Անիմաստ և անընդունելի է Ադրբեջանի հետ ճնշման լեզվով խոսելը․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հայտարարություններին
11:32 - 06 հոկտեմբերի, 2023

Անիմաստ և անընդունելի է Ադրբեջանի հետ ճնշման լեզվով խոսելը․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հայտարարություններին

«Ադրբեջանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում և մերժում է Գրանադայում Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները»։ Այս մասին հայտարարություն է տարածել Արդբեջանի արտաքին գերատեսչությունը։

«Մակրոնի պնդումները, թե Ադրբեջանն ու Թուրքիան հրաժարվել են Գրանադայում մասնակցությունից կեղծավորության օրինակ են։ Միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրը քաջատեղյակ է, որ հանդիպմանը Թուրքիայի մասնակցությանը դեմ է հանդես եկել ֆրանսիական կողմը։ Ֆրանսիայի նախագահի կողմից այս հարցում կեղծ տեղեկությունների տարածումը պետության ղեկավարին ոչ վայել մոտեցում է»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։ 

Նշենք, որ Էմանուել Մակրոնն ափսոսանք էր հայտնել իր ադրբեջանցի գործընկերներ Իլհամ Ալիևի և թուրք Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին բացակայության համար։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդել է, թե «Ֆրանսիան՝ որպես միջնորդ, տարիներ շարունակ աչք է փակել Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի և անօրինականությունների վրա»։ 

«Ծիծաղելի է, որ Ֆրանսիան, որը 30 տարի աչք է փակել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների մոտ 20%-ի օկուպացման վրա, և որ Հայաստանը դեռևս շարունակում է օկուպացված պահել ադրբեջանական 8 գյուղեր, Ադրբեջանին մեղադրում է 150 քառ․կմ հայկական տարածքներ օկուպացնելու մեջ։ Ադրբեջանը ոչ մի երկրի տարածք չի օկուպացրել, և անտրամաբանական է պնդել, որ այն տարածքները, որտեղ ադրբեջանական ուժերը տեղակայված են չսահմանազատված սահմանին, պատկանում են Հայաստանին»,- ասված է Արդբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 

Ադրբեջանական կողմը հայտարարության մեջ նշում է, թե միջնորդական ջանքերը, որոնցում ներգրավված էր նաև Ֆրանսիան, արդյունք չեն տվել, այդ պատճառով էլ «Ադրբեջանը գնաց ռազմական ճանապարհով իր տարածքների ազատագրման»։ 

«Ֆրանսիական կողմին, որը կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, ուզում ենք հիշեցնել, որ անիմաստ և անընդունելի է Ադրբեջանի հետ ճնշման լեզվով խոսելը։ Նման անպատասխանատու հայտարարություններ անելու փոխարեն Ֆրանսիային ավելի ձեռնտու կլինի վերջ տալ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտող ագրեսոր Հայաստանին աջակցելու և զինելու իր նենգ քաղաքականությունը»,- նշել են ԱԳՆ-ից՝ պնդելով, թե «Ադրբեջանը ամենաշատն է շահագրգռված տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում՝ հիմնված Հայաստանի հետ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա»։

Հիշեցնենք՝ Էմանուել Մակրոնը երեկ Գրենադայում ընդգծել էր, որ կրկին կզանգահարի Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի վրա «ճնշումը պահպանելու համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել