Համատիրության ղեկավարը առանց գրանցման մուտք ու ելք է անում 2/4 ընտրատեղամաս, այնուհետև գրանցվում որպես ՔՊ վստահված անձ
12:44 - 17 սեպտեմբերի, 2023

Համատիրության ղեկավարը առանց գրանցման մուտք ու ելք է անում 2/4 ընտրատեղամաս, այնուհետև գրանցվում որպես ՔՊ վստահված անձ

Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2/4 ընտրատեղամասի մոտակայքում ակտիվ շրջում էր կողմնակի անձ։ Վերջինս անընդհատ ելումուտ էր անում նաեւ ընտրատեղամաս, սակայն հագուստի վրա որեւէ վկայական փակվցված չէր։

Infocom-ի լրագրողն այդ անձից հետաքրքրվել է՝ որպես ո՞վ է շրջում տեղամասում եւ դրա տարածքում, վերջինս պատասխանել է, որ վստահված անձ է, գրանցվել է գրանցամատյանում, պարզապես վստահված անձի վկայականը չի փակցրել հագուստին։ Թե որ քաղաքական ուժի վստահված անձն է, այդ անձը չի պատասխանել։

Infocom-ի լրագրողը հանձնաժողովի անդամից հետաքրքրվել է այդ անձի ինքնության մասին և տեղեկացել, որ վերջինս համատիրության ղեկավարն է, անունը՝ Արտակ։ Եւ չնայած հանձնաժողովի անդամը վստահեցրել է, որ նա գրանցվել է մատյանում, այդուհանդերձ, նրա անունն այնտեղ նշված չի եղել։

Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, որ տեղամասում առանց վկայականի անձ չի կարող լինել, հանձնաժողովի նախագահը ասել է, որ ինքը նույնպես մի քանի անգամ զգուշացրել է Արտակ Ավետիսյանին, սակայն նա ասել է՝ «իմ շենքն ա՝ մնում եմ»։

Ավելի ուշ Արտակ Ավետիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձի վկայականով ցանկացել է գրանցվել գրանցամատյանում։ Այս ընտրատեղամասում, սակայն, ՔՊ եւս մի վստահված անձ է ներկա եղել, ուստի հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ նրանցից միայն մեկը կարող է մնալ՝ ինչպես պահանջում է կարգը։ Դրանից հետո Արտակ Ավետիսյանը գրանցվել է մատյանում, իսկ  ՔՊ մյուս վստահված անձը՝ Մհեր Բաբայանը, դուրս է եկել գրանցումից, սակայն շարունակել է մնալ տեղամասում։ Դրանից հետո Արտակ Ավետիսյանը միանգամից լքել է տեղամասը՝ առանց մատյանում դուրս գալու մասին նշման, ինչից հետո նորից գրանցվել է Մհեր Բաբայանը։

Գլխավոր լուսանկարում՝ համատիրության ղեկավար Արտակ Ավետիսյանը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել