«Երբ մեր երկրում ենք, դիմանում ենք, կարեւորը էստեղ որպես հայ ենք ապրում, հացն ու սովը էական չեն լինում» [Բլոկադան ներսից]
18:17 - 06 օգոստոսի, 2023

«Երբ մեր երկրում ենք, դիմանում ենք, կարեւորը էստեղ որպես հայ ենք ապրում, հացն ու սովը էական չեն լինում» [Բլոկադան ներսից]

Գլխավոր լուսանկարում՝ Տաթեւիկ Աղաջանյանը

Այնտեղից, որտեղից գրում եմ այս նյութը, մինչեւ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ 328կմ է։ Այս կետից մինչեւ Հռոմ՝ անհաշվելի շատ։ Հռոմ, որտեղ իմ հիշողությունները կիսող ավելի քիչ մարդ կա, քան Ստեփանակերտում, որտեղ ինձ կապող ավելի քիչ բան կա, քան 328կմ այնկողմ, ես կարող եմ գնալ, իսկ Արցախ գնալու ճանապարհը արդեն յոթ ամսից ավելի է՝ փակ է։ Արցախը բլոկադայի մեջ է։ Բայց ոչ միայն Արցախը․ այնպես չէ, թե ճանապարհները փակվել են միայն նրանց առաջ, ճանապարհները փակ են նաեւ մեր առաջ, ինչո՞ւ ես կարող եմ գնալ Հռոմ, բայց ոչ Ստեփանակերտ։ Առավոտից գլխումս պտտվում է այս տողը․ «Սիրտ կեղեքող կարոտն անանց․․․ սիրտ կեղեքող կարոտն անանց»։ Երեւի եթե հիմա Արցախում լինեի, սիրտս ավելի հանգիստ կլիներ։ Ներեցեք այս զեղման համար, որովհետեւ պատմությունն այս իմ ու իմ զգացումների մասին չէ։ Այս փոքր նյութը մասին է Ստեփանակերտում ապրող իմ կոլեգայի՝ Տաթեւիկ Աղաջանյանի եւ Արցախում ապրող յուրաքանչյուրի, որոնք դիմադրում են՝ հանուն ինքնորոշման իրավունքի։ 

Տաթեիկ Աղաջանյանը Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից է, ապրում է Ստեփանակերտում։ Այստեղ բլոկադան ավելի ծանր է, քան գյուղերում․ այնտեղ մարդիկ գոնե այգիներ են մշակում, մի քիչ բերք ստանում։ Կենցաղի, կենսական պայմանների դժվարություններից զատ՝ հարազատներից հեռու լինելու տխրությունն էլ կա։ Տաթեւիկն ամսից ավելի է՝ հայրենի գյուղ չի կարողանում գնալ, տրանսպորտ չկա, վառելիք չկա։ Եթե վերջին շրջանում գյուղից մեքենաներ եկել են, ապա դրանցով գյուղ գնալը ռիսկային է եղել՝ բա որ վառելիքը լրիվ վերջանա՞ր․ զրուցակիցս Ստեփանակերտում է աշխատում եւ ապրում։

Մի բուռ հատապտուղ՝ գյուղից

Կապի խնդիր էլ կա Արցախում։ Միշտ չէ, որ ստացվում է հեռախոսով շփվել հարազատների հետ։ Հովհարային անջատումները միայն հոսանքի վրա չէ, որ ազդում են, ջրամատակարարման խնդիր էլ է առաջանում․ «Ջրի պոմպերը չեն հասցնում մղել ջուրը, ու ջրամատակարարումը պարբերաբար դադարում է։ Պատերազմից հետո էլ մի ընթացք այդպես էր։ Երեխաները իջել, փոքր ամաններով ջուր էին տանում ցայտաղբյուրից,- պատմում է Տաթեւիկը, որի լրագրողական աչքը դրսում կատարվող շատ դրվագներ է նկատել, օրինակ՝ ինչպես է երբեմնի հպարտ մի կին նեղսրտած, կռացած ջուր լցրել տարան՝ քթի տակ խոսելով, թե՝ այս ինչ օրի ենք։

Այս բլոկադան ընկճում է մարդկանց, բայց, ինչպես համոզված է Տաթեւիկը, մարդիկ Արցախում ուժեղ են ու դիմանում են, պարզապես այդ տեսարաններն են տխուր․

«Շատ ազդվեցի, երբ տեսա, թե ինչպես է մի կին լացակումած աչքերով նայում հացի հերթում սպասող մարդկանց։ Ցավալի է, որ մարդիկ ստիպված են մի կտոր հացի համար ժամերով սպասել»,- ասում է զրուցակիցս՝ նկատելով, որ շատերը հիմա էլ չեն էլ գնում հաց վերցնելու, որովհետեւ շատ դժվար է այս շոգին, արեւի տակ ժամերով սպասելով հարյուրներով հերթում։

«Ինձ համար մի քիչ հեշտ է առանց հացի մնալը, որովհետեւ ես մենակ եմ, երեխա չկա տանը, եթե հաց չլինի մի օր, չեմ կարծում, թե մեզ համար մեծ խնդիր է, բայց ով մի քանի երեխա ունի տանը, իրենց համար է շատ դժվար․․․ Հատկապես Ստեփանակերտում ապրողների համար, որովհետեւ չեն կարողանում մթերքները գյուղերից հասցնել։ Չգիտեմ էսքան ինչքան կարող է շարունակվել»։

Մինչեւ տոտալ բլոկադան՝ մարդկանց մթերքներ ձեռք բերելու կտրոններ էին տրամադրվում, որոնք դատարկության պայմաններում արդեն անիմաստ են

Տաթեւիկն ասում է՝ մարդիկ հիմա առավել քան ուշադիր են իրար հանդեպ․ «Մեր աշխատանքի տեղը մի կին հիվանդացել էր, բոլորն էլ գիտեն, որ ոչ մի բան չկա խանութներում, բայց ամեն մեկը մի բան սարքում, բերում էր, որ տանեն այդ կնոջը, որովհետեւ գիտեն, որ նրա տանն էլ բավարար ուտելիք չկա»,- պատմում է զրուցակիցս։

Նույնիսկ ծաղիկներ չկան արդեն, եւ մարդիկ իրար ծնունդի ունեցած-չունեցածն են հավաքում, նվիրում, որ համ էլ օգտակար լինեն։ 

Տաթեւիկի ծննդյան «ծաղկեփունջը»

Դեղորայքի, նորմալ սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների մասին հարցերն ու խոսքերն այլեւս կրկնվող են։ Մեկ բառ կա ասելու՝ չկան։ Դրա համար Տաթեւիկին հարցնում եմ՝ ինչն է դիմանալու ուժ տալիս։ Նա հստակ պատասխանում է․ «Ես ուրիշ տեղ ապրել չեմ կարող։ Երբ մեր երկրում ենք, դիմանում ենք, ինչքան հնարավոր լինի՝ կդիմանանք, կարեւորը էստեղ որպես հայ ենք ապրում, արժանապատիվ ենք ապրում, հացն ու սովը էական չեն լինում»։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 2023թ․ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում՝ այդպիսով խորացնելով հումանիտար ճգնաժամը: Հակարիի կամրջի վրա տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով․ ԿԽՄԿ-ն դրանից հետո միայն հաշված անգամներ է կարողացել բուժառուների տեղափոխել ՀՀ։

Հուլիսի 29-ին Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետի մոտից առեւանգել է ԿԽՄԿ միջնորդությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու եւ տեղափոխել անհայտ վայր։ Օգոստոսի 1-ին Արցախի Հին Շեն գյուղից ոտքով ՀՀ գնալու փորձ կատարած մեկ այլ քաղաքացու են առեւանգել ադրբեջանցի զինծառայողները, նրա գտնվելու վայրը եւս անհայտ է։ 

Արցախում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքը։ Մթերքներ ձեռք բերելու համար ամիսներ առաջ նախատեսված կտրոններն այլեւս անպիտան են, քանի որ խանութներում դատարկություն է։ Մարդիկ միայն հաց ստանալու համար են դուրս գալիս։ Արցախում վերջացել է վառելիքը, հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, մասնավոր մեքենաները հազվադեպ են տեղաշարժվում։ Պարբերաբար ընդհատվում է գազամատակարարումը, անջատվում է էլեկտրաէներգիան։ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա տոտալ բլոկադայի մեջ է։

Լուսանկարները տրամադրել է Տաթեւիկ Աղաջանյանը

Հայարփի Բաղդասարյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել