ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր մեկ շաբաթվա ընթացքում լքեցին ԼՂ-ն․ Փաշինյան
15:16 - 17 հոկտեմբերի, 2023

ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր մեկ շաբաթվա ընթացքում լքեցին ԼՂ-ն․ Փաշինյան

ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր մեկ շաբաթվա ընթացքում լքեցին Լեռնային Ղարաբաղի իրենց տներն ու բնօրրանը, ևս քսան հազարը ԼՂ-ից ստիպված էին եղել հեռանալ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, մի մասն էլ 2022-ի դեկտեմբերից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման պատճառով ԼՂ վերադառնալու հնարավորություն չէր ունեցել։ Այս մասին Եվրոպական խորհրադարանի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Եվ այսօր ոմանք ձև են անում, թե չեն հասկանում՝ ինչու ԼՂ հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները։ Նման հարցադրումն ինքնին ցինիզմի է նման, որովհետև պատասխանն ավելի քան պարզ է․ Ադրբեջանը հստակ և աներկբա ի ցույց էր դրել հայերի կյանքը ԼՂ-ում անհնար դարձնելու իր որոշումը»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հիշեցրեց, որ 2022թ․ դեկտեմբերից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման շրջանում ԼՂ հայերը զրկված են եղել գազի, էլէներգիայի, վառելիքի, սննդի, մանկական սննդի, դեղորայքի, հիգիենիկ եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաների արտաքին մատակարարումներից։ Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձինք թիրախավորվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

«2022-ի դեկտեմբեբրից տասնյակ անգամներ ահազանգել ենք Ադրբեջանի պլանի մասին՝ Լաչինի միջանցքը փակելուց հետո մարդկանց սովի մատնել, ավելացնել ռազմական, պրոպագանդիստական եւ հոգեբանական ճնշումը, ապա եւ բացել միջանցքը եւ այդպիսով բոլոր հայերին ստիպել հեռանալ։

Նման սցենարին խոսել ենք 2023-ի հունվարին, փետրվարին, մարտին, ապրիլին, մայիսին, հունիսին, հուլիսին, օգոստոսին, խոսել ենք բարձր եւ հրապարակային, եւ չեմ ընդունում միջազգային որոշ պաշտոնյաների զարմացած դեմքերը՝ ԼՂ-ի՝ սեպտեմբերին տեղի ունեցած հայաթափման առիթով»,- նշեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը միեւնույն ժամանակ շնորհակալություն հայտնեց Եվրոպական խորհրդարանին՝ ԼՂ-ում տեղի ունեցածն իր անունով կոչելու համար։ Փաշինյանի խոսքով դա կարեւոր է հայրենազրկման ենթարկված մարդկանց հետագա իրավունքները պաշտպանելու համար։

«Ի հեճուկս բոլոր պատերազմների, բարդույթունների, ճգնաժամերի՝ ես Եվրոպական խորհրդարան եմ եկել հետեւյալ հիմնական ուղերձով․ մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, ունի խաղաղության կարիք, այսինքն՝ մի վիճակի կարիք, երբ տարածաշրջանի բոլոր երկրները ապրում են բաց սահմաններով՝ տնտեսական, քաղաքական, մշակութային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով եւ երկխոսությամբ լուծելու փորձ եւ ավանդույթ կուտակած։ Հատուկ ուզում եմ ընդգծել՝ խաղաղության մասին մեր պատկերացումները որեւէ կերպ չենք հակադրում մեր տարածաշրջանի շահերին, որովհետեւ մեր երկիրը խաղաղ կարող է լինել, եթե խաղաղ է տարածաշրջանը։ Եւ խաղաղության կառուցմանն աջակցելը համարում եմ իմ հիմնական քաղաքական հանձնառությունը։

Նման հանձնառություն ստանձնելը հեշտ չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ երկարատեւ հակամարտությունը, բազմաթիվ զոհերի, անհետ կորածների, գերիների, տառապանքների եւ հուսահատությունների հանգամանքը։ Բայց արդյո՞ք խաղաղությունը հնարավոր է, եւ եթե այո, ինչպե՞ս։ Գրանադայի գագաթաժողովից առաջ մենք խաղաղության գործընթացում ճեղքում արձանագրելու լրջագույն հնարավորություն ունեինք, բայց Ադրբեջանի նախագահը, ցավոք, հրաժարվեց գալ եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին եւ ԵՄ խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի եւ ինձ հետ ընդունել համատեղ հայտարարություն, որը պիտի արտահայտեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման սկզբունքները»,- նշեց վարչապետը։ 

Փաշինյանի խոսքով այդ սկզբունքներն ու բովանդակությունն ամենեւին էլ Գրանադայում չէին ձեւավորվել եւ 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքներով էին ձեւավորվել, որին մասնակցում էին Ֆրանսիայի նախագահը, ԵՄ խորհրդի նախագահը, Ադրբեջանի նախագահը եւ ես։

«Այդ սկբունքները կոնկրետացվեցին 2023-ին՝ ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ բրյուսելյան հանդիպումների ընթացքում եւ այդ սկզբունքների մասին կան հրապարակային հայտարարություններ։

Սկզբունքներից առաջինը Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ արտահայտված է հետեւյալ կերպ, մեջբերում եմ. «Ֆրանսիայի նախագահը, ԵՄ նախագահը, Գերմանիայի կանցլերը և ես Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության` Հայաստանի 29,800 քառակուսի կմ և Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում։ Նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը» (մեջբերման ավարտ)։

Այս նույն սկզբունքը ս/թ մայիսի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ արտահայտված է այսպես. «Առաջնորդները, խոսքը իմ եւ Ադրբեջանի նախագահի մասին է, հաստատեցին իրենց աներկբա հանձնառությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին եւ համապատասխանաբար Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր եւ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը (մեջբերման ավարտ)։

Նույն սկզբունքը ս/թ հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր հայտարարության մեջ արտահայտել է այսպես (մեջբերում եմ). «Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները եւս մեկ անգամ լիարժեք կերպով վերահաստատեցին իրենց հարգանքը մյուս երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ, հիմնված այն ըմբռնման վրա, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը 86 հազար 600 քառակուսի կիլոմետր» (մեջբերման ավարտ)»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել