ՄԻԵԴ

Ստրասբուրգում 1959թ․ հիմնված միջազգային դատարան։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։

Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների եւ երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաեւ պետությունների ներկայացրած բողոքները քննելու միջոցով։

Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից եւ երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։

Այսօր ՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին

Այսօր ՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով:  Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Ադրբեջանը դիմել էր Եվրոպական դատարան՝ պահանջելով վերացնել միջանկյալ միջոց կիրառելու որոշումը: Միաժամանակ Ադրբեջանը պահանջել էր միջանկյալ միջոցներ կիրառել Հայաստանի դեմ, այն է՝ «ձեռնարկել իր իրավասությունից բխող բոլոր միջոցները ուղղված Ռուս խաղապահների ժամանակավոր տեղակայման վայրում գտնվող Ադրբեջանի տարածքում բժշկական անհետաձգելի օգնության կարիք ունեցող մարդկանց համարժեք բուժմանը և խուսափել այս ուղղությամբ որևէ խոչընդոտ ստեղծելուց»: Ի պատասխան Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը 2022 թվականի դեկտեմբերին և 2023 թվականի հունվարին Եվրոպական դատարան է ուղարկել պարբերաբար թարմեցվող տեղեկություն Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր վիճակի մասին: Միաժամանակ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Եվրոպական դատարանից պահանջել էր անհապաղ ծանուցում ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը չկատարելու վերաբերյալ:  Եվրոպական դատարանը, հաշվի առնելով կողմերի ներկայացրած փաստարկները, այսօր մերժել է Ադրբեջանի պահանջներն ամբողջությամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը թողելով ուժի մեջ: Եվրոպական դատարանը մերժել է նաև Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ադրբեջանի պահանջը:
20:24 - 16 հունվարի, 2023
ՄԻԵԴ-ը չէր կարող Ադրբեջանին պարտավորեցնել «ճանապարհը բացել». Եղիշե Կիրակոսյանը պարզաբանում է դատարանի որոշումը
 |hetq.am|

ՄԻԵԴ-ը չէր կարող Ադրբեջանին պարտավորեցնել «ճանապարհը բացել». Եղիշե Կիրակոսյանը պարզաբանում է դատարանի որոշումը |hetq.am|

hetq.am: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մանրամասները՝ Հայաստանի պահանջով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ: Եղիշե Կիրակոսյանը «ճիշտ և օբյեկտիվ իրականությունն արտացոլող» որակեց ՄԻԵԴ-ի որոշումը՝ նշելով, որ դրան պետք է հետևի նաև քաղաքական ուղղությամբ աշխատանքը: Թեև ՄԻԵԴ-ը երեկ Ադրբեջանին պարտավորեցրել է անհրաժեշտ և բավարար միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը, սակայն ճանապարհը դեռ փակ է: ՄԻԵԴ-ի որոշումը գործում է կողմերի ծանուցման պահից, այսինքն՝ երեկվանից: Հետևաբար Ադրբեջանը պետք է քայլեր ձեռնարկի: Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից «գերքայլեր» չեն ակնկալում, իսկ կիրառվող գործիքակազմն ունի սահմանափակումներ: Կիրակոսյանի խոսքերով՝ ֆորմալ առումով Եվրոպական դատարանը նախարարների կոմիտեին ծանուցելու հնարավորություն ունի: Վերջինս, որպես քաղաքական մարմին, հետևում է ՄԻԵԴ-ի որոշումների կատարման ընթացքին: Կոմիտեն անհրաժեշտության դեպքում պետք է միջամտի այդ հարցերին՝ հասկանալու համար, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի ավելացնի Ադրբեջանի նկատմամբ ճնշումը: Միջազգային դատարանների մոտեցումները տարբերվում է ներպետական դատարանների մոտեցումներից: Միջպետական հարաբերություններում իրականությունը բազմաշերտ է և այս կամ այն կերպ խոչընդոտում է գործընթացներին: Սակայն, սանկցիաները միակ ռեալ միջոցներն են, որ պետության մոտ կարող են վարքագիծ փոխվել: Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ այդ սանկցիաներին հասնելը փոքր–ինչ դժվար է, սակայն անհույս վիճակ չէ: Պետք է անընդհատ աշխատել և իրավական գործընթացների արդյունքում կայացված որոշումները կարող են ազդեցություն ունենալ տարբեր ուղղություններով: Ե. Կիրակոսյանն ասաց, որ ՄԻԵԴ-ում պահանջ էր դրվել ապաշրջափակել Լաչինի միջանցքը, սակայն ՄԻԵԴ-ն իր երեկվա որոշման մեջ նեղացրել է շրջանակը: Կիրակոսյանը նշեց, որ ՄԻԵԴ-ի կողմից նման ձևակերպումներով որոշումն ունի պատճառներ ու Կոնվենցիայով նախատեսված սահմանափակումներ: Այդ իսկ պատճառով ՄԻԵԴ-ը շեշտադրել է կյանքի իրավունքի և անմարդկային վերաբերմունքի դրսևորումների վերացումները, այլ ոչ ճանապարհն ընդհանրապես բացելը: «Դատարանը երբեք նման բան չէր ասի: Դատարանը ցանկացած իր գործողություն պետք է կապի կոնկրետ իրավունքի հետ, այս դեպքում Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքների հետ: Ուրիշ ձև հնարավոր չէր անել»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը՝ արժևորելով և կարևորելով կայացված որոշումը: Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ Արդարադատության միջազգային դատարանում հարցն ավելի խորացնելով՝ գուցե լրացուցիչ երաշխիքներ ստանան: Այդ ուղղությամբ արդեն աշխատում են: Նշենք, որ Արդարադատության միջազգային դատարանում այլ շեշտադրումով է գործը քննվում՝ հիմնվելով ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման դրույթների վրա: Ինչ վերաբերում է Արցախում պարենային անվտանգության հարցին, ապա Կիրակոսյանն ասաց, որ ՄԻԵԴ-ին ներկայացրել են տեղեկություններ, այդ թվում՝ դեղորայքի անհրաժեշտության մասին: Ընթացքում այդ տեղեկատվությունը ևս թարմացվելու է: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:34 - 22 դեկտեմբերի, 2022
Եվրոպական դատարանի որոշումը կարող է մեծ քաղաքական ազդեցություն ունենալ. Սիրանույշ Սահակյան
 |news.am|

Եվրոպական դատարանի որոշումը կարող է մեծ քաղաքական ազդեցություն ունենալ. Սիրանույշ Սահակյան |news.am|

news.am: Եվրոպական դատարանի որոշումը կարող է ունենալ մեծ քաղաքական ազդեցություն, բազմաթիվ եվրոպական երկրներ նաեւ աշխարհաքաղաքական նկրտումներից ելնելով, հենվելով Եվրոպական դատարանի դատական ակտի վրա` լեգիտիմորեն կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա եւ պարտադրել միջանցքի օր առաջ բացումը եւ շրջափակումը: Այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը` անդրադառնալով ՄԻԵԴ որոշմանը` Լաչինի միջանցքը բացելու հարցով Հայաստանի հայցի վերաբերյալ: Նրա խոսքով` եթե դատարանի անհապաղ միջոցի որոշման ակտը չի կատարվում, ապա  ծանուցում է գնում Նախարարների կոմիտե, որն էլ կարող է քաղաքական միջոցներ ձեռնարկել: Անդրադառնալով ՄԻԵԴ-ի կայացրած որոշմանը, Սահակյանը նշեց, որ դատարանը դրական եւ սկզբունքային մոտեցմամբ է գործել:  «Այստեղ կառավարության ձեւակերպումը ավելի լայն եմ տեսնում ԼՂ-ում բնակվող անձինք, իսկ դատարանը այլ չափանիշ է դրել` առողջական խնդիրներ ունեցող եւ ճանապարհորդող, որոնք ճանապարհին մնացել են առանց ապաստանի եւ գոյության միջոցների, ընդ որում հատուկ մատնանշված չէ հենց ԼՂ-ում ապրելու հանգամանքը, այսինքն` դատարանի կիրառած միջոցը, որոշակի առումով ավելի լայն է, քան կառավարության հայցումը, որովհետեւ չի սահմանափակվում միայն Արցախում բնակվող բնակիչներով, բայց մյուս կողմից էլ մի հատվածով նեղ է, որովհետեւ չափանիշ է դնում առանց ապաստարանի եւ գոյության միջոցների մնացած անձինք, ովքեր արգելափակվել են ճանապարհին, ինչը նշանակում է, որ եթե արգելափակվել են, բայց ապաստարանի տեղ ունեն, կամ ունեն բավարար միջոցներ ճանապարհին մնալու կամ ապրելու, այդ անձանց նկատմամբ չի տարածվում: Բոլոր դեպքերում կարծում եմ, որ դրական եւ սկզբունքային մոտեցմամբ է գործել դատարանը եւ արձանագրել է նաեւ Լաչինի միջանցքի մարդասիրական նշանակությունը»,-ասաց նա: Սահակյանի խոսքով` դատարանի այս տեսակի որոշումը ենթադրում է անհապաղ կատարում, Ադրբեջանը հենց այս պահից էլ պետք է սկսի այն ի կատար ածել: Հիշեցնենք, որ Հայաստանը դեկտեմբերի 15-ին, 16-ին, 20-ին և 21-ին միջանկյալ միջոց կիրառելու պահանջ և լրացուցիչ տեղեկատվություն էր ներկայացրել Եվրոպական դատարան՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ «Լաչինի միջանցքով» անցնող ճանապարհի արգելափակման հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումները վերացնելու համար: Եվրոպական դատարանը որոշել է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
09:36 - 22 դեկտեմբերի, 2022
Մանրամասներ Եվրոպական դատարանի՝ ՀՀ կառավարության ներկայացրած՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ

Մանրամասներ Եվրոպական դատարանի՝ ՀՀ կառավարության ներկայացրած՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Եվրոպական դատարանը ուսումնասիրել է ՀՀ կառավարության ներկայացրած` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջը: Այս մասին ասված է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի Ֆեյսբուքի էջում:   «Նշելով, որ այս պահին վիճելի է «Լաչինի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության առկայության հարցը, ինչպես նաև հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, «երաշխավորելու Լաչինի միջանցքով երկկողմ ուղղությամբ տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը», և հիշեցնելով Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները՝ Եվրոպական դատարանը որոշել է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:   Միաժամանակ, Եվրոպական դատարանը որոշել է առաջնահերթություն տալ Հայաստանի ներկայացրած թիվ 4 գանգատին՝ Դատարանի կանոնակարգի 41-րդ կանոնի համաձայն:   Հիշեցնենք, որ Հայաստանը ս.թ. դեկտեմբերի 15-ին, 16-ին, 20-ին և 21-ին միջանկյալ միջոց կիրառելու պահանջ և լրացուցիչ տեղեկատվություն էր ներկայացրել Եվրոպական դատարան՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ «Լաչինի միջանցքով» անցնող ճանապարհի արգելափակման հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումները վերացնելու համար»,- ասված է գրառման մեջ:
20:11 - 21 դեկտեմբերի, 2022
Միջանցքի ապաշրջափակման հարցով ՀՀ-ն դիմել է նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան․ Դրմեյան

Միջանցքի ապաշրջափակման հարցով ՀՀ-ն դիմել է նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան․ Դրմեյան

Դեկտեմբերի 14-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց բացի ՀՀ-ն դիմել է նաեւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։ «Մեդիա կենտրոն»-ում ընթացող ասուլիսի ժամանակ ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։ «Դիմել ենք նամակով՝ խնդրելով Ադրբեջանին փոխանցել մեր այն դիրքոոշումը, որ Բերձորի միջանցքը պետք է ապաշրջափակվի 48 ժամվա ընթացքում, որպեսզի հնարավորություն տրվի ապահովել մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, դա չիրականացնելու դեպքում կներկայացվի նախականխիչ միջոց ձեռնարկելու նոր դիմում»,- ասաց Դրմեյանը՝ հավելելով, որ րոպեների ընթացքում ծանուցում են ստացել դատարանից, որ նամակը փոխանցվել է Ադրբեջանին։ Անդրադառնալով ՄԻԵԴ ուղարկված՝ միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմումին՝ Դրմեյանն ասաց, որ այն ներառում է երկու բաղադրիչ․ առաջինը միջանցքի ապաշրջափակումն ու անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ապահովումն է, երկրորդը ներառում է այն անձանց տվյալները, որոնք ունեն անհապաղ ՀՀ տեղափոխվելու անհրաժեշտություն՝ իրենց առողջական վիճակով պայմանավորված։ Դրմեյանի խոսքով՝ երեկ երեկոյան ՄԻԵԴ է ուղարկվել դիմումի լրացում, քանի որ անհապաղ բուժօգնության կարիք ունեցող անձանց թիվը Արցախում ավելացել է։ ՄԻԵԴ-ը, ըստ Դրմեյանի, դիմումի վերաբերյալ որոշումը կայացրել է հենց այս լրացումն ուղարկելուց 1-2 ժամ հետո՝ պատասխանելու համար Ադրբեջանին ժամանակ տալով մինչ երկուշաբթի։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի գնահատմամբ՝ եթե 44-օրյա պատերազմի ակտիվ փուլում միջանկյալ միջոց կիրառելու դիմումներին Ադրբեջանը շատ պասիվ էր արձագանքում կամ երբեմն չէր արձագանքում, հետպպատերազմյան շրջանում, մասնավորապես, 2021 թվականի նոյեմբերի, ապա 2022 սեպտեմբերի ագրեսիայի հետ կապված ձեռնարկված իրավական գործընթացներին շատ արագ էր արձագանքում կամ որոշակի ինֆոմացիա էր տրամադրում որոշակի կոնկրետությամբ․ «Սա ենթադրում է, որ այս պրոցեսները որոշակի ազդեցություն ունենում են, եթե զուգորդված են իրավապաշտպան այլ կառույցների զեկույցների, միջազգային հանրության, պետությունների ղեկավարների կամ քաղաքական լիդերների արձագանքով»,- ասաց Դրմեյանը։
13:22 - 16 դեկտեմբերի, 2022
Արտակ Զեյնալյանը մանրամասներ է հայտնել՝ ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ-ի այօր կայացրած վճռի մասին

Արտակ Զեյնալյանը մանրամասներ է հայտնել՝ ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ-ի այօր կայացրած վճռի մասին

ՄԻԵԴ-ում Սամվել Մնացականյանի շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը ֆռեյսբուքյան իր էջում գրել է․   «Այսօր ՄԻԵԴ-ը կայացրել է վճիռ՝ դատավոր Սամվել Մնացականյանի գործով, որով ճանաչել է դատարանի մատչելիության իրավունքի խախտումը, հայաստանյան դատարանները մերժել էին վարույթ ընդունել է քննել դատավորի հայցը, որով բողոքարկում էր Արդարադատության խորհրդի՝ իրեն պաշտոնից ազատելու մասին որոշման օրինականությունը: Հայաստանյան դատարանները ամրագրեցին, որ մարդը, եթե նա՝ դատավոր է, Հայաստանում չունի և չպետք է ունենա իր իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ դատական պաշպանության իրավունք:   Հիշեցնենք, որ դատավորը 2011թ ակնհայտ անմեղ մեղադրյալի (կարճ ժամանակ անց, առանց դատարան հասնելու՝ արդարացվեց) կալանքը փոխարինել էր գրավով՝ դատական նիստին ներկա դատախազի համաձայնությամբ, սակայն նրա նկատմամբ հետապնդում սկսվեց, քանի որ դրա վերաբերյալ «վերևից» հրահանգ չէր ստացել և գործել էր՝ «ինքնագլուխ»: Նախորդ ռեժիմների ժամանակաշրջանում կալանքից նվազ խափանման միջոց նշանակելու հարցը որոշվում էր «Բաղրամյան 26 ում» և հրահանգը կարող էր դատավորին փոխանցեր դատական ամենավերին պաշտոնից և դատավոր Մնացականյանը պատժվեց, որպեսզի որևէ այլ դատավորի մտքով չանցնի՝ շեղվել հաստատված կարգից. եթե չկա հրահանգ, որ կալանք չի կիրառվելու, ապա լռելյայն՝ պետք է կիրառվի կալանք:   Այսօրվա վճռում Եվրոպական դատարանը հայտարարել է, որ Կոնվենցիայի իմաստով և, Հայաստանի պարագայում, բացակայում է որևէ օբյեկտիվ հիմք, որով օրենսդիրը զրկել է դատավորին իր լիազորությունները դադարեցնելու մասին Արդարադատության խորհրդի որոշումը դատարանում բողոքարկելու հնարավորությունից (տե՛ս վճռի կետ 57)։   Շատ կարևոր է այն հանգամանքը, որ դատավոր Մնացականյանի փաստաբանները՝ ես և Արա Ղազարյանը, այդ հիմնավորումները և փատարկները ներկայացրել էինք հայաստանյան դատարաններիn, սակայն նրանք անտեսել էին մեր հիմնավորումները, իսկ դրանք բավարարելու և մարդու՝ դատավորի իրավունքները վերականգնելու լիազորություն, իրավասության, պարտականություն ունեին հայաստանյան դատավորներն ու դատարանները: Թեև Եվրոպական դատարանը բավարարել է մեր բողոքը, սակայն, մեր վստահորդը 2021թ, ցավոք, հեռացավ կյանքից ու չտեսավ արդարության հաղթանակը:   Կարծում ենք, Հայաստանում մարդու իրավունքների երաշխավորումը, ապահովումն ու պաշտպանությունը, արդարության հաստատելը մեր երկիրը չպետք է թողնի միջազգային դատական ատյաններին (որոնց վճիռներին հասնում են հազարավորներից հատուկենտները, այն էլ՝ 11 տարի անց ու, ոչ հազվադեպ՝ հետմահու), այլ՝ պետք է ինքը պաշտպանի ու վերականգնի: Հայաստան պետությունը, Նրա պաշտոնատար անձինք պետք է անկեղծորեն գիտակցեն (նվիրված լինեն գաղափարին), որ մարդը, նրա իրավունքները բարձրագույն արժեք են, որ իրենց պարտականությունն է դրանց հարգումն ու պաշտպանությունը, որ իրենք սահմանափակված են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Շնորհավորում Սամվել Մնացականյանի ընտանիքին, Հայաստանի հասարակությանը, գործընկերոջս՝ Արա Ղազարյանին այս կարևոր հաղթանակի համար»:  
20:08 - 06 դեկտեմբերի, 2022
Ոստիկանության բաժանմունքում մահացած Վահան Խալաֆյանի գործով ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել |hetq.am|

Ոստիկանության բաժանմունքում մահացած Վահան Խալաֆյանի գործով ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել |hetq.am|

hetq.am: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Վահան Խալաֆյանի գործով այսօր Հայաստանի դեմ վճիռ է կայացրել: Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքներն արդյունավետ չքննելու և մեղավորներին պատասխանատվության չենթարկելու պայմաններում, ՄԻԵԴ-ն արձանագրել է Եվրոպական Կոնվենցիայով երաշխավորված` կյանքի և խոշտանգումների արգելքի իրավունքների խախտում: Հայաստանի կառավարությունը տուժողի իրավահաջորդներին` Վահանի մորը և ազգականներին, պետք է վճարի 50 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: Վահան Խալաֆյանի ազգականների իրավունքները ՄԻԵԴ-ում ներկայացրել են փաստաբան Արա Ղազարյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: 2010թ. ապրիլի 6-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ գողության դեպքի առթիվ: Ապրիլի 13-ին Վահան Խալաֆյանը և ևս երեք անձ գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Չարենցավանի բաժին: Վահան Խալաֆյանը ձերբակալվել է: Սակայն համապատասխան մատյանում որևէ գրառում այդ մասին չի կատարվել: Վահան Խալաֆյանը հրաժարվել է ինքնախոստովանական ցուցմունք տալ, ինչի հետևանքով ոստիկանության բաժնում` քրեական հետախուզության բաժանմունքի պետի կողմից բռնություն է գործադրվել նրա նկատմամբ՝ բռունցքներով և ոտքերով հարվածելով մարմնի տարբեր մասերին: Ավելի ուշ կազմվել է անձին ոստիկանություն բերման ենթարկելու արձանագրություն, որտեղ ոստիկանություն բերման ենթարկելու ժամը կեղծվել է: Կարճ ժամանակ անց, պաշտոնական վարկածի համաձայն, Վահան Խալաֆյանը, աշխատասենյակի պահարանից վերցնելով այնտեղ պահվող խոհանոցային դանակը, երկու անգամ հարվածել է իր որովայնին` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Տեղում նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ապա` շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել են Չարենցավանի բժշկական կենտրոն, սակայն վերջինիս կյանքը փրկել չի հաջողել և նա ստացված մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Խալաֆյանի մայրը և հարազատները վիճարկել են պաշտոնական վարկածը և պնդել, որ իրականում Վահան Խալաֆյանը կորցրել է գիտակցությունը վատ վերաբերմունքի հետևանքով ստացած գլխուղեղի վնասվածքի պատճառով: Հանցագործությունը կոծկելու համար ոստիկանները որոշել են ինքնասպանության շղարշ ստեղծել՝ Վահան Խալաֆյանի որովայնին երկու անգամ դանակահարելով։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Փորձագետը, բացի դանակի հարվածների հետևանքով առաջացած վնասվածքներից, այլ վնասվածքներ ևս արձանագրել էր Խալաֆյանի մարմնի տարբեր մասերին: Մեղադրանք է առաջադրվել Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանին, քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մորես Հայրապետյանին, ավագ օպերլիազորներ Գարիկ Դավթյանին  և Գագիկ Ղազարյանին: Ըստ մեղադրական եզրակացության` հանդիսանալով պաշտոնատար անձինք, ակնհայտ դուրս գալով պաշտոնական լիազորությունների շրջանակներից՝ բռնություն են գործադրել բերման ենթարկված անձի նկատմամբ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2010թ. Աշոտ Հարությունյանին դատապարտել էր ազատազրկման` 8 տարի ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով: Մորես Հայրապետյանն ազատազրկվել էր 2 տարով, իսկ Գարիկ Դավթյանն ու Գագիկ Ղազարյանը ճանաչվել էին անմեղ և արդարացվել էին: Վերաքննիչ դատարանը 2011թ. տուժող Խալաֆյանի իրավահաջորդների և մեղադրող դատախազի վերաքննիչ բողոքները մերժել է`ուժի մեջ թողելով առաջին ատյանի դատարանի վճիռը: Վերաքննիչ դատարանը Մորես Հայրապետյանի նկատմամբ կիրառել է համաներում և ազատել պատժից, իսկ Աշոտ Հարությունյանի պատիժը կրճատել էր 1/3-րդով: Վճռաբեկ դատարանը վերադարձրել էր բողոքները` այդպիսով օրինական ուժ տալով վերաքննիչ դատարանի որոշմանը: Դրանից հետո միայն Վահան Խալաֆյանի հարազատները դիմել են ՄԻԵԴ` հիմնավորելով, որ խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների արգելք) հոդվածները: Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը պնդել է, որ դիմումատուները չեն կարող պնդել, որ իրենք եղել են Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտման զոհ, քանի որ հետաքննությունը պարզել է Վահան Խալաֆյանի մահվան և դաժան վերաբերմունքի հանգամանքները, մեղավորները պարզվել և պատժվել են: Խալաֆյանի հարազատները համաձայն չէին Կառավարության դիրքորոշման հետ, որ Վահան Խալաֆյանի դաժան վերաբերմունքի և մահվան բոլոր մեղավորները բացահայտվել և պատժվել են: Նրանք պնդել են, որ հետաքննությունը մանրակրկիտ և արդյունավետ չի եղել, և մի շարք կարևոր հարցեր մնացել են անպատասխան։ Քննչական մարմնի կողմից քննարկվել է միայն մեկ վարկած, այն է՝ ինքնասպանությունը և ձեռնարկված բոլոր քննչական միջոցառումներն ուղղված են եղել կոնկրետ այդ վարկածը հաստատելուն։ Միայն չորսն են կանգնել դատարանի առաջ, որոնցից երկուսն արդարացվել են, իսկ մեկը՝ ազատազրկվել, բայց նույնիսկ նա համաներում է ստացել: Որևէ մեկը չի պատժվել խոշտանգումների համար: «Եթե ​​ներպետական ​​քրեական օրենսդրությունը խոշտանգումը նախատեսեր որպես առանձին հանցագործություն, ապա նման արարքների համար պատժվողները համաներման իրավունք չէին ունենա»,- ՄԻԵԴ-ին հայտնել են Խալաֆյանի իրավահաջորդները: Դանակահարված վերքերի բնույթն ու դիրքը նույնպես կասկածներ են առաջացրել, որ դրանք կարող էին հասցվել այդքան կարճ ժամանակում։ Դանակի բռնակի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել, թեև տուժողը, իբր, պահել է դանակը, և ոստիկաններից մեկը նույնպես բարձրացրել է այն՝ նորից պահարան դնելու համար: Խալաֆյանի հարազատները պնդել են, որ հետքերը մաքրվել են։ Միջադեպը վերարտադրելու վերաբերյալ նրանց խնդրանքը, որը թույլ կտար պարզել, թե հնարավո՞ր է Վահան Խալաֆյանի կողմից այդքան կարճ ժամկետում կատարել բոլոր գործողությունները, ինչպես պնդում էին ոստիկանները, մերժվել են առանց հիմնավոր պատճառների։ Մի շարք իրարամերժ ցուցմունքներ ևս չեն պարզաբանվել, իսկ տուժողի կրած բաճկոնն անհետացել է։ Դաժան վերաբերմունքի ոչ բոլոր հանգամանքներն են հետաքննվել։ Պնդել են, որ իրենց իրավունքներն անհիմն կերպով սահմանափակվել են վերաքննիչ վարույթում, քանի որ վերաքննիչ դատարանը կիրառել է արագացված ընթացակարգ և գործը քննել է վճռաբեկության կանոններով, այլ ոչ թե լիարժեք դատաքննություն անցկացնելու։ Ներպետական ​​դատարանները բացահայտորեն չեն ճանաչել տուժողի կյանքի իրավունքի խախտումը և արդար, համարժեք և համաչափ պատիժներ չեն նշանակել։ «Վահան Խալաֆյանի մահվան պատասխանատվությունը կրում են իշխանությունները՝ անկախ մահվան հանգամանքներից և պատճառներից և այն հանգամանքից՝ դա տեղի է ունեցել ինքնասպանության կամ դաժան վերաբերմունքի հետևանքով»,- նշել են դիմումատուները: Կառավարության ներկայացուցիչն ընդունել է, որ կա ուղղակի պատճառահետևանքային կապ ոստիկան Աշոտ Հարությունյանի ապօրինի գործողությունների և Վահան Խալաֆյանի ինքնասպանության միջև, սակայն պնդել է, որ ոստիկանները չգիտեին և չէին կարող իմանալ Վահան Խալաֆյանի հոգեբանական վիճակի մասին։ Նրանք չէին կարող իմանալ, որ ճնշումների և իրեն հասցված թեթև վնասվածքների հետևանքով նա կարող էր դանակահարել իրեն։ ՄԻԵԴ-ը նշել է, որ անազատության մեջ գտնվող անձինք խոցելի վիճակում են, և իշխանությունները պարտավոր են պաշտպանել նրանց: Հետևաբար, երբ անհատը լավ առողջական վիճակով բերման է ենթարկվում ոստիկանություն և պարզվում է, որ նա վնասվածք է ստացել անազատության մեջ, պետության պարտականությունն է արժանահավատ բացատրություն տալ, թե ինչպես են այդ վնասվածքները պատճառվել: Անազատության մեջ գտնվող անձի նկատմամբ վատ վերաբերմունքի համար իշխանությունների պարտավորությունը հատկապես խիստ է, երբ անձը մահանում է: Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
18:39 - 08 նոյեմբերի, 2022
ՀՀ-ը չի երաշխավորել Արտակ Նազարյանի կյանքի իրավունքը, հետո էլ ձախողել է անաչառ քննությունը. ՄԻԵԴ |azatutyun.am|

ՀՀ-ը չի երաշխավորել Արտակ Նազարյանի կյանքի իրավունքը, հետո էլ ձախողել է անաչառ քննությունը. ՄԻԵԴ |azatutyun.am|

azatutyun.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել 2010 թվականին բանակում մահացած Արտակ Նազարյանի գործով և արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները նախ չեն երաշխավորել զինծառայողի կյանքի իրավունքը, հետո էլ ձախողել են գործի անաչառ քննությունը: Ստրասբուրգյան դատարանը, մասնավորապես, նշել է, որ քրեական հետախուզության ընթացքում թույլ են տրվել մի շարք լուրջ անճշտություններ, որոնք հայաստանյան դատավարությունների ընթացքում, ապա` Կառավարության կողմից Եվրոպական ատյանին ներկայացված բացատրություններում պատճառաբանվել են որպես «տեխնիկական» կամ «մեխանիկական» սխալների հետևանք։ Հաշվի առնելով այդ թերությունները` հարազատները կասկածի տակ էին դնում պաշտոնական վարկածը, թե Նազարյանն ինքնասպանություն է գործել: Եվրոպական դատարանին ներկայացված գործը, սակայն, թույլ չի տվել պաշտպանել ենթադրությունը, որ լեյտենանտին սպանել են: Միաժամանակ, դատարանն ընդգծել է, որ «պետությունը պատասխանատվություն է կրում ծառայության ընթացքում ինքնասպանության գնացած զինվորի համար, որը ենթարկվել է նվաստացման ու վատ վերաբերմունքի»: «Զինված ուժերում հոգեբանական օգնության համակարգի բացակայության պատճառով նման աջակցություն Արտակ Նազարյանին չի ցուցաբերվել՝ չնայած ակնհայտ ռիսկին, որ նա կարող է ինքնասպան լինել», ֊ հայտարարել է Եվրոպական դատարանը` պարտավորեցնելով Կառավարությանը Նազարյանի հարազատներին վճարել 20 հազար եվրո որպես ոչ-նյութական փոխհատուցում և 3500 եվրո` դատական ծախսերի համար։ Լեյտենանտ Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու համար մեղավոր էին ճանաչվել նրա հինգ ծառայակիցները. 2013֊ին դատարանը նրանց դատապարտել է 3-10 տարվա ազատազրկման:
18:17 - 08 նոյեմբերի, 2022
9 հայ զինծառայող խոշտանգվել, սպանվել է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ հայտնվելուց հետո
 |1lurer.am|

9 հայ զինծառայող խոշտանգվել, սպանվել է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ հայտնվելուց հետո |1lurer.am|

1lurer.am: Սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով 9 հայ զինծառայող խոշտանգվել, սպանվել է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ հայտնվելուց հետո: Նրանցից 5-ը աշխարհը ցնցած գնդակահարության սահմռկեցուցիչ տեսանյությում երևացող զինծառայողներն են: Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Իշխանասարի դիրքում: Հայ ռազմագերիների սպանության ադրբեջանական հաջորդ տեսանյութը հրապարակվեց հոկտեմբերի 11-ին: Ադրբեջանական ուժերի վայրագ գործողությունը տեղի է ունեցել Վերին Շորժայի դիրքում:Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշում է․ «Վերջին տեսագրությունը խոշտանգման, վատ վերաբերմունքի դաժան տեսանյութ էր, դրա հետ կապված քայլեր ձեռնարկելու ենք: Այստեղ էլ ունենք նույնականացում, ցավոք, զոհված են վերադարձվել: Սա կոպտագույն պատերազմական հանցագործության դրվագ է, պետք է բարձրաձայնենք բոլոր ատյաններում: Ռազմական էսկալացիայի առաջին օրերին Ադրբեջանը շրջանառեց տեսանյութ՝ իբր բուժօգնություն է ցուցաբերում վիրավոր զինծառայող Դավիթ Գիշյանին, այնուհետև վերադարձրեց նրա դին: Ձեռնարկված նախնական քննչական գործողություններն ապացուցում են՝ Գիշյանին խոշտանգել են, Հայաստանը գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ: Միևնույն ժամանակ Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի հարձակման փաստով մեր երկրում նախաձեռնվել է քրեական վարույթ. դատախազ Մարտիրոսյանի խոսքով՝ պարզվել են պատերազմական հանցագործության մի շարք դեպքեր»։ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանի խոսքով՝ մարտադաշտում սպանված հայ զինծառայողների դիակները անարգանքի ենթարկելու, այդ կապակցությամբ համացանցում տարածվել են բազմաթիվ տեսագրություններ, այդ թվում՝ հայ զինծառայողի դիակը անարգանքի ենթարկելու, մասնատման վերաբերյալ: Դրանք քրեական վարույթի շրջանակում դարձվել են քննության առարկա, ձեռնարկվում են քննչական, վարութային գործողությունների իրականացում:Արշակ Մարտիրոսյանի խոսքով՝ նպատակն է բացահայտել ադրբեջանցի զինծառայողների հանցագործությունները, ամրագրել ապացույցները: Տելեգրամյան ալիքներում հայ ռազմագերիների տեսանյութերի շրջանառության պահից Հայաստանը դիմել է միջազգային իրավական ատյաններ:Եղիշե Կիրակոսյանը նշում է, որ գնդակահարության հետ կապված տեսագրությունը թե՛ ՄԻԵԴ, թե՛ Հաագա ուղարկել էինք, քանի որ դիմել էինք միջանկյալ միջոցի, նաև Արդարադատության միջազգային դատարանից էինք խնդրել, որ դատարանը նախկինում կիրառած միջոցները կիրառի նորերի նկատմամբ, տեսագրությունը ուղարկվել էր դատարաններին՝ ներկայացնելու վտանգը, որ սպառնում է գերիներին:«Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 4-ին ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին վերադարձրեց լայնածավալ վերջին ագրեսիայի հետևանքով գերեվարված 17 զինծառայողին: Եղիշե Կիրակոսյանը նշում է, որ Ադրբեջանում նրանց հանդեպ վատ վերաբերմունքի փաստերը ևս ներառելու են միջազգային դատարաններ ուղարկված գանգատներում: Թե՛ Պաշտպանն է ասել այդ մասին, թե՛ բժշկական զննության արդյունքում ձեռք բերված նախնական ապացույցներով կարելի է փաստել, որ մարդիկ ենթարկվել են խոշտանգումների, ծեծի, հետքերը կան:17 զինծառայողից մեկն է ժամկետային զինծառայող՝ Վահե Գիժլարյանը, որ սեպտեմբերի 13-ին պայքարել է՝ կանխելու թշնամու առաջխաղացումը Ջերմուկի դիրքերում»,- նշեց Կիրակոսյանը։ Արշակ Մարտիրոսյանի խոսքով՝ յուրաքանչյուր դեպք առանձին քրեական վարույթի շրջանակում դարձվում է մանրակրկիտ քննության առարկա: Նախաքննությունը շարունակվում է: Կատարված յուրաքանչյուր հանցագործության դեպքը, դրա համար մեղավոր անձանց շրջանակը պարզելու, քրեական պատասխանատվության հասնելու ուղղությամբ:Հայ զինծառայողների նկատմամբ դաժանությունների առնչությամբ միջազգային լայն արձագանքից հետո Բաքուն շրջանառեց վերջին ագրեսիայի հետ կապ չունեցող, հին տեսանյութեր՝ պնդելով, թե իբր հայ զինծառայողները խոշտանգել են ադրբեջանցիներին: Ըստ Կիրակոսյանի, Բաքվի նպատակն է զոհի տպավորություն թողնել:Եղիշե Կիրակոսյանը նշում է․ «Եթե նայենք տեսագրությունները, որոնցում ադրբեջանցի զինծառայողները կատարում են զազրելի պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ կատարված հանցագործություններ, դրանք հարյուրավոր են՝ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքը, խոշտանգումները, ծեծերը, դիակների նկատմամբ անարգանքը, գլխատումները, գնդակահարությունը ահռելի շատ են, ծանրագույն են: Տեսանյութերը, որոնք պտտվում են համացանցում կամ եղել են պատերազմի ընթացքում, ենթադրաբար հայ զինծառայողների, մի քանիսն են, 2-3 տեսագրության մասին է:Հակառակ ադրբեջանական պնդումներին, Եվրադատարանում չկա Հայաստանի դեմ որևէ վճիռ, որոշում՝ հայ զինծառայողների կատարած պատերազմական որևէ հանցագործության վերաբերյալ: Չկա գեթ մեկ դեպք, երբ Եվրոպայի սրտում հայը սպանած լինի ադրբեջանցի սպայի ու հերոսացվի, որ դաժան խոշտանգման ենթարկի փայտ հավաքելու գնացած գյուղացի երիտասարդի կամ հովվի, դիզվառելիք ներարկի Ադրբեջանի տարեց քաղաքացու: Այդ բոլոր գործերով ՝ ՄԻԵԴ-ը վճիռներ է կայացրել ընդդեմ Բաքվի, որոնք մինչև այժմ կատարված չեն: Եվրադատարանի որոշումների կատարումն այս պահին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հսկողության տակ է: Թե 16-ի պատերազմի ժամանակ, կհիշեք Քյարամ Սլոյանի դեպքը, մեր զինծառայողների կողմից նույնիսկ մոտեցող այդ ծանրությանը, չունենք: Չունենք իրավիճակ, երբ Եվրոպայի սրտում կացնահարած անձը հերոսացվում է, դառնում օրինակ, չունենք նման օրինակ: Սա է ատելությունը, ատելության պաշտոնական մակարդակում քարոզի արդյունքը այս ծանր հանցագործությունն է: Այս կոչը միջազգային հանրությանն է ուղղված, պետք է գիտակցի, որ վտանգը մեծ է: Նման հանցագործությունները անվերահսկելի են կատարվում: Հայաստանն այդ բոլոր ապացույցները հավաքվում է ռասայական խտրականության կոնվենցիայի շրջանակում միջազգային դատարանում վարույթի շրջանակում կներկայացվեն: Այդ կոնվենցիայի ուղղակի խախտում են:44-օրյա պատերազմից հետո Եվրադատարան ներկայացված Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատը Մեծ պալատի քննության վարույթում է: Գրավոր ընթացակարգով դիրքորոշումների փոխանակումն ավարտական փուլում է: Մեծ պալատը գործը հրապարակային կքննի հաջորդ տարի: Եվրադատարանում է նաև Ադրբեջանի դեմ հայցը հայ գերիների ապօրինի դատավարությունների, Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետևանքով մարդկանց իրավունքների խախտումների, Քարագլխի, Փառուխի, Աղավնոյի դեպքերի առնչությամբ: Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ առաջիկայում կամփոփեն ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան հիմնական հայցադիմումը և մինչև հունվարի 23-ը կներկայացնեն Հաագա»:
10:59 - 17 հոկտեմբերի, 2022
Հայ գերիների խոշտանգման վերջին տեսանյութն արվել է Վերին Շորժայում
 |1lurer.am|

Հայ գերիների խոշտանգման վերջին տեսանյութն արվել է Վերին Շորժայում |1lurer.am|

1lurer.am: Հոկտեմբերի 11-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներով տարածված հայ զինծառայողների խոշտագումների տեսանյութը նույնականացվել է, այն նկարահանված է սեպտեմբերի 13-ին՝ Վերին Շորժայի մարտական դիրքի բունկերում: Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանը։  «Նաև նույնականացրել ենք զինծառայողներին: Ցավոք, 3-ն էլ զոհված են, և սա ևս մեկ ապացույց է մի բանի, որ գերու կարգավիճակ ունեցող զինծառայողները ենթարկվել են արտադատական ինքնադաստանի և մահապատժի։  Այն, որ կենտրոնացած քաղաքականություն վարվում է տեղեկատվական պայքարի հիբրիդային պատերազմում, դա միանշանակ է, այս նույն գործող անձանցով էլի տեսանյութ կա, որտեղ դեմքերը բաց է և համազգեստով կարող ենք նույնականացնել, համազգեստի նախշերը և համադրությունները երկրորդ անգամ չեն կրկվում, հնարավոր է նաև ձայնով նույնականացնել: Նույն անձը, որ կադրի հետևում հրահանգներ է տալիս, մեկ այլ տեսանյութում էլ է հրահանգներ տալիս է: էլի նույն դիրքրի մոտ է նկարահանվել։ Հատուկ նշանակության ջոկատն է օպերացիան իրականացրել, նրանց ևս երկուսին հնարավոր է նույնականացնել, Յաշմայից են նրանք, հնարավոր է նաև պատրաստություն անցած լինեն Թուրքիայում և Հյուսիսային Կիպրոսում»,- նշել է Զեյնալյանը։ Հիշեցնենք, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հոկտեմբերի 11-ին տարածվել էին նոր կադրեր, թե ինչպես են խոշտանգվում գերեվարված հայ զինվորները։  ՄԻՊ աշխատակազմից հայտնել էին, որ տեսանյութի իրադարձությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական զինուժի հարձակման ընթացքում։ Տեսանյութում պատկերված հայ ռազմագերիները նույնականացված են։ 
10:13 - 13 հոկտեմբերի, 2022
Լուրջ հիվանդություններով բանակ զորակոչվելուց 8 օր անց Արեգը մահացել է. ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել
 |hetq.am|

Լուրջ հիվանդություններով բանակ զորակոչվելուց 8 օր անց Արեգը մահացել է. ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել |hetq.am|

hetq.am: Հայաստանի Հանրապետությունը խախտել է ժամկետային զինծառայող Արեգ Մալխասյանի կյանքի իրավունքը` առողջական լուրջ խնդիրներով զորակոչելով ժամկետային ծառայության: Կյանքի իրավունքի խախտման փաստն արձանագրելով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր Հայաստանի դեմ վճիռ է կայացրել` պարտադրելով Կառավարությանը մահացած զինծառայողի ընտանիքին վճարել 35 000 եվրո ոչ նյութական վնասի, իսկ 2500 եվրո` կատարած ծախսերի համար: Արեգ Մալխասյանը Արաբկիրի զինվորական կոմիսարիատից ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել 2009թ. հունիսի 26-ին: Զորակոչվելուց 8 օր անց` հուլիսի 4-ին, շարքային Արեգ Մալխասյանի ինքնազգացությունը վատացել է, կորցրել է գիտակցությունը, և տեղափոխվել Արցախի Մեխակավանի զինվորական հոսպիտալ, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է կլինիկական մահ: 2009թ. հուլիսի 5-ին նրան տեղափոխել են Երևան: Կատարված շտապ դիագնոստիկ հետազոտությունների արդյունքում նրա մոտ ախտորոշվել է «վիճակ սիրտ-թոքային վերակենդանացումից հետո, գլխուղեղի այտուց, կոմա, երկկողմանի ասպիրացիոն թոքաբորբ, կայացած ստամոքս-աղիքային արյունահոսություն»: Հիվանդի վիճակը գնահատվել է կրիտիկական և այդ ուղղությամբ ձեռնարկվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք արդյունք չեն տվել և նույն օրը՝ ժամը 20:25-ին, գրանցվել է նրա կենսաբանական մահը: Ժամկետային զինծառայող Արեգ Մալխասյանի մահվան կապակցությամբ 2009թ. հուլիսի 4-ին Պաշտպանության նախարարության քննչական թիվ 2 կայազորային քննչական բաժնում ՀՀ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս): Քրեական գործի շրջանակներում Արեգ Մալխասյանի հայրը՝ Աշոտ Մալխասյանը, որպես վկա ցուցմունքներ է տվել այն մասին, որ իր հիվանդ որդուն անօրինական կերպով են զորակոչել բանակ: Այդ ապօրինությունը կանխելուն ուղղված իր ջանքերը անտեսվել են Արաբկիրի զինվորական կոմիսար Ա.Ուլիխանյանի ու զինկոմիսարիատի բժիշկների կողմից, և իր նկատմամբ դրսևորվել է արհամարհական վերաբերմունք: Աշոտ Մալխասյանը հայտնել է, որ երբ որդուն 2009թ. հունիսի 26-ին զինկոմիսարիատից տեղափոխել են կենտրոնական հավաքակայան՝ իրենց միակ հույսն այն է եղել, որ այնտեղ տեսնելով բոլոր բժշկական փաստաթղթերը՝ նրան չէին զորակոչի: Սակայն, ինչպես հետո է իմացել, իրենց ներկայացրած բոլոր բժշկական փաստաթղթերն Արեգ Մալխասյանի անձնական գործից բացակայել են, և որդուն զորակոչել են: Զինծառայողի հայրը հայտնել է, որ իրենք չեն իմացել, որ որդին սրտի հետ կապված խնդիրներ ունի, սակայն հայտնի է եղել, որ ունի ստամոքսի հետ կապված՝ բժիշկների կողմից ախտորոշված հիվանդություններ, ինչն անտեսվել է Արաբկիրի զինկոմիսարիատի բժիշկների և հատկապես՝ Արաբկիրի զինկոմ Ա. Ուլիխանյանի կողմից: Վերջինս նույնիսկ չի ցանկացել ուղեգիր տալ հետազոտություններ անցնելու համար: Այն դեպքում, երբ Արեգի համապատասխան բժշկական փաստաթղթերը ներկայացվել էր, որ ի թիվս այլ հիվանդությունների, տղան ունի «Մելլորի-Վեյսի համախտանիշ, կայացած ստամոքս-աղիքային արյունահոսություն» հիվանդությամբ: Նրա մոտ արձանագրվել է «Կատարալ էզոֆագիտ, մակերեսային գաստրիտ, բուլբիտ, ստամոքսի անտրալ հատվածի եզակի էրոզիաներ, ստոծանու կերակրափողային անցքի ոչ մեծ սահող ակսիալ ճողվածք», ինչպես նաև «առկա է եղել կարդիոսկլերոզ, կորոնարոսկլերոզ, սակայն նա եղել է ծածկընթաց և առանց ֆունկցիոնալ փոփոխությունների»: Աշոտ Մալխասյանն իր ցուցմունքում նշել է, որ «Մելլորի-Վեյսի» համախտանիշը և դրա հետ կապված հիվանդություններն ախտորոշած բժիշկներն իրեն և որդուն պարզաբանել էին, որ նման հիվանդները պետք է պահպանեն խիստ դիետա և ընդունեն համապատասխան դեղորայք: Ընդ որում՝ դա կարող է մարդուն ուղեկցել ողջ կյանքի ընթացքում: Շարունակությունը՝ hetq.am-ում։
18:04 - 11 հոկտեմբերի, 2022