, վերջինս նշել է՝ ինքը չի կարող նույնիսկ իր ընտանիքին համոզել, և Լեռնային Ղարաբաղից հրաժարվելը մեծ հարված կլիներ իր և իր ընտանիքի հեղինակությանը: Ռոբերտ Քոչարյանը` Քի Վեսթում, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոյի հետ, 2001, աղբյուրը՝ mediamax.am Ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանին այդպես էլ չհաջողվեց ստանալ այնպիսի առաջարկ, որը պատրաստ կլիներ ստորագրել․ արդյո՞ք նավթային գործարքները չօգնեցին նրան։ Այս հարցին ի պատասխան՝ Նաիրա Սահակյանը նշում է՝ դա կլիներ ցինիկ առուծախ. «Այսօր տեսնում ենք նման բաներ, բայց [այն ժամանակ] դեռ դրան չէինք հասել։ Մարդու իրավունքները, ազգային ինքնորոշման գաղափարը շարունակում էին արժեքներ մնալ միջազգային հարթակներում»։ Գիտնականը կարևորում է նաև այն փաստը, որ ստեղծման օրվանից ԵԱՀԿ-ում որոշումների կայացման հիմքում դրված էր կոնսենսուսով խնդիրների լուծմանը հասնելու ճանապարհը, իսկ ԵԱՀԿ-ի ներսում ամեն պետություն ուներ իր շահերը։ «Մի կողմից` ԵԱՀԿ-ի կամ Մինսկի խմբի համանախագահների միջև փոխհարաբերությունները, որոնք դեռ այսօրվա նման առճակատման չէին գնացել, բայց հարթ էլ չէին, մյուս կողմից, այդ հարաբերություններից բացի, կային նաև կոնֆլիկտի կողմերի հետ հարաբերությունները․․․ Մի քանի հարթակներով էր ամբողջ գործընթացը զարգանում, հետևաբար լուծում ասվածն էլ սարսափելի բարդ էր լինելու»,- նշում է հոդվածի համահեղինակը:   Պատերազմի նարատիվի զարգացումն ու դրա նախադրյալները Նաիրա Սահակյանի և Անահիտ Քարտաշյանի հեղինակած հոդվածն այնուհետև ներկայացնում է, թե ներքաղաքական ինչպիսի փոփոխություններ տեղի ունեցան Ադրբեջանում։ Երկրում  1998-ի ընտրություններ ժամանակ պարզ դարձավ, որ Հեյդար Ալիևն այլևս չի վայելում մեծ ժողովրդականություն, ինչպես նախկինում:  Ընտրություններին ընդառաջ ընդդիմությունը սկսեց քննադատել Ալիևին նավթային ռեսուրսները սխալ կառավարելու և ԼՂ հարցի շուրջ անարդյունավետ բանակցություններ վարելու համար: Այսպիսով, Հեյդար Ալիևը սկսեց օգտագործել ԼՂ հակամարտությունը՝ հանրության աչքում իր իշխանությունը լեգիտիմացնելու և իր քաղաքական հակառակորդներին դիմակայելու համար: 2001 թ. սկսած՝ նա խոսում էր պատերազմի՝ որպես հակամարտության այլընտրանքային լուծման հնարավորության մասին։ 2002 թ. մարտին, օրինակ, ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նա ասաց. «Ուզում եմ ընդգծել, որ ես խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից եմ: Սակայն այնպես չէ, որ բացառապես խաղաղ լուծման կողմնակից եմ: Ես ձգտում եմ խնդրի արագ լուծմանը: Դրա համար մենք բոլորս՝ դուք և մենք, պետք է ակտիվացնենք մեր ջանքերը և հասնենք լուծման»: Պատերազմական լուծման հռետորաբանությանը զուգահեռ աճեց Հեյդար Ալիևի քննադատությունը Մինսկի խմբի հանդեպ: Հոդվածի հեղինակներն Ալիևի հռետորաբանության փոփոխությունը պայմանավորում են ոչ միայն ներքին քաղաքական ճնշումներով, այլև Ադրբեջանի տնտեսական նշանակալի  առաջընթացով և Հայաստանի նկատմամբ աճող ռազմական առավելությամբ։ Տնտեսական առաջընթացն էլ պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2000-ականների սկզբին Ադրբեջանը սկսել էր նավթային պայմանագրերից օգուտներ ստանալ։ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները և Մինսկի խմբի համանախագահները Քի Վեսթում, 2001, նկարը՝ Քերի Քավանոյի «ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի համանախագահների հետ Ադրբեջանը սկսում է խոսել այն դիրքից, որ մենք ձեր գործընկերն ենք, ձեզ նավթ ենք տալիս, հետևաբար լուծումներն էլ դա հաշվի առնելով է պետք առաջարկել»,- նշում է Նաիրա Սահակյանը։ Գիտնականը համոզված չէ, որ 2000-ականների սկզբին ռազմական առումով Ադրբեջանն արդեն պատրաստ էր հաղթանակի հնարավոր պատերազմի դեպքում․ Հայաստանի նկատմամբ ռազմական առավելությունն առավել ակնհայտ դարձավ 2010-կականներին` Հեյդար Ալիևի որդու՝ Իլհամ Ալիևի օրոք։  Պատերազմական հռետորաբանությունը, Նաիրա Սահակյանի խոսքով, 2000-ականների սկզբին դեռևս սպառնալիք էր, որ Հեյդար Ալիևն օգտագործում էր ներքին լսարանին բավարարելու և բանակցային գործընթացից օգուտներ քաղելու համար։ Այսպիսով,  հայ գիտնականների հոդվածը Հեյդար Ալիևի խոսույթի ուսումնասիրությամբ ցույց է տալիս, թե ինչպես են ներքին քաղաքական իրողությունները (ընդդիմության ճնշումները Հեյդար Ալիևի նկատմամբ) և ավելի լայն աշխարհաքաղաքական իրողությունները (նավթային գործարաքները, դրանցից ստացված տնտեսական օգուտները, միջնորդ պետությունների փոխհարաբերությունները միմյանց և հակամարտության կողմերի հետ) ազդել Ադրբեջանի դիրքորոշման փոփոխությունների և հետևաբար՝ բանակցային գործընթացի վրա։   Խոսույթի ուսումնասիրությունն այլ հոդվածներում Նաիրա Սահակյանն իր այլ հոդվածներում էլ Արցախյան հակամարտության ու բանակցային գործընթացին անդրադառնում է հակամարտության կողմերի առաջնորդների խոսույթների ուսումնասիրությամբ։  Central Asian Survey ամսագրում անցած տարի հրապարակած իր հոդվածում, օրինակ, գիտնականն ուսումնասիրել է Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների` 2002-2022 թթ. ելույթները` ուղղված միջազգային լսարանին։ Այս ուսումնասիրությամբ հեղինակը փորձել է հասկանալ, թե ինչպիսի շրջանակավորում (framing) են օգտագործում երեք երկրների առաջնորդները Արցախյան հակամարտության համատեքստում իրենց երկրները ներկայացնելու համար, այսինքն` իրենց ուղերձներով ինչպիսի կարծիք են փորձում ձևավորել միջազգային լսարանի մոտ։ Հայաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսույթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք միջազգային լսարանին ուղղված իրենց ելույթներում շեշտում էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի՝ ժողովրդավար լինելու փաստը։ Ի հակադրություն` նրանց խոսույթում Ադրբեջանը ներկայացվում էր որպես ավտորիտար երկիր, հետևաբար` Լեռնային Ղարաբաղը չէր կարող գոյություն ունենալ բռնապետական Ադրբեջանի ռեժիմի ներքո։   Հայ առաջնորդների մյուս նարատիվը տարածաշրջանային համագործակցությունն էր․ նրանց ելույթներում նշվում էր, որ տարածաշրջանային համագործակցությունը կհաստատի վստահություն, որն Արցախյան հակամարտության լուծման հիմքն է: Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, միջազգային տարբեր լսարանների առաջ տարբեր նարատիվներ էր օգտագործում։ Իսլամական երկրների հետ խոսելիս Իլհամ Ալիևն օգտագործում էր իսլամական համերաշխության գաղափարը` Ադրբեջանը ներկայացնելով որպես խաչմերուկ Արևմուտքի ու իսլամական աշխարհի միջև։ Այս լսարանի առջև Ալիևը ԼՂ հակամարտությունը ներկայացնում էր որպես մի իրավիճակ, որտեղ Ադրբեջանը զոհ է, իսկ Հայաստանը՝ հակաիսլամական ագրեսոր:  Արևմուտքին ուղղված ելույթներում Ալիևը զարգացնում էր Ադրբեջանի` բազմամշակույթ պետություն լինելու նարատիվը։ Սրան նա հակադրում էր Հայաստանը, որը, նրա պդնմամբ, մոնոէթնիկ ու միակրոն պետություն է։ Իսկ թյուրքալեզու ժողովուրդներ հետ խոսելիս Ադրբեջանն օգտագործում էր թյուրքական ժառանգության նարատիվը։ Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Ալիևը շեշտադրում էր Ադրբեջանի՝ թյուրքական ընտանիքի անդամ լինելն ու նրանց միջև տնտեսական համագործակցության կարևորությունը: Այս նարատիվի համատեքստում Ադրբեջանը դեռ 44-օրյա պատերազմից առաջ էր Հայաստանի Սյունիքի մարզն անվանում Ադրբեջանի պատմական հող` պնդելով, թե այդ տարածաշրջանի «անջատումը Ադրբեջանի մնացած մասից և միացումը Հայաստանին աշխարհագրորեն բաժանել է մեծ թյուրքական աշխարհը»: Նաիրա Սահակյանի աշխատասենյակում Իսկ Թուրքիայի առաջնորդների խոսույթն, ըստ հոդվածի հեղինակի, ձևավորվում էր երկու կարևոր հանգամանքի հիման վրա։ Նախ՝ Թուրքիայի ղեկավարներն առաջնահերթ կարևորում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը, քանի որ իրենք էլ Թուրքիայի ներսում քրդական ինքնորոշման խնդիր ունեն։ Ադրբեջանի և ԼՂ հակամարտության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման հարցում մյուս կարևոր գործոնը  ռուս-թուրքական հարաբերություննեն էին և այն, որ երկու երկրները Կովկասում ազդեցության համար շարունակական մրցակցության մեջ են: Նաիրա Սահակյանն այս հոդվածում գալիս է եզրահանգման, որ Իլհամ Ալիևն իր ուղերձները տարբեր լսարանների արժեհամակարգերին համահունչ էր դարձնում: Ալիևի կողմից Մինսկի խմբի քննադատությունը և Ադրբեջանին որպես զոհ ներկայացնելը միջազգային հանրության աչքին փորձում էին արդարացնել հակամարտության պատերազմական լուծումը: Հեղինակի խոսքով Ադրբեջանն այս հարցում ավելի մեծ հաջողություն էր գրանցում՝ հաշվի առնելով նաև այն, որ երկիրն ուղերձներին զուգահեռ ջանքեր էր գործադրում տնտեսական և անվտանգության համագործակցությունների ուղղությամբ։ Այդ ջանքերի արդյունքները տեսանելի դարձան 2020-ին, երբ միջազգային հանրությունը չմիջամտեց 44-օրյա պատերազմին։ Հայաստանն, ընդհակառակը, չնայած խոսում էր միջազգային հանրության համար կարևոր արժեքների մասին՝ ժողովրդավարություն, ինքնորոշման իրավունք, սակայն դրանք այնքան էլ արդյունավետ չէին զուգակցվում դիվանագիտական և տնտեսական համագործակցության նախաձեռնությունների հետ: Ըստ հեղինակի՝ այդ է պատճառը, որ հակամարտության շուրջ նարատիվը ձևավորելու գործում Հայաստանը պակաս ազդեցիկ դեր ուներ։ Southeast European and Black Sea Studies ամսագրում 2022-ին հրապարակած հոդվածում էլ Նաիրա Սահակյանն Իլհամ Ալիևի խոսույթի ուսումնասիրությամբ ներկայացնում է Ադրբեջանում հայերի ապամարդկայնացման գործընթացը։  Հեղինակը հոդվածում գրում է, որ միջազգային հանրությանն ուղղված իր ելույթներում Ալիևն օգտագործում էր միջազգային հանրությանը «հասկանալի» հռետորաբանություն՝ մեղադրելով Հայաստանին ագրեսիայի, միջազգային իրավունքի նորմերի, Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման, ՄԱԿ-ի բանաձևերին չենթարկվելու մեջ: Իսկ ներքին լսարանին ուղղված ելույթներում Ալիևն օգտագործում էր կենդանական մետաֆորներ՝ հայերին նմանեցնելով շների, շնագայլերի և վայրի գազանների հետ։ Ի հակադրություն՝ նա ադրբեջանցիներին ներկայացնում էր  որպես պարկեշտ, հայրենասեր, հերոսական ազգ, իսկ ադրբեջանական բանակը՝ աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը։ Ալիևը հայերին ներկայացնում էր որպես բարբարոս ազգ, որը սպառնալիք էր Ադրբեջանի և ադրբեջանցիների համար։ Սրանով նա փորձում էր լեգիտիմացնել բանակցությունների միջոցով խնդիրները լուծելուց հրաժարվելը։ Հոդվածի հեղինակը գրում է, որ հայերի՝ պետական մակարդակում աջակցություն գտած  ապամարդկայնացման գործընացը բերեց նրան, որ պատերազմը հրամայական դարձավ Ադրբեջանի ժողովրդի համար։ Հեղինակը հոդվածում մեջբերում է նաև աշխատություններ, որոնցում ներկայացվում է, որ ապամարդկայնացումը ցեղասպանության անբաժանելի մաս է․ ապամարդկայնացման գործընթացը նախորդել է քսաներորդ դարում տեղի ունեցած բազմաթիվ ցեղապանությունների՝ Հոլոքոստ, Հայոց ցեղասպանություն, Ռուանդայի ցեղասպանություն, Կամբոջայի ցեղասպանություն:  Եվ իսկապես, պատմությունը ցույց տվեց, որ Ադրբեջանի համար հայերի ապամարդկայնացումն ագրեսիան արդարացնելու միջոց էր։ Այս հոդվածի հրապարակումից մի քանի ամիս անց՝ 2022-ի դեկտեմբերին, Ադրբեջանը շրջափակեց Արցախը՝ արգելափակելով սննդի և դեղորայքի մուտքն այնտեղ, ապա 9-ամսյա շրջափակումից հետո ռազմական ագրեսիա սկսեց, որը հանգեցրեց Արցախի հայաթափմանը և Արցախի Հանրապետության լուծարմանը։ Մինչև օրս Ադրբեջանը գերության մեջ է պահում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և նրանց հանդեպ շինծու մեղադրանքներով դատավարություն իրականացնում։   Հայաստանի համար զգայուն թեմաները՝ միջազգային գիտական ամսագրերում Այսպիսով, Արցախյան հակամարտության տարբեր կողմերի առաջնորդների հռետորաբանության ուսումնասիրությամբ Նաիրա Սահակյանը նոր լույսի ներքո է ներկայացնում այս հակամարտությունն ու բանակցությունների գործընթացը։ Գիտնականը նշում է, որ առաջիկայում հրապարակվելիք հոդվածներից մեկում անդրադառնալու է Հայաստանի տարբեր ղեկավարների՝ Արցախի հակամարտությանը վերաբերող խոսույթին, մեկ այլ հոդվածով էլ ուսումնասիրելու է, թե ինչպես է ներկայացվում հայ ժողովրդի կերպարն ադրբեջանական դասագրքերում։ Նաիրա Սահակյանն Արցախյան հակամարտության թեմայով գրելու հիմնական դժվարություն է համարում հետևյալը․ պետք է կողքից նայել մի հակամարտության, որի մաս ես կազմում։ «Պետք է փորձես ռեֆլեքսիվ դիրքից նայել խնդրին, ու քո՝ հակամարտության մաս լինելը չազդի քո եզրակացությունների վրա։ Բայց և ամբողջությամբ դրանից զերծ մնալ հնարավոր չէ, դրա համար պետք է ինքդ քեզ հետ և քո ընթերցողի հետ անկեղծ լինես, հայտնես ընթերցողին, որ ես փորձում եմ հնարավորինս օբյեկտիվ մոտենալ, բայց իմ ազգային, կրոնական և մշակութային ինքնությունը տանում է նրան, որ ինչ-որ հարցերի գուցե չկարողանամ դրսի աչքով նայել»,- ասում է նա։ Հարցին, թե արդյո՞ք ազգային պատկանելիությունը կամ հոդվածներում «Արցախ», «Շուշի» տեղանունների գործածումը չի բարդացնում միջազգային ամսագրերում տպագրությունը, հեղինակը պատասխանում է՝ իհարկե, բարդացնում է։  Նա հիշում է մի դեպք, երբ հրատարակիչը համոզում էր իր աշխատանքում «Շուշի»-ն «Շուշա» դարձնել, բայց ինքը հրաժարվեց՝ նշելով, որ կնախընտրի այլ հրատարակչության հետ աշխատել։ Հոդվածում, ի վերջո, գրվեց հենց «Շուշի» տարբերակը։ Գիտնականն ասում է, որ միջազգային ամսագրերի խմբագիրներն այս թեմայով հրապարակումների համար փորձում են գրախոսողների գտնել ինչպես Հայաստանից, այնպես էլ Ադրբեջանից՝ հավասարակշռություն ապահովելու համար։ Ինքն էլ՝ որպես գիտնական, ուշադիր է ձևակերպումների ընտրության հարցում, որ ոչ թե պրոպագանդայով զբաղվի, այլ վերլուծությամբ։ Նաիրա Սահակյանը նշում է՝ եթե նախկինում միջազգային գրախոսվող ասմագրերում տարբեր թեմաներով հրապարակումներ ես ունեցել ու արդեն հայտնի ես գիտական համայնքին, ապա հնարավոր է դառնում նաև տպագրություններ ունենալ նման զգայուն թեմաներով։   Գլխավոր լուսանկարում՝ Հեյդար Ալիևն ու Իլհամ Ալիևը՝ Չիրագ-1 նավթահարթակի բացմանը, 1997, աղբյուրը՝ azertag.az Հեղինակ՝ Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Ռոման Աբովյանի   «Հանրագիտ» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։      
17:58 - 22 հունվարի, 2025
73 զինծառայողի զոհվելու գործով մեղադրյալի պաշտպանները պահանջում են դատարանում ապահովել իրենց անվտանգությունը

73 զինծառայողի զոհվելու գործով մեղադրյալի պաշտպանները պահանջում են դատարանում ապահովել իրենց անվտանգությունը

44-օրյա պատերազմի ժամանակ 73-հոգանոց վաշտի ողջ անձնակազմի զոհվելու հանգամանքների վերաբերյալ հերթական դատական նիստն այսօր մեկ ժամ էլ չտեւեց։ Բանն այն է, որ այս գործով մեղադրյալների պաշտպանները դատական նիստին չէին ներկայացել՝ դատարանին նախապես գրությամբ հայտնելով, որ չներկայանալու պատճառն իրենց անվտանգության ապահովման հարցն է։ Այս գործով երկու մեղադրյալ կա՝ Մարտունի 3 զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը․ նիստերն ընթանում են նրանց բացակայությամբ եւ նրանց պաշտպանների՝ Արման Բայադյանի, Դավիթ Կարապետյանի, Արտակ Հովհաննիսյանի, Երեմ Սարգսյանի մասնակցությամբ։  Գոռ Իշխանյանի պաշտպաններ Դավիթ Կարապետյանն ու Երեմ Սարգսյանը Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին գրություն են ուղարկել՝ հայտնելով, որ այսօրվա նիստին չեն ներկայանալու եւ չեն ներկայանալու հաջորդ նիստերին եւս այնքան ժամանակ, քանի դեռ ապահովված չեն անվտանգային միջոցներ։ Այս գործով նիստերը երբեմն ընթանում են լարված մթնոլորտում․ զոհվածների հարազատների հույզերը գլուխ են բարձրացնում, դատարանում հնչում են անհարգալից արտահայտություններ մեղադրյալների ու նրանց պաշտպանների հասցեին։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը փորձում է սաստել նման իրավիճակները, երբեմն սանկցիա է կիրառում տուժողների նկատմամբ եւ նրանց հեռացնում դատարանի դահլիճից։  Դատարանին ուղղված գրության մեջ պաշտպանները ներկայացրել են, որ նախորդ դատական նիստից հետո նիստերի դահլիճում որոշ տուժողներ անհարգալից վարք են դրսեւորել եւ սպառնալից արտահայտություններ արել։ Նրանք պահանջում են հաջորդ նիստերն անցկացնել դատարանի ապակեպատ առանձնապատնեշով դահլիճում եւ հետայսու ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորած անձանց թույլ չտալ մասնացել նիստերին։ Պաշտպանները պնդում են, որ հակառակը հանգեցնելու է նիստերին իրենց մասնակցության անհնարինության, քանի որ պաշտպանի գործառույթն իրավական շահի պաշտպանությունն է, այլ ոչ թե դահլիճում լռելյայն ձեւական ներկայնության ապահովումը։ Այսպիսով՝ պաշտպանները դատարանին խնդրում են հաջորդ նիստին ապահովել արդար դատաքննության միջոցներ, այդ թվում՝ անվտանգային։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստին ներկայացած պաշտպան Արման Բայադյանից հետաքրքրվեց, թե ինչ է ենթադրում անվտանգային միջոցը։ Վերջինս ասաց, որ, օրինակ, ապակեպատ դահլիճը դրանցից մեկն է, մեկ այլ տարբերակ է կարգադրիչների կողմից անվտանգային միջավայր ստեղծելը կամ դատական սանկցիաների կիրառումը եւ ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորող անձանց նիստերի դահլիճից երկարաժամկետ հեռացումը։ Հանրային մեղադրող Գեւորգ Մղդեսյանը դատարանին խնդրեց հստակեցնել, թե ինչ անվտանգային սպառնալիքի մասին է խոսքը, դատարանը տեղյա՞կ է այդ միջադեպի մասին, սպառնալիքն իրակա՞ն է, թե՞ ոչ, ի վերջո ո՞րն է այն հիմքը, որից ելնելով պաշտպանական կողմը կարծում է, որ այս դահլիճում իրենց անվտանգությունը կասկածի տակ է դրվում։ Ձախից՝ հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը, աջից՝ տուժող Համլետ Այվազյանը Դատավորն ասաց, որ ինքը նոր է ծանոթանում այդ գրությանը, իսկ դրանում հիշատակված է նախորդ՝ հունվարի 8-ի նիստը։ Միաժամանակ, նա նշեց, որ նիստի ավարտից հետո դատավորը դուրս է եկել դահլիճից, եւ դրանից հետո ինչ է կատարվել՝ տեղյակ չէ։ Դատավորն ասաց, որ, ընդհանրապես, այն, ինչ կատարվում է նիստից հետո, դատավորը չի կարող վերահսկել կամ կարգավորել։ Արտուշ Գաբրիելյանը շեշտեց, որ նման միջադեպերը հարթելու համար կողմերը կարող են դիմել համապատասխան մարմիններին։ Հանրային մեղադրողն առաջարկեց լսել տուժողներին, որոնք ներկա են եղել ենթադրյալ միջադեպին։ Տուժողները, սակայն, պնդեցին, որ, որպես այդպիսին, սպառնալիքներ չեն հնչեցրել՝ միաժամանակ ընդունելով, որ պատահում է՝ հուզված ժամանակ իրենց զայրույթը կոպտորեն արտահայտեն։ Պաշտպան Բայադյանն, ի դեպ, դատարանում ասաց, որ անձամբ իր հասցեին սպառնալիքներ չեն հնչել։ Բայց Բայադյանի դիտարկմամբ եւս դահլիճում այնպիսի մթնոլորտ է լինում, որը խոչընդոտում է նիստի բնականոն ընթացքին։ Պաշտպանն առաջարկեց իրենց հասցեին որեւէ արտահայտության դեպքում սանկցիա կիրառել եւ արգելել հետագա նիստերին մասնակցությունը։ Դիմելով տուժողներին՝ նա ասաց․ «Ամենասկզբում մենք դիմել ենք յուրաքանչյուրին, շատ է լինում՝ որոշակի շփում ենք ունենում, բայց մեր նկատմամբ հարգանքը պետք է լինի, ոչ թե իրավունք ունեք հարգելու կամ ոչ, այլ պիտի՛ հարգեք, որովհետեւ հակառակ պարագայում դուք եք տուժելու։ Երբ մենք ձեր նկատմամբ ցուցաբերում ենք հարգանք, ինքս պահանջում եմ փոխադարձ հարգանք»։ Պաշտպանների գրությունն ու պատճառաբանությունները տուժողների վրդովմունքն արթնացրին։ Նրանք պաշտպանական կողմին մեղադրեցին իրենց զգացմունքները չհասկանալու մեջ։ Ավելին՝ տուժողների մոտ տպավորություն է, որ պաշտպանները հատուկ են ընտրել նման գործելաոճ, որպեսզի նիստերը հետաձգվեն եւ գործը հասնի վաղեմության ժամկետին։ Զոհված զինծառայողների հարազատները Անդրադառնալով նիստերն ապակեպատ դահլիճում իրականացնելու պաշտպանների առաջարկին՝ հանրային մեղադրողը չբացառեց այդ տարբերակը՝ նշելով, որ տուժողները իրավունք ունեն ապակեպատ հատվածից ներս գտնվելու, եւ դատարանը կարող է միայն որոշ անձանց արգելել ներս մտնել։  Նախագահող դատավորը նպատակահարմար չհամարեց նիստերն անցկացնել ապակեպատ դահլիճում՝ պարզաբանելով, որ շատ այլ գործեր են ընթանում այնտեղ, եւ եթե այս նիստերն էլ տեղափոխեն, ապա ստիպված է լինելու ամիսը մեկ անգամ նիստ նշանակել։ Դատավորը համաձայնեց պաշտպան Բայադյանի հետ, որ սանկցիաներն ավելի շատ պետք է կիրառվեն, բայց իրադրությունն այնպես կարգավորեն, որ մյուս տուժողները մեկ-երկուսի պատճառով չտուժեն։  Ի դեպ, նախագահող դատավորը նշեց, որ ապակեպատ դահլիճ է համարվում ապակիներից ներս ընկած հատվածը, եւ տուժողները, որպես դատավարության մասնակիցներ, իրավունք ունեն գտնվելու այդ հատվածում, ոչ թե դրսում, ինչն արդեն այդ դահլիճի ընտրությունն անիմաստ է դարձնում։ Նշենք, որ այս դատավարության մեկնարկին որոշ նիստեր անցկացվել են հենց ապակեպատ դահլիճում, իսկ տուժողները գտնվել են ապակիներից այն կողմ․ այդ հատվածում նույնիսկ նիստի ընթացքն էր դժվար լսելի։  Դատավորն ասաց, որ անձամբ կխոսի պաշտպանների հետ, եւ եթե հաջորդիվ որեւէ մեկը տեղից հունից դուրս գա, նիստերի դահլիճից հեռացվելու է եւ այլեւս հնարավորություն չունենա մասնակցելու դատական նիստին։ Դատավորը պաշտպան Բայադյանին առաջարկեց նիստի ավարտից հետո տուժող կողմի հետ շփում չունենալ, եթե հարկ լինի, կարող է թույլ տալ, որ պաշտպաններն ավելի շուտ դուրս գան դահլիճից՝ միջանցքում էլ իրար չպատահելու համար։  Այսօրվա նիստը հետաձգվեց՝ հիմք ընդունելով Քրեական դատավարության օրենսգրքի 273-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ դատական նիստին պաշտպանի չներկայանալու և տվյալ նիuտում նրան այլ պաշտպանով փոխարինելու անհնարինության դեպքում դատալսումները հետաձգվում են։  Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 4-ին։ Ինչում են մեղադրվում սպաները Ըստ մեղադրական եզրակացության՝ ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը պատերազմի ընթացքում իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել եւ չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։  73 զինծառայողները՝ ՊԲ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի ողջ անձնակազմը, զոհվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, երբ նրանց վրա հարձակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերը։ Նրանք Այգեստան չպիտի գնային, այլ համապատասխան երթուղով մեկնեին Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցնեին ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հրամանատարության ներքո։ Ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրամանատարի կողմից հոկտեմբերի 11-ին արձակած՝ մեկ վաշտ 18-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո ուղարկելու մարտական կարգադրության հիման վրա ՊԲ N զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը 7-րդ վաշտին նույն օրը տվել է մարտական կարգադրություն, որում չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։ Ապա նույն օրը կեսօրին Իշխանյանը ՊԲ օպերատիվ շտաբ է զեկուցել անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Ջալալ Հարությունյանը հանձնարարել է վաշտի երթի մասին տեղեկացնել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ երթի սկսման մասին չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը։ Այսպիսով, նրանց դիմավորող չի եղել եւ վաշտի անձնակազմը նախանշված տեղից ավելի է անցել ու հայտնվել շրջափակման մեջ։ Հայարփի Բաղդասարյան
17:20 - 21 հունվարի, 2025