«Սոված էլ կքնեմ, քաղցրավենիքն էլ չեմ ուտի, բայց մի բանի դիմաց՝ ապրեմ իմ հայրենի հողում՝ Արցախում» [Բլոկադան ներսից]
13:42 - 05 օգոստոսի, 2023

«Սոված էլ կքնեմ, քաղցրավենիքն էլ չեմ ուտի, բայց մի բանի դիմաց՝ ապրեմ իմ հայրենի հողում՝ Արցախում» [Բլոկադան ներսից]

Կյանքը կարծես կանգ առած լինի Արցախում․ ո՞նց էր «Սառցե դարաշրջան» մուլտֆիլմում, երբ ամենը սառած էր, մի տեսակ այ էդ մթնոլորտն է․ շարժ չկա, մարդիկ չեն կարողանում նույնիսկ Ա կետից Բ կետ տեղափոխվել։ Արցախի բլոկադայի մասին այսպես է պատմում Մարտունու շրջանի Հացի գյուղի 22-ամյա բնակիչ Տիրուհի Գասպարյանը, որ ամեն կերպ փորձում է սիրտ ջերմացնող դրվագներ էլ մտաբերել։ Մի շատ լուսավոր բան կա մարդկանց մեջ, ասում է, բոլորը փորձում են միմյանց օգտակար լինել․ 

«Իրենց ունեցած-չունեցածով են կիսվում, էգոիզմ չկա մեր մեջ, ամենքս հոգ ենք տանում ու մտածում շրջապատի մարդկանց մասին։ Երեւի հենց էդ հոգատարությունն էլ մեզ ուժ է տալիս, որ չկոտրվենք ու զինվենք համբերությամբ, չհանձնվենք, այլ պայքարենք»։

Տիրուհի Գասպարյանը

Տիրուհին սովորել է Արցախի պետական համալսարանի զբոսաշրջության բաժնում։ Արդեն 2 տարի է՝ ամռանն աշխատում է որպես զբոսավար, իսկ մշտական՝ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակում։ Մինչեւ Արցախի բլոկադան զբաղվում էր նաեւ մոմագործությամբ, նրա մոմերը նույնիսկ արտասահման էին հասնում, չնայած, ասում է, շրջափակումը սրա վրա էլ է ազդել։ Բայց Տիրուհին նվնվալ չի սիրում անգամ ամենադժվար իրավիճակում։ Եւ այդ բնավորությունը ամրապնդվել է նաեւ այս ընթացքի՝ իրար հանդեպ մեծացող հոգատարության շնորհիվ։

Տղամարդիկ, պատմում է, ով ինչքան ծխախոտ ունի, մեկ ուրիշին էլ է տալիս, որ բոլորով ծխեն։ Տարօրինակ է, չէ՞, ծխելը վնասակար է առողջությանը, բայց դրամատիկ րոպեին ո՞վ է մտածում դրա մասին․ ծխելը վնասում է, բայց ընկերոջ հետ դժվարության մեջ ընկելը հարսանիք համարելու մասին ասացվածքը բոլորդ գիտեք, ուրեմն ընկերությունը երեւի կյանք է երկարեցնում։

Արցախում հիմա ոչ նորմալ սնունդ կա, ոչ քաղցրավենիք։ Եթե մեկը մի կտոր շոկոլադ կամ մի կոնֆետ է ունենում, տասը մասի են բաժանում, որ բոլորին հասնի։ 

Իսկ ծննդյան օրերին տորթի փոխարեն ձմերուկի վրա են մոմեր շարում ու կեսգիշերին թակում հարազատի դուռը․ «Հոբելյարին էլ ձմերուկ ենք նվիրում, շուտով ձմերուկը մեզ մոտ պաշտամունքային միրգ կդառնա, ցանկացած իրավիճակում փրկում է մեզ,- կատակում է Տիրուհին,- հացի փոխարեն` ձմերուկ, տորթի փոխարեն՝ էլի ձմերուկ, քաղցրի փոխարեն՝ ձմերուկ․․․»։

Հացի հերթերի մասին էլ չենք խոսում, արդեն բոլորին է հայտնի, որ արցախցին մի կտոր հացի համար ժամերով հերթ է կանգնում՝ հաստատ չիմանալով անգամ՝ իրեն կհասնի, թե ոչ։ Միայն թե Ստեփանակերտում ավելի դժվար է, գյուղում գոնե մարդիկ պահած ալյուր ունեն, իրենք են հաց թխում։ Մի քիչ էլ միրգ-բանջարեղեն են աճեցնում այգիներում։ Այսպես պատմում է Տիրուհին ու միանգամից հավելում․ «Իրականում այդքան էլ լավ չէ վիճակը, ուղղակի ես նվնվալ չեմ սիրում․ սոված էլ կմնամ, կարեւորը իմ հողում լինեմ»։

Թեյ, սուրճ, աղ, նման բաներն էլ են գրեթե վերջացել։ Տիրուհին ասում է, որ երբ նկատեցին, որ թեյի պաշարը նվազում է, ինքն ու ընկերուհին իրենց անտառից բույսեր ու վայրի հատապտուղներ հավաքեցին, որ թեյ պատրաստեն։

Մի ջերմ պատմություն է հիշում Տիրուհին բլոկադայի օրերից, երբ խմբով այցելել էին Ամարասի վանական համալիր․ «Էնտեղ մի բարի պապիկ կա` վանքի պահապան պապիկը։ Մինչ խումբը մտել էր եկեղեցի՝ մոմ վառելու (ես շուտ էի դուրս եկել), զրուցեցինք պապիկի հետ ամենատարբեր թեմաներից ու քայլելով շրջեցինք վանքի այգում։ Պապը գրպանից մի սուր գործիք հանեց ու բանջարեղեն հավաքեց այգուց՝ ասելով` կտանիս իփիս, օտիս, կարիս աղ էլ տինիս, համովա ինում (թթու դնես)»։ Իսկ ճանապարհին Ճարտար գյուղում նրանց տաք, նոր թխված հաց են հյուրասիրել։ Տիրուհին այդ օրվա նկարն է ցույց տալիս։ 

Գազի ու լույսի պարբերաբար բացակայության պայմաններում ամռան շոգին մարդիկ հաճախ ստիպված են լինում փայտե վառարանի վրա ճաշ պատրաստել։ Գյուղում այդպես գոնե կարող են, մտածում եմ՝ բա, ասենք, Ստեփանակերտի շենքերի բնակիչները ո՞նց են անում։

Տիրուհին լավատեսությունը չի կորցնում։ Ասում է՝ դա իրեն փրկում է ամեն փորձության մեջ․ «Ես այդ բնավորության պատճառով շատ դժվար իրավիճակներում կարողանում եմ նորից ոտքի կանգնել, դրական ազդեցություն ունենալ շրջապատիս մարդկանց վրա։ Երկու քարի արանքում էլ կապրեմ, սոված էլ կքնեմ, քաղցրավենիքն էլ չեմ ուտի՝ պատճառաբանելով՝ ոչինչ, քաղցրի դիետա է։ Բայց մի բանի դիմաց` ապրեմ իմ հայրենի հողում` Արցախում։ Փորձություններն ու դժվարություններն էլ մարդու համար են։ Սիրում եմ կյանքը, ուրեմն սիրում եմ նաեւ պայքարել հանուն նրա։ Իմ միակ վախը հայրենիքի ու հարազատի կորուստն է։ Ուրիշ ոչինչ»։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 2023թ․ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում՝ այդպիսով խորացնելով հումանիտար ճգնաժամը: Հակարիի կամրջի վրա տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով․ ԿԽՄԿ-ն դրանից հետո միայն հաշված անգամներ է կարողացել բուժառուների տեղափոխել ՀՀ։

Հուլիսի 29-ին Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետի մոտից առեւանգել է ԿԽՄԿ միջնորդությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու եւ տեղափոխել անհայտ վայր։ Օգոստոսի 1-ին Արցախի Հին Շեն գյուղից ոտքով ՀՀ գնալու փորձ կատարած մեկ այլ քաղաքացու են առեւանգել ադրբեջանցի զինծառայողները, նրա գտնվելու վայրը եւս անհայտ է։ 

Արցախում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքը։ Մթերքներ ձեռք բերելու համար ամիսներ առաջ նախատեսված կտրոններն այլեւս անպիտան են, քանի որ խանութներում դատարկություն է։ Մարդիկ միայն հաց ստանալու համար են դուրս գալիս։ Արցախում վերջացել է վառելիքը, հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, մասնավոր մեքենաները հազվադեպ են տեղաշարժվում։ Պարբերաբար ընդհատվում է գազամատակարարումը, անջատվում է էլեկտրաէներգիան։ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա տոտալ բլոկադայի մեջ է։

Լուսանկարները տրամադրել է Տիրուհի Գասպարյանը

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել