Քրեական դատարաններում  դատավորների թիվը 10-ով ավելացնելու նախագիծը լրամշակման փուլում է, բյուջեից լրացուցիչ ծախսի չափը՝ դեռ անհայտ
18:24 - 27 մայիսի, 2024

Քրեական դատարաններում  դատավորների թիվը 10-ով ավելացնելու նախագիծը լրամշակման փուլում է, բյուջեից լրացուցիչ ծախսի չափը՝ դեռ անհայտ

ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարաններում դատավորների թվակազմը 10-ով ավելացնելու վերաբերյալ նախագիծը դեռ լրամշակման փուլում է, թեեւ արդեն 3 ամիս է՝ ավարտվել է դրա հանրային քննարկման ժամկետը։ Խոսքն այն նախագծի մասին է, որի նպատակը մասնավոր մեղադրանքի վարույթի գործարկումը ապահովելն է։

Մասնավոր մեղադրանքի վարույթում ներառված են այն մի խումբ հանցագործությունները, որոնց կատարման դեպքում, ըստ օրենքի, տուժողը, որպես մասնավոր մեղադրող, անձամբ պետք է պաշտպանի իր խախտված իրավունքները՝ անմիջապես դատարանում փորձելով ապացուցել, թե ովքեր եւ ինչ հանցագործություն են կատարել իր նկատմամբ։ Օրենսդրական այս փոփոխությունը 2021 թ․ ընդունվել, սակայն դեռեւս ուժի մեջ չի մտել՝ պայմանավորված այդ տեսակի գործեր քննող դատավորների կամ դատարանների բացակայությամբ։

Այս խնդիրը վերացնելու նպատակով ամիսներ առաջ Արդարադատության նախարարությունը հեղինակել էր նախագիծ, որով առաջարկվում է Երեւան քաղաքի եւ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քրեական մասնագիտացմամբ դատավորների թիվն ավելացնել 2-ականով, իսկ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզի դատարաններում՝ 1-ականով։ Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում էր Դատական դեպարտամենտի աշխատակիցների թվակազմն ավելացնել 30-ով՝ հիշյալ 10 դատավորի աշխատակազմում 3 աշխատակից՝ դատավորի օգնական, դատավորի գործավար եւ նիստերի քարտուղար ընդգրկելու նպատակով։

Դատավորների ավելացման վերաբերյալ նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) հրարապարակվել էր Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft-ում, եւ փետրվարի 13-ից 28-ն ընկած ժամանակահատվածում դրվել հանրային քննարկման։ Թե ինչ է որոշվել Նախագծի հետագա ընթացքի հետ կապված, չի հաղորդվել, e-draft-ում եւս դրա ներկա կարգավիճակի մասին նշում առկա չէ։

«Ինֆոքոմ»-ը գրավոր հարցմամբ դիմել է Արդարադատության նախարարությանը (այսուհետ՝ նաեւ ԱՆ)՝ խնդրելով հայտնել, թե ինչ փուլում է Նախագիծն այժմ, եւ թե դրա ընդունման դեպքում պետական բյուջեում որքան դրամի ավելացում է նախատեսվում։

Հարցմանն ի պատասխան՝ ԱՆ գլխավոր քարտուղար Սիրվարդ Գեւորգյանը հայտնել է, որ Նախագիծը Պետաիրավական նախարարական կոմիտեում ստացել է դրական դիրքորոշում՝ դրա հիմքում դրված ֆինանսական հաշվարկների վերանայման պայմանով, որի համար էլ նախագիծը ներկա պահին գտնվում է լրամշակման փուլում: ԱՆ-ն չի տրամադրել Նախագծի հիմքում դրված ֆինանսական հաշվարկները՝ նշելով, որ դրանք այս պահին չեն կարող ներկայացվել, քանի որ գտնվում են լրամշակման փուլում: Թեեւ e-draft-ում նշված է, որ  «Նախագծի ընդունման արդյունքում 2024 թ․ տարեկան բյուջեում նախատեսվում է ավելացում, որի վերաբերյալ մանրամասն հաշվարկը կցվում է նախագծին», այդ հաշվարկը եւս հրապարակված չէ։

Е-draft-ում հրապարակված չէ նաեւ Նախագծի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթը, ուստի մենք գրավոր հարցմամբ խնդրել ենք այն եւս տրամադրել։ Ստացված պատասխանի համաձայն՝ Քննչական կոմիտեն, Հակակոռուպցիոն կոմիտեն, Ազգային անվտանգության ծառայությունը, Գլխավոր դատախազությունը, Մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհուրդը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը դիտողություններ եւ առաջարկություններ չեն ներկայացրել։ 

Դիրքորոշում է հայտնել միայն Ֆինանսների նախարարությունը։ Վերջինս նշել է, որ 10 դատավորի եւ 30 աշխատակցի հաստիքների ավելացումները 11 ամսվա համար կհանգեցնեն 2024 թվականի պետական բյուջեից լրացուցիչ շուրջ 554.7 մլն դրամի հատկացման անհրաժեշտության (որից՝ պահպանման ընթացիկ ծախսերի գծով 469.9 մլն դրամ և կապիտալ ծախսերի գծով 84.8 մլն դրամ)։ Ըստ Ֆիննախի՝ Նախագծի ընդունման եւ հաջորդ բյուջետային տարիներին 83․200 դրամ բազային աշխատավարձի պահպանման դեպքում ընթացիկ ծախսերի գծով կպահանջվի լրացուցիչ շուրջ 500.0 մլն դրամ։

Անդրադառնալով դատավորների թվակազմը դատարանների ծանրաբեռնվածության ավելացմամբ պայմանավորելուն՝ վերջինս նշել է․ «2023 թ․ կատարված օրենսդրական փոփոխության համաձայն ընդհանուր իրավասության դատարաններին վերապահված բռնագանձման ենթակա գումարի որոշ քաղաքացիական գործեր հանձնվել են նոտարների իրավասությանը, ինչպես նաեւ Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային եղանակների ինստիտուտը զարգացնելու եւ դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով 2023 թ․ ստեղծվել է Արբիտրաժային կենտրոնը, որի գործունեության ուղղակի արդյունքն է դատարանների ծանրաբեռնվածությունը 20 տոկոսով նվազեցնելը եւ Հայաստանում հաշտարարություն իրականացնելու համակարգի ներդրումն ու գործարկումը: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք անհրաժեշտության դեպքում առանձին դատարանների դատավորների թվակազմի ավելացումը ապահովել օրենքով հաստատված դատավորների ընդհանուր թվակազմի սահմաններում»։           

Ֆինանսների նախարարության այս առաջարկը Արդարադատության նախարարությունը չի ընդունել․ «Հարկ է նշել, որ 2023 թ․ կատարված օրենսդրական բարեփոխումների արդյունքում քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների միջին ծանրաբեռնվածությունը բերվել է օպտիմալ մակարդակի, ուստի, եթե քրեական մասնագիտացման դատավորների նշանակումը կատարվի քաղաքացիական մասնագիտացման դատավորների թվակազմի կրճատման հաշվին, ապա կրկին կառաջանա  քաղաքացիական մասնագիտացման դատավորների գերծանրաբեռնվածության խնդիրը»,- գրել է նախագծի հեղինակ գերատեսչությունը։

Ինչ վերաբերում է հիշյալ երկու նախագծերին կից ներկայացված հաշվարկներին, Ֆիննախն առաջարկել է ներկայացնել դրանց հիմնավորումները՝ հավելելով, որ ներկայացվել է միայն աշխատանքի վարձատրության գծով ծախսի հիմնավորումը։ Այս առաջարկը Արդարադատության նախարարությունն ընդունել է։

Մեր հարցմանն ի պատասխան՝ վերջինս հայտնել է նաեւ, որ Նախագծի ընթացքը կապված չէ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերն ու ՕՀՄ իրականացնելու մասին միջնորդությունները նախկինում քննող, ապա ռեզերվ ուղարկված դատավորների՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ներկայում վերանշանակման գործընթացի հետ:

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել