«Հակաահաբեկչական գործողությունը», որն Ադրբեջանն իրականացրեց, հասել է դրված նպատակին․ Բայրամովը՝ ՄԱԿ-ում
01:38 - 22 սեպտեմբերի, 2023

«Հակաահաբեկչական գործողությունը», որն Ադրբեջանն իրականացրեց, հասել է դրված նպատակին․ Բայրամովը՝ ՄԱԿ-ում

Արցախում իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ելույթ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նախ ընդգծել է, որ Հայաստանի դիմումը ՄԱԿ Անվտանգության խորհրդին կապված է «տեղական հակաահաբեկչական միջոցների» հետ, որոնք Ադրբեջանը կիրառում է իր ինքնիշխան տարածքում՝ լիովին համապատասխան միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, ուստի Հայաստանի ևս մեկ դիմումը ՄԱԿ ԱԽ-ին «խախտում է ՄԱԿ Կանոնադրությունը, որի համաձայն պետք է պաշտպանվի պետությունների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը՝ առանց նրանց ներքին գործերին միջամտելու»։

«Խորհուրդն այս կերպ հերթական անգամ չարաշահելը բացարձակապես անթույլատրելի է, դա լուրջ հարված է այս մարնի հեղինակությանը, այն պետք է կտրականապես մերժել։ Այն նաև հակաարդյունավետ է և անտեղին։ Երբ ԱԽ-ն այսօր բանավեճ է կազմակերպում իբրեւ Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի էթնիկ հայերի իրավունքների եւ անվտանգության մասին, հակաահաբեկչական գործողություններն արդեն ավարտվել են, եւ տեղում գործնական երկխոսություն է ծավալվել Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի էթնիկ հայ բնակիչների վերաինտեգրման շուրջ», - ասել է երկրի ԱԳ նախարարը։

Բայրամովն ասել է, որ Եվլախ քաղաքում «հայ բնակիչների» ներկայացուցիչների հետ հանդիպմանն այսօր Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչն ընդգծել եւ ներկայացրել է Ադրբեջանի կառավարության ծրագրերը՝ կապված ինտեգրման եւ ենթակառուցվածքների վերականգնման հետ, դրանց գործարկման հետ կապված հարցերը ևս քննարկվել են.

«Սոցիալական և մարդասիրական հարցերի քննարկման համատեքստում հայ բնակիչների դիմումով սոցծառայությունների համար վառելիք, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների եւ այլ արտակարգ ծառայությունների համար վառելիքի մատակարարում է ակնկալվում շուտով իրականացնել համապատասխան կենտրոնական կառավարության մարմինների կողմից», - ասել է նա։

Բայրամովը հայտարարել է, որ այդ երկխոսությունը նախկինում հնարավոր չէր «հայկական կողմի խոչընդոտման պատճառով, որը հենվում էր Ադրբեջանի ինքնիշխան տարածքում ապօրինի ռազմական ներկայության վրա»։

«Այն, ինչ Հայաստանը այսօր փորձում է ներկայացնել միջազգային հանրությանն իբրեւ հարձակում Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի խաղաղ բնակիչների վրա, իրականում տեղական հակաահաբեկչական գործողություն է Ադրբեջանի կողմից, որը լիովին համապատասխանում է ՄԱԿ Կանոնադրությամբ նախատեսված իր իրավունքին՝ զինաթափելու հայկական զինված խմբավորումները, որոնք ապօրինաբար տեղակայված են Ադրբեջանի ինքնիշխան տարածքում», - նորից պնդել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Բայրամովը նշել է, թե «Հայաստանն ինքը, անտեսելով իր միջազգային պարտավորությունները, անխուսափելի է դարձրել Ադրբեջանի կողմից այս միջոցների իրականացումը»։ 

«Հայաստանը փորձում է Ադրբեջանին մեղադրել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը խախտելու մեջ, այդ պնդումը հիմնազուրկ է, հակառակը՝ Հայաստանն է կոպտորեն խախտել իր պարտավորությունը նշված փաստաթղթի շրջանակում, որի համաձայն պետք է իր ուժերը դուրս բերեր Ադրբեջանի տարածքից։ Վերջին երեք տարիներին այդ հայտարարության ստորագրումից ի վեր Հայաստանն ավելի քան տասը հազար զինվորական է պահել այնտեղ այնպիսի ծանր զինամթերքով, ինչպիսիք են՝ տանկերը, այլ զինված տրանսպորտային միջոցները, հրետանային միջոցները, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ականանետերը, ռադիոէլեկտրոնային սարքավորումներ եւ այլ հարձակողական զենք է պահպանել Ադրբեջանի տարածքում։ Այդ ապօրինի զինված ուժերը պահպանվել են Հայաստանի ռազմատեխնիկական եւ ֆինանսական ուղղակի աջակցությամբ՝ այդ թվում չարաշահելով Լաչինի ճանապարհը՝ փորձելով անջատողականություն սնուցել Ադրբեջանի տարածքում՝ հանուն իր ռեւանշիստական քաղաքականության։ Հակաահաբեկչական միջոցառումները ցույց տվեցին, թե ինչպիսի մասշտաբ ունի Հայաստանի կողմից իրականացված ապօրինի ռազմականացումը՝ ի հեճուկս եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորության, որով պետք է դադարեցներ ռազմական գործողություններն ընդդեմ Ադրբեջանի եւ դուրս բերեր իր ուժերը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքից», - անհիմն մեղադրանքները կրկնելով՝ ասել է Բայրամովը։ 

Հիշեցնենք, որ հայկական կողմը բազմիցս նշել է, որ Արցախում զորք չունի։

Բայրամովը հայտարարել է, որ ԼՂ-ում «ընդամնեը 24 ժամում ավելի քան 90 հենակետ է վերցվել, 20 մարտական մեքենա, 40 հրետանային միավոր, 30 ականանետ, 6 ռադիոէլեկտրոնային սարքավորումներ եւ երկու զենիթահրթիռային համալիրներ են չեզոքացվել։ Ահա լուսանկարներ հայկական ծանր ռազմական տեխնիկայի, բացարձակապես պարզ է, որ այս հարձակողական տեխնիկան այնտեղ՝ Ադրբեջանի տարածքում խաղաղ նպատակի համար չէր տեղակայված»։

Նա հայտարարել է, թե որեւէ ինքնիշխան պետություն «չէր հանդուրժի նման ծանր ապօրինի ռազմական ներկայություն իր տարածքում». «Այդպես չարեց նաեւ Ադրբեջանը», - ասել է Բայրամովը՝ նշելով, թը Ադրբեջանը լիովին գործել է իր «իրավունքների սահմաններում», որոնք երաշխավորված են միջազգային իրավունքով եւ իր սահմանադրությամբ՝ պաշտպանելու իր բոլոր բնակիչների անվտանգությունը։ 

«Ուստի Հայաստանի համակարգային փորձերը՝ ապօրինի ուժի կիրառման նոր ստատուս քվո ձևավորելու եւ շփման գծի տրամաբանության վրա հիմնված գորշ գոտի պահպանելու Ադրբեջանի ինքնիշխան տարածքում, պարտության մատնվեցին»։

Ադրբեջանի ԱԳ նախարարը հղում է արել երկրի տարածած կեղծ տեղեկություններին և նշել, թե «Ադրբեջանը Հայաստանի ռազմական արկածախնդրության մասին նախազգուշացնում էր արդեն մի քանի շաբաթ», քանի որ ինտենսիվացել էին ռազմաինժեներական աշխատանքները եւ զինուժի կուտակումները Հայաստանի կողմից»[․․․]։ 

Նշենք, որ հենց Ադրբեջանն էր սահմանին զինտեխնիկա կուտակում, իսկ երկրի այե գործողությունների մասին զգուշացնում էին ՀՀ և Արցախի պաշտպանության նախարարությունները։

«Այս ամենի հետեւանքով է, որ լարվածությունն ավելացավ», - պնդել է Բայրամովը։

«Չնայած իր նախկին հայտարարությանը, որով Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղ շրջանը, Հայաստանի վարչապետը եւս մեկ ծայրահեղ սադրիչ քայլ արեց՝ շնորհավորական ուղերձ հղելով այսպես կոչված տոնի առթիվ՝ Ադրբեջանի տարածքում ապօրինի խամաճիկ կառույցի ստեղծման տոնի օրը», - ասել է Բայրամովը։

Ըստ նրա՝ սա հերթական վկայությունն է, որ «Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից եւ մտադիր չէ անջատողականությունը իրենց տարածքում սնուցելը բոլոր հնարավոր միջոցներով շարունակելուց, այդ թվում քաղաքական, ռազմական եւ ֆինանսական աջակցությամբ»։

«Անօրինական գործուենությունը այսպես կոչված նախագահական ընտրությունների կեղծ պատրվակով խամաճիկ ռեժիմի գործողությունների հետեւանքով, որը ստեղծվել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիայի արդյունքում, հերթական սադրիչ քայլն էր, որի հետեւանքով միանշանակ պարզ դարձավ, որ այդ գործողություններով Հայաստանը մտադիր է զրոյակցնել իր նախկին հայտարարությունները, որոնցով ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, դա ցույց տվեց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեջ չի ներգրավվում  բարեխղճորեն»։

Բայրամովի խոսքով՝ Հայաստանի դիտավորյալ «փորձը սասանելու խաղաղության ջանքերը անջատված չեն ամբողջ աշխարհում Ադրբեջանը պախարակելու զրպարտչական արշավից, որի հիմքում այսպես կոչված շրջափակման եւ մարդասիրական ճգնաժամի կեղծ, մտացածին մեղադրանքներն են»։ Նա նշել է, թե այդ արշավը փլուզվեց սեպտեմբերի 18-ին, երբ ի վերջո «ընդունվեց Ադրբեջանի առաջարկը եւ տարբեր ճանապարհներով ապրանքներ ուղարկվեցին Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի հայ բնակիչների կարիքները հոգալու համար»։ 

«Մի քանի միջազգային դերակատարբերի դիվանագիտական ակտիվ ջանքերից հետո այդ թվում ԱԽ անդամների, համընթաց մարդասիրական օգնության առաքում եղավ Աղդամով եւ Լաչինով, դա արվեց ԿԽՄԿ-ի կողմից՝ մի քանի շաբաթ այն արհեստական ձգձելուց հետո, որի պատճառը Հայաստանի եւ իր ենթակա խամաճիկ ռեժիմի ստեղծած արհեստական խոչընդոտներն էին»։

Բայրամովը շարունակել է կեղծ մեղադրանքները՝ նշելով. «Ձախողելով պարտադրել իր կեղծ պատմույթը միջազգային հանրությանը այսպես կոչված մարդասիրական օրակարգի միջոցով՝ Հայաստանը ռազմական սադրանքի գնաց հենց հաջորդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, հույս ունենալով, որ ռազմական սրացումը կօգնի, որ ինքը բարեհաջող մեղադրի Ադրբեջանին։ Ականների պայթյունի հետեւանքով, որ տեղադրվել էին հայկական սաբոտաժ խմբերի կողմից, երկու քաղաքացիական շինարարներ զոհվեցին, չորս ոստիկաններ զոհվեցին այդ նույն տարածքի մոտակայքում, երբ փորձում էին նախորդ պայթյունի վայրը զննել, այս պայթյունները հանգեցրին ևս վեց ոստիկանների լուրջ վնասվածքներ ստանալուն։ Տարածքը, որտեղ տեղի են ունեցել ականների պայթյունները, կանոնավոր օգտագործվում էին Ադրբեջանի կողմից, ուրեմն կասկած չի մնում, որ ականները վերջերս են տեղադրվել հայկական սաբոտաժային խմբի կողմից»։

Բայրամովը կրկնել է հորինված թեզերը, թը  ադրբեջանական զինված ուժերը «տեղական հակաահաբեկչական միջոցներ են ձեռնարկել զինաթափելու ապօրինի զինված խմբավորումները եւ չեզոքացնելու անմիջական վտանգը ադրբեջանի քաղաքացիական եւ ռազմական անձանց անվտանգության համար»։

Նա պնդել է, թե ի «հակաահաբեկչական միջոցը եղել է սահմանափակ եւ համաչափ այն վտանգին, որն առկա էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, ինչպես նաեւ քաղաքացիների անվտանգության համար». 

«Ինձ մնում է միայն Խորհրդի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ մի քանի ժամ առաջ Հայաստանի վարչապետը իր հայտարարության մեջ հերքել է բոլոր մեղադրանքները, որ թիրախավորվում է հայ խաղաղ բնակչությունը, հրապարակավ ընդունելով, որ Ղարաբաղում քաղաքացիական անձանց համար չկա ուղիղ սպառնալիք եւ որ նրանց նկատմամբ զանգվածային ոճրագործությունների մասին պնդումները կեղծ են»։

Նրա խոսքով՝ ԼՂ ներկայացուցիչների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների այսօրվա հանդիպումը տվել է նախնական դրական արդյունքներ, այս ձեւաչափով հանդիպումները կշարունակվեն։

«Հակաահաբեկչական գործողությունը, որն Ադրբեջանն իրականացրեց, հասել է դրված նպատակին, դա կարող էր խաղաղ կերպով արվել վաղուց, եթե Հայաստանը հարգեր եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները։ Հայաստանը եւ միայն Հայաստանն է մեղավոր եւ իրեն պետք է մեղադրել այն փաստի համար, որ դա տեղի չի ունեցել»։

Բայրամովի խոսքով՝ «չնայած բոլոր լուրջ  մարտահրավերներին, որոնց պատճառը Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումն է», Ադրբեջանը վերահաստատում է, որ պատրաստակամ է իրական երկխոսության եւ բանակցությունների, որոնց հիմքում պետք է լինի հավասար, փոխադարձ հարգանքը միմյանց իրավաչափ շահերի նկատմամբ։ 

Նա նշել է, որ կրկին առաջարկ են անում արդար եւ տեւական խաղաղություն հաստատելու Հայաստանի հետ, «չնայած դեռեւս չեն ամոքվել Հայաստանի զինված ագրեսիայի՝ իրենց երկրին պատճառված վերքերը». «Մեր քաղաքները եւ գյուղերը քանդվել են… Ադրբեջանի այս առաջարկը, հուսանք, վերջապես այդ երկիրը կընդունի»։

Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանի վերահաստատում է, որ վճռական է ԼՂ բնակիչներին երաշխավորել «բոլոր իրավունքները եւ ազատությունները իր սահմանադրությանը եւ մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներին համահունչ, այդ թվում նրանք, որոնք երաշխավորված են ազգային փոքրամասնությունների համար Ադրբեջանում»։

«Էթնիկ հայ բնակիչների համար դռները բաց են, նրանք կարող են մեր խաղաղ գոյակցության մոդելի մաս լինել։ Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը հիշեցնում է, որ բոլոր պետությունները միջազգային իրավունքի համաձայն պարտավոր են չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին, չսասանել ազգային փոքրամասնությունների ինտեգրումը եւ անջատողականություն չսերմանել հարեւան պետությունների տարածքում։ Ադրբեջանը բաց է կառուցողական քննարկումների համար բոլոր միջազգային գործընկերների հետ, որոնք իրապես շահագրգռված են խաղաղությամբ, կայունությամբ եւ բարօրությամբ մեր տարածաշրջանի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել