Արցախցի բազմազավակ մայրը տանը մնացած վերջին մթերքներով քաղցրավենիք է պատրաստում ու բաժանում թաղի երեխաներին [Բլոկադան ներսից]
19:53 - 07 օգոստոսի, 2023

Արցախցի բազմազավակ մայրը տանը մնացած վերջին մթերքներով քաղցրավենիք է պատրաստում ու բաժանում թաղի երեխաներին [Բլոկադան ներսից]

Արդեն որերորդ տեքստն է եւ որերորդ օրը, որ ընթերցողին արցախցի մեր հայրենակիցների շուրթերով պատմում եմ բլոկադայի մասին՝ ամեն անգամ հիշեցնելով, որ սնունդ չկա, լույս չկա, գազ չկա, երբեմն ջուր չկա, միրգ չկա, բանջարեղեն չկա, դեղորայք չկա, տրանսպորտ չկա, մանկություն չկա, որովհետեւ Ադրբեջանը յոթ ամսից ավելի է՝ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապրհը՝ կյանքի ճանապարհը։ Այս պայմաններում ով ինչ պահած ուներ, արդեն գրեթե սպառել է, ով էլ չի սպառել, փորձում է կիսել հայրենակիցների հետ։

Այդպես ստեփանակերտցի Լուսինե Սահակյանը, որ հինգ երեխաների մայր է, իր տանը մնացած շաքարավազից քաղցրավենիք ու շաքարի խորանարդիկներ է պատրաստում, բաժանում թաղի երեխաներին, հարեւաններին։

Լուսինեն մի ժամանակ հրուշակեղենի փոքրիկ արտադրություն է ունեցել, հետո, երբ երեխաները ծնվել են, մի պահ դադար է տվել, իսկ բլոկադայի ընթացքում, երբ ճանապարհը դեռ ամբողջությամբ փակ չէր, նորից մթերքներ է ձեռք բերել, որ շարունակի։ Մինչեւ հունիս դեռ կարողանում էր պատրաստել, բայց ամսի 15-ից արդեն Հայաստանից ընդհանրապես հումք չէր մտնում Արցախ, ու Լուսինեն որոշում է ունեցածը խնայել՝ մի քիչ շաքարավազ, մի քիչ ալյուր, մի քիչ աղ․․․։ Այսօր իրավիճակն այնպիսին է, որ հերթը հասել է խնայողություններին, ու, ինչպես ասում է զրուցակիցս, ինքը չի կարող դրանք վաճառել։

«Մի երկու ամիս աշխատեց, հետո ճանապարհները փակվեցին, մի անգամ աղը չկար, մի անգամ պեսոկը չկար, մի անգամ ալյուրը որակով չէր, որոշեցի դեռ սպասեմ, որովհետեւ ապրանքներ չէին գալիս, չուզեցի վերջին մթերքներն օգտագործել։ Հետո սկսեցի մարդկանց տալ, մեկ մեշոկ պեսոկը անգամ բաժակով էի բաժանում, ութ ամսական երեխու համար մայրը խնդրում էր, ասում էր՝ ինչ գին ասեք՝ կվճարեմ, ես գումար չեմ ուզում, չեմ կարող գումար վերցնել, տվեցի, որ երեխուն մի բան հասնի»,- պատմում է Լուսինեն, որի ձայնի մեջ անչափ հոգատարություն ու նաեւ անհանգստություն եմ զգում։ 

Լուսինե Սահակյանը

Հետո ունեցածով նա կեքսիկներ է թխել, բաժանել թաղի երեխաներին։ Մի տոպրակ էլ հետը վերցրել է, երբ գնացել է կաթնամթերքի արտադրամաս՝ հերթում սպասելու․ «Առավոտյան վեցին գնացել ենք կաթնամթերքի արտադրամասի մոտ հերթի, 350 հոգի էր սպասում, սաղ գիշեր մարդիկ նստած սպասել են հերթում։ Բայց առանց ոչ մի բան վերցնելու արդեն հետ եկա, ահավոր էր էդ տեսարանները տեսնելը, երեխա էր ուշաթափվում, մարդիկ էին վատանում։ Կեքսիկներից տարել էի հետս, ասացի՝ հերթում երեխաներ կլինեն, ու տենց էլ եղավ, մի քանի երեխա կար, մոտս կանգնել էին, տվեցի տոպրակը երեխեքին, ասացի՝ ամենքդ մի հատ կերեք, որ չուշաթափվեք»։

Ծայրամասերում, որտեղ Լուսինեն է ապրում, դեռ վիճակը մի քիչ տանելի է, ասում է՝ կենտրոնական մասերում են հերթերն ահավոր, մարդիկ կան՝ չեն դիմանում, երեխաների հետ պառկում են գետնին։ 

Լուսինեն մի կադր է ուղարկում, որտեղ քարին նստած տարեց կին է՝ ձեռքին երկու կտոր հաց։ Տատիկն այս շոգին ահավոր երկար քայլել, գնացել էր փռի մոտ, կեսգիշերից մինչեւ լուսաբաց սպասել, որ հերթը հասնի։

Երեկ էլ Լուսինեն շաքարաքլորներ է պատրաստել, բաժանել թաղեցի փոքրիկներին, շաքարի խորանարդներ՝ տարեցների համար․ «Ասացի՝ հինգ-հինգ տանեմ, բաժանեմ թեյ խմելու համար»։ 

Լուսինեն, որը Արցախի սոցիալական զարգացման նախարարությունում է աշխատում, արդեն պայմանավորվել է մանկատան տնօրենի հետ, որ առաջիկա օրերին նաեւ այնտեղի սաներին քաղցրավենիք տանի․ «Երեխաների թիվը որոշել եմ ճշտել, կեքսիկ-շաքարաքլոր սարքեմ, հասցնեմ իրենց։ Իրենք դրա կարիքն ավելի ունեն, որովհետեւ մյուսները ինչ կարողանում, ճարում են։ Ինձ որ ասում են՝ պահի, երեխա ունես, ասում եմ ես չեմ ուզում մենակ մնալ, ոնց դուք, նենց էլ ես, ձեր հետ հավասար, ես չեմ կարող դրանք վաճառել»,- ասում է Լուսինեն, որն այսօր էլ է թաղի երեխաներին քաղցր հյուրասիրել։

Զրուցակիցս բակում փոքրիկ բանջարանոց ունի, էդտեղից էլ դեռ կարողանում է մի քիչ բերք ստանալ՝ լոլիկ, վարունգ, կարտոֆիլ, բայց դա էլ անսպառ չէ։ Գյուղերից հիմա հնարավոր չէ ապրանք բերել քաղաք։ Լուսինեի բալիկներն էլ արդեն չեն սիրում մակարոնեղեն, նրանց, ինչպես մյուս երեխաներին, վիտամիններ, նորմալ սնունդ է հարկավոր, բայց այդպիսին գտնելն արդեն գրեթե անհնար է դարձել։ Նրա երեխաները 17, 16, 9, 6, 4 տարեկան են։

6-ամյա Անուշը, 4-ամյա Գրիգորին, 9-ամյա Ռոմանը

Լուսինեի հայրն ազատամարտիկ է։ Նա մասնակցել է Արցախի պաշտպանության բոլոր պատերազմներին, առաջին պատերազմում լուրջ վիրավորում է ստացել։ Զրուցակիցս հիշում է, որ իննսունականներին, երբ հայրը Քարվաճառի ազատագրմանն էր մասնակցում, իր ծննդյան օրը զանգել էր եղբորը [Լուսինեի հորեղբորը] ու ասել, որ դստեր ծնունդն անպայման նշեն, գուցե ինքը չկարողանա վերադառնալ․․․ Լուսինեն հրաժարվել էր՝ ոչ մի ծնունդ առանց հոր․

