ԱՄՆ-ն ու Ուկրաինան անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
 |azatutyun.am|
09:38 - 14 հունիսի, 2024

ԱՄՆ-ն ու Ուկրաինան անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Համաձայնագիրը նախատեսված է 10 տարվա համար։

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Իտալիայում՝ G7-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Զելենսկին հրավիրված է եղել աշխարհի յոթ առաջատար ժողովրդավարական երկրների ղեկավարների հանդիպմանը, որտեղ քննարկվել է նաև Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային աջակցելու հարցը։

Ըստ Reuters-ի՝ համաձայնագրի տեքստում ուղղակիորեն նշվում է, որ փաստաթղթի նպատակն է նաև օգնել Ուկրաինային դեպի ՆԱՏՕ ճանապարհին։

Փաստաթուղթը չի պարունակում ռազմական աջակցության պարտավորություն Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում, ինչպես նախատեսված է Հյուսիսատլանտյան պայմանագրով։ Սակայն ագրեսիայի կամ դրա սպառնալիքի դեպքում 24 ժամվա ընթացքում տրամադրվում է խորհրդատվական մեխանիզմ՝ որոշելու, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել Ուկրաինայի պաշտպանական ներուժն ուժեղացնելու համար։

Համաձայնագիրը նաև վերահաստատում է ԱՄՆ հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Միացյալ Նահանգները պարտավորվում է օգնել Ուկրաինային զենքի երկարաժամկետ մատակարարումներով, զինվորական անձնակազմի վերապատրաստմամբ և խորհրդատվություններով։

Ընդգծելով, որ համաձայնագիրը չի նախատեսում Կոնգրեսի կողմից հաստատում՝ The Washington Post-ը նշում է, որ համաձայնագիրը կարող է ցանկացած պահի չեղյալ համարվել ԱՄՆ-ի ցանկացած հաջորդ նախագահի կողմից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել