ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

ՀՀ ԱԳ նախարար հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

ՀՀ ԱԳ նախարար հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սայիդ Խաթիբզադեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ օրակարգի հարցեր: Անդրադարձ է կատարվել կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Արարատ Միրզոյանը և Սայիդ Խաթիբզադեն անդրադարձ են կատարել Հայաստանում և Իրանում կազմակերպվող «Երևանյան երկխոսություն» և «Թեհրանի երկխոսություն» միջազգային ֆորումների միջև համագործակցության հարցերի: ՀՀ ԱԳ նախարարը և Իրանի ԱԳ նախարարի տեղակալը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների, խաղաղության ու կայունությանն ուղղված ջանքերի շուրջ: Երկուստեք ընդգծվել է տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման հարցում սկզբունքային մոտեցումը:
20:21 - 27 մայիսի, 2025
Արարատ Միրզոյանը և Բելեն Մարտինես Կարբոնեն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը

Արարատ Միրզոյանը և Բելեն Մարտինես Կարբոնեն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԱԳԱՔ) գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնեին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ Գործընկերության նոր օրակարգը՝ ընդգծելով, որ այս փաստաթուղթը նոր նշանակալի հանգրվան կլինի ԵՄ-ի հետ ՀՀ համապարփակ համագործակցության խորացման գործում։  Արարատ Միրզոյանը և Բելեն Մարտինես Կարբոնեն քննարկել են կոնկրետ մեխանիզմներ, որոնց լավագույնս իրացումը համապատասխանում է ՀՀ և ԵՄ կողմից բարձագույն մակարդակում արտահայտված՝ երկկողմ գործընկերությունը խորացնելու քաղաքական կամքին։ Անդրադառնալով ներկայիս աշխարհաքաղաքական միտումներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է համախոհ և ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված գործընկերությունների ամրապնդման և ժամանակին համապատասխան որոշումների կայացման կարևորությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։
16:48 - 27 մայիսի, 2025
Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնահերթությունները և գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնահերթությունները և գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։ Հանդիպումը կայացել է նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում վերջին շրջանում համատեղ ջանքերով ձեռք բերված արդյունքները և հույս հայտնել, որ երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը լրացուցիչ խթան կհանդիսանա համագործակցության զարգացման ուղղությամբ։ Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել տարբեր նախաձեռնությունների, այդ թվում՝ ոլորտային ուղղություններով ստորագրվելիք փաստաթղթերին, ինչպես նաև աջակցության շրջանակներում ԼՂ-ից տեղահանված երեխաների ու նրանց ուղեկցող անձանց Հունգարիայում հյուրընկալելու ծրագրին։ Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն քննարկել են նաև ՀՀ-ԵՄ  համագործակցության առաջնահերթությունները և գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ ներդրվող ջանքերը։
15:59 - 27 մայիսի, 2025
Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունն այնքան խնդրահարույց չէ, որքան կարելի է ենթադրել․ Միրզոյան
 |civilnet.am|

Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունն այնքան խնդրահարույց չէ, որքան կարելի է ենթադրել․ Միրզոյան |civilnet.am|

civilnet.am:  Եթե մեզ հաջողվի բեկում ապահովել Թուրքիայի հետ, ապա այդ բեկումը, անկասկած, հսկայական դրական ազդեցություն կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վրա: Սա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի գնահատականն է։ «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակներում Միրզոյանը նաև նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունն այնքան խնդրահարույց չէ, որքան կարելի է ենթադրել: «Եվ այժմ մենք հասել ենք այն կետին, որտեղ միակ բանը, որ կանգնած է այսօրվա և վաղվա միջև, երբ կարող են հաստատվել դիվանագիտական հարաբերություններ մեր երկու երկրների միջև, սահմանները վերջապես բացվել, և կապի խնդիրը լուծվել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների և երկխոսության ոչ լիովին ավարտված վիճակն է»,- ասել է Միրզոյանը: Արտգործնախարարն ընդգծել է, որ երկխոսությունը Թուրքիայի հետ Հայաստանը սկսել է՝ հաշվի առնելով, որ գործընթացը պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանի: Միրզոյանը նշել է, որ մեծ ջանքեր են գործադրվել՝ խոսելու Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Եվրամիության հետ հարաբերությունների խորացման մասին։ Հայաստանի գլխավորի դիվանագետի կարծիքով, եթե հիմա չապահովվեն իրական, շոշափելի արդյունքներ, ապա այս պահը, այս «դրական դինամիկան» կանհետանա։ «Կարծում եմ՝ ոչ միայն մեկ, ոչ միայն երկու կամ հինգ տարի կպահանջվի, այլ, գուցե, մի ամբողջ սերնդի փոփոխություն՝ առնվազն մեր դեպքում, մեր տարածաշրջանում, որպեսզի հնարավոր լինի վերականգնել այս երկխոսությունը, այս համագործակցությունը, որի ներուժն իսկապես գոյություն ունի՝ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ։ Եվ մենք այսօր իսկապես շատ, շատ մոտ ենք այդ հնարավորությանը։ Ուստի, կարծում եմ՝ սա թերևս միակ միտքն է, միակ շեշտադրումը, որտեղ հարկ եմ համարում անհամաձայնություն հայտնել»,- ասել է Միրզոյանը։
11:36 - 27 մայիսի, 2025
Արարատ Միրզոյանը ռազմավարական բնույթի է համարում Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները |armenpress.am|

Արարատ Միրզոյանը ռազմավարական բնույթի է համարում Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկու երկրների հագեցած երկկողմ օրակարգը և հարաբերությունների՝ համատեղ ձևավորված խճանկարը, ինչն այդ հարաբերությունները որպես ռազմավարական գնահատելու հիմք է տալիս։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Իհարկե, առաջին հերթին քննարկել ենք Հայաստան-Ֆրանսիա հագեցած երկկողմ օրակարգը և համատեղ ձևավորած խճանկարը մեր հարաբերությունների, ինչը դրանք որպես ռազմավարական գնահատելու հիմք է տալիս։ Միաժամանակ գետնի վրա մեր գործընկերությունը տալիս է շատ կոնկրետ արդյունքներ, ինչպիսին է, օրինակ, Վեդիի վերակառուցված ջրամբարը, որը միակ ծրագիրը չէ, որով Ֆրանսիան նպաստում է Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը ու նաև տնտեսական զարգացմանը։ Մենք համագործակցում ենք այնպիսի ոլորտներում, որոնք մի քանի տարի առաջ նույնիսկ չէին էլ կարող քննարկվել։ Այստեղ պետք է արժանին մատուցել Հայաստանի վարչապետ Փաշինյանին և Ֆրանսիայի նախագահ Մակրոնին։ Նրանց միջև ձևավորված գործընկերության շնորհիվ է նաև, որ մենք կարող ենք այսպիսի մեծ, հսկայական քայլերով առաջ մղել Հայաստան-Ֆրանսիա բարեկամությունը, որն ունի իր հիմքերը, որոնք խարսխվում են նաև պատմական համակրանքի և ժողովուրդների միջև բարեկամության ու սիրո վրա»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։ ՀՀ ԱԳ նախարարը հավելել է, որ հանդիպման ընթացքում ուշադրություն են դարձրել ենթակառուցվածքների զարգացմանը։ «Ֆրանսիական կողմի հետաքրքրությունն այդ գործում աճում է և առաջիկայում շատ շոշափելի և կոնկրետ նորություններ կունենանք։ Ապակենտրոնացված համագործակցության զարգացումն իր հերթին միտված է նպաստել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող շրջանների զարգացմանն ու դրանց դիմակայունության ավելացմանը։ Այդ համատեքստում կարևորել ենք ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովի անցկացումը։ Այստեղ էլ առաջիկայում շատ լավ և կոնկրետ նորություններ կունենանք»,- մանրամասնել է ՀՀ ԱԳ նախարարը։  Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարբեր ձևաչափերով տարբեր հարթակներում երկու երկրների միջև փոխգործակցության հնարավորություններին։  «Իհարկե, այս համատեքստում առաջնային նշանակություն ունի Հայաստանի ու ԵՄ-ի միջև գործընկերության խորացման ուղղությամբ մեր համագործակցությունը։ Ես շնորհակալություն եմ հայտնել ֆրանսիական կողմին ողջ գործընթացում Ֆրանսիայի կողմից շարունակաբար Հայաստանին ցուցաբերվող աջակցության և Հայաստանի ցանկությունների խրախուսման համար։ Որպես օրինակ կարելի է բերել վիզաների ազատականացումը, որի շուրջ Հայաստանում մեծ ակնկալիքներ կան։ Իհարկե, ԵՄ-ի հետ երկխոսությունն ընթանում է մեր ֆրանսիացի գործընկերների շատ գործուն աջակցությամբ և խրախուսմամբ։  Կառանձնացնեի նաև եվրոպական քաղաքական համայնքի ձևաչափը։ Օրեր առաջ գագաթաժողով կայացավ Տիրանայում և հայտարարվեց, որ 2026 թվականին այդ հավաքը լինելու է Երևանում։ Մենք, բնականաբար, շահագրգռված ենք այս հարթակով և առաջին իսկ օրվանից մեր ակտիվ մասնակցությունն ենք ունեցել։ Մեզ համար շատ արդյունավետ է այդ հարթակը։ Ֆրանսիայի և մյուս գործընկերների աջակցությամբ հաջորդ գարնանային ֆորումը կանցկացնենք Հայաստանում»,- հավելել է Արարատ Միրզոյանը։          Նա շեշտել է, որ Հայաստանի համար կարևոր է նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցությունը Ֆրանսիայի հետ։ Նրա խոսքով՝ Հայաստանն այստեղ ևս իր անելիքներն ունի։ «Մի քանի տարի առաջ մեզ մոտ ունեցանք գագաթաժողով, և այժմ Ֆրանկոֆոնիայի մարզական խաղերը երիտասարդների ներգրավմամբ նույնպես կանցկացվեն Հայաստանում»,- ասել է նա։ 
17:59 - 26 մայիսի, 2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի, կլինի խաղաղություն․ Փաշինյան
 |civilnet.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի, կլինի խաղաղություն․ Փաշինյան |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի, կլինի խաղաղություն։ Այս հայտարարությունն արել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Երևանյան երկխոսություն›› համաժողովին իր ելույթի ժամանակ։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, վարչապետը նշել է, որ դրա համար երկու խնդիր կա։ «Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը կապակցում է երկու խնդիրների հետ. դրանցից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է: ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել էր որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարթակ: Պետք է ասեմ, որ այդ կառույցի լուծարումն ընդունելի է մեզ համար, և մենք պատրաստ ենք առաջ շարժվել, բայց մյուս կողմից մենք ուզում ենք համոզվել, որ մենք և Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը, ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտության իրավիճակը փակելը և այն արտահանելը Հայաստանի տարածք»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60 տոկոսն անվանել, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջան»: «Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել «արևմտյան Ադրբեջան» Հայաստանի ինքնիշխան տարածքում: Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը և զուգահեռաբար դիմել ԵԱՀԿ-ին Մինսկի խմբի կառույցները լուծարելու հարցով: Կարծում եմ, որ դա կառուցողական առաջարկ է՝ սեղանին դրված ունենալ երկու փաստաթուղթ և ստորագրել դրանք միաժամանակ՝ նույն պահին և նույն վայրում»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը համաժողովի եվրոպացի հյուրերին ներկայացրել է Ադրբեջանի մյուս նախապայմանը, որը վերաբերվում է Հայաստանի սահմանադրությանը։ Բաքուն պնդում է, թե այն իբր տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանին: «Ընդհանուր առմամբ պարզ է, որ կողմերը միմյանց նկատմամբ պետք է որևէ տարածքային պահանջ չունենան, և դա շատ կարևոր նախապայման է խաղաղության համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ միակ կառույցը, որը կարող է պաշտոնապես հայտարարել, թե ինչ է պարունակում ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Սահմանադրական դատարանն է: Փաշինյանը ներկաներին տեղեկացրել է, որ նախորդ տարի Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են ստորագրել սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգը, որը երկու պետությունների միջև պատմության մեջ առաջին փաստաթուղթն է: Վարչապետը ներկայացրել է, որ նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ Սահմանադրական դատարանը նշել է, որ վերը նշված կանոնակարգը և դրա հիմքում ընկած Ալմա-Աթայի հռչակագիրն ամբողջությամբ համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Հայաստանի վարչապետը նաև նշել է, որ խաղաղության համաձայնագրում կա նաև կետ, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և հետագայում չեն կարող որևէ տարածքային պահանջներ ունենալ միմյանց նկատմամբ: Վարչապետի խոսքով՝ համաձայնագրում կա նաև կետ, ըստ որի՝ կողմերը չեն կարող իրենց ներպետական օրենսդրությունը վկայակոչել ու չկատարել պայմանագրի դրույթները: «Այս նրբությունները շատ կարևոր են, քանի որ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ համաձայնագիրը ստորագրելուց հետո մենք պարտավոր ենք ուղարկել այն Սահմանադրական դատարան, որպեսզի ստուգենք դրա համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը: Եթե վերջինս որոշում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում երկրի Սահմանադրությանը… մեր փորձագետներն ասում են, որ մեծ չէ հավանականությունը, որ Սահմանադրական դատարանը կարող է այդպիսի բան որոշել, բայց եթե դատարանը որոշի, որ փաստաթուղթը չի համապատասխանում Սահմանադրությանն, ապա մենք կունենանք շատ առանձնահատուկ իրավիճակ, որում պետք է որոշում կայացնել. այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ խաղաղության գործընթացը և պայմանագիրը չպետք է բաց թողնվեն և կփորձենք ու կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունն արվի տևական և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ այդ փաստաթուղթն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանն, ապա այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի այդ փաստաթուղթը վավերացնել Ազգային ժողովում, ինչից հետո այն ձեռք կբերի ամենաբարձր իրավաբանական ուժը Հայաստանում»,- ասել է վարչապետը:
12:29 - 26 մայիսի, 2025
Հայաստանի տեսլականը հստակ է՝ հարաբերությունների կարգավորում մեր երկու հարևանների հետ․ Միրզոյան |hy.armradio.am|

Հայաստանի տեսլականը հստակ է՝ հարաբերությունների կարգավորում մեր երկու հարևանների հետ․ Միրզոյան |hy.armradio.am|

hy.armradio.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 23-ին կայացած «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի իր ելույթում անդրադարձել է գլոբալ անկայունությանը, կլիմայական փոփոխություններին, աշխարհաքաղաքական զարգացումներին և տարածաշրջանային խաղաղության հեռանկարին՝ շեշտելով համաշխարհային համագործակցության և քաղաքական համարձակ որոշումների անհրաժեշտությունը։ Նախարարի խոսքով՝ աշխարհը կանգնած է խորացող ճգնաժամի առաջ, որն ունի լրջագույն հետևանքներ՝ թե՛ տնտեսության, թե՛ միլիոնավոր մարդկանց առօրյա կյանքի վրա։ «Կլիման այլևս չի հետևում մեզ ծանոթ օրինաչափություններին, իսկ մարդկությունը բախվում է անորոշությանը, ինչը խուճապի և անկայունության զգացողություն է առաջացնում»,- ասել է նա։ Միրզոյանը նշել է, որ մարդն առաջին անգամ չէ, որ հաղթահարում է անորոշությունը։ Հիշեցնելով COVID-19 համավարակը, գիտության պատմական մարտահրավերները և աշխարհագրական հայտնագործությունները, նախարարը շեշտել է, որ «մարդկությունը միշտ էլ դիմագրավել է անորոշություններին՝ վերածելով դրանք զարգացման հնարավորություն»։ Խոսելով Հայաստանի մոտեցումների մասին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ երկիրը նպատակ ունի խթանել համագործակցությունը, կապերի ընդլայնումը, տնտեսական զարգացումը, ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդումը՝ ուշադրության կենտրոնում պահելով մարդկային կապիտալի զարգացումը։ Նախարարն իր ելույթում վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ հաղթահարելու առճակատումները և խթանելու համագործակցությունը։ «Մեր տարածաշրջանում մենք վճռորոշ ընտրություն ենք կատարում՝ կառուցելու ապագա, որը ձևավորված չէ անցյալի դժգոհություններով, այլ լավատեսությամբ և հույսով լի տեսլականով, որը խարսխված է իրական հնարավորությունների վրա: Պատմությունը չի ավարտվել, այն չի կարող մոռացվել: Այն չի կարող վերաշարադրվել, այդ թվում՝ կեղծ պատմությունների միջոցով, որոնք ոմանք կարող են փորձել խթանել: Մինչ սպիները մնում են, և բուժումը շարունակվում է, մենք պետք է առաջ շարժվենք դեպի ավելի լավ ապագա։ Այնուամենայնիվ, մենք գիտենք, որ խաղաղությունը հեշտ նվաճում չէ։ Այն շարունակական գործընթաց է, որը մղվում է քաջարի դիվանագիտության, փոխըմբռնման և վստահության կառուցման միջոցով։ Հայաստանի տեսլականը հստակ է՝ հարաբերությունների կարգավորում մեր երկու հարևանների հետ՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար հարգանքով, որևէ կողմի կողմից տարածքային պահանջների միանշանակ մերժում և մյուսների հետ ավանդական բարեկամական հարաբերությունների խորացում»,- ասել է նախարարը։
11:03 - 26 մայիսի, 2025
Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, դրանք տեղի են ունենում մեր աչքի առաջ, և մենք դա տեսել ենք սեփական փորձով. Միրզոյան |1lurer.am|

Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, դրանք տեղի են ունենում մեր աչքի առաջ, և մենք դա տեսել ենք սեփական փորձով. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Մեկնարկել է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովը: Բացման խոսքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, Երևան ժամանած բարձրաստիճան հյուրերին: «Խորապես հպարտ ենք մեր մայրաքաղաքում ձեզ հյուրընկալելու այսպիսի համաժողովի շրջանակում, որը ձգտում է լինել ավելին, քան պարզապես համաժողով, հարթակ՝ մտորումների, համագործակցության և հեռանկարայնության համար:  Քիչ առաջ էկրանին դիտեցիք, թե ընդամենը երկու շաբաթ առաջ «Նավարկելով անհայտության միջով» վերնագրի ներքո ինչպես պատկերեցինք աշխարհը փոխող վերջին զարգացումներից մի քանիսը:  Ակնհայտ է, թե երկու շաբաթվա ընթացքում որքան թարմացումներ են անհրաժեշտ, քանի նոր՝ նշանակալի իրադարձություններ են տեղի ունեցել, և դեռևս անհայտ է, թե ինչպես կզարգանան այդ իրադարձությունները վաղը»,- ասաց Միրզոյանը: Նրա խոսքով՝ ականատես ենք եղել դրական և քաջալերող զարգացումների, բայց զուգահեռ նկատել ենք նաև, թե քանի պայմանավորվածության շուրջ է համաձայնություն ձեռք բերվել կամ չի բերվել: Ըստ Միրզոյանի՝ այս տարվա թեման՝ «Նավարկելով անհայտության միջով», ուղղակիորեն արտացոլում է մեր ժամանակների ոգին: «Աշխարհը ենթարկվում է սեյսմիկ փոփոխությունների՝ աշխարհաքաղաքականության, տնտեսության, տեխնոլոգիաների և կլիմայի առումներով: Ներկայիս փոթորկահույզ իրավիճակում ազգերը կորցնում են իրենց կողմնացույցը, և այդ փոփոխությունների վերաբերյալ միայն մեկ բան է հաստատ՝ բոլորս գիտենք, որ այդ փոփոխությունների ձևավորած ուղին և վերջնական հանգրվանը շարունակում են բացարձակապես անհայտ մնալ:  Վերջին մի քանի տարիներին շատ ենք խոսել աշխարհում տեղի ունեցող անորոշությունների, անսովոր երևույթների և զարգացումների մասին, այնպիսի բաների մասին, որոնց դրսևորման հավանականությանը Երկրորդ աշխարհամարտից հետո ոչ ոք չէր կարող հավատալ: Միջազգային իրավունքի սկզբունքները, այդ թվում՝ տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը, որոնք ժամանակին սրբազան էին համարվում, կորցրել են իրենց կշիռը: Այժմ դրանք թվում են պարզապես գեղեցիկ բառեր, որոնք ամրագրվել են հռչակագրերում ու կանոնադրություններում, սակայն շատ հաճախ՝ ապարդյուն:  Դաշինքները կորցնում են իրենց ամբողջականությունը, երբեմնի անսասան կապերը խարխլվում են: Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, դրանք տեղի են ունենում մեր աչքի առաջ, և մենք դա տեսել ենք սեփական փորձով՝ մեր սահմաններին մոտ: Տառապանքն Ուկրաինայում և Գազայում մեկուսի դեպքեր չեն: Դրանք նաև համակարգային ձախողումների արտացոլանքն են: Հիբրիդային պատերազմի երբեմնի ուրվականն այժմ դարձել է անհերքելի իրականություն»,- ընդգծեց ԱԳ նախարարը:
10:40 - 26 մայիսի, 2025
ԱԳ նախարարի տեղակալը և ՀՀ-ում Քուվեյթի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ԱԳ նախարարի տեղակալը և ՀՀ-ում Քուվեյթի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մայիսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Մուհամմադ Տարիկ Ալի Ալ-Օրայֆանին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք իր առաքելության ընթացքում: Կարևորելով Հայաստանի և Քուվեյթի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները՝ Վահան Կոստանյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն առավելագույն ջանքեր կգործադրի երկու երկրների միջև համագործակցության խթանման և ամրապնդման ուղղությամբ: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր՝ երկուստեք կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հսկայական ներուժն իրացնելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
09:12 - 26 մայիսի, 2025