«Մի քանի շաբաթ առաջ հորս պատմել են էս պատմությունը, մինչ էդ չգիտեր, հորս աչքերն արցունքոտվել են։ Հիշում եմ՝ էդ օրերին հորեղբայրս դրսում խոսում էր, ես լսում էի՝ հայրս ասում էր, որ ես չգամ, էրեխուս ծնունդն ամեն տարի կնշես, էդ իմ մեջ տպավորվել էր, ու սկսել էի ծնունդիս օրը չսիրել։ Հետո հայրս հաղթանակած, բայց վիրավոր ու արնաքամ վերադարձել էր, դա տեսել եմ։ Ու հիմա չեմ կարողանում շնորհավորել․․․ Հաղթանա՞կ են թողել․․․ Բայց իմ հույս էն ա, որ ես նորից էդ օրը կարողանալու եմ շնորհավորել»,- պատմում է Լուսինեն, ու ես հիշում եմ, որ նոյեմբերի 9-ի գիշերն այդ միտքը գլխիցս դուրս չէր գալիս՝ ես ո՞նց եմ հորս շնորհավորելու մայիսի 9-ին։ Այն էլ հայրս երկար չդիմացավ, հիմա նրա գերեզմանի առաջ այդ օրը լռում եմ։ Բայց Լուսինեին հույս եմ հայտնում, որ նա իր հորը դեռ կկարողանա նորից շնորհավորել։

«Ես հուսով եմ, որ Աստված օգնելու է մեզ, եթե պետությունները լռում են այս իրավիճակում, Աստված ամեն ինչ տեսնում է։ Իսկ մենք պետք է իրար սիրելով, իրար ձեռք մեկնելով, համախմբելով կարողանանք դիմակայել։ Մենք պատրաստ ենք սովին դիմանալու, մենակ թե մնանք մեր հողում, էդ է մեր միակ նպատակը, ու հույս ունենք, որ էդպես էլ լինելու է»,- ասում է Լուսինեն։ Նա երկրից գնալու հնարավորություն միշտ էլ ունեցել է, բայց այդ քայլին չեն գնացել, ուզում են իրենց հայրենիքում ապրել։ Լուսինեի ամուսնու հայրն էլ զոհված ազատամարտիկ է։ Նրա ընտանիքը Բաքվից փախստական է։ 80-ականների վերջին եկել են Սպիտակ ու գիշերը չլուսացրած՝ երկրաշարժն է եղել։ Մի կերպ փլատակներից մազապուրծ հասել են Արցախ, հետո հայրը գնացել է պատերազմ ու զոհվել․ «Ամուսինս ասում է՝ իմ հայրը եկել, էստեղ զոհվել է, որ ես հիմա գնա՞մ։ Ահասարսուռ պատմություն է․․․ Բայց մենք չենք ուզում գնալ»։

Հիմա նրանց ընտանիքը նորոգում է տունը, կարգի բերում նկուղը։ Լուսինեն ասում է՝ ինչ իմանաս՝ ինչ կլինի, ապաստարանները պետք է նորմալ վիճակում լինեն, որ հանկարծ ու նորից պատերազմ սկսվի․․․ 

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 2023թ․ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում՝ այդպիսով խորացնելով հումանիտար ճգնաժամը: Հակարիի կամրջի վրա տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով․ ԿԽՄԿ-ն դրանից հետո միայն հաշված անգամներ է կարողացել բուժառուների տեղափոխել ՀՀ։

Հուլիսի 29-ին Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետի մոտից առեւանգել է ԿԽՄԿ միջնորդությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու եւ տեղափոխել անհայտ վայր։ Օգոստոսի 1-ին Արցախի Հին Շեն գյուղից ոտքով ՀՀ գնալու փորձ կատարած մեկ այլ քաղաքացու են առեւանգել ադրբեջանցի զինծառայողները, նրա գտնվելու վայրը եւս անհայտ է։ 

Արցախում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքը։ Մթերքներ ձեռք բերելու համար ամիսներ առաջ նախատեսված կտրոններն այլեւս անպիտան են, քանի որ խանութներում դատարկություն է։ Մարդիկ միայն հաց ստանալու համար են դուրս գալիս։ Արցախում վերջացել է վառելիքը, հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, մասնավոր մեքենաները հազվադեպ են տեղաշարժվում։ Պարբերաբար ընդհատվում է գազամատակարարումը, անջատվում է էլեկտրաէներգիան։ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա տոտալ բլոկադայի մեջ է։

Լուսանկարները տրամադրել է Լուսինե Սահակյանը

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել