ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեղադրեց ընդդիմությանը, որ բանակցային փաստաթղթերին՝ մասնավորապես Խաղաղության պայմանագրի տեսքստին ծանոթանալուց հետո ոչ ճիշտ տեղեկություն են հանրայնացնում։
Նշենք, որ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնում է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։
«Ակնկալիքն այն չէ, որ ծանոթացողները գնան, ասեն՝ ամեն ինչ պայծառ է։ Սկի մենք չենք մտածում, որ ամեն ինչ պայծառ է։ Բայց ակնկալիքն այն է, որ գոնե դադարեցվի հանրային մակարդակում մատուցումը բաների, որոնք իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց նա։
Միրզոյանը նշեց՝ որևէ կերպ ըմբռնելի չէ, գործընկերային չէ, ազնիվ էլ չէ գալ, տեսնել, որ նման բան գրված չկա, գնալ ու շարունակել նույն նարատիվը․ «Ընդ որում, քավ լիցի, քաղաքական ուժեր ունենք, դուք ձեր շահն ունեք, ձեր ձևով եք ասում, կարող եք նենց բաներ ասել, որոնք գոյություն չունեն։ Լավ, դա էլ քաղաքական վարքագծի կամ գործելաոճի ձև կարող է լինել (իմ համար ոչ ընդունելի, բայց կարող է լինել)։ Բայց հաշվի առնելով մեծ հոգեբանական սթրեսը, որում մեր հասարակությունը գտնվում է, հաշվի առնելով այս հարցերի զգայունությունը, տեսնել, որ տենց բան չկա, հետո վեր կենալ նորից ասել ինչ-որ X բան, որ գիտեք՝ նորից սթրեսի է ենթարկելու մեր հասարակությանը»,- նշեց նա։
ԱԳ նախարարը հայտնեց, որ կարելի է անհամաձայնություն հայտնել այն հարցերին, որոնք փաստաթղթում կան գրված․ «Հողմաղացների դեմ պայքարել պետք չէ, առավել ևս մեր հանրությանը համոզել, որ էդ թղթում ինչ-որ ապոկալիպտիկ բաներ են գրված, ընդհանրապես պետք չէ»։
Միրզոյանը հավելեց, որ ի վերջո, այդ թուղթը հանրային է դառնալու, և բոլորը տեսնելու են, թե ինչ է գրված։
Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանը հայտնել էր՝ ընդդիմությանն արգելվում է ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին․ «Փետրվարի 23-ին մենք դիմել էինք ԱԳՆ՝ առաջարկների հերթական փաթեթին ծանոթանալու նպատակով։ Այսօր ԱԳՆ-ի կողմից ստացվել է պաշտոնական գրություն, որտեղ նշվում է. «Բանակցային գործընթացը չխաթարելու, գործընթացի վրա անուղղակի բացասական ազդեցություններ, ինչպես նաև փաստաթղթի կամայական, սխալ հանրային մեկնաբանություններ բացառելու նկատառումով պայմանավորված՝ այս պահին նպատակահարմար չենք համարում հայցվող տեղեկատվության տրամադրումը»»։
comment.count (0)