Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկով
 |azatutyun.am|
14:25 - 11 հոկտեմբերի, 2023

Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղից դուրս գալու դեպքում, ռուսաստանյան զորախումբը պետք է հեռանա Ռուսաստան, այլ ոչ թե տեղակայվի Հայաստանում», Կրեմլի խոսնակն ասել է՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուսաստանցի խաղաղապահների՝ Հայաստան վերատեղակայման հարց չի քննարկվել։

«[Պուտին-Փաշինյան] վերջին հեռախոսազրույցի ընթացքում այս հարցը չի քննարկվել։ Դե-ֆակտո և դե-յուրե մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում, և դա ընդունում է նաև Հայաստանի վարչապետ Փաշինյանը», - նշել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի խոսնակի պնդմամբ, խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում հետագա տեղակայման հարցը քննարկելու են Մոսկվայի և Բաքվի ներկայացուցիչները։

«Խաղաղապահների այնտեղ մնալու հետագա ռեժիմի, հարակից բոլոր խնդիրներին վերաբերող հարցերը մենք, իհարկե, քննարկելու ենք ադրբեջանական կողմի հետ։ Մենք, իհարկե, կշարունակենք մեր շփումները նաև մեր հայ բարեկամների հետ», նշել է Դմիտրի Պեսկովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել