Կապանում հայտնաբերված ադրբեջանցուն ոստիկանությունը  փոխանցել է ԱԱԾ-ին 

 |azatutyun.am|
12:59 - 14 ապրիլի, 2023

Կապանում հայտնաբերված ադրբեջանցուն ոստիկանությունը փոխանցել է ԱԱԾ-ին |azatutyun.am|

azatutyun.am: Կապանում երեկ բնակիչների կողմից ձերբակալված երկրորդ ադրբեջանցին արդեն ոստիկանությունում չէ, նրան փոխանցել են Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ), «Ազատությանը» փոխանցեցին Ներքին գործերի նախարարության լրատվական վարչությունից։

Ապրիլի 10-ին Սիսիանում ձերբակալված մյուս ադրբեջանցին նույնպես ԱԱԾ-ում է։

Շուրջ 5 օր է՝ ԱԱԾ-ն Հայաստան ներթափանցած ադրբեջանցիների վերաբերյալ որևէ տեղեկություն չի հրապարակում։ Պարզ չէ նաև արդյոք Հայաստանի սահմանն ապօրինի հատելու դեպքով քրեական վարույթ նախաձեռնվել է, թե ոչ։

Իրավապահներն առայժմ պաշտոնապես չեն հաստատել նաև արդյոք նախօրեին Կապանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 56-ամյա պահակի սպանությունը կապ ունի Հայաստան ներթափանցած ադրբեջանցիների հետ։

Տղամարդու սպանության վարույթը թեև իրականացնում է Քննչական կոմիտեն, սակայն, կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց, որ երեկ ձերբակալված ադրբեջանցին, սպանության վարույթի շրջանակներում, Քննչական կոմիտեին չի փոխանցվել, նրա հետ քննչական գործողություններ չեն իրականացվել, հետևաբար, մամուլում առկա հրապարակումների առնչությամբ հաստատող կամ հերքող տվյալներ չեն կարող հայտնել։

Մամուլում երեկվանից ակտիվորեն լուրեր են շրջանառվող, որ սպանված կապանցի տղամարդու հեռախոսը հայտնաբերվել է Աճանան գյուղի մոտակայքում բռնված ադրբեջանցու մոտ։

Ընդ որում, երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ ենթադրաբար երեկ ձերբակալված ադրբեջանցին ուղիղ եթեր է մտել, խոսել հայերի սպանությունների մասին ու պնդել, թե ինքը դավաճան չէ, այլ մեկը, որը պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի: Տեսանյութը հետո ջնջվել էր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել