Չեմ կարող ասել, որ Մոսկվայում ԼՂ-ի շուրջ ծավալված քննարկման արդյունքները գոհացնող են․ Նիկոլ Փաշինյան
11:57 - 29 մայիսի, 2023

Չեմ կարող ասել, որ Մոսկվայում ԼՂ-ի շուրջ ծավալված քննարկման արդյունքները գոհացնող են․ Նիկոլ Փաշինյան

Մոսկվայում եռակողմ հանդիպման քննարկման թեմաներից մեկը վերաբերում էր ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիաճակին ու Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ չի կարող ասել, թե այդ քննարկման արդյունքները գոհացնող են։

«Պիտի արձանագրենք, որ շատ ցավալի իրավիճակ է։ Ես հրապարակային առիթ ունեցա ասելու, որ Լաչինի միջանցիքի փակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների աչքի առաջ ու ներկայությամբ, ինչը բավականին մտահոգիչ է», - ընդգծեց վարչապետը:

Նա ասաց, որ շարունակելու են քննարկումները, այդ թվում՝ ռուս գործընկերների հետ՝ իրադրության կարգավորման ուղղությամբ:

Փաշինյանը նշեց՝ Մոսկովյան քննարկումների թեմաներից մեկն էլ եղել է տարածաշրջանային կոմունիկացիների բացումը․ «Եվ մենք ասել ենք, որ ինչպես նախկինում պատրաստ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը։ Եվ մենք պատկերացնում ենք, որ դա պետք է տեղի ունենա ՀՀ-ի ու նաև Ադրբեջանին է վերաբերում մեր ասածը։ Խոսքը 2020թ․  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ընդգծված կոմունիկացիաների մասին է։ Եվ մենք պատրաստ ենք շատ արագ այդ կոմունիկացիաների բացմանը՝ երկրների սուվերենության և իրավազորության ներքո։ Եվ մենք այս ընգծումն արել ենք։ Մենք հիմա փորձում ենք աշխատել երկաթուղային ենթակառուցվածքների բացման վրա»։

ՀՀ վարչապետի խոսքով հայկական կողմը շահագրգռված է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն, և ըստ նրա՝ մեծ ճկունություն են ցուցաբերում՝ տարածաշրջանային երկրների սուվերենության և իրավազորության ներքո կոմունիկացիաների բացման սկզբունքն է․ «Պատրաստ ենք իսկապես գնալ այդ կոմունիկացիաների բացմանը։ Համոզված եմ՝ երբ դա տեղի ունենա, լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսության զարգացման համար»։

Նա հավելեց, որ այս հարցի լուծումը միայն հայկական կողմից կախված չէ, եթե այդպես լիներ, հարցը վաղուց լուծված կլիներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել