«ՔՊ պատգամավորների նկատմամբ վարույթները կարո՞ղ են ազդեցություն ունենալ քվեարկության վրա»․ Եղոյանի հարցը՝ Հայկուհի Հարությունյանին
14:15 - 06 դեկտեմբերի, 2023

«ՔՊ պատգամավորների նկատմամբ վարույթները կարո՞ղ են ազդեցություն ունենալ քվեարկության վրա»․ Եղոյանի հարցը՝ Հայկուհի Հարությունյանին

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների վերաբերյալ 20-25 վարույթ է հարուցվել։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Արման Եղոյանի հարցին, թե իրենց խմբակցության 71 պատգամավորներից քանիսի նկատմամբ է վարչական կամ կարգապահական վարույթ հարուցվել։

Նշենք, որ Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը: Այն առաջադրվել է մրցութային խորհրդի որոշմամբ:

Հարությունյանը նախ նշեց, որ հանձնաժողովը պատգամավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն չունի, խոսքը վերաբերում է վարչական վարույթներին՝ կա՛մ շահերի բախման, կա՛մ անհամատեղելության վարույթներին, նման տեսակի վարույթներ հարուցել է 

«Հարուցվել է շահերի բախման վարույթ նախկին, բայց նաև գործող կազմով ԱԺ պատգամավորի նկատմամաբ, հարուցվել են վարույթներ անհամատեղելիության հիմքով՝ բիզնես գործունեության հետ կապված։ Շահերի բախումը եղել է մեկը, անհամատեղելիությունը, եթե չեմ սխալվի, ավելի քան 5-ն են եղել, կարծում եմ՝ նույն չափով կամ ավելի եղել են նաև հենց հայտարարագրման ենթակա տվյալների սխալների մասով»,- մանրամասնեց նա։

Եղոյանի հարցին, թե կարո՞ղ են այդ վարույթները ազդեցություն ունենալ այսօրվա քվեարկության վրա, թեկնածուն պատասխանեց․ «Կարծում եմ՝ քվեարկության արդյունքները արդեն հարցի ուղիղ պատասխանը կտրամադրեն»։

Այս պատասխանին արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ հարցնելով, թե արդյո՞ք Հարությունյանը այդ պատասխանով հարցականի տակ է դնում պատգամավորների բարեխղճությունը։ Վերջինս նշեց, որ ինքը ընդամենը հարցին պատասխանեց իր մոտեցմամբ, որ իր պատասխանը կարող է ձևակերպել քվեարկության արդյունքների հիման վրա։ 

Արշակյանը կրկնեց հարցը․ «Արդյո՞ք Դուք կարծում եք, որ պատգամավորները առաջնորդվելու են ոչ թե իրենց տրված ժողովրդական մանդատով, արդարամտությամբ, ԱԺ ամբիոնից իրենց երդմանը համապատասխան, այլ անձնական սիմպատիաներով կամ անտիպատիաներով, առավել ևս, որ Դուք նշեցիք, իրենց նկատմամբ ունեցած վարույթից եղած կամ չեղած լինելու հանգամանքով»։

Հարությունյանն արձագանքեց․ «Ես լիահույս եմ, որ քվեարկության արդյունքներն այդպիսի դրսևորումներ չեն ունենա»։

Արշակյանը տարակուսանք հայտնեց Հարությունյանի պատասխանի վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել