ԱՄՆ-ն չի կարող երկխոսել ՌԴ-ի հետ Ղարաբաղի հարցով, կողմերի որոշումն է գնալ ռուսական քննարկումներին, թե ոչ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
 |azatutyun.am|
17:47 - 17 սեպտեմբերի, 2023

ԱՄՆ-ն չի կարող երկխոսել ՌԴ-ի հետ Ղարաբաղի հարցով, կողմերի որոշումն է գնալ ռուսական քննարկումներին, թե ոչ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները չի կարող երկխոսել Ռուսաստանի հետ Ղարաբաղի հարցով, բայց տեղյակ է, որ ռուսները կողմերին քննարկումների են հրավիրում, «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը, հավելելով՝ կողմերի որոշումն է գնալ դրանց, թե ոչ։

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ազդել է բազմաթիվ ձևաչափերի վրա, որոնց Ռուսաստանը մասնակցում էր, քանի որ Մոսկվան այնպես է խախտել միջազգային համակարգի նորմերը, որ դժվար է նրա հետ համագործակցության ուղիներ գտնել։ Բայց, դրանով հանդերձ Միացյալ Նահանգները կենտրոնացել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանների, արդար և տևական խաղաղություն գտնելու վրա։ Դրա համար մենք երկկողմ և եռակողմ հանդիպումների մեջ ենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ, սատարում ենք Եվրամիության ջանքերին, հատկապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին», - ասել է նա։

«Միաժամանակ, գաղտնիք չէ, որ ռուսներն էլ են քննարկումների հրավիրում կողմերին, և գաղտնիք չէ, որ ռուսները խաղաղապահներ ունեն տեղում։ Մենք չենք կարող այս պահին երկխոսություն ունենալ ռուսների քայլերի շուրջ, ուստի կողմերն իրենք են որոշում՝ ուզում են ներգրավվել ռուսական քննարկումներում, թե ոչ», - շարունակել է Մայքլ Քարփենթերը։

Ընդ որում, խոսելով միջնորդներից՝ ամերիկացի դիվանագետն ընդգծել է՝ Միացյալ Նահանգները, ի տարբերություն այլոց, Հայաստանի ու Ադրբեջանի հարևանը չէ, կողմնակալ շահեր չունի և դրանով իսկ կարող է առավել անաչառ ու անկեղծ լինել։ Դա, ըստ Քարփենթերի, գիտակցում են թե՛ Երևանում, թե՛ Բաքվում։

«Կարծում եմ՝ երկու կողմն էլ Միացյալ Նահանգների ծառայությունը դիտարկում է որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ազնիվ ու անկեղծ ջանք, քանի որ մենք տեսնում ենք դրա առավելությունները երկարաժամկետ կտրվածքով. մենք հարևան երկիր չենք, ուստի մենք չունենք այն «անձնական» շահերը, որ որոշ այլ տարածաշրջանային երկրներ կարող են ունենալ։ Եվ ես կարծում եմ, որ դա կարող է նաև առավելություն լինել Միացյալ Նահանգների համար, թույլ տալով, որ մենք գործի դնենք մեր անաչառ դիվանագիտական գործիքները՝ այս տարաձայնությունների լուծմանը հասնելու համար», - շեշտել է նա։

Այս փուլում Վաշինգտոնի համար առաջնահերթություն է, որ հումանիտար բեռները հասնեն Ղարաբաղ, և այդ ուղերձը Միացյալ Նահանգները փոխանցել է Ադրբեջանին, ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։ Մայքլ Քարփենթերը մանրամասնել է՝ կարևոր է, որ Լաչինի միջանցքը բացվի հիմա, բայց Նահանգների համար ընդունելի է նաև Աղդամի գործարկումը. - «Մենք ասում ենք մեր ադրբեջանցի գործընկերներին, որ այդ օգնությունը պետք է անցնի Լաչինի միջանցքով հիմա, բայց միաժամանակ նաև ասում ենք, որ այն պետք է անցնի երկու՝ թե՛ Լաչինի ճանապարհով, թե՛ Աղդամի։ Որ ճանապարհով հնարավոր կլինի օր առաջ հումանիտար աջակցությունը հասցնել Լեռնային Ղարաբաղ, դրանով էլ պետք է գնա»։

Ավելի մանրամասն՝ azaztutyun.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել