Հռոմի Պապ

Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Վատիկանի պարտեզներում վեր խոյացող Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանին

Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Վատիկանի պարտեզներում վեր խոյացող Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Վատիկանում այցելել է Սուրբ Պետրոսի Մայր տաճար, շրջել տաճարում, դիտել տաճարի արտաքին որմնախորշում տեղադրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը: Նախագահ Սարգսյանը այցելել է նաև Վատիկանի թանգարաններ, դիտել Հռոմի պապերի արվեստի հավաքածուները, որոնք ընդգրկում են ամենահայտնի դասական քանդակներն ու Վերածննդի դարաշրջանի արվեստի գլուխգործոցները։  Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել և ծաղիկներ է դրել կաթոլիկ աշխարհի սրտում՝ Վատիկանի պարտեզներում, մեծ սրբերի կողքին վեր խոյացող, հայ ժողովրդի մեծ զավակ, Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանին: Նախագահը նշել է, որ Գրիգոր Նարեկացին ու նրա թողած ժառանգությունը քրիստոնյա երկու համայնքների համերաշխության հավերժական խորհրդանիշ են: Նախագահ Սարգսյանը եղել է նաև Վատիկանի պարտեզների այն հատվածում, որտեղ տեղադրված է Ամենայն Հայոց Գարեգին Ա կաթողիկոսի կողմից Հովհաննես Պողոս Բ Սրբազան Պապին 1996 թվականին նվիրած հայկական խաչքարը։
19:50 - 11 հոկտեմբերի, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այց կկատարի Սուրբ Աթոռ

Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այց կկատարի Սուրբ Աթոռ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ: Այցի ընթացքում նախատեսված է նախագահ Սարգսյանի առանձնազրույցը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ: Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև մշակույթի, գիտության և հումանիտար, ինչպես նաև միջեկեղեցական համագործակցությանը վերաբերող հարցեր: Նշվում է, որ այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդում, հանդիպում կունենա և մշակութային ոլորտում փոխգործակցության խորացման հարցեր կքննարկի Մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ: Հանդիպմանը կհետևի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
18:41 - 10 հոկտեմբերի, 2021
Արման Թաթոյանը Հռոմի Պապին զեկույցներ է ներկայացրել Ադրբեջանում հայ գերիների խոշտանգման մասին

Արման Թաթոյանը Հռոմի Պապին զեկույցներ է ներկայացրել Ադրբեջանում հայ գերիների խոշտանգման մասին

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Հռոմի Պապին երեք զեկույց է փոխանցել Ադրբեջանում հայ գերիների խոշտանգման մասին․ «Այս լուսանկարներում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին ներկայացնում եմ հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները: Հանդիպումից առաջ Սուրբ Աթոռի արձանագրային ծառայությունը տեղեկացրել էր, որ Պապի հետ անհատական ձեքսեղմման ժամանակ երկխոսություն գրեթե չի լինում, հնարավոր է միայն  ողջունել՝ 1-2 րոպե առավելագույնը տևողությամբ: Երբ Սրբազան Քահանայապետը մոտեցավ ինձ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց ինձ և ասաց, որ ես հատուկ խոսք ունեմ ասելու: Այդ պահին, նախ, երախտագիտությունս հայտնեցի Հռոմի Պապին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հարձակումները դադարեցնելու, Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ հայտարարությունների համար: Այնուհետև, նշեցի, որ հայ գերիների մի մասը կյանքի սպառնալիքի առաջ անօրինական պահվում է Ադրբեջանում և խոսեցի ՀՀ սահմանային բնակչությա դեմ ադրբեջանական խախտումների մասին: Այդ պահին նաև նշեցի, որ ինձ հետ բերել եմ այդ ամենն ապացուցող զեկույցներս ու հանձնեցի Պապին: Սրբազան Քահանայապետը վերցրեց զեկույցները, բացեց թերթեց և տեսավ նաև դաժանությունների վերաբերյալ նկարները: Շնորհակալություն հայտնեց կարևոր զեկույցների համար ու ասաց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այս հարցը նույնպես քննարկել են: Հետո օրհնության անհատական ողջույնի ժամանակ նորից հատուկ շնորհակալություն հայտնեց կարևոր աշխատանքի և զեկույցները փոխանցելու համար: Առանձին հանձնարարեց նաև իր օգնականին ուսումնասիրել և իրեն առանձին ներկայացնել դրանք: Հռոմի Պապին երեք զեկույց եմ փոխանցել. առաջինն այսպես կոչված «ռազմավարի պուրակի» մասին, որը մարդկային տառապանքների թանգարան է բաց երկնքի տակ, որի հիմքում հայատյացությունն է: Զեկույցն ապացուցում է, որ «ռազմավարի պուրակը»  ավելի է խրախուսում ատելությունը: Երկրորդ զեկույցն Ադրբեջանի պատասխանատվության մասին է հայ գերիներին խոշտանգելու համար՝ հիմնավոր ապացույցներով, իսկ երրորդը՝  գերիների ցուցմունքները քրեական գործի հիմքում դնելու արգելքի վերաբերյալ է: Զեկույցը հիմնավորում է, որ ադրբեջանական իշխնությունները հայ գերիների նկատմամբ անօրինական քրեական դատավարություններ են հարուցել նրանց այն ցուցմունքների հիման վրա, որոնք ստացել են խոշտանգումներով ու անմարդկային վերաբերմունքով»:
17:48 - 07 հոկտեմբերի, 2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Պապի հետ հանդիպմանը շեշտադրել է գերիների վերադարձի խնդիրը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Պապի հետ հանդիպմանը շեշտադրել է գերիների վերադարձի խնդիրը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 6-ին Վատիկանում հանդիպում է ունեցել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի ֆեյսբուքի պաշտոնական էջը: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել է 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին, հատկապես շեշտադրելով ռազմագերիների և հետպատերազմյան շրջանում գերության մեջ հայտնվածների վերադարձի խնդիրը։ Նորին Սրբությունը նաև շնորհակալություն է հայտնել Սրբազան Քահանայապետին պատերազմի ընթացքում հայ ժողովրդին և Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։   Հանդիպման ավարտին Հռոմի Քահանայապետն իր օրհնությունն է բաշխել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության անդամներին։   Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Մասնավորապես, արծարծվել են Արցախի ժողովրդի անվտանգությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցեր։ Առկա մարտահրավերների և խնդիրների հաղթահարման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծապես կարևորել է միջազգային հանրության դերակատարությունը։  
21:48 - 06 հոկտեմբերի, 2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իտալիայում հանդիպում կունենա Ֆրանցիսկոս Պապի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իտալիայում հանդիպում կունենա Ֆրանցիսկոս Պապի հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 5- մեկնեց Հռոմ (Իտալիա)՝ մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։«Համաժողովին Նորին Սրբությունը հանդես կգա բանախոսությամբ, նաև կքարոզի միջեկեղեցական աղոթքի արարողությանը։ Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ»,- այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից: Նշվում է, որ Նորին Սրբության պատվիրակության կազմում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Քարոզչական կենտրոնի և Մայր Աթոռում գործող Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը և Վեհափառ Հայրապետի գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:
15:19 - 05 հոկտեմբերի, 2021
Աղոթում եմ, որ օրհնվեն բոլոր այն մարդկանց ջանքերը, ովքեր աշխատում են հանուն ժողովրդի անվտանգության և բարգավաճման. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել նախագահին

Աղոթում եմ, որ օրհնվեն բոլոր այն մարդկանց ջանքերը, ովքեր աշխատում են հանուն ժողովրդի անվտանգության և բարգավաճման. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել նախագահին

Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։ Ուղերձում ասվում է. «Ձեր երկրի անկախության 30-ամյակի՝ սեպտեմբերի 21-ի տոնակատարության առիթով, Ձեզ եմ հղում ուրախ և ջերմ շնորհավորանքներս, ինչպես նաև բարօրության ու խաղաղության իմ մաղթանքները՝ ուղղված հայ ժողովրդին: Աղոթում եմ Ամենակարող Աստծուն, որպեսզի օրհնվեն բոլոր այն մարդկանց ջանքերը, ովքեր պատասխանատվությամբ ու լիարժեքորեն աշխատում են հանուն ժողովրդի անվտանգության և բարգավաճման: Թող որ աստվածային օրհնությունը լինի Հայաստանի ազգաբնակչության և Ձեզ հետ»։ 
13:10 - 21 սեպտեմբերի, 2021
Ցանկանում եմ աղոթել այն մարդկանց համար, որոնք անարդարացիորեն պահվում են օտար երկրներում․ Հռոմի պապ

Ցանկանում եմ աղոթել այն մարդկանց համար, որոնք անարդարացիորեն պահվում են օտար երկրներում․ Հռոմի պապ

Այսօր` սեպտեմբերի 19-ին, Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը Ս․ Պետրոս հրապարակում հավաքվածների համար աղոթքից հետո ասել է․ «Ցանկանում եմ աղոթել այն մարդկանց համար, որոնք անարդարացիորեն պահվում են օտար երկրներում, ու դժբախտաբար գոյություն ունեն մի քանի դեպքեր, տարբեր ու երբեմն բարդ իրավիճակներ։ Հույս ունեմ, որ արդարության  իրագործմամբ, այդ մարդիկ հնարավորինս շուտ կվերադառնան իրենց հայրենիքը»։ Այս մասին հայտնում են Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունից։ Նշենք, որ ավելի վաղ՝ ս․թ․ ապրիլի 4-ին, ԼՂ հակամարտությանը վերաբերող իր հերթական ուղերձում Հռոմի Պապն ուղղակիորեն անդրադարձել էր ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց՝ նշելով․ «Թող որ նա (Աստված) թույլ տա հակամարտությունների ընթացքում գերեվարվածներին, հատկապես արևելյան Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, ապահով, ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին՝ սանձելու նոր սպառազինությունների մրցավազքը»։  
18:14 - 19 սեպտեմբերի, 2021
Մեկնարկում է Հռոմի պապի այցը Հունգարիա և Սլովակիա |azatutyun.am|

Մեկնարկում է Հռոմի պապի այցը Հունգարիա և Սլովակիա |azatutyun.am|

azatutyun.am: Մեկնարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի առաջին արտասահմանյան ուղևորությունը վերջերս վիրահատության ենթարկվելուց հետո: Հռոմի պապը նախ Բուդապեշտում կարճատև կանգառ կանի, որտեղ նախատեսված է հանդիպում ծայրահեղ աջ պոպուլիստ համարվող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը սեպտեմբերի 12 -ին ընդամենը յոթ ժամ կանցկացնի Բուդապեշտում, կես ժամ կտևի նրա հանդիպումը Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերի հետ: Հռոմի պապը հետևողականորեն կոչ է անում կառավարություններին օգնել պատերազմից և աղքատությունից փրկված բոլոր կրոնների դավանող մարդկանց, իսկ Օրբանը հայտնի է որպես Եվրոպա մուտք գործել ցանկացող փախստականներից պաշտպանվող: Այցի կազմակերպիչների պնդմամբ` Հռոմի պապը հրավիրված է պատարագ մատուցելու՝ սեպտեմբերի 12 -ին փակելու միջազգային կրոնական համաժողովը, ի տարբերություն Սլովակիայի, ուր 84-ամյա հովվապետը պաշտոնական այցով է մեկնելու: Այս այցը նաև ավելի ընդգրկուն է, այն կտևի ավելի քան երկու օր:
11:43 - 12 սեպտեմբերի, 2021
Արամ Ա-ն Հռոմի Պապին խնդրել է նպաստել հայ ռազմագերիների վերադարձին

Արամ Ա-ն Հռոմի Պապին խնդրել է նպաստել հայ ռազմագերիների վերադարձին

Վատիկան մէջ վերջերս տեղի ունեցած Լիբանանի քրիստոնեայ հոգևոր պետերու ժողովի ընթացքին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը յարմար առիթով Ֆրանչիսկոս Պապին հետ առանձին անդրադարձաւ Արցախի պատերազմի հետևանքներուն և յատկապէս ցարդ Ազրպէյճանի մօտ գտնուող հայ գերիներու վերադարձի հարցին:   Վեհափառ Հայրապետը յիշեցուց, թէ միջազգային օրէնքի տրամադրութիւններուն դէմ է պատերազմի գերիներուն նկատմամբ Ազրպէյճանի ցուցաբերած հակաօրինական մօտեցումը: Նորին Սրբութիւնը իր ջերմ շնորհակալութիւնը յայտնեց Պապին, որ անդրադարձած էր գերիներու հարցին և խնդրեց, որ յարմար առիթով դարձեալ անդրադառնայ մեր ժողովուրդը յուզող յիշեալ հարցին՝ օգտակար հանդիսանալով գերիներու շուտափոյթ վերադարձին:   Հայրապետը նոյն հարցին շուրջ նաև խօսեցաւ Վատիկանի պետական քարտուղար Քարտինալ Փարոլինին հետ:   Այս մասին Վեհափառ Հայրապետը մանրամասնութիւններ փոխանցեց Վատիկանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Կարէն Նազարեանին:  
12:46 - 03 հուլիսի, 2021