Ժոզեպ Բորել

Հայաստանում կստեղծվի ԵՄ քաղաքացիական առաքելություն․ ԵՄ խորհուրդը հաստատել է որոշումը

Հայաստանում կստեղծվի ԵՄ քաղաքացիական առաքելություն․ ԵՄ խորհուրդը հաստատել է որոշումը

ԵՄ խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ խորհրդի կայքից։ Ըստ հաղորդագրության՝ առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր: ԵՄ քաղաքացիական առաքելությունը նախնական կտեղակայվի երկու տարով ու կառավարման շտաբը կլինի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Թոմաթը: Առաջիկայում կնշանակվի տեղում գործողությունները ղեկավարող առաքելության ղեկավար։ «Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլի մեկնարկ է։ ԵՄ-ն կշարունակի աջակցել դեէսկալացիայի ջանքերին և պարտավորվել է սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։ Ի պատասխան Հայաստանի դիմումի՝ ԵՄ առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի և կզեկուցի իրավիճակի մասին, ինչը կամրապնդի ԵՄ-ի ըմբռնումը տեղում իրավիճակի վերաբերյալ։ Առաքելությունը նաև կնպաստի միջնորդական ջանքերին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակներում։  
16:42 - 23 հունվարի, 2023
Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա․ Եվրոպական խորհրդարանի պատգամավորի կոչը՝ ԼՂ-ի շրջափակման վերաբերյալ
 |armenpress.am|

Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա․ Եվրոպական խորհրդարանի պատգամավորի կոչը՝ ԼՂ-ի շրջափակման վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Պետեր վան Դալենը Twitter-ում կիսվել է Լաչինի միջանցքը փակելուց հետո Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ BBC-ի հոդվածով և գրել․ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջափակման դաժան հետևանքները. դատարկ խանութներ ու հուսահատ մարդիկ։ Ինչո՞ւ է ԵՄ-ն այդքան լռում։ Ես չեմ հասկանում։ Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա՛»,- գրել է պատգամավորը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորն իր գրառման մեջ հիշատակել է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցությանը։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 12 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 13 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
14:17 - 07 հունվարի, 2023
Բորելը և Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի հիմնահարցը
 |azatutyun.am|

Բորելը և Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի հիմնահարցը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 22-ին հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերությունների և Լաչինի միջանցքի հիմնահարցերը: «Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, «բարձր ներկայացուցիչը և նախարարը քննարկել են տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների բողոքի ակցիաների դրդապատճառները, Հայաստանում ԵՄ-ի առաքելության գործունեությունը և Բաքու-Բրյուսել երկկողմ կապերի հրատապ խնդիրները»: Նշվում է, որ Բայրամովն ասել է, թե «Լաչինում բողոքի խաղաղ ակցիան միանգամայն օրինական է և անցկացվում է Ադրբեջանի տարածքում օգտակար հանածոների ապօրինի շահագործման դեմ»: Բայրամովը նաև պնդել է, թե Լաչինի միջանցքը «պետք է ծառայի բացառապես մարդասիրական նպատակներին, սակայն հայկական կողմը չարաշահում է ճանապարհը»: Բայրամովը Բորելին ասել է, թե «անհրաժեշտ է դադարեցնել Ադրբեջանի օրենսդրությանը հակասող ապօրինի գործունեությունը Լաչինի միջանցքում»: Լրատվամիջոցի փոխանցմամբ, «Բայրամովը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանական կողմը փակել է Լաչինի ճանապարհը»: «Նախարարն ընդգծել է, որ մի շարք տրանսպորտային միջոցներ մշտական հիմունքներով երթևեկում են այդ ճանապարհով, դրա վերաբերյալ ոչ մի սահմանափակում չկա, տեղական բնակչությունն օգտվել է ճանապարհից պարեն ձեռք բերելու և բժշկական ծառայություններ ստանալու համար», - ասված է հաղորդագրությունում: Բորելը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում առկա լարվածության կապակցությամբ և կարևորել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շարունակումը: Ադրբեջանական կողմը Բորելի մեկնաբանությունների վերաբերյալ ավելի ընդարձակ տեղեկատվություն չի տարածել:
10:18 - 23 դեկտեմբերի, 2022
Հայ ժողովրդի մտավախությունը, որ Ադրբեջանը ցեղասպանություն է ուզում իրականացնել, անհերքելի է․ ԵՀԽ և ԵԵԿ նամակը՝ Բորելին

Հայ ժողովրդի մտավախությունը, որ Ադրբեջանը ցեղասպանություն է ուզում իրականացնել, անհերքելի է․ ԵՀԽ և ԵԵԿ նամակը՝ Բորելին

Ի հետևումն Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմումների՝ ուղղված Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Իոան Սաուկային և Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի գլխավոր քարտուղար Յորգեն Սկոֆ Սորենսենին, վերջիններս դեկտեմբերի 19-ին համատեղ նամակ են հղել Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելին և դատապարտել Ադրբեջանի կողմից Բերձորի մարդասիրական միջանցքի փակումը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախը։ Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։   Ի պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսի նամակի՝ ԵՀԽ և ԵԵԿ-ն հանդես են եկել հայտարարությամբ, որում ասված է․ «Սա 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ կնքված համաձայնագրի խախտում է, որով ոտնահարվում են միջազգային մարդասիրական իրավունքները և բարոյական սկզբունքները»: Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի համատեղ նամակում նշվում է, որ Ադրբեջանը մարդասիրական միջանցքը փակելով, այն էլ ձմռանը և ժամանակավորապես դադարեցնելով գազի մատակարարումը, միտումնավոր հումանիտար արտակարգ իրավիճակ է ստեղծել 120.000 էթնիկ հայերի համար։ «Սա այնպիսի արարք է, որը հակասում է Ադրբեջանի կողմից բարի կամքի և մարդասիրական պատասխանատվության ցանկացած պնդումներին»,- ասված է նամակում։ Նշվում է նաև, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների ու հանցագործությունների համար տվյալ երկիրը պատասխանատվության չի ենթարկվել։ «Այս պայմաններում հայ ժողովրդի մտավախությունները, որ ադրբեջանական ագրեսիան միտված է իրենց դեմ ցեղասպանություն իրականացնելու՝ անհերքելի է, ինչն էլ ավելի է ընդգծվում ներկայիս իրողությունների համատեքստում»,–ասվում է նամակում։ Կոչ է արվում ԵՄ-ին բոլոր դիվանագիտական նախաձեռնություններով հետամուտ լինել, որպեսզի Ադրբեջանը վերաբացի Բերձորի մարդասիրական միջանցքը և համապատասխան երաշխիքներ տրամադրի այն բաց պահելու համար: «Մենք կոչ ենք անում անել հնարավորն ապահովելու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը՝ ներառելով Լաչինի միջանցքը և ապահովել անկախ մոնիտորինգ»,- եզրափակում է նամակը։
18:53 - 20 դեկտեմբերի, 2022
Եվրամիությունը Հարավային Կովկասում ներգրավվածության նոր փուլ է սկսում. Բորել
 |azatutyun.am|

Եվրամիությունը Հարավային Կովկասում ներգրավվածության նոր փուլ է սկսում. Բորել |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը (ԵՄ) այսօր Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում՝ նոր, անցումային թիմով, որը հիմքեր կստեղծի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար, այսօր հայտարարել է միության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը: Նա ընդգծել է՝ այդ առաքելության նպատակն է ի վերջո նպաստել կողմերի միջև վստահության ամրապնդմանը։ «Եվրոպացի փորձագետների տեղակայումը արդյունավետ էր և նպաստեց վստահության ամրապնդմանն անկայուն իրավիճակում»,-հայտարարել է Բորելը, հավելելով՝ հենց այդ հիմքով Եվրամիության խորհուրդը՝ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, որոշել է Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունից անցումային, պլանավորման աջակցության թիմ տեղակայել Հայաստանում՝ մեծացնելու անվտանգության վերաբերյալ տեղեկացվածությունը և նպաստելու նոր քաղաքացիական առաքելության ծրագրմանն ու նախապատրաստմանը։ Բորելը նշել է՝ ակնկալվում է, որ անցումային այս թիմը կաջակցի նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորումը խթանելու գործընթացում։ Եմ դիտորդները այս ընթացքում տեղակայվել էին, մասնավորապես, ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման թիրախում հայտնված Սյունիքում, Գեղարքունիքում ու Վայոց Ձորում: Հիշեցնենք, որ Եվրամիության անզեն առաքելությունը տեղակայվել էր Հայաստանում հոկտեմբերին սկզբին։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ այն աշխատելու է երեք ամիս, ժամկետն ավարտվել է այսօր։ Դրա նպատակն էր դիտարկել, վերլուծել և Բրյուսելին տեղեկացնել տեղում տիրող իրավիճակի մասին։
21:50 - 19 դեկտեմբերի, 2022
ԵՄ-ը փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու նոր առաքելության տեղակայման հնարավորությունը. Պետեր Ստանո
 |azatutyun.am|

ԵՄ-ը փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու նոր առաքելության տեղակայման հնարավորությունը. Պետեր Ստանո |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունն առաջիկա շաբաթներին փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու այստեղ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը, «Ազատությանը» հայտնել է Եվրամիության արտգործնախարար Ժոզեպ Բորելի խոսնակը՝ առանց հստակ ժամկետներ նշելու։ «Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մշտական կապի մեջ է կողմերի հետ։ Այս պահին Միությունն ու անդամ երկրները տեղի գործընկերների հետ խորհրդակցություններ են անցկացնում՝ քննարկելու, թե ինչպես կարող են նպաստել կայուն խաղաղությանը՝ տեղում ներգրավված լինելու միջոցով։ Այդ նպատակով Եվրամիությունը առաջիկա շաբաթներին փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու նոր առաքելության տեղակայման հնարավորությունը, որպեսզի նպաստի վստահության կառուցմանը», - ասել է Պետեր Ստանոն իր գրավոր պատասխանում։ Եվրամիության քաղաքացիական դիտորդների առաքելությունն ավարտվում է վեց օրից։ Արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակն, ըստ էության, չի պատասխանել «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ Եվրամիությունը որոշեց չերկարաձգել այս գործող առաքելությունը՝ հատկապես, որ պաշտոնական Երևանը ողջունել էր նման հնարավորությունը։ Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 
21:02 - 13 դեկտեմբերի, 2022
Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը. Ժոզեպ Բորել |azatutyun.am|

Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը. Ժոզեպ Բորել |azatutyun.am|

azatutyun.am: Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը, որն ավարտվում է հաջորդ շաբաթ, այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ նման որոշում է կայացվել Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների Բրյուսելում այսօր տեղի ունեցած նիստին։ Բորելի գնահատմամբ՝ առաքելության աշխատանքը «արդյունավետ» էր, բայց առաքելության ժամկետը չերկարաձգելու պատճառների մասին չխոսեց, միայն նշեց, որ «և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ պայմանավորվածության համաձայն» առաքելությունը իր գործունեությունը դեկտեմբերի 19-ին պետք է ավարտի։ «Այդուհանդերձ, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդի մեր հեղինակությունը պահպանելու համար Հայաստան կուղարկվի խումբ, որպեսզի ծրագրի հնարավոր քաղաքացիական առաքելության ուղարկումը, եթե հաջորդ տարի նման համաձայնություն ձեռք բերվի», - հայտարարել է Բորելը։
22:30 - 12 դեկտեմբերի, 2022
Բայրամովը Բորելի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

 |aravot.am|

Բայրամովը Բորելի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը |aravot.am|

aravot.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Լեհաստանում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 29-րդ նիստի շրջանակում հանդիպել է Եվրամիության խորհրդի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ՝ քննարկելով երկկողմ օրակարգը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: Ինչպես հաղորդվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, Բայրամովն ու Բորելը քննարկել են էներգետիկայի ոլորտում պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր, կարծիքներ փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու ջանքերի և այդ գործընթացում ԵՄ դերի վերաբերյալ: Բայրամովը հանդիպմանն ասել է, թե իբր Հայաստանը խոչընդոտում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, խուսափում է երկու երկրների առաջնորդների ձեռք բերած պարտավորությունների կատարումից, փորձում է «խաբուսիկ կարծիք» ձևավորել կարգավորման գործընթացի վերաբերյալ:  
11:53 - 02 դեկտեմբերի, 2022
Եվրամիությունը հավատարիմ է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններին նպաստելուն. Բորել
 |news.am|

Եվրամիությունը հավատարիմ է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններին նպաստելուն. Բորել |news.am|

news.am: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել ենք տարածաշրջանում խաղաղության կառուցման և հակամարտությունների կայուն կարգավորման ուղիները: Եվրամիությունը հավատարիմ է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններին նպաստելուն»: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 1-ին, ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանի և Ժոզեպ Բորելի ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը։
10:42 - 02 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները նպաստում են էսկալացիայի հավանականության բարձրացմանը. Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելին

Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները նպաստում են էսկալացիայի հավանականության բարձրացմանը. Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելին

Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ, մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի ընդլայնման շուրջ: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանի և Ժոզեպ Բորելի ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հայկական կողմի հանձնառությունը և բարձր գնահատել այս ուղղությամբ ԵՄ աջակցությունը: ՀՀ ԱԳ նախարարն շեշտել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն ու առավելապաշտական նկրտումները խոչընդոտում են խաղաղության հասնելու նպատակով գործադրվող ջանքերին և նպաստում էսկալացիայի հավանականության բարձրացմանը: Շեշտվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատամամբ ադրբեջանական ագրեսիաների հետևանքների վերացման անհրաժեշտությունը: Զրուցակիցները կարևորել են ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում և քննարկել դրա գործունեությանը վերաբերող հարցեր:
18:55 - 01 դեկտեմբերի, 2022
Սերբիան և Կոսովոն համաձայնության են հասել ավտոմեքենաների համարանիշների խնդրի շուրջ. Բորել
 |1lurer.am|

Սերբիան և Կոսովոն համաձայնության են հասել ավտոմեքենաների համարանիշների խնդրի շուրջ. Բորել |1lurer.am|

1lurer.am: Սերբիայի և չճանաչված Կոսովոյի ներկայացուցիչները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ համաձայնության են հասել ավտոմեքենաների համարանիշների խնդրի հարցում, ինչը թույլ կտա խուսափել էսկալացիայից՝ հայտարարել է Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նրա խոսքով՝ Սերբիան համաձայնել է դադարեցնել Կոսովոյի քաղաքների կոդերով համարների տրամադրումը, իսկ Կոսովոն՝ սերբական համարներով մեքենաների հարկադիր վերագրանցման փորձերը: «Առաջիկա օրերին կողմերին կհրավիրեմ քննարկելու հետագա քայլերը»,- նշել է դիվանագետը: Ավելի վաղ չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին Պրիշտինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Հովենյերի խնդրանքով 48 ժամով հետաձգել էր Սերբիայի ավտոմոբիլային գրանցման նշանները չփոխած սերբ բնակիչներից տուգանքների գանձման մասին որոշման կիրառումը, երբ Եվրամիության միջնորդությամբ Բելգրադի և Պրիշտինայի բանակցությունները արդյունք չէին տվել:
12:38 - 24 նոյեմբերի, 2022
Կենտրոնական Ասիայում աշխարհաքաղաքականությունը փոխվում է. Բորել
 |azatutyun.am|

Կենտրոնական Ասիայում աշխարհաքաղաքականությունը փոխվում է. Բորել |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմի և Չինաստանի ջանքերի ֆոնին Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը ձգտում է հարաբերությունների դիվերսիֆիկացման և Եվրամիությանը դիտարկում է որպես առավել հարմար գործընկեր։ «Ակնհայտ է, որ Ռուսաստանը, ինչպես նաև Չինաստանը խաղացել և շարունակում են կարևոր դեր խաղալ։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ տարածաշրջանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները և Եվրամիությանը դիտարկում է որպես առավել հարմար գործընկեր»,- Եվրամիության պաշտոնական կայքէջում հրապարակված հոդվածում գրել է Բորելը, որն անցած շաբաթ այցելել էր Սամարղանդ՝ «Եվրամիություն-Ասիա» նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Հոկտեմբերի վերջին էլ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելն էր այցելել Ղազախստան և Տոկաևի վարչակազմի հետ քննարկել էներգետիկ և պարենային անվտանգության, «կանաչ» տնտեսության զարգացման, տրանսպորտի և բեռնափոխադրումների հարցեր:
16:41 - 21 նոյեմբերի, 2022
Բորելը հայտարարել է, որ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության թիմն արդեն Հայաստանում է. ՏԱՍՍ |armenpress.am|

Բորելը հայտարարել է, որ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության թիմն արդեն Հայաստանում է. ՏԱՍՍ |armenpress.am|

armenpress.am: Հայ-ադրբեջանական սահմանին տեղակայելու համար ստեղծված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության թիմն արդեն Հայաստանում է, և այն օպերատիվորեն կտեղակայվի: Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ-ը,այս մասին հոկտեմբերի 17-ին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին վերաբերող մամուլի ասուլիսին: «Մեր թիմն արդեն Հայաստանում է: Առաքելությունն արագ կիրագործվի»,-նշել է նա: ԵՄ նախագահ Շառլ Միշելն էլ ողջունել է առաքելության օպերատիվությունն ու նշել, որ այն կարող է ամրապնդել վստահությունը, (Հայաստանի և Ադրբեջանի միջև) և ԵՄ-ին հնարավորություն տալ առավել աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում:
20:34 - 17 հոկտեմբերի, 2022
ԵՄ-ն 40 դիտորդ կտեղակայի հայ-ադրբեջանական սահման. ԵՄ խորհուրդ

ԵՄ-ն 40 դիտորդ կտեղակայի հայ-ադրբեջանական սահման. ԵՄ խորհուրդ

ԵՄ խորհուրդը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով, դիտորդական առաքելություն է տեղեկայում տարածաշրջանային իրավիճակի մշտադիտարկում իրականացնելու, ինչպես նաև նպաստելու խաղաղության և անվտանգության վերականգնմանը։ Տեղակայվելու է մինչև 40 դիտորդ: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ խորհրդի կայքէջից։  ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ դիտորդական առաքելությունը կփորձի վստահություն ստեղծել անկայուն իրավիճակում, որը ռիսկի տակ է դնում կյանքեր և վտանգում հակամարտության կարգավորման գործընթացը: Սա ևս մեկ ապացույց է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու վերջնական նպատակին նպաստելու ԵՄ լիակատար հանձնառության։ «ԵՄ դիտորդական առաքելության արագ տեղակայումն ապահովելու նպատակով որոշվել է, որ դիտորդները ժամանակավորապես կտեղակայվեն Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունից:  Դիտորդական առաքելությունը կունենա ժամանակավոր բնույթ և սկզբունքորեն երկու ամսից ավելի չի տևի»,- նշված է ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։  
13:28 - 17 հոկտեմբերի, 2022
Ժոզեպ Բորելն Ադրբեջանի ԱԳ նախարարին տեղեկացրել է ԵՄ առաքելության նախապատրաստման մասին
 |armtimes.com|

Ժոզեպ Բորելն Ադրբեջանի ԱԳ նախարարին տեղեկացրել է ԵՄ առաքելության նախապատրաստման մասին |armtimes.com|

armtimes.com: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում են Ադբեջանի ԱԳՆ-ից։  Քննարկվել են հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպման արդյունքները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը: Բորելը Բայրամովին տեղեկացրել է Եվրոպական միության առաքելության նախապատրաստման մասին՝ բարձր գնահատելով Պրահայի հանդիպման արդյունքները: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
10:28 - 11 հոկտեմբերի, 2022