Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի հրապարակել մի շարք հաշվետվություններ
15:44 - 01 նոյեմբերի, 2023

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի հրապարակել մի շարք հաշվետվություններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2019 և 2020 թվականներին չի հրապարակել իր գործունեության մասին կիսամյակային և տարեկան հաղորդումներն ու բարեվարքության համակարգի վիճակի մասին տարեկան հաղորդումը, որոնք պահանջվում են օրենքով։ Իսկ 2021 և 2022 թվականներին հրապարակվել է այս հաշվետվությունների միայն մի մասը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (Հանձնաժողով) Հայաստանում կոռուպիայի կանխարգելան կարևորագույն ինստիտուցիոնալ դերակատարներից է։ Հանձնաժողովն է հետևում բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների, շահերի բախման կարգավորումների պահպանմանը, կանոնակարգում հայտարարագրման գործընթացը, ստուգում ներկայացված հայտարարագրերը, մասնակցում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության մշակմանը։ 

Հանձնաժողովը նաև եզրակացություն է տալիս Բարձրագույն դատական խորհրդի անդամների, Սահմանադրական դատարանի դատավորների, դատավորների թեկնածուների հավակնորդների, դատախազի թեկնածուների, Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ։

2020-ից Հանձնաժողովը հնարավորություն ստացավ հայտարարագրերի վերլուծության ընթացքում նաև բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու։

2022-ից Հանձնաժողովի գործառույթներից է նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ կուսակցությունների տարեկան հաշվետվություններում առկա տեղեկությունների և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգումը։

Հանձնաժողովի գործառույթների նման լայն շրջանակի առկայության պարագայում առանձնակի մեծանում է հանձնաժողովի հաշվետվողականության ու թափանցիկության կարևորությունը։ 

 

Ինչպե՞ս պիտի ապահովվեն Հանձնաժողովի հաշվետվողականությունը և թափանցիկությունը

Հանձնաժողովի հաշվետվողականությանը և թափանցիկությանը վերաբերող հարցերը կարգավորվում են «Կոռուպիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 6-րդ հոդվածով։ Օրենքն, ըստ էության, պահանջում է ներկայացնել 3 տեսակի հաշվետվություններ։

Առաջինը կիսամյակային հաղորդումներն են, որոնք կիսամյակի ավարտից հետո` տասնօրյա ժամկետում, պետք է տեղադրվեն Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:

Երկրորդը Ազգային ժողով ներկայացվող տարեկան հաղորդումներն են, որոնք պետք է ներկայացվեն հաշվետու տարվան հաջորդող տարվա առաջին եռամսյակի ընթացքում։

Երրորդը բարեվարքության համակարգի վիճակի վերաբերյալ հաղորդումներն են, որոնք պետք է Հանձնաժողովի կայքում տեղադրվեն հաշվետու տարվան հաջորդող տարվա չորրորդ-հինգերորդ ամիսներին։ Հաղորդումը պետք է շոշափի հանրային ծառայողների բարեվարքության ընդհանուր մակարդակին առնչվող հարցեր։ 

Բացի վերոնշյալ 3 հաշվետվություններից՝ Հանձնաժողովը պարտավոր է իր պաշտոնական կայքէջում հրապարակել իր ընդունած որոշումները և եզրակացությունները, ինչպես նաև իր ներկայացրած առաջարկությունները։

«Ինֆոքոմ»-ն ուսումնասիրել է, թե ինչպես է Հանձնաժողովն ապահովել օրենքով պահանջված հաշվետվողականությունը։

 

2019 և 2020 թվականներ․ 0 հաշվետվություն

Ինչպես վերը նշեցինք, օրենքը Հանձնաժողովի հաշվետվողականության և թափանցիկության 4  ուղղություն է սահմանում՝ կիսամյակային և տարեկան հաղորդումներ, որոշումների հրապարակում և բարեվարքության համակարգի վիճակի վերաբերյալ հաղորդում։

2019 և 2020 թվականներին, սակայն, Հանձնաժողովը ո՛չ տարեկան հաղորդում է ներկայացրել խորհրդարանին, ո՛չ էլ պահանջվող կիսամյակային հաշվետվություններն ու բարեվարքության մասին տարեկան հաղորդումն է հրապարակվել։ 

Եթե դրանք ներկայացված լինեին, ապա օրենքի պահանջով պետք է  տեղադրված լինեին Հանձնաժողովի կայքում։ Սակայն կայքում այս հաշվետվությունները չկան։  

Փաստացի, 2019 և 2020 թվականներին Հանձնաժողովն իր հաշվետվողականության շրջանակում հրապարակել է միայն որոշումներն ու եզրակացությունները։ 2019-ին հրապարակվել է ընդամենը 1 որոշում և 1 եզրակացություն։ 2020-ին Հանձնաժողովը հրապարակել է 4 եզրակացություն և 8 որոշում։ 

2019 և 2020 թվականների տարեկան հաղորդումների բացակայությունը հնարավորություն չի տալիս հասկանալու Հանձնաժողովի գործունեության արդյունքները և դրանք համեմատության մեջ դնելու հաջորդող տարիների արդյունքների հետ։

«Ինֆոքոմը» Հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանին հարց ուղղեց այն մասին, թե ինչու Հանձնաժողովը չի ներկայացրել 2019 և 2020 թվականների տարեկան հաղորդումները։ Վերջինս առաջարկեց հարցը գրավոր ձևակերպել։

«Ճիշտ կլինի գրավոր դիմում գրել, համապատասխան մասնագետները պատասխանեն։ Իրավասու չեմ պատասխանել․ դա իմ կոմպետենցիաների մեջ չէ։ Որ բացեք իմ լիազորությունները, կտեսնեք, որ ինֆորմացիա չեմ կարող տալ հաշվետվության մասին»,- ասաց նա։ 

Հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Արամայիս Փաշինյանը, կասկած հայտնեց, որ հաշվետվությունները կարող են կայքի այլ բաժիններում լինել, քանի որ կայքում փոփոխություններ են եղել։ Նա խոստացավ հարցը կոմունիկացնել Հանձնաժողովի աշխատակազմի հետ՝ պարզելու, թե  որտեղ են Հանձնաժողովի երկու տարվա տարեկան հաշվետվությունները։ Ավելի ուշ Փաշինյանը փոխանցեց, որ հարցի պատասխանը հնարավոր է ստանալ միայն գրավոր հարցման միջոցով։ 

Մենք գրավոր հարցմամբ կդիմենք հանձնաժողովին և պատասխան ստանալու դեպքում այն ևս կներկայացնենք։

 

2021-2022-ի հաշվետվությունները՝ կիսատ

2021 թվականի համար Հանձնաժողովը  ներկայացրել է տարեկան հաղորդում։ Բացի այդ՝ Հանձնաժողովը հրապարակել է նաև այդ տարվա առաջին կիսամյակի ամփոփ հաշվետվություն։ 6 էջից բաղկացած կիսամյակային հաշվետվությունը ներառում է բացառապես կատարված ուսումնասիրությունների ու վարույթների վերաբերյալ քանակական տվյալներ պարունակող աղյուսակներ և ինֆոգրաֆիկաներ։

Ընդ որում, հաշվետվությունը հրապարակվել է 2021-ի նոյեմբերին, թեպետ օրենքը պահանջում էր այն հրապարակել մինչև հուլիսի 10-ը։

Հանձնաժողովի՝ 2021-ի երկրորդ կիսամյակի հաշվետվությունը բացակայում է։ Բացակայում է նաև 2021-ի համար բարեվարքության համակարգի վիճակի վերաբերյալ հաղորդումը։

Հանձնաժողովը 2021-ին հրապարակել է նաև տեղեկանք՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարված մեդիա հրապարակումների ուսումնասիրության մասին։ Բացառությամբ 2021-ի սեպտեմբերի՝ Հանձնաժողովը նմանատիպ տեղեկանք չի հրապարակել։ 

2021-ին Հանձնաժողովը հրապարակել է ընդամենը 13 որոշում և 3 եզրակացություն։ 

2022-ի համար ևս Հանձնաժողովը ներկայացրել է տարեկան հաղորդումն ու առաջին կիսամյակի հաշվետվությունը։ Վերջինը, ինչպես և նախորդ տարի, հրապարակվել է հրապարակման՝ օրենքով սահմանված ժամկետի ուշացմամբ։

2022-ի համար ևս Հանձնաժողովը չի հրապարակել երկրորդ կիսամյակի հաղորդումը  և բարեվարքության համակարգի վիճակի վերաբերյալ հաղորդումը։ 

2021-ին Հանձնաժողովը հրապարակել է ավելի քան 130 որոշում և եզրակացություն։

2023-ին Հանձնաժողովն արդեն ներկայացրել է Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ առաջին կիսամյակի հաշվետվությունը, այս անգամ՝ հրապարակման ժամկետների պահպանմամբ։

2023 թվականին հանձնաժողովն արդեն հրապարակել է 46 որոշում և եզրակացություն։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում ասաց՝ Հանձնաժողովի հաշվետվողականության մասով խնդիրներ կան։

«Առկա հաշվետվությունները հեռու են բավարար լինելուց։ Հանձնաժողովը թերանում է այս հարցում․ թե՛ խնդրահարույց է հաշվետվությունների բովանդակությունը,  թե՛, առհասարակ, խնդիրներ կան որոշ հաշվետվությունների առկայության հետ»,- նշեց նա։  

 

Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել