Առաջնորդվում եմ ոչ թե հայկական գյուղ կամ ադրբեջանական գյուղ կատեգորիաներով, այլ ՀՀ գյուղ և Ադրբեջանի գյուղ․ Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան Տավուշի գյուղերի վերաբերյալ հարցին
12:53 - 15 մարտի, 2024

Առաջնորդվում եմ ոչ թե հայկական գյուղ կամ ադրբեջանական գյուղ կատեգորիաներով, այլ ՀՀ գյուղ և Ադրբեջանի գյուղ․ Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան Տավուշի գյուղերի վերաբերյալ հարցին

ՀՀ որևէ պաշտոնյա իրավունք չունի վարելու որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, այլև ՀՀ տարածքի որևէ մարզի որևէ գյուղ որևէ մեկին հանձնելու վերաբերյալ։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինա Վարդանյանի հարցին։

Նշենք, որ Միրզոյանը ներկայացնում է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։

«Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ մեկին։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի երաշխավորման համար նախատեսված են իրավական մեխանիզմներ; Այսինքն՝ եթե որևէ մեկը վերազանցի սա, պետք է բխեն այլ գործողություններ։ Հետևաբար մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում»,- ասաց Միրզոյանը։

Քրիստիա Վարդանյանը արձագանքեց՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ բառախաղ են անում հայկական և ոչ հայկական գյուղերի մասով։

Միրզոյանն էլ պատասխանեց․ «Ես առաջնորդվում եմ, համենայն դեպս էս հարցում, էս համատեքստում, ոչ թե հայկական գյուղ կամ չգիտեմ ադրբեջանական գյուղ կատեգորիաներով, այլ Հայաստանի Հանրապետության գյուղ և Ադրբեջանի գյուղ»։

Արարատ Միրզոյանի խոսքով՝ իրենց համոզմամբ երկու երկրների միջև փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենան Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ «Սա նշանակում է, որ այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել 2 երկրների միջև ԽՍՀՄ փլուզման պահին, պետք է վերարտադրվեն գետնի վրա, այսպես ասած։ Ինչ այդ սահմանից կլինի ձախ, պետք է պատկանի ՀՀ-ին, ինչ կլինի աջ, պետք է պատկանի Ադրբեջանին։ Էստեղ որևէ գաղտնիք չկա»։

Տեղից հարց հնչեց, թե արդյո՞ք Ադրբեջանը համաձայն է դրան, ինչին ի պատասխան ԱԳ նախարարը նշեց, որ սա հայկական կողմի համոզմունքն է, որին աջակցում են մի շարք այլ գործընկերներ․ «Չունենք վստահություն, որ ադրբեջանական կողմը լիովին ընդունում է սա»։

Ի հավելումն վերոնշյալին՝ Միրզոյանը հիշեցրեց, որ Ադրբեջանական կողմը ստորագրել է Ալմաթիի հռչակագիրը, և նշեց, որ ադրբեջանցի գործընկերներին էլ են հիշեցնում, որ Ադրբեջանի նախագահը սա ընդունել է գրավոր կերպով Պրահայում, ընդունել է Սոչիում գրավոր հայտարարության մեջ, նույնն ընդունել է Բրյուսելում։

«Ուզում եմ ասել, որ փոխըմբռնումը այս ուղղությամբ այս պահի դրությամբ, այս հարցով ավելին է, քան օրինակ չգիտեմ մի ամիս առաջ։ Ես նույնիսկ տպավորություն ունեմ, որ մենք շատ մոտ ենք այս հարցով փոխադարձ համաձայնության գալուն»,- ասաց Միրզոյանը՝ հստակեցնելով, որ խոսքը երկու երկրների միջև սահմանազատման, տարածքային ամբողջականության ճանաչման հիմք՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակ եղած սահմանագիծը ընդունելու մասին հարցի վերաբերյալ է։

Հարցին, թե որտեղ է այդ գիծը, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ այդ գիծը կարելի է գտնել ԽՍՀՄ իրավասու մարմինների կազմած, իրավական անհրաժեշտ գործընթացները կազմված և դրանք անցած իրավական ակտերում և դրանցից բխող քարտեզներում․ «Թե որոնք են դրանք, փոխադարձ համաձայնության այս պահին չկա»։

Նա հիշեցրեց, որ հայկական կողմն առաջարկել է 1974-78թթ․ ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի քարտեզներում, բայց քննարկումները դեռևս շարունակվում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել