Մովսես Հակոբյանի գտնվելը Արցախում՝ թե՛ հրամանատարական կետում, թե՛ այլ վայրում, ՊԲ հրամանատարի խնդրանքն էր ինձ․ Դավիթ Տոնոյան
16:25 - 01 օգոստոսի, 2023

Մովսես Հակոբյանի գտնվելը Արցախում՝ թե՛ հրամանատարական կետում, թե՛ այլ վայրում, ՊԲ հրամանատարի խնդրանքն էր ինձ․ Դավիթ Տոնոյան

Հստակ հիշում եմ, որ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գտնվելը Արցախում՝ թե՛ հրամանատարական կետում, թե՛ այլ վայրում, ՊԲ հրամանատարի անձամբ ինձ խնդրանքն էր։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը․

«Նա [Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը] ինձ դիմել է, որ ՊԲ նախկին հրամանատարը, ԳՇ նախկին պետը գտնվի [Արցախում] եւ աջակցի ՊԲ հրամանատարին։ Կարող եք ճշտել այդ հարցը Ջալալ Հարությունյանից։ Ռազմական գործողությունների ընթացքում հնարավոր է՝ գործուղման հետ կապված փաստաթղթավորման խնդիրներ [եղած լինեն], բայց դա կարող եք ստուգել, ես հիմա չեմ կարող ասել»,- ասաց Տոնոյանը։

Անդրանիկ Քոչարյանը հարցրեց՝ ի պաշտոնե իրավասո՞ւ էր արդյոք ՊՆ վերահսկողական ծառայության պետը [որն այդ ժամանակ Մովսես Հակոբյանն էր] գտնվել ՊԲ հրամանատարական կետի մարտական կառավարման կենտրոնում, ժամանակավոր փոխարինել ՊԲ հրամանատարին եւ տալ առաջարկություններ կամ ընդունել որոշումներ՝ օպերացիա վարելու վերաբերյալ։ Դավիթ Տոնոյանն ասաց, որ տվյալ դեպքում Հակոբյանը գտնվել է ՊՆ ուղիղ ենթակայության տակ, եւ իր գտնվելը ՊԲ-ում պայմանավորված է եղել ՊԲ հրամանատարի խնդրանքով․ «Չէր կարող ինքը հրամանատարական ուղղահայացում որեւէ հրաման իջեցնել, ես կարծում եմ՝ ինքը դա չի էլ արել, բայց խորհրդատվություն տրամադրելու առումով չեմ բացառում։ Բացի դրանից՝ նա հետո, եթե չեմ սխալվում, հիվանդացել է կովիդով, հետագայում շարունակել է իր գործունեությունը ՊՆ-ում։ Դա եղել է սկզբնական փուլը, ամեն դեպքում Ջալալ Հարությունյանի պաշտոնավարման սկզբնական փուլում»։

Դավիթ Տոնոյանն առաջարկեց քննիչ հանձնաժողովում լսել նաեւ ՊԲ հրամանատար ՄՄիքայել Արզումանյանին։ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ խնդիրն այն է, որ նրա վերաբերյալ գործը դատարանում է։ Տոնոյանն արձագանքեց, որ կարելի է միջնորդել, քանի որ անհրաժեշտություն կա․ «Էն շահարկումները, որ կան Շուշիի հետ կապված, անընդունելի են, եւ ես կարծում եմ՝ ինքը պետք է խոսի»։

Քոչարյանն ասաց, որ առաջարկը քննարկման առարկա կդարձնի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել