«Ասացին՝ կամանդիրները անձնակազմին թողել գնացել են, էրեխեքը մնացել են մենակ»․ զոհված զինծառայողի հոր հարցաքննությունը
18:01 - 29 օգոստոսի, 2023

«Ասացին՝ կամանդիրները անձնակազմին թողել գնացել են, էրեխեքը մնացել են մենակ»․ զոհված զինծառայողի հոր հարցաքննությունը

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի նորակոչիկ 6 զինծառայող՝ Ալբերտ Ստեփանյանը, Սասուն Պետրոսյանը, Հայկ Հարությունյանը, Սամվել Սմբատովը, Կարեն Ներսիսյանը եւ Գրիշա Գրիգորյանը, որ 2 ամիս շարունակ շրջափակման մեջ են եղել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, 2020 թ․ դեկտեմբերի 27-ին հայտնաբերվել եւ սպանվել են։

Ամեն ինչ սկսվել է հոկտեմբերի 9-ին, երբ գումարտակի զինծառայողները մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ բարձրացրել են Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Վահանյանը, ըստ քրեական գործի, վիրավորման պատրվակով թողել է զորքին ու հեռացել` իր հետ տանելով վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը։ Դրան հաջորդել է չկանոնակարգված պաշտպանությունը, ապա՝ անկանոն նահանջը, որի ընթացքում էլ գումարտակը կիսվել է․ մի մասը 4 սպաների հետ միասին կարողացել է դուրս գալ Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, իսկ մյուս մասը, պատշաճ չտեղեկացվելով, որ հակառակորդը արդեն Հադրութում է, այդ ուղղությամբ է գնացել եւ ընկել շրջափակման մեջ։ Հետագայում շրջափակման մեջ ընկած զորքն էլ է մասերի բաժանվել․ որոշները հրաշքով փրկվել են, որոշները՝ անգամ պատերազմի ավարտից հետո այդպես էլ առանց օգնության մնացել։

Նրանցից մեկի՝ Գրիշա Գրիգորյանի հայրը՝ Սամվել Գրիգորյանը, այսօր ներկայացել էր Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որտեղ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ ավելի քան մեկ տարի է՝ քննվում են գործի հանգամանքները։ Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, որ մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ, կալանավորված է եւ մեղադրանքը չի ընդունում։

Սամվել Գրիգորյանը

Սամվել Գրիգորյանը դատարանին պատմելու շատ տեղեկություններ չուներ։ Ասաց, որ իր որդին Ջրական է զորակոչվել 2020 թ․ օգոստոսի 30-ին, դրանից հետո այլեւս չեն հանդիպել, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված՝ երդման արարողությանը մասնակցել չեն թույլատրել։

Պատերազմի մեկնարկից հետո Գրիգորյանը որդու հետ մեկ անգամ է խոսել, երբ նա, որքանով հիշում է, դեռ Ջրականում էր․ «Հոկտեմբերի 15-ին զանգել է ընկերոջ հեռախոսով, ասել է՝ պոստերն ենք, նորմալ է, ոչ մի բան չկա, հանգիստ մնա, դրանից հետո՝ բա ռմբակոծություն կա, բան կա․․․ Ասել է՝ մեզ չեն թողնում խոսել, հավաքել են հեռախոսները»։

Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը տուժողի իրավահաջորդին հայտնեց, որ ըստ քրեական գործի նյութերի՝ Գրիշան Ջրականում գտնվել է պատերազմի սկզբից մինչեւ հոկտեմբերի 4-ը,  դրանից հետո տեղափոխվել է Հադրութ, եւ հոկտեմբերի 10-ին ընդգրկվել է մարտական հերթապահության Հադրութին հարակից Խուռհատ սարի տարածքում․ «Այսինքն՝ կամ Դուք լավ չեք մտաբերում, կամ Ձեր որդին իր իրական տեղը չի ուզել հայտնել»,– ասաց նա՝ առաջարկելով փորձել մտաբերել։

Գրիգորյանը մտաբերեց, որ որդին այդ ժամանակ Հադրութում է եղել․ «Ասաց՝ չեն թողնում ոչ մի բան ասենք, դրանից հետո էլ չենք խոսել»։

Գեւորգ Ավետիսյանը

Մեղադրողի հարցին՝ ինչ–որ գործողություններ ձեռնարկե՞լ են դարձյալ կապի դուրս գալու համար, որդեկորույս ծնողը բացասական պատասխան տվեց, ասաց՝ սպաներից ոչ մեկին չի ճանաչել, Արցախ մեկնել էլ չեն թույլատրել, դարձյալ՝ կորոնավիրուսով պայմանավորված։

Որդու զոհվելու մասին նա մեկ այլ որդեկորույս ծնողից՝ Հրանտիկ Հարությունյանից է տեղեկացել (նրա հարցաքննությունը կարող եք կարդալ այստեղ)․ «Ծնողներն են զանգած, ասած, որ դիակները բերել են, շրջափակման մեջ են եղել, Տող գյուղ կա, էնտեղ, ուրիշ ի՞նչ ասեմ, ես ոչ մի բան չգիտեմ, ասացին՝ կամանդիրները անձնակազմին թողել գնացել են, էրեխեքը մնացել են մենակ»։ Թե կոնկրետ ովքեր են փախել, նա չգիտեր։

Գրիշան, ըստ հոր, սպանվել է գյուղերի տներից մեկում՝ գլխին արձակված հրազենային կրակոցից։ Նրա եւ զինակից 5 ընկերների մարմինները հայրենիք են վերադարձվել 2021 թ․ հունվարի 3-ին։

Հարցաքննության ավարտից հետո նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունը, աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, այսօր չի կարողացել բերման ենթարկել դատակոչված, բայց չներկայացող անձանց, ուստի դատական նիստը հետաձգվեց։

Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 22-ին։

 

Գլխավոր լուսանկարում՝ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը

Տուժողի այլ իրավահաջորդների ցուցմունքները կարող եք կարդալ այստեղ

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել