«Ես նորից եմ ծնվել»․ ինչ է պատմում Հակարիի անցակետն ադրբեջանցիների սպառնալիքի ներքո հատած Մհերը
17:48 - 12 հոկտեմբերի, 2023

«Ես նորից եմ ծնվել»․ ինչ է պատմում Հակարիի անցակետն ադրբեջանցիների սպառնալիքի ներքո հատած Մհերը

Կարոտելով նռան այգին

«Խաղողի այգի ունեմ, նռան այգի ունեմ, բերքն արդեն հասել է․․․»,- հոկտեմբերի կիսատ արեւի տակ, Երեւանի պուրակներից մեկում Մարտունիում թողած իր այգու մասին Մհերը շարունակում է ներկայով խոսել։ Արցախի վրա ադրբեջանական վերջին հարձակումից հետո նա ընտանիքի հետ տեղահանվել է Բերդաշեն գյուղի իր տնից՝ այնտեղ թողնելով ամեն ինչ, ինչ հնարավոր է ունենալ ու արարել 36 տարիների ընթացքում եւ անսփոփելի կարոտ, որ չգիտի՝ ոնց բացատրել․ «Իմ գյուղը, իմ այգին, իմ տունը․․․ Հինգիդամ, դա անհոգի մարդ կլինի, որ չկարոտի։ Դա շատ ծանր ա։ Ես չեմ կարում ամեն մանրուք բացատրեմ։ Դա ոչ թե կարոտ ա, դա ոնց որ պարանը գցած վիզդ՝ մազից կախված, ցանկացած վախտ, երբ աթոռը ընկնի, կախվում ես․․․ Դաժե ձեռս կտրեն, գնամ ես իմ հայրենիքում ապրեմ, դրան էլ եմ համաձայն»։ 

Հայաստանն էլ է իմ հայրենիքը

Մհերը Հայաստանն իրեն օտար չի համարում, ասում է՝ սա էլ է իր հայրենիքը ու այս հայրենիքի համար էլ է պատրաստ կռվել, ինչպես 44-օրյա պատերազմում է կռվել մինչեւ վերջին ժամը եւ ինչպես սեպտեմբերի 19-ին է մի ողջ օր դիմակայել իր տան վրա հարձակված հակառակորդին։ Երբ ադրբեջանցիները հարձակվել են, Մհերն ու համագյուղացիները թութունի դաշտում են եղել․ շրջափակման ժամանակ ծխախոտն էլ էր սպառվել Արցախում. մարդիկ թութուն էին հավաքում ու չորացնում։ Թութունի դաշտը շփման գծից հարյուր մետր է հեռու եղել։ Հենց առաջին կրակոցը լսել են, ինքնակազմակերպվել, ընտանիքներին ապաստարաններում տեղավորել ու անցել պաշտպանության։ Երկու օր անց նրանց հայտնել են, որ պիտի լքեն գյուղը։ Մհերը իր երկու մեքենաները թողել է, ընկերոջ մեծ մեքենան վերցրել, անկողին, սառնարան, մի քանի այլ իրեր վերցրել ու ճամփա ընկել։ Երեք գիշեր Զարգարյանների ընտանիքը մնացել է մեքենայում, ճամփի համար վերցրած սնունդն էլ գրեթե սպառվել է, բայց Մհերը ճարը գտել է․ 

«Երրորդ օրն էր արդեն, պոլնի դատարկ, բայց դիմանում էինք, երեխոցը մի բան էի ճարում, տալիս։ Լիսագորի ճանապարհին վայրի բույսեր կան, որ ուտելու են՝ սզնա, զըկըռ, թրթնջուկ, իմանում եմ լի։ Քաղեցի, տվեցի էրեխոցը։ Խորթն (ուրց) էլ եմ քաղել, հետս բերել․․․»։ 

Հակարիի անցակետը

«Ես նորից եմ ծնվել, ես նոր ծնված մարդ եմ»,- մի քանի անգամ կրկնում է Մհերը, երբ պատմում է, թե ինչպես է անցել Հակարիի անցակետը։ Նրան, ինչպես տեղահանվող մյուս արցախցիներին, ադրբեջանցիները ստուգել են, զննել մեքենաները, բայց Մհերին ճանաչել են․ նրանց ձեռքի տակ է եղել մի տեսանյութ, որը փաստում է 44-օրյա պատերազմին Մհերի մասնակցությունը (տեսանյութում Մհերը Մեհրիբան Ալիեւայի անունն է տալիս՝ ակնարկելով, որ շուտով նրան են հասնելու)։ 

Անցակետում Մհերին կանչել են ներս, ատրճանակը սեղմել կողին եւ պայման դրել նրա առաջ․ 

«Պիստալետը դրեց կողիս, բայց նենց, որ դրսից չերեւա, ասում ա՝ Զարգարյան Մհերը դու ե՞ս։ Ես մտածեցի, որ սա իմանում ա, որ ասում ա, ավելի լավ ա՝ ճիշտն ասեմ, որ չբարդանա։ Եթե մենակ լինեի, մի ելք կմտածեցի, բայց որ էրեխեքը հետս են, ասեցի՝ ճիշտն ասեմ, գոնե ինձ պահեն, էրեխեքիս բաց թողնեն։ Ասեցի՝ ես եմ։ Վիդեոն միացրեց, ասեց՝ մենք անհամբեր էինք սպասում քեզ, մեր պրեմիեր մինիստրը Բաքվում անհամբեր քեզ ա սպասում։ Ասեցի՝ ինչ ուզեք կտամ, երեխեքիս ձեռ չտաք, մենք ոտով էլ կանցնենք, ոչ մի բան մեզ պետք չի։ Մաքուր, գրական հայերեն էր խոսում, ասեց՝ հլա կորոշենք, եթե ինչ ասենք՝ անես, բաց կթողնենք, եթե չէ, շանս չունես քեզ»,- հիշում է Մհերը։ 

Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը պնդել է, որ Մհերն արցախցի բարձրաստիճան զինվորականների անուններ տա, նա էլ ասել է, որ անուններ չգիտի, թեեւ ադրբեջանցիները չեն հավատացել, ասել են՝ Արայիկի (Արայիկ Հարությունյանի) անո՞ւնն էլ չգիտես։ Մհերն ասել է՝ Արայիկինը գիտի, որովհետեւ նախագահն է, այլ անուն չգիտի։ Հաջորդիվ Մհերին ստիպել են ադրբեջանցի լրագրողների տեսախցիկների առաջ հայերին վատաբանող խոսքեր ասել, մասնավորապես, որ գեներալներն են մեղավոր, որ հայ ազգը դավաճան է․ 

«Մի հինգ-վեց լրագրող եկան, ասացին՝ որ մոտենան քեզ, դու կսկսես արդեն, դաժե երկրորդ անգամ, որ ասեցի, ադրբեջանցիներից մեկը ասեց՝ նորից ասա, նկատողություն տվեց, որ նորից ասեմ, թե չէ արդեն շանսս պրծնում ա․․․ Նորից մոտիկացա, խոսեցի, ինչ ասեցին, ասեցի, որ մեր գեներալներն են մեղավոր, հայ ազգը դավաճան ա․․․ Ու տենց թողեցին, նստեցի ավտոն, ասի՝ պրծա, ճանապարհվեմ, սկաների մոտ էր իմ ավտոն, դիմացս ավտո կար, մեջը մարդ չկար, սպասում էի, որ անցի, հետո ես մտնեի, էլ չսպասեցի, ու կողքով անցնելիս եկավ (նույն այն ադրբեջանցին,-խմբ․), որ էլի կանգնեցնի, բայց չկանգնա, քշեցի։ Հակարին որ անցա, թե ուրախությունից, թե սաղ պրծնելուց էր՝ աչքերիս դեմը սեւացավ, գիտակցությունս մի պահ գնաց, հասցրի՝ ավտոն կանգնեցրի, մի հատ ջուր խփեցի երեսիս ու քշեցի ու էլ ոչ մի տեղ չեմ կանգնել»,- պատմում է Մհերը, որը հետո ընտանիքի հետ հասել է Կոռնիձոր, այնտեղ իրենց սնունդ են տվել, երեխաներին՝ քաղցրեղեն։ Ավելի ուշ շարժվել է դեպի Վայք ու տեղահանվածների ընդունման վայրում հաշվառվել ու ճանապարհ ընկել Երեւան։

Չեմ վախենում

Մհերը կնոջ ու երեք անչափահաս երեխաների՝ դստեր ու որդիների հետ հիմա վարձով բնակվում է Երեւանում։ Եթե Բերդաշենում գյուղատնտեսությամբ էր զբաղվում, հիմա ամեն գործ էլ պատրաստ է անել, միայն թե ընտանիքի կարիքները հոգա։ 

Մհերը ասում է՝ մեքենա վարել շատ է սիրում․ թեթեւ մարդատար ու բեռնատար ավտոմեքենա վարելու վկայականներ ունի, վարորդի աշխատանք է փնտրում։ Կինը բուժքույր է, նա նույնպես աշխատանք է փնտրում։ 

«Ինչ դժվարություն էլ լինի, ես կկարողանամ [հաղթահարել], մի քիչ օգնեն՝ ցույց կտամ՝ ինչի եմ ընդունակ։ Եթե մենակ լինեի, ես յոլա կգնայի, գիշերն էլ կաշխատեի, ավտոյում էլ կքնեի, բայց որ էրեխեքը հետս են, ընտանիք ունեմ, չեմ կարա։ Հինգիդամ․․․ Ես ոչ մի բանից չեմ վախենում, բայց թուրքերի անունը, որ լսում եմ․․․ Անսովիստ են (անխիղճ), պապս միշտ ասում էր՝ իրենք հետեւից խփող ազգ են, արդեն իմ խելքս էլ ա կտրում, ես էլ գիտեմ, տեսել եմ, իմ աչքով եմ տեսել, ես գիտեմ, որ պապս ճիշտ էր․․․ Իրանց մեջ էլ [լավ] մարդ կլինեն, բայց․․․»,- խոսքը կիսատ է թողնում Մհերը՝ վառելով հերթական ծխախոտը։

Լուսանկարում՝ Մհեր Զարգարյանը


Հայարփի Բաղդասարյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել