«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ հրավիրել ԶՈՒ ղեկավար կազմին եւ քննարկել ստեղծված իրավիճակը
10:28 - 12 ապրիլի, 2023

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ հրավիրել ԶՈՒ ղեկավար կազմին եւ քննարկել ստեղծված իրավիճակը

Թեեւ մեր պատգամավորների մի մասը գտնվում է Սյունիքի մարզում, բայց առաջարկություն ունենք ԱԺ ղեկավարությանը, հնարավորություն ընձեռել հրավիրել նաեւ Զինված ուժերի ղեկավար կազմին կամ իրավասու անձանց պատգամավորների հետ քննարկում իրականացնելու օրվա ընթացքում, հասկանալու իրավիճակը եւ նաեւ ինչու չէ, ԱԺ-ի անելիքների մասով: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ նիստի սկզբում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց, թե արդյոք փակ, թե բաց քննարկում են առաջարկում կազմակերպել:

«Ձեւաչափը կարեւոր չէ, թեկուզ փակ, բայց, ըստ էության, հասկանալու իրավիճակը»,-ասաց Մինասյանը»:

Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց. «Եթե բաց եք առաջարկում, ապա այսօր կառավարության հետ հարցուպատասխան կա, ամբողջ ղեկավարությունը այստեղ է լինելու: Իսկ եթե փակ, ես պատրաստ եմ խոսել համապատասխան գերատեսչությունների հետ: Լավ, աշխատանքային կարգով ես եւ դուք կքննարկենք»:

Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: 

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր իսկ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ:

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։

Ապրիլի 12-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել