2020-ին ՀՀ-ում հաշվառված, բայց 2023-ին Արցախից տեղահանված ընտանիքը դուրս է մնացել աջակցության ծրագրերից
19:29 - 22 դեկտեմբերի, 2023

2020-ին ՀՀ-ում հաշվառված, բայց 2023-ին Արցախից տեղահանված ընտանիքը դուրս է մնացել աջակցության ծրագրերից

Արցախցի Նոննա Մինասյանն այսօր կարող էր բնակվելիս լինել Շուշիի իր տանը, որն այլեւս չկա, աշխատեցնել հացի փուռը, որն ամուսնու հետ ծրագրում էր բացել, եւ զբաղվել իր սիրելի լուսանկարչությամբ Արցախի պետական թատրոնում։

Բայց նա այսօր Երեւանում է։ 36 տարեկանում 4 պատերազմ, 2 տեղահանություն ապրելուց հետո Նոննան հիմա էլ հայտնվել է սոցիալական խնդիրների առաջ։ Առանց սեփական տանիքի, անձնական մի քանի իրերը ճամպրուկում, իսկ կորստի ցավը՝ սրտում, նա կրկին փորձում է նոր կյանք սկսել։

Ամեն ինչ սկսվել է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին, երբ Նոննան դուրս է եկել Շուշիի իր տանից․ հետո պիտի պարզվեր՝ անվերադարձ։ Պատերազմի հետեւանքով նա եւ ամուսինը կորցրել են ունեցածը, փորձել արտասահմանում ոտքի կանգնել, նաեւ՝ բուժում ստանալ։ Այդ նպատակով ստիպված են եղել հաշվառվել Հայաստանում։ Չհարմարվելով, սակայն, կարճ ժամանակ անց վերադարձել եւ շարունակել են ապրել Արցախում։ 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանվել են նաեւ Ստեփանակերտից։

Այժմ, չնայած տեղահանված լինելու փաստին, նրանք չեն կարողանում օգտվել տեղահանվածների համար Հայաստանի կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերից։ Պատճառը 2023 թ․ սեպտեմբերի 19-ից առաջ Հայաստանում հաշվառված լինելն է, ինչը արգելք է վեցամսյա եւ երկամսյա 50-հազարական դրամ աջակցությունները ստանալու համար։

«3 տարի է՝ սպասում էինք՝ տեսնենք՝ ինչ է լինում»

44-օրյա պատերազմի ժամանակ Նոննան քրոջ եւ ընկերուհու հետ Շուշիից տեղափոխվել է նախ Բերձոր, ապա՝ Երեւան։ Ամուսինը մնացել է Արցախում, մասնակցել ռազմական գործողություններին։ «Տան իրերից ոչինչ չէի վերցրել, միայն տեսախցիկս, ինձ համար ամենաթանկ բանը դա էր, դե, հետո, որ գիտես՝ գնում ես, հետ գաս, շատ ուշադրություն չես դարձնում՝ ինչ կա։ Տեսախցիկս, նոթբուքը ու մի քանի տաք շոր, որովհետեւ Բերձորում ցուրտ էր․․․ Մենք չենք իմացել, չենք գիտակցել, որ հետ չենք գալու, բայց ամուսինս էնտեղ էր, ընթացքում խնդրում էի՝ նկարներ, դիպլոմներ ուղարկի, որովհետեւ ասում էր՝ սա լավ չի վերջանալու»,– պատմում է Նոննան։

2020 թվականին Երեւանում ապրել են ընկերուհու, ապա վարձակալած մի բնակարանում, իսկ երբ պատերազմն ավարտվել է, վերադարձել են Ստեփանակերտ․ «Պատերազմը որ ավարտվեց, գնացինք Ստեփանակերտ, դե, Շուշին էլ չկար, ոչ մի բան չունեինք, ու էնքան խառն էր ամեն ինչ․․․ Ընկերներ ունեինք Գերմանիայում, ասացին՝ եկեք, գոնե աշխատեք 1-2 տարի, հետո հետ կգնաք, կտեսնեք՝ ինչ է անում պետությունը, գուցե տուն կտա, մի բան կտա․․․ Ամուսինս էլ առողջական խնդիրներ ուներ (պատերազմի հետեւանքով,–հեղ․), ասացինք՝ ավելի լավ, կգնանք, էդ խնդիրներն էլ կլուծենք, նաեւ աշխատանքային հրավեր ունեինք»,– նշում է Նոննան։

Որոշելով ժամանակավորապես դուրս գալ Արցախից՝ ամուսինները դիմել են Լեհաստանի դեսպանատուն, որտեղ, սակայն, նրանց ասել են, թե Ղարաբաղի քաղաքացիները չեն կարող դիմել․ «Մենք սովորական կապույտ անձնագիր ունենք՝ 070 կոդով, անձնագրի խնդիր չէր, այլ գրանցման, մենք հետո մտածեցինք՝ քանի որ Շուշին չկա, քաղաքը չկա, դու չես կարող նման թղթով ճամփորդել, գուցե դեպորտի խնդիր լինի, եւ որպեսզի պետությունը չմտածի՝ սա ուր է, ինչ է, կամ էլ մեզ Բաքու չուղարկի, ասացին՝ միանգամից փոխեք, երեւի տենց խնդիր էր կամ իրենց ասվել էր, որ պիտի փոխվի․․․ Դուրս եկանք, էլի շատ դժվարությամբ գրանցվեցինք Երեւանում՝ ամուսնուս եղբոր տանը»։

Հաշվառումը փոխելուց հետո Նոննան փաստաթղթային այլ խնդիրներ է ունեցել, մեկնել է միայն նրա ամուսինն։ Նա գնացել է նախ Լեհաստան, ապա՝ Գերմանիա, այնտեղից՝ Ռուսաստան, սակայն օտար երկրում չհարմարվելով՝ երկու ամսից վերադարձել է Արցախ։

Ընտանիքը դիմել է Արցախի կառավարությանը եւ որպես Շուշիից բռնի տեղահանված՝ նրանց սենյակ է հատկացվել Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում․ «Պետությունն ասաց՝ տուն գտեք, կգնենք։ Մեզ հասնում էր 44 քմ, բայց նախ տենց փոքր տուն չի եղել Ստեփանակերտում, գտնում էինք, օրինակ, 54 քմ, ինչի համար մենք պիտի երկու միլիոն ավելացնեինք, մենք էլ էդքան գումար չունեինք։ Մտածեցինք տուն վարձակալել, բայց վարձերն էլ շատ բարձր էին, դա էլ չկարողացանք ու դիմեցինք, Սոֆիա հյուրանոցում սենյակ տվեցին։ Շատ լավ էր, շատ գոհ էինք, կարեւորը Ստեփանակերտում էինք՝ մեր հողի վրա, էնքան որ գայինք տուն, գնայինք գործի, մինչեւ տեսնեինք՝ ինչ է լինում․․․ Մենք 3 տարի է՝ սպասում էինք, որ տեսնեինք՝ ինչ է լինում, վերջ չկա, սկիզբ չկա, ոչ մի բան չկա, հիմա էլ՝ նույնը»։

Նոննան այդ ժամանակ սկսել է աշխատել Ստեփանակերտում բացված գեղեցկության սրահում՝ որպես մատնահարդար, ամուսինը բարեկամների ֆինանսավորմամբ սկսել է զբաղվել Շոշ գյուղում գտնվող եւ ռազմական գործողությունների հետեւանքով ավերված իր հայրական տան վերանորոգման աշխատանքներով․ «Ամուսինս աշխատանք չէր գտնում, ծանր բան իրեն չէր կարելի, ուզում էր մնալ Շոշի տանը, բայց ես էի վախենում, որովհետեւ սահմանը շատ մոտ էր, իրենց (ադրբեջանցիների,–հեղ․) դրոշները ծածանվում էին, Շուշիի իմ տունն էի տեսնում, ամեն անգամ վախենում էի վարագույրը քաշել կամ պատուհան լվանալ, ասում էի՝ հեսա սնայպերը կխփի, Ֆեյսբուքում մի երկու բան կգրեն, ու վերջ»,– հիշում է Նոննան։

«Հետո նորից սկսվեց պատերազմը»

Եվ հիշողություններն իրար վրա դարսելով՝ գալիս, հասնում է 2023 թ․-ի սեպտեմբերի 19-ին․ «Հետո նորից սկսվեց պատերազմը, առավոտից սկսեցին՝ մի բան էն չէ, գյուղերում խփել են․․․ Ես աշխատանքի էի, ուսուցչուհի հաճախորդ ունեի, ինքն էլ երբեք չէր ուշանում, մի 10 րոպե է՝ չէր գալիս, դու մի ասա՝ էրեխեքին արդեն տարել են նկուղ, դուրս եկա՝ զանգեմ, ու սկսվեց․․․  Թե ինչ գմփոց, թե ինչ էր կատարվում․․․ Բոլորը լացում էին, ճչում, սկսեցին Ստեփանակերտի վրա խփել, էդ քաոսի մեջ բոլորս վազում էինք, չգիտեինք՝ ինչ ենք անում․․․ Գնացինք նկուղ, նկուղում էլ ոչ մի բան չկար, անպատրաստ, գոնե լույս էլ չէին դրել»,– ասում է Նոննան ու նշում՝ այդ խառը իրավիճակում ամեն տեսակ իրարամերժ տեղեկություն տարածվում էր․ «Հենց ժամը 1-ին [պատերազմը] ավարտվեց, ամուսինս եկավ, ասաց՝ ժամանակ են տվել, տարբեր բաներ են խոսում, մեկը ասաց՝ 7 ամսից պիտի դուրս գանք, մեկը ասաց՝ 30 հազար մարդ պիտի մնա, մեկը ասաց՝ 3000 մարդ պիտի մնա, ով շուտ դուրս գա, դուրս գա․․․ Մեզ սպանել է մեր պանիկան, ուրիշ ոչինչ․․․ Մեկ-մեկ մտածում եմ՝ որ մնայինք, կարո՞ղ էին էդքան մարդու վնասել, թե՞ պանիկա մտցրին, որ բոլորս դուրս գանք․․․ Մինչեւ ավարտը՝ ժամը 11–ին մոտ, ասացին՝ 2 ժամից բոլորս դուրս ենք գալու, ով ինչ ունի, թող հավաքի, էն որ դեռ խփում էին, ես գնացել, ճամպրուկս էի հավաքում, ինչ էդ սենյակում ունեի, որ նորից չթողնեմ, հետո ամուսինս եկավ, ասաց՝ 120 հազար մարդ 2 ժամից ո՞նց է դուրս գալու, էդտեղ ավելի վատացանք»,- հիշում է Նոննան։

Ի վերջո, սեպտեմբերի 25-ին Նոննայի ընտանիքը եւս բռնել է տեղահանության ճամփան․ «Ամբողջ կյանքս հաց թխած չկայի, բլոկադայի ընթացքում թխեցի, սկեսուրս մի քիչ ալյուր ուներ, սեւ օրվա էր պահում, իբր դրանից սեւ օր պիտի լիներ։ Բերեց, ասեց՝ կարաս հաց թխես, որ ճամփին վերցնես, էն էլ թխեցի, սաղ բաժանեցի, մի հատը դրեցի իրենց մեքենան, դե էրեխեք էին ողջ հյուրանոցում»։

Ամուսինները Հայաստան են հասել սեպտեմբերի 28-ին, որովհետեւ ճանապարհին մեքենան փչացել է, ստիպված են եղել հետ դառնալ Արցախ՝ այն վերանորոգելու։ Մեկ օր անց նորից ճանապարհվել են դեպի Հայաստան․ «Ճամփին՝ ոչ հաց, ոչ ջուր, մենակ մեղր էի վերցրել, որ մի–մի գդալ վարորդներին տամ»,– ասում է Նոննան։

Հայաստանի գրանցման պատճառով Նոննան ու ամուսինը սոցիալական աջակցություն չեն ստանում 

Հայաստան գալով՝ ամուսինները հաշվառվել են Վայքում, սկզբում մնացել Նոր Գեղի գյուղում։ Այնտեղ մեկ անգամ ստացել են տեղահանվածներին հասանելիք պարենային օգնությունը, նաեւ 100-հազարական դրամ միանվագ աջակցությունը։ Հետագայում Երեւան տեղափոխվելով՝ իմացել են, որ աջակցության մյուս ծրագրերից օգտվել չեն կարող․ «Լրացրել ենք օնլայն, [համակարգը] չէր ընդունում, ասում էր՝ Երեւանի գրանցում ունեք, գնացի Սոցհարցերի նախարարություն, ասացի՝ ուզում եմ դիմում գրել, ղարաբաղցի եմ, բայց Երեւանի գրանցում ունեմ, ի՞նչ պիտի լինի, կստանա՞մ էդ գումարը թե՞ չէ, մի աղջիկ դուրս եկավ, ասաց՝ այո, կստանաք, մի քիչ սպասեք, ծրագրերը խառն են, շատ ժողովուրդ եք եկել, ասացի՝ հա, հասկանալի է, ասացի՝ դիմում կարո՞ղ եմ գրել, ասաց՝ չէ, որովհետեւ մեկ է, փոխանցվելու է․․․ Երկուշաբթի օրը (դեկտեմբերի 10-ին,–հեղ․) նորից գնացի, մի աղջիկ եկավ, ասաց՝ Երեւանի գրանցում ունեցողներին չի հասնում, գիտեք, ասացի՝ կարո՞ղ եմ դիմում գրել, որ գրավոր պատասխանեք, ասաց՝ չէ, չեք կարող, ու տենց ճամփեցին տուն»,- պատմում է Նոննան։

Հույսով, որ պիտի պետական ֆինանսական աջակցություն ստանային, Երեւանում տուն են վարձակալել, բայց հիմա հայտնվել են խնդրի առաջ․ «Հիմա ես ինձ զգում եմ սենց՝ ոչ պետությանն եմ պետք, ոչ բնությանը, ես չեմ ասում՝ ամեն ինչ տվեք, բայց մարդկանց մարդու տեղ դրեք, որ հասկանանք, որ կանք, գոնե կեսը տվեք, ասեք՝ որ դուք սենց եք, էսքան եք ստանում, բայց ընդհանրապես ոչ մի բան․․․ Ու իմ նման հազար մարդ կա, մնացել ենք շվարած»,– ասում է Նոննան։

Նա այժմ վերադարձել է մատնահարդարի իր աշխատանքին, իսկ ամուսինը մեքենա է վարձակալել, տաքսի է վարում։ 

Նոննա Մինասյանի կարծիքով՝ եթե աջակցության ծրագիրը բռնի տեղահանվածների համար է, սխալ է հաշվառման պայմանը նախատեսելը, որովհետեւ ըստ նրա՝ Կառավարությունը շատ լավ իմացել է՝ ով է Արցախում գտնվում․ շրջափակման օրերին Երեւանի հաշվառում ունեցողները խանութներից օգտվելու կտրոնները ուրիշ տեղից էին ստանում, ՌԴ հաշվառում ունեցողները՝ ուրիշ․ «Սխալ պայման է, խի՞ են տենց որոշել, պարզ է, որ էդ մարդիկ ոտքի են  կանգնելու, ասեն՝ ինչի՞ եք սենց անում, ինչի՞ եք էսքան պրոբլեմի մեջ նորից պրոբլեմ սարքում։ Շանս չեն տալիս, որ ոտքի կանգնես, հետո գոնե դու քո գլխի ճարը կգտնես։ Հո չե՞նք ասում՝ ընդմիշտ մեզ օգնեք, բայց սխալ է, որ մեկին տալիս են, մեկին՝ չէ»,– նշում է բռնի տեղահանված արցախցին։

Կառավարությունը խնդրին տեղյակ է, վերջնական լուծում դեռ չկա

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագրության եւ ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը մեր զրույցում ասաց՝ խնդրին տեղյակ են, այս պահին դրա վերաբերյալ վերջնական լուծում չկա, հնարավոր է՝ առաջիկայում քննարկվի։

Հարությունյանը բացատրեց՝ 50-հազարական դրամների երկու ծրագրերի հիմքը առաջին՝ 100-հազարական դրամի ծրագիրն է։ Համակարգը ավտոմատ եղանակով ստուգում է՝ եթե անձինք ստացել են 100-հազարական դրամ աջակցությունը, արդեն անցում է կատարվում որոշակի ֆիլտրերի՝ ըստ կոնկրետ ծրագրի։ Այդ ֆիլտրերը, ինչպես, օրինակ, հաշվառման ամսաթիվն է կամ Հայաստանում սեփականություն ունենալը, Հարությունյանի խոսքով, ի սկզբանե նախատեսվել են՝ կանխելու ոչ թիրախային խմբի անձանց շահառու դառնալը․ «Մեծ քանակությամբ մարդիկ մինչեւ այդ գտնվել են այստեղ, դա ինչ-որ ձեւ ստուգելու մեխանիզմ էր, Վայքում կամ Կոռնիձորում հաշվառումը դեռ ոչինչ չի ասում, բոլորն էլ հաշվառվել են, բայց մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ օրինակ՝ այստեղ գտնվող անձը գնացել է, այդ հոսքի մեջ հաշվառվել է»,- նշում է Հարությունյանը։

Հարցին՝ Արցախի կառավարության հետ համատեղ հնարավոր չէ՞ր ճշտել, թե ովքեր են բռնի տեղահանման օրերին փաստացի գտնվել Արցախում, Հարությունյանը բացասական պատասխանեց՝ նշելով, որ հիմքը միայն ՀՀ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից ստացված տվյալներն են․ «Մեր օրակարգում այս հարցը կա, նորից կնայենք, բայց այսպես ասեմ․ եթե խնդիրը դառնում է զանգվածային, սկսում ենք անդրադառնալ, եթե մի քանի դեպքերով է, չենք անդրադառնա, կփորձենք այլ կերպ օգնել, էդ հարցով մեզ էլի դիմողներ են եղել, ուսումնասիրել ենք, պարզվել է՝ մերժման հիմքը այլ է, այսինքն՝ դա առաջին ֆիլտրն է, դրանից հետո գնում են մի շարք ֆիլտրեր՝ կոնկրետ ծրագրերով»,- մանրամասնում է Արտակ Հարությունյանը։

Դիմումների թիվը, ըստ Հարությունյանի, այս պահին չի գերազանցում 100-ը․ «Եվ եթե պարզվի, որ այդ խնդրով ընդամենը 50 հոգի է, բայց այդ կետը որոշումից հանելու արդյունքում ոնենանք, օրինակ, 3000 սխալ վճարում, բազմապատկեք դա 50 հազարով, բազմապատկեք 6 ամսով․․․ Պիտի փորձենք անհատական ինչ-որ բան անել»,- ասաց Հարությունյանը՝ հիշեցնելով, որ աջակցության վեցամսյա ծրագիրը նման բողոքների հիման վրա փոփոխության ենթարկվեց։ 

Նշենք, որ Կառավարության որոշմամբ ի սկզբանե նախատեսված էր, որ Հայաստանում երբեւէ հաշվառված անձինք ծրագրի շահառու չեն, ինչը, սակայն, խնդիրներ էր ստեղծում բռնի տեղահանվածների համար, քանի որ փախստականի կարգավիճակ, կենսաթոշակ կամ այլ նպաստ ստանալու համար նրանք պիտի հաշվառվեին Հայաստանում։ Օրենսդրական փոփոխությամբ՝ Կառավարությունը սահմանեց, որ սեպտեմբերի 19-ից հետո հաշվառվածները շահառու են, այդպիսով դուրս մնացին միայն սեպտեմբերի 19-ից առաջ հաշվառված, սակայն դրանից հետո տեղահանվածները։

Արտակ Հարությունյանն առաջարկեց, որ այդ անձինք իրենց խնդիրները ձեւակերպեն եւ անհատական դիմումներ ներկայացնեն նախարարությանը, խոստացավ՝ տվյալ դեպքում անձամբ հետեւողական լինել դիմումի ընթացքին։

 

Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան

Լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի, ք․ Վայք, 27 սեպտեմբերի, 2023 թ․


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել