Առաջնային անհրաժեշտ ապրանքների տրամադրումը բռնի տեղահանվածներին․ ինչպես է կազմակերպվում, եւ ինչ խնդիրներ կան
17:40 - 06 հոկտեմբերի, 2023

Առաջնային անհրաժեշտ ապրանքների տրամադրումը բռնի տեղահանվածներին․ ինչպես է կազմակերպվում, եւ ինչ խնդիրներ կան

Արցախի Հանրապետության 100 հազար 632 բնակիչ բռնի տեղահանվել եւ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։ Նրանց հաշվառման առաջին իսկ օրերից ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ կիրականցվի կարիքների գնահատում, ապա կսահմանվեն աջակցության ծրագրեր։ Թեեւ ծրագրերն արդեն մեկնարկել են, այնուհանդերձ հասարակական ոլորտից եւ անհատ քաղաքացիներից սոցիալական ցանցերում պարբերաբար հնչում են ահազանգեր այն մասին, որ շատ տեղահանվածների կարիքներ պատշաճ չեն բավարարվում։

Մասնավորապես, «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության նախագահ, Երեւանի նորընտիր ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջով նախօրեին հայտնել է, որ Արցախից բռնի տեղահանված շուրջ 300 ընտանիք (1400 անձ), որ գտնվում է Երեւանում եւ շրջակա մարզերում, ունի սննդի ծայրահեղ կարիք։

Infocom-ը փորձել է հասկանալ՝ ինչու է այդպես ստացվել, եւ առհասարակ, ինչպես է կազմակերպվում բռնի տեղահանված արցախցիներին առաջին անհրաժեշտության պարենային եւ ոչ պարենային ապրանքների տրամադրման գործընթացը։

Ըստ Գրիգոր Երիցյանի՝ առաջին անհրաժեշտության ապրանքների կարիք ունեցող մարդկանց մեծ մասը Երեւանից է

Մեր զրույցում Գրիգոր Երիցյանը մանրամասնեց՝ հիշյալ 1400 անձանց գերակշիռ մասը Երեւանում է, դիմողներ կան նաեւ Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերից․ «Մեզ օրական մի քանի 100-ից ավելի զանգ եւ նամակ է գալիս, եւ հիմնական մասը՝ 99 տոկոսը, ունի սննդի եւ ամենաառաջնային պարագանների կարիք, որոնք հավանաբար իրենց չեն տրամադրվել պետական որեւէ մարմնի՝ համայնքապետարանի, մարզպետարանի կողմից, գիտեմ, որ մարզերում մարզպետարաննները ավելի ակտիվ են ներգրավված այդ աշխատանքներում, բայց առհասարակ տեղյակ չեմ՝ Երեւան համայնքը այս շրջանում իրականացնո՞ւմ է որեւէ գործառույթ թե՞ ոչ, ես չեմ հանդիպել, որ Քաղաքապետարանը կամ նույն վարչական շրջանները ինչ-որ բան տրամադրեն»։

Իրենց դիմած քաղաքացիները հաշվառում անցել են թե ոչ՝ Երիցյանը հստակ չգիտեր, այնուամենայնիվ նշեց՝ մարդկանց մեծ մասը Կոռնիձորով գալիս հաշվառվում էր, սակայն հարցն այն է, որ պետությունը Երեւանում կացարաններ չի տրամադրել, եւ շատ մարդիկ, որ հրաժարվել են սահմանամերձ բնակավայրերից եւ հասել Երեւան, այժմ բնակվում են տարբեր կառույցների կողմից տրամադրված կացարաններում, հյուրանոցներում, իրենց բարեկամների տներում․  «Մենք, իհարկե, ասում ենք, որ հաշվառվեն, բայց երբ մարդիկ տեսնում են, որ համայնքը չունի այդքան կարիք ծածկելու հնարավորություն, ինչքան էլ աջակցություն ստացած լինեն, սկսում են դիմել այլ կազմակերպությունների»։ Կոնկրետ իրենց ՀԿ-ն հնարավորությունների սահմաններում տրամադրում են սննդային մեկամսյա փաթեթներ, որոնք, սակայն, բոլոր ընտանիքների կարիքը չեն ծածկում։ Զբաղվում են նաեւ իրավական, հոգեբանական եւ այլ տեսակի աջակցությամբ։

Ըստ Երիցյանի՝ այս գործընթացում ե՛ւ կազմակերպվածության, ե՛ւ առաջին հերթին ռեսուրսների անբավարարության խնդիր կա․ «Մենք ամեն օր լսում ենք, որ ոչ մի կարիք չկա, բայց տեսնում եք, որ ամեն տեղ տարբեր նախաձեռնություններ լիքը բեռ են վերցրել իրենց վրա, սա քաղաքականություն է, թե մենք ոչ մի կարիք չունենք, էդպես է պետք ասել, եթե այդ կարիքը ծածկվում է, ինչպես նշում են տարբեր համայնքներ, ապա ինչո՞ւ է այսպիսի կարիք առաջացել, սա հումանիտար աղետ է, որ պետությունը չի կարողանում փակել եւ չէր էլ կարողանա, եթե անգամ լիներ ամենահարուստ պետությունը»։

Ինչ քայլեր է ձեռնարկում պետությունը

Բռնի տեղահանված քաղաքացիներին առաջին անհրաժեշտության պարենային եւ ոչ պարենային ապրանքների հրատապ ձեռքբերման եւ գնումների ֆինանսավորումն ապահովելու նպատակով ՀՀ մարզպետարաններին Կառավարությունն իր պահուստային ֆոնդից ընդհանուր առմամբ 960 միլիոն դրամ է հատկացրել։

Մասնավորապես, Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստում որոշվել է 360 մլն դրամ հատկացնել ՀՀ մարզպետների աշխատակազմերին, որից 50-ական մլն դրամ՝ Սյունիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզերին, իսկ մնացած 7 մարզերից յուրաքանչյուրին՝ 30 մլն դրամ։

Կառավարության երեկվա՝ հոկտեմբերի 5-ի նիստում էլ որոշվել է 600 մլն դրամ հատկացնել ՀՀ մարզպետների աշխատակազմերին, որից 140 մլն դրամը՝ Կոտայքի մարզին, 100 մլն դրամը՝ Արարատի մարզին, 65 մլն դրամը՝ Սյունիքի մարզին, 50-ական մլն դրամ՝  Արմավիրի, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզերին, 45 մլն դրամ՝ Տավուշի մարզին, 40 մլն դրամ՝ Լոռու մարզին, 30-ական մլն դրամ՝ Արագածոտնի եւ Շիրակի մարզերին։

Երեւան համայնքը, սակայն, Կառավարության այս որոշումներում ներառված չէ, դրամական միջոցները հատկացվել են միայն մարզպետարաններին։ Երեւանում գտնվողների համար հասանելի են միայն աջակցության մյուս ծրագրերը․ յուրաքանչյուր անձի հաշվով առնվազն 6 ամսով տրամադրվում է 40 հազար դրամ՝ բնակության ծախսերը հոգալու եւ 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերը հոգալու նպատակով, ինչպես նաեւ՝ 100 հազար միանվագ դրամական աջակցություն 80 հազար շահառուների համար։

Շահառու դառնալու համար պարտադիր է, որ բռնի տեղահանված քաղաքացիները պետության կողմից հաշվառված լինեն։

Ըստ ՏԿԵՆ-ի՝ բռնի տեղահանված եւ հաշվառված անձինք ամենօրյա ռեժիմով ապահովվում են սննդով եւ առաջին անհրաժեշտության պարագաներով

Կառավարության կողմից այս գործընթացում ներգրավված են առավելապես Սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարարությունն ու Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Կարիքների գնահատում անելուց հետո Սոցհարցերի նախարարությունը տվյալները փոխանցում է ՏԿԵՆ-ին, որն էլ հենց զբաղվում է կարիքների ապահովմամբ։

ՏԿԵՆ մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը մեր զրույցում ասաց՝ Կառավարության վերոնշյալ հատկացումներով համայնքները գնումներ են իրականացնում՝ բռնի տեղահանված եւ պետության կողմից հաշվառված բոլոր քաղաքացիներին ապահովելով սննդով եւ առաջին անհրաժեշտության պարագաներով։

Գործընթացը կազմակերպվում է հետեւյալ կերպ․ այն անձինք, որոնք տեղակայված են հյուրանոցներում կամ հյուրատներում, օրական 3-անգամյա սնունդ են ստանում, իսկ այն ընտանիքներին, որոնք տներում են կամ կեցության համար հարմարեցված այլ վայրերում, ամենօրյա ռեժիմով փաթեթներ են տրամադրվում։ Դրանք ներառում են սնունդ, քաղցրավենիք, հիգիենայի, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ։ Փաթեթները մատակարարում են հենց համայնքների ներկայացուցիչները, եթե լրացուցիչ ռեսուրսի անհրաժեշտություն է լինում, դիմում են կամավորների աջակցությանը։ Քննարկման փուլում է նաեւ սննդային քարտերի տրամադրման գործընթացը։

Սոնա Հարությունյանը բացառեց, թե որոշ ընտանիքներ կարող են սննդի ծայրահեղ կարիք ունենալ, բայց հիշեցրեց՝ պարտադիր պայման է հաշվառված լինելը․  «Նախարարը մարզպետերի եւ համայնքապետերի հետ օրը 2-3 մարզում շրջայց է կատարում, համայնքապետերը, վարչական ղեկավարները անուն-ազգանունով, դեմքով այդ մարդկանց ճանաչում են, ամեն օր անձամբ իրականացնում են այդ սնունդի առաքումը, ամենահեռավոր սահմանամերձ մարզից, բնակավայրից սկսած՝ սննդային փաթեթներն առաքվում են»։ Ամեն դեպքում, եթե կլինի հաշվառված անձ, որը փաթեթը չի ստացել կամ ստացել է, սակայն պակաս բանի կարիք կա, ապա, ըստ Հարությունյանի, պետք է դիմի տվյալ համայնքի համայնքապետարանին կամ բնակավայրի վարչական ղեկավարին, ներկայացնի իր կարիքը, եւ վերջիններս պետք է լրացնեն այդ կարիքը։

Նա բացառեց նաեւ, որ մարզպետարանները կարող են չտիրապետել իրենց մարզում տեղակայված արցախցիների վերաբերյալ տվյալների։ Այդ մասին եւս հայտնել էր Գրիգոր Երիցյանը՝ նշելով, որ երեկ խոսել է մարզպետարաններից մեկի հետ, տեղեկացել, որ դեռ տվյալ չունեն, թե մարզում քանի տեղահանված անձ կա․ «Բոլոր մարզերում թվերը ճշտված են, բոլոր բնակավայրերում գիտեն՝ ովքեր են ապրում, իհարկե, քանի որ հիմա տեղաշարժը շարունակվում է, այսինքն՝ մարդը մի տեղ հաշվառվում է, բնակարանը դուրը չի գալիս, եղանակային պայմանները դուրը չեն գալիս, տեղափոխությունները շատ են կամ օրինակ բարեկամի տանն է մնացել Տավուշի մարզում, բայց բնակարան է գտնում Գեղարքունիքում, Տավուշից գնում է Գեղարքունիք, փոխում է իր հաշվառման վայրը, այդ թվերը ամեն օր տատանվում են, բայց բոլոր տեղերում, մարդիկ, որոնք հաշվառվել են, համայնքը, վարչական ղեկավարը գիտեն, թե իր բնակավայրում, իր համայնքում ով է ապրում»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ այժմ աշխատանքներ են տարվում մանկապարտեզներում եւ դպրոցներում երեխաների հաշվառումն ու բաշխումը իրականացնելու համար։

Ինչ վերաբերում է Երեւանում տեղակայվածներին, նրանց մեծ մասը, ըստ Հարությունյանի, քաղաք է հասել եւ կացարան գտել ինքնուրույն՝ հրաժարվելով պետական աջակցությունից, սակայն եթե այժմ որեւէ մեկը նշի իր կարիքների մասին, նրա ենթադրությամբ՝ այն կբավարարվի։ Թե կոնկրետ ինչ է արվում այդ ուղղությամբ, ըստ Հարությունյանի, պետք է Քաղաքապետարանն ասի, որովհետեւ առաջնային անհրաժեշտության ապրանքների աջակցությունն իրականացվում է միայն մարզային մակարդակով։

Երեւան քաղաքի բյուջեով միջոցառում նախատեսված չէ, համագործակցում են այլ կառույցների հետ

Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մեր զրույցում հայտնեց՝ քաղաքային բյուջեով կոնկրետ միջոցառում չի իրականացվում, աշխատում են Կառավարության եւ այլ գործընկերների հետ․ քաղաքացիերը դիմում են իրենց վարչական շրջաններին, գրանցվում եւ ըստ անհրաժեշտ կարիքների՝ Քաղաքապետարանն իր ենթակայության շրջանակներում ինչ գործառույթ հնարավոր է, իրականացնում է․

«Այն քաղաքացիները, որ դիմում են քաղաքի վարչական շրջաններ, հաշվառվում են, ապա ֆիքսում ենք կարիքները, ապա ըստ այդ կարիքների՝ դիմում ենք համապատասխան կառույցների՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, Կարմիր Խաչ եւ այլն, որոնք տարբեր տեսակի օգնություն եւ օժանդակություն են ցուցաբերում՝ կլինի սննդի հետ կապված, առողջապահական թե այլ, փոխանցում ենք, իրենք փոխանցում են մեզ բնաիրային այդ փաթեթները, որոնք էլ մենք փոխանցում ենք վարչական շրջաններում հաշվառված քաղաքացիներին»։ Ըստ Կոստանյանի՝ կարող են դիմել ե՛ւ հաշվառված, ե՛ւ չհաշվառված անձինք, արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիների սպասարկել են։

Հարցին, թե ինչ պատճառաբանությամբ քաղաքային բյուջեից միջոցներ չեն տրամադրվել Երեւանում գտնվող անձանց կոնկրետ առաջնային անհրաժեշտության պարենային եւ ոչ պարենային ապրանքների ապահովման համար, Կոստանյանը պատասխանեց՝ իրենց աշխատանքները բխում են Կառավարության ռազմավարությունից եւ վերջինիս որոշումներից․ «Քանի որ ամբողջ աշխատանքները իրականացնում է Կառավարությունը, համայնքային բյուջեից չի տրամադրվում, բայց ամեն դեպքում, եթե անհրաժեշտություն լինի, կարծում եմ՝ մեր գործընկերները մեզ կփոխանցեն, որ նաեւ ձեր օգնության կարիքը կա, բայց քանի որ Կառավարությունն այդ ամբողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա, մենք, այսպես ասած, որպես աջակցող կառույց, ինչ հնարավոր է, մեր կողմից իրականացնում ենք»։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